ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.08.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«29» օգոստոս 2025 թվականի

N 112-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մանկական նյարդաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

29.08.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

առողջապահության նախարարի

2025 թվականի օգոստոս «29»-ի 

N 112-Ն հրամանի

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մանկական նյարդաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն մանկական նյարդաբանություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Մանկական նյարդաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն մանկական նյարդաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Մանկական նյարդաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4․ Մանկական նյարդաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկական նյարդաբան․

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության մանկական նյարդաբան․

3) Վերականգնողական կամ առողջարանային բժշկական հաստատության կամ խնամքի հաստատության մանկական նյարդաբան.

4) Հիվանդանոցային բժշկական հաստատության բաժնի ղեկավար.

5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5․ Բժշկական գիտելիքներ. մանկական նյարդաբանը պետք է`

1) Տիրապետի մանկաբուժության, նյարդաբանության ընդհանուր գիտելիքներին.

2) Տիրապետի թերապիայի ընդհանուր գիտելիքներին.

3) Տիրապետի մասնագիտական հմտություններին պացիենտի հետազոտման, ախտորոշման և բուժման վերաբերյալ, այդ թվում՝ տեսական և կլինիկական.

4) Տիրապետի կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի, այդ թվում նաև մկանակմախքային համակարգի անատոմիայի և ֆիզիոլոգիայի վերաբերյալ գիտելիքներին.

5) Տիրապետի մանկական նյարդաբանության խորացված գիտելիքներին.

6) Տիրապետի համակարգային հիվանդությունների վերաբերյալ գիտելիքներին.

7) Տիրապետի դեղորայքների ընդհանուր խմբերի, ֆարմակոկինետիկայի և ֆարմակոդինամիկայի հիմնարար գիտելիքներին, ինչպես նաև դեղերի հնարավոր կողմնակի ազդեցությունների և դեղորայքային փոխազդեցությունների վերաբերյալ գիտելիքներին.

8) Կարողանա կատարել բուժական և ախտորոշիչ միջամտություններ.

9) Կարողանա ձեռք բերել տեղեկատվություն կոնկրետ հիվանդությունների վերաբերյալ, դրանց կանխարգելման, ընթացքի, հետազոտման մեթոդների և բուժման նորագույն մոտեցումների կիրառմամբ, այն է․

ա․ վարման տարբերակված պլանի կազմում՝ համաձայն ընդունված ընթացակարգերի ու գործելակարգերի.

բ․ հիվանդությունների միջազգային դասակարգիչին համապատասխան ախտորոշումների հստակեցում.

գ․ ապացուցողական բժշկության հիմունքների պահպանում.

10) Կարողանա կատարել հիվանդի ընդհանուր զննում.

11) Կարողանա գնահատել հիվանդի ցուցանիշները. այդ թվում՝

ա․ կատարել հոգեբանական վիճակի գնահատում․

բ․ հաճախ հանդիպող հոգեբուժական վիճակների իմացություն․

գ․ վարել հոգեբանական հարցազրույցներ.

12) Կարողանա մեկնաբանել լաբորատոր հետազոտությունների արդյունքները՝ ելնելով երեխայի տարիքից․

13) Կարողանա կատարել պացիենտի ճիշտ ուղեգրում համապատասխան նեղ մասնագիտական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում.

14) Կարողանա կատարել մանկաբուժական անհետաձգելի (սուր) իրավիճակների գնահատում և կառավարում.

15) Տեղյակ լինի ցավի նեյրոֆիզիոլոգիայից.

16) Տեղյակ լինի նեյրոիմունոլոգիայից.

17) Տեղյակ լինի դեղաբանությունից.

18) Տեղյակ լինի նեյրոգենետիկայի հիմունքներից.

19) Կարողանա տեղեկատվություն հավաքել նյարդաբանական հիվանդություն ունեցող պացիենտներից․

20) Կարողանա իրականացնել նյարդաբանական հիվանդություն ունեցող պացիենտների ախտորոշում՝ հավաքված անամնեզի և լաբորատոր-գործիքային տվյալների հիման վրա.

21) Կարողանա ապացուցողական բժշկության հիմունքների վրա իրականացնել նյարդաբանական հիվանդություն ունեցող պացիենտների բուժում՝ դեղերի նշանակում, դրանց ներազդման մեխանիզմների և կողմնակի ազդեցությունների իմացություն.

22) Կարողանա իրականացնել պացիենտի իրազեկում նշանակված բուժման վերաբերյալ, տալ բացատրություն ակնկալվող կողմնակի ազդեցությունների ի և օգուտ-վնաս հարաբերակցության մասին.

23) Կարողանա համարժեք ձևով բացատրել պացիենտին և նրա հարազատներին ախտորոշման, հիվանդության հնարավոր ելքերի և հետևանքների մասին, անհրաժեշտության դեպքում պացիենտին ուղղորդել համապատասխան սքրինինգային հետազոտությունների.

24) Կարողանա իրականացնել նյարդաբանական հիվանդություն ունեցող պացիենտների ոչ դեղորայքային բուժման (այդ թվում, ֆիզիկական ակտիվություն, վիրահատական միջամտություն և այլն) ուղեգրում և դրանց անհրաժեշտության բացատրում.

25) Կարողանա իրականացնել նյարդաբանական հիվանդություն ունեցողների կրկնակի խորհրդատվություններ, բուժման երկարատև հետևում և հսկում քրոնիկական հիվանդությունների դեպքում.

26) Իմանա նյարդաբանական անհետաձգելի իրավիճակների, այդ թվում՝ նաև գիտակցության խանգարումներով ընթացող վիճակների մասին և կարողանա արագ արձագանքել.

27) Կարողանա հաղորդակցվել այլ բժիշկ մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում պացիենտին ուղեգրել խորհրդատվության և վերլուծել նրանց կողմից տրված տվյալները՝ ճիշտ բուժում նշանակելու համար։

28) Կարողանա մեկնաբանել նեղ նյարդաբանական ախտորոշիչ գործիքային հետազոտությունների, այդ թվում Էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի (ԷԷԳ), Էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի (ԷՆՄԳ), պոլիսոմնոգրաֆիայի (ՊՍԳ), տեսողական հարուցված պոտենցիալների (և այլն) տվյալները, որոնք տրամադրվում են այդ հետազոտությունններն իրականացնող այն նեղ մանկական նյարդաբանների կողմից, որոնք մասնագիտացած են նյարդային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման ոլորտում։

29) Կարողանա, անհրաժեշտության դեպքերում, որոշ քրոնիկական հիվանդություններով պացիենտներին (մանկական վերականգնողական ծառայության բուժական միջոցառումների կարիքն ունեցող քրոնիկ նյարդաբանական վիճակներով երեխաներին) ուղեգրել վերականգնողական կենտրոններ, ապահովելով ինչպես բուժման համակողմանիությունը, այնպես էլ շարունակականությունը։

30) Նյարդաբանական տարբեր հիվանդությունների դեպքում իրականացնի պացիենտի, ինչպես նաև ընտանիքի անդամների առողջ ապրելակերպի ուսուցում:

6․ Բժշկական hատուկ գիտելիքներ. մանկական նյարդաբանը պետք է`

1) Տիրապետի բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներին, ապահովի բուժօգնության որակը և պացիենտի անվտանգությունը.

2) Կարողանա առաջին և շտապ բուժօգնություն տրամադրել անհետաձգելի իրավիճակներում, արտակարգ իրավիճակներում, բուժտարհանման միջոցառումների ժամանակ.

3) Իմանա մանկական (ինչպես նաև մեծահասակների) բնածին և ձեռքբերովի հիվանդությունների բուժման ցուցումները և ժամկետները.

4) Տիրապետի մանկական նյարդաբանության մեջ արտա- և ներհիվանդանոցային պայմաններում օգտագործվող դեղամիջոցների ցանկին, դրանց ազդեցության մեխանիզմներին, օգտագործման ցուցումներին, փոխազդեցություններին և կողմնակի արդյունքներին.

5) Կարողանա կատարել նյարդաբանական զննման ճիշտ իրականացում.

6) Կարողանա կատարել նյարդաբանական վիճակի ճիշտ գնահատում.

7) Կարողանա կատարել զարկերակային ճնշման (ԶՃ) չափում.

8) Կարողանա կատարել գոտկային պունկցիա.

9) Կարողանա կատարել ծայրամասային երակային, միզային կաթետերացման իրականացում.

10) Կարողանա կատարել նազոգաստրալ զոնդավորում.

11) Կարողանա կատարել ներերակային հեղուկների ներմուծման հաշվարկ.

12) Կարողանա կատարել ակնահատակի զննում և մեկնաբանություն.

13) Կարողանա ճիշտ ախտորոշել և բուժել հետևյալ հիվանդությունները կամ խանգարումները՝

ա․ առաջնային և երկրորդային գլխացավեր, դիմային ցավեր.

բ․ գիտակցության խանգարումով ընթացող վիճակներ՝ կոմա, մինիմալ գիտակցական վիճակ, ուղեղի մահ և այլն.

գ․ իշեմիկ և հեմոռագիկ կաթված.

դ․ էպիլեպսիա և նոպայաձև խանգարումներով ուղեկցվող այլ վիճակներ.

ե․ քնի խանգարումներ.

զ․ վեստիբուլոպաթիա.

է․ տարբեր ծագումնաբանություն ունեցող սուր և քրոնիկական պոլինեյրոպաթիաներ.

ը․ շարժողական խանգարումներ.

թ․ ցրված սկլերոզ և այլ աուտոիմուն ծագման կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ (ԿՆՀ) հիվանդություններ.

ժ․ նյարդամկանային հաղորդակցության հիվանդություններ.

ժա․ սուր և քրոնիկական ցավային համախտանիշներ.

ժբ․ նեյրոինֆեկցիաներ.

ժգ․ վարքային խանգարումներ.

ժդ․ այլ համակարգային հիվանդության նյարդաբանական դրսևորումներ.

ժե․ դեղերի կողմնակի ազդեցություններ, որոնք առնչվում են նյարդային համակարգին.

ժզ․ նեյրոտրավմա.

ժէ․ ինտենսիվ թերապիայի իրականացում մանկական նյարդաբանությունում:

 

4 ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7․ Մանկական նյարդաբանը պետք է ունենա`

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն. մանկական նյարդաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման.

9. Տեխնիկական հմտություններ. մանկական նյարդաբանը պետք է կարողանա.

1) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները․

2) իրականացնել բժշկական վիճակագրական տեղեկատվության վերլուծություն

3) վարել համապատասխան բժշկական փաստաթղթեր․

4) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին․

5) տիրապետել տեղակատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին՝ իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6 ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Մանկական նյարդաբանը պետք է կարողանա`

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են մանկական նյարդաբանի վրա։

 

8 ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13․ Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են`

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել․

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության աստիճան

Կոմպետենտության մակարդակ

 1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

 2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

 3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2025 թվական: