ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ1/0185/01/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.06.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Ռ. Առաքելյան

ՍԴ1/0185/01/23

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

 Ս. Համբարձումյան  

դատավորներ՝

 Լ. Հովհաննիսյան

 
 Կ. Հովհաննիսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

20 հունիսի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Մուշեղ Մակեդոնի Նավասարդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 58238423 քրեական վարույթը, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

2023 թվականի սեպտեմբերի 6-ին Մուշեղ Մակեդոնի Նավասարդյանը ձերբակալվել է։

2023 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ Մ.Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

2023 թվականի սեպտեմբերի 9-ին Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է։

2023 թվականի դեկտեմբերի 20-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

Նույն վարույթով մեղադրանքներ են ներկայացվել նաև Արամ Մալինցյանին, Մասիս Պետունցին և Ծաղիկ Պետունցին։

2. 2023 թվականի դեկտեմբերի 22-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի դատավճռով մեղադրյալ Մուշեղ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ։

ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով Մ.Նավասարդյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել կարճաժամկետ ազատազրկում՝ 2 (երկու) ամիս ժամկետով և ՀՀ քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված կարգով նշանակված՝ 2 (երկու) ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկումը համապատասխանեցվել է 2 (երկու) ամիս ժամկետով ազատազրկմանը։

ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով Մ.Նավասարդյանի նկատմամբ պատիժ է նշանակվել կարճաժամկետ ազատազրկում՝ 2 (երկու) ամիս ժամկետով և ՀՀ քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված կարգով նշանակված 2 (երկու) ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկումը համապատասխանեցվել է 2 (երկու) ամիս ժամկետով ազատազրկմանը։

ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կանոններով, հանցագործությունների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 1 (մեկ) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից՝ 1 (մեկ) ամիս 3 (երեք) օր ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) ամիս 3 (երեք) օր ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է նրա փաստացի անազատության մեջ գտնվելու 5 (հինգ) ամիս 3 (երեք) օր (2023 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2024 թվականի փետրվարի 9-ը) ժամկետը և նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում։

Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխվել է, և կիրառվել է բացակայելու արգելքը։

Նույն գործով դատապարտվել են նաև Արամ Մալինցյանը, Մասիս Պետունցը և Ծաղիկ Պետունցը։

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի ապրիլի 17-ին որոշմամբ հանրային մեղադրող Գ.Մինասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։

Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ մեղադրյալ Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից ակնհայտ մեղմ պատիժ նշանակելու, ապա Վերաքննիչ դատարանի կողմից տվյալ դատավճիռն անփոփոխ թողնելու արդյունքում թույլ է տրվել օրինականության, արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքների, ինչպես նաև պատժի նպատակների և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում։

Բողոք բերած անձը նշել է, որ Մուշեղ Նավասարդյանի անձի հանրային մեծ վտանգավորության մասին են վկայում այն հանգամանքները, որ վերջինս, հանդիսանալով մարտական գործողությունների մասնակից, դրանց ժամանակ ձեռք բերված, իր կողմից ապօրինի փոխադրված և իր բնակության վայրում ապօրինի պահված փամփուշտներից ապօրինի պատրաստել է պայթեցման սարքեր, նետողական պայթուցիկ նյութեր, այդ թվում՝ ապօրինի կերպով ձևափոխել է ռազմամթերք հանդիսացող նռնակներ, ավելին, չբավարարվելով ձեռք բերված ռազմամթերքը տևական ժամանակ իր բնակության վայրում պահելով և ձևափոխելով, այլ միջոցներ է ձեռնարկել՝ գնելու եղանակով նոր հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ բողոքաբերը, անդրադառնալով մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանքներին, ընդգծել է, որ մեղադրյալի դրական բնութագրվելը, առաջին անգամ հանցանք կատարելը, մշտական բնակության վայր և ընտանիք ունենալը, հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը, զղջալը, տվյալ գործով չեն կարող դիտվել որպես մեղմացնող հանգամանքներ և ողջամտության սահմաններում չեն կարող համարվել նրա կամ կատարած արարքի հանրային վտանգավորությունը նվազեցնող։

Ըստ բողոքաբերի՝ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել մեղադրյալին մեղսագրված արարքի՝ հանրության համար վտանգավորության բնույթի ու աստիճանի վրա էապես ազդող մի շարք հանգամանքներ, ինչի հետևանքով մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատժաչափ։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 17-ի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 336-րդ հոդվածի 1-ին մասով՝ հետևյալ արարքների համար«(…) [Ն]ա, 2020 թվականի սեպտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում «Կարմիր բերետներ» ջոկատի կազմում մասնակցելով Արցախի Հանրապետությունում սանձազերծված մարտական գործողություններին, ստացել է ռազմամթերք հանդիսացող չպարզված քանակության փամփուշտներ և «M-75» տեսակի 1 նռնակ, բացի այդ, նույն ժամանակահատվածում մարտի դաշտից ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող, «ՎՈԳ 17 Մ» տեսակի մարտական, խոցող լիցքով և փշրտող գործողության, հեքսոգեն պայթուցիկ նյութ պարունակող 2 նռնակի իրաններ, ինչպես նաև պայթեցման սարք հանդիսացող, նույն տեսակի նռնակի 2 պայթուցիչներ (գլխիկներ), որոնք մարտական գործողություններն ավարտվելուց հետո, համապատասխան զորամաս կամ իրավապահ մարմիններին հանձնելու փոխարեն, ապօրինի կերպով փոխադրել ու պահել է իր բնակության՝ Երևան քաղաքի Ավան համայնքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջան փողոցի թիվ 2/12 շենքի 2-րդ բնակարանում:

Բացի այդ, Մուշեղ Նավասարդյանը, գործով չպարզված ժամանակահատվածում իր բնակության վայրում ապօրինի պահած փամփուշտներից որոշներից դատարկելով վառոդը, դրանով ապօրինի կերպով պատրաստել է նետողական պայթուցիկ նյութ հանդիսացող, 5.23 գրամ զանգվածով անծուխ վառոդային 2 լիցք:

Բացի այդ, Մուշեղ Նավասարդյանը, ապօրինի կերպով ձևափոխել է ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության «ՎՈԳ 17 Մ» տեսակի վերոնշյալ 2 նռնակների իրանները, մասնավորապես՝ դրանց վրա ինքնաշեն եղանակով մոնտաժել է շարժման թռիչքի կայունացուցիչի դեր կատարող պոլիմերային ներարկիչների իրաններ և սեղմիչներ:

Ավելին, Մուշեղ Նավասարդյանն ապօրինի կերպով ձևափոխել է նաև պայթեցման սարք հանդիսացող, գործարանային արտադրության «ՎՈԳ 17 Մ» տեսակի նռնակի 2 պայթուցիչները (գլխիկներ), մասնավորապես՝ դրանց վրա կատարել է անցքեր, մոնտաժել պոլիմերային ներարկչի ծայրի կափարիչներ, դրանց մեջ տեղադրել պտուտակ պոլիմերային դյուբելով, իսկ կափարիչների վրա առկա լայնական անցքերում մտցրել է ոլորված և պոլիմերային պոչերով չեկաներ:

 Մուշեղ Նավասարդյանը ապօրինի կերպով պատրաստված և ձևափոխված իրերը, ինչպես ստացած 7.62մմ տրամաչափի 6, 5,45մմ տրամաչափի 57 փամփուշտները ու «M-75» տեսակի 1 նռնակը շարունակել է ապօրինի պահել իր բնակության վայրում: Նշված իրերը, բացի նռնակից, 2023թ. սեպտեմբերի 6-ին բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել են:

 2023 թվականի սեպտեմբերի 6-ին Մուշեղ Նավասարդյանն իր մտերիմ Աշոտ Ավրորայի Գևորգյանի վարած «SUBARU FORESTER 2.5» մակնիշի (…) հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, իրեն պատկանող ուսապարկում պահված վիճակում Գորիս քաղաք ապօրինի փոխադրել է վերոնշյալ «M 75» տեսակի 1 նռնակը, որը հայտնաբերվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին հիշյալ ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ:

 Բացի այդ, 2023 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Մուշեղ Նավասարդյանը Գորիս քաղաքի Արցախյան խճուղի թիվ 59 հասցեում գործող «Տաթև» հյուրանոցի դիմացի հատվածում, Արամ Մալինցյանին նախապես 230.000 ՀՀ դրամ վճարելով, նրանից գնել՝ ապօրինի ձեռք է բերել, հրազեն հանդիսացող «AKM» տեսակի «ЮM 922» գործարանային համարի 1 ինքնաձիգ, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող, 7,62մմ տրամաչափի 250 փամփուշտներ, «Ջ-1» տեսակի 1 նռնակ՝ իր պայթուցիչով, որոնք տեղավորել՝ ապօրինի պահել է Աշոտ Ավրորայի Գևորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի (…) հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որից անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից: Վերոշարադրյալ հրազենը և ռազմամթերքը հայտնաբերվել է 2023թ. սեպտեմբերի 7-ին հիշյալ ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ (...)»1:

8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Դատարանը, որպես (...) Մուշեղ Նավասարդյանի (...) պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում (...) Մուշեղ Նավասարդյանի խնամքի տակ երկու (...) անչափահաս երեխաների առկայությունը, Մուշեղ Նավասարդյանի խնամքի տակ նաև հաշմանդամություն ունեցող անձանց առկայությունը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես (...) Մուշեղ Նավասարդյանի (...) պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ (...) Մուշեղ Նավասարդյանը կամավորական հիմունքներով ներգրավվել է զորահավաքային միջոցառումներին, իրականացրել է մարտական ծառայություն և մասնակցել է մարտական գործողություններին (...), մեղադրյալ[ն] առաջին անգամ [է] հանցանք կատարել, իրեն լիովին մեղավոր [է] ճանաչել և տվել [է] խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել [է] կատարած արարքների համար։ Դատարանը արձանագրում է, որ մեղադրյալ (...) Մուշեղ Նավասարդյանի (...) պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն։

(...)

Անդրադառնալով մեղադրյալ Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով ազատության սահմանափակման ձևով պատիժ նշանակելուն, 336-րդ հոդվածի 1-ին մասով ազատության սահմանափակման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժ նշանակելուն, ապա Դատարանը գտնում է, որ այն բավարար չէ պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից։

Դատարանը գտնում է, որ Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով պետք է որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարճաժամկետ ազատազրկում՝ 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարճաժամկետ ազատազրկում՝ 2 (երկու) ամիս ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված կարգով նշանակված 2 (երկու) ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկումները պետք է համապատասխանաբար համապատասխանեցնել 2 (երկու) ամիս ժամկետով ազատազրկումներին։

Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կանոններով հանցագործությունների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 1 (մեկ) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 1 (մեկ) ամիս 3 (երեք) օր ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ պետք է նշանակել 5 (հինգ) ամիս 3 (երեք) օր ժամկետով։

Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ նշանակված պատժին պետք է հաշվակցել նրա փաստացի անազատության մեջ գտնվելու 5 (հինգ) ամիս 3 (երեք) օր (2023 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2024 թվականի փետրվարի 9-ը) ժամկետը և պետք է նրան ազատ արձակել դատական նիստերի դահլիճում (...)»2:

9. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) Սույն գործով Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, հաշվի առնելով վերջինիս կատարած հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը՝ մասնավորապես այն, որ նա առաջին անգամ է հանցանք կատարել, իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարած արարքների համար, կամավորական հիմունքներով ներգրավվել է զորահավաքային միջոցառումներին, իրականացրել է մարտական ծառայություն և մասնակցել է մարտական գործողություններին, որպես վերջինիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դիտելով մեղադրյալի խնամքին երկու անչափահաս երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում վերջինիս նկատմամբ նշանակել է տվյալ հանցագործությունների համար օրենքով նախատեսված կարճաժամկետ ազատազրկման և ազատազրկման ձևով համաչափ պատիժներ, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կանոններով հանցագործությունների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով՝ վերջնական համաչափ պատիժ, որի միջոցով հնարավոր է ապահովել պատժի նպատակների իրացվելիությունը։ Տվյալ դեպքում, նշանակված պատիժը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթներով սահմանված՝ արդարության և պատասխանատվության [անհատականացման] սկզբունքներից։

(...)

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պնդմանը, թե «դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել մեղադրյալին մեղսագրված արարքի՝ հանրության համար վտանգավորության բնույթի ու աստիճանի վրա էապես ազդող մի շարք հանգամանքներ, ինչի հետևանքով մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատժաչափ», ապա վերաքննիչ դատարանն արձանագում է, որ վերաքննիչ բողոքում բողոքաբերը չի բացահայտել, թե մեղադրյալին վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանը բնութագրող ո՞ր հանգամանքների, կամ հանցավորի անձը բնութագրող ո՞ր առանձնահատկությունների գնահատմամբ պետք է նրա նկատմամբ նշանակվեր վերջինիս վերագրվող հանցագործությունների համար նախատեսված՝ առավել խիստ պատժաչափեր։

Բացի այդ չի կարելի անտեսել նաև այն հանգամանքը, որ պատասխանատվության և պատժի անհատականացաման հիմք են ոչ միայն կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, այլև հանցավորի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, ֆիզիկական հատկությունների համակցությունը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, սեռը, դատվածությունը և այլն)։

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գործով հանրային մեղադրող, Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գ.Մինասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում հանգում է այն հետևության, որ բերված վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը պատժի մասով բեկանելու, մեղադրյալ Մուշեղ Մամիկոնի Նավասարդյանի նկատմամբ նշանակված պատիժը խստացնելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ դատարանը դատավճիռ կայացնելիս՝ թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ (...)»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի տեսանկյունից հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ։

11. ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը կամ քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը պետք է լինի արդարացի՝ ապահովելով ինչպես կիրառվող օրենսդրության, այնպես էլ պետական հակազդեցության համաչափությունը կատարված հանցանքին, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը(...)»:

 ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն՝ «(...) Պատժի նպատակներն են` վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները»:

 ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ «1Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործությամբ պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, հանցագործության շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով, ինչպես նաև նշանակվող պատժի` հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությամբ: (...)»:

12 Վճռաբեկ դատարանը նշանակված պատժի արդարության և համաչափության հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներով4։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշանակված պատժի արդարության և համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստում է, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ։ Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են։ Հետևաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի5, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա` ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից։

13ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»։

ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք պատրաստելը, դրանք ձևափոխելը կամ նորոգելը`

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով արարքի հանրային վտանգավորության աստիճանը որոշելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ի թիվս այլնի, պետք է գնահատման ենթարկել՝

- հանցագործության առարկաները ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու նպատակը և շարժառիթները,

- ձեռքբերման աղբյուրը, ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու միջոցները, հանգամանքները,

- առարկայի տեսակը, քանակը, հատկությունները։

Վկայակոչված հանգամանքներն այլ հանգամանքների հետ համակցությամբ ազդում են արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա և պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան յուրաքանչյուր գործով պատիժ նշանակելիս6։

 14Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 336-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքների համար, որ նա, մասնակցելով մարտական գործողություններին, ստացել է ռազմամթերք հանդիսացող չպարզված քանակության փամփուշտներ և «М-75» տեսակի մեկ նռնակ, բացի այդ, մարտի դաշտից ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող՝ «ՎՈԳ 17 Մ» տեսակի մարտական, խոցող լիցքով և փշրտող գործողության, հեքսոգեն պայթուցիկ նյութ պարունակող երկու նռնակի իրաններ, ինչպես նաև պայթեցման սարք հանդիսացող, նույն տեսակի նռնակի երկու պայթուցիչներ, որոնք մարտական գործողություններն ավարտվելուց հետո ապօրինի կերպով փոխադրել ու պահել է իր բնակարանում։

Բացի այդ, նա ապօրինի կերպով պատրաստել է նետողական պայթուցիկ նյութ հանդիսացող` 5.23 գրամ զանգվածով անծուխ վառոդային 2 լիցք, ապօրինի կերպով ձևափոխել է ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության «ՎՈԳ 17 Մ» տեսակի վերոնշյալ 2 նռնակների իրանները, պայթեցման սարք հանդիսացող, գործարանային արտադրության «ՎՈԳ 17 Մ» տեսակի նռնակի 2 պայթուցիչները (գլխիկներ):

 Ավելին, 2023 թվականի սեպտեմբերի 6-ին Մուշեղ Նավասարդյանը, Արամ Մալինցյանին նախապես 230.000 ՀՀ դրամ վճարելով, նրանից գնել՝ ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող՝ «AKM» տեսակի «ЮM 922» գործարանային համարի 1 ինքնաձիգ, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող՝ 7,62մմ տրամաչափի 250 փամփուշտներ, «Ջ-1» տեսակի մեկ նռնակ՝ իր պայթուցիչով, որոնք տեղավորել է Աշոտ Գևորգյանին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում7։

- Առաջին ատյանի դատարանը Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 336-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակելիս հաշվի է առել մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես՝ խնամքի տակ երկու երեխաների առկայությունը, կամավորական հիմունքներով զորահավաքային միջոցառումներին ներգրավվելը, մարտական ծառայություն իրականացնելը և մարտական գործողություններին մասնակցելը, ինչպես նաև այն, որ հանցանքը կատարվել է առաջին անգամ, իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարած արարքների համար՝ արձանագրելով, որ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն8։

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ՄՆավասարդյանի կատարած հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, վերջինիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նրա նկատմամբ նշանակել է համաչափ պատիժ, որի միջոցով հնարավոր է ապահովել պատժի նպատակների իրացվելիությունը9։

15 Վճռաբեկ դատարանը, համակողմանի գնահատման ենթարկելով նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները, սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, արձանագրում է, որ ստորադաս դատարանները Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ պատիժ նշանակելիս պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել կատարված հանցավոր արարքների բնույթի ու հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետևյալ հանգամանքները՝

ա) Մուշեղ Նավասարդյանին մեղսագրվում են հասարակական անվտանգության դեմ ուղղված մեկից ավելի հանցավոր արարքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագ, և ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով,

բ) ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով Մուշեղ Նավասարդյանին մեղսագրվում է հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող մեկից ավելի արարքների կատարում, այն է՝ մարտական գործողությունների ժամանակ ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և իր բնակության վայրում տևական ժամանակ՝ շուրջ 3 (երեք) տարի ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող չպարզված քանակությամբ փամփուշտներ և «M-75» տեսակի 1 նռնակ, «ՎՈԳ 17 Մ» տեսակի թվով 2 նռնակների իրաններ և նռնակի 2 պայթուցիչներ,

գ) Մուշեղ Նավասարդյանն իր կողմից ապօրինի ձեռք բերված, փոխադրված և ապօրինի պահած անհայտ քանակությամբ որոշ փամփուշտներից դատարկել է վառոդը և պատրաստել նետողական պայթուցիկ նյութ հանդիսացող վառոդային 2 լիցք, բացի այդ ձևափոխել է «ՎՈԳ 17 Մ» տեսակի թվով 2 նռնակների իրանները և նռնակի 2 պայթուցիչները,

դ) մեղադրյալը «M 75» տեսակի նռնակն իրեն պատկանող ուսապարկում պահված վիճակում իր մտերիմ Աշոտ Գևորգյանի վարած ավտոմեքենայով ապօրինի փոխադրել է Գորիս քաղաք,

ե) շարունակելով իր հանցավոր գործունեությունը՝ Մուշեղ Նավասարդյանը, 2023 թվականի սեպտեմբերի 6-ին Արամ Մալինցյանին նախապես վճարելով 230.000 ՀՀ դրամ, նրանից գնել է հրազեն հանդիսացող՝ «AKM» տեսակի «ЮM 922» գործարանային համարի 1 ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող՝ 7,62մմ տրամաչափի 250 փամփուշտներ և «Ջ-1» տեսակի 1 նռնակ՝ իր պայթուցիչով, որը ապօրինի կերպով փոխադրել և պահել է ավտոմեքենայի բեռնախցիկում։

16 Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս վարույթի փաստական հանգամանքները չեն դիտարկել համակցության մեջ և պատշաճ վերլուծության չեն ենթարկել կատարված արարքների հանրային բարձր վտանգավորության մասին վկայող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վերջինիս մեղսագրվող հանցավոր արարքների քանակը և բնույթը, հանցավոր գործունեության տևողությունն ու շարունակական բնույթը, հանցագործության եղանակն ու հանգամանքները, ինչպես նաև ձեռք բերված զենքի և ռազմամթերքի տեսակը, քանակն ու հատկությունները։

Այս առումով Վճռաբեկ դատարանի համար հատկապես հատկանշական է Մուշեղ Նավասարդյանի հանցավոր գործունեության տևական բնույթը և շարունակականությունը, այն է՝ ապօրինի կերպով ձեռք բերված և փոխադրված ռազմամթերքը վերջինս շուրջ երեք տարի պահել է իր բնակարանում, վերոնշյալ ռազմամթերքից որոշները ձևափոխել է՝ օգտագործելով հատուկ մարտական պատրաստվածության ընթացքում ձեռք բերված գիտելիքները, ինչպես նաև պատրաստել է նետողական պայթուցիկ նյութ, այնուհետև գնել է հրազեն և ռազմամթերք։ Վերոշարադրյալը վկայում է տևական ժամանակահատվածում հանցավոր գործունեությամբ զբաղվելու անձի դիտավորության մասին, ինչն էականորեն բարձրացնում է ոչ միայն կատարված արարքների, այլև հանցավորի անձի վտանգավորությունը։

Բացի այդ, դատարանները որևէ գնահատման չեն ենթարկել ապօրինի ձեռք բերված, փոխադրած և պահած զենքի և ռազմամթերքի տեսակը, քանակն ու հատկությունները։ Այսպես՝ Մուշեղ Նավասարդյանը մարտական գործողությունների ժամանակ ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և իր բնակության վայրում տևական ժամանակ պահել է, ի թիվս այլ ռազմամթերքի, նաև «M-75» տեսակի 1 նռնակ, հատուկ գիտելիքներ օգտագործելով պատրաստել է պայթուցիկ նյութեր, ձևափոխել է թվով 2 նռնակների իրանները և պայթուցիչները՝ բարձրացնելով դրանց օգտագործման արդյունավետությունը, այնուհետև գնել է 1 հատ հրազեն հանդիսացող ինքնաձիգ, 250 հատ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ և 1 հատ նռնակ՝ իր պայթուցիչով և դրանք պահել այլ անձի պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության տեսանկյունից գնահատման է արժանի նաև այն հանգամանքը, որ Մուշեղ Նավասարդյանն իրեն պատկանող ուսապարկում պահել է «M 75» տեսակի նռնակ և այն ավտոմեքենայով փոխադրել է Գորիս քաղաք, այնուհետև այնտեղից ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք, որոնք նույնպես ապօրինի կերպով պահել է ավտոմեքենայի բեռնախցիկում։

17. Ընդհանրացնելով սույն որոշման 15-16-րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, հաշվի չեն առել մեղադրյալին մեղսագրվող արարքների և հանցավորի անձի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող՝ վարույթում առկա փաստական տվյալների ամբողջությունը, որի արդյունքում վերջինիս նկատմամբ նշանակվել է անարդարացի` ակնհայտ մեղմ պատիժ։

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված՝ մեղադրյալ Մուշեղ Նավասարդյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքների և հանցավորի անձի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող վերը շարադրված փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել ՄՆավասարդյանի կատարած արարքի և նրա անձի հանրային վտանգավորությունը:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի տեսանկյունից Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ, հիմնավոր չէ։

18 Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ յուրաքանչյուր դրվագով 2 (երկու) ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում նշանակելով, այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված՝ հանցագործությունների համակցության կանոններով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ՝ 5 (հինգ) ամիս 3 (երեք) օր ժամկետով ազատազրկում նշանակելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ և 69-րդ հոդվածների խախտում, ուստի առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ դատական ակտի փոփոխման հիմքը, այն է՝ նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և մեղադրյալի անձին։ Հետևաբար, անհրաժեշտ է ստորադաս դատարանների դատական ակտերը Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխել։

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով Մուշեղ Նավասարդյանին մեղսագրվող հանցավոր արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև վերջինիս անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1-ին դրվագով, անհրաժեշտ է որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2-րդ դրվագով՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հանցագործությունների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժներից երեքական ամիս ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ Մուշեղ Նավասարդյանի նկատմամբ նշանակված վերջնական պատժին պետք է հաշվակցել նրա փաստացի անազատության մեջ գտնվելու 5 (հինգ) ամիս 3 (երեք) օրը, և թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 27 (քսանյոթ) օր ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։

Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով անհրաժեշտ է թողնել անփոփոխ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Մուշեղ Մակեդոնի Նավասարդյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 17-ի որոշումը փոփոխել։

2 Մուշեղ Մակեդոնի Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (1-ին դրվագ) պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (2-րդ դրվագ)՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հանցագործությունների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (2-րդ դրվագ) նշանակված պատժին՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (1-ին դրվագ) նշանակված պատժից՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ Մուշեղ Մակեդոնի Նավասարդյանի նկատմամբ նշանակված վերջնական պատժին հաշվակցել նրա փաստացի անազատության մեջ գտնվելու 5 (հինգ) ամիս 3 (երեք) օրը, և թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 27 (քսանյոթ) օր ժամկետով։

Պատժի կրման սկիզբը հաշվել Մուշեղ Մակեդոնի Նավասարդյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3 Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

______________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6-րդ, թերթեր 249-251:

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 8-րդ, թերթեր 112-124:

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 9-րդ, թերթեր 46-56:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշումները:

5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տեԲս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14 որոշման 22-րդ կետը։

7 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը։

8 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը։

9 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: