ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր` Էդ. Մկրտչյան |
ԵԴ1/0611/01/23 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||||
|
| |||||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | ||
|
|
|
Լ. Թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
9 ապրիլի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Ղևոնդ Աշոտի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի օգոստոսի 11-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 11811422 քրեական վարույթը:
2023 թվականի մայիսի 25-ին Ղևոնդ Աշոտի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
2023 թվականի մայիսի 26-ին մեղադրյալ Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
2. 2023 թվականի հունիսի 9-ին թիվ 11811422 քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
3. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճռով Ղևոնդ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ, Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Փորձաշրջանի ընթացքում նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա՝ սահմանելով պարտականություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն։
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընքացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի այնպիսի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Բողոքաբերն արձանագրել է, որ Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես՝
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ Ղևոնդ Հովհաննիսյանը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող վնաս,
բ) վնաս պատճառելու համար օգտագործված կտրող-ծակող առարկան՝ գրասենյակային դանակը, ինչպես նաև պատճառված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը՝ տուժողի կենսական կարևոր օրգանների՝ կրծքավանդակի ձախ կեսի շրջանում՝ պատճառելով ձախակողմյան պնևմոթորաքսի, կրծքավանդակի առաջային մակերեսի, կրծոսկրի շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքերի, կրծքավանդակի հետին մակերեսի սալջարդ վերքերի, արյունահավաքների ձևով վնասումներ:
Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի, հանցավորի անձի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորի անձի և կատարված արարքի վտանգավորության աստիճանը, ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Ղ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալը և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրականացմանը հասնելու համար:
Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք բերած անձն ընդգծել է, որ դրական բնութագրվելը որևէ կերպ չի վկայում անձի կամ նրա կողմից կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանի մասին: Հանցագործության կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելը, դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի պայմաններում, բավարար չէ փաստելու, որ պատժի նպատակների իրականացումն ապահովելու համար մեղադրյալի կողմից այն կրելու անհրաժեշտություն չկա:
Անդրադառնալով, Ղ.Հովհաննիսյանի՝ ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելու և խոստովանական ցուցմունքներ տալու հանգամանքներին, բողոքաբերը փաստարկել է, որ հանցագործության դեպքին ականատես է եղել նաև տուժողի հայրը՝ Աշոտ Հովհաննիսյանը:
7. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ անթույլատրելի ճանաչել Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը․
8. Մեղադրյալ Ղևոնդ Հովհաննիսյանի պաշտպան Ա.Մանուկյանը ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում գտել է, որ դատախազի կողմից ներկայացված բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ «(…) նա դիտավորությամբ, իր մոտ գտնվող գրասենյակային դանակով (ռեզակով) երկու անգամ հարվածել է Էդգար Սերգեյի Հովսեփյանին՝ վերջինի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Ղևոնդ Աշոտի Հովհաննիսյանը 2022 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 13:00-ից մինչև 13:40-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում, Երևան քաղաքի Մասիսի փողոցի անցուղի 10 հասցեում գտնվող «Բետոնագործներ» ՓԲԸ-ի տարածքում, իր կողմից շահագործվող «Սքանյա» մակնիշի ավտոմեքենայի վրա գրասենյակային դանակով (ռեզակով) գործ անելու ընթացքում նույն ընկերության աշխատակից Էդգար Սերգեյի Հովսեփյանի հետ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել Էդգար Սերգեյի Հովսեփյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև իր մոտ գտնվող գրասենյակային դանակով (ռեզակով) երկու անգամ հարվածել է Էդգար Հովսեփյանի կրծքավանդակի հատվածին՝ վերջինի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ կրծքավանդակի ձախ կեսի 5-6-րդ միջկողային տարածության ծակած-կտրած, թափանցող վերքի, ուղեկցված ձախակողմյան պնևմոթորաքսով, կրծքավանդակի առաջային մակերեսի, կրծոսկրի շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքի, կրծքավանդակի հետին մակերեսի սալջարդ վերքերի, արյունահավաքների, թոքերի սալջարդի ձևով միասին վերցրած ծանր վնաս»1։
10. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Անդրադառնալով սույն քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքներին` Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով հատկապես գնահատման է արժանի այն հանգամանքը, որ թեև մեղադրյալին մեղսագրվում է ծանր հանցագործություն, այնուամենայնիվ, նրա խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաները և կինը ու նա է ընտանիքի միակ կերակրողը, իսկ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը նրանց կյանքի պայմանների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ:
Դատարանի համար հատկապես հատկանշական է այն հանգամանքը, որ տուժող Էդգար Հովսեփյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ հաշտվել է մեղադրյալի հետ և նրա նկատմամբ որևէ բողոք և/կամ պահանջ չունի: Ավելին՝ սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ մեղադրյալի կողմից իրեն մեղսագրված արարքի կատարումը պայմանավորված է եղել նրանով, որ իր ընկեր՝ սույն քրեական վարույթով տուժող Էդգար Հովսեփյանը կատակել է մեղադրյալի հետ, ով այդ պահին «Սքանյա» մակնիշի ավտոմեքենայի վրա գրասենյակային դանակով (ռեզակով) գործ անելիս է եղել։ Բացի այդ, մեղադրյալը և տուժողը հանդիսանում են մտերիմ ընկերներ (ինչպես դեպքի պահին, այնպես էլ ներկայում), որպիսի հանգամանքը հաստատվեց մեղադրյալի կողմից, մասնավորապես՝ վերջինը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ իրենք դեպքից առաջ տևական ժամանակ եղել են ընկերներ և մինչև հիմա շարունակում են ընկերություն անել: Վերոնշյալ փաստական հանգամանքների պայմաններում Դատարանի գնահատմամբ մեղադրյալի կողմից կատարված հանցագործության հանրային վտանգավորությունն էականորեն նվազում է: (…)
(…) Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակվելիք պատժատեսակի, պատժաչափի և պատիժը կրելու նպատակահարմարության հարցերի վերաբերյալ Դատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Ղևոնդ Հովհաննիսյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ մեղադրյալ Ղևոնդ Աշոտի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար պատիժ պետք է նշանակել ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով:
Միաժամանակ, Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Ղևոնդ Աշոտի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով, քանի որ Դատարանի գնահատմամբ վերոգրյալ փաստական հանգամանքների (մեղադրյալ Ղևոնդ Աշոտի Հովհաննիսյանի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները) համակցությունը վկայում է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց մեղադրյալ Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու(…)»2։
11. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությանը, որը բխում է գործի օբյեկտիվ տվյալներից ու դրանց բազմակողմանի և պատշաճ գնահատման արդյունքներից: Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ դատախազի վերաքննիչ բողոքում նշված փաստարկները տվյալ դեպքում բավարար չեն հանգելու այն հետևության, որ պատժի նպատակները չեն կարող իրացվել առանց մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը ռեալ կրելու և վերաքննիչ բողոքում նշված փաստարկները տվյալ դեպքում ինքնին բավարար չեն մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ չհամաձայնելու համար՝ հաշվի առնելով գործում առկա վերոգրյալ հանգամանքները:
Այսինքն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ հետևությունն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավոր է, և Առաջին ատյանի դատարանի կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա, ուստի բողոքաբերի պահանջը՝ մեղադրյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին, ենթակա չէ բավարարման»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
13. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում4: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ5։
13․1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա6` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն7:
ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը`
1) վտանգավոր է կյանքի համար,
(...)
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ այն արարքի համար, որ նա, 2022 թվականի օգոստոսի 11-ին, դիտավորությամբ, իր մոտ գտնվող գրասենյակային դանակով (ռեզակով), երկու անգամ հարվածել է տուժող Էդգար Հովսեփյանին՝ վերջինի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս8:
- Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցին, գտել է, որ այն պետք է պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով, քանի որ դատարանի գնահատմամբ, գործով ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությունը վկայում է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց մեղադրյալ Ղ․Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու9:
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալ Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ հետևությունը հիմնավոր է10։
15. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ։
16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ղևոնդ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես․
- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ Ղևոնդ Հովհաննիսյանի արարքը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս,
- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,
- հանրորեն վտանգավոր արարքը կտրող-ծակող գործիքի՝ գրասենյակային դանակի գործադրմամբ կատարելը,
- կտրող-ծակող գործիքով պատճառված հարվածների քանակը, այն, որ գրասենյակային դանակով տուժողի կրծքավանդակի հատվածին հասցվել է երկու հարված,
- տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ մեղադրյալը հարվածներ է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանի շրջանում՝ կրծքավանդակի ձախ հատվածին և առողջությանը պատճառել այնպիսի ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի 5-6-րդ միջկողային տարածության ծակած-կտրած, թափանցող վերքի, որն ուղեկցվել է ձախակողմյան պնևմոթորաքսով, կրծքավանդակի առաջային մակերեսի, կրծոսկրի շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքի, կրծքավանդակի հետին մակերեսի սալջարդ վերքերի, արյունահավաքների, թոքերի սալջարդի ձևով, որը վտանգավոր է կյանքի համար։
17. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ղ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացման։
18․ Վճռաբեկ դատարանը բազմիցս կրկնել է, որ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը11։
Առանց վերը թվարկված համգամանքների գնահատման՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի մասին։ Արդյունքում, նշանակված պատժով չի ապահովվի կատարած արարքի և կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները12։
19․ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված՝ մեղադրյալ Ղ.Հովհաննիսյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող վերը շարադրված փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ղ.Հովհաննիսյանի կատարած արարքի և նրա անձի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հանգամանքներն Առաջին ատյանի դատարանի կողմից արդեն իսկ հաշվի են առնվել Ղ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատժաչափ սահմանելիս։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ղ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Ղ.Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար անհրաժեշտ է Ղ.Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ղևոնդ Աշոտի Հովհաննիսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հուլիսի 22-ի որոշումը փոփոխել։
2․ Ղևոնդ Աշոտի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը։
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 92։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 91-101։3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 185-191։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Ադամյանի և Անդրանիկ Ավագյանի գործով 2025 թվականի մարտի 21-ի թիվ ԳԴ1/0036/01/23 որոշումը։
6 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:
8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15 որոշումները:
12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|