ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ2/0028/05/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.07.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ2/0028/05/23

2025 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ2/0028/05/23

 

Նախագահող դատավոր՝

 Հ. Այվազյան

Դատավորներ՝

 Ռ. Խանդանյան

 Ա Հարությունյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

 

2025 թվականի հուլիսի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14032024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Մանվել Ավետիսյանի ընդդեմ Տեսչական մարմնի՝ 06.10.2022 թվականի թիվ 851-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մանվել Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 06.10.2022 թվականի թիվ 851-Ա որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 20062023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14032024 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20062023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Արմեն Հայրապետյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածները, 124-րդ, 151-րդ, 152-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 43-րդ հոդվածի 3-րդ մասը, «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ պարբերությունները, 3-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ պարբերությունները, «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.8-րդ, 281-րդ հոդվածը, 245-րդ, 251-րդ, 252-րդ, 279-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի վերլուծությունից բխում է, որ անհատ ձեռնարկատերը՝ որպես տնտեսավարող սուբյեկտ, հավասարեցված է իրավաբանական անձին: Նշված հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ ստուգում իրականացնողը ֆիզիկական անձանց մոտ ստուգում իրականացնելու իրավասություն չունի, իսկ անհատ ձեռնարկատեր Մանվել Ավետիսյանի կատարած վարչական իրավախախտումը հայտնաբերվել է ստուգման արդյունքում:

Անհատ ձեռնարկատեր Մանվել Ավետիսյանը, իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն, այն է՝ մսի իրացում, իրավունք չուներ այն իրականացնել առանց օրենքով սահմանված փաստաթղթերի, ինչի համար էլ վերջինս պատասխանատվություն է կրել ի պաշտոնե:

Այսպիսով, Տեսչական մարմինը գործել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում, ղեկավարվել է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ կիրառելի իրավական ակտերով, իսկ սույն գործով Դատարանի և Վերաքննիչ դատարանի վերլուծությունները չեն բխում ՀՀ օրենսդրության պահանջներից: Տեսչական մարմնի ղեկավարի 06.10.2022 թվականի «Վարչական տուգանք նշանակելու մասին» թիվ 851-Ա որոշումն անվավեր ճանաչելու օրենքով սահմանված հիմքերը բացակայում են:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14032024 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մանվել Ավետիսյանը, որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառվել է 29032022 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 49-50):

2) Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչներ Կորյուն Բարսեղյանի և Արտակ Մնեյանի 15092022 թվականի ստուգման ակտով արձանագրվել է հետևյալը. «1 412 կետ – տեղական արտադրության կենդանիների սպանդից գոյացած, վերամշակված, իրացվող, վաճառվող կենդանական ծագման մթերքը և հումքը սպանդանոցային ծագման չէ, խախտվել է «Անասնաբուծության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը։ (…) Վերը նշված իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածով» (հատոր 1-ին, գ.թ. 14-15

3) Տեսչական մարմնի 23092022 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության» համաձայն՝ Տեսչական մարմնի ղեկավարի 05092022 թվականի թիվ 2675-Ա հրամանի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում բացահայտվել են հետևյալ խախտումները՝ «1 412 կետ – տեղական արտադրության կենդանիների սպանդից գոյացած, վերամշակված, իրացվող, վաճառվող կենդանական ծագման մթերքը և հումքը սպանդանոցային ծագման չէ, խախտվել է «Անասնաբուծության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը։ (…) Վերը նշված իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածով» (հատոր 1-ին, գ.թ. 16-17

4) Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարողի 06.10.2022 թվականի թիվ 851-Ա որոշմամբ անհատ ձեռնարկատեր Մանվել Ավետիսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.8-րդ հոդվածի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության նշանակվել է տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ. թ. 10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.8-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառնալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու առանձնահատկություններին՝ պայմանավորված վերջինիս կարգավիճակով՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

 

«Վարչական իրավախախտում» հասկացության բովանդակությունը բացահայտված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածում, ըստ որի՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, պետության անվտանգության ապահովման, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Նշված նորմում ամրագրվել է այն հատկանիշների ամբողջությունը, որոնց առկայության դեպքում արարքը կարող է որակվել որպես զանցանք: Ըստ այդմ՝ վարչական իրավախախտման (զանցանքի) հատկանիշներն են օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը և սուբյեկտիվ կողմը:

Անդրադառնալով զանցանքի սուբյեկտին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ զանցանքի սուբյեկտն այն անձն է, ով կատարել է հակաօրինական այնպիսի արարք, որը նկարագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կամ այլ օրենքներում: Ընդ որում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում սահմանված է այն անձանց շրջանակը, ովքեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նկարագրված հակաօրինական արարք կատարելու համար ենթակա են վարչական պատասխանատվության։

Այսպես. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են պետության անվտանգության ապահովման, կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:

Վերոգրյալ իրավակարգավորումից հետևում է, որ վարչական զանցանքի սուբյեկտը ֆիզիկական կամ պաշտոնատար անձն է։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում ներառված հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուր դեպքի համար օրենսդիրն առանձնացրել է զանցանքի կոնկրետ սուբյեկտին, որի նկատմամբ կարող է նույն հոդվածների սանկցիայի շրջանակներում կիրառվել վարչական պատասխանատվություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներ միաժամանակ նախատեսում են մեկից ավելի սանկցիաներ՝ մի դեպքում ֆիզիկական, մյուս դեպքում՝ իրավաբանական և պաշտոնատար անձանց, իսկ երրորդ դեպքում անհատ ձեռնարկատերի համար:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական զանցանքի օբյեկտիվ կողմի՝ զանցանքի բովանդակությամբ, և վարչական զանցանքի սուբյեկտիվ կողմի՝ արարքի և դրա հետևանքների նկատմամբ անձի հոգեբանական վերաբերմունքով են մեծապես պայմանավորված նաև զանցանքի համար պատասխանատվություն կիրառելու առանձնահատկությունները։

Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված մի շարք զանցանքների բովանդակությունը ներառում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված այնպիսի պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, որոնց պատշաճ կատարման ապահովման պարտականությունը դրված է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտի վրա։ Ընդ որում՝ եթե ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտն իրավաբանական անձն է, ապա այդ պարտականությունների կատարման ապահովումը մտնում է տվյալ իրավաբանական անձի ղեկավարի պաշտոնեական պարտականությունների մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հստակեցնելով նշված զանցակազմի սուբյեկտին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ նույն իրավանորմով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտը կարող է լինել միայն ֆիզիկական կամ պաշտոնատար անձը։ Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև անհատ ձեռնարկատիրոջը, որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված զանցանքի սուբյեկտ, օրենսդիրը չի դիտարկել, այդուհանդերձ որպես ձեռնարկատիրական գործունեություն ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելու (մշակելու), իրացնելու, վաճառելու, մատակարարելու կամ ներմուծելու դեպքում անհատ ձեռնարկատերը ևս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի կիրառմամբ ենթակա է վարչական պատասխանատվության, որպիսի պարագայում, սակայն, անհրաժեշտություն է առաջանում որոշել կոնկրետ սանկցիան, որի շրջանակներում անհատ ձեռնարկատերը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության։

Այսպես.

ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: (…)։

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քաղաքացիների` առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների ձևով:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն անձի սահմանադրական իրավունքն է և վերջինս է որոշում այն կազմակերպաիրավական ձևը՝ իրավաբանական անձ, թե անհատ ձեռնարկատեր, որի միջոցով ցանկանում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են օրենքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձը պարտավոր է հանդես գալ որպես անհատ ձեռնարկատեր:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ կողմից, որպես ֆիզիկական անձ, ձեռնարկատիրական գործունեության իրականացումը համարվում է անհատ ձեռնարկատիրոջ իրականացրած գործունեություն:

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձի, որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակությունն ու գործունակությունը ծագում են նրա պետական հաշվառման պահից և դադարում են այդ ֆիզիկական անձի իրավունակության կամ գործունակության դադարման, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից:

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատերն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:

Անհատ ձեռնարկատերն օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն` իր կողմից այլ անձանց պատճառված վնասի համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Վերոգրյալ իրավակարգավորումներից հետևում է, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կոնկրետ կազմակերպաիրավական ձևով են պայմանավորված գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, պարտականությունները ստանձնելու կամ օրենքներով սահմանված պարտականությունները կատարելու և դրանք չկատարելու համար պատասխանատվություն կրելու պայմաններն ու կարգը։ Ընդ որում՝ իրավաբանական անձի պաշտոնատար անձի նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար զանցանքի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը կարող են առկա լինել միայն այն դեպքում, երբ տվյալ իրավաբանական անձի ղեկավարի կողմից չեն ապահովվում օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պարտականությունների կատարումը, որոնց պատշաճ կատարման ապահովման պարտականությունը դրված է վերջինիս վրա։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր դեպքում պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու մասին որոշման իրավաչափությունը ստուգման ենթարկելիս պետք է հաշվի առնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջները, որում ամրագրված պաշտոնեական պարտականություն հասկացությունը գործող ՀՀ օրենսդրության շրջանակում պետք է մեկնաբանել որպես կազմակերպչական ու կառավարչական (ղեկավար) գործառույթներ։

Նշված մեկնաբանության համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ թեև անհատ ձեռնարկատերերը ձևականորեն որևէ պաշտոն չեն զբաղեցնում, սակայն իրենց գործունեությունն իրականացնելիս նրանք ապահովում են դրա կազմակերպումն ու կառավարումն այնպես, ինչպես դա կիրականացներ նման գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպության իրավասու ղեկավարը՝ պաշտոնատար անձը։

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքը պահանջում է անհատ ձեռնարկատիրոջ գործունեության նկատմամբ կիրառել այն նույն կանոնները, հետևաբար նաև նույն տրամաբանությունը, որը կիրառվում է իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ։ Եթե ընկերության գլխավոր տնօրենը կամ գործադիր տնօրենը որակվում է որպես պաշտոնատար անձ, ապա անհատ ձեռնարկատերը վարչական պատասխանատվության իմաստով նույնպես պետք է որակվի որպես պաշտոնատար անձ այն հանգամանքի ուժով, որ նա իրականացնում է առաջինին մոտ բնույթով նույնանման կազմակերպչական ու կառավարչական գործառույթներ։

Վարչաիրավական հարաբերություններում անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը պահանջում է առանձին գնահատական՝ յուրաքանչյուր դեպքում որոշելու, թե անհատ ձեռնարկատերը պետք է ենթարկվի պատասխանատվության որպես պաշտոնատար անձ, թե որպես քաղաքացի։ Այն դեպքում երբ անհատ ձեռնարկատերը կխախտեր այն կանոնները, որոնց պահպանման պարտականությունը դրված է ֆիզիկական անձանց (աշխատակիցների) վրա, ապա նրա նկատմամբ կիրառելի կլինի ֆիզիկական անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցը (տե՛ս, ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Կոտայքի մարզային կենտրոնն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սեդա Ադամյանի թիվ 3-690(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30032007 թվականի որոշումը)։

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը պաշտոնատար անձին որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված զանցանքի սուբյեկտ դիտարկելը պայմանավորել է իրավաբանական անձի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հանգամանքով, քանի որ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը իրավաբանական անձը կարող է իրականացնել միայն ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, որպիսի գործունեությունն իրականացնելիս իրավաբանական անձի իրավասու պաշտոնատար անձն է ապահովում դրա կազմակերպումն ու կառավարումը։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նույն կերպ նաև անհատ ձեռնարկատերը կարող է վերոգրյալ գործողություններն իրականացնել բացառապես ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, որպիսի գործունեությունն իրականացնելիս հենց անհատ ձեռնարկատերն է ապահովում դրա կազմակերպումն ու կառավարումն այնպես, ինչպես դա կիրականացներ նման գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպության իրավասու ղեկավարը՝ պաշտոնատար անձը։ Ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված արարքի համար անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ պետք է կիրառվի վարչական պատասխանատվություն նույն իրավանորմով պաշտոնատար անձի համար սահմանված սանկցիայի շրջանակներում։

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ ֆիզիկական անձը, որպես անհատ ձեռնարկատեր, իր իրավունակությունն ու գործունակությունը ծագելու՝ այսինքն իր պետական հաշվառման պահից սկսած, ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնելիս ապահովում է դրա կազմակերպումն ու կառավարումն այնպես, ինչպես դա կիրականացներ նման գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպության իրավասու ղեկավարը՝ պաշտոնատար անձը, ապա անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական պատասխանատվությունը պետք է կիրառվի կոնկրետ իրավանորմով պաշտոնատար անձի համար սահմանված սանկցիայի շրջանակներում, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդիրը, որպես պատասխանատվության ինքնուրույն սուբյեկտ կոնկրետ իրավանորմով դիտարկել է անհատ ձեռնարկատիրոջը (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Մանուկ Միրաքյանն ընդդեմ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թիվ ՎԴ2/0071/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02062025 թվականի որոշումը)։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Մանվել Ավետիսյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 06.10.2022 թվականի թիվ 851-Ա որոշումը:

Դատարանի 20.06.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «(․․․) անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն օժտված է առանց իրավաբանական անձ կազմավորելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներով, այսինքն՝ անհատ ձեռնարկատերն ինքնին ֆիզիկական անձ է: Ընդ որում, անհատ ձեռնարկատերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքի իմաստով նույնպես ֆիզիկական անձ է և չի հավասարեցվում պաշտոնատար անձին: Դրա մասին է վկայում այն, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այլ հոդվածներով զանցանքի սուբյեկտի հատկանիշով պայմանավորված սանկցիա սահմանելիս հստակ տարանջատել է անհատ ձեռնարկատերերին և պաշտոնատար անձանց (տես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 87.1-ին, 169.19-րդ հոդվածները):

Վիճարկվող որոշմամբ Մանվել Մարտիրոսյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.8-րդ հոդվածի հատկանիշներով նշանակվել է պաշտոնատար անձի նկատմամբ կիրառելի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանք: Մինչդեռ, Դատարանը փաստում է, որ նշված նորմով որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ վերագրվող արարքը կատարելու պահին հաշվառում ունեցող ֆիզիկական անձի համար առանձին սանկցիա նախատեսված չէ, ինչը նշանակում է, որ Մանվել Ավետիսյանի նկատմամբ կարող էր կիրառվել ֆիզիկական անձանց համար նախատեսված սանկցիա, քանի որ վերջինս նույն նորմի իմաստով հանդիսանում է ոչ թե պաշտոնատար, այլ՝ ֆիզիկական անձ։

Այսպիսով, Դատարանը գտնում է, որ Տեսչական մարմնի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 851-Ա որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ և 112.8-րդ հոդվածի խախտմամբ (․․․)»։

Վերաքննիչ դատարանի 14032024 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20062023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(․․․) Մանվել Ավետիսյանը՝ հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1128-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության որպես պաշտոնատար անձ 100000 ՀՀ դրամի չափով:

Այսպիսով, Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ԱՁ Մանվել Ավետիսյանի մոտ իրականացված ստուգման արդյունքում 06.10.2022թ. թիվ 851-Ա որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1128-րդ հոդվածի սխալ կիրառմամբ, ինչն էլ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված իրավական հիմք է հանդիսացել այն անվավեր ճանաչելու համար:

Իսկ ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդումներին, որոնք վերաբերում են ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերքի իրացնելու, վաճառելու փաստի հաստատված լինելուն, հայցվորի լսված լինելու իրավունքի իրացվելիության ապահովված լինելուն, Տեսչական մարմնի ղեկավարի 05.09.2022թ. թիվ 2675-Ա հրամանը, 06.09.2022թ. արձանագրությունը, 15.09.2022թ. ստուգման ակտի նախագիծը, 23.09.2022թ. ստուգման ակտը, 23.09.2022թ. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցումը անհատ ձեռնարկատեր Մանվել Ավետիսյանի կողմից ստորագրված լինելուն և այդ առնչությամբ բողոքով ներկայացված հիմնավորումներին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն պայմաններում, երբ Մանվել Ավետիսյանը՝ հանդիսանալով անհատ ձեռնարկատեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1128-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության է ենթարկվել որպես պաշտոնատար անձ (20.000 ՀՀ դրամի փոխարեն 100000 ՀՀ դրամի չափով), ապա նշված հանգամանքների հաստատված (չ)լինելը չի կարող որևէ ազդեցություն ունենալ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վրա: Այս պարագայում, հիմնազուրկ են նաև այս առնչությամբ բողոքով ներկայացված հիմնավորումները:

Ամբողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը գործում եղած ապացույցները գնահատել է բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև ճիշտ է կիրառել և մեկնաբանել այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների նկատմամբ կիրառման ենթակա իրավական ակտերի պահանջները: Արդյունքում, Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, իսկ դրա դեմ բերված բողոքն անհիմն է և ենթակա է մերժման»։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Մանվել Ավետիսյանը, որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառվել է 29032022 թվականին։

Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչներ Կորյուն Բարսեղյանի և Արտակ Մնեյանի 15092022 թվականի ստուգման ակտով արձանագրվել է հետևյալը. «1 412 կետ – տեղական արտադրության կենդանիների սպանդից գոյացած, վերամշակված, իրացվող, վաճառվող կենդանական ծագման մթերքը և հումքը սպանդանոցային ծագման չէ, խախտվել է «Անասնաբուծության մասին» օրնեքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը։ (…) Վերը նշված իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածով»։

Տեսչական մարմնի 23092022 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության» համաձայն՝ Տեսչական մարմնի ղեկավարի 05092022 թվականի թիվ 2675-Ա հրամանի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում բացահայտվել են հետևյալ խախտումները՝ «1 412 կետ – տեղական արտադրության կենդանիների սպանդից գոյացած, վերամշակված, իրացվող, վաճառվող կենդանական ծագման մթերքը և հումքը սպանդանոցային ծագման չէ, խախտվել է «Անասնաբուծության մասին» օրնեքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը։ (…) Վերը նշված իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածով»։

Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարողի 06.10.2022 թվականի թիվ 851-Ա որոշմամբ անհատ ձեռնարկատեր Մանվել Ավետիսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.8-րդ հոդվածի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվությաննշանակվել է տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվորի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի կիրառմամբ տուգանք է նշանակվել վերջինիս կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության հետ կապված, որպիսի գործունեությունն իրականացնելիս հենց հայցվորը, որպես անհատ ձեռնարկատեր, պարտավոր էր ապահովել դրա կազմակերպումն ու կառավարումն այնպես, ինչպես դա կիրականացներ նման գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպության իրավասու ղեկավարը՝ պաշտոնատար անձը, հետևաբար նույն իրավանորմով պաշտոնատար անձի համար սահմանված սանկցիայի շրջանակներում տուգանքի նշանակումն իրավաչափ է, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։ Մասնավորապես, ստորադաս դատարաները հաշվի չեն առել, որ հայցվորը, որպես անհատ ձեռնարկատեր, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս ունի օրենքով նախատեսված պարտականություն՝ պահպանելու պետության անվտանգության ապահովման, կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները, հետևաբար այդ կանոնները չպահպանելու համար անհատ ձեռնարկատերը պետք է պատասխանատվություն կրի պաշտոնատար անձի համար սահմանված սանկցիայի շրջանակներում։ Այսպիսով, ստորադաս դատարանների կողմից սխալ է մեկնաբանվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1128-րդ հոդվածը։

Ինչ վերաբերում է հայցվորի այն փաստարկին, որ 12092022 թվականի դրությամբ ինքն այլևս անհատ ձեռնարկատեր չէր հանդիսանում, ապա այս փաստը, նույնիսկ հաստատված համարվելու դեպքում (գործում այս փաստի վերաբերյալ ապացույց առկա չէ), չի կարևորվում, քանզի ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգաթերթի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտադրանքի իրացումը կասեցնելու մասին 06092022 թվականի թիվ 2675-Ա կարգադրագրի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 23092022 թվականի ստուգման ակտի (անբողոքարկելի վարչական ակտ)՝ սպանդանոցային ծագում չունեցող միսը հայտնաբերվել է 06092022 թվականին, որպիսի պահի դրությամբ հայցվորը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր։

Միաժամանակ, անդրադառնալով ստորադաս դատարանների՝ դատական ակտերի պատճառաբանական մասերում կատարված եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերում չեն անդրադարձել հայցվորի կողմից ներկայացված բոլոր փաստարկներին, մասնավորապես, ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք իրացնելու փաստի հաստատված չլինելու փաստարկին։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից հայցի հիմք հանդիսացող որևէ փաստարկին չանդրադառնալը և քննության առարկա չդարձնելը դատական ակտի բողոքարկման փուլում բացառում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորության իրացման համար օրենսդրի կողմից սահմանված պայմաններից մեկը, հետևաբար՝ նշված պարագայում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է բեկանել ՀՀ վարչական դատարանի դատական ակտը և հայցի հիմք հանդիսացող մնացած փաստարկները քննարկման առարկա դարձնելու նպատակով գործն ուղարկել նոր քննության (տե՛ս, «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թիվ ՎԴ/1244/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22032024 թվականի որոշումը)։

 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն տրամաբանությամբ ստորադաս դատարանների կողմից հայցի հիմք հանդիսացող որևէ փաստարկին չանդրադառնալը և քննության առարկա չդարձնելը դատական ակտի բողոքարկման փուլում բացառում է Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորության իրացման համար օրենսդրի կողմից սահմանված պայմաններից առնվազն մեկը, հետևաբար՝ նշված պարագայում Վճռաբեկ դատարանը պետք է բեկանի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտը և հայցի հիմք հանդիսացող մնացած փաստարկները քննարկման առարկա դարձնելու նպատակով գործն ուղարկի նոր քննության։

Սույն պարագայում ստորադաս դատարանները հայցը բավարարելու իրենց եզրահանգումը, ըստ էության, հիմնավորել են միայն նրանով, որ անհատ ձեռնարկատեր Մանվել Ավետիսյանի նկատմամբ չէր կարող կիրառվել պաշտոնատար անձանց համար նախատեսված սանկցիա, քանի որ ֆիզիկական անձ և պաշտոնատար անձ սուբյեկտները չեն հավասարեցվում և չեն նույնացվում, անհատ ձեռնարկատերն ինքնին ֆիզիկական անձ է: Արդյունքում ստորադաս դատարանները չեն անդրադարձել հայցում ներկայացված մյուս փաստարկներին։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս իրացնելու՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և այն փոփոխելու՝ հայցը մերժելու լիազորությունը, ուստի հայցում ներկայացված մյուս փաստարկներին անդրադառնալու միջոցով վարչական ակտի իրավաչափությունը քննարկման առարկա դարձնելու հիմքով անհրաժեշտ է գործն ուղարկել նոր քննության։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14032024 թվականի որոշումը և սույն վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան