ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1310-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, 685-րդ, 688-րդ հոդվածներով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 42-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595–Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի «Սևան» գյուղական մարզական հասարակական կազմակերպության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Մաշտոցի փողոց, շենք 26 հասցեում գտնվող 698.2 քմ մարզադպրոցի և 28.7 քմ պարսպի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 01082024-04-0019, այսուհետ՝ գույք) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը, և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)՝ Յուրի Սարգսյանի անվան Գեղակերտի մանկապատանեկան մարզադպրոցի (այսուհետ՝ մարզադպրոց) հիմնանորոգման նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետին մեկամսյա ժամկետում սահմանված կարգով իրականացնել Գեղակերտ գյուղի Մաշտոցի փողոց, շենք 26 հասցեում գտնվող՝ 04-087-0040-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, գործառնական նշանակության 0.336 հա մակերեսով հողամասը (գրանցված՝ Հայաստանի «Սևան» գյուղական մարզական հասարակական կազմակերպության անհատույց օգտագործման) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի միջոցների հաշվին.
2) Հայաստանի «Սևան» գյուղական մարզական հասարակական կազմակերպության ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի «Սևան» գյուղական մարզական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.
3) համապատասխան փաստաթղթերի փաթեթը (մարզակառույցի հիմնանորոգման նախագիծ նախահաշիվը, ավարտական ակտը, գույքի չափագրումը և այլն) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից նախարարությանը ներկայացնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներ․
4) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով նախարարության հաշվեկշռում՝ հետագայում անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 4-րդուղղ. ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ վերջինիս մեջ ներառելով դրույթ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու Հայաստանի «Սևան» գյուղական մարզական կազմակերպության Յուրի Սարգսյանի անվան Գեղակերտի մանկապատանեկան մարզադպրոցին՝ իր նպատակներին համապատասխան օգտագործելու համար:
5. Սահմանել, որ պայմանագրի կնքման և գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |