ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 1243-Լ
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1121-04.07.2025-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
04.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետություն կառավարությունը կարևորում և կողմ է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված քայլերին։
Առաջարկում ենք «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) վերանայել՝ հաշվի առնելով հետևյալ դիտարկումները:
1. Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով, քանի որ նախագծով կատարվում է միայն փոփոխություն։
2. «Զբաղվածության մասին» գործող օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի համաձայն՝ զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում լիազորված մարմինը և Միասնական սոցիալական ծառայությունը համագործակցում են գործատուների հետ՝ գործընկերային, փոխշահավետ և մշտական հարաբերությունների հաստատման, հետևողական ընդլայնման, խորացման և հետադարձ կապի ապահովման միջոցով:
Նախագծով առաջարկվում է զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում միայն լիազորված մարմնի կողմից համագործակցումը գործատուների հետ, ինչը կարծում ենք չի համապատասխանում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կարգավորման տրամաբանությանը:
3. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանել դրույթ, համաձայն որի՝ այն ոչ պետական կազմակերպությունների համար, որոնք դիմել են պետական աջակցությանն աշխատավայրում խելամիտ հարմարեցումների ապահովման համար, քվոտավորման պահանջը կառաջանա միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով աջակցություն տրամադրելու պարագայում։
4. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանել, որ կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի որոշման ժամանակ չեն դիտարկվում պետական այն կազմակերպությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
5. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածից հանել (այսուհետ՝ օրենք ) բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախագծում «Զբաղվածության մասին» օրենքին հղում այլևս չի կատարվում։
6. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի «համայնքային հիմնարկների» բառերն առաջարկում ենք փոխարինել «համայնքային կառավարչական հիմնարկների» բառերով՝ հիմք ընդունելով հասկացության՝ «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» օրենքում կիրառվող տարբերակը, ինչպես նաև նպատակ ունենալով այն համապատասխանեցնել նույն հոդվածի 4-րդ մասին։
7. Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ քվոտայի պահանջը կատարված է համարվում, եթե մեկ հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 275 օրացուցային օր քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղ զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող անձի կողմից։
Նկատի ունենալով, որ գործող կարգավորմամբ նախատեսված է առնվազն 183 օր աշխատելու պահանջ՝ առաջարկում ենք հիմնավորել 183 օրը 275 օրացուցային օրով փոխարինելու նպատակահարմարությունը:
8. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվոտավորման ենթակա աշխատատեղը լրացված լինելու մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին է ներկայացվում` «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գրանցման հայտի հիման վրա:
Նկատի ունենալով, որ «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-285-Ն օրենքի 1-ին հոդվածով նախագծի վերնագիրը փոփոխվել է, մասնավորապես՝ «Եկամտային հարկի» բառերից հետո լրացվել է «, շահութահարկի» բառով, հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ կարգավորման մեջ կիրառվող օրենքի անվանումն անհրաժեշտ է վերանայել՝ նախատեսելով հետևյալ կերպ. «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:
9. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 20-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված է, որ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում` մինչև քվոտայի պահանջն առաջանալու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Քանի որ հոդվածի 9-րդ մասով քվոտայի չափ չի սահմանվում, այլ նշվում է, թե երբ է քվոտայի պահանջը համարվում կատարված, իսկ քվոտայի պահանջ սահմանվում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, առաջարկում ենք «9-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ մասերով» բառերով:
10. Հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ Քփ-ն տվյալ հարկային տարում կազմակերպության հաշմանդամություն ունեցող աշխատողների աշխատած օրերի (ներառյալ ամենամյա և (կամ) չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները) հանրագումարն է:
Նկատի ունենալով, որ «և (կամ)» շաղկապների առկայությունը կարող է հանգեցնել տարբերվող հաշվարկների, գտնում ենք, որ հայեցողության դրսևորումից խուսափելու և օբյեկտիվ ցուցանիշներ ստանալու համար անհրաժեշտ է նախատեսել «և, կամ» շաղկապներից միայն մեկը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածից ելնելով՝ եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա կարելի է կիրառել «և» կամ ու շաղկապը, իսկ Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, ապա կիրառել «կամ» շաղկապը:
11. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 20-րդ հոդվածի 18-րդ մասը հանել, քանի որ 18-րդ մասի վերանայված ձևակերպումը նախատեսվել է նույն հոդվածի 17-րդ մասով։
12. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 20-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանվում է, որ մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային, մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Գործող կարգավորման համաձայն՝ մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջական, սոցիալական, աշխատանքային, մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերոնշյալից պարզ է դառնում, որ գործող կարգավորմամբ՝ մասհանումներն օգտագործվում են նաև առողջական և սոցիալական նպատակներով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչով է պայմանավորված վերոնշյալ նպատակներով մասհանումների օգտագործման դրույթը հանելը:
13. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 20-րդ հոդվածի 23-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված ուղեգրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն 14-րդ մասով ուղեգիր նախատեսված չէ, ինչից ելնելով՝ գտնում ենք, որ վերոնշյալ կարգավորումն անհրաժեշտ է վերանայել:
14. Քանի որ պետական ոչ առևտրային կազմակերպություններում, մասնավորապես՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար աշխատողների միջին թիվը հաշվարկվելիս ներառում են նաև համատեղությամբ կամ ժամավճարով աշխատողներին, ուստի առաջարկում ենք օրենքի նախագծում «աշխատող» բառից առաջ լրացնել «հիմնական» բառը:
15. Նախագծի հիմնավորման «Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը» 1-ին կետի 5-րդ պարբերությամբ ներկայացված ցուցանիշները, համաձայն Արմստատի «Աշխատանքի շուկան Հայաստանում, 2024» հրապարակման, վերաբերում են ոչ թե 15-74, այլ 15 և բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող բնակչությանը: Ըստ այդմ՝ հիմնավորման նշված հատվածում առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ:
16. Սույն նախագծով կամ այլ օրենսդրական ակտերով անհրաժեշտ է կարգավորել հանրային ծառայության համակարգում թափուր հաստիքները հաշմանդամություն ունեցող անձանցով համալրելու մեխանիզմները՝ հաշվի առնելով ոլորտային օրենսդրությամբ սահմանված մրցույթների անցկացման սկզբունքները, խտրական դրսևորումները բացառելով։ Նախագծում անհրաժեշտ է ներառել այնպիսի կարգավորումներ, որոնցով քվոտայի սահմանման դեպքում հաշվի առնվեն թափուր հաստիքների առկայությունը, ինչպես նաև հաստիքների ամբողջական համալրված լինելը՝ չդիտարկելու համար նման իրավիճակները քվոտայի պահանջի խախտում։
17. Նախագծի 1-ին հոդվածում հիշատակվող օրենքների վերնագրերից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան։
18. Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ և 17-րդ մասերում բացել «ՀՀ» հապավումները, իսկ 7-րդ մասում՝ «ՊՈԱԿ-ի» հապավումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը։
19. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»: Նկատի ունենալով, որ նախագծով առաջարկվող կարգավորումների կիրարկումն ապահովելու համար կպահանջվի որոշակի ժամանակահատված՝ առաջարկում ենք նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2027 թվականի հունվարի 1-ը։