ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
09 սեպտեմբերի 2025 թ. |
N 394-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՁՐԵՎԱՋՐԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՖԻԼՏՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Երևան քաղաքում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման 2026 թվականի բնապահպանական ծրագիրը` համաձայն հավելվածի։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. սեպտեմբերի 9 Երևան |
|
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի |
2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՁՐԵՎԱՋՐԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՖԻԼՏՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Երևան քաղաքում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման բնապահպանական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կազմվել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա (ջրային ռեսուրսների պահպանություն, այդ թվում՝ ջրային ռեսուրսների որակի բարելավմանը, երկրորդային ջրօգտագործման ապահովմանն ուղղված միջոցառումներ, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների մաքրման միջոցառումներ, ջրային ռեսուրսների մաքրման համակարգերի և կեղտաջրերի մաքրման (այդ թվում՝ կենսաբանական մաքրման) կայանների կառուցում, պահպանում և շահագործում, ջրային ռեսուրսներ աղտոտող նյութերի և միացությունների արտահոսքերի կանխարգելման և վնասազերծման, ջրերի վնասակար ներգործության կանխարգելման, համայնքային կանաչ գոտիներում արդի ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման միջոցառումներ), Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի N 310-Ն հրամանի հավելվածի 5-րդ կետի պահանջներին համապատասխան:
2. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի զարգացման միամյա և հնգամյա ծրագրերը, Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի բնապահպանական միջոցառումները (Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 12-ի հ.21-Ա որոշմամբ հաստատված), որոնք ուղղված են համայնքների կայուն զարգացմանը, կոմունալ տնտեսության աշխատանքների բարելավմանը, աղբահանությանը, կանաչ տարածքների վերականգնմանը, շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանությանը։
2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
3. Երևան քաղաքն ունի խիստ ցամաքային կլիմա և բնակչության թվաքանակով կարելի է դասել խիտ բնակեցված խոշոր քաղաքների թվին։ Ունենալով խիստ ցամաքային կլիմա, այնուամենայնիվ, վերջին տարիներին կլիմայի փոփոխության պայմաններում, հատկապես գարնանային և ամառային ամիսներին հաճախակի են դարձել հորդառատ տեղումները, որոնք մեծ խնդիրներ են առաջացնում մայրաքաղաքի մաշված, անբավարար հեղեղատար և կոյուղատար համակարգերի համար։ Հաճախակիացած հորդառատ տեղումները բերում են ջրհեղեղների և սելավների առաջացման վտանգ հեղեղատարների և սելավատարների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության առաջացման արդյունքում։
4. 2017թ. հունվարի 1-ից մեկնարկել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծառայությունների մատուցման Վարձակալության պայմանագիրը, որի կողմերն են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն՝ որպես Վարձատու, և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն՝ որպես Վարձակալ:
5. Երևան քաղաքում ջրահեռացման համակարգերի հիմնական խնդիրներն են.
1) կոյուղու ցանցի տեխնիկական վիճակը շատ վատն է, կեղտաջրերի արտահոսքը չի վերահսկվում և ստեղծում է վտանգավոր սանիտարական վիճակ քաղաքի տարբեր հատվածներում,
2) կենցաղային կոյուղին բազմաթիվ կետերում միացված է հեղեղատար կոյուղուն,
3) հեղեղատար կոյուղին չի ապահովում անձրևաջրերի և հալոցքային ջրերի հեռացումը քաղաքի ամբողջ տարածքից,
4) գոյություն ունեցող ցանցը բազմաթիվ կետերում միացված է կենցաղային կոյուղուն, որի պատճառով անձրևների ժամանակ տեղի է ունենում կեղտաջրերի արտահոսք դիտահորերից,
5) պահպանվում է Գետառի ջրհեղեղի վտանգը, հատկապես այն նոր արագընթաց ճանապարհի շրջանում խողովակներով փոխարինելու և որոշակի հատվածներում կառուցապատվելու արդյունքում,
6) Առինջի հեղեղի կարգավորման ավազանը տրվել է Կոտայքի մարզին, կառուցապատվում է անհատական տներով և լցվում շինարարական աղբով:
6. Ծրագրի իրականացման արդյունքում վեր կհանվեն հեղեղատար համակարգերում առկա խնդիրները, կիրականացվի ամբողջ քաղաքում անձրևաջրերի հավաքման տեխնիկատնտեսական հիմնավորում, և մեկ վարչական շրջանի մակարդակով (Նոր Նորք) կիրականացվի անձրևաջրերի հավաքման, ջրավազանում կուտակման, մաքրման, ֆիլտրման աշխատանքներ և մաքրված ջուրը կօգտագործվի ոռոգման նպատակներով։ Անձրևաջրերի կուտակման համար կառուցված ջրավազանը կծառայի նաև ռեկրեացիոն նպատակներով, իսկ կանաչ տարածքների ոռոգման համար կստեղծվի լրացուցիչ ջրաղբյուր և կնվազի կախվածությունը ջրօգտագործող ընկերությունների կողմից մատակարարվող ոռոգման ջրից (հիմնականում Սևանա լճից իրականացվող ջրառի հաշվին)
3. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Ծրագիրն ուղղված է բնապահպանական և առողջապահական խնդիրների լուծմանը: Անձրևաջրերի հավաքումը կնպաստի դրանց երկրորդական օգտագործմանը ոռոգման բնագավառում, ինչպես նաև հորդառատ տեղումների ժամանակ կթեթևացնի ճնշումը քաղաքի կոյուղատար և հեղեղատար համակարգերի վրա։ Հաշվի առնելով, որ շատ հատվածներում գոյություն ունեցող կոյուղատար և հեղեղատար համակարգերը միացված են իրար, հորդառատ տեղումների ժամանակ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը և կեղտաջրերը հեղեղում են փողոցները, այգիները, մայթերը և բակային տարածքներ, ինչը ստեղծում է սանիտարական վատ պայմաններ և առողջապահական ռիսկեր է պարունակում։
4. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աղյուսակ 1.
2026 թ. բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները
|
N |
Միջոցառման անվանումը |
Գումարը /հազ. դրամ/ |
Համամասնությունը /%/ |
|
1 |
Երևան քաղաքում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման տեխնիկա-տնտեսական հիմնավորման աշխատանքներ |
5,000.0 |
3,47 |
|
2 |
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ |
10,000․0 |
6,94 |
|
3 |
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման աշխատանքներ |
129,156.4 |
89,59 |
|
Ընդամենը |
144156.4 |
100.0 | |
5. ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ (ԸՍՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ)
8. Համայնքին հատկացվելիք բնապահպանական վճարներից կատարվելիք մասհանման միջոցով 2026թ. նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝
1) Երևան քաղաքում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման տեխնիկա-տնտեսական հիմնավորման աշխատանքներ,
2) Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,
3) Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման աշխատանքներ:
9. Արդյունքում ակնկալվում է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-145-Ն օրենքի՝ Երևան համայնքում գործող արտադրական ձեռնարկությունների հետևանքով շրջակա այդ թվում օդային ավազան վնասակար նյութերի արտանետման նյութերի և միացությունների արտանետման համար բնապահպանական վճարներից համայնքին հատկացված մասհանումների միջոցներով իրականացնել 144156.4 հազար դրամ գումարի չափով աշխատանքներ:
Աղյուսակ 2․
Ծրագրի արժեքը (ըստ միջոցառումների)
|
Հ/Հ |
Աշխատանքի անվանումը |
Չ/մ |
Քանակ |
Միավ. գինը հազ. դր. |
Ընդամենը հազ. դր |
|
1 |
Երևան քաղաքում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման տեխնիկա-տնտեսական հիմնավորման աշխատանքներ |
հատ |
1 |
5,000.0 |
5,000.0 |
|
2 |
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ |
հատ |
1 |
10,000․0 |
10,000․0 |
|
3 |
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման աշխատանքներ |
Մակերես, հա |
1411 |
91,5 |
129,156.4 |
6. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Երևան քաղաքում ջրահեռացման համակարգերի հիմնական խնդիրներն են.
1) կոյուղու ցանցի տեխնիկական վիճակը շատ վատն է, կեղտաջրերի արտահոսքը չի վերահսկվում և ստեղծում է վտանգավոր սանիտարական վիճակ քաղաքի տարբեր հատվածներում,
2) կենցաղային կոյուղին բազմաթիվ կետերում միացված է հեղեղատար կոյուղուն,
3) հեղեղատար կոյուղին չի ապահովում անձրևաջրերի և հալոցքային ջրերի հեռացումը քաղաքի ամբողջ տարածքից,
4) գոյություն ունեցող ցանցը բազմաթիվ կետերում միացված է կենցաղային կոյուղուն, որի պատճառով անձրևների ժամանակ տեղի է ունենում կեղտաջրերի արտահոսք դիտահորերից,
5) պահպանվում է Գետառի ջրհեղեղի վտանգը, հատկապես այն նոր արագընթաց ճանապարհի շրջանում խողովակներով փոխարինելու և որոշակի հատվածներում կառուցապատվելու արդյունքում,
6) Առինջի հեղեղի կարգավորման ավազանը տրվել է Կոտայքի մարզին, կառուցապատվում է անհատական տներով և լցվում շինարարական աղբով:
11. Ինչպես և բոլոր ենթակառուցվածքների դեպքում, ջրային ցանցերը քարտեզագրված չեն, չունեն զարգացման ուրվագծեր, ինչը ստեղծում է լուրջ խնդիրներ շահագործման ընթացքում։
7. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
12. Երևան քաղաքի բնապահպանական քաղաքականության հիմնական նպատակը մայրաքաղաքի շրջակա բնական միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը և բարելավումն է՝ քաղաքային տնտեսության կայուն, առողջ և համաչափ զարգացման և բնակչության բարեկեցության ապահովման համար:
13. Երևան քաղաքում շրջակա միջավայրի կառավարումը պայմանավորված է դրա հիմնական բաղկացուցիչ տարրերի՝ հողային ռեսուրսների, մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների և կենսաբազմազանության մշտադիտարկման, դրանց վիճակի բարելավման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթների հետևողականորեն իրագործելու մակարդակով:
14. Երևան քաղաքում առավել սուր են արտահայտված հետևյալ բնապահպանական հիմնախնդիրները՝
1) Մայրաքաղաքի հնացած, հիվանդ, չոր, տապալման ենթակա և/կամ ինվազիվ ծառերի փոխարինում առավել գեղազարդ, արժեքավոր ծառատեսակներով,
2) Ներհամայնքային ոռոգման ցանցի ընդլայնում և բարեկարգում,
3) Մայրաքաղաքի տարբեր հատվածներում բուֆերային անտառաշերտի ստեղծում, կանաչ տարածքների ավելացում,
4) Կլիմայի փոփոխության դեմ կանխարգելիչ և հարմարվողական միջոցառումների իրականացում,
5) Օդի աղտոտվածության նվազեցման միջոցառումներ, մոնիթորինգի ժամանակակից համակարգի ներդնում,
6) Ջրային համակարգերի էկոլոգիական վիճակի բարելավման միջոցառումներ,
7) Հողի բարելավման միջոցառումներ, պայքար հողի էրոզիայի դեմ,
8) Կենցաղային աղբի տեսակավորման կետերի ընդլայնում, թափոնների վերամշակման ապահովման մշակույթի ձևավորում:
8. ԿԱՊԸ ՏՎՅԱԼ ՄԱՐԶԻ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
15. Ինչպես նշվել է Ծրագրի ներածական մասում, Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի զարգացման միամյա և հնգամյա ծրագրերը, Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի բնապահպանական միջոցառումները (Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 12-ի հ.21-Ա որոշմամբ հաստատված), որոնք ուղղված են համայնքների կայուն զարգացմանը, շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանությանը։
16. Երևան քաղաքի զարգացման 2025 թվականի միամյա և 2024-2028 թվականների հնգամյա ծրագրերում (Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբրի 24-ի հ․ 248-Ա և 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.46-Ա որոշումներով հաստատված) Երևան քաղաքի բնապահպանական առաջնահերթությունների թվում նշվում է, որ կլիմայական փոփոխությունների ազդեցության դիմակայունությունը բարձրացնելու նպատակով կարևորվում են հարմարվողականության ծրագրերը, ինչը ներառում է ի թիվս այլոց նաև ջրահեռացման համակարգերի բարելավումը և ենթակառուցվածքների արդիականացումը։
17. Երևան քաղաքի հեղեղատար համակարգի բարելավման, անձրևաջրերի օգտագործման կարևորությունը արտացոլվում է նաև այլ ռազմավարական փաստաթղթերում (Երևան քաղաքի հարմարվողականության պլան, «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիր»)։
9. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
18. Ծրագիրը իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման, նախագծման աշխատանքների և Ծրագրի իրականացման համար հայտարարվելու է մրցույթ և կազմակերպությունն ընտրվելու է մրցութային կարգով։
10. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
19. Ծրագրի շահառուներ են համարվում Երևան համայնքի բնակիչները (հատկապես Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները), ինչպես նաև մայրաքաղաք այցելած հյուրերը, զբոսաշրջիկները և այլն: Հաշվի առնելով, որ անձրևաջրերը հեղեղումների ժամանակ անհարմարություններ են պատճառում ցածրադիր վարչական շրջաններին, ուստի շահառու կհանդիսանան նաև Կենտրոն, Էրեբունի վարչական շրջանների բնակիչները։
11. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)
20. Եթե Ծրագրի «Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման աշխատանքներ» միջոցառման նախահաշվային արժեքը գերազանցի 129,156.4 հազ․ դրամը, ապա ֆինանսավորման բացը կհամաֆինանսավորվի Երևան քաղաքի բյուջեից։
12. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ (ՔԱՆԱԿԱԿԱՆ և ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ` ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ)
21. 2025 թվականին նախատեսվում է մեկնարկել Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որի ֆինանսավորումը կնախատեսվի 2026 թվականին, իսկ 2026 թվականին կիրականացվեն Նոր Նորք վարչական շրջանում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման նախագծի կազմման և իրականացման աշխատանքները։
13. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ)
22. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքները տեսանելի կլնեն կարճաժամկետ կտրվածքով։ Կնվազի հորդառատ անձրևների հետևանքով մայրաքաղաքի տարբեր հատվածներում հեղեղումների ռիսկը, կլուծվի Նոր Նորք վարչական շրջանի կանաչ տարածքներում ոռոգման խնդիրը։ Անձրևաջրերը հավաքող ջրավազանը կծառայի նաև ռեկրեացիոն նպատակների համար։
14. ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԹՈՒՅԼԱՏՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՆՑ ՍՏԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
23. Ծրագրի իրականացման փուլում ջրավազանի կառուցման համար կպահանջվի Երևան համայնքի կողմից տրված նախագծման և շինարարության թույլտվությունների ստացում, որը կիրականացվի համապատասխան ընթացակարգերով։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |