ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՐՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 103-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.08.2025
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
22.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«22» օգոստոս 2025 թվականի

N 103-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՐՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 1. Հաստատել մանկական սրտաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Ա. Գասպարյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

առողջապահության նախարարի

2025 թվականի օգոստոս «22»-ի 

թիվ 103-Ն հրամանի

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՐՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մանկական սրտաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն մանկական սրտաբանություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Մանկական սրտաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն մանկական սրտաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Մանկական սրտաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4․ Մանկական սրտաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները`

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության բժիշկ.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության բժիշկ.

3) Հիվանդանոցային բժշկական հաստատության բաժնի ղեկավար.

4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ. մանկական սրտաբանը պետք է`

1) Տիրապետի մանկաբուժության ընդհանուր գիտելիքներին.

2) Տիրապետի թերապիայի ընդհանուր գիտելիքներին.

3) Տիրապետի մանկական սրտաբանության խորացված գիտելիքներին.

4) Կարողանա կատարել հիվանդի ընդհանուր զննում.

5) Կարողանա գնահատել հիվանդի կենսական ցուցանիշները.

6) Կարողանա մեկնաբանել տարիքին համապատասխան արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտությունների, մեզի և այլ անհրաժեշտ ընդհանուր հետազոտությունների արդյունքները։

6. Բժշկական hատուկ գիտելիքներ. մանկական սրտաբանը պետք է`

1) Տիրապետի բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներին, ապահովի բուժօգնության որակը և պացիենտի անվտանգությանը.

2) Կարողանա առաջին և շտապ բուժօգնություն տրամադրել անհետաձգելի իրավիճակներում, արտակարգ իրավիճակներում, բուժտարհանման միջոցառումների ժամանակ.

3) Իմանա մանկական (ինչպես նաև մեծահասակների) սրտի բնածին և ձեռքբերովի հիվանդությունների ներանոթային և վիրահատական շտկման ցուցումները և ժամկետները.

4) Տիրապետի մանկական սրտաբանության մեջ արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային պայմաններում օգտագործվող դեղամիջոցների ցանկին, դրանց ազդեցության մեխանիզմներին, օգտագործման ցուցումներին, փոխազդեցություններին և կողմնակի ազդեցություններին.

5) Կատարի պուլսօքսիմետրիա, զարկերակային ճնշման չափում (ԶՃ) և ճիշտ մեկնաբանել պուլսօքսիմետրիայի, զարկերակային ճնշման չափման տվյալները.

6) Կատարի էլեկտրոսրտագրություն (ԷՍԳ) և էխոսրտագրություն (ԷԽՈ), ճիշտ մեկնաբանել պուլսօքսիմետրիայի, զարկերակային ճնշման չափման, էլեկտրասրտագության (ԷՍԳ) և Էխոսրտագրության (ԷԽՈ) հետազոտությունների տվյալները.

7) Կարողանա մեկնաբանել սրտի համակարգչային շերտագորության (ՀՇ), մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ), ներանոթային ախտորոշիչ առիթմոլոգիական հետազոտությունների տվյալները.

8) Կարողանա տեղադրել ծայրամասային երակային կաթետեր.

9) Կարողանա կատարել ինտուբացիա.

10) Տիրապետի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

11) Տիրապետի հիվանդության պատմագրերի և բժշկական անհրաժեշտ փաստաթղթերի լրացման կարգերին։

 

4․ ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7․ Մանկական սրտաբանը պետք է ունենա`

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն. մանկական սրտաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման.

9. Տեխնիկական հմտություններ. մանկական սրտաբանը պետք է կարողանա.

1) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները․

2) իրականացնել բժշկական վիճակագրական տեղեկատվության վերլուծություն․

3) վարել համապատասխան բժշկական փաստաթղթեր․

4) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին․

5) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6․ ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10․ Մանկական սրտաբանը պետք է կարողանա`

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7. ՄԱՆԿԱԿԱՆ ՍՐՏԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են մանկական սրտաբանի վրա։

 

8 ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13․ Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են`

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան