ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«03» սեպտեմբեր 2025 թվականի N 117-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել որովայնային վիրաբույժի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
03.09.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի սեպտեմբեր «03»-ի N 117-Ն հրամանի |
ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Որովայնային վիրաբույժն իրականացնում է մասնագիտական գործունեություն որովայնային վիրաբուժություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Որովայնային վիրաբույժ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
3. Որովայնային վիրաբույժը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4․ Որովայնային վիրաբույժն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության որովայնային վիրաբույժ.
2) Հիվանդանոցային վիրաբուժական բաժանմունքի վարիչ.
3) Առողջության առաջնային պահպանման ծառայության որովայնային վիրաբույժ.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։
3․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ և հմտություններ. որովայնային վիրաբույժը պետք է`
1) Իմանա մարմնի հիմնական հատվածների տեղագրական անատոմիան` գլուխ, պարանոց, կրծքավանդակ, որովայնի առաջային պատ և որովայնի խոռոչ, ստորին վերջույթներ.
2) Տիրապետի վիրաբուժական հիվանդությունների նորմալ ֆիզիոլոգիայի և ախտաֆիզիոլոգիայի հիմնական խնդիրներին.
3) Իմանա ախտաբանական վիճակների առաջացման պատճառները.
4) Տիրապետի ջրաէլեկտրոլիտային փոխանակության հիմունքներին.
5) Տիրապետի թթվահիմնային հավասարակշռության հիմունքներին, դրա խանգարման տիպերին և բուժման սկզբունքներին.
6) Իմանա արնահոսության և վնասվածքների ախտաֆիզիոլոգիան.
7) Տիրապետի արնահոսության և շոկի կանխարգելմանը և թերապիային.
8) Իմանա վերքերի ախտաֆիզիոլոգիան.
9) Իմանա արյան մակարդիչ համակարգի ֆիզիոլոգիան և ախտաֆիզիոլոգիան.
10) Տիրապետի արյան և բաղադրամասերի փոխներարկման ցուցումներին և հակացուցումներին.
11) Իրականացնի վիրաբուժական պացիենտի ընդհանուր, ֆունկցիոնալ, գործիքային և այլ հատուկ հետազոտություններ.
12) Տիրապետի ասեպտիկայի և անտիսեպտիկայի հիմունքներին.
13) Տիրապետի վիրաբուժությունում ցավազրկման եղանակներին.
14) Տիրապետի վիրաբուժական հիվանդությունների ֆարմակոթերապիայի հիմունքներին, այդ թվում, հակաբիոտիկների ընդհանուր և տեղային կիրառմանը, հորմոնաթերապիային.
15) Տիրապետի ռենտգենաբանության և ճառագայթաբանության հիմունքներին.
16) Իրականացնի կանխարգելում, ախտորոշում և բուժում` հիմնական վիրաբուժական հիվանդությունների կլինիկական համախտանշաբանությանը համապատասխան.
17) Իմանա վիրաբուժական կլինիկայում սահմանային հիվանդությունների կլինիկական համախտանշաբանությունը (ուրոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա, մանկաբուժություն, ինֆեկցիոն հիվանդություններ և այլն).
18) Իրականացնի վիրաբուժական պրոֆիլի պացիենտների նախավիրահատական նախապատրաստում և հետվիրահատական վարում.
19) Իրականացնի վիրաբուժական պրոֆիլի պացիենտների ախտաբանությանը համապատասխան վիրահատական մարտավարության ընտրություն և ըստ այդմ վիրահատական միջամտություն.
20) Տիրապետի ռացիոնալ սննդակարգի հիմունքներին.
21) Տիրապետի վիրաբուժական պրոֆիլի պացիենտների դիետաթերապիայի հիմունքներին նախավիրահատական նախապատրաստման և հետվիրահատական շրջաններում,
22) Իրականացնի բնակչության դիսպանսեր հսկողության կազմակերպում և վարում.
23) Իրականացնի քաղաքացիական պաշտպանության և ռազմա-դաշտային վիրաբուժության կազմակերպում և գործունեություն.
24) Տիրապետի վիրաբուժական պրոֆիլի պացիենտների առողջարանային վերականգնման ցուցումներին և հակացուցումներին.
25) Ունենա վիրաբուժական բաժանմունքի, ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակների և վիրասրահի հագեցվածության իմացություն.
26) Ունենա վիրահատական միջամտությանն անհրաժեշտ գործիքակազմի իմացություն.
27) Իմանա վիրաբուժական ծառայության տնտեսական հիմնահարցերը.
28) Տիրապետի սանիտարահամաճարակային ռեժիմի կանոնակարգին.
29) Կարողանա կազմել պացիենտի հիվանդության, վիճակի, կլինիկական իրավիճակի, բուժման աշխատանքների և ծառայությունների ցանկը' բժշկական օգնության չափորոշիչներին համապատասխան.
30) Իրականացնի ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն, աշխատունակության կայուն կորստի նշաններ ունեցող պացիենտներին ուղղորդի բժշկական և սոցիալական փորձաքննության.
31) Կարողանա կազմել առողջապահական ոլորտի օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը.
32) Կազմի հաշվետվություն իր աշխատանքի մասին և կատարի աշխատանքի արդյունավետության վերլուծություն,
33) Իրականացնի որովայնային և հետորովայնամզային տարածության օնկովիրաբուժական միջամտությունները՝ ապացուցողական բժշկության վրա հիմնված մեթոդներով և առաջադեմ գործելակարգերով մշակված արդիական մոտեցումներով՝ համապատասխան մասնագիտացման կամ վերապատրաստման առկայության դեպքում:
6. Բժշկական hատուկ գիտելիքներ. որովայնային վիրաբույժը պետք է`
1) Տիրապետի բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներին, ապահովի բժշկական օգնության որակը և պացիենտի անվտանգությունը.
2) Տիրապետի անհետաձգելի իրավիճակներում առաջին և շտապ բժշկական օգնության տրամադրման, արտակարգ իրավիճակներում բուժտարհանման միջոցառումների կազմակերպման հիմունքներին.
3) Իրականացնի վիրաբուժական պրոֆիլի պացիենտների մասնագիտական փորձաքննություն.
4) Իրականացնի վիրաբուժական պրոֆիլի պացիենտների բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպման աշխատանքներ:
4․ ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Որովայնային վիրաբույժը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ․
2) վեճերի լուծման հմտություններ,
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. որովայնային վիրաբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հայասատանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:
9․ Տեխնիկական հմտություններ. որովայնային վիրաբույժը պետք է կարողանա`
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6․ ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10․ Որովայնային վիրաբույժը պետք է կարողանա.
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են որովայնային վիրաբույժի վրա։
8․ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
13․ Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների ենթամակարդակները և մակարդակներն են.
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|