ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆՅԱՐԴԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 121-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 15.09.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.09.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«09» սեպտեմբեր 2025 թվականի

N 121-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆՅԱՐԴԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել նյարդաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

09.09.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի սեպտեմբեր «09»-ի

N 121-Ն հրամանի

 

ՆՅԱՐԴԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Նյարդաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն նյարդաբանություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Նյարդաբանը կարող է համարվել այն անձն, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն նյարդաբանություն (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Նյարդաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Նյարդաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Առողջության առաջնային պահպանման ծառայության նյարդաբան.

2) Նյարդաբանական բաժանմունքի վարիչ կամ բաժանմունքի նյարդաբան.

3) Վերականգնողական կամ առողջարանային բժշկական հաստատության կամ խնամքի հաստատության նյարդաբան.

4) Նյարդաբանական ստացիոնար չունեցող հաստատության խորհրդատու նյարդաբան.

5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ և հմտություներ.

1) Կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի, այդ թվում նաև մկանակմախքային համակարգի անատոմիա և ֆիզիոլոգիա.

2) Նյարդաբանական նեղ մասնագիտացումների անհրաժեշտ նվազագույն ծավալի իմացություն.

3) Պացիենտի ճիշտ ուղեգրում ըստ նեղ մասնագետի խորհրդատվության անհրաժեշտության.

4) Անհրաժեշտ ծավալի գիտելիք հարակից մասնագիտական ոլորտներից. նեյրոհոգեբուժությունից և նեյրոհոգեբանությունից, նյարդավիրաբուժությունից, կլինիկական նեյրոֆիզիոլոգիայից, նեյրոիմունոլոգիայից, ֆարմակոլոգիայից, նեյրոգենետիկայից, նեյրոէնդոկրինոլոգիայից և այլն.

5) Տեղեկատվության հավաքագրում նյարդաբանական հիվանդություն ունեցող պացիենտից, հաղորդակցության հմտությունների տիրապետում պացիենտի և հարազատների հետ.

6) Նյարդաբանական հիվանդություն ունեցող պացիենտի առաջնային զննում.

7) Նյարդաբանական հիվանդություն ունեցող պացիենտի ուղեգրում համապատասխան լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունների.

8) Պացիենտի անամնեզի և զննման արդյունքում գտած կլինիկական նշանների ճիշտ համադրում հնարավոր ախտաբանության տեղագրության հետ.

9) Լաբորատոր և գործիքային հետազոտությունների ինտերպրետացիա.

10) Նյարդաբանական հիվանդություն ունեցող պացիենտների ախտորոշում հավաքված անամնեզի և լաբորատոր-գործիքային տվյալների հիման վրա.

11) Նյարդաբանական հիվանդություն ունեցող պացիենտների բուժում՝ ըստ ապացուցողական բժշկության հիմունքների, դեղորայքի նշանակում, դրանց ընդհանուր խմբերի, ֆարմակոկինետիկայի և ֆարմակոդինամիկայի հենքային գիտելիքների, ազդեցության, դեղորայքային հնարավոր փոխազդեցության և կողմնակի էֆեկտների իմացություն.

12) Պացիենտի կրթում համապատասխան նշանակված բուժման վերաբերյալ, բացատրություն սպասվելիք կողմնակի էֆեկտների և օգուտ-վնաս հարաբերակցության մասին.

13) Նյարդաբանական հիվանդություն ունեցող պացիենտների ոչ դեղորայքային բուժման (այդ թվում ֆիզիկական ակտիվություն, վիրահատական միջամտություն, հոգեթերապիայի և այլն) ուղեգրում և անհրաժեշտության բացատրում.

14) Ախտորոշման, դրա հնարավոր ելքերի և հետևանքների մատչելի բացատրում պացիենտին և նրա հարազատներին, անհրաժեշտության դեպքում պացիենտի և հարազատների ուղղորդում համապատասխան հետազոտությունների.

15) Նյարդաբանական հիվանդություն ունեցողների կրկնակի խորհրդատվություն, բուժման երկարատև հետևում և հսկում քրոնիկ հիվանդությունների դեպքում.

16) Նյարդաբանական անհետաձգելի վիճակների, այդ թվում նաև գիտակցության խանգարումներով ընթացող վիճակների իմացություն և արագ արձագանքում.

17) Այլ բժիշկ մասնագետների հետ հաղորդակցություն, անհրաժեշտության դեպքում հիվանդների ուղեգրում խորհրդատվության, և նրանց կողմից տրված տվյալների վերլուծություն հիվանդի բուժման գործում.

18) Կլինիկական պրակտիկայում բավարար մակարդակով կարողանալ մեկնաբանել նյարդաբանական ախտորոշիչ գործիքային հետազոտությունների, այդ թվում Էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի (ԷԷԳ), Էլեկտրանեյրոմիոգրաֆիայի (ԷՆՄԳ), հարուցված պոտենցիալների, պոլիսոմնոգրաֆիայի (ՊՍԳ) և այլ հետազոտությունների տվյալները։ Դրանք պետք է իրականացվեն այն նյարդաբանների կողմից, որոնք անցել են նյարդային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման ոլորտը ներառող համապատասխան նեղ մասնագիտացման ծրագիր.

19) Որոշ քրոնիկ նյարդաբանական հիվանդությունների դեպքում պացիենտի ուղեգրում վերականգնողական կենտրոններ և վերականգնողաբանի հետ համագործակցություն հետագա բուժման մեջ.

20) Նյարդաբանական տարբեր հիվանդությունների դեպքում առողջ ապրելակերպի ուսուցանում պացիենտին, ինչպես նաև ընտանիքի անդամներին.

21) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի և բուժհաստատությունների գործելակարգերի և կանոնակարգերի իմացություն.

22) Բուժհաստատությունում աշխատանքային անվտանգության կանոնների տիրապետում.

23) Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման կանոնների իմացություն, աշխատանքային անվտանգության պահպանում.

24) Ապացուցողական բժշկության հիմունքների իմացություն, գիտական հոդվածներից և այլ աղբյուրներից օգտվելու և պրակտիկայում կիրառելու հմտություններ.

25) Հայաստանի Հանրապետությունում տվյալ պահին ընդունված և կիրառվող հիվանդությունների միջազգային դասակարգման իմացություն և դրան համապատասխան ախտորոշումների կիրառում.

26) Հիվանդության պատմագրերի և այլ բժշկական փաստաթղթերի պատշաճ և գրագետ լրացում.

27) Մասնագիտական գաղտնիքի պահպանում և առանց պացիենտի կամ նրա խնամակալի թույլտվության պացիենտի անձնական տվյալների, տեսաձայնագրությունների գաղտնիության ապահովում:

6. Բժշկական hատուկ գիտելիքներ և հմտություններ. նյարդաբանը պետք է կարողանա ճիշտ ախտորշել և բուժել հետևյալ հիվանդությունները՝

1) Առաջնային և երկրորդային գլխացավեր, դիմային ցավեր.

2) Գիտակցության խանգարումով ընթացող վիճակներ՝ կոմա, մինիմալ գիտակցական վիճակ, ուղեղի մահ և այլն.

3) Իշեմիկ և հեմոռագիկ կաթված.

4) Էպիլեպսիա և ցնցումներով ուղեկցվող այլ վիճակներ.

5) Քնի խանգարումներ.

6) Վեստիբուլոպաթիա.

7) Տարբեր ծագումնաբանություն ունեցող սուր և քրոնիկ պոլինեյրոպաթիաներ.

8) Պարկինսոնի հիվանդություն և այլ շարժողական խանգարումներ, այդ թվում նաև որպես դեղորայքի կողմնակի ազդեցություն.

9) Ցրված սկլերոզ և այլ աուտոիմուն ծագման կենտրոնական համակարգի հիվանդություններ (ԿՆՀ) հիվանդություններ.

10) Նյարդամկանային հաղորդակցության հիվանդություններ.

11) Սուր և քրոնիկ ցավային համախտանիշներ.

12) Նեյրոինֆեկցիաներ.

13) Ալցհեյմերի հիվանդություն և այլ դեմենցիաներ, վարքային նյարդաբանական խանգարումներ.

14) Այլ համակարգային հիվանդությունների նյարդաբանական դրսևորումներ.

15) Դեղերի կողմնակի էֆեկտներ, որոնք ներառում են նյարդային համակարգը.

16) Նեյրոտրավմա.

17) Ինտենսիվ թերապիայի իրականացում նյարդաբանությունում:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Նյարդաբանը պետք է ունենա`

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. նյարդաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9. Տեխնիկական հմտություններ. նյարդաբանը պետք է կարողանա`

1) տիրապետել տեղակատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) իրականացնել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին,

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Նյարդաբանը պետք է կարողանա՝

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ ՆՅԱՐԴԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են նյարդաբանի վրա։

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ՆՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱՅԻ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքոմ ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են՝

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության աստիճան

Կոմպետենտության մակարդակ

 1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

 2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

 3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան