ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«03» սեպտեմբեր 2025 թ. N 119-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԺԻՇԿ ՄԱՆՐԷԱԲԱՆԻ/ՄԱՆՐԷԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել բժիշկ մանրէաբանի/մանրէաբանի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
03.09.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի սեպտեմբեր «03»-ի N 119-Ն հրամանի |
ԲԺԻՇԿ ՄԱՆՐԷԱԲԱՆԻ/ՄԱՆՐԷԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ Բժիշկ մանրէաբանը/մանրէաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն բժշկական մանրէաբանություն, այդ թվում, սանիտարական մանրէաբանություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններում, կատարում է լաբորատոր մանրէաբանական ախտորոշիչ հետազոտություններ:
2․ Բժիշկ մանրէաբան (բժիշկ մասնագետ) կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում «սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «ստոմատոլոգիա» մասնագիտությամբ և հետդիպլոմային կրթություն «մանրէաբանություն» մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա), իսկ մանրէաբան (մասնագետ)՝ այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն «կենսաբանություն» կամ «անասնաբուժություն» մասնագիտությամբ (մագիստրոսի որակավորումից հետո) և հետդիպլոմային կրթություն «մանրէաբանություն» մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա), և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։
3․ Բժիշկ մանրէաբանը/մանրէաբանը կարող է անցնել լրացուցիչ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Բժիշկ մանրէաբանը/մանրէաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության բժիշկ մանրէաբան/մանրէաբան.
2) Առողջության առաջնային պահպանման ծառայության բժիշկ մանրէաբան/մանրէաբան.
3) Բժշկական կազմակերպության մանրէաբանական պրոֆիլի ստորաբաժանման վարիչ.
4) Բժշկական կազմակերպության մանրէաբանական պրոֆիլի լաբորատորիայի վարիչ։
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժիշկ-մանրէաբանը/մանրէաբանը պետք է տիրապետի`
1) Մանրէաբանական ծառայության կազմակերպման հիմնական սկզբունքներին և կառուցվածքին.
2) Մանրէաբանական ծառայության հիմնական խնդիրներին.
3) Մանրէաբանական լաբորատորիայում աշխատանքային անվտանգության պահպանման պայմաններին և կարգին.
4) Ախտածին կենսաբանական (հարուցիչների) ագենտների(ԱԿՀ) I-IV խմբերի հետ աշխատելիս՝ կենսանվտանգության պահանջներին և հակահամաճարակային կանոններին.
5) Աշխատանքի անվտանգության պահպանման կանոններին մանրէաբանական հետազոտություններ իրականացնելիս.
6) Վթարային իրավիճակում լաբորատորիայի աշխատողի վարքի կանոններին.
7) Բակտերիաների և նրանց թույների պահպանման, օգտագործման և տեղափոխման կարգին.
8) Մանրէաբանական (բակտերիաբանական) հետազոտությունների որակին վերաբերող չափորոշիչներին.
9) Բակտերիաների կառուցվածքին և ֆունկցիային.
10) Բջջապատի կառուցվածքին և նրա տարրերին.
11) Ցիտոպլազմայի և նրա օրգանելների կառուցվածքին և ֆունկցիային .
12) Բակտերիաների ֆիզիոլոգիային և կենսաքիմիային.
13) Բակտերիաների գենետիկային.
14) Տաքսոնոմիայի սկզբունքներին.
15) Բակտերիաների գենատիպավորման եղանակներին.
16) Բակտերիաների մանրադիտման և ներկման եղանակներին.
17) Բակտերիաների անջատման և նույնականացման ընդհանուր սկզբունքներին.
18) Հիմնական, պարզ և ախտորոշիչ-տարբերակիչ միջավայրերի պատրաստման սկզբունքներին.
19) Կուլտուրաների անջատման եղանակներին.
20) Կենսաբանական հետազոտությունների եղանակներին.
21) Մոլեկուլային-կենսաբանական հետազոտությունների եղանակներին.
22) Մանրէների և հակաբիոտիկների անտագոնիզմի հարցերին.
23) Հակաբակտերիալ ազդեցության ընդհանուր օրինաչափություններին in vitro (ին վիտրո) պայմաններում.
24) Հակաբիոտիկների արդյունավետության վրա ազդող գործոններին in vivo (ին վիվո) պայմաններում.
25) Մանրէների կայունության ընդհանուր մեխանիզմներին հակաբիոտիկների նկատմամբ.
26) Հակաբիոտիկազգայունության գնահատման եղանակներին.
27) Կայունության և զգայունության փոխկապակցությանը մանրէաբանական և կլինիկական կատեգորիաների միջև.
28) Հակաբիոտիկների հիմնական խմբերի բնութագրին.
29) Շճաբանական հետազոտությունների եղանակներին մանրէաբանությունում.
30) Իմուն-պատասխանի առանձնահատկություններին մանրէներով առաջացրած հիվանդությունների ժամանակ.
31) Էնտերոբակտերիաների կենսաբանական հատկություններին և նրանց կողմից առաջացրած հիվանդությունների լաբորատոր ախտորոշմանը.
32) Էնտերոբակտերիաների տաքսոնոմիկ խմբերին.
33) Էնտերոբակտերիաների տարբերակիչ ախտորոշմանը.
34) Էնտերոբակտերիաների տարբերակմանը այլ խմբի գրամ-բացասական բակտերիաներից.
35) Էնտերոբակտերիաների անտիգենային կառուցվածքին և նրանց ընդհանուր դետերմինանտներին.
36)Էնտերոբակտերիաների պլազմիդների բնութագրին.
37) Էնտերոբակտերիաների ընտանիքին պատկանող մանրէների ցեղերի (Escherichia (Էշերիխիա), Shigella (Շիգելլա), Salmonella (Սալմոնելլա),Yersinia (Յերսինիա)) դասակարգմանը և ախտորոշմանը.
38) Պայմանական-ախտածին ցեղերի (Citrobacter (Ցիտրոբակտեր), Klebsiella (Կլեբսիելլա), Enterobacter (Էնտերոբակտեր), Serracia (Սերացիա), Hafnia (Հաֆնիա)) դասակարգմանը և ախտորոշմանը.
39) Proteus (Պրոտեուս), Providencia (Պրովիդենցիա), Morganella (Մորգանելլա), Ervinia (Յերվիննիա), Evingella (Էվինգելլա) ցեղերի դասակարգմանը և ախտորոշմանը.
40) Հաստաղու դիսբիոզին.
41) Առողջ մարդու աղիների միկրոֆլորային և նրանց նշանակությանը օրգանիզմի համար.
42) Հաստաղու միկրոֆլորայի որակական և քանակական բնութագրին.
43) Էնտերոբակտերիաների համաճարակաբանական տարբերանշաններին (կենսավարիանտ, շճավարիանտ, կոլիցինավարիանտ և այլն).
44) Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների մանրէաբանությանը.
45) C.diphtheriae (Կլոստրիդիում դիֆիցիլե)–ի և այլ կորինեբակտերիաների կենսաբանական բնութագրին.
46) Դիֆտերիայի մանրէաբանական ախտորոշմանը.
47) Կապույտ հազ, հարկապույտ հազ և բրոնխիսեպտիկոզների և այլ ձևերի մանրէաբանական ախտորոշմանը.
48) Մենինգակոկային վարակի մանրէաբանական ախտորոշմանը.
49) Գոնոկոկային վարակի մանրէաբանությանը.
50) Գոնորեայի ախտորոշման բակտերիաբանական եղանակներին.
51) Սիֆիլիսի մանրէաբանությանը.
52) Ոչ սպեցիֆիկ բակտերիալ վարակների մանրէաբանական առանձնահատկություններին.
53) Ներհիվանդանոցային վարակների մանրէաբանական ասպեկտներին.
54) Պայմանական-ախտածին բակտերիաների ախտածին հատկությունների դրսևորման պատճառներին.
55) Մանրէաբանական ախտորոշման նշանակությանը և սկզբունքներին, արդյունքների մեկնաբանությանը։ Հայտնաբերված մանրէների էթիոլոգիական նշանակության չափորոշիչներին.
56) Պայմանական-ախտածին մանրէների նույնականացման և տարբերակման եղանակներին.
57) Ստաֆիլակոկերի ցեղի ընդհանուր բնութագրին. առանձին տեսակների դերին մարդու ախտաբանությունում.
58) Ստաֆիլակոկերի դասակարգմանը և ախտորոշմանը.
59) Pseudomonas (Պսեվդոմոնազ) ցեղի և Pseudomonadacea (Պսևդոմոնադացեա) ընտանիքի այլ ցեղերի ընդհանուր բնութագրին.
60) Առանձին տեսակների դերին մարդու ախտաբանությունում.
61) Պսեվդոմոնադների դասակարգմանը և ախտորոշմանը.
62) Streptococcus (Ստրեպտոկոկուս) ցեղի ընդհանուր բնութագրին։ Առանձին տեսակների դերը մարդու ախտաբանությունում.
63)Ստրեպտակոկերի և էնտերակոկերի դասակարգմանը և ախտորոշմանը.
64) Հեմոֆիլների ընդհանուր բնութագրին.
65) Հեմոֆիլների դասակարգմանը և ախտորոշմանը.
66) Չֆերմենտացնող գրամ-բացասական մանրէների ընդհանուր բնութագրին, դասակարգմանը և ախտորոշմանը.
67) Clostridium (Կլոստրիդիում) ցեղի ներկայացուցիչների ընդհանուր բնութագրին, դասակարգմանը և ախտորոշմանը.
68) Ոչ սպորավոր անօդակյաց մանրէների ընդհանուր բնութագրին, դասակարգմանը և ախտորոշմանը.
69) Campilobacter (Կամպիլոբակտեր) ցեղի և Helicobacter (Հելիբակտեր) ցեղի ընդհանուր բնութագրին, դասակարգմանը և ախտորոշմանը.
70) Legionella (Լեգիոնելլա) ցեղի ընդհանուր բնութագրին, դասակարգմանը. տարբեր տեսակների դերին մարդու ախտաբանությունում.
71) Lactobacillus (Լակտոբացիլլուս) ցեղի և Bifidobacterium (Բիֆիդոբակտերիում) ցեղի ընդհանուր բնութագրին և նրանց նշանակությանը մարդու համար.
72) Մարդու օրգանների և համակարգերի ոչ սպեցիֆիկ վարակների մանրէաբանական ախտորոշմանը: Մանրէային հայտնաբերումների էթիոլոգիական նշանակալիության չափանիշերին.
73) Մարդու օրգանների համակարգերի ռեզիդենտ (մշտական) միկրոֆլորային.
74) Ոչ սպեցիֆիկ վարակների նոզոլոգիական ձևերին և կառուցվածքին.
75) Միկրոսկոպիկ սնկերին` որպես մարդու և կենդանիների միկոզների հարուցիչներ.
76) Ախտածին սնկերի ընդհանուր բնութագրին.
77) Միկոզների լաբորատոր ախտորոշման սկզբունքներին և սնկային կուլտուրաների նույնականացման եղանակներին.
78) Սանիտարական մանրէաբանության խնդիրներին.
79) Շրջակա միջավայրի (օդ,ջուր,հող) և սննդամթերքի նորմալ միկրոֆլորային.
80) Սանիտարացուցադրական մանրէների մասին գիտելիքներին.
81) Շրջակա միջավայրի օբյեկտների սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական գնահատման և նորմավորման սկզբունքներին` համաձայն մանրէային ցուցանիշների.
82) Շրջակա միջավայրի սանիտարական մանրէաբանությանը.
83) Շրջակա միջավայրի օբյեկտների մանրէաբանական ցուցանիշների չափորոշիչներին.
84) Սննդամթերքի սանիտարական մանրէաբանությանը.
85) Սննդային թունավորումների լաբորատոր ախտորոշմանը.
86) Մարդուց կենսաբանական նմուշի և շրջակա միջավայրի, այդ թվում, մարդու կենսոլորտի մանրէաբանական (բակտերիաբանական) հետազոտությունների մեթոդաբանության hիմունքներին և կանոններին, ներառյալ` մանրադիտակային, կուլտուրալ, կենսաքիմիական, իմունաբանական (ներառյալ շճաբանական), մոլեկուլային-կենսաբանական և ֆիզիկա-քիմիական (ներառյալ մաս-սպեկտրոմետրիկ) մեթոդներին.
87) Մարդուց կենսաբանական նմուշի և շրջակա միջավայրի, այդ թվում, մարդու կենսոլորտի նմուշների սննդային արտադրանքի ստացման, տեղափոխման և պահպանման կանոններին և եղանակներին, նմուշների նախապատրաստման առանձնահատկություններին, մանրէաբանական (բակտերիաբանական) հետազոտությունների, ներառյալ` մանրադիտակային, կուլտուրալ, կենսաքիմիական, իմունաբանական (ներառյալ շճաբանական), մոլեկուլային-կենսաբանական և ֆիզիկա-քիմիական (ներառյալ մաս-սպեկտրոմետրիկ) հետազոտությունների նպատակով.
88) Մարդուց կենսաբանական նմուշի և շրջակա միջավայրի, այդ թվում, մարդու կենսոլորտի նմուշների, սննդամթերքի և ներհիվանդանոցային միջավայրի սանիտարա-համաճարակաբանական, այդ թվում, որակի կառավարման և հսկողության նպատակով մանրէաբանական (բակտերիաբանական) հետազոտությունների իրականացման կանոններին.
89) Ներ- և արտահիվանդանոցային օբյեկտների ախտահանության (դեզինֆեկցիայի) և արտաքին միջավայրի օբյեկտների դեկոնտամինացիային, այդ թվում, մարդու կենսոլորտի թափոնների վարակազերծման և օգտահանության (ուտիլիզացիայի), ընթացիկ և եզրափակիչ ախտահանման, ախտահանության և ստերջացման մեթոդներին և սկզբունքներին.
90) Մարդուց կենսաբանական նմուշի և շրջակա միջավայրի, այդ թվում, մարդու կենսոլորտի նմուշների, սննդամթերքի և ներհիվանդանոցային միջավայրի սանիտարահամաճարակաբանական, այդ թվում, որակի կառավարման և հսկողության նպատակով մանրէաբանական (բակտերիաբանական) հետազոտությունների իրականացման կանոններին.
91) Վարակային հիվանդությունների համաճարակաբանական ասպեկտներին.
92) Մանրէաբանական (բակտերիաբանական) հետազոտությունների ընթացքում կիրառվող անձնական պաշտպանական միջոցների (ԱՊՄ) հիմնական բնութագրերին.
93)Ախտածին կենսաբանական ագենտների (ԱԿԱ)` I-IV խմբերի ախտածինների հետ կապված կենսաբանական ռիսկերին.
94) ԱԿԱ` I-IV խմբերի ախտածինների պահպանման եղանակներին.
95) Տարբեր վարակային հիվանդությունների էթիոլոգիայի և պաթոգենեզի սպեցիֆիկ կանխարգելման և բուժման ժամանակակից պատկերացումներին.
96) Մանրէաբանական թեստերի ախտորոշիչ արդյունավետության գնահատման սկզբունքներին.
97) Մանրէաբանական հետազոտությունների որակի կառավարման հիմունքներին.
98) Մանրէաբանական հետազոտությունների հաշվետվության ձևերին.
99) Մանրէաբանական հետազոտությունների հաշվառման ձևերին.
100) Տեղեկատվական-վերլուծական համակարգերում աշխատանքի կանոններին.
101) Բժշկական վիճակագրության հիմունքներին.
102) Հիմնական կենսաբանական վտանգներին, կանխատեսման և կանխարգելման միջոցներին, կենսաբանական վտանգներից պաշտպանող միջոցառումների կազմակերպման և իրականացման սկզբունքներին.
103) Արտադրական հիվանդությունների, դժբախտ դեպքերի վերաբերյալ գրանցման և հաղորդումների կարգին.
104) Ախտածին կենսաբանական ագենտների (ԱԿԱ)` I-IV խմբերի ախտածինների հետ կապված վթարների դեպքում տեղայնացման (լոկալիզացիայի) և վերացման նպատակով մանրէաբանական լաբորատորիայի անձնակազմի գործողությունների կարգին.
105) Մանրէաբանական ախտորոշման բնագավառին վերաբերող, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Առողջապահության նախարարության որոշումներին և հրամաններին.
106) Հետազոտվող նյութի և մաքուր կուլտուրաների ցանքի եղանակներին.
107) Շճաբանական ռեակցիաների իրականացման եղանակներին.
108) Մանրէների հետազոտության մեթոդներին` ժամանակակից սարքավորումների կիրառմամբ.
109) Լվացուկների հետազոտության մեթոդին.
110) Բոլոր տեսակի նմուշների ստերջության վերաբերյալ հետազոտության մեթոդներին.
111) Անջատված մանրէների ցեղային պատկանելությունը որոշելու նպատակով (աղիքային խումբ, օդակաթիլային վարակների հարուցիչներ, չֆերմենտացնող մանրէների խումբ, հեմոֆիլներ, կոկային խումբ, բացիլներ, կլոստրիդներ և այլն) նույնականացման մեթոդներին.
112) Ստորաբաժանման աշխատանքի գնահատման վիճակագրական եղանակներին.
113) Մանրէադիտման եղանակներին.
114) Քսուկների պատրաստման և ներկման եղանակներին տարբեր ներկանյութերով.
115) Տարբեր կլինիկական նյութերի հետազոտությունների մեթոդներին.
116) Կուլտուրաների կենսաքիմիական նույնականացման դասական, ինչպես նաև սարքավորումների (անալիզատորների) օգտագործմամբ եղանակներին.
117) Մանրէների հակաբիոտիկների նկատմամբ զգայունության որոշման եղանակներին.
118) Թիմային համաձայնեցված աշխատանքին.
119) Ստացված նյութերի հետազոտման հերթականության որոշմանը.
120) Ներկանյութերի լուծույթների պատրաստմանը` քսուկների ներկման համար.
121) Հետազոտվող կուլտուրաների քսուկների ֆիքսմանը առարկայական ապակու վրա.
122) Ներկման պարզ և բարդ (ըստ Գրամի, Ցիլ-Նիլսենի) եղանակներին.
123) Լուսային մանրադիտակի օգտագործմանը.
124) Սննդային միջավայրերի պատրաստմանը.
125) Առաջնային ցանքի և հարստացման համար օպրիմալ հավաքածու սննդային միջավայրերի որոշմանը.
126) Նյութի ցանքի ուղիղ, հյուծման, նոսրացման եղանակներին.
127) Կլինիկական նյութից և հիվանդի շրջակա միջավայրից մանրէների անջատման եղանակներին.
128) Սանիտարամանրէաբանական հետազոտությունների դեպքում շրջակա միջավայրի օբյեկտներից և սննդամթերքներից մանրէների անջատման եղանակներին.
129) Կուլտուրաների կախույթի ստանդարտացման եղանակներին.
130) Նյութերի ավտոկլավում մեթոդին.
131) Չորօդային ստերջացում մեթոդին.
132) Միկրոանօդակյաց և անօդակյաց պայմաններում հետազոտության իրականացմանը.
133) Կենսաքիմիական թեստերի որոշմանը դասական և ժամանակակից սարքավորումների միջոցով.
134) Շճաբանական թեստերի իրականացմանը տարբեր մեթոդներով.
135) Մանրէների հակաբիոտիկագրամայի որոշման իրականացմանը.
136) Աշխատատեղի և սենյակի ախտահանման եղանակներին.
137) Աշխատակազմի վարակման վտանգի դեպքում շտապ միջոցառումների իրականացմանը.
138) Մանրէաբանական լաբորատորիայում անհրաժեշտ մակարդակով համակարգչային աշխատանքների իրականացմանը:
6. Հատուկ գիտելիքներ և հմտություններ. բժիշկ-մանրէաբանը/մանրէաբանը պետք է`
1) Որոշի հետազոտման ենթակա նմուշի բնույթը և ծավալը.
2) Կազմակերպի նմուշի ընտրությունը, նմուշառումը և տեղափոխումը լաբորատորիա.
3) Որոշի նմուշի տեղափոխման և պահպանման պայմանները և եղանակը.
4) Իրականացնի նմուշի և անջատված կուլտուրաների մանրադիտակային հետազոտություն.
5) Որոշի ցանքի ընտրված մեթոդի/եղանակի/ նպատակահարմարությունը.
6) Որոշի առաջնային ցանքի համար նախատեսված սննդային միջավայրերը, անհրաժեշտության դեպքում, որոշի նաև տվյալ միջավայրերից հարստացման համար ամենահամապատասխանը.
7) Անջատի և նույնականացնի մանրէներ կլինիկական նմուշից, նաև հիվանդի շրջակա միջավայրի նյութերից.
8) Անջատի և նույնականացնի մանրէները շրջակա միջավայրի օբյեկտներից և սննդամթերքից.
9) Որոշի աճած կուլտուրաների որակական և քանակական բնութագրերը.
10) Անջատի կամ ստանա մաքուր կուլտուրա.
11) Ընտրի անհրաժեշտ թեստեր տաքսոնոմիան որոշելու համար.
12) Անհրաժեշտության դեպքում որոշի հակաբիոտիկագրաման.
13) Ստանա կամ անջատի հետազոտվողի արյունից շիճուկը.
14) Իրականացնի ռեակցիաներ հարուցիչի նկատմամբ իմուն պատասխանի վերաբերյալ.
15) Նմուշի հետազոտման ավարտից հետո հիմնավորի պատասխանը սահմանված ձևով և տրամադրի պատվիրատուին.
16) Ապահովի ինֆեկցիոն նյութերի ախտահանումը.
17) Ձևակերպի հաշվառման-հաշվետվական բժշկական փաստաթղթեր.
18) Պլանավորի աշխատակիցների և սեփական աշխատանքը (տարի, ամիս, շաբաթ, օր).
19) Հսկի լաբորատոր աշխատակիցների կողմից անվտանգության տեխնիկայի և հակահամաճարակային ռեժիմի պահպանումը։
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Բժիշկ-մանրէաբանը/մանրէաբանը պետք է ունենա.
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն. բժիշկ-մանրէաբանը/մանրէաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
9. Տեխնիկական հմտություններ. բժիշկ-մանրէաբանը/մանրէաբանը պետք է կարողանա.
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում դրանք օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին. 6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10. Բժիշկ-մանրէաբանը/մանրէաբանը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ ԲԺԻՇԿ ՄԱՆՐԷԱԲԱՆԻ/ՄԱՆՐԷԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են բժիշկ-մանրէաբանի/մանրէաբանի վրա։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|