ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3611-Ա |
«03» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ քաղաքացի Էլեն Ղևոնդյանի 2025 թվականի օգոստոսի 5-ի թիվ Դ-84533-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
2025 թվականի օգոստոսի 5-ի թիվ Դ-84533-25 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2025 թվականի օգոստոսի 27-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Էլեն Ղևոնդյանը:
ՈՒսումնասիրելով 2025 թվականի օգոստոսի 5-ի թիվ Դ-84533-25 դիմումը, ինչպես նաև դիմումին կից ներկայացված ապացույցները, 2025 թվականի օգոստոսի 27-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր ապացույցներն ու փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Էլեն Ղևոնդյանը, հիմք ընդունելով թիվ Դ-84533-25 դիմումում նշված փաստական հանգամանքներն ու ներկայացված ապացույցները, խնդրել է փոխհատուցել 2025 թվականի հունիսի 15-ին Մոսկովյան փողոցի թիվ 18 հասցեում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Suzuki Sx4 S-Cross 1.4T» մակնիշի «05 LL 033» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա տրոլեյբուսի սնուցման էլեկտրական հաղորդալարերը այրվելու հետևանքով առաջացած կրակի կայծեր թափվելու արդյունքում պատճառված վնասը, որը «ՋԻ ԷՄ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի օգոստոսի 4-ին տրված թիվ 25-2736 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ կազմում է 312.000 (երեք հարյուր տասներկու հազար) ՀՀ դրամ:
2019 թվականի օգոստոսի 28-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ PB427107 վկայագրի համաձայն՝ «Suzuki Sx4 S-Cross 1.4T» մակնիշի «05 LL 033» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Էլեն Ղևոնդյանի սեփականությունը:
«ՋԻ ԷՄ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի օգոստոսի 4-ին տրված թիվ 25-2736 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «4.Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննության տրամադրված «Suzuki Sx4 S-Cross 1.4T» մակնիշի «05 LL 033» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի դիմապակու և ձախ կողմի առջևի դռան ապակու վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնք կարող էին առաջանալ ներկայացված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի վարչական վարույթի իրականացման բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Դ.Գևորգյանի կողմից տրամադրված՝ վարչական վարույթը կարճելու մասին 2025 թվականի հունիսի 27-ի որոշմամբ ամրագրված պատահարի արդյունքում՝ դեպքի վայրի տրոլեյբուսի սնուցման Էլեկտրական հաղորդալարերից առաջացած բոցավառման հետևանքով, ընթացքի մեջ գտնվող «Suzuki Sx4 S-Cross 1.4T» մակնիշի «05 LL 033» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա վերևից ներքև ուղղությամբ թափվող, բարձր ջերմային ազդեցությամբ մասնիկների ներգործությունների հետևանքով:
«ՋԻ ԷՄ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի օգոստոսի 4-ին տրված թիվ 25-2736 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «4.Հետևություններ» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Suzuki Sx4 S-Cross 1.4T» մակնիշի «05 LL 033» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմում է 312.000 (երեք հարյուր տասներկու հազար) ՀՀ դրամ:
2025 թվականի օգոստոսի 5-ի թիվ Դ-84533-25 դիմումի ուսումնասիրության արդյունքում «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատարի 2025 թվականի օգոստոսի 15-ի թիվ 507 գրությամբ տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունիսի 15-ին ժամը 11:00-ին Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում կտրվել է տրոլեյբուսի հպակային ցանցը, ինչի կապակցությամբ ընկերության վթարային խումբն անմիջապես մեկնել է նշված վայր և կատարել համապատասխան վթարավերականգնողական աշխատանքներ: Նշված գրությամբ նաև տեղեկացվել է, որ նշված հպակային ցանցը սպասարկվում է «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից և հանդիսանում է վերջինիս սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի վարչական վարույթի իրականացման բաժնի տեսուչի 2025 թվականի հունիսի 27-ի «Վարչական վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն՝ 2025 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում տրոլեյբուսի սնուցման էլեկտրալարերը այրվել են, ինչի հետևանքով այրված նյութերը լցվել են Դավիթ Արշակի Սիմոնյանի կողմից վարած «Suzuki Sx4 S-Cross 1.4T» մակնիշի «05 LL 033» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի դիմապակուն:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը` իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար, բացառությամբ սույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինն իրավունք չունի չընդունելու վարչական վարույթի մասնակիցների ներկայացրած` վարույթին առնչվող դիմումները և փաստաթղթերը, որոնց քննարկումը մտնում է իր իրավասության մեջ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջը դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` սույն օրենսգրքի 1076-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով: Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Նշված հոդվածով սահմանված իրավանորմի կիրառման կապակցությամբ առկա է ձևավորված դատական պրակտիկա՝ հիմնված ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումների վրա: Ըստ այդմ՝ հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Թիվ Դ-84533-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման ենթարկելով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի առարկային առնչվող փաստական հանգամանքները և դրանք համադրելով ծագած իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավանորմերի պահանջների հետ՝ կարելի է փաստել, որ քննարկվող պարագայում Երևան համայնքը չի հանդիսանում վնասի փոխհատուցման պարտականություն կրող իրավասու սուբյեկտ: Միաժամանակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վնասի փոխհատուցման պահանջը ոչ պատշաճ սուբյեկտին ներկայացված լինելու հանգամանքը բավարար հիմք է հանդիսանում պահանջը մերժելու համար, ուստի պատահարի հանգամանքների, ինչպես նաև պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունն ապացուցված լինել-չլինելու հարցերը քննարկման և գնահատման առարկա չեն դարձվում:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2025 թվականի օգոստոսի 15-ի թիվ № 507 գրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ թիվ Դ-84533-25 դիմումով նկարագրված պատահարում տեղ գտած տրոլեյբուսի սնուցման էլեկտրական հաղորդալարերը չեն հանդիսանում Երևան համայնքի սեփականությունը և չեն սպասարկվում վերջինիս կողմից և առկա չեն պատահարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության անմիջական, ուղղակի և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը հիմնավորող ապացույցներ, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 60-րդ, 164-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1072-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ, 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Էլեն Ղևոնդյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին 2025 թվականի օգոստոսի 5-ի թիվ Դ-84533-25 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |