ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՊԱՄ ԸՆՏԱՆԻՔ» ՍՊԸ 17.03.2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ ՓԿ N 060 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1903-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.09.2025
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«02» սեպտեմբերի 2025 թ.

ք. Երևան

N 1903-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՊԱՄ ԸՆՏԱՆԻՔ» ՍՊԸ 17.03.2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ ՓԿ N 060 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանս (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին), ուսումնասիրելով N-Ն/17.3/3988-2025 վարչական վարույթի նյութերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 

1. Գործի նախապատմությունը.

1) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը (այսուհետ՝ Նախարարի տեղակալ) 03.07.2025 թվականի թիվ 04/11.2/5535-2025 գրությամբ ի թիվս այլնի, դիմել է նաև «Պամ ընտանիք» ՍՊԸ (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) տնօրեն Հովհաննես Պետրոսյանին, որով խնդրել է ապահովել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 16.11.2023 թվականի «Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն հրամանով (այսուհետ նաև՝ Հրաման) հաստատված հավելվածի 13-րդ կետով սահմանված ժամկետում կազմակերպության գործունեությանը վերաբերող՝ հավելվածի Ձև 1-ին համապատասխան լրացված հաշվետվության ներկայացումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն):

Միաժամանակ, Նախարարի տեղակալի 24.07.2025 թվականի թիվ 04/11.2/6218-2025 գրությամբ Կազմակերպության տնօրենին կրկին հայտնվել է՝ Կազմակերպության գործունության վերաբերյալ Հրամանի հավելվածի 13-րդ կետով սահմանված ժամկետում՝ Հրամանի Ձև 1-ին համապատասխան լրացված հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

2) Վերը նշված գրությունը Կազմակերպության կողմից ստացվել է 25.07.2025 թվականին (հիմք՝ թիվ ALՕ128853874AM փոստային ծանուցագիր), սակայն Կազմակերպության կողմից համապատասխան հաշվետվությունը Նախարարություն չի ներկայացվել:

 

2. Վարչական վարույթ հարուցելու հիմքը և հարուցված վարչական վարույթի ընթացքը.

1) Վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Նախարարության կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանի կողմից (այսուհետ՝ Վարչության պետ) 30.07.2025 թվականին ներկայացված զեկուցագիրը (այսուհետ՝ Զեկուցագիր):

2) Ներկայացված Զեկուցագրով Վարչության պետը հայտնել է, որ Նախարարության համապատասխան գրությամբ Կազմակերպությանը տեղեկացվել է Կազմակերպության գործունեության վերաբերյալ՝ Հրամանի հավելվածի 13-րդ կետով սահմանված ժամկետում՝ Հրամանի Ձև 1-ին համապատասխան լրացված հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ, սակայն մինչ Զեկուցագիր ներկայացնելու ժամանակահատվածը՝ 30.07.2025 թվականը պահանջվող տեղեկատվությունը Կազմակերպության կողմից չի ներկայացվել:

Զեկուցագրով Վարչության պետը խնդրել է Կազմակերպության նկատմամբ հարուցել վարչական վարույթ՝ Հրամանի հավելվածի 13-րդ կետով սահմանված ժամկետում՝ Հրամանի Ձև 1-ին համապատասխան լրացված հաշվետվություն ներկայացնելու և ՀՀ կառավարության 16.02.2012 թվականի թիվ 211-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 71.1-ին և 16.02.2012 թվականի թիվ 173-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 75.1-ին կետերի կատարումը չապահովելու հիմքերով:

3) Լիազոր մարմնի 07.08.2025 թվականի թիվ N 01-Ա որոշմամբ կայացվել է՝ վարչական վարույթ հարուցելու մասին որոշում:

4) Վերոնշյալ որոշմամբ վարույթի իրականացումը հանձնարարվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության վերահսկողական բաժնին:

5) Նախարարի տեղակալի 08.08.2025 թվականի թիվ 01/17.3/6735-2025 գրությամբ վարչական վարույթի շրջանակներում 14.08.2025 թվականին, ժամը՝ 12:00-ին նշանակվել են լսումներ:

6) Վարչական վարույթի շրջանակներում 14.08.2025 թվականին, ժամը՝ 12:00-ին նշանակված լսումներին «Պամ Ընտանիք» ՍՊԸ ներկայացուցչի չներկայանալու, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական կայքում LՕ129060149AM բեռնային համարի առաքանին «Պամ Ընտանիք» ՍՊԸ հանձնված լինելու տվյալի բացակայության հանգամանքներով պայմանավորված, նշված վարույթի շրջանակներում՝ 25.08.2025 թվականին, ժամը՝ 12:00-ին կրկին նշանակվել են լսումներ:

7) Վարչական լսումների վերաբերյալ վերը նշված գրությունները, ինչպես նաև վարչական վարույթ հարուցելու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկվել են Կազմակերպությանը:

 

3. Վարույթի համար նշանակություն ունեցող փաստերը.

1) Նախարարության կողմից «Պամ Ընտանիք» ՍՊԸ տրվել է փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա (հիմք` 17.03.2021 թվականին տրված թիվ ՓԿ N 060 լիցենզիա):

2) Թիվ N-Ն/17.3/3988-2025 վարչական վարույթի լսումների վերաբերյալ 25.08.2025 թվականին կազմված արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) համաձայն՝ վարչական լսումներին վարչական ակտի հասցեատերը չի մասնացել:

Արձանագրությամբ որոշվել է վարչական վարույթը եզրափակել վարչական ակտի ընդունմամբ։

3) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 20.05.2024 թվականի թիվ 909-Ա հրամանով ստեղծված՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստային կապի գործունեության լիցենզավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Լիցենզավորող հանձնաժողով) 01.09.2025 թվականի նիստի արձանագրությամբ որոշվել է տալ Եզրակացություն՝ «Պամ Ընտանիք» ՍՊԸ 17.03.2021 թվականին տրամադրված՝ փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեություն իրականացնելու թիվ ՓԿ N 060 լիցենզիայի գործողությունը՝ որոշակի պայմաններով կասեցնելու վերաբերյալ:

4) Լիցենզավորող հանձնաժողովի կողմից 01.09.2025 թվականին տրվել է Եզրակացություն՝ «Պամ Ընտանիք» ՍՊԸ 17.03.2021 թվականին տրամադրված փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեություն իրականացնելու թիվ ՓԿ N 060 լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ (այսուհետ՝ Եզրակացություն):

 

4. Վարչական ակտի իրավական հիմքերը և հիմնավորումները.

«Փոստային կապի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում պետական կառավարումը և կարգավորումն իրականացնում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

Լիազորված մարմինը՝

(…)

բ) օրենքով սահմանված կարգով իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզավորում (…):

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 16-րդ կետի համաձայն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակում և իրականացնում է (…) փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, (…) և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովման, (…) գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ (…) լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերը քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա տված մարմինները կամ նրանց իրավահաջորդները:

«Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի գործունեության լիցենզիան տալիս է լիազորված մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

«Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ պարբերության համաձայն՝ փոստային կապի գործունեության համար տրամադրված լիցենզիայի գործունեությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերով սահմանված պայմանների և պահանջների խախտման դեպքում:

ՀՀ կառավարության 16.02.2012 թվականի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու և տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով փոստային կապի օպերատորից, ինչպես նաև փոստային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 211-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 71.1-ին կետի համաձայն՝ փոստային կապի օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 11-Ն հրամանին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնել հաշվետվություն:

ՀՀ կառավարության 16.02.2012 թվականի «Սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու և տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով սուրհանդակային կապի օպերատորից, ինչպես նաև սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 173-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 75.1-ին կետի համաձայն՝ սուրհանդակային կապի օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 11-Ն հրամանին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնել հաշվետվություն:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 16.11.2023 թվականի «Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն հրամանի հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ սույն որոշման Ձև 1-ին համապատասխան լրացված հաշվետվությունը Նախարարություն է ներկայացվում ընթացիկ տարվա յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը:

Վերոգրյալ իրավանորմերի, համադրված վերլուծությունից հետևում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է «փոստային կապի գործունեության ոլորտում» Կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմին, որին նշված ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը՝ ընթացիկ տարվա յուրաքանչյուր կիսամյակի համար ներկայացնել համապատասխան հաշվետվություն:

Այս պարտավորությունը հանդիսանում է լիցենզավորման կարգավորող բաղադրիչ, որի կատարումը անհրաժեշտ է ոլորտի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնելու նպատակով:

Քննարկվող դեպքում, Կազմակերպության կողմից սահմանված ժամկետում Նախարարություն չի ներկայացվել Հրամանի հավելվածի 13-րդ կետով նախատեսված Ձև 1-ին համապատասխան լրացված հաշվետվություն, որի վերաբերյալ հայտնվել է Կազմակերպությանը, սակայն վերջինիս կողմից հաշվետվություն ներկայացնելու պարտականությունը չի կատարվել:

Լիազոր մարմինը 07.08.2025 թվականի որոշմամբ արձանագրել է, որ Կազմակերպության կողմից խախտվել է Հրամանի հավելվածի 13-րդ կետով նախատեսված Ձև 1-ին համապատասխան լրացված հաշվետվության ներկայացման պարտավորությունը, այն է՝ սահմանված ժամկետում համապատասխան հաշվետվություն չի ներկայացվել Նախարարություն։

Նշվածից հետևում է, որ Կազմակերպությունը խախտել է ոլորտային իրավական ակտով սահմանված հաշվետվություն ներկայացնելու պարտականությունը, որի հետևանքով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն նախաձեռնել է համապատասխան վարչական ընթացակարգ, ինչը, իր հերթին, հանգեցրել է լիցենզիայի գործողության կասեցմանը:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմիններն ստեղծում են հանձնաժողովներ (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողովներ), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն կետով նախատեսված գործողությունները կատարվում են կոլեգիալ լիցենզավորող մարմինների որոշումներով:

 «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա (…):

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ լիցենզիա տալու, կասեցնելու կամ դադարեցնելու համար հարկավոր է համապատասխան եզրակացություն, որը տրվում է լիցենզավորող հանձնաժողովի կողմից, ինչը լիցենզավորման գործընթացում՝ որոշումների կայացման համար անհրաժեշտ ընթացակարգային պայման է։

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տվյալ որոշումները ընդունվում են կոլեգիալ լիցենզավորող մարմինների կողմից։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը կասեցնելու որոշմամբ պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործողությունը, գործառույթը կամ գործողությունները, ինչպես նաև կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (…):

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում:

Հարուցված վարչական վարույթի փաստական հանգամանքների և վկայակոչված իրավական նորմերի համադրումից հետևում է, որ Կազմակերպությանը տրվել է փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա, որի գործողության ընթացքում լիցենզավորված անձը պարտավոր էր սահմանված ժամկետում Լիազոր մարմին ներկայացնել մինչև 20.07.2025 թվականը կազմակերպության գործունեության վերաբերող 2025 թվականի առաջին կիսամյակի Հրամանի Ձև 1-ին համապատասխան լրացված հաշվետվություն: Սակայն Կազմակերպութան կողմից հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ Հրամանի Ձև 1-ին համապատասխան լրացված հաշվետվություն չի ներկայացվել, որի վերաբերյալ հայտնվել է Կազմակերպությանը:

Ավելին, քննարկվող դեպքի վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել են լսումներ, մինչդեռ Կազմակերպության կողմից՝ հարուցված վարույթի վարչական փուլում ևս Հրամանի Ձև 1-ին համապատասխան լրացված հաշվետվություն չի ներկայացվել Նախարարություն:

Միաժամանակ, Լիցենզավորող հանձնաժողովը, հանդես գալով որպես իրավական և մասնագիտական գնահատման ինստիտուտ, 01.09.2025 թվականին ներկայացրել է եզրակացություն՝ լիցենզիայի կասեցման վերաբերյալ։

Հետևաբար, նկատի ունենալով, որ առկա չէ Լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառներ, գտնում եմ, որ «Պամ ընտանիք» ՍՊԸ տրամադրված՝ փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեություն իրականացնելու թիվ ՓԿ N 060 լիցենզիայի գործողությունը, որոշակի պայմաններով ենթակա է կասեցման:

Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով Լիցենզավորող հանձնաժողովի Եզրակացությունը և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 34-րդ հոդվածներով, «Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «Պամ ընտանիք» ՍՊԸ 17.03.2021 թվականին տրամադրված փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեություն իրականացնելու թիվ ՓԿ N 060 լիցենզիայի գործողությունը՝ մինչև «Պամ ընտանիք» ՍՊԸ կողմից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 16.11.2023 թվականի «Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն հրամանով հաստատված հավելվածի 13-րդ կետով սահմանված ժամկետի՝ 2025 թվականի առաջին կիսամյակին վերաբերող՝ հավելվածի Ձև 1-ին համապատասխան լրացված հաշվետվության ներկայացումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին այն հանձնելու հաջորդող օրվանից և օրենքով սահմանված կարգով և ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան:

 

 

9/2/2025

Մ. Հայրապետյան