ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔ-ԱՌՈՂՋԱՐԱՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 30
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/1, հունվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 1995 թ. N 30

Քաղ. Երևան

 

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔ-ԱՌՈՂՋԱՐԱՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 2-ի «Ջերմուկ քաղաք-առողջարանի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման միջոցառումների մասին» N 404 որոշման լիովին կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Ջերմուկի` որպես քաղաք-առողջարանի առանձնահատուկ դերն ու նշանակությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պատգամավորների Ջերմուկի քաղաքային խորհրդի  գործադիր կոմիտեին`

ա) Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության հետ համաձայնեցնելով, 1995 թվականի ընթացքում լուծել «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանի առկա արտադրական մակերեսների հիմքի վրա ոչ ապակյա տարաների արտադրություն կազմակերպելու հարցը.

բ) քաղաքային փոքր ՀԷԿ-երի աշխատանքային ռեժիմի կարգավորման նպատակով «Սպիտակ աղբյուրների» արտահոսող ջրերի հաշվին սեփական միջոցներով ավելացնել «Ջերմուկ» հանքային ջրերի ըմպելասրահի արհեստական լճի ջրի քանակը.

գ) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հետ համատեղ քաղաքի ձախափնյա բնակելի թաղամասի առկա տարածքում 1995 թվականի ընթացքում ստեղծել մանկապատանեկան ստեղծագործության բազմաճյուղ կենտրոն.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման հետ համատեղ քաղաքի ձախափնյա բնակելի թաղամասում գործող միջնակարգ դպրոցի եռհերթ ուսուցումը վերացնելու նպատակով 1995 թվականին վերակառուցել 320 տեղանոց չօգտագործվող մանկապարտեզի շենքը` այն որպես միջնակարգ դպրոցի մասնաշենք օգտագործելու համար:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ նախատեսել նշված աշխատանքների ֆինանսավորումը:

2. Առաջարկել Հայաստանի արհմիությունների կուրորտների հանրապետական խորհրդին` պատգամավորների Ջերմուկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի հետ համատեղ արագացնել Ջերմուկ քաղաքի առողջարանային դահլիճի շենքի շահագործման նպատակով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծման գործընթացը:

3. Ջերմուկ քաղաքի առողջարանային դահլիճի շենքի տանիքի վերակառուցման և նորոգման աշխատանքների պատվիրատուի պարտականությունները դնել պատգամավորների Ջերմուկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի վրա:

Պատգամավորների Ջերմուկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` ֆինանսավորել և երկամսյա ժամկետում ավարտել Ջերմուկ քաղաքի առողջարանային դահլիճի շենքի տանիքի վերակառուցման ու նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները` հետագայում բյուջեի հետ հարաբերությունները ճշտելու պայմանով:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստ լինելուն պես քննության առնել 1995 թվականին Ջերմուկ քաղաքի առողջարանային դահլիճի շենքի տանիքի վերակառուցման ու նորոգման աշխատանքների ֆինանսավորման հարցը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` Ջերմուկ քաղաքը ապրանքային ձկով ապահովելու նպատակով քաղաքի տարածքում Արփա գետի հատվածում առկա արհեստական ջրային մակերեսներում կազմակերպել ձկնաբուծություն և ձկնարդյունաբերություն:

5. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման և պատգամավորների Ջերմուկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի հետ համատեղ մեկամսյա ժամկետում քննարկել Ջերմուկ քաղաքի կեղտաջրերի մաքրման համակարգի և դրա տեղադրության վայրի հարցը, նկատի ունենալով անհրաժեշտության դեպքում մաքրման կենսակոմպակտների օգտագործումը, և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) 1995 թվականին ապահովել Ջերմուկ քաղաքի ձախափնյա բնակելի թաղամասի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը և դրանց պատրաստ լինելուն պես այդ աշխատանքների ֆինանսավորման մասին առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

գ) համապատասխան գերատեսչությունների և պատվիրատու կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել Ջերմուկ քաղաքի անավարտ շինարարության օբյեկտների վիճակն ու հետագայում դրանց օգտագործման հնարավորությունները և եռամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` 1995-1996 թվականների շինարարական ծրագրերի նախագիծը կազմելիս նախատեսել Գնդեվազ-Կեչուտ-Ջերմուկ ավտոճանապարհի ծածկի` ամբողջությամբ նորոգման աշխատանքները:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) 1995 թվականին ապահովել «Ակունք» բնակելի թաղամասի կառուցապատման, ինչպես նաև թաղամաս տանող ավտոճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը և դրանց պատրաստ լինելուն պես շինարարությունն սկսելու մասին առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) Արփա-Սևան և Կեչուտի ջրամբարի շրջակա տարածքի բարեկարգման, անտառապատման և կանաչապատման առկա աշխատանքային նախագծերի հիման վրա 1996 թվականին շարունակել նշված տարածքի բարեկարգման-շինարարական աշխատանքները:

8. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` կազմակերպել Ջերմուկ քաղաքի տարածքում «Գլաձոր» առողջարանի մոտ գտնվող միջնադարյան եկեղեցու ավերակների պեղումները:

9. Սույն որոշման կատարման ընթացքին անդրադառնալ 1995 թվականի հուլիսին և տարեվերջին` կատարման վերահսկողությունը դնելով պատգամավորների Ջերմուկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ