ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«03» սեպտեմբեր 2025 թվականի N 118-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԱՐԱԿԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել վարակաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
03.09.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի սեպտեմբեր «03»-ի N 118-Ն հրամանի |
ՎԱՐԱԿԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Վարակաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն վարակաբանության ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում։
2. Վարակաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի կամ մանկաբույժի որակավորում, հետդիպլոմային կրթություն ինֆեկցիոն հիվանդություններ (վարակաբանություն) մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
3. Վարակաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Վարակաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության վարակաբան.
2) Առողջության առաջնային պահպանման ծառայության վարակաբան.
3) Առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում վարակաբան․
4) Ինֆեկցիոն ստորաբաժանման վարիչ.
5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ. վարակաբանը պետք է տիրապետի`
1) Լիազոր մարմնի կողմից հաստատված վարակաբանության ոլորտին առնչվող փաստաթղթերին՝ կլինիկական ուղեցույցեր, գործելակարգեր, չափորոշիչներ, սանիտարական նորմեր.
2) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.
3) Վարակաբանի գործունեությանն առնչվող հիմնական փաստաթղթերի վարման կարգին (հիվանդության պատմագրի վարում, ամբուլատոր բժշկական քարտի վարում, շտապ հաղորդման ենթակա հիվանդությունների հաղորդման կարգը, մատյանների վարում).
4) Վարակային հիվանդությունների ախտորոշման ընդհանուր և սպեցիֆիկ գործիքակազմին (իրականացման հիմունքներ, ցուցումներ, հակացուցումներ, արդյունքների մեկնաբանություն).
ա. կլինիկական ախտորոշում (հիվանդության դրսևորումներ՝ ախտանշաններ և համախտանիշներ, հիվանդության ընթացք՝ փուլայնություն, բարդություններ, համաճարաբանական ռիսկայնության գնահատում, բոլոր օրգան համակարգերի օբյեկտիվ զննում).
բ. լաբորատոր ախտորոշում (արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, կոպրոգրամմա, կենսաքիմիական, սպեցիֆիկ ախտորոշում՝ շճաբանական, մանրէաբանական, մակաբուծաբանական, մոլեկուլային-կենսաբանական, hաջորդ սերնդի սեքվենավորման (Next Generation Sequencing, NGS)).
գ. գործիքային ախտորոշում (ուլտրաձայնային, էնդոսկոպիկ, ռենտգենաբանական, համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, պոզիտրոն էմիսիոն շերտագրություն).
5) Վարակային հիվանդությունների բուժման առանձնահատկություններին.
ա. հոսպիտալացման և դուրս գրման ցուցումները՝ ինչպես բժշկական ցուցումները, այնպես էլ համաճարակաբանական.
բ. դիսպանսեր հսկողության ենթակա հիվանդությունները և դիսպանսերիզացիայի կարգը.
գ. վարակային հիվանդությունների բուժման նպատակով կիրառվող հիմնական դեղորայքային խմբերի (հակաբակտերիալ, հակավիրուսային, հակասնկային, հակապարազիտար, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ), ստերոիդներ, հակափսխումային դեղորայք, գաստրոպրոտեկտորներ) ֆարմակոկինետիկան և ֆարմակոդինամիկան, դեղորաքային փոխազդեցությունները, ցուցումները և հակացուցումները, ինչպես նաև հիմնական կողմնակի ազդեցությունները և դրանց դրսևորման դեպքում հնարավոր լուծումները։
6) Իմունոլոգիայի հիմունքներին․
ա. իմուն պատասխանի ձևավորման մեխանիզմը և ժամկետները.
բ. բնածին և ձեռքբերովի իմունիտետի տարբերությունները և առանձնահատկությունները.
գ.առաջնային և ձեռք բերովի իմունոդեֆիցիտների հիմնական տեսակները, կլինիկական դրսևորումները և ախտորոշման հիմունքները.
դ. իմուն համակարգի վրա ազդող դեղորայքի հիմնական խմբերը (ազդեցության մեխանիզմ, կողմնակի ազդեցություններ, դեղորայքային փոխազդեցություն)։
7) Հետևյալ վիճակների և համախտանիշների տարբերակիչ ախտորոշմանը (եզրակացություն վարկային ծագման կամ դրա բացառման վերաբերյալ)
ա. տենդ.
բ. լիմֆադենիտ և հեպատոսպլենոմեգալիա.
գ. սուր և քրոնիկական լյարդաբորբ, հիպերբիլիռուբինէմիա
դ. սուր և քրոնիկական փորլուծություն.
ե. մաշկի և լորձաթաղանթների ցանավորում.
զ. շնչառական համակարգի ախտահարում.
է. սիրտ-անոթային համակարգի ախտահարում․
ը. ոսկրահոդային համակարգի ախտահարում.
թ.կենտրոնական նյարդային համակարգ և ծայրամասային նյարդային համակարգի սուր և քրոնիկական ախտահարում.
8) Հետևյալ պաթոլոգիաներին.
ա. աղիքային վարակներ և սննդային թունավորումներ (A00-A09 ՀՄԴ10).
բ. տուբերկուլյոզ (A15-A19 ՀՄԴ10).
գ. մանրէային զոոնոզներ (A20-A28 ՀՄԴ10).
դ. այլ մանրէային վարակներ (A30-A49 ՀՄԴ10).
ե. հետադարձ տենդեր (A68).
զ. ռիկետցիոզներ (A75-A79).
Է. կենտրոնական նյարդային համակարգի վիրուսային վարակներ (A80-A89).
ը. հոդվածոտանիներով փոխանցվող վիրուսային տենդեր և վիրուսային հեմոռագիկ տենդեր (A90-A99).
թ. մաշկի և լորձաթաղանթների ախտահարումով բնորոշվող վիրուսային վարակներ (B00-B09).
ժ. վիրուսային հեպատիտ (B15-B19).
ժա. ՄԻԱՎ (B20-B24).
ժբ. վիրուսային այլ վարակներ (B25-B34).
ժգ. միկոզներ (B35-B49).
ժդ. պրոտոզոային հիվանդություններ (B50-B64).
ժե. հելմինթոզներ (B65-B83).
ժզ. կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ (G00-G09).
ժէ. վերին շնչառական ուղիների սուր շնչառական վարակներ (J00-J06).
ժը. գրիպ և թոքաբորբ (j10-j18).
ժթ. ստորին շնչուղիների այլ սուր շնչառական վարակներ (J20-J22):
9) Իմունիզացիայի ազգային օրացույցին և օրացույցից դուրս առանձին դեպքերում իմունոպրոֆիլակտիկայի կանոններին.
10) Հղիների և հղիության պլանավորման ընթացքում վարակային հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժմանը.
11) Ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժմանը.
12) Իմունդեֆիցիտով պացիենտների վարակների կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժմանը.
13) Հակամանրէային միջոցների հսկողությանը, ժամանակակից մոտեցումներին, առնվազն տարեկան թարմացումներին՝ հակաբիոտիկների նկատմամբ կայունության վերաբերյալ.
14) Ճանապարհորդների վարակային հիվանդությունների հիմունքներին։
6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ. վարակաբանը պետք է կարողանա իրականացնել `
1) Գանգատների, հիվանդության պատմության, համաճարակաբանական անամնեզի, կյանքի անամնեզի հավաքագրում.
2) Արտաքին զննում, պալպացիա, պերկուսիա, աուսկուլտացիա.
3) Երակային մուտքի ապահովում, այդ թվում արյան նմուշառում, դեղորայքի ներմուծում.
4) Սիրտ թոքային վերակենդանացման միջոցառումներ.
5) Ողնուղեղային խողովակի պունկցիա.
6) Ուլտրաձայնային հետազոտության նվազագույն հմտություններ (POCUS).
7) Անձնական պաշտպանիչ միջոցների կիրառում:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Վարակաբանը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ․
2) վեճերի լուծման հմտություններ․
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. Վարակաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
9. Տեխնիկական հմտություններ. վարակաբանը պետք է կարողանա.
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով,
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները,
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն,
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում,
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին,
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10. Վարակաբանը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ ՎԱՐԱԿԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են վարակաբանի վրա։
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՎԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱՅԻ) ԸՆԹԱՑՔՈՒՄ`
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունը` ըստ Աղյուսակի.
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են`
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել.
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում.
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ).
Աղյուսակ
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|