ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԱԴ/0021/11/22 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.07.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Արագածոտնի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Է. Կարապետյան

ԱՐԱԴ/0021/11/22

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

 Մ. Մելքոնյան  

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

4 հուլիսի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ Անժելա Արամայիսի Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի հոկտեմբերի 11-ին, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 173-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 29168519 քրեական գործը:

ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Վ.Մելքոնյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Վարդգես Հրանտի Բայրամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով հանրային քրեական հետապնդում չի հարուցվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի հիմքով:

ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Գ.Մարգարյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Անժելա Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքը մերժվել է և հաստատվել է ավագ դատախազ Վ.Մելքոնյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի հունվարի 17-ի որոշմամբ Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարվել է, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հունվարի 17-ի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

2. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ հարուցված վարույթը կարճվել է:

3. Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հուլիսի 13-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոնշյալ փաստարկներով.

5. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, մասնավորապես՝ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 264-րդ և 303-րդ հոդվածների պահանջները:

5.1. Բողոքաբերը փաստել է, որ նյութերում առկա՝ 2023 թվականի հունիսի 29-ի թիվ ԴԴԱ-12-12534/23 ծանուցագրի և այն 2023 թվականի հուլիսի 3-ին ստանալու մասին հավաստագրի համաձայն՝ ինքը ծանուցվել է 2023 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, նշանակված դատական նիստի մասին, սակայն նույն ծանուցագրի իրեն ուղարկված օրինակում նշված է, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 16:00-ին:

5.2. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, նշված ծանուցագրերի բովանդակությունների տարբերություններն անուշադրության մատնելով, անհիմն և ոչ իրավաչափ դիրքորոշում է հայտնել՝ վկայակոչելով միայն նյութերում առկա ծանուցագիրը, մատնանշելով նաև, որ Ռ.Բեջանյանի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը փաստվում է նաև գործում առկա՝ դատավորի օգնական Ս.Մխիթարյանի կողմից 2023 թվականի հունիսի 28-ին կազմված հեռախոսագրով, որում արձանագրված է, որ նույն օրը ժամը 17:02-ին հեռախոսազանգով Ռ.Բեջանյանը տեղեկացվել է հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին:

Բողոքաբերը նշել է, որ նշված ժամին հեռախոսազանգ չի եղել, այլ ինքը, նույն օրն ավելի վաղ, դատավորի օգնական Ս.Մխիթարյանին հեռախոսազանգով հայտնել է, որ առողջական վիճակի պատճառով ի վիճակի չի ներկայանալ տվյալ օրը՝ ժամը 16։00, կայանալիք դատական նիստին, և հետագա հեռախոսազանգերը պայմանավորված են եղել այդ հանգամանքի վերաբերյալ դիմում ներկայացնելու հետ, ավելին՝ Ս.Մխիթարյանն իրեն տեղեկացրել է, որ հաջորդ դատական նիստի մասին կուղարկվի ծանուցագիր։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Վարույթի նյութերում առկա՝ 2023 թվականի հունիսի 28-ի հեռախոսագրի համաձայն՝ դատավորի օգնական Ս.Մխիթարյանին, տվյալ օրը ժամը 15։38-ին, զանգահարել է Ռ.Բեջանյանը և հայտնել, որ առողջական խնդիրներով պայմանավորված չի կարողանում տեղաշարժվել և խնդրել է բողոքի քննությունը հետաձգել այլ հերթի, հայտնել է նաև, որ դատարանի պաշտոնական էջին կուղարկի դիմում։ Ժամը 17։02-ին դատավորի օգնական Ս.Մխիթարյանը զանգահարել է Ռ.Բեջանյանի հեռախոսահամարին և տեղեկացրել, որ բողոքի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի հուլիսի 13-ին, ժամը 11:00-ին, ինչի կապակցությամբ վերջինիս կուղարկվի նաև դատական ծանուցագիր: Ռ.Բեջանյանը հայտնել է, որ հնարավորության դեպքում կներկայանա դատական նիստին, քանի որ այլ վայրում ևս պետք է մասնակցի դատական նիստի: Վերջինիս պարզաբանվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի պահանջը1:

 

8. Վարույթի նյութերում առկա՝ 2023 թվականի հունիսի 29-ի թիվ ԴԴԱ-12-12534/23 ծանուցագրի համաձայն՝ «(…) [Բ]ողոքի քննարկումը հետաձգվել և նշանակվել է 2023 թ. հուլիսի 13-ին, ժամը 11:00-ին, դատարանի՝ Աշտարակ քաղաքի նստավայրում /ք. Աշտարակ, Տ.Մեծի 65/ (…)»2:

9. Վարույթի նյութերում առկա՝ Ռ.Բեջանյանի կողմից ներկայացված 2023 թվականի հունիսի 29-ի թիվ ԴԴԱ-12-12534/23 ծանուցագրի համաձայն՝ «(…) [Բ]ողոքի քննարկումը հետաձգվել և նշանակվել է 2023թ. հունիսի 28-ին, ժամը 16:00-ին, դատարանի՝ Աշտարակ քաղաքի նստավայրում /ք. Աշտարակ, Տ.Մեծի 65/ (…)»3:

10. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) 2023թ. հուլիսի 13-ին նշանակված դատական նիստին պատշաճ ծանուցված բողոքաբեր Ռ.Բեջանյանը չի ներկայացել և նրա ներկայանալու անհնարինության վերաբերյալ որևէ տեղեկություն Դատարանում չի ստացվել:

2023թ. հուլիսի 13-ին նշանակված դատական նիստի ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Վ.Մելքոնյանը հայտնեց, որ բանավոր ընթացակարգով բողոքի քննությանը պատշաճ ծանուցված բողոք բերած անձ Ռ.Բեջանյանը չի ներկայացել, ուստի ներկայացված բողոքի հիման վրա միչդատական ակտի վիճարկման վերաբերյալ հարուցված վարույթը պետք է կարճել:

(…)

Դատարանն արձանագրում է, որ թեև 2023թ. հունիսի 28-ին նշանակված դատական նիստում առկա է եղել մինչդատական ակտի վիճարկման վարույթը կարճելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, սակայն հաշվի առնելով, որ բողոքաբեր Ռ.Բեջանյանը դիմում է ներկայացրել Դատարան և խնդրել է հետաձգել դատական նիստը, Դատարանը որոշել է հետաձգել բողոքի քննարկումը, սակայն Ռ.Բեջանյանը պատշաճ ծանուցված լինելով 2023 թվականի հուլիսի 13-ին նշանակված դատական նիստի օրվա և ժամի մասին, չի ներկայացել դատարան և ներկայանալու անհնարինության վերաբերյալ Դատարանում որևէ տեղեկություն չի ստացվել:

Բացի այդ, Դատարանն արձանագրում է, որ «Մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին» Դատարանի 15.06.2023թ. որոշմամբ բողոքաբերին պարզաբանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ բանավոր ընթացակարգով բողոքի քննությանը չներկայանալու հետևանքները:

Դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով որոշումը կայացվում է վարույթ հարուցելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, իսկ տվյալ դեպքում մինչդատական ակտը վիճարկելու վարույթը հարուցվել է 15.06.2023 թվականին:

Վերոգրյալի հիման վրա, Դատարանը գտնում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023թ. հունիսի 15-ի որոշմամբ թիվ 29168519 քրեական վարույթով Ա.Պապյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռ.Բեջանյանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա մինչդատական ակտի վերաբերյալ հարուցված վարույթը, պետք է կարճել (…)»4։

11. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Սույն դատական գործի հետազոտմամբ՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբեր Ռ.Բեջանյանը 13.07.2023 թվականի ժամը 11:00-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ 29.06.2023 թվականին ուղարկված թիվ ԴԱ-12-12534/23 ծանուցագիրը ստացել է 03.07.2023 թվականին /հատոր 3 գ.թ. 33-35/, որում հերթական անգամ բողոքաբերին պարզաբանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ բանավոր ընթացակարգով բողոքի քննությանը չներկայանալու հետևանքները: 13.07.2023 թվականին նշանակված դատական նիստին պատշաճ ծանուցված բողոքաբեր Ռ.Բեջանյանը չի ներկայացել և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ հարուցված վարույթը կարճվել է:

(…) [Վ]երաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման է ենթարկել գործի փաստական հանգամանքները, նաև մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով որոշումը ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում կայացնելու պարտավորություն ունենալու արդյունքում իրավացիորեն արձանագրելով, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասով մինչդատական ակտի վիճարկման վարույթը ենթակա է կարճման, և առանց ըստ էության քննելու ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքի հիմքերը՝ հանգել է բողոքի կապակցությամբ մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ հարուցված վարույթը կարճելու մասին հիմնավոր ու վերը նշված իրավական կարգավորումների և դիրքորոշումների պահանջներից բխող իրավաչափ հետևության։

Անդրադառնալով բողոքաբերի հատուկ վերանայման բողոքում նշված այն հանգամանքին, որ նրա կողմից 03.07.2023 թվականին ստացված 29.06.2023 թվականի ամսագրված №ԴԴԱ-12-12534/23 ծանուցագրում նշված է, որ դատական նիստը տեղի կունենա 28.06.2023թվականին ժամը 16:00-ին, այլ ոչ թե 13.07.2023 թվականին ժամը 11:00-ին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործում բողոք բերած անձ Ռ.Բեջանյանին ուղարկված 29.06.2023 թվականի թիվ ԴԴԱ-12-12534/23 ծանուցագրում առկա է տեղեկատվություն 13.07.2023 թվականի ժամը 11.00-ին կայանալիք դատական նիստի վերաբերյալ, որը գործում առկա հավաստագրի համաձայն նրա կողմից ստացվել է 03.07.2023 թվականին, որում պարզաբանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ բանավոր ընթացակարգով բողոքի քննությանը չներկայանալու հետևանքները /հատոր 3 գ.թ. 33-35/, ավելին Ռ.Բեջանյանի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը փաստվում է նաև գործում առկա դատավորի օգնական Ս.Մխիթարյանի կողմից 28.06.2023 թվականին կազմված հեռախոսագրով, որում արձանագրվել է, որ նույն օրը՝ ժամը 17.02-ին Ռ.Բեջանյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել է 13.07.2023 թվականի ժամը 11.00-ին կայանալիք դատական նիստի վերաբերյալ /հատոր 3 գ.թ. 27-28/:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ հարուցված վարույթը կարճելու մասին Առաջին ատյանի դատարանի կողմից հետևությունն իրավաչափ է, և բողոքաբերի պնդումները բավարար չեն նշված հետևությունը չեզոքացնելու և Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու համար: Առաջին ատյանի դատարանը հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման, և Անժելա Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքի հիման վրա հարուցված վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով՝ Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, գործով ըստ էության կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու կամ փոփոխելու իրավաչափ հիմքեր չկան, հետևաբար Անժելա Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի 13.07.2023թվականի որոշումը՝ թողնել անփոփոխ (…)»5։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանը պատշաճ ծանուցված է եղել 2023 թվականի հուլիսի 13-ին կայացած դատական նիստի վերաբերյալ։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարութային գործողության և դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք դրանց մասնակցելու իրավունք կամ պարտականություն ունեն:

2. Վարույթի ընթացքում անձի ծանուցումը կատարվում է`

1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով.

2) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող վարութային գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով և միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով.

3) ծանուցվողի համաձայնությամբ` ցանկացած այլ եղանակով (…)»:

Նույն օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ծանուցագրում նշվում են՝

(…)

4) ներկայանալու տեղը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը) (…)»:

Նույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Ծանուցումը պատշաճ է, եթե`

1) թղթային ծանուցագիրն ստացել է անձամբ ծանուցվողը.

2) թղթային ծանուցագիրն ստացվել է ծանուցվողի նշած հասցեով.

3) թղթային ծանուցագիրն ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը.

4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմին` ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգռված անձ է.

5) առկա է ծանուցվող անձի էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում

6) ծանուցվողը վարութային գործողության արձանագրության մեջ ստորագրությամբ հաստատել է ծանուցումն ստանալու փաստը.

7) դատական նիստում ձայնային արձանագրմամբ ամրագրվել է ծանուցման փաստը.

8) ծանուցումն ուղարկվել է ծանուցվողի կողմից գրավոր և հստակ առաջարկված եղանակով»:

Նույն օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մինչդատական ակտի վիճարկման վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով բողոքի քննությունն իրականացվում է դատալսումների ձևով՝ բողոքը ներկայացրած անձի կամ նրա ներկայացուցչի կամ պաշտպանի պարտադիր մասնակցությամբ։ Եթե նշված անձանցից ոչ ոք դատական նիստին չի ներկայացել, ապա դատարանի որոշմամբ վարույթը կարճվում է (…)»:

14. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները6:

15. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է։ Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին։ Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին։ Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում։ Այլ խոսքով` ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս Վերաքննիչ դատարանը, պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ։ Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Գործի քննությանը մասնակցելու կողմերի իրավունքը, ի թիվս այլոց, դատարանն ապահովում է գործի քննության տեղի և ժամանակի մասին նրանց ծանուցելու միջոցով, ուստի կարևոր իրավական նշանակություն ունի այն, որ այդ ծանուցումը կրի պատշաճ բնույթ։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով ևս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննությանը7:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ վարույթի մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանը պետք է կատարի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ծանուցումը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն տա ապացուցելու վարույթի մասնակիցներին դատական նիստի օրվա և ժամի մասին տեղեկացնելու փաստը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Դատավորի օգնական Ս.Մխիթարյանի կողմից 2023 թվականի հունիսի 28-ին կազմված հեռախոսագրում արձանագրված է, որ նույն օրը՝ ժամը 17:02-ին, Ռ.Բեջանյանը հեռախոսազանգով տեղեկացվել է հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին՝ 2023 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, ինչի կապակցությամբ վերջինիս հայտնվել է, որ կուղարկվի նաև դատական ծանուցագիր8:

- Վարույթի նյութերում առկա՝ 2023 թվականի հունիսի 29-ի թիվ ԴԴԱ-12-12534/23 ծանուցագրի և այն 2023 թվականի հուլիսի 3-ին ստանալու մասին հավաստագրի համաձայն՝ բողոքաբեր Ռ.Բեջանյանը ծանուցվել է 2023 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, նշանակված դատական նիստի մասին9, սակայն նույն ծանուցագրի՝ բողոքաբեր Ռ.Բեջանյանին ուղարկված և նրա կողմից ներկայացված օրինակում նշված է, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 16:00-ին10:

- Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ մինչդատական ակտի վիճարկման վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա11:

- Վերաքննիչ դատարանը որոշմամբ նշել է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման է ենթարկել գործի փաստական հանգամանքները, նաև մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով որոշումը ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում կայացնելու պարտավորություն ունենալու արդյունքում իրավացիորեն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասով մինչդատական ակտի վիճարկման վարույթը ենթակա է կարճման12:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման Ա.Պապյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի պատշաճ ծանուցված լինելու վերաբերյալ: Մասնավորապես, դատավորի օգնականի հեռախոսազանգի բովանդակության վերաբերյալ հակասական տվյալների առկայության պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռ.Բեջանյանին ուղարկված ծանուցագրում առկա չէ տվյալ 2023 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, նշանակված դատական նիստի վերաբերյալ13, ինչպես նաև այն, որ Ռ.Բեջանյանին հայտնվել է, որ դատական նիստի օրվա և ժամի մասին նրան կուղարկվի ծանուցագիր14, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինս չի կարող համարվել պատշաճ ծանուցված վարույթի մասնակից:

Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ, 150-րդ հոդվածների պահանջները, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ և 23-րդ հոդվածների խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի հուլիսի 13-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 27-28:

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթ 33։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթ 62, հատոր 4-րդ, թերթեր 10-11։

4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 46-49։

5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 77-81։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը:

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Պետրոսյանի գործով 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԿԴ/0102/11/17, Ամալյա Ղարիբյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11, Նոյ Մուսայելյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԿԴ1/0007/06/12, Հակոբ Մկրտչյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0230/01/14, Ռաֆայել Քոթանջյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԿԴ3/0010/06/15 որոշումները:

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: