ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր՝ Դ. Բալայան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ն. Հովակիմյան |
ԵԴ1/0282/06/23 |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
11 հունիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արամ Հրաչիկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, 2023 թվականի մայիսի 19-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 10164323 քրեական վարույթը։
2023 թվականի մայիսի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է թիվ 10164723 քրեական վարույթը, որը նույն օրը միացվել է թիվ 10164323 վարույթին։
2023 թվականի հունիսի 8-ին Արամ Հրաչիկի Սարգսյանը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել է։
Նույն օրը որոշում է կայացվել Ա.Սարգսյանին ձերբակալելու մասին։
2023 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ.Գրիգորյանի որոշմամբ Ա.Սարգսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 11-ի որոշմամբ Ա.Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է՝ անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ անմիջականորեն ծագած չլինելու հիմքով:
Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի հունիսի 13-ի որոշմամբ Ա.Սարգսյանը ձերբակալվել է:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարանի)՝ 2023 թվականի հունիսի 13-ի որոշմամբ Ա.Սարգսյանի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:
3. Դատախազ Ռ.Գրիգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ հատուկ վերանայման բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունիսի 13-ի որոշումը:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը, մատնանշելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, քրեադատավարական իրավանորմեր, նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա՝ հանգեցնելով վարույթի պատշաճ ընթացքն ապահովելու համար միակ խափանման միջոցի՝ կալանքի չկիրառման:
Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարան միջնորդությանը կից ներկայացված ապացույցներն ուղղակիորեն վկայել են ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարքում մեղադրյալ Արամ Սարգսյանի առնչության մասին, սակայն դատարանը վերոնշյալը չի գնահատել ամբողջության մեջ, և հանգել է սխալ հետևության, որ մեղադրյալի առնչության վերաբերյալ միակ տեղեկությունը հանդիսանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժնի կողմից տրված գրությունը, մինչդեռ, ներկայացված միջնորդության հիմք հանդիսացող փաստական տվալները վկայում են հակառակի մասին:
Մասնավորապես, բողոքաբերը, վկայակոչելով մի շարք վկաների ցուցմունքները, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունը, վկա Արտակ Խանոյանի և Սարգիս Սարգսյանի՝ ձերբակալվածի դատավարական կարգավիճակում կատարված առերեսման արձանագրությունը, դեպքի վայր հանդիսացող տեղանքի սկզբնական զննում կատարելու մասին արձանագրությունը, «Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկանքը, առգրավում կատարելու մասին արձանագրությունը, Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 168-րդ հասցեից առգրավված տեսանկարահանող սարքի ձայնագրության պարունակությամբ լազերային սկավառակի զննության արձանագրությունը, Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 168/3-րդ հասցեից առգրավված տեսանկարահանող սարքի ձայնագրության պարունակությամբ լազերային սկավառակի զննության արձանագրությունը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ներկայացված զեկուցագիրը և վերոնշյալ բաժնից ստացված գրությունը, եկել է հետևության, որ վերոշարադրյալն իրենց համակցությամբ վկայում են խմբի կազմում Կորյուն Մխիթարյանին սպանելու միջոցով հաշվեհարդար տեսնելու դիտավորության և այն իրականացնելու նախապես պլանավորած և փոխլրացված գործողությունների մասին, որում ուղղակի իր դերակատարումն է ունեցել մեղադրյալ Արամ Սարգսյանը:
Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը որոշման պատճառաբանական մասում հանգել է հետևության, որ մեղադրյալի հիմնավոր կասկածի հիմքում դրված է բացառապես ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից տրված օպերատիվ գրությունը:
Բողոքաբերը, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի հետևությանը, որ Ա.Սարգսյանի կողմից խմբի անդամ հանդիսանալու և այդ խմբի անդամների միջև հստակ դերերի բաշխման վերաբերյալ տվյալները կարող են հաստատվել միայն մեղադրյալների կամ այլ անձանց ցուցմունքներով, նշել է, որ դա չի բխում ապացույցների գնահատման կանոններից և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի տրամաբանությունից։
Վերոգրյալի հաշվառմամբ, բողոքաբերը հանգել է հետևության, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդության հիմքում դրված ապացույցները հիմնավորում են «հիմնավոր կասկածը», որոնք հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ Ա.Սարգսյանը հնարավոր է, որ կատարած լիներ իրեն վերագրվող հանցանքը:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշումը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ, բավարարել դատախազի վերաքննիչ բողոքը՝ հաստատված համարելով մեղադրյալ Ա.Սարգսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ հիմնավոր կասկածի առկայությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արամ Հրաչիկի Սարգսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ «(...) [Ն]ա իր հորեղբոր որդի Սարգիս Սամվելի Սարգսյանի և Կորյուն Առաքելի Մխիթարյանի միջև նախկին տարաձայնությունների շուրջ տեղի ունեցած վիճաբանության պատճառով, Ս.Սարգսյանի, Գ.Դավթյանի և գործով չպարզված անձանց հետ խմբի կազմում Կորյուն Առաքելի Մխիթարյանին սպանելու միջոցով հաշվեհարդար տեսնելու դիտավորությամբ՝ փոխլրացված գործողություններով Կորյուն Առաքելի Մխիթարյանի կողմից վարվող «Վոլցվագեն Տուարեգ» մակնիշի 81 ZT 081 համարանիշի ավտոմեքենայի ընթացքը խափանելու և Սարգիս Սամվելի Սարգսյանի կողմից Կորյուն Առաքելի Մխիթարյանին սպանելու գործողություններն դյուրին իրագործելու համար, 2023 թվականի մայիսի 19-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաշինջաղյան-Պարսեղով փողոցների խաչմերուկում՝ իր կողմից վարվող «Տոյոտա Պլաց» մակնիշի 37 GP 386 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով հետնամասից արգելափակել է Կորյուն Առաքելի Մխիթարյանի կողմից վարվող հիշյալ ավտոմեքենայի հետընթացի հնարավորությունը, իսկ նույն պահին Սարգիս Սամվելի Սարգսյանը դուրս գալով հիշյալ ավտոմեքենայի դիմացի ընթացքը արգելափակած «Վազ 21 214» մակնիշի 88 UT 880 համարանիշի ավտոմեքենայից՝ իր հետ նախապես վերցված, 5.45 տրամաչափի փամփուշտներով կրակոցներ արձակելու համար նախատեսված հրազենով, դիմահար կրակոցներ է արձակել «Վոլցվագեն Տուարեգ» մակնիշի 81 ZT 081 համարանիշի ավտոմեքենայի ղեկին նստած Կորյուն Առաքելի Մխիթարյանի ուղղությամբ, պատճառելով՝ կրծքավանդակի ձախ կեսի, թիկնային մակերեսի և ձախ հետույքային շրջանի պատռած, ջնջխված, չթափանցող վերքերի ձևով մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի, սակայն իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրանց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Կորյուն Մխիթարյանը չի մահացել և ստացել է համապատասխան բուժօգնություն (…)»1:
8. Վկա Հրաչիկ Նորիկի Սարգսյանը ցուցմունքով հայտնել է, որ Արամ Սարգսյանը հանդիսանում է իր որդին, իսկ Սարգիս Սարգսյանն իր եղբոր որդին է։ Կորյուն Առաքելյան տվյալներով անձի չի ճանաչում և երբևէ նման տվյալներով անձի մասին չի լսել, չգիտի, թե ով է հրազենային վնասվածք հասցրել նշված անձին։ Մոտ 15-20 օր առաջ իր եղբորորդուն՝ Սարգիս Սարգսյանին մի քանի անձինք Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում ծեծի են ենթարկել, Սարգիսը Նորաշեն թաղամասում տնամերձ հողամաս ունի, թաղապետարանից մի քանի անձինք գնացել են և պահանջել, որ հողամասում տնկած ծառերը հանեն, վերջինս հրաժարվել է, ինչից հետո մի քանի հոգով նրան դաժանաբար ծեծի են ենթարկել, որի հետևանքով Սարգսի ոտքը կոտրվել է։ Սարգիս Սարգսյանն ունի սև գույնի կամ «BMW» կամ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, համարները չի հիշում, իսկ որդին ավտոմեքենա չունի, հիմնականում վարում է իր անվամբ հաշվառված «Toyota camry» 01 RR 044 հաշվառման համարանիշի և «Toyota platz» մակնիշի կապույտ երկնամոխրագույն մետալիկ գույնի 37 GP 386 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները։ Որդին առավոտյան, առանց զգուշացնելու, վերցրել է իր «Toyota platz» մակնիշի ավտոմեքենան ու գնացել տանից։ Արայիկ Գևորգյան տվյալներով անձի չի ճանաչում, իսկ Գևորգ Դավթյանը հանդիսանում է իր քրոջ որդին, վերջինս վարում է «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենա, որի համարանիշները չի հիշում2։
9. Վկա Արտակ Սամվելի Խանոյանը ցուցմունքով հայտնել է, որ ժամը 09:00-ի սահմաններում, երբ գտնվել է Երևան քաղաքի Բաշինջաղյան և Պարսեղով փողոցների հատման մասում, տեսել է, որ Պարսեղով փողոցով դեպի Բաշինջաղյան փողոցի կողմ է շարժվել բրոնզագույն «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա և հասել է խաչմերուկ: Նույն պահին Բաշինջաղյան փողոցով շարժվել է սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։ Վերջինս փակել է Պարսեղովի փողոցում գտնվող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը, թույլ չի տվել, որպեսզի այդ ավտոմեքենան մտնի Բաշինջաղյան փողոց։ Նույն պահին «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի մոտից մոտեցել են երկու այլ ավտոմեքենաներ, որոնք այդ ավտոմեքենայի ճանապարհը փակել են հետևից։ Այսինքն՝ «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է երկու կողմից։ «Ֆոլկսվագեն Տուարեգ» ավտոմեքենայի հետևի հատվածը փակած երկու ավտոմեքենաներից, յուրաքանչյուրից իջել են երկուական տղամարդ։ Նրանք բոլորով՝ 4 հոգով, մոտեցել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի աջ և ձախ կողային հատվածներին, սկսել են ձեռքերով և ոտքերով հարվածել ավտոմեքենայի ապակիներին։Նրանցից մեկի ձեռքին, ինչքան հիշում է, առկա էր երկաթյա ձող (արմատուրա), որով նա նույնպես հարվածում էր ավտոմեքենայի կողային ապակիներին։ Մի քանի վայրկյան անց սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից իջել է մեկ տղամարդ, որի ձեռքին առկա է եղել սև գույնի ինքնաձիգին նմանվող առարկա, որը նա պահել է «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա և սկսել է կրակել։ Կրակոցների քանակը չի հիշում, սակայն, ընդհանուր լսվել է 3 կրակոցից ավել ձայն, մինչև 6-7 ձայն, այսինքն լսվել է 3-7 կրակոցի ձայն, կոնկրետ չի հիշում։ Միջադեպի մասնակիցներին չի ճանաչում, տեսել է միայն կրակոցներ արձակած անձի դեմքը, ում տեսնելու դեպքում կճանաչի3։
10. Անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրության համաձայն՝ Արտակ Խանոյանը մատնացույց է արել 3-րդ համարի ներքո գտնվող Սարգիս Սարգսյանի լուսանկարը և հայտարարել, որ 2023 թվականի մայիսի 19-ին նրան է տեսել Երևան քաղաքի Բաշինջաղյան և Պարսեղով փողոցների խաչմերուկում, «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակելիս4։
11. Վկա Արտակ Խանոյանի և Սարգիս Սարգսյանի՝ ձերբակալվածի դատավարական կարգավիճակում կատարված առերես հարցաքննության արձանագրության համաձայն՝ Արտակ Խանոյանը հայտնել է, որ ճանաչում է իր հետ առերես հարցաքննվող անձին, և 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, տեսել է, թե ինչպես է իր հետ առերեսվող անձը սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի աջ կողմի դռնից դուրս գալով կրակոցներ արձակում «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչից հետո անմիջապես գնալով աշխատանքի վայր, կատարվածի մասին զեկուցել է իր վերադասին5։
12. Առգրավում կատարելու մասին արձանագրության համաձայն՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից առգրավվել են թվով 4 հատ մետաղական գնդակներին նմանվող դեֆորմացված արնանման հետքերով առարկաներ։ «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Գևորգ Սիմոնյանը հայտարարել է, որ երկու մետաղական գնդակները հանվել են Կորյուն Մխիթարյանի կրծքվանդակի շրջանից, իսկ երկու գնդակները հանվել են վերջինիս հետույքային շրջանից6։
13. Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 168-րդ հասցեից առգրավված տեսանկարահանող սարքի ձայնագրության պարունակությամբ լազերային սկավառակի զննության արձանագրության համաձայն՝ «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 81 ZT 081 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի երթևեկելուց հետո՝ ժամը 08։30։46-ին, նրա հետևից, գրեթե զուգահեռ՝ կողք-կողքի ընթանում են՝ աջից «Տոյոտա Պլաց» մակնիշի 37 GP 386 հաշվառման համարանիշի, իսկ ձախից՝ «Տոյոտա Կորոլա» մակնիշի 36 RS 706 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, կանգնում են ճանապարհի վրա՝ փակելով փողոցը՝ այն դարձնելով անանցանելի այլ տրանսպորտային միջոցների համար։ «Տոյոտա Կորոլա» մակնիշի 36 RS 706 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի դիմացի երկու դռները միաժամանակ բացվում են, սկզբում վարորդի կողմից իջնում է մեկ տղամարդ (թիվ 1 տղամարդ), ով աջ ձեռքին բռնած մետաղյա ձողին նմանվող առարկան, վազում է դեպի «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի կողմը։ Նույն ավտոմեքենայի դիմացի ձախ դռնից իջնում է մեկ անձ (թիվ 2 տղամարդ), ով վազում է «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
Թիվ 2 տղամարդու վազելուն զուգահեռ բացվում է «Տոյոտա Պլաց» մակնիշի 37 GP 386 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի դիմացի աջ դուռը և իջնում է մեկ արական սեռի անձ (թիվ 3 տղամարդ), ով վազում է «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
Ժամը 08։31։14-ին, «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի երթևեկած ճանապարհի կողմից, տեսանկարահանող սարքի օբյեկտիվի դիմացով դեպի Պարսեղով փողոցի կողմը արագ վազում է մեկ տղամարդ՝ «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան կողմով, և հասնելով ավտոմեքենայի մոտ, աջ ձեռքը ձախ կողմով տանում է դեպի հետ և վազելու ընթացքում գործողություն կատարում, այնուհետև ձեռքը ուղղում և շարունակում վազել՝ դուրս գալով տեսանկարահանող սարքի օբյեկտիվից։ Աջ ձեռքը ձախ կողմով դեպի հետ տանելու ընթացքում աջ ձեռքին տեսանելի է հրազենին նմանվող առարկա։
Նշված անձի հետևից վազում է թիվ 1 տղամարդը, ում ձեռքին շարունակում է առկա լինել մետաղյա լինգին նմանվող առարկան, սակայն հասնելով «Տոյոտա Պլաց» մակնիշի 37 GP 386 հաշվառման համարանիշի և «Տոյոտա Կորոլա» մակնիշի 36 RS 706 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մոտ՝ կանգնում է։ «Տոյոտա Պլաց» մակնիշի ավտոմեքենային աջ կողմից հասնում և մեքենայի մոտ կանգնում է մեկ անձ (թիվ 4 տղամարդ)։ Նշված անձը, երբ վազելով մոտենում և կայանում է ավտոմեքենայի մոտ, ձեռքը պարզում է դեպի Պարսեղով փողոցի կողմը՝ վազող տղամարդու հետևից, և տեսանելի է, որ նրա աջ ձեռքին առկա է հրազենին նմանվող առարկա։
Նույն պահին նրանց է մոտենում թիվ 3 տղամարդը, որից հետո թիվ 1, 2 և 3 տղամարդիկ նստում են ավտոմեքենաները՝ յուրաքանչյուրը նույն դռնից, որտեղից իջել է, իսկ թիվ 4 տղամարդու գործողությունները այլևս դուրս են մնում տեսանկարահանող սարքի օբյեկտիվից7։
14. Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 168/3-րդ հասցեից առգրավված տեսանկարահանող սարքի ձայնագրության պարունակությամբ լազերային սկավառակի զննության արձանագրության համաձայն՝ 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 08:35-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցում, սպիտակ գույնի «Վազ» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան փակում է «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 81 ZT 081 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի դիմացը: Նույն պահին «Վազ» մակնիշի ավտոմեքենայի ձախ դուռը բացվում է, վարորդի նստատեղից իջնում է մեկ տղամարդ, ով «Վազ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասով մոտենում է «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, փորձում է վարորդի դուռը բացել, սակայն չի կարողանում՝ հավանաբար ներսից փակ լինելու պատճառով։
Նույն պահին Բաշինջաղյան փողոցի ներքևի հատվածից՝ խաչմերուկի մոտ առկա պարսպի կողքով քայլելով «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենային է մոտենում մեկ անձ, ում մոտենալուց հետո, մեկ անձ արագ քայլերով մոտենում է «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենային։
Նույն պահին «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի աջ և ձախ կողմերից մոտենում են անձինք ու սկսում են հիմնականում «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմից հարվածներ հասցնել ավտոմեքենային։ Նույն պահին «Վազ» մակնիշի ավտոմեքենայի աջ դուռը, որը «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի կողմն է՝ բացվում է, բացված դռան մոտից ծուխ է դուրս գալիս՝ մոտ չորս ծխի ալիք (ամենայն հավանականությամբ բացված դռան մոտ գտնվող անձը կրակում է), սակայն տեսանելի չէ բացված դռան մոտ որևէ անձ կամ առարկա՝ տեսանկարահանող սարքի օբյեկտիվը փակող սյան պատճառով։
«Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան փորձում է առաջ ընթանալ, սակայն չի կարողանում։ Նույն պահին մի քանի անձինք՝ չորս և հնարավոր է ավելի, հարվածներ են հասցնում ավտոմեքենային՝ ոտքով դիմացի աջ պատուհանին, բեռնախցիկին և տարբեր հատվածներում8։
15. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) Դատարանի գնահատմամբ միջնորդության մեջ թվարկված այդ ապացույցները և փաստական տվյալները չեն կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու, որ Արամ Սարգսյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքին:
Նշվածն արձանագրելիս դատարանը հաշվի է առնում այն իրողությունը, որ վարույթն իրականացնող մարմինը Ա.Սարգսյանի կողմից խմբի կազմում սպանության փորձ կատարելու մասնակցության հիմքում, ըստ էության, վկայակոչել է բացառապես ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնից ստացված 19.05.2023 թվականի օպերատիվ գրությունը, որն իր բովանդակությամբ, գրեթե համընկնում է Արամ Սարգսյանին ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրին (...)։
(...)
Դատարանը փաստում է, որ քննիչը չի ներկայացրել որևէ փաստական տվյալ, որով հնարավոր կլիներ հիմնավորել օպերատիվ գրության մեջ արտացոլված տեղեկությունները: Ավելին՝ Արամ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման որոշման բովանդակությունից էլ պարզ չի դառնում, թե խմբի կազմում սպանության փորձ կատարելը ինչ փաստական տվյալների վրա է հիմնված: Դատարանը արձանագրում է, որ վարույթն իրականացնող քննիչը չի ներկայացրել գեթ մեկ փաստական տվյալ, տեղեկություն կամ ապացույց առ այն, որ մեղադրանքի փաստական նկարագրում առկա Արամ Սարգսյանի ենթադրյալ միակ գործողությունը՝ Կորյուն Մխիթարյանի ավտոմեքենայի հետնամասը արգելափակելը, նպատակ է հետապնդել փոխլրացնել Սարգիս Սարգսյանի գործողությունը, որպեսզի վերջինս դյուրին կերպով իրագործի իր ենթադրյալ հանցավոր մտադրությունը՝ սպանելու միջոցով հաշվեհարդար տեսնել Կորյուն Մխիթարյանից: Ներկայացված նյութերի համաձայն չի հիմնավորվում, որ Արամ Սարգսյանը հանդիսացել է խմբի անդամ և այդ խմբի անդամների մեջ եղել է հստակ դերերի բաշխում իրենց ցանկալի նպատակին հասնելու համար: Դատարանի համոզմամբ նման տվյալներ կարող էին տրամադրել միայն այդ խմբի անդամները, կամ նրանց օժանդակող անձինք: Մինչդեռ, մեղադրյալ ներգրավված անձանցից որևէ մեկը նման բովանդակությամբ տեղեկատվություն չի տրամադրել ու չի ներկայացվել տեղեկություն այլ անձանց կողմից այդպիսի բովանդակությամբ ցուցմունքներ տալու վերաբերյալ:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ոստիկանության կողմից տրված վերոգրյալ գրության բովանդակությունը վերաբերվում է գրության մեջ նշված բոլոր անձանց: Մասնավորապես, անձանց անունները թվարկելուց հետո նշվում է, որ «Վերջիններս դուրս գալով ա/մ-ներից իրենց մոտ գտնվող մահակներով վնասել են «Ֆոլցվագեն Տուարեգ» մակնիշի ա/մ-,», իսկ միջնորդության կից ներկայացված նյութերում առկա է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, որով գրության մեջ նշված, և ըստ գրության տվյալ գործողությունները կատարած անձ Արայիկ Աշոտի Գևորգյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նման պայմաններում, խնդրահարույց է վարույթն իրականացնող մարմնի գործողությունը, որ սույն վարույթով, վկայակոչված գրության հիմքով, Արայիկ Գևորգյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, սակայն առանց որևէ այլ հիմնավորող փաստական տվյալի առկայության Արամ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված նյութերը չեն կարող բավարար համարվել արձանագրելու համար, որ առկա է հիմնավոր կասկածը Արամ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ներկայացված մեղադրանքում: Հետևաբար, դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմպերատիվ պահանջի պայմաններում քննիչի միջնորդությունը մերժելուց բացի այլ որոշում կայացվել չի կարող։ Նման պայմաններում դատարանը փաստում է, որ Արամ Սարգսյանի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունն արձանագրելը, բացառում է կալանքի կիրառման անհրաժեշտության (հիմքեր) վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի դատողություններին անդրադառնալու անհրաժեշտությունը:
Ամփոփելով վերոնշյալ դատողությունները` դատարանը հանգում է այն հետևության, որ մեղադրյալ Արամ Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը անհիմն է ու ենթակա է մերժման (…)»9:
16. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է. Դատարանը նշելով, որ վարույթում առկա փաստական տվյալներով չի հիմնավորվել Ա.Սարգսյանի՝ իրեն մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված ենթադրորեն արարք կատարելու առնչությունը, եկել է վարույթի օբյեկտիվ տվյալներից բխող հիմնավոր հետևության, որի հետ չհամաձայնվելու օբյեկտիվ հիմքեր չկան:
Դատարանն ուսումնասիրելով վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդությանը կից դատարան ներկայացրած նյութերը, բովանդակային վերլուծության ենթարկելով դրանք, եկել է հիմնավոր հետևության այն մասին, որ դրանք բավարար չեն մեղադրյալ Արամ Սարգսյանի՝ իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքին առչնություն ունենալու (հիմնավոր կասկածի) նվազագույն շեմը հաղթահարված համարելու համար: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Դատարանի եզրահանգումը հիմնավոր է, բխում է միջնորդությանը կից դատարան ներկայացված նյութերից, Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքից:
Ճիշտ է, հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է) : Տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը դատարան չի ներկայացրել այնպիսի փաստական տվյալներ, որոնք թույլ կտան ողջամիտ եզրահանգում կատարել հիմնավոր կասկածի առկայության մասին:
Դատախազի պնդումները հակառակի մասին չեն բխում վարույթի նյութերից:
Դատարանը փաստելով, որ սույն վարույթով առկա չէ՝ մեղադրյալի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածը, եկել է իրավաչափ հետևության, որ դա արդեն իսկ բավարար հիմք է քննիչի միջնորդությունը մերժելու համար՝ առանց անդրադառնալու կալանավորման հիմքերին:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Արամ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին Քննիչի միջնորդությունը մերժելով, Դատարանը դատական սխալ թույլ չի տվել: Հետևաբար, Դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ, իսկ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ.Գրիգորյանի հատուկ վերանայման բողոքը՝ մերժել (…)»10:
17. 2024 թվականի մարտի 12-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ստացվել թիվ ԵԴ1/0468/01/24 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արամ Սարգսյանի, Արայիկ Գևորգյանի և Խաչիկ Խաչատրյանի. նախնական դատալսումների ընթացքում, 2024 թվականի մարտի 28-ի որոշմամբ, անփոփոխ է թողնվել Ա.Սարգսյանի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը11։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Ա.Սարգսյանի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։
19. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը»։
19.1. Կալանավորման պայմաններից մեկի՝ «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլի, հետևյալ դիրքորոշումը. «hիմնավոր կասկածը» եզրույթը ենթադրում է փաստերի կամ տեղեկությունների առկայություն, որոնք հնարավորություն կտան անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը: Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ` քրեական գործի քննության փուլում12:
19.2. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի13, Հարություն Խաչատրյանի14 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ15։
Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից16, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը17։
20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Արամ Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն ենթադրյալ արարքի համար, որ նա իր հորեղբոր որդի Սարգիս Սամվելի Սարգսյանի և Կորյուն Առաքելի Մխիթարյանի միջև նախկին տարաձայնությունների շուրջ տեղի ունեցած վիճաբանության պատճառով, Ս.Սարգսյանի, Գ.Դավթյանի և գործով չպարզված անձանց հետ խմբի կազմում Կ.Մխիթարյանին սպանելու միջոցով հաշվեհարդար տեսնելու դիտավորությամբ՝ փոխլրացված գործողություններով Կ.Մխիթարյանի կողմից վարվող «Վոլցվագեն Տուարեգ» մակնիշի 81 ZT 081 համարանիշի ավտոմեքենայի ընթացքը խափանելու և Ս.Սարգսյանի կողմից Կ.Մխիթարյանին սպանելու գործողություններն դյուրին իրագործելու համար, 2023 թվականի մայիսի 19-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաշինջաղյան-Պարսեղով փողոցների խաչմերուկում՝ իր կողմից վարվող «Տոյոտա Պլաց» մակնիշի 37 GP 386 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով հետնամասից արգելափակել է Կ.Մխիթարյանի կողմից վարվող հիշյալ ավտոմեքենայի հետընթացի հնարավորությունը, իսկ նույն պահին Ս.Սարգսյանը դուրս գալով հիշյալ ավտոմեքենայի դիմացի ընթացքը արգելափակած «Վազ 21 214» մակնիշի 88 UT 880 համարանիշի ավտոմեքենայից՝ իր հետ նախապես վերցված, 5.45 տրամաչափի փամփուշտներով կրակոցներ արձակելու համար նախատեսված հրազենով, դիմահար կրակոցներ է արձակել «Վոլցվագեն Տուարեգ» մակնիշի 81 ZT 081 համարանիշի ավտոմեքենայի ղեկին նստած Կ.Մխիթարյանի ուղղությամբ, պատճառելով՝ կրծքավանդակի ձախ կեսի, թիկնային մակերեսի և ձախ հետույքային շրջանի պատռած, ջնջխված, չթափանցող վերքերի ձևով մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի, սակայն իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրանց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Կ.Մխիթարյանը չի մահացել և ստացել է համապատասխան բուժօգնություն18:
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինն Ա.Սարգսյանի կողմից խմբի կազմում սպանության փորձ կատարելու մասնակցության հիմքում, ըստ էության, վկայակոչել է բացառապես ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնից ստացված 2023 թվականի մայիսի 19-ի օպերատիվ գրությունը, որն իր բովանդակությամբ, գրեթե համընկնում է Ա.Սարգսյանին ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրին և չի ներկայացրել որևէ փաստական տվյալ, որով հնարավոր կլիներ հիմնավորել օպերատիվ գրության մեջ արտացոլված տեղեկությունները։Առաջին ատյանի դատարանը եկել է հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված նյութերը բավարար չեն արձանագրելու, որ առկա է հիմնավոր կասկածն Ա.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ներկայացված մեղադրանքում: Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ Ա.Սարգսյանի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը բացառում է կալանքի կիրառման անհրաժեշտության (հիմքերի) վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի դատողություններին անդրադառնալու անհրաժեշտությունը: Ամփոփելով վերոնշյալ դատողությունները` Առաջին ատյանի դատարանը հանգել է հետևության, որ մեղադրյալ Ա.Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունն անհիմն է և այն մերժել է19:
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, իր հերթին փաստել է, որ իրավաչափ են Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ վարույթում առկա փաստական տվյալներով չի հիմնավորվել Ա.Սարգսյանի առնչությունն իրեն վերագրվող արարքին20։ 21. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 19-19.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ Ա.Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, պատշաճ գնահատման չեն ենթարկել քննիչի կողմից միջնորդության մեջ մատնանշված փաստական տվյալները։ Մասնավորապես, քննիչը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնից ստացված 2023 թվականի մայիսի 19-ի օպերատիվ գրությամբ ոչ թե հիմնավորել է մեղադրյալ Ա.Սարգսյանի առնչությունն իրեն վերագրվող հանրորեն վտանգավոր արարքին, այլև այն վկայակոչել է գործի դատավարական նախապատմության մեջ, իսկ հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորել է, ի թիվս այլի՝ վկաներ Հրաչիկ Սարգսյանի, Արտակ Խանոյանի ցուցմունքներով, վկա Ա.Խանոյանի և Սարգիս Սարգսյանի՝ ձերբակալվածի դատավարական կարգավիճակում կատարված առերես հարցաքննությամբ, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությամբ, առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 168-րդ և 168/3-րդ հասցեներից առգրավված տեսանկարահանող սարքերի ձայնագրության պարունակությամբ լազերային սկավառակների զննության արձանագրություններով։Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված նյութերում առկա են փաստական տվյալներ առ այն, որ դեպքից 2-3 շաբաթ առաջ Արամ Սարգսյանի հորեղբոր որդու՝ Սարգիս Սարգսյանի և Կորյուն Մխիթարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ընթացքում վերջինը մարմնական վնասվածք է ստացել21։ Դեպքի օրը Կորյուն Մխիթարյանի վարած «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Պարսեղով և Բաշինջաղյան փողոցների հատման վայրում արգելափակել են՝ դիմացից «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, իսկ հետևից՝ «Տոյոտա Պլաց» և «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենաները, փակելով փողոցը և այն դարձնելով անանցանելի այլ տրանսպորտային միջոցների համար։ «Նիվա» մակնիշի մեքենայից իջել է Սարգիս Սարգսյանը, ով ինքնաձիգին նմանվող առարկայից շուրջ 3-7 կրակոց է արձակել «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենայի ուղղությամբ, իսկ «Տոյոտա Պլաց» և «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենաներից իջած անձինք «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան վնասելուն ուղղված գործողություններ են կատարել22։ Կրակված երկու մետաղական գնդակները հետագայում հանվել են Կորյուն Մխիթարյանի կրծքվանդակի շրջանից, իսկ երկու գնդակները՝ վերջինիս հետույքային շրջանից23։ Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դեպքի օրն Արամ Սարգսյանը, առավոտյան, առանց հորը զգուշացնելու, վերցրել և վարել է նրան պատկանող «Տոյոտա Պլաց» մակնիշի ավտոմեքենան24։
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի25: Որպես բացառություն են կազմում այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումը ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին), իսկ արարքի փաստական կողմը առերևույթ վկայում է արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին26։Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անձին մեղսագրված արարքի իրավական գնահատականի հետագա փոփոխությունը, անգամ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը՝ իրեն մեղսագրված արարքը կատարած չլինելու հիմքով, կամ արդարացման դատավճռի կայացումը, ինքնին հիմք չեն փաստելու, որ անձին մեղսագրված արարքը կատարելու հիմնավոր կասկածն ի սկզբանե անհիմն է եղել։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում Ա.Սարգսյանին վերագրված արարքն առերևույթ համապատասխանում է վերջինիս վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին։ Այլ կերպ՝ տվյալ դեպքում առկա չէ ակնհայտ անհամապատասխանություն՝ Ա.Սարգսյանի արարքին տրված իրավական որակման և արարքի փաստական նկարագրության միջև։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր կասկածի հարցը ստուգելիս Առաջին ատյանի դատարանն անմիջականորեն փաստել է Ա.Սարգսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցակազմի բացակայությունը՝ դրանով իսկ իրավական գնահատական տալով նրա մեղքի հարցին, որի իրավասությունը չուներ:
22. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննիչի կողմից միջնորդության մեջ մատնանշված փաստական տվյալների համակցությունը դատավարության տվյալ փուլում ողջամտորեն բավարար էր գալու այն եզրահանգման, որ մեղադրյալ Արամ Սարգսյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքին: Այլ կերպ՝ սույն գործով առկա են բավարար հիմքեր՝ եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ Ա.Սարգսյանը մեղադրվում է:
23. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Ա.Սարգսյանի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չեն։
24. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, և Ա.Սարգսյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է որոշում27, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը եղել է ժամանակավոր և կորցրել է իրավական նշանակությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Արամ Հրաչիկի Սարգսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 13-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________
1 Տե՛ս, թիվ 10164323 քրեական վարույթով Արամ Հրաչիկի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը հիմնավորող փաստաթղթեր, թերթեր 140-145։
2 Տե՛ս, թիվ 10164323 քրեական վարույթով Արամ Հրաչիկի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը հիմնավորող փաստաթղթեր, թերթեր 23-32։
3 Տե՛ս, թիվ 10164323 քրեական վարույթով Արամ Հրաչիկի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը հիմնավորող փաստաթղթեր, թերթեր 45-50։
4 Տե՛ս, թիվ 10164323 քրեական վարույթով Արամ Հրաչիկի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը հիմնավորող փաստաթղթեր, թերթեր 60-66։
5 Տե՛ս, թիվ 10164323 քրեական վարույթով Արամ Հրաչիկի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը հիմնավորող փաստաթղթեր, թերթեր 87-91։
6 Տե՛ս, թիվ 10164323 քրեական վարույթով Արամ Հրաչիկի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը հիմնավորող փաստաթղթեր, թերթեր 19-22:
7 Տե՛ս, թիվ 10164323 քրեական վարույթով Արամ Հրաչիկի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը հիմնավորող փաստաթղթեր, թերթեր 155-169։
8 Տե՛ս, թիվ 10164323 քրեական վարույթով Արամ Հրաչիկի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը հիմնավորող փաստաթղթեր, թերթեր 155-169։
9 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 44-52:
10 Տե՛ս, նյութեր, հատոր 2, թերթեր 56-69:
11 Տե՛ս, www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ1/0468/01/24 քրեական գործը:
12 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ K. F. v. Germany գործով 1997 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 144/1996/765/962, կետ 57։
13 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։
14 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:
15 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
16 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
17 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով վերը նշված որոշումը, կետ 15:18 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը:
19 Տե՛ս, սույն որոշման 15-րդ կետը։
20 Տե՛ս, սույն որոշման 16-րդ կետը:
21 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը։
22 Տե՛ս, սույն որոշման 9-11-րդ, 13-րդ, 14-րդ կետերը։
23 Տե՛ս, սույն որոշման 12-րդ կետը։
24 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը։
25 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը։
26 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը:
27 Տե՛ս, սույն որոշման 17-րդ կետը։
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|