ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԴ/0056/01/21 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.05.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2025

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Արմավիրի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ա. Ադամյան

ԱՐԴ/0056/01/21

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

 Ն. Հովակիմյան  

դատավորներ՝

 ԿՄարդանյան

 

 ՌՄխիթարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

2 մայիսի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Գուրգեն Ազատի Արշակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԼԳրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի հունվարի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 48100121 քրեական գործը։

2021 թվականի հունվարի 3-ին Գուրգեն Ազատի Արշակյանը ձերբակալվել է։

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հունվարի 5-ի որոշմամբ Գուրգեն Արշակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հունվարի 6-ի որոշմամբ մեղադրյալ ԳԱրշակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ ԳԱրշակյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

2021 թվականի ապրիլի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճռով ԳԱրշակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով։ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով։

3 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի մայիսի 22-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։

Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ ԳԱրշակյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորև նշված գործոնները: Այսպես պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։ Վերոգրյալի հետ մեկտեղ, արարքը կատարվել է կտրող-ծակող գործիքի՝ դանակի գործադրմամբ։ Ըստ բողոքի հեղինակի՝ ուշադրության է արժանի նաև հասցված վնասի բնույթն ու տեղակայումը։

Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանի հաշվի առնված հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ ԳԱրշակյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ։

Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների համակցությունը վկայում է առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ վերացնելով մեղադրյալ ԳԱրշակյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը։

 

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Գուրգեն Արշակյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա «(․․․) [Ի]ր մոտ գտնվող, և սառը զենք չհանդիսացող դանակով, դիտավորությամբ հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել ԴՀազրոյանին, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

2021թ. հունվարի 3-ին` ժամը 15-ի սահմաններում, Դ․Հազրոյանին պատկանող` Արմավիրի մարզի, Նալբանդյան գյուղի, 3-րդ թաղամասի, 4-րդ փողոցի 2-րդ հասցեում գտնվող տան դիմաց` փողոցում, կենցաղային հարցերի շուրջ, այն է` նշված տանն այլևս իրեն բնակվել չթույլատրելու հարցի հետ կապված, վիճաբանության մեջ է մտել հայր ու որդի Դավիթ և Խաչիկ Հազրոյանների հետ, որի ընթացքում իր բաճկոնի գրպանից հանելով սառը զենք չհանդիսացող, գործարանային արտադրության, ծալովի սևեռիչով դանակը, դիտավորությամբ մեկ անգամ դրանով հարվածել է Դ․Հազրոյանի որովայնի ձախ հատվածին` պատճառելով «որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերք», այդ կերպ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող վտանգավորության հատկանիշով»1:

8 Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ ԳԱրշակյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) [Ու]սումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, այն է՝ կատարած արարքի համար անկեղծորեն զղջալը, խոստովանական ցուցմունք տալը, տուժողի հետ հաշտվելը և վերջինիս կողմից բողոք չներկայացնելը և ծանրացնող հանգամանքները, որոնք բացակայում են սույն գործով, ամբաստանյալ ԳԱրշակյանի նկատմամբ նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս [Առաջին ատյանի] դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, այն, որ նա թեև նախկինում դատվել է, սակայն ներկայումս դատվածություն չունի, ֆիզիկապես վատառողջ է, 3-րդ խմբի հաշմանդամ է:

(․․․) [Հ]աշվի առնելով ամբաստանյալի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանք համադրելով նրա անձը բնութագրող տվյալների հետ և հաշվի առնելով նաև ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամբ պետք է նշանակել պատիժ ազատազրկման ձևով, սակայն պայմանականորեն չկիրառելով սահմանել փորձաշրջան»2:

9 Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ ԳԱրշակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելով, արձանագրել է հետևյալը. «(․․․) ԳԱրշակյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս, [Առաջին ատյանի դ]ատարանը, վերլուծելով և գնահատելով գործի փաստական տվյալները, հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները (դատվածություն չունի, տարիքը՝ 64 տարեկան է, առողջական վիճակը՝ 3-րդ խմբի հաշմանդամ, տարել է սրտամկանի ինֆարկտ, շագանակագեղձի ադենոմա ախտորոշմամբ գտնվում է ուռոլոգի հսկողության տակ), կատարած արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը (դիտավորությամբ կատարել է անձի առողջության դեմ ուղղված ծանր հանցագործություն), պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները (տվել է խոստովանական ցուցմունքներ, կատարածի համար զղջացել է), տուժողի հետ հաշտվել են, վերջինս հայտնել է, որ ամբաստանյալի նկատմամբ բողոք-պահանջ չունի, քաղաքացիական հայց չկա, պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հետհանցավոր դրական վարքագիծը, հիմնավոր հետևության է հանգել այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը ռեալ կրելու:

Մարդասիրության և պատասխանատվության անհատականացման սկզբունքների պահպանման տեսանկյունից ԳԱրշակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու թույլատրելիության մասին [Առաջին ատյանի դ]ատարանի հետևությունները հիմնավորված են: [Առաջին ատյանի դ]ատարանի համոզվածությունը բխում է գործի օբյեկտիվ տվյալներից»3:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10 Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ԳԱրշակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11 Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում4: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ5։

111 Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա6` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն7:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

12 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- ԳԱրշակյանը մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա, 2021 թվականի հունվարի 3-ին, տուժող ԴՀազրոյանի տան դիմաց՝ փողոցում, վերջինի և նրա որդու հետ կենցաղային հարցի, այն է՝ նշված տանն այլևս իրեն բնակվել չթույլատրելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, գրպանից հանած ծալովի սևեռիչով դանակով հարված է հասցրել ԴՀազրոյանի որովայնի ձախ հատվածին՝ առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որն արտահայտվել է որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, որը վտանգավոր է կյանքի համար8,

- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ ԳԱրշակյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, նրա անձը բնութագրող փաստական տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները` մասնավորապես, ինքնախոստովանական ցուցմունք տալը, կատարած արարքի համար զղջալը, տուժողի հետ հաշտվելը և նրա կողմից բողոք չներկայացնելը, դատվածության բացակայությունը, վատառողջ՝ երրորդ խմբի հաշմանդամ լինելն ու պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար հիմք են տալիս գալու հետևության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու9,

- Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ վիճարկվող դատական ակտով արձանագրված հանգամանքները, ինչպես նաև՝ մեղադրյալի տարիքը (64 տարեկան է) առողջական վիճակը բնութագրող տվյալները, մասնավորապես՝ նախկինում սրտամկանի ինֆարկտ ունենալը, շագանակագեղձի ադենոմա ախտորոշմամբ ուռոլոգի հսկողության տակ գտնվելը, հետհանցավոր դրական վարքագիծը, իրենց համակցության մեջ բավարար հիմքեր են տալիս գալու հետևության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու10։

13 Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից ԳԱրշակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ։

14 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԳԱրշակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ԳԱրշակյանի արարքը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

գ) հանցագործության իրադրությունը, գործիքն ու եղանակը տուժողի տան դիմաց, կենցաղային հարցի, այն է՝ տուժողին պատկանող տանն այլևս իրեն բնակվել չթույլատրելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, իր մոտ եղած կտրող-ծակող գործիքի՝ ծալովի սևեռիչով դանակի գործադրմամբ հարված հասցնելը,

դ) տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ մեղադրյալը հարված է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանի շրջանում՝ որովայնի ձախ հատվածին և առողջությանը պատճառել այնպիսի ծանր վնաս, որն արտահայտվել է որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, որը վտանգավոր է կյանքի համար։

Ինչ վերաբերում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնված՝ մեղադրյալի առողջական վիճակը բնութագրող հանգամանքին, հարկ է ընդգծել, որ թեև մեղադրյալի առողջական վիճակի գնահատումն էական նշանակություն ունի քրեաիրավական ներգործության համաչափ միջոց ընտրելու հարցում[11], սակայն ստորադաս դատարանները սահմանափակվել են համապատասխան տեղեկատվության մատնանշմամբ՝ առանց վերլուծելու և գնահատելու ամբաստանյալի անազատության մեջ գտնվելու պայմաններում հնարավոր անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը պատշաճ կազմակերպելու հնարավորությունը։ Տվյալ դեպքում, որևէ հիմնավորում չի ներկայացվել և ներկայացված նյութերում առկա չէ որևէ փաստական հանգամանք, որը հիմք կտար եզրահանգելու, որ ԳԱրշակյանին անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող պատշաճ կազմակերպվել անազատության մեջ գտնվելու պայմաններում։

15 Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ԳԱրշակյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացման։

16 Վճռաբեկ դատարանը բազմիցս կրկնել է, որ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը12։

Առանց վերը թվարկված համգամանքների գնահատման՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի մասին։ Արդյունքում, նշանակված պատժով չի ապահովվի կատարած արարքի և կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները13։

17 Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված՝ մեղադրյալ ԳԱրշակյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող վերը շարադրված փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել ԳԱրշակյանի կատարած արարքի և նրա անձի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԳԱրշակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

18 Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, ԳԱրշակյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար անհրաժեշտ է ԳԱրշակյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Գուրգեն Ազատի Արշակյանի վերաբերյալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը փոփոխել։

2 Գուրգեն Ազատի Արշակյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումը։

Պատժի կրման սկիզբը հաշվել Գուրգեն Ազատի Արշակյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

_____________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 294-303:

2 Տե՛ս նույն տեղում։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 72-82:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Ադամյանի և Անդրանիկ Ավագյանի գործով 2025 թվականի մարտի 21-ի թիվ ԳԴ1/0036/01/23 որոշումը։

6 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալեքսան Հակոբյանի գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՇԴ/0025/01/16 որոշման 16-17-րդ կետերը:

12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15 և Ղևոնդ Հովհաննիսյանի գործով 2025 թվականի ապրիլի 9-ի թիվ ԵԴ1/0611/01/23 որոշումները:

13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան