ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/1145/01/19 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.06.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԴ/1145/01/19

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝  Ա. Դանիելյան

դատավորներ՝

 Ս. Մարաբյան

 Ա. Վարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

  6 հունիսի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Նարեկ Կարենի Կարապետյանի և Տիգրան Վլադիմիրի Ասլանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի և տուժող Վահե Պարազյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 118-րդ հոդվածի հատկանիշներով, հարուցվել է թիվ 15863319  քրեական գործը:

2019 թվականի հուլիսի 9-ին քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

2019 թվականի հուլիսի 12-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն:

2. Նախաքննության մարմնի` 2019 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ Նարեկ Կարենի Կարապետյանը և Տիգրան Վլադիմիրի Ասլանյանը ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

2.1. Նախաքննության մարմնի` 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ Նարեկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով:

2.2. Նախաքննության մարմնի` 2019 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Տիգրան Ասլանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և երկու դրվագ՝ 118-րդ հոդվածով:

2.3. Սույն քրեական գործով, ինքնությունը չպարզված անձանց մասով, 2019 թվականի դեկտեմբերի 11-ին որոշում է կայացվել քրեական գործից մաս անջատելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին, որին տրվել 69109719 համարը1:

3. 2019 թվականի դեկտեմբերի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

4. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի փետրվարի 1-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Նարեկ Կարապետյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների կատարման մեջ և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Նույն դատավճռով ճանաչվել և հռչակվել է Տիգրան Ասլանյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարման մեջ և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

5. Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել մեղադրող Գ.Ալոյանը, տուժող Գ.Բալասանյանի ներկայացուցիչ Մ.Մարգարյանը և տուժող Վ.Պարազյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը:

5.1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի հունվարի 19-ի որոշմամբ վերոհիշյալ վերաքննիչ բողոքները ամբաստանյալ Տ.Ասլանյանի մասով մասնակիորեն բավարարվել են. Տիգրան Ասլանյանի նկատմամբ, «Սիզոնս» ռեստորանի դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով, Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը բեկանվել և փոփոխվել է, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է և գործի վարույթը կարճվել՝ այդ հոդվածներով նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ բավարարելով Տ.Ասլանյանի միջնորդությունը:

5.2. Վերաքննիչ դատարանի նույն որոշմամբ Նարեկ Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով կայացված արդարացման դատավճիռը թողնվել է անփոփոխ՝ որոշման մեջ նշված լրացուցիչ պատճառաբանությամբ:

5.3. Դատավճիռը մնացած մասերով թողնվել է անփոփոխ:

5.4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, տվյալ գործով նախագահող Ա.Դանիելյանը, Նարեկ Կարապետյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով («Սիզոնս» ռեստորանի դրվագով) անփոփոխ թողնելու մասով, մնացել է հատուկ կարծիքի:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը և տուժող Վ.Պարազյանի ներկայացուցիչ Ս. Սաֆարյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի մայիսի 27-ի որոշմամբ ընդունվել են վարույթ2: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը (այսուհետ՝ նաև առաջին բողոքաբեր) գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

7.1. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները գործով ձեռք բերված փաստական տվյալները ճիշտ չեն գնահատել, դրանք այլ ապացույցների հետ համակցության մեջ չեն դիտարկվել և արդյունքում ամբաստանյալներն անհիմն արդարացվել են:

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ գործով ձեռք բերված ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք իրենց համակցությամբ հաստատում են Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի մեղավորությունը նրանց առաջադրված մեղադրանքներում: Ուստի, ամբաստանյալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով, իսկ Տիգրան Ասլանյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ալեք Մանուկյան փողոցի դրվագով) արդարացման դատական ակտ կայացնելու հիմքեր առկա չեն:

Բողոք բերած անձը փաստարկել է, որ Ն.Կարապետյանին և Տ.Ասլանյանին առաջադրված մեղադրանքներում հնարավորինս մանրամասնորեն և հստակ նշվել են արարքների քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը՝ հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությամբ, որպիսի փաստական տեղեկությունները հնարավոր է եղել ձեռք բերել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կատարված նախաքննությամբ: Մինչդեռ, ստորադաս դատարանների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանացել էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությամբ մյուսի գործողությունները փոխլրացնելու հանգամանքը, այսինքն տվյալ դեպքում առկա է ամբաստանյալների կողմից «համատեղությամբ» հանրային վտանգավոր արարք կատարելու փաստ: «Համատեղությունն» արտահայտվում է նրանում, որ հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրի գործողությունները փոխադարձ լրացնում են միմյանց և ուղղված են կոնկրետ հանցանքի կատարմանը: «Համատեղության» դեպքում առաջացած հետևանքը բոլոր հանցակիցների համար ընդհանուր է և միասնական, իսկ յուրաքանչյուրի արարքը պատճառական կապի մեջ է ընդհանուր հանցավոր հետևանքի հետ:

7.2. Բողոքաբերը նշել է, որ Ն.Կարապետյանին ու Տ.Ասլանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներով և մեղադրական եզրակացությամբ հստակ ամրագրված են ամբաստանյալների գործողությունները: Բողոքաբերն ընդգծել է, որ ստորադաս դատարանների այն փաստարկը, որ ամբաստանյալներին առաջադրվել է նույնանման մեղադրանք՝ համանման ձևակերպումներով, բավարար չէ մեղադրանքներն անորոշ դիտարկելու համար՝ նկատի ունենալով, որ փաստացի նույնական են եղել վերջիններիս կողմից կատարած արարքները, իսկ մեղադրանքի ձևակերպման մեջ չնշելը, թե օրինակ՝ ամբաստանյալներից որի հարվածն է դիպել տուժողի այտին, իսկ որինը քթին՝ մեղադրանքն անորոշ չի դարձնում: Ավելին, ակնհայտ անհիմն է և մեղադրանքի որոշակիության սկզբունքի հետ որևէ աղերս չունի այն փաստարկը, որ մեղադրանքի ձևակերպման մեջ նշված չէ, թե հատկապես որ պահին է ամբաստանյալների մոտ առաջացել տուժողին հարվածելու դիտավորությունը: Որևէ նշանակություն չունի, թե նման դիտավորություն երկու ամբաստանյալների մոտ ծագել է միանգամից, թե մյուսինն ավելի ուշ, կամ այն առաջացել է օրինակ՝ ավտոմեքենան վարելիս, այն կանգնեցնելիս, թե արդեն ավտոմեքենայից դուրս: Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի կողմից կատարված հանցագործությունները շարադրված են հստակ, մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում էլ ամրագրված է, որ նրանց գործողությունները փոխլրացրել են մեկը մյուսին:

7.3. Բողոքաբերը նշել է նաև, որ դատաքննության սկզբնական փուլում, մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը հրապարակվելուց հետո, դատարանի հարցին ի պատասխան, թե պարզ է առաջադրված մեղադրանքը, և՛ Նարեկ Կարապետյանը, և՛ Տիգրան Ասլանյանը փաստել են, որ իրենց հասկանալի է, թե ինչում են մեղադրվում: Հետևաբար չի կարող խոսք լինել նրանց պաշտպանության իրավունքի խախտման մասին, քանի որ ամբաստանյալների համար հասկանալի է եղել, թե ինչում են նրանք մեղադրվում, ինչն էլ հնարավորություն է տվել նրանց՝ իրացնելու իրենց պաշտպանության իրավունքն առանց որևէ սահմանափակումների և խոչընդոտների:

7.4. Բողոքի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանների եզրահանգումները կատարվել են մեղադրանքի հիմքում դրված ապացույցներն առանձին-առանձին գնահատելու արդյունքում, այնինչ դրանք անհրաժեշտ էր գնահատել համակցության մեջ: Յուրաքանչյուր ապացույցի բավարարությունը գնահատելիս դրանք չեն համադրվել մնացած ապացույցների հետ և կատարվել է եզրահանգում, որ դրանցից յուրաքանչյուրը բավարար չէ ամբաստանյալների մեղավորությունն ապացուցելու համար:

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ դեպքի տեսագրությամբ ակնհայտ է Նարեկ Կարապետյանի կողմից Վահե Պարազյանին մեկից ավելի անգամ ձեռքերով հարվածներ հասցնելը. «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերությունից ստացված, Երևանի Ալեք Մանուկյան 9 հասցեի դիմաց՝ փողոցը տեսանկարահանող տեսագրությունների լազերային սկավառակներով և տեսանյութը զննելու մասին արձանագրությամբ միանշանակ հիմնավորվում է Նարեկ Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարումը, հետևաբար՝ ստորադաս դատարանների գնահատականն առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը Նարեկ Կարապետյանի մեկ հարվածից հետո մնացածն արձանագրել է որպես «անկանոն շարժումներ», աղերս չունի օբյեկտիվ իրականության հետ և դատարանների կողմից նման գնահատական տալը կարելի է մեկնաբանել որպես փաստերի խեղաթյուրում: Այսինքն՝ տուժող Վահե Պարազյանի ցուցմունքը հիմնավորվում է առավել բարձր ապացուցողական արժեք ունեցող տեսանյութով։ Այդ տեսանյութի և տուժող Վ.Պարազյանի ցուցմունքի համադրմամբ ակնհայտ է, որ Նարեկ Կարարապետյանը նպատակաուղղված գործողություններ է կատարում՝ ձեռքերով հարվածներ հասցնելով տուժողին, այլ ոչ թե անկանոն շարժումներ է կատարում ձեռքերով, որի տրամաբանական անհրաժեշտությունն էլ չի եղել։

7.5. Ամփոփելով վերոգրյալը, բողոքաբերը նշել է, որ առաջին դրվագով (Ալեք Մանուկյան փողոցում տեղի ունեցած միջադեպ) Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի գործողություններում, հակառակ ստորադաս դատարանների կարծիքների, առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, ուստի՝ ստորադաս դատարանների եզրահանգումներն անհիմն են, իսկ առաջադրված մեղադրանքները հաստատվում, հիմնավորվում են պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցներով։

7.6. Բողոքաբերն իր համաձայնությունն է հայտնել Վերաքննիչ դատարանի հետ առ այն, որ «Սիզոնս» ռեստորանի դրվագով ամբաստանյալ Տիգրան Ասլանյանն անհիմն էր արդարացվել: Սակայն, ինչ վերաբերում է «Սիզոնս» ռեստորանի դրվագով մյուս ամբաստանյալին՝ Նարեկ Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով վերագրված արարքին՝ ապա վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցները համադրելիս և գնահատելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա՝ տվյալ դեպքում հանգեցնելով ամբաստանյալ Ն.Կարապետյանին այդ հոդվածով անհիմն արդարացնելուն:

7.7. Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարաններն ուղղորդվել են խիստ սուբյեկտիվ գնահատմամբ, փաստելով, որ գործով անցնող մի շարք վկաների, տուժողների, ամբաստանյալ Տիգրան Ասլանյանի նախաքննական ցուցմունքները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, տեսագրության զննությունը, ինչպես նաև հեռախոսազանգերի վերծանումների համադրությունը դեռևս բավարար չեն ամբաստանյալների մեղքն ապացուցված լինելու համար: Դատարանները մի շարք օբյեկտիվ ապացույցներ բավարար չհամարելով` դրևսորել են ակնհայտ կողմնակալ վարքագիծ, մեղադրանքը հիմնավորող ապացույցներն առանց փաստերի վկայակոչման ստորադասել են մնացած ապացույցների համեմատ՝ անգամ այնպիսի օբյեկտիվ ապացույցներ, ինչպիսիք են տեսագրությունը, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, մարմնական վնասվածքներով ՎՊարազյանի լուսանկարը, որպիսի պայմաններում խաթարվել է արդարադատության բուն էությունը:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբեր Գ.Բաղդասարյանը խնդրել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և՝

- Տիգրան Ասլանյանին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի դրվագով մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, քրեական հետապնդումը դադարեցնել՝ այդ հոդվածով նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ բավարարելով Տ.Ասլանյանի միջնորդությունը,

- Նարեկ Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով կայացված արդարացման դատավճիռը փոփոխել՝ նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով՝ ազատելով պատժի կրումից՝ հիշյալ հոդվածներով նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

9. Տուժող Վահե Պարազյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը (այսուհետ՝ նաև երկրորդ բողոքաբեր) գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոքի հեղինակը նշել է, որ վարույթն իրականացնող մարմնի հետևությունն առ այն, թե Վ.Պարազյանը ծեծի է ենթարկվել այն պատճառով, որ անհարգալից արտահայտություններ է կատարել Կարապետյանների հասցեին՝ հիմնավորված չէ և հենված է բացառապես Նարեկ Կարապետյանի հայտարարության վրա:

Բողոքաբերն ընդգծել է, որ կատարված արարքի շարժառիթը հանդիսացել է այն, որ Վահե Պարազյանը հրաժարվել է Նարեկ Կարապետյանի հորեղբոր՝ ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի պահանջած 10.000.000 (տասը միլիոն) եվրո գումարը տալ: Նարեկ Կարապետյանը շորթմամբ Վահե Պարազյանից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության է եկել իր ընկերոջ՝ Տիգրան Ասլանյանի հետ, և Վ.Պարազյանին վախեցնելու կամ ճնշելու նպատակով, 2019 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի 9-րդ հասցեում բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ ծեծի է ենթարկել նրան, որից հետո, նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում Վ.Պարազյանն ու Ն.Կարապետյանը հանդիպել են սրճարանում, որտեղ վերջինս շարունակելով հանցավոր մտադրության իրագործումը՝ Վ.Պարազյանից պահանջել է վճարել 10.000.000 (տասը միլիոն) եվրո գումարը:

Բողոքաբերը նշել է, որ տուժող Վ.Պարազյանը և նրա շրջապատը գործի քննության ամբողջ ընթացքում պնդել են, որ ենթադրյալ հանցագործությունը կատարվել է 10.000.000 (տասը միլիոն) եվրո գումարի շորթման նպատակով, ուստի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով:

Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանների հետևությունները չեն բխում գործի փաստական հանգամանքներից, իսկ կայացրած արդարացման դատավճիռը խաթարում է արդարադատության բուն էությունը:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբեր Ս.Սաֆարյանը խնդրել է բեկանել  Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը և այն մասնակի փոփոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

11. Ամբաստանյալ Նարեկ Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի բողոքի վերաբերյալ ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով այն մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ: 

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

12. Նարեկ Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ նա «2019թ. հուլիսի «03»-ին՝ ժամը «19:30»-ի սահմաններում, ընկերոջ՝ Տիգրան Ասլանյանի հետ, վերջինիս պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի «41 CC 362» հաշվառման համարանիշների ավտոմեքենայով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցով երթևեկելու ընթացքում նույն փողոցի թիվ 9-րդ հասցեի դիմաց նկատելով նախկինում իր հարազատների հասցեին ոչ հարգալից արտահայտություններ հնչեցրած Վահե Պարազյանին, Տիգրան Ասլանյանի հետ դուրս են եկել ավտոմեքենայից ու մոտեցել վերջինիս, ինչից հետո Տիգրան Ասլանյանի հետ ձեռքերով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածել՝ ծեծի են ենթարկել Վահե Պարազյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո հեռացել են:

Այնուհետև՝ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ անց՝ 2019թ. հուլիսի «04»-ին՝ ժամը «00:15»-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն՝ Նարեկ Կարապետյանը Վահե Պարազյանին հանդիպել է Երևան քաղաքի Մաշտոցի 15/5 հասցեում գործող, իրենց ընտանիքին պատկանող «Սիզոնս» ռեստորանում, որտեղ շարունակելով նախորդ օրը տեղի ունեցած վիճաբանությունը, Վահե Պարազյանի առողջությանը մարմնական վնասվածքներ պատճառելու միասնական դիտավորությամբ, Տիգրան Ասլանյանի և ինքնությունները չպարզված անձանց հետ, գիտակցելով ու լրացնելով մեկը մյուսի գործողությունները, հարվածներ են հասցրել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր մասերին և նրա առողջությանը պատճառել թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, որոնք Վ.Պարազյանի մոտ արտահայտվել են դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքների, արյունազեղումների, պատռված վերքի, աջից բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասման, գանգուղեղային տրավմայի, մեջքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ բազկի շրջանի արյունազեղման, ձախ նախաբազկի շրջանի քերծվածքի ձևով»3:

12.1. Տիգրան Ասլանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և երկու դրվագ՝ 118-րդ հոդվածով, մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ նա «2019թ. հուլիսի «03»-ին՝ ժամը «19:30»-ի սահմաններում, իրեն պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի «41 CC 362» հաշվառման համարանիշների ավտոմեքենայով, ընկերոջ՝ Նարեկ Կարապետյանի հետ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցով երթևեկելու ընթացքում նույն փողոցի թիվ 9-րդ հասցեի դիմաց նկատելով նախկինում Նարեկ Կարապետյանի հարազատների հասցեին ոչ հարգալից արտահայտություններ հնչեցրած Վահե Պարազյանին, Նարեկ Կարապետյանի հետ դուրս են եկել ավտոմեքենայից ու մոտեցել վերջինիս, ինչից հետո Նարեկ Կարապետյանի հետ ձեռքերով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածել՝ ծեծի են ենթարկել Վահե Պարազյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո հեռացել են:

Այնուհետև՝ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ անց՝ 2019թ. հուլիսի «04»-ին՝ ժամը «00:15»-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն՝ Նարեկ Կարապետյանը, Տիգրան Ասլանյանը և ինքնությունները չպարզված անձինք Վահե Պարազյանին հանդիպել են Երևան քաղաքի Մաշտոցի 15/5 հասցեում գործող «Սիզոնս» ռեստորանում, որտեղ շարունակելով նախորդ օրը տեղի ունեցած վիճաբանությունը Վահե Պարազյանի առողջությանը մարմնական վնասվածքներ պատճառելու միասնական դիտավորությամբ, Նարեկ Կարապետյանի և ինքնությունները չպարզված անձանց հետ, գիտակցելով ու լրացնելով մեկը մյուսի գործողությունները, հարվածներ են հասցրել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր մասերին և նրա առողջությանը պատճառել թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, որոնք Վ.Պարազյանի մոտ արտահայտվել են դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքների, արյունազեղումների, պատռված վերքի, աջից բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասման, գանգուղեղային տրավմայի, մեջքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ բազկի շրջանի արյունազեղման, ձախ նախաբազկի շրջանի քերծվածքի ձևով: Նշված վիճաբանության ընթացքում Վահե Պարազյանին մարմնական վնասվածքներ պատճառելուց հետո, Տիգրան Ասլանյանը և ինքնությունները չպարզված անձինք հարձակվել ու մի քանի անգամ դիտավորությամբ հարվածել՝ ծեծի են ենթարկել «Սիզոնս» ռեստորանում գտնվող, Վահե Պարազյանի ընկերոջը՝ Գաբրիել Բալասանյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ»4:

13. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է. «(...) Դատարանը գալիս է այն հետևության, որ առաջին դրվագով (Ալ.Մանուկյան փողոցի հմ.9 հասցեի դիմաց տեղի ունեցած միջադեպի) Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հանցակազմի օբյեկտիվ կողմը, քանի որ միջադեպի մասնակիցների տարիքը, առողջական վիճակը, ֆիզիկական տվյալները, Ն.Կարապետյանի կողմից տուժողի դեմքին հասցված մեկ հարվածի տեղակայումը, և Ն.Կարապետյանի և Տ.Ասլանյանի ձեռքերի անկանոն շարժումների բնույթն իրենց համակցությամբ չեն կարող վկայել, որ հարվածները եղել են բազմակի ու պատճառված հարվածով, կամ ձեռքերի անկանոն շարժումներով տուժողին պատճառվել է ֆիզիկական ցավ:

(...)

Սույն գործի նյութերով նախաքննության մարմինը Նարեկ Կարապետյանին և Տիգրան Ասլանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքին տվել է այն նույնաբովանդակ ձևակերպումը, որ Նարեկ Կարապետյանը և Տիգրան Ասլանյանը մոտեցել են Վահե Պարազյանին «ինչից հետո ձեռքերով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածել՝ ծեծի են ենթարկել Վահե Պարազյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ»:

Դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից սույն գործով ամբաստանյալներին առաջադրվել է միևնույն մեղադրանքն` առանց հստակեցնելու ենթադրյալ հանցավոր արարքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը: Ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից չի երևում, թե նրանցից յուրաքանչյուրին մեղսագրված արարքն ինչպես է դրսևորվել և ինչում է արտահայտվել, և թե նրանցից ով է հարվածել տուժողին և քանի անգամ:

Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում չի ապահովվել քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձանց՝ իրենց դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերի մասին տեղեկանալու իրավունքը, հետևաբար չի ապահովվել նաև ամբաստանյալների պաշտպանության իրավունքի իրականացումը, որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրականացման պահանջները բավարարող երաշխիք: Մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում, երբ յուրաքանչյուր հանցակցի մասով իրավախախտման փաստը կոնկրետացված չէ, իսկ դրա հանգամանքներն անհատականացված չեն, հնարավոր չէ անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան պարզել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը, հանցակիցների մեղավորության աստիճանը և քրեաիրավական նշանակություն ունեցող այլ հարցերի ճիշտ լուծումը:

Այսպիսով, Դատարանը գտնում, որ սույն դրվագով նախաքննական մարմնի կողմից ներկայացված մեղադրանքը նաև արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով հստակեցված չէ, նախաքննական մարմինը դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվել է միայն տվյալ արարքով արգելված հանցակազմի ընդհանրական նկարագրությամբ:

(...)

Վերոգրյալների հիման վրա Դատարանը գտնում է, որ առաջին դրվագով (Ալ.Մանուկյան փողոցի հմ.9 հասցեի դիմաց տեղի ունեցած միջադեպի) պետք է ճանաչել և հռչակել Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

(...)

Ինչպես և առաջին դրվագով, երկրորդ դրվագով ևս, հիմք ընդունելով միևնույն պատճառաբանությունները, Դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում չի ապահովվել քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձանց՝ իրենց դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերի մասին տեղեկանալու իրավունքը, հետևաբար չի ապահովվել նաև ամբաստանյալների պաշտպանության իրավունքի իրականացումը, որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրականացման պահանջները բավարարող երաշխիք: Մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում, երբ յուրաքանչյուր հանցակցի մասով իրավախախտման փաստը կոնկրետացված չէ, իսկ դրա հանգամանքներն անհատականացված չեն, հնարավոր չէ անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան պարզել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը, հանցակիցների մեղավորության աստիճանը և քրեաիրավական նշանակություն ունեցող այլ հարցերի ճիշտ լուծումը (...):

Անդրադառնալով Տիգրան Ասլանյանի ինքնախոստովանական ցուցմունքների գնահատմանը, Դատարանն արձանագրում է, որ դրանք արժանահավատ չեն և չեն բխում գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների համակցությունից և քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներից: Դատարանը նման եզրահանգման է հանգում նաև հաշվի առնելով միջադեպին այլ անձանց մասնակցության վերաբերյալ սույն քրեական գործից անջատված մասով քրեական գործի առկայության փաստը:

Դատարանն արձանագրում է, որ նախաքննության ընթացքում ձեռք չեն բերվել նաև այնպիսի ապացույցներ, որոնք կհաստատեին Նարեկ Կարապետյանի կողմից Վահե Պարազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու և արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով որակելու հանգամանքը, քանի որ նախաքննության ընթացքում անգամ Վահե Պարազյանը, չնայած ցուցմունքների իրարամերժ լինելուն, նման տվյալներ չի հայտնել: Վարույթ իրականացնող մարմինն արարքի որակման հիմքում դրել է որևէ կերպ չհիմնավորված ենթադրությունները:

Ինչ վերաբերվում է տուժողների կողմից դատաքննությամբ տված ցուցմունքների գնահատմանը, ապա Դատարանը գտնում է բացառապես մեղադրանքի կողմ հանդիսացող և գործի ելքով շահագրգիռ տուժողների կողմից տված ցուցմունքները, չեն կարող բավարար գնահատվել անձի մեղավորությունը հաստատելու համար, հատկապես այն պայմաններում, երբ գործով ձեռք բերված ծանրակշիռ մեծամասնություն կազմող ապացույցներով չի հիմնավորվում անգամ Նարեկ Կարապետյանի կողմից միջադեպի ընթացքում դեպքի վայրում գտնվելու հանգամանքը: Այսինքն, Դատարանը գտնում է, որ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ ամբաստանյալ Ն.Կարապետյանը կատարել է սույն քրեական գործի երկրորդ դրվագով իրեն մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքը:

(...)

(...) [Ս]ույն գործով ամբաստանյալ Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի դեմ ձեռք բերված ապացույցները խնդրահարույց են, քանի որ դրանք չեն հիմնավորվում փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, հետևաբար բավարար չեն` կատարված հանցագործության մեջ ամբաստանյալների մեղավորությունը հաստատելու համար:

(...)

Այսպիսով, դատաքննությամբ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և բոլոր ապացույցների` միմյանց հետ համադրելու և դրանք վերաբերելիության և թույլատրելիության սահմաններում գնահատելու արդյունքում, Դատարանը հանգում է այն հետևության, որ դրանք բավարար չեն երկրորդ՝ «Սիզոնս» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի դրվագով ամբաստանյալներ՝ Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու համար, նաև հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նրանք կատարել են ՀՀ Քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները: Բացի այդ, փոխկապակցված բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, իսկ առկա ապացույցները հիմք չեն տալիս անձի մեղավորության մասին հավաստի եզրահանգումներ անելու և uպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավոր միջոցները, այլ կերպ` մեղադրանքի կողմի ապացույցների համակցությունը բավարար չէ Նարեկ Կարապետյանին և Տիգրան Ասլանյանին մեղսագրվող հանցավոր արարքների փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:

(...)

Վերոգրյալների հիման վրա Դատարանը գտնում է, որ երկրորդ դրվագով («Սիզոնս» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի) պետք է ճանաչել և հռչակել Նարեկ Կարապետյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և Տիգրան Ասլանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով առաջադրված մեղադրանքներում՝ կատարված հանցանքներում ամբաստանյալների մասնակցությունն ապացուցված չլինելու և նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները սպառված լինելու հիմքով: (…)»5:

14. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Ու]սումնասիրելով Ն.Կարապետյանին և Տ.Ասլանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներում և մեղադրական եզրակացությունում մեղադրանքի ձևակերպումները (Ալեք Մանուկյան փողոցի դրվագ)՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից սույն գործով ամբաստանյալներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ առանց հստակեցնելու ենթադրյալ հանցավոր արարքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը: Ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից չի ընկալվում, թե նրանցից յուրաքանչյուրին մեղսագրված արարքն ինչպես է դրսևորվել և ինչում է արտահայտվել, հանցակցության ինչ ձևով են ամբաստանյալները գործել, նրանցից կոնկրետ ով, քանի անգամ է հարվածել տուժողին, նրա մարմնի որ մասերին, արդյո՞ք բոլոր հարվածները դիպչել և ֆիզիկական ցավ են պատճառել տուժող Վ.Պարազյանին:

Այսպես, մեղադրանքի ձևակերպման մեջ «հետ» եզրույթի օգտագործումից միայն կարելի է ենթադրել, որ գործով ամբաստանյալներ Ն.Կարապետյանը և Տ.Ասլանյանը գործել են համատեղ, քանի որ վերջինիս պատկանող ավտոմեքենայով փողոցով երթևեկելու ընթացքում նկատել են տուժող Վ.Պարազյանին, իրար հետ դուրս են եկել ավտոմեքենայից և մոտեցել նրան, որից հետո իրար հետ ձեռքերով մի քանի անգամ հարվածել և ծեծի են ենթարկել տուժողին՝ նրան պատճառելով ֆիզիկական ցավ, ապա հեռացել են:

Թերևս, մեղադրանքի վերոնշյալ ձևակերպումից ՀՀ քրեական օրենսգրքի  118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ է առաջացնում ամբաստանյալների կողմից ձեռքերով մի քանի անգամ տուժողին հարվածելը, որը վերջինիս պատճառել է ֆիզիկական ցավ: Մեղադրանքի ձևակերպումից նաև ակնհայտ է, որ ամբաստանյալ Ն.Կարապետյանի (ամբաստանյալ Տ.Ասլանյանը մինչև դեպքը տուժողին չի ճանաչել) և տուժողի հանդիպումը տեղի է ունեցել պատահաբար, գործով ամբաստանյալների կողմից ավտոմեքենայով տվյալ փողոցով երթևեկելու ընթացքում Ն.Կարապետյանի կողմից Վահե Պարազյանին նկատելու հետևանքով, ով նախկինում Ն.Կարապետյանի հարազատների հասցեին հնչեցրել էր ոչ հարգալից արտահայտություններ: Ընդ որում, տուժողին ավելի շուտ է մոտեցել ամբաստանյալ Ն.Կարապետյանը, և վեճը սկսվել է տուժողի անձը ճշտելուց և ձախ այտին ուղղված ապտակից: Դրան հաջորդած ամբաստանյալ Տ.Ասլանյանի «ձեռքերի անկանոն շարժումները», որոնք ևս մեղադրանքի ձևակերպման մեջ չեն նկարագրվել, ամբաստանյալ Ն.Կարապետյանի գործողությունների հետ համադրմամբ քրեական հետապնդման մարմինները գնահատել են որպես տուժողին ծեծի ենթարկել, որն ուղեկցվել է՝ նրան ֆիզիկական ցավ պատճառելով:

Մեղադրանքի ձևակերպումից չի ընկալվում նաև, թե իրար «հետ» գործած ամբաստանյալների մոտ որ պահին է ծագել տուժող Վ.Պարազյանին համատեղ ծեծի ենթարկելու դիտավորությունը, ընդ որում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի պարագայում այն կարող էր դրսևորվել բացառապես ուղղակի դիտավորության տեսքով:

Այսպես, դատաքննությամբ հետազոտված ապացույցներից հետևում է, որ մինչև քննվող դեպքերը լարված փոխհարաբերություններ էին առկա տուժող Վ.Պարազյանի և ամբաստանյալ Ն.Կարապետյանի ընտանիքի անդամների միջև, տվյալ դրվագով վեճը սկսվել էր վերջինիս կողմից Վ.Պարազյանի ինքնության մեջ հավաստիանալուց և ապտակելուց հետո, սակայն մեղադրանքի ձևակերպման մեջ որևէ խոսք չկա տուժողին մինչ դեպքը չճանաչող, անձամբ նրա հետ որևէ խնդիր չունեցող Տիգրան Ասլանյանի կողմից վեճին ներգրավելու շարժառիթի մասին, որը, գուցեև, կարող էր պայմանավորված լինել մյուս ամբաստանյալ Ն.Կարապետյանի հետ ձևավորված մտերմական հարաբերությունների պատճառով դրա մեջ ներքաշվելու հանգամանքով:

Տվյալ հանգամանքի պարզումն ու մեղադրանքի ձևակերպման մեջ արտացոլումը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի համատեքստում ևս կարևոր էր, քանի որ այդ հանցակազմի առկայությունը փաստելու համար կարևոր է «ծեծել» իրավաբանական եզրույթի տակ ընդգրկվող, ֆիզիկական ցավ պատճառած բռնի գործողության ակտերի (հարվածների) քանակը:

Այլ կերպ՝ մեղադրանքի նման ձևակերպումից հստակ և միանշանակ կերպով չի ընկալվում, թե ձեռքերով մի քանի անգամ դիտավորությամբ տուժողին հարվածելու և այդ կերպ նրան ծեծի ենթարկելու վերաբերյալ եզրակացության հանգելիս վարույթն իրականացնող մարմինը նկատի է ունեցել յուրաքանչյուր ամբաստանյալի կողմից մեկից ավելի հարվածներ տուժողին հասցնելու իրավիճակը, թե՞ յուրաքանչյուր ամբաստանյալի կողմից տուժողին առնվազն մեկ հարված հասցնելու և ընդհանուր հարվածների հանրագումարի արդյունքներով «ծեծելու» հանցակազմի առկայության վերաբերյալ հետևության հանգելու իրավիճակը:

Այսպիսով, առաջին դրվագով մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում չի ապահովվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ մեղադրվող Ն.Կարապետյանի և Տ.Ասլանյանի իրավունքը՝ տեղեկանալու նրանցից յուրաքանչյուրի դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերի մասին, հետևաբար՝ չի ապահովվել նաև նրանց պաշտպանության իրավունքի իրականացումը՝ որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրականացման պահանջները բավարարող երաշխիք:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում, երբ յուրաքանչյուր հանցակցի մասով իրավախախտման փաստը կոնկրետացված չէ, իսկ դրա հանգամանքներն անհատականացված չեն, հնարավոր չէ անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան պարզել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը, հանցակիցների մեղավորության աստիճանը և քրեաիրավական նշանակություն ունեցող այլ հարցերի ճիշտ լուծումը:

Այսպիսով, նախաքննական մարմնի կողմից ներկայացված մեղադրանքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով հստակեցված չէ, նախաքննական մարմինը դատավարական փաստաթղթերում ամբաստանյալներ Ն.Կարապետյանի և Տ.Ասլանյանի մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքի միայն ընդհանրական նկարագրությամբ:

Ավելին, տվյալ դրվագով առկա է նաև ապացուցվածության խնդիր, այսինքն՝ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալներ Ն.Կարապետյանի և Տ.Ասլանյանի մեղավորությունը հաստատելու համար անհրաժեշտ վերաբերելի, թույլատրելի և միաժամանակ արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությունը, որն իրավաչափորեն արձանագրվել է Առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճռով:

Այսպես, դատաբժշկական փորձաքննության 2019թ. հունիսի 25-ի թիվ 1237 եզրակացության համաձայն՝ տուժող Վահե Պարազյանի մարմնին հայտնաբերվել են հետևյալ վնասվածքները՝ դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ, արյունազեղումներ, պատռված վերք, աջից բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասում, գանգուղեղային տրավմա, մեջքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ բազկի շրջանի արյունազեղում, ձախ նախաբազկի շրջանի քերծվածք, որոնք պատճառվել են՝ սահմանափակ մակերես ունեցող բութ առարկաների ուղղակի ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակահատվածում և հանգամանքներում և նրան պատճառել են առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Տուժող Վ.Պարազյանը հայտնել է, որ վերոնշյալ բոլոր վնասվածքները նրան են պատճառվել «Սիզոնս» ռեստորանի դրվագի ժամանակ, հետևաբար՝ առաջին դրվագի, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքի առկայությունը և դրան ամբաստանյալներ Ն.Կարապետյանի և Տ.Առաքելյանի առնչությունը հաստատելու տեսանկյունով վերոնշյալ դատաբժշկական եզրակացությունն ապացուցողական արժեք չունի:

Որպես այլ փաստաթուղթ ճանաչված «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերությունից ստացված, Երևանի Ալեք Մանուկյան 9 հասցեի դիմաց՝ փողոցը տեսանկարահանող տեսագրությունների լազերային սկավառակներով և տեսանյութը զննելու մասին արձանագրությամբ (հատոր 2, գ.թ. 105-111), որում վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է ընդհանուր 11 վայրկյան տևած վիճաբանությունը: Ըստ դրա՝ առաջինը տուժող Վ.Պարազյանին մոտեցած գործով ամբաստանյալ Ն.Կարապետյանը աջ ձեռքով ապտակում է նրան, որից տուժողի ակնոցները շպրտվում են, ապա աջ ձեռքով «անկանոն շարժում» է անում տուժողի ձախ ուսի ուղղությամբ, իսկ այդ պահին գործով ամբաստանյալ Տ.Ասլանյանը ձախ ձեռքով «հարվածում» է տուժողին, ապա ամբաստանյալ Ն.Կարապետյանը ձախ ձեռքով «անկանոն շարժում» է կատարում տուժողի մեջքի ուղղությամբ, իսկ ամբաստանյալ Տ.Ասլանյանը «փորձում է աջ ձեռքով հարվածել, ապա բռնել տուժողին», ով շրջվելով անցնում է մայթ և դուրս գալիս տեսախցիկի տեսադաշտից:

Վերոնշյալ բժշկական եզրակացությունը, տեսանյութն ու այն զննելու արձանագրությունը թեև քննվող հանցագործության դեպքի և դրա իրական հանգամանքների վերաբերյալ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու և ապացուցելու տեսանկյունով ունեն արժանահավատության ավելի բարձր շեմ, քան ցուցմունքները (վերբալ ապացույցները), հատկապես՝ գործի ելքով շահագրգռվածություն ունեցող անձանց ցուցմունքները, այնուամենայնիվ, տվյալ դեպքում ինքնին չեն բովանդակում բավարար փաստական տվյալներ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքը և այդ դեպքով ամբաստանյալների մեղավորությունը հաստատված համարելու համար: Դրանք անհրաժեշտ է համադրել վերբալ ապացույցների հետ և վերաքննիչ բողոքների շրջանակներում վիճարկվող հարցերի շուրջ հետևությունների հանգել այդ ապացույցների համադրված գնահատման արդյունքներով:

(...)

Այսպիսով, առաջին դրվագով (Ալ.Մանուկյան փողոցում տեղի ունեցած միջադեպ) Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող արարքը, հետևաբար՝ այդ հոդվածով նախատեսված հանցակազմը, Առաջին ատյանի դատարանի այդ եզրահանգումը Վերաքննիչ դատարանի համար ընդունելի է, քանի որ հիմնավորվել է Ն.Կարապետյանի կողմից տուժողի դեմքին ընդամենը մեկ անգամ հարվածելու (ապտակելու) փաստը, իսկ Ն.Կարապետյանի հետագա և Տ.Ասլանյանի ընթացիկ «անկանոն շարժումները»՝ մինչև քննվող դեպքերը Ս.Կարապետյանի նկատմամբ առկա անթաքույց հակակրանքի և վերջինիս եղբորորդի Ն.Կարապետյանի կալանավորմանն ու դատապարտմանն ամեն կերպ հասնելու բացահայտ շահագրգռվածության, դեպքի հանգամաքների վերաբերյալ տուժող Վ.Պարազյանի փոփոխական և իրարամերժ մեկնաբանությունների պայմաններում, բավարար չեն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով արձանագրելու, որ դրանք ևս դիպչել են տուժողին, իսկ դիպչելու պարագայում՝ նրան ֆիզիկական ցավ են պատճառել:

Անդրադառնալով «Սիզոնս» ռեստորանի դրվագով ամբաստանյալ Նարեկ Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով վերագրված արարքին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն այս դրվագով ևս Ն.Կարապետյանի նկատմամբ իրավաչափորեն կայացրել է արդարացման դատական ակտ, այդ մասով մեղադրողի և տուժողների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքներն անհիմն են, ենթակա են մերժման նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում դատաքննությամբ հետազոտված արժանահավատ ապացույցները բավարար չէին և բավարար չեն տուժող Վ.Պարազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելուն ամբաստանյալ Ն.Կարապետյանի մասնակցությունն ապացուցված (հաստատված) համարելու համար և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

Անդրադառնալով վերոնշյալ դրվագով մյուս ամբաստանյալին՝ Տիգրան Ասլանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով վերագրված արարքներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցները համադրելիս և գնահատելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի, տվյալ դեպքում հանգեցրել են ամբաստանյալ Տ.Ասլանյանին այդ հոդվածներով վերագրվող արարքների կատարման մեջ անհիմն արդարացնելուն:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Տ.Ասլանյանի՝ Վերաքննիչ դատարանին ուղղված դիմումից (համաձայնություն տալուց) հետո ի հայտ է եկել տվյալ հոդվածներով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու անվերապահ հիմք՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ զրկված է տվյալ դրվագով Տ.Ասլանյանի մեղավորությունը ստուգելու և հաստատելու հնարավորությունից: Տվյալ դրվագին վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցների՝ գործի ճիշտ լուծման տեսանկյունով բավարարության հարցը կգնահատվի բացառապես ամբաստանյալ Ն.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Ն.Կարապետյանին մեղադրանք չի առաջադրվել), դրա վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգման իրավաչափությունը ստուգելու համատեքստում:

(...)

Մեղադրանքի ձևակերպումից հետևում է, որ Նարեկ Կարապետյանը, Տիգրան Ասլանյանը և ինքնությունները չպարզված անձինք, գիտակցելով ու լրացնելով մեկը մյուսի գործողությունները, այլ կերպ՝ հանդես գալով խմբի կազմում, դիտավորությամբ տուժող Վ.Պարազյանին պատճառել են նրա առողջությանը թեթև վնաս հասցրած, մեղադրանքի որոշման մեջ թվարկված վնասվածքները:

Խմբի կազմում հանդես գալու հանգամանքի հիշատակումը, ինչպես նաև առանց ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի վրա հղում կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու հանգամանքը ողջամտորեն ենթադրում է, որ ըստ քրեական հետապնդման մարմինների վարկածի՝ ամբաստանյալ Ն.Կարապետյանն անմիջականորեն մասնակցել է տուժողին հարվածելուն և վերը թվարկված մարմնական վնասվածքներից առնվազն մեկը պատճառելուն:

Ամբաստանյալներ Ն.Կարապետյանի և Տ.Ասլանյանի մեղադրանքի ձևակերպումների համադրումից նաև ակնհայտ է, որ ՀՀ քրեական օրենսգրքի  118-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարում ամբաստանյալ Ն.Կարապետյանին չի վերագրվել, այլ կերպ՝ տուժող Գ.Բալասանյանին ծեծի ենթարկելու գործողությանը նա որևէ առնչություն չունի:

(...)

Վերաքննիչ դատարանի համոզմամբ «Սիզոնս» ռեստորանի դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքը, ի թիվս դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցների, հիմնավորվել է թույլատրելի և վերաբերելի ապացույցների բավարար ամբողջությամբ, մասնավորապես՝

- տվյալ դեպքից առաջ տուժող Վ.Պարազյանին առանց տեսանելի մարմնական վնասվածքների, իսկ դեպքից հետո արդեն տեսանելի մարմնական վնասվածքներով տուժողներ Վ.Պարազյանին և Գ.Բալասանյանին նկատած, լուսանկարած անձանց ցուցմունքներով և Վ.Պարազյանին պատճառված մարմնական վնասվածքներն արտացոլող լուսանկարի առկայությամբ,

- կրիմինալ դեպքերի մատյանը զննելու մասին 2019թ. հուլիսի 13-ի արձանագրությամբ,

- Վ.Պարազյանից և Գ.Բալասանյանից հաղորդում ընդունելու մասին 2019թ. հուլիսի 4-ի արձանագրություններով,

- տուժողներ Վ.Պարազյանի և Գ.Բալասանյանի (արժևորված) ցուցմունքներով,

- իրեղեն ապացույց ճանաչված՝ Վ.Պարազյանի վերնաշապիկով ու անդրավարտիքով, դատահետքաբանական փորձաքննության թիվ 2034-19 եզրակացությամբ,

- դատաբժշկական փորձաքննության 2019թ. հունիսի 25-ի թիվ 1237 եզրակացությամբ, որով արձանագրվել են մեղադրանքի ձևակերպման մեջ նշված մարմնական վնասվածքները, որոշվել դրանց բնույթն ու ծանրության աստիճանները, պատճառման մեխանիզմն ու վաղեմությունը,

- ամբաստանյալ Տ.Ասլանյանի՝ հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքով, ով ընդունել էր ինչպես Վ.Պարազյանին, այնպես էլ Գ.Բալասանյանին հարվածելու և մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերոնշյալ թույլատրելի և վերաբերելի ապացույցների ամբողջությունը բավարար էր և բավարար է արձանագրելու, որ՝

ա«Սիզոնս» ռեստորանում տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպք (տուժող ՎՊարազյանին մարմնական վնասվածք պատճառելու դրվագ), ինչպես նաև այն, որ

բ ամբաստանյալ Տ.Ասլանյանն առնչվում է այդ և ՀՀ քրեական օրենսգրքի  118-րդ հոդվածներով վերագրված հանցանքներին, և դատաքննությամբ հետազոտված ապացույցները բավարար էին՝ փաստելու, որ նրա նկատմամբ երկու հոդվածներով էլ արդարացման դատական ակտ չէր կարող կայացվել:

(...)

Տվյալ դեպքում բացակայում է ամբաստանյալ Ն.Կարապետյանի կողմից տուժող Վ.Պարազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու հանգամանքը հաստատող արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությունը, քանի որ դատաքննությամբ հետազոտված ապացույցները թույլ չեն տալիս պարզելու այդ հանգամանքն անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ, մասնավորապես՝ գործով տուժող հանդիսացող, մինչև քննվող դեպքերը Ս.Կարապետյանի հետ լարված փոխհարաբերություններ ունեցող Վահե Պարազյանը միայն նախաքննության որոշակի փուլից է հայտնել այն մասին, որ «Սիզոնս» ռեստորանի դրվագում իրեն անմիջականորեն հարվածել է նաև Նարեկ Կարապետյանը: Ընդ որում, այդ ցուցմունքն անարժանահավատ լինելու վերաբերյալ հետևության Վերաքննիչ դատարանը հանգում է Ալեք Մանուկյանի փողոցի դրվագով տուժող Վ.Պարազյանի տված հակասական և իրարամերժ ցուցմունքները ստուգելու և գնահատելու, իր այդ վարքագծով սեփական ցուցմունքները որոշակիորեն արժեզրկելու արդյունքներով:

Ինչ վերաբերում է տվյալ դեպքին ականատես Գ.Բալասանյանին, ով նախքան ծեծի ենթարկվելը նկատել էր Նարեկ Կարապետյանի կողմից Վահե Պարազյանին հարվածելը, ապա նրա ցուցմունքը նույնիսկ Վ.Պարազյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետևությունների հետ համադրման արդյունքներով բավարար չէ գործով ամբաստանյալ Ն.Կարապետյանի մեղավորությունը փաստելու համար, քանի որ՝ Գ.Բալասանյանը գործի ելքով ևս շահագրգռված անձ է նա տվյալ ռեստորան էր եկել ի աջակցություն ընկերոջ՝ գործով տուժող Վ.Պարազյանի, վերջինիս կանչով, ևս տուժել էր այդ օրվա միջադեպի հետևանքով, որի ծագումը, իրենց նկատմամբ բռնության կիրառումը, ինչպես և տուժող Վ.Պարազյանը, գլխավորապես պայմանավորել է ամբաստանյալ Նարեկ Կարապետյանի ոչ իրավաչափ վարքագծով:

Ավելին, Գ.Բալասանյանի վերոնշյալ ցուցմունքը չեն հաստատել և այն հերքող փաստական տվյալներ են հայտնել ոչ միայն գործով ամբաստանյալները, այլև Ն.Կարապետյանի ընտանիքին պատկանող տվյալ ռեստորանում աշխատող և հօգուտ Ն.Կարապետյանի գործի ելքով շահագրգռված չորս վկաները:

Վերը նշված պայմաններում, երբ առկա են բացառապես գործի ելքով շահագրգռված անձանց ցուցմունքներ, բացակայում են ստուգվող հանգամանքը հաստատող օբյեկտիվ կամ հարաբերականորեն չեզոք ապացույցները, ամբաստանյալ Ն.Կարապետյանի կողմից տուժող Վ.Պարազյանի ծեծին անմիջականորեն մասնակցելու, առնվազն նրան մեկ անգամ հարվածելու հանգամանքի ապացուցված լինելը Վերաքննիչ դատարանի մոտ ևս կասկած է հարուցում:

Տվյալ իրավիճակում Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Ն.Կարապետյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով վերագրված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով և միաժամանակ արձանագրել այն հիմնավորելու համար նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունների սպառված լինելու փաստը, որպիսի մոտեցումն ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի համար:

Վերաքննիչ դատարանի համոզմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարմանն ամբաստանյալ Ն.Կարապետյանի մասնակցությունը կարող էր համարվել ապացուցված միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված, փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, բոլոր կասկածները ամբաստանյալ Ն.Կարապետյանի օգտին փարատելով, միանշանակորեն հիմնավորվեր նրա կատարած կոնկրետ գործողությունը՝ տուժող Վ.Պարազյանի մարմնի կոնկրետ մասին հարվածելու և նրան փաստացի թեթև մարմնական գոնե մեկ վնասվածք պատճառելու հանգամանքը, որը սույն գործով արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ չի հաստատվել:

 (...) Վերաքննիչ դատարանը սույն որոշման մեջ նշված լրացուցիչ պատճառաբանությամբ փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն գործով ամբաստանյալներ Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի նկատմամբ առաջին դրվագով (Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց տեղի ունեցած միջադեպով) իրավաչափորեն կայացրել է արդարացման դատական ակտ. այդ մասով մեղադրողի և տուժողների ներկայացուցիչների ներկայացրած վերաքննիչ բողոքներն անհիմն են, ենթակա են մերժման նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում դատաքննությամբ հետազոտված ապացույցները բավարար չէին և բավարար չեն ամբաստանյալների արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունն արձանագրելու համար:

Անդրադառնալով երկրորդ դրվագով («Սիզոնս» ռեստորանում տեղի ունեցած միջադեպով) ամբաստանյալ Նարեկ Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի  117-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն այդ դրվագով ամբաստանյալ Ն.Կարապետյանի նկատմամբ իրավաչափորեն կայացրել է արդարացման դատական ակտ. այդ մասով ևս մեղադրողի և տուժողների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքներն անհիմն են, ենթակա են մերժման, պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում դատաքննությամբ հետազոտված ապացույցները բավարար չէին և բավարար չեն ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով վերագրված հանցագործությանն ամբաստանյալ Ն.Կարապետյանի մասնակցությունն ապացուցված համարելու համար, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

(...)

Անդրադառնալով երկրորդ դրվագով («Սիզոնս» ռեստորանում տեղի ունեցած միջադեպով) ամբաստանյալ Տիգրան Ասլանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով վերագրված արարքներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցները համադրելիս և գնահատելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի, տվյալ դեպքում հանգեցրել են ամբաստանյալ Տ.Ասլանյանին այդ հոդվածներով վերագրվող արարքների կատարման մեջ անհիմն արդարացնելուն:

(...)

Ուստի՝ Տիգրան Ասլանյանի նկատմամբ «Սիզոնս» ռեստորանի դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 1-ի արդարացման դատավճիռն անհրաժեշտ է բեկանել և փոփոխել:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Տ.Ասլանյանի՝ Վերաքննիչ դատարանին ուղղված դիմումից (համաձայնություն տալուց) հետո ի հայտ է եկել տվյալ հոդվածներով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու անվերապահ հիմք՝ Վերաքննիչ դատարանը զրկված է տվյալ դրվագով վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցների բավարարությունը ստուգելու և գնահատելու, դրանց արդյունքներով ամբաստանյալ Տ.Ասլանյանի մեղավորությունը պարզելու հնարավորությունից, հետևաբար՝ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնում և գործի վարույթը կարճում է՝ այդ հոդվածներով նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով կայացված արդարացման դատավճռին, ապա սույն որոշման մեջ նշված լրացուցիչ պատճառաբանությամբ Դատախազի և տուժողների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքներն անհրաժեշտ է մերժել՝ դատավճիռը թողնելով անփոփոխ:

Դատավճիռը մնացած մասերով ևս անհրաժեշտ է թողնել անփոփոխ: (...)»6:

14.1. Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Դանիելյանի հատուկ կարծիքի համաձայն՝ «(...) Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցները համադրելիս և գնահատելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, տվյալ դեպքում հանգեցրել են ամբաստանյալ Նարեկ Կարենի Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով («Սիզոնս» ռեստորանի դրվագով) վերագրվող արարքի կատարման մեջ անհիմն արդարացնելուն: (...)»7:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալներ Նարեկ Կարապետյանին և Տիգրան Ասլանյանին արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրներն են՝ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, (...) հասարակական կարգը և անվտանգությունը, (...) ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով»: 

ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից»:

ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝     պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

17. Վճռաբեկ դատարանը Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը մարդու առողջությունն է, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ կարող են հանդես գալ նաև մարդու պատիվն ու արժանապատվությունը:

(...)

 ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրվում է՝ 

ա) տուժողին ֆիզիկական ցավ պատճառելով,

 բ) տուժողի նկատմամբ այլ բռնի գործողություններ կատարելով, որոնք չեն պարունակում դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներ:

(...)

Ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին հարվածներ հասցնելով, ընդ որում, հարվածները կարող են հասցվել ինչպես ձեռքերով կամ ոտքերով, այնպես էլ բութ և կոշտ գործիքի գործադրմամբ՝ բազմաթիվ (մեկից ավելի) անգամ:    Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ մեկնաբանության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիայում օգտագործված «ծեծել» եզրույթը ներկայացված է հոգնակի թվով, այսինքն՝ ոչ թե որպես մեկ, այլ բազմակի (մեկից ավելի) ակտ: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով արգելված ծեծի բովանդակությունից հետևում է, որ ծեծը տուժողին բազմաթիվ (մեկից ավելի) հարվածներ հասցնելն է, որի արդյունքում նրան պատճառվել է ֆիզիկական ցավ:

(...)

Ծեծի կամ այլ բռնի գործողությունների մասին կարող են վկայել անձի վրա արյան զեղումների, քերծվածքների, կապտուկների և այլ նմանատիպ դրսևորումների առկայությունը: Դրա հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ծեծի կամ այլ բռնի գործողությունների արդյունքում անձի մարմնի վրա կարող է որևէ տեսանելի հետք չմնալ:

Այն դեպքում, երբ ծեծի կամ այլ բռնի գործողությունների հետևանքով տուժողի մարմնի վրա մնում են տեսանելի հետքեր, դրանք գնահատվում են ըստ ծանրության աստիճանի` ընդհանուր կանոններին համապատասխան: Գնահատումը տվյալ դեպքում իրականացվում է պատճառված վնասի ծանրության աստիճանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա:

Այն դեպքում, երբ ծեծի կամ այլ բռնի գործողությունների արդյունքում անձի մարմնի վրա որևէ տեսանելի հետք չի մնացել և դրանց հետևանքով անձին, օրինակ` ֆիզիկական ցավ է պատճառվել կամ դրանք անձի թեթև տկարության պատճառ են հանդիսացել, դատաբժշկական փորձագետն արձանագրում է տուժողի սուբյեկտիվ գանգատները` նշելով, որ վնասվածքների տեսանելի հետքերը բացակայում են, և չի որոշում առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը: Նման դեպքերում ծեծի կամ բռնի այլ գործողություն կատարելու, մասնավորապես՝ տուժողին ֆիզիկական ցավ պատճառելու հանգամանքի բացահայտումն ամբողջովին դրված է վարույթն իրականացնող մարմնի վրա:

(...)

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի  118-րդ հոդվածով գործի քննության ժամանակ վարույթն իրականացնող մարմինը պետք է ուշադրություն դարձնի և պատշաճ իրավական գնահատության արժանացնի վկաների, տուժողի, ամբաստանյալների ցուցմունքները և գործի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք թույլ կտան սահմանազատել նախ՝ հանցավոր արարքը ոչ հանցավոր արարքից, ապա քրեորեն հետապնդելի մի արարքը մյուս արարքից և դրանց ճիշտ քրեաիրավական գնահատական տալ:

(...)

Սուբյեկտիվ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, այլ խոսքով՝ քննարկվող հանցակազմով նախատեսված ֆիզիկական բռնությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ:

(...)

Ինչ վերաբերում է ծեծի կամ այլ բռնի գործողությունների շարժառիթին ու նպատակին, ապա դրանք կարող են տարբեր լինել և արարքի որակման վրա չեն ազդում:

(...)

ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում, կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: (...)»8:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝

«1. Քրեական դատավարությունն իրականացվում է` ապահովելու համար`

1) անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից.

2) անձի և հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից` կապված իրական կամ ենթադրվող հանցավոր արարքի հետ:

2. Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում`

1) քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի.

2) ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի.

3) ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման»:  

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

19. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, որը մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով9:

19.1. Վճռաբեկ դատարանը Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում: Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.

ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ` փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),

բ)  ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ` վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),

գ) ապացուցողական տեղեկությունը ձեռք բերելու միջոցը,

դ) ապացույցի բովանդակությունը կազմող տեղեկությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը,

ե) նույն տեղեկության ստացումն այլ աղբյուրից:

Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ` բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը: Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում: Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները:

Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա»10:   

19.2. Վճռաբեկ դատարանը Սիրակ Սաքանյանի գործով իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) [Ա]պացույցների բավարարությունը չի կարող որոշվել թվաբանական ցուցանիշով, այդ պատճառով ՀՀ քրեադատավարական օրենքն օգտագործում է «ապացույցների համակցություն» հասկացությունը: Ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե`

1) գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար,

2) եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այդ հանգամանքը անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ,

3) այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում»11:

20. Վճռաբեկ դատարանը Արկադի Պապյանի գործով իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «[Մ]եղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն»12:

20.1. Վճռաբեկ դատարանը Գևորգ Ճաղարյանի և այլոց գործով իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) [Հ]անցակիցներից յուրաքանչյուրի քրեական պատասխանատվության հարցը լուծելիս անհրաժեշտ է հաստատել, որ նա մասնակցել է այնպիսի հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը, որն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում և որի կապակցությամբ հաստատված է նրա մեղքը: Այլ խոսքով՝ հանցակիցների քրեական պատասխանատվության հարցը լուծելիս նրանցից յուրաքանչյուրի արարքը պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված, այլ մյուս բոլոր հանցակիցների հետ համակցության մեջ՝ պարզելով հանցակիցներից յուրաքանչյուրի արարքի հանրային վտանգավորությունն ու հակաիրավականությունը և հետևաբար նաև հանցակիցներից յուրաքանչյուրի արարքում հանցագործության հատկանիշների և քրեական պատասխանատվության հիմքերի առկայությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցակիցների քրեական պատասխանատվության հարցը լուծելիս վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր դեպքում պետք է պարզի և գնահատի հանցակիցների կողմից համատեղ կատարված բոլոր արարքները, ինչպես նաև այդ արարքների հետևանքները՝ արդյունքում ուրվագծելով հանցակիցներից յուրաքանչյուրի՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու սահմաններն ու ծավալները»13:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` 

- նախաքննության մարմինը Նարեկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով, իսկ Տիգրան Ասլանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և երկու դրվագ՝ 118-րդ հոդվածով14,   

- Առաջին ատյանի դատարանը ճանաչել ու հռչակել է Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի անմեղությունը նրանց մեղսագրված հանցանքների կատարման մեջ, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է15,

- Վերաքննիչ դատարանի որոշմամբ Նարեկ Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով կայացված արդարացման դատավճիռը թողնվել է անփոփոխ՝ որոշման մեջ նշված լրացուցիչ պատճառաբանությամբ: Նույն որոշմամբ Տիգրան Ասլանյանի նկատմամբ «Սիզոնս» ռեստորանի դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով, Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը բեկանվել և փոփոխվել է. Տիգրան Ասլանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է և գործի վարույթը կարճվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ հաշվի առնելով նրա միջնորդությունը: Դատավճիռը մնացած մասերով թողնվել է անփոփոխ16:

22. Վերը շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-20.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Նարեկ Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի  117-րդ և 118-րդ հոդվածներով առաջադրված մեղադրանքներում, իսկ Տիգրան Ասլանյանին՝ Ալեք Մանուկյան փողոցում տեղի ունեցած դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում արդարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելով՝ պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալները։ Այսպես.

23. Տուժող Վահե Պարազյանը ցուցմունք է տվել, որ Մոսկվա քաղաքում, իրենց ընտանիքի կողմից հիմնած ընկերության միջոցով, համագործակցելով «Գազպրոմ» ընկերության հետ, ծավալել են շինարարական գործունեություն: Այդ ժամանակահատվածում իր հայրն աշխատել է ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ» ընկերությունում: Երբ իրենք սկսել են զարգանալ, Ս.Կարապետյանը կանչել է իր հորը և ասել, որ ընկերությունները միևնույն ոլորտում են գործունեություն ծավալում, ուստի Պարազյանների ընկերությունը պետք է շահած «տենդերները» հանձնի և հեռանա շուկայից: Ընտանիքով քննարկելով առաջարկը՝ որոշել են մերժել այն ու շարունակել գործունեությունը: Սակայն իրենց հետ կնքված բոլոր պայմանագրերը Սամվել Կարապետյանի գործադրած ջանքերով խզվել են, իսկ հետագայում պարզել է, որ դրանք բոլորն անցել են Ս.Կարապետյանի ֆիրմաներին: Այնուհետև, իրեն ձերբակալել են Ս.Կարապետյանի կողմից կազմակերպված շինծու հաղորդման հիման վրա հարուցած քրեական գործով, մեկուկես տարի անցկացրել է կալանքի տակ, իսկ հետագայում, մեղադրանքը չհիմնավորվելու պատճառով, իրեն ազատ են արձակել և ինքը վերադարձել է Հայաստան: 2019 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, երբ դուրս է եկել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 9 շենքից, իրեն են մոտեցել Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, և Տիգրան Ասլանյանը: Նարեկ Կարապետյանն իրեն հարցրել է` «Վահեն դու՞ ես» և դրական պատասխան ստանալով՝ բռունցքով հարվածել է իր դեմքին, որից անմիջապես հետո ևս մի քանի անգամ Տիգրան Ասլանյանի հետ միասին հարվածել են իր մարմնի տարբեր մասերին ու հեռացել: Իր վրա հարձակվելու պատճառների մասին հետաքրքրվելու համար իր ընկերների միջոցով գտել է Ն.Կարապետյանի հեռախոսահամարը, զանգահարել է նրան ու պայմանավորվել են հանդիպել նրանց պատկանող «Էմ» սրճարանում: Ինքը գնացել է ընկերոջ՝ Գաբրիել Բալասանյանի հետ: Զրուցել է միայն Նարեկի հետ, մնացածը հեռու են գտնվել: Մոտ 20 րոպե տևած խոսակցության ընթացքում Նարեկն ասել է, որ ինքը Կարապետյանների ընտանիքի հետ չլուծված հարցեր ունի, իրենց դաշտում աշխատելու ընթացքում 10 միլիոն եվրո գումար է աշխատել, որը պետք է վերադարձնի: Ինքը հայտնել է, որ պատրաստ է այդ մասին զրուցել ու առաջարկել է Նարեկին այդ մասին խոսել հորեղբոր հետ: Մոտ կես ժամ անց Նարեկը կրկին զանգահարել է ու հանդիպում է պահանջել: Պայմանավորվել են հանդիպել նրանց պատկանող «Սիզոնս» ռեստորանում: Ինքը կրկին գնացել է Գ.Բալասանյանի հետ: Սրահում հաճախորդներ չեն եղել, Նարեկն է եղել և նրա հետ ևս 9-10 հոգի: Գաբրիելը նստել է մի փոքր հեռու, իսկ ինքը մոտեցել է Նարեկին: Վերջինս հայտնել է, որ խոսել է հոպարի հետ, ով ասել է, որ իրենց հետ խոսելու ոչինչ չունեն` պետք է գումարը տան: Ինքն էլ իր հերթին պատասխանել է, որ տալու ոչինչ չունի ու որևէ մեկն իրեն չի կարող պարտադրել ու սպառնալ: Այդ պահին հետևի կողմից գլխին հարված է ստացել: Այդ հարվածից հետո իրեն հարվածել է Նարեկ Կարապետյանը, իսկ նրանից հետո բոլորը միասին սկսել են հարվածել իրեն: Մնացած հարվածողներին արդեն չի տեսել, քանի որ ձեռքերով փակած է եղել դեմքը: Այնուհետև, ներկաներից մեկն իրեն մեջքից գրկելով հեռացրել է խոհանոց, որպեսզի այլևս չհարվածեն: Նկատել է, որ իրեն ծեծի ենթարկողները հարվածներ են հասցնում նաև ընկերոջը՝ Գաբրիելին: Այդ պահին գոռացել է, որ բավական է, որից հետո նրանք դադարեցրել են ծեծը: Ինքն ու Գաբրիելը ցանկացել են դուրս գալ ռեստորանից, սակայն դուռը փակ է եղել, կանչել են մենեջերին, նա բացել է դուռն ու իրենք դուրս են եկել: Երբ դուրս են եկել ռեստորանից, ինքը տեսել է, որ այնտեղ են եկել իր ծնողներն ու մորաքույրը: Այդ ժամանակ մայրը լուսանկարել է իրեն: Իրենք ընտանիքով որոշել են գնալ օրինական ճանապարհով՝ դիմել են ոստիկանություն: Տուժող Վ.Պարազյանը ցուցմունքում հայտնել է նաև, որ իր ու Նարեկի միջև որևէ խնդիր չի եղել, ներկայացված շարժառիթն իրական չէ, խնդիրն առնչվել է Սամվել Կարապետյանին: Տուժողը հայտնել է նաև, որ առաջին դրվագի ընթացքում ինքը վնասվածքներ չի ստացել: Քանի որ փողոցում անցուդարձ է եղել, իրեն սկզբում թվացել է, որ խփողները շատ են եղել, բայց տեսագրությունը դիտելուց հետո պարզել է, որ հարվածողները երկուսն են եղել: Երկրորդ դրվագի առնչությամբ տուժողը հայտնել է, որ չի հիշում՝ Տիգրան Ասլանյանին «Սիզոնսում» տեսել է, թե ոչ17:

24. Տուժող Գաբրիել Բալասանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2019 թվականի հուլիսի 3-ին իր ընկեր Վահե Պարազյանը զանգահարել է իրեն ու հայտնել, որ Ալեք Մանուկյան փողոցում ծեծի է ենթարկվել և այդ կապակցությամբ պայմանավորվել են Նարեկ Կարապետյանի հետ հանդիպել: Վահեի խնդրանքով  միասին գնացել են հանդիպման վայր, որտեղ ինքը հեռվում սպասել է, իսկ Նարեկ Կարապետյանը և Վահե Պարազյանը «Էմ» սրճարանում զրուցել են: Վահեն պատմել է, որ խոսակցությունը եղել 10 միլիոն եվրո շահույթի մասին, որը Վահեից պահանջել են, իսկ վերջինս ասել է, որ պատրաստ է հանդիպել ու քննարկել այդ գումարի հարցը, քանի որ դա արդար պահանջ չի եղել: Նարեկ Կարապետյանը և Վահեն նույն օրը հեռախոսով պայմանավորվել են հանդիպել «Սիզոնս» ռեստորանում: Ինքը կեսգիշերին մոտ Վահեի հետ գնացել է «Սիզոնս» ռեստորան, որտեղ մի քանի սեղան հեռու է նստել, իսկ Վահեն գնացել է Նարեկի մոտ: Ռեստորանի սրահում մոտ 10-20 մարդ է եղել, ու ըստ իրեն՝ ոչ հաճախորդներ, ովքեր սրահի ներսում են եղել, բայց տարբեր տեղերում: Խոսակցությունը շատ կարճ է տևել, որից հետո սկսվել է ծեծկռտուքը: Վահեին հետևից մեկը հարվածել է, որից հետո նրան հարվածել է Նարեկը և այլ ներկաներ: Իրեն նույնպես ծեծի են ենթարկել: Իրենց ծեծի ենթարկողները եղել են սրահում հավաքվածները: Ծեծի հետևանքով ֆիզիկական ցավ է զգացել: Վահեի ու իր ծեծի միջև վայրկյանների տարբերություն է եղել: Ծեծը դադարելուց հետո ռեստորանի աշխատակիցներն իրենց ջուր են տվել, այնուհետև բացել են փակ դուռը և իրենք հեռացել են18:

25. Ամբաստանյալ Նարեկ Կարապետյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր սահմանադրական իրավունքից՝ հրաժարվել է դատարանում ցուցմունքներ տալուց: Դատաքննությամբ հրապարակվել են Նարեկ Կարապետյանի կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, որոնցով վերջինս հայտնել է, որ Վահե Պարազյանի կողմից իր բարեկամների հասցեներին ոչ հարգալից արտահայտություններ և հերյուրանքներ տարածելու հանգամանքով պայմանավորված՝ զայրույթով է լցված եղել վերջինիս նկատմամբ և երբ 2019 թվականի հուլիսի 3-ին փողոցում նկատել է Վահե Պարազյանին, իջել է մեքենայից ու մեկ անգամ ապտակել է նրան: Վիրավորական պատասխան ստանալուց հետո փորձել է ևս մեկ անգամ ապտակել, սակայն միջամտել է Տիգրան Ասլանյանը, որից հետո Վահեն վազելով հեռացել է: «ԷՄ» սրճարանում Վահեին հանդիպել է Տիգրանի հետ հաշտեցնելու նպատակով, նույն նպատակով հանդիպել են նաև «Սիզոնս» ռեստորանում: Իսկ ինչ վերաբերում է գումարային փոխհարաբերություններին, ապա դա իրական չէ, դա Վահեն հորինել է շահարկելու նպատակով19:

26. Ամբաստանյալ Տիգրան Ասլանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր սահմանադրական իրավունքից՝ հրաժարվել է դատարանում ցուցմունքներ տալուց: Դատաքննությամբ հրապարակվել են Տիգրան Ասլանյանի կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, որոնցով վերջինս հայտնել է, որ Նարեկ Կարապետյանն Ալեք Մանուկյան փողոցում միայն մեկ անգամ ապտակել է Վահե Պարազյանին, իսկ մնացած հարվածներն ինքն է պատճառել: «Սիզոնս» ռեստորանում էլ միայն ինքն է ծեծի ենթարկել Վահե Պարազյանին և Գաբրիել Բալասանյանին20:

27. 2019 թվականի հուլիսի 13-ին կազմված՝ կրիմինալ դեպքերի մատյանը զննելու արձանագրության համաձայն` զննության է ենթարկվել Հերացի թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոնի կրիմինալ դեպքերի թիվ 182 մատյանը, որի 2145 համարի տակ կատարված գրանցման համաձայն՝ 2019 թվականի հուլիսի 4-ին, ժամը 01:50-ին, աջից ճակատային և ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքներով սալջարդ, քերծվածքներ, գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել Վահե Պարազյանը: Ըստ հիվանդի հայտարարության՝ վերջինս ծեծի է ենթարկվել Մաշտոցի պողոտայում գործող «Սիզոնս» ռեստորանում28:

28. Դատաբժշկական փորձաքննության թիվ 1237 եզրակացության համաձայն՝ Վահե Պարազյանի վնասվածքները՝ դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքների, արյունազեղումների, պատռված վերքի, աջից բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասման, գանգուղեղային տրավմայի, մեջքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ բազկի շրջանի արյունազեղման, ձախ նախաբազկի շրջանի քերծվածքի ձևով, պատճառվել են սահմանափակ մակերես ունեցող բութ առարկաների ուղղակի ներգործության արդյունքում, հնարավոր է նշված ժամանակահատվածում և հանգամանքներում, ու պատճառել են առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս 6 օրից և ոչ ավելի 21 օրից: Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքների ծանրության աստիճանին առանձին-առանձին, ապա դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդը, քերծվածքները, արյունազեղումները, պատռված վերքը, աջից բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասումը գանգուղեղային տրավմայից տարանջատել հնարավոր չէ, որոնք պատճառել են առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, իսկ մնացած մարմնական վնասվածքներն առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում22:

29. Դատաբժշկական փորձաքննության թիվ 1238 եզրակացության համաձայն՝ Գաբրիել Բալասանյանի մոտ փորձաքննության պահին և կատարված մասնագիտական կոնսուլտացիաների արդյունքում վաղեմությամբ դեպքին համապատասխանող մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել և որոշել այդպիսիք եղել են, թե՝ ոչ, հնարավոր չէ՝ փորձաքննությանն ուշ ներկայանալու և բժշկական փաստաթղթերի բացակայության հետևանքով, քանի որ հնարավոր է, որ այդպիսիք եղած լինեին, սակայն փորձաքննությամբ չհայտնաբերվեին՝ անցած ժամանակահատվածի ընթացքում ապաքինված լինելու հետևանքով23:

30. Դատահետքաբանական փորձաքննության թիվ 2034-19 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված՝ Վահե Պարազյանի վերնաշապիկի և անդրավարտիքի վրա առկա են պատռվածքների տեսքերով վնասվածքներ, որոնք հնարավոր է, որ առաջացել են մեխանիկական ձգվածության ուժի ներգործության՝ քաշել-ձգելու հետևանքով24:

31. 2019 թվականի հուլիսի 19-ին կազմված զննում կատարելու արձանագրության համաձայն՝ տեսագրության ժամանակով ժամը «19:35:09»-ին Նարեկ Կարապետյանը Տիգրան Ասլանյանի հետ մոտեցել են փողոցի աջ հատվածում կայանած ավտոմեքենաների կողքին կանգնած Վահե Պարազյանին: Ժամը «19:35:11»-ին Նարեկ Կարապետյանը աջ ձեռքով հարվածել է Վահե Պարազյանի դեմքին, ինչից վերջինիս դեմքին եղած ակնոցները շպրտվել են: Այնուհետև, Նարեկ Կարապետյանն աջ ձեռքով անկանոն շարժում է կատարել Վահե Պարազյանի ձախ ուսի ուղղությամբ: Իսկ այդ պահին Տիգրան Ասլանյանը ձախ ձեռքով հարվածել է Վահե Պարազյանին, իսկ Նարեկ Կարապետյանը ձախ ձեռքով անկանոն շարժում է կատարել Վահե Պարազյանի մեջքի ուղղությամբ: Այդ ընթացքում Տիգրան Ասլանյանը նախ փորձել է աջ ձեռքով հարվածել, ապա բռնել հարվածներ ստացած անձին, ով շրջվելով փորձել է անցնել փողոցից դեպի մայթ և ժամը «19:35:12»-ին դուրս է եկել տեսադաշտից25:

32. 2019 թվականի հոկտեմբերի 28-ին կազմված՝ զննում կատարելու մասին արձանագրության համաձայն՝ Վահե Պարազյանի մասնակցությամբ զննության է ենթարկվել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունից ստացված՝ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց, փողոցում առկա տեսախցիկի 2019 թվականի հուլիսի 3-ի տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ Վ.Պարազյանը հայտարարել է, որ տեսագրությունը վերաբերում է իր, Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի միջև 2019 թվականի հուլիսի 3-ին տեղի ունեցած միջադեպին: Հայտարարել է, որ տեսագրությամբ ժամը «19:30:08»-ին, տեսախցիկի տեսադաշտում, փողոցի աջակողմյան հատվածում, կապույտ վերնաշապիկով, պայուսակն ուսին, ակնոցներով անձն ինքն է: Տեսագրությամբ ժամը «19:34:12»-ին փողոցի երթևեկելի մասով երթևեկող սև գույնի «Toyota» մակնիշի, 41 CC 362 հաշվառման համարանիշներով, մգեցված ապակիներով ավտոմեքենան այն ավտոմեքենան է, որից իջել են Նարեկ Կարապետյանը և Տիգրան Ասլանյանը: Տեսանյութի շարունակությամբ՝ ավտոմեքենան փողոցում կայանելուց հետո, նույն ավտոմեքենայի հետևի դռնից դուրս եկած և ժամը «19:35:03»-ին իր ուղղությամբ քայլող սև տաբատով և սպիտակ վերնաշապիկով անձը Նարեկ Կարապետյանն է, իսկ նրա հետևից, վարորդի դռան կողմից իջած՝ սպիտակ վերնաշապիկով և սև տաբատով անձը Տիգրան Ասլանյանն է: Տեսագրությամբ ժամը «19:35:09»-ին փողոցի աջակողմյան հատվածում Վ.Պարազյանին մոտեցել են Նարեկ Կարապետյանը և Տիգրան Ասլանյանը: Ժամը «19:35:11»-ին Նարեկ Կարապետյանն աջ ձեռքով նախ հարվածել է Վ.Պարազյանի դեմքին, ապա՝ հարվածել է աջ և ձախ ձեռքերով: Վ.Պարազյանը հայտարարել է նաև, որ նույն պահին իրեն ձեռքերով հարվածներ է հասցրել նաև Տիգրան Ասլանյանը, ինչից հետո ինքը տեսագրության ժամով ժամը «19:35:13»-ին դուրս է եկել տեսախցիկի տեսադաշտից և հայտնվել է մայթում, իսկ նրա հետևից տեսախցիկի տեսադաշտից դուրս են եկել Նարեկ Կարապետյանը և Տիգրան Ասլանյանը: Ժամը «19:36»-ին Ն.Կարապետյանը և Տ.Ասլանյանը նստելով իրենց ավտոմեքենան՝ հեռացել են26:

33. Վահե Պարազյանին ինչպես Ալեք Մանուկյան փողոցում, այնպես էլ «Սիզոնս» ռեստորանում Նարեկ Կարապետյանի և նրա ընկերների կողմից ծեծի ենթարկելու վերաբերյալ իրենց ցուցմունքներով հայտնել են նաև ոչ ականատես վկաներ Արման Ավանեսյանը27, Գոհարիկ Պարազյանը28, Մարինե Խաչատրյանը29, Աշոտ Պարազյանը30, ինչպես նաև Գևորգ Թութունջյանը31՝ Ալեք Մանուկյան փողոցում տեղի ունեցած միջադեպով:

34. Վերոշարադրյալ ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք իրենց համակցությամբ հաստատում են կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող հանգամանքներ, որոնց առկայությունը կասկածի տակ է դնում ամբաստանյալներ Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի անմեղության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունների օբյեկտիվությունը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացառությամբ Տիգրան Ասլանյանի կողմից «Սիզոնս» ռեստորանի դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունների, ամբաստանյալներին վերագրված մյուս արարքների վերաբերյալ վիճարկվող դատական ակտերում տեղ գտած ստորադաս դատարանների հետևությունները չեն բխում գործի օբյեկտիվ տվյալներից և վերը նշված հանգամանքներին ստորադաս դատարանների կողմից ոչ իրավաչափ գնահատականներ տալը հանգեցրել է քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառման: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացառությամբ Տիգրան Ասլանյանի կողմից «Սիզոնս» ռեստորանի դեպքին վերաբերողների՝ գործով ձեռք բերված, վերը թվարկված վերաբերելի, թույլատրելի ու դատարանի կողմից հետազոտված ապացույցները ստորադաս դատարանների կողմից պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չեն հետազոտվել, ճիշտ չեն գնահատվել գործով ձեռք բերված փաստական տվյալները, դրանք այլ ապացույցների հետ համակցության մեջ չեն դիտարկվել:

35. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախ անդրադառնալ ստորադաս դատարանների այն դիտարկմանը, որ ամբաստանյալներ Նարեկ Կարապետյանին և Տիգրան Ասլանյանին ըստ էության նույնաբովանդակ մեղադրանք առաջադրելով՝ չի ապահովվել նրանց պաշտպանության իրավունքի իրականացումը՝ որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրականացման պահանջները բավարարող երաշխիք, ուստի մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում, երբ յուրաքանչյուր հանցակցի մասով իրավախախտման փաստը կոնկրետացված չէ, իսկ դրա հանգամանքներն անհատականացված չեն, հնարավոր չէ անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան պարզել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը, հանցակիցների մեղավորության աստիճանը, ինչպես նաև՝ քրեաիրավական նշանակություն ունեցող այլ հարցերի ճիշտ լուծումը:

Վճռաբեկ դատարանն այս կապակցությամբ հարկ է համարում ընդգծել, որ մեղադրանքն օրենքով սահմանված կարգով ներկայացված հիմնավորում է՝ կոնկրետ անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին: Կառուցվածքային առումով Ն.Կարապետյանի և Տ.Ասլանյանի մեղադրանքները բաղկացած են գործով հաստատված՝ հանրության համար վտանգավոր և հակաիրավական արարքների հանգամանքների ամբողջությունից և նշված փաստական հանգամանքների ամբողջությունը համապատասխանում է քրեական օրենքի կոնկրետ նորմին: 

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ն.Կարապետյանին և Տ.Ասլանյանին առաջադրված մեղադրանքները բովանդակում են ինչպես՝ հանցավորի,  հանցագործության տեղի, ժամանակի և եղանակի մասին տվյալներ, այնպես էլ՝ հնարավորինս հստակ ընդգրկում են արարքների քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստեր՝ հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությամբ, որպիսի փաստական տեղեկությունները հնարավոր է եղել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կատարված նախաքննությամբ ձեռք բերել: Իսկ արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով հարկ է նշել, որ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս չի սահմանափակվել միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ: Այս համատեքստում հարկ է փաստել, որ ստորադաս դատարանի կողմից պատշաճ ուշադրության չեն արժանացել էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությամբ մյուսի գործողությունները փոխլրացնելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Նարեկ Կարապետյանին ու Տիգրան Ասլանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներով և մեղադրական եզրակացությամբ հստակ նկարագրված են ամբաստանյալների գործողությունները:

Անդրադառնալով ստորադաս դատարանների այն պատճառաբանություններին, որ ամբաստանյալներին առաջադրվել է նույնանման մեղադրանք՝ համանման ձևակերպումներով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը ևս հիմք չէ մեղադրանքներն անորոշ դիտարկելու համար՝ նկատի ունենալով, որ փաստացի նույնական են եղել վերջիններիս կատարած արարքները: Ուստի հիմնավոր է առաջին բողոքաբերի այն փաստարկը, որ մեղադրանքի ձևակերպման մեջ չնշելը, թե ամբաստանյալներից որի հարվածը տուժողի գլխի որ հատվածին է դիպել, մեղադրանքն անորոշ չի դարձնում: Ավելին, անհիմն է և մեղադրանքի որոշակիության սկզբունքի հետ որևէ աղերս չունի այն փաստարկը, որ մեղադրանքի ձևակերպման մեջ նշված չէ, թե հատկապես որ պահին է ամբաստանյալների մոտ առաջացել տուժողին հարվածելու դիտավորությունը: Որևէ նշանակություն չունի նաև, թե նման դիտավորություն երկու ամբաստանյալների  մոտ ծագել է միաժամանակ, թե ոչ:

Ուստի հիմնավոր է առաջին բողոքաբերի համոզվածությունն առ այն, որ Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի կողմից կատարված հանցագործությունները շարադրված են հստակ, մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում էլ ամրագրված է, որ նրանց գործողությունները փոխլրացրել են մեկը մյուսին:

36. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ, Ալեք Մանուկյան փողոցում տեղի ունեցած դրվագի առնչությամբ առկա այն հետևությանը, որ տվյալ դրվագով առկա է նաև ապացուցվածության խնդիր, այսինքն՝ բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալներ Ն.Կարապետյանի և Տ.Ասլանյանի մեղավորությունը հաստատելու համար անհրաժեշտ վերաբերելի, թույլատրելի և միաժամանակ արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությունը, և որն իրավաչափորեն արձանագրվել է Առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճռով, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պնդումն անհիմն է, քանի որ ստորադաս դատարանների կողմից պատշաճ և օբյեկտիվ գնահատման չեն արժանացել հետազոտված ապացույցները։ Այս առումով Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում առաջին բողոքաբերի այն փաստարկը, որ ստորադաս դատարանների վերոնշյալ եզրահանգումները կատարվել են մեղադրանքի հիմքում դրված ապացույցներն առանձին-առանձին գնահատելու արդյունքում, մինչդեռ դրանք անհրաժեշտ էր գնահատել համակցության մեջ: Միաժամանակ, ստորադաս դատարանները յուրաքանչյուր ապացույցի բավարարությունը գնահատելիս դրանք չեն համադրել մյուս ապացույցների հետ և կատարել եզրահանգում, որ դրանցից յուրաքանչյուրը բավարար չէ՝ ամբաստանյալների մեղավորությունն ապացուցելու համար:

36.1. Որպես այլ փաստաթուղթ ճանաչված՝ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերությունից ստացված, Երևանի Ալեք Մանուկյան 9 հասցեի դիմաց՝ փողոցը տեսանկարահանող տեսագրությունների լազերային սկավառակներով և տեսանյութը զննելու մասին արձանագրությամբ Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարումը հիմնավորված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները պատշաճ փաստարկված չեն: Ըստ այդմ հարկ է նկատել, որ ապացույց հանդիսացող տեսանյութն ունի ցուցմունքի նկատմամբ առավել բարձր ապացուցողական բնույթ։ Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների գնահատականին առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը Նարեկ Կարապետյանի մեկ հարվածից հետո մնացածն արձանագրել է որպես «անկանոն շարժումներ», ապա տեսագրության զննության արձանագրության մեջ նախաքննության մարմինն իսկապես օգտագործել է այդ ձևակերպումը, սակայն Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու մասին որոշման և մեղադրական եզրակացության բովանդակությունից ակնհայտ է, որ նրան մեղսագրվել է Վահե Պարազյանին մեկից ավելի հարվածներ հասցնելը, այլ ոչ թե «անկանոն շարժումներ» կատարելը: Իսկ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հանցակազմի օբյեկտիվ կողմը, քանի որ միջադեպի մասնակիցների տարիքը, առողջական վիճակը, ֆիզիկական տվյալները, Ն.Կարապետյանի կողմից տուժողի դեմքին հասցված մեկ հարվածի տեղակայումը, և՛ Ն.Կարապետյանի, և՛ Տ.Ասլանյանի ձեռքերի անկանոն շարժումների բնույթն իրենց համակցությամբ չեն կարող վկայել, որ հարվածները եղել են բազմակի ու պատճառված հարվածով, կամ ձեռքերի անկանոն շարժումներով տուժողին պատճառվել է ֆիզիկական ցավ: Վերաքննիչ դատարանն էլ համաձայնել է ստորադաս դատարանի հիշյալ հետևությունների հետ: Մինչդեռ դեպքի տեսագրության և տուժող Վ.Պարազյանի ցուցմունքի համադրմամբ ակնհայտ է, որ Ն.Կարապետյանն ու Տ.Ասլանյանը նպատակաուղղված գործողություններ են կատարում ձեռքերով՝ հարվածներ հասցնելով տուժողին։ Հարկ է նաև նկատել, որ Տիգրան Ասլանյանը նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներով հայտնել է, որ Ալեք Մանուկյան փողոցում Նարեկ Կարապետյանը միայն մեկ անգամ է հարվածել Վահե Պարազյանին, իսկ մնացած հարվածներն ինքն է պատճառել:

37. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալեք Մանուկյան փողոցում տեղի ունեցած դեպքի դրվագով Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն հիմնավոր չեն՝ գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցները չեն գնահատվել վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից՝ իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ։

37.1. Ինչ վերաբերում է «Սիզոնս» ռեստորանի դրվագով Նարեկ Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով վերագրված արարքին, ապա Վերաքննիչ դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցները համադրելիս և գնահատելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Այս դեպքում ևս գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցները չեն գնահատվել վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից՝ իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ։

37.2. Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում առաջին բողոքաբերի փաստարկն այն մասին, որ ստորադաս դատարանները մի շարք օբյեկտիվ ապացույցներ անհիմն կերպով բավարար չեն համարել, իսկ մեղադրանքը հիմնավորող ապացույցներն առանց փաստերի վկայակոչման ստորադասել են մնացած ապացույցների համեմատ, ընդ որում, մեղադրանքը հիմնավորող այնպիսի ապացույցներ, ինչպիսիք են տեսագրությունը, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, մարմնական վնասվածքներով Վ.Պարազյանի լուսանկարը, որպիսի պայմաններում խաթարվել է արդարադատության բուն էությունը:

38. Ինչ վերաբերում է երկրորդ բողոքաբերի փաստարկներին առ այն, որ տուժող Վ.Պարազյանի նկատմամբ հանցագործությունը կատարվել է 10.000.000 (տասը միլիոն) եվրո գումարի շորթման նպատակով, ուստի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման մեղադրանք սույն գործով առաջադրված չէ, իսկ դատարանը գործը քննում է մեղադրանքի սահմաններում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդված):  

39. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Նարեկ Կարապետյանին և Տիգրան Ասլանյանին արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն

40. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված՝ դատավարական իրավունքի խախտումներ, որոնք բողոքարկված դատական ակտերը բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք են:

Նոր քննության ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը պետք է սույն գործում առկա ապացույցների համակցությամբ որոշի ներկայացված մեղադրանքներում ամբաստանյալների մեղավորության կամ անմեղության հարցը՝ հանգելով համապատասխան հետևության։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի և տուժող Վահե Պարազյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Նարեկ Կարենի Կարապետյանին և Տիգրան Վլադիմիրի Ասլանյանին արդարացնելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 1-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 19-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:

2․ Ամբաստանյալ Տիգրան Վլադիմիրի Ասլանյանի վերաբերյալ «Սիզոնս» ռեստորանում տեղի ունեցած դրվագով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 19-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

__________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 11, թերթ 101:

2 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքները քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

3 Տե՛ս նյութեր, հատոր 11, թերթեր 44-60:

4 Տե՛ս նյութեր, հատոր 11, թերթեր 80-96:

5 Տե՛ս նյութեր, հատոր 16, թերթեր 138-153:

6 Տե՛ս նյութեր, հատոր 19, թերթեր 1-69:

7 Տե՛ս նյութեր, հատոր 19, թերթեր 70-114:

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արևիկ Սահակյանի և Ծովինար Սահակյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԴ/0176/01/11 որոշումը։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 և Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները։

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.3-րդ կետը։

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սիրակ Սաքանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 17-րդ կետը։

12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արկադի Պապյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 18-րդ կետը։

13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գևորգ Ճաղարյանի և այլոց գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 15-րդ, 19-րդ, 21-րդ և 24-րդ կետերը։

14 Տե՛ս սույն որոշման 2.1-րդ, 2.2-րդ, 12-րդ, 12.1-րդ կետերը։

15 Տե՛ս սույն որոշման 4-րդ, 13-րդ կետերը։

16 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ, 5.2-րդ, 5.3-րդ,14-րդ կետերը։

17 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 32-35, 105-107, 214-215, 216-223, հատոր 2, թերթեր 72-78, հատոր 4, թերթեր 16-17, 160-164, հատոր 9, թերթեր 130-133, 134-138, հատոր 16-րդ, թերթեր 133-135, դատական նիստի արձանագրության էլեկտրոնային կրիչները։

18 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 38-40, 135-140, 224-229, հատոր 4, թերթեր 200-203, հատոր 5, թերթեր 112-115, հատոր 16-րդ, թերթեր 133-135, դատական նիստի արձանագրության էլեկտրոնային կրիչները։

19 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 23-24, հատոր 11-րդ, թերթեր 62-63։

20 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 48-52, հատոր 11-րդ, թերթեր 98-99։

21 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 101։

22 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 262-263։

23 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 200-201։

24 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 232-235։

25 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 100-104։

26 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 134-137։

27 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 150-156։

28 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 41-45, 141-145։

29 Տե՛ս քրեական գործ, հատոր 16-րդ, թերթեր 133-135, դատական նիստի արձանագրության էլեկտրոնային կրիչները։

30 Տե՛ս քրեական գործ, հատոր 16-րդ, թերթեր 133-135, դատական նիստի արձանագրության էլեկտրոնային կրիչները։

31 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 209-213։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: