ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ1/1309/01/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.06.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ժ. Չիչոյան

ԵԴ1/1309/01/24

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

 Ա.Ղուկասյան  

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

20 հունիսի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Շամսոլդին Մոհամմադդին Աքբարիի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 10-ի որոշման դեմ պաշտպան Լուսինե Հարությունյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, 2024 թվականի մարտի 12-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է թիվ 58203724 քրեական վարույթը: Նույն օրն ազգությամբ աֆղան Շամսոլդին Աքբարին ձերբակալվել է։

2024 թվականի մարտի 13-ին Շամսոլդին Մոհամմադդինի Աքբարիի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ մեղադրյալ Շամսոլդին Մոհամմադդինի Աքբարիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

22024 թվականի հունիսի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ ՇԱքբարիի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 12-ը, երկարաձգելու մասին։

Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ ՇԱքբարիի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով՝ մինչև 2025 թվականի հունվարի 12-ը։

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ մեղադրյալ Շ.Աքբարիի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 (երեք) ամսով՝ մինչև 2025 թվականի ապրիլի 12-ը։

4 2025 թվականի հունվարի 17-ին Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է ներկայացրել մեղադրյալ Շամսոլդին Մոհամմադդինի Աքբարիի պաշտպան Լ.Հարությունյանը։

5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ։

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Լ.Հարությունյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի մայիսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

7. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայի 31-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի, «Փախստականի և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

8. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված փախուստի դիմելու ռիսկի, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու հանգամանքները չեզոքանում են, քանի որ մեղադրյալն ունի փախստականի կարգավիճակ և ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո ստանալու է պետական երաշխիքներ և կացարան:

Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ մեղադրյալ Շամսոլդին Աքբարիի նկատմամբ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, ինչպես նաև բացակայում են Առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշված կալանավորման հիմքերը, ինչը հաշվի առնելով, վերջնիս նկատմամբ կիրառված կալանքն անհրաժեշտ է վերացնել և անհրաժեշտության դեպքում՝ մինչև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը, կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ բացակայելու արգելքը:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 10-ի որոշումը և Շամսոլդին Աքբարիի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց։

 

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. Շամսոլդին Մոհամմադդինի Աքբարիի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով, 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 457-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ «[ն]ա հանդիսանալով Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ աֆղան, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ աֆղաններ, 16.10.2002 թվականին ծնված Մոհամմադհոսեյն Աբդոլլահի Ղաֆարի և 2004 թվականին ծնված Ռոմալ Խեյրմոհամմադի Ամանի հետ նախնական համաձայնությամբ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվելու ժամանակ քրեական վարույթով դեռևս չպարզված ժամանակ և հանգամանքներում ձեռք են բերել պետական մարմնի կողմից տրվող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող, իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող իրենց լուսանկարներով, սակայն կեղծված տվյալներով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կեղծ անձնագրեր, մասնավորապես՝ Ռոմալ Խեյրմոհամմադի Ամանին՝ 1999 թվականի սեպտեմբերի 24-ին ծնված Ֆարզան Հոսեյնի Ջիղամիի տվյալներով անձի T67306458 համարի ԻԻՀ քաղաքացու անձնագիր, Շամսոլդին Մոհամմադդինի Աքբարին ձեռք է բերել 1988 թվականի մարտի 10-ին ծնված Սեյեդռեզա Սեյեդաբոլղասեմի Մովասեղի տվյալներով անձի K67260173 համարի ԻԻՀ քաղաքացու անձնագիր, Մոհամմադհոսեյն Աբդոլլահի Ղաֆարին` 2000 թվականի օգոստոսի 24-ին ծնված Ջեբրաիլ Ղորբանալի Փարվինի տվյալներով անձի Y64722569 համարի ԻԻՀ քաղաքացու անձնագիր, ապա յուրաքանչյուրը իր լուսանկարով վերը նշված կեղծ անձնագիրը 2024 թվականի մարտի 8-ին՝ ժամը 07:45-ից 07:53-ն ընկած ժամանակահատվածում օգտագործելով՝ ներկայացնելով սահմանային վերահսկողության աշխատակիցներին, խախտելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, խմբի կազմում հատել են ՀՀ պետական սահմանը և «Ագարակ» հսկիչ-անցագրային կետով մուտք են գործել ՀՀ։ Բացի այդ, Շամսոլդին Մոհամմադդինի Աքբարին, Մոհամմադհոսեյն Աբդոլլահի Ղաֆարի և Ռոմալ Խեյրմոհամմադի Ամանի հետ նախնական համաձայնությամբ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ, նպատակ ունենալով ՀՀ-ից մեկնել Թուրքիայի Հանրապետություն, 2024 թվականի մարտի 10-ին՝ ժամը 02:33-ից 02:35-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուրն օգտագործելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվելու ձեռք բերված պետական մարմնի կողմից տրվող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող, իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող իրենց լուսանկարներով, սակայն կեղծված տվյալներով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու վերը նշված կեղծ անձնագրերը, մասնավորապես՝ Շամսոլդին Մոհամմադդինի Աքբարին օգտագործելով 1988 թվականի մարտի 10-ին ծնված Սեյեդռեզա Սեյեդաբոլղասեմի Մովասեղի տվյալներով անձի K67260173 համարի ԻԻՀ քաղաքացու անձնագիր, խախտելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, խմբի կազմում հատել են ՀՀ պետական սահմանը՝ Երևան-Ստամբուլ թիվ 551 չվերթով մեկնել են ՀՀ-ից, որից հետո փաստաթղթերի կեղծ լինելու հանգամանքը հայտնաբերվել է Թուրքիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից և վերջիններս 12.03.2024 թվականին հետ են վերադարձվել Հայաստանի Հանրապետություն (…)»1:

11Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատական նիստին պաշտպան Լ.Հարությունյանը դատարանին է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ 2024 թվականի օգոստոսի 17-ի որոշումը՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրության քաղաքացի Շամսոլդին Աքբարիին Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին, որի համաձայն՝ ՇԱքբարիի դիմումը բավարարվել է և վերջինս Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական և նրան տրամադրվել է ապաստան2:

12. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը անդրադառնալով մեղադրյալի կողմից փախուստի դիմելու հավանական ռիսկի առկայությանը, գտնում է, որ դատաքննության սույն փուլում այն շարունակում է բարձր մնալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր և կայուն սոցիալական կապեր, ինչպես նաև Դատարանը արձանագրում է, որ վերջինիս մեղսագրվում է 2 դրվագ կեղծ փաստաթղթերով ՀՀ սահմանը ապօրինի անցնելու արարք, ինչը ևս թույլ է տալիս Դատարանին հանգել այն ողջամիտ ենթադրության որ մեղադրյալ Շամսոլդին Մոհամմադդինի Աքբարին մնալով ազատության մեջ կարող է դիմել փախուստի։

Դատարանը արձանագրում է այն հանգամանքը, որ մեղադրյալի կողմից ենթադրյալ նոր հանցանք կատարելու հավանական ռիսկերը ևս շարունակում են բարձր մնալ, հաշվի առնելով, որ մեղադրյալ Շամսոլդին Մոհամմադդինի Աքբարին արդեն իսկ երկու անգամ ենթադրաբար ապօրինի հատել է ՀՀ սահմանը, ինչից հետևում է, որ վերջինիս վերջնական նպատակն է լքել ՀՀ-ն, ուստի Դատարանը գտնում է, որ մեղադրյալը գտնվելով ազատության մեջ կարող է կատարել ենթադրյալ նոր հանցանք։

Ինչ վերաբերվում է մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելուն՝ մասնավորապես քրեական վարույթի քննությանը խոչընդոտելուն, ապա Դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթի ներկա փուլում այդ ռիսկերը ևս շարունակում են բարձր մնալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում և դեռևս չեն հետազոտվել գործում առկա գրավոր ապացույցները և չեն հարցաքննվել դատակոչված անձիք, ուստի նման պայմաններում Դատարանը գտնում է, որ մեծ է մեղադրյալի կողմից քննությանը խոչընդոտելու հավանականությունը։

Դատարանը գտնում է, որ մեղադրյալին մեղսագրվող արարքի բնույթը՝ դրա կատարման եղանակը, առանձնահատկությունները և ժամանակագրությունը, թույլ են տալիս պատկերացում կազմել Շամսոլդին Մոհամմադդինի Աքբարիի հետագա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման վերաբերյալ ու էապես բարձրացնում են նրա կողմից փախուստի դիմելու, նոր հանցանք կատարելու և քրեական վարույթի քննությանը խոչընդոտելու վտանգը:

Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա է հասարակական շահ, համապատասխան և բավարար պատճառ, որը հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, արդարացնում է [ն]ահանջն անձի ազատության իրավունքի հարգանքից և գտնում, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է պահպանել, իսկ դատաքննության սույն փուլում վերջինիս նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորությունը դիտարկել ոչ իրավաչափ, քանի որ կոնկրետ դեպքում կալանքից բացի այլ խափանման միջոց՝ Դատարանի համոզմամբ ի զորու չէ ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը (…)»3:

13. Վերաքննիչ դատարանը 2025 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ նշել է հետևյալը. «(…) Անդրադառնալով Բողոքաբերի կողմից Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած լինելու և ըստ այդմ՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերի առկայության վերաբերյալ արված դատողություններին, փաստում է, որ դատարանի վարույթում գտնվող գործով, ի տարբերություն, մինչդատական վարույթում գտնվող գործի, կիրառված խափանման միջոցի իրավաչափության հարցը քննարկելիս դրա պայմանների առկայությունը ենթադրվում է, եթե դրանք չեն բացառվում ակնհայտ փաստերով, որոնց առկայությունը հաստատելը չի պահանջում գործի հանգամանքների բազմակողմանի և խորը հետազոտում։ Ավելին՝ մեղադրանքի հիմնավորվածության գնահատականը արտացոլվում է բացառապես եզրափակիչ դատական ակտում։ Ուստի, անդրադառնալով Շամսոլդին Մոհհամմադդինի Աքբարիի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին հատուկ վերանայման բողոքում բարձրացված հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող որոշման վերանայման շրջանակներում չեն կարող քննարկվել այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն չափով առնչվում են գործի ըստ էության լուծմանը և կարող են լուծվել միայն ապացույցների մանրամասն հետազոտման և գնահատման արդյունքում։ Հակառակ մոտեցման դեպքում նշված հարցերի վերաքննիչ վերանայման սահմանների լայն մեկնաբանումը կհանգեցնի կոնկրետ գործով արդարադատություն իրականացնող առաջին ատյանի դատարանի գործունեությանն անհարկի միջամտության և կվտանգի դատավորի ներքին անկախությունը։

Հետևաբար, ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատաքննության տվյալ փուլում դատարանը չի կարող անդրադառնալ մեղադրանքի հիմնավորվածությանը, Վերաքննիչ դատարան արձանագրում է, որ դատարանի վարույթում գտնվող գործով հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորվում է այնքանով, որքանով որ մեղադրական եզրակացության մեջ շարադրված փաստերը և ներկայացված ապացույցները առերևույթ վկայում են դրա մասին:

Անդրադառնալով մեղադրյալ Շամսոլդին Մոհհամմադդինի Աքբարիի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու հարցին, հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, խափանման միջոցը կիրառելիս առաջնորդվելով նվազագույնի սկզբունքով, եզրահանգում է, որ գործում առկա են փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու համար դատարանի կողմից Շամսոլդին Մոհամմադդինի Աքբարիին տվյալ փուլում անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը և առկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի առավել պիտանի խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը։

(…)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոցները պիտանի չեն հետապնդող նպատակին հասնելու համար և ի զորու չեն հակակշռելու Շամսոլդին Մոհհամմադդինի Աքբարիի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը՝ հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։

Վերոգրյալի հաշվառմամբ, ելնելով ընտրված խափանման միջոցի ու հետապնդվող նպատակների միջև համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից, պահպանելով հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքիների միջև արդարացի հավասարակշռությունը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Շամսոլդին Մոհհամմադդինի Աքբարիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարաձգելը անհրաժեշտ է մեղադրյալի կողմից այլ՝ օրենքով արգելված ու հավանական գործողությունների իրականացման վտանգները կանխելու համար, քանի որ խափանման միջոցների կիրառման հիմքերը փաստացի ծառայում են որպես նպատակներ և սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ չի կարելի գալ այն եզրահանգման, որ Շամսոլդին Մոհհամմադդինի Աքբարին ազատության մեջ կամ ավելի մեղմ պայմաններում անազատության մեջ գտնվելու պարագայում կդրսևորի օրինապահ վարքագիծ։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, դատաքննության տվյալ փուլում կալանքը այն բացառիկ խափանման միջոցն է, որը կարող է գործուն երաշխիք լինել մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, ինչպես նաև արձանագրում է, որ առկա են հստակ նշաններ, որոնք արտացոլում են իրական հանրային շահի գոյությունը, որը անկախ անմեղության կանխավարկածից, գերակայում է մեղադրյալի ազատության իրավունքի նկատմամբ, հետևաբար, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը:

Վերաքննիչ դատարանը նաև արձանագրում է, որ խափանման միջոցի կիրառման նպատակը քրեական գործի քննության ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելն է: Այլ կերպ՝ կալանքի կիրառումն անհրաժեշտ է գործի քննության բնականոն գործընթացը ապահովելու, քրեական գործի քննությանը մեղադրյալի դիմակայությունը կանխելու և դատավարական գործընթացին մեղադրյալի մասնակցությունը ապահովելու համար (…)»4։

14 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մայիսի 30-ի որոշմամբ բավարարվել է պաշտպան ԼՀարությունյանի հատուկ վերանայման բողոքը և մեղադրյալ Շամսոլդին Աքբարիի նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը5։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

15 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փախստականի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ազատության իրավունքը սահմանափակող խափանման միջոցի կիրառման կամ դրա ժամկետը երկարաձգելու իրավաչափության գնահատման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք մեղադրյալ Շամսոլդին Աքբարիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը երկարաձգելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

 I. Միջազգային-իրավական չափանիշները (ընդհանուր սկզբունքները)

17«Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 31-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պայմանավորվող պետությունները պատժամիջոցներ չեն կիրառում այն փախստականների ապօրինի մուտքի կամ ներկայության կապակցությամբ, ովքեր ուղղակիորեն գալով այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր 1-ին հոդվածի իմաստով, մուտք են գործում իրենց տարածք կամ գտնվում են այնտեղ առանց թույլատրության, պայմանով, որ նրանք անձամբ, առանց ձգձգման, ներկայանան իշխանություններին և մատնանշեն իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառ։

2. Պայմանավորվող պետությունները նման փախստականների տեղաշարժի նկատմամբ չեն կիրառում այլ սահմանափակումներ, քան նրանք, որ անհրաժեշտ են, և նման սահմանափակումները կիրառվում են միայն մինչև տվյալ երկրում նրանց կարգավիճակի կարգավորումը կամ մինչև նրանք մեկ այլ երկիր մուտք գործելու թույլտվություն ստանան։ Պայմանավորվող պետությունները նման փախստականներին տալիս են բավարար ժամանակամիջոց և անհրաժեշտ հնարավորություններ՝ մեկ այլ երկիր մուտք գործելու թույլտվություն ձեռք բերելու համար»:

Կոնվենցիայի 26-րդ հոդվածի համաձայն՝ «Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն իր տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին տրամադրում է իրենց բնակության վայրի ընտրության և իր տարածքում ազատորեն տեղաշարժվելու իրավունք՝ նույն հանգամանքներում օտարերկրացիների նկատմամբ ընդհանրապես կիրառվող բոլոր կանոնների պահպանմամբ»։

Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «նման փախստականներ» արտահայտությունը ներառում է այն փախստականներին, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին մասը։ Հետևաբար, անկախ 31 (1) հոդվածով նախատեսված նրանց անկանոն մուտքի կամ ներկայության համար պատժամիջոցներ կիրառելու արգելքից, նրանց տեղաշարժի ազատությունը, այնուամենայնիվ, կարող է սահմանափակվել՝ 31 (2) հոդվածով նախատեսված պայմանական և ժամանակավոր հիմունքներով։

Երբ փախստականի կարգավիճակը կարգավորվում է և նա օրինական է գտնվում ընդունող երկրում, նրա ազատ տեղաշարժի ազատությունը կարգավորվում է Կոնվենցիայի 26-րդ հոդվածով6։

Կալանքը փախստականի տեղաշարժի ազատության ամենալուրջ սահմանափակումն է: Այն կարգավորվում է ազատազրկման վերաբերյալ մարդու իրավունքների չափանիշներով և պետք է կիրառվի միայն անհատական ​​հիմունքներով, մասնավորապես՝ որպես վերջին միջոց, երբ այլընտրանք գոյություն չունի7: Կալանավորումը չի բավարարի օրինական նպատակին կամ չի լինի համաչափ, երբ այն կիրառվում է որպես պատիժ՝ փախստականի անկանոն մուտքի կամ ներկայության պատճառով8: Քրեական պատժամիջոցների կիրառումը կլինի ավելորդ և անհամաչափ, գերազանցելով պետությունների օրինական շահը՝ վերահսկելու անկանոն ներգաղթը: Ապաստան փնտրելը համընդհանուր մարդու իրավունք է, որի իրականացումը չպետք է քրեականացվի9:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված՝ Alizada v. Armenia գործով (գանգատ թիվ 2439/18) հայտնած դիրքորոշման համաձայն՝ «Հայաստանի օրենսդրական շրջանակը արտացոլում է 1951 թվականի կոնվենցիայի 31-րդ հոդվածով միջազգային փախստականների իրավունքում ամրագրված չպատժվող դրույթը, սակայն այս էական իրավունքը միշտ չէ, որ պաշտպանվում է գործնականում: Դրա փոխարեն, կիրառելով Հայաստանի օրենսդրության սահմանափակ մեկնաբանություն, պետական ​​մարմինները որոշ դեպքերում ապաստան հայցողների և փախստականների վրա դրել են «քրեական պատասխանատվություն», ներառյալ երկարատև կալանքը։ Հայաստանի իշխանությունների կողմից պատժի չենթարկելու դրույթը չկիրառելը հիմնված է այն պնդման վրա, որ դիմողը նախկինում մտադրություն չի ունեցել ապաստան խնդրելու Հայաստանում, քանի որ նրա նպատակակետ երկիրը մեկ այլ պետություն է եղել։ Նման մի շարք դեպքերում Հայաստանի իշխանությունները անտեսել են անձի ապաստան հայցողի կարգավիճակը։

(…)

Հայաստանում պաշտպանություն փնտրելու նախնական մտադրության պահանջը ոչ միայն բացակայում է Փախստականների մասին կոնվենցիայի 31-րդ հոդվածից, այլև բացակայում է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածից, որը կրկնօրինակում է ազգային օրենսդրության մեջ չպատժելու սկզբունքը։ (…)»10։

171 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

զ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:

(...)

3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը (…)»:

 Ազատության և անձնական անձեռնմխելիության կոնվենցիոնալ իրավունքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1 (զ) կետը, որը թույլ է տալիս պետությանը վերահսկել օտարերկրացիների ազատությունը ներգաղթի համատեքստում, չի պահանջում, որ կալանքը ողջամտորեն անհրաժեշտ լինի, օրինակ, կանխելու համար անձի կողմից հանցագործության կատարումը կամ փախուստը: Ցանկացած ազատազրկում Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(զ) կետի շրջանակներում պետք է արդարացված լինի, սակայն միայն այնքան ժամանակ, որքան արտաքսման կամ հանձնման հետ կապված վարույթն ընթացքի մեջ է11: Եթե նմանատիպ վարույթը չի կատարվում պատշաճ ջանասիրությամբ, ապա կալանքը դադարում է լինել թույլատրելի այդ դրույթի համաձայն12: Այլ կերպ ասած, կալանքի տևողությունը չպետք է գերազանցի ողջամտորեն պահանջվող նպատակը13:

18Եվրոպական դատարանը M.B. v. The Netherlands գործով հատկապես կարևորել է ներգաղթային կալանքի և ապօրինի մուտքի կանխարգելման միջև սերտ կապի պահանջի պահպանման ստուգումը (requirement of close connection between immigration detention and prevention of unauthorised entry), մասնավորապես, Եվրոպական դատարանը նշել է, որ երբ դիմումատուն երկար ժամանակ ֆիզիկապես գտնվում է պետության տարածքում, ներգաղթային կալանքի և ապօրինի մուտքի կանխարգելման միջև սերտ կապի պահանջի պահպանումը պետք է խստորեն ստուգվի: Ապաստանի դիմումի վերաբերյալ որոշում կայացված չլինելու պայմաններում, հասարակական կարգը (public order) չի կարող հիմք ընդունվել՝ քրեադատավարական իրավունքի հիման վրա ներգաղթային չափազանց երկար կալանքն արդարացնելու համար: Սա կհանգեցնի Եվրոպական կոնվենցիայով նախատեսված հիմքերի ընդլայնման՝ ապաստան հայցողների և այլ ներգաղթյալների ազատությունից զրկումը արդարացնելու համար, որպիսին նախատեսված չէ Եվրոպական կոնվենցիայով14։

Ապաստան հայցողների կալանավորման միջոցների մասին Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի № Rec (2003) 5 հանձնարարականի 6-րդ կետի համաձայն՝ մինչև կալանքի միջոցների դիմելը պետք է նախատեսվեն ազատազրկման հետ չկապված այլ միջոցներ, որոնք կիրառելի են հատուկ դեպքերում15:

Եվրոպական դատարանը մի քանի գործերով ընդգծել է փախստականի կարգավիճակի կարևորությունը և այդ կարգավիճակն ունենալու պայմաններում անձանց կալանքի տակ պահելու անհամատեղելիությունը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համատեքստում: Մասնավորապես, Amie and others v. Bulgaria գործով առաջին դիմումատուն ունեցել է փախստականի կարգավիճակ, այնուհետև կալանավորվել է արտաքսման նպատակով, որպիսի հանգամանքը Եվրոպական դատարանի կողմից համարվել է ամեն դեպքում անհամատեղելի Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (զ) ենթակետի հետ16: Մեկ այլ՝ Eminbeyli v. Russia գործով պետական մարմիններն իմացել են անձի՝ փախստականի կարգավիճակ ունենալու հանգամանքի մասին, սակայն, անտեսելով դա, փորձել են նրան հանձնելու նպատակով պահել կալանքի տակ17: Suso Musa v. Malta գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն դեպքերում, երբ պետությունը օրենքով թույլ է տալիս մուտք կամ բնակություն՝ մինչ ապաստանի դիմումի քննարկումը, ապա հետագա կալանքը կարող է խախտել Եվրոպական կոնվենցիայի պահանջները18։ Այսինքն, երբ անձը ստանում է պաշտոնական իրավունք՝ մնալու տվյալ երկրում (օրինակ՝ ստանում է ապաստանի իրավունք կամ ժամանակավոր բնակության թույլտվություն), ապա այդ պահից նրա նկատմամբ այլևս հնարավոր չէ կիրառել կալանք տվյալ պետությունում «ապօրինի» գտնվելու հիմնավորմամբ։ Սակայն, թե երբ է այդ պահը սկսվում (այսինքն՝ երբ է պաշտոնական թույլտվությունն ուժի մեջ մտնում), որոշվում է յուրաքանչյուր երկրի ազգային օրենքով։

19Եվրոպական դատարանը, շարունակաբար վերահսկելով պետությունների կողմից փախստականների և ապաստան հայցողների կալանավորման պրակտիկան՝ Եվրոպական Կոնվենցիայի պահանջներին համապատասխանատվությունն ապահովելու նպատակով արձանագրել է, որ կարևոր է, որ ցանկացած կալանավորում լինի հիմնավորված, անհրաժեշտ, համաչափ և ուղեկցվի պատշաճ դատավարական երաշխիքներով, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ապաստան հայցողներին և փախստականներին։ Նույնիսկ եթե անձն ունի փախստականի կարգավիճակ, կալանավորումը կարող է տեղի ունենալ օրինական հիմքերով (բացառությամբ փախստականի կարգավիճակ ստանալուն ուղղված նախորդող արարքների դեպքում), բայց այն երբեք չպետք է լինի կամայական կամ անհիմն երկարատև։

 

II. Ներպետական իրավական կարգավորումները

20ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով` (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:

21. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով19:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խափանման միջոցների դասակարգումը կալանավորման և կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունի ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Խափանման միջոցները կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս, վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը20։ Ընդ որում, այս սկզբունքի լավագույն իրացմանն է նպաստում նաև ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ խափանման միջոցները համակցված կիրառելու կանոնը՝ ի տարբերություն նախկին քրեադատավարական կարգավորումների, որոնք, բացառությամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի (որը կարող էր կիրառվել գրավի, անձնական և կազմակերպության երաշխավորության հետ) նման օրենսդրական հնարավորություն չէին ընձեռում, ինչը կարող էր սահմանափակել վարույթն իրականացնող մարմնի՝ կալանքի փոխարեն այլ խափանման միջոց ընտրելու հնարավորությունը։ Մինչդեռ խափանման միջոցների համակցված կիրառման հնարավորություն ընձեռող գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու առավել ճկուն մեխանիզմներ21։

22Հաշվի առնելով ներպետական և միջազգային իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածով և 469-րդ հոդվածով նախատեսված հանցանքների համատեքստում հատկապես ներգաղթային կալանքի և ապօրինի մուտքի կանխարգելման միջև սերտ կապի պահանջի պահպանման ստուգումը ստորադաս դատարանների համար առաջնային բնույթ պետք է կրի՝ ապահովելով այլընտրանքային խափանման միջոցների կիրառման լայն հնարավորությունը, եթե չկան հիմքեր ենթադրելու, որ նման այլընտրանքը կոնկրետ տվյալ դեպքում ոչ արդյունավետ կլինի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փախստականի կարգավիճակ ունեցող կամ ապաստան հայցող անձի կալանավորումը պետք է լինի անհատականացված, համաչափ և անհրաժեշտ։ Կալանավորումը պետք է ունենա հստակ և օրինական նպատակ, օրինակ՝ ինքնության հաստատում, փախուստի կանխում, ապաստանի դիմումի քննարկում կամ արտաքսման նախապատրաստում և այլն։ Եթե կալանավորման նպատակը դադարում է գոյություն ունենալ, ապա կալանավորումը դառնում է ոչ օրինական։

Այսպիսով, հաշվի առնելով միջազգային իրավական չափանիշները և հիմք ընդունելով Կոնվենցիայի 31-րդ հոդվածի մեկնաբանություններն առ այն, որ ապաստան հայցելու իրավունքն իրականացնելիս կեղծ փաստաթղթեր օգտագործելով ապօրինի սահման հատելը գտնվում է Կոնվենցիայի 31-րդ հոդվածի պաշտպանության շրջանակում22, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փախստականի կարգավիճակ ունեցող անձի կալանավորումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածով և 469-րդ հոդվածով նախատեսված հանցանքների համատեքստում, պետք է լինի բացառիկ միջոց և կիրառվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ այլ, ավելի մեղմ միջոցներն անարդյունավետ են։

 

III Իրավական կարգավորումների և դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

23. Սույն գործի նյութերից երևում է, որ մեղադրյալ Շամսոլդին Աքբարին 2024 թվականի մարտի 12-ին ձերբակալվել է23։

- 2024 թվականի մարտի 13-ին որոշում է կայացվել Շամսոլդին Աքբարիի նկատմամբ 2 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 2 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդում հարուցելու մասին՝ այն արարքի համար, որ նա կեղծ փաստաթղթով, 2024 թվականի մարտի 8-ին, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, խմբի կազմում հատել է ՀՀ պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, որից հետո 2024 թվականի մարտի 10-ին, դարձյալ կեղծ փաստաթուղթ օգտագործելով, ապօրինի հատել է ՀՀ սահմանը՝ Երևան-Ստամբուլ չվերթով մեկնել է Հայաստանի Հանրապետությունից։ Թուրքիայում բացահայտվել է ՇԱքբարիի փաստաթղթերի կեղծ լինելու հանգամանքը և նա հետ է վերադարձվել Հայաստանի Հանրապետություն՝ 2024 թվականի մարտի 12-ին24։

- 2024 թվականի մարտի 14-ից Շամսոլդին Աքբարիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում մի քանի անգամ երկարաձգվել է25։

- 2024 թվականի դեկտեմբերի 27-ին, Առաջին ատյանի դատարանում, դատական նիստի ընթացքում, պաշտպան Լ.Հարությունյանը դատարանին է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2024 թվականի օգոստոսի 17-ի որոշումը, ըստ որի Շամսոլդին Աքբարին Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական և նրան տրամադրվել է ապաստան26։

- 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել կիրառված խափանման միջոցի ժամկետը 3 ամսով երկարաձգելու մասին՝ այն հիմնավորմամբ, որ մեղադրյալի կողմից դատաքննության տվյալ փուլում փախուստի դիմելու հավանական ռիսկն շարունակում է բարձր մնալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում չունի մշտական բնակության վայր և կայուն սոցիալական կապեր, ինչպես նաև վերջինիս մեղսագրվում է երկու դրվագ կեղծ փաստաթղթերով ՀՀ սահմանն ապօրինի հատելու արարք, ինչը ևս թույլ է տալիս հանգել այն ողջամիտ ենթադրության, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ կարող է դիմել փախուստի27։

- Նշված որոշման դեմ պաշտպան Լ.Հարությունյանի բերված հատուկ վերանայման բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ մերժվել է՝ այն հիմնավորմամբ, որ վիճարկվող որոշման վերանայման շրջանակներում չեն կարող քննարկվել այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն չափով առնչվում են գործի ըստ էության լուծմանը և կարող են լուծվել միայն ապացույցների մանրամասն հետազոտման և գնահատման արդյունքում28։

24Նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 17-22-րդ կետերում շարադրված իրավական նորմերը և դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ քննության առարկա չեն դարձրել մեղադրյալի՝ փախստականի կարգավիճակ ունենալու հանգամանքը, ավելին, ո՛չ Առաջին ատյանի դատարանը, ո՛չ էլ Վերաքննիչ դատարանն իրենց դատական ակտերում առհասարակ չեն անդրադարձել Շամսոլդին Աքբարիին փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ 2024 թվականի օգոստոսի 17-ի որոշմանը։ Մինչդեռ, կալանավորման և ապօրինի մուտքի կանխարգելման միջև սերտ կապի պահանջի պահպանման ստուգումը ստորադաս դատարանների կողմից պետք է կատարվեր հենց մեղադրյալին փախստականի կարգավիճակ տրամադրելու որոշմանն անդրադարձ կատարելով, որպիսի պայմաններում հնարավոր կլիներ հիմնավոր կերպով քննարկել առավել մեղմ խափանման միջոցի ընտրության հարցը։

Վերոգրյալը հիմք է տալիս փաստելու, որ մեղադրյալ Շամսոլդին Աքբարիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը երկարաձգելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

25Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանները, հանգելով հետևության, որ մեղադրյալ Շ.Աքբարիի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել առավել խիստ խափանման միջոցի՝ կալանավորման կիրառմամբ, թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով ամրագրված՝ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 10-ի որոշումը ամբողջությամբ բեկանելու համար:

Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը 2025 թվականի մայիսի 30-ին բավարարել է պաշտպան ԼՀարությունյանի հատուկ վերանայման բողոքը և մեղադրյալ Շամսոլդին Աքբարիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը29՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը եղել են ժամանակավոր և կորցրել են իրենց իրավական նշանակությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 10-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

26. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 Մեղադրյալ Շամսոլդին Մոհհամմադինի Աքբարիի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 10-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հավելված, հատոր 1, թերթեր 48-61։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հավելված, հատոր 2, թերթեր 10-27։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հավելված, հատոր 1, թերթեր 48-61։

4 Տե՛ս վարույթի նյութեր, հավելված, հատոր 2, թերթեր 45-59։

5 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ1/1309/01/24 քրեական գործը։

6 Տե՛ս նույն տեղում, թիվ 14 HCR/GIP/24/14 ուղեցույցը:

7 Տե՛ս Guidelines on the Applicable Criteria and Standards relating to the Detention of Asylum-Seekers and Alternatives to Detention: https://www.unhcr.org/il/wp-content/uploads/sites/6/2020/11/UNHCR-Detention-Guidelines-English.pdf :

8 Տե՛ս 2024 թվականի սեպտեմբերի 23-ի Միջազգային պաշտպանության թիվ 14 HCR/GIP/24/14 ուղեցույցը (Non-penalization of refugees on account of their irregular entry or presence and restrictions on their movements in accordance with Article 31 of the 1951 Convention relating to the Status of Refugees):

9 UN Working Group on Arbitrary Detention, Revised Deliberation No. 5 on deprivation of liberty of migrants, 7 February 2018, para. 9, www.refworld.org/docid/5a903b514.html. Hathaway Rights 2021, note 13 above, p. 526 (ft 1162). On the right to asylum, UDHR, note 8 above, Article 14. UNHCR, Guidelines on the Applicable Criteria and Standards relating to the Detention of Asylum-Seekers and Alternatives to Detention, 2012, para. 32, www.refworld.org/docid/503489533b8.html.

10 Տե՛ս Submission by the Office of the United Nations High Commissioner for Refugees in the case of Alizada v. Armenia (application no. 2439/18) before the European Court of Human Rights https://www.refworld.org/jurisprudence/amicus/unhcr/2018/en/122218:

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mikolenko v. Estonia գործով 2009 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 10664/05, 63-րդ կետ:

12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Chahal v. The United Kingdom գործով 1996 թվականի նոյեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 22414/93, 113-րդ կետ:

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Saadi v. the United Kingdom գործով 2008 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 13229/03, 74-րդ կետ:

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ M.B. v. The Netherlands գործով 2024 թվականի ապրիլի 23-ի վճիռը, գանգատ թիվ 71008/16, 74-րդ կետ:

15 Տե՛ս Recommendation Rec(2003)5 of the Committee of Ministers to member states on measures of detention of asylum seekers, https://rm.coe.int/16805e0313:

16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Amie and others v. Bulgaria գործով 2013 թվականի փետրվարի 12-ի վճիռը, գանգատ թիվ 58149/08, 75-րդ կետ:

17 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Eminbeyli v. Russia գործով 2009 թվականի փետրվարի 26-ի վճիռը, գանգատ թիվ 42443/02, 48-րդ կետ:

18 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Suso Musa v. Malta գործով 2013 թվականի հուլիսի 23-ի վճիռը, գանգատ թիվ 42337/12, 97-րդ կետ:

19 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:

20 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշման 13.1-րդ կետը:

21 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գնել Թևոսյանի գործով 2025 թվականի մայիսի 30-ի թիվ ԵԱՆԴ/0057/01/15 որոշման 18-րդ կետը:

22 EXCOM Conclusion No. 58 (XL) 1989, para. (a): http://www.refworld.org/docid/5a2ead6b4.html. ExCom

Եզրակացությունները ընդունվում են Գործադիր կոմիտեի անդամ պետությունների կողմից կոնսենսուսով և, հետևաբար, կարող են համարվել որպես փախստականների պաշտպանության վերաբերյալ իրավական չափանիշների վերաբերյալ նրանց ըմբռնման արտացոլում։ Ներկայում, անդամակցում են Գործադիր կոմիտեին 102 պետություններ ներառյալ Հայաստանի Հանրապետությունը:

23 Տե՛ս, սույն որոշման 1-ին կետը։

24 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը։

25 Տե՛ս, սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը։

26 Տե՛ս, սույն որոշման 11-րդ կետը։

27 Տե՛ս, սույն որոշման 12-րդ կետը։

28 Տե՛ս, սույն որոշման 13-րդ կետը։

29 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան