ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
|
«11» օգոստոսի 2025 թ. |
N 1888-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՏԵԽ-ԳԱԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՄՏԶ 00092 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ՝ նաև Նախարար) 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 446-Ա հրամանի հիման վրա ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) կողմից ներկայացված՝ «ՏԵԽ-ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ 2025 թվականի օգոստոսի 01-ի N 1765-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի արդյունքները՝
ՊԱՐԶԵՑԻ
1․Վարչական վարույթի նախապատմությունը.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի օգոստոսի 1-ի N 1765-Ա հրամանով «ՏԵԽ-ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։
Վարչական վարույթի հարուցման համար հիմք Է հանդիսացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2025 թվականի հուլիսի 10-ի թիվ ՔՏՄ/18․8/18541-25 գրությունը առ այն, որ Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի հունիսի 2-ի ստուգում իրականացնելու վերաբերյալ թիվ Տ/664-2025-Ա հանձնարարագրի հիման վրա ստուգում է իրականացվել «ՏԵԽ-ԳԱԶ» ՍՊ ընկերությունում։
Ըստ «ՏԵԽ-ԳԱԶ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման մասին թիվ S/664-2025 (18) ակտի՝ ստուգմամբ բացահայտվել է հետևյալ խախտումը՝
1) Տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսանկարահանվում է, սակայն չի պահպանվում մեկ տարի ժամկետով, որը մեկնաբանված է որպես ՀՀ կառավարության 2021 թ․ սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի պահանջի խախտում։
Ստուգվող օբյեկտի կողմից ներկայացվել են առարկություններ։
Տեսչական մարմինը Լիազոր մարմնին առաջարկել է քննարկել Ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00092 լիցենզիայի գործողության կասեցման հարցը։
Հիմք ընդունելով Տեսչական մարմնի թիվ ՔՏՄ/18․8/18541-25 միջնորդագիրը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1765-Ա հրամանով «ՏԵԽ-ԳԱԶ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ քննարկելու Ընկերության տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00092 լիցենզիայի գործողության կասեցման հարցը։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից քննարկվող փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով 2025 թվականի օգոստոսի 6-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հրավիրվել է վարչական լսում։
Վարչական լսումը չի կայացել՝ Ընկերությունը պատշաճ ծանուցված չլինելու հանգամանքով պայմանավորված։
Վերոգրյալով պայմանավորված 2025 թվականի օգոստոսի 8-ին հրավիրվել է ևս մեկ վարչական լսում՝ ապահովելով Ընկերության և Տեսչական մարմնի ներկայացուցիչների մասնակցությունը։
Վարչական լսման ընթացքում Տեսչական մարմնի թիվ S/664-2025 ստուգման ակտի առաջին կետով արձանագրված խախտման վերաբերյալ Ընկերությունը պարզաբանել է, որ 2025 թվականի մայիսին բացահայտել է, որ տեսաձայնագրությունները պահպանող սարքավորումը տեխնիկական պատճառներով չեն պահպանել տեսագրությունները ենթադրաբար՝ հոսանքի անջատումների կամ տատանումների պատճառով։ Տեսաձայնագրող սարքավորումները տրամադրված է համապատասխան մասնագետին՝ տեսաձայնագրությունները վերականգնելու նպատակով։
2․ Ընկերության կողմից ներկայացրած նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է.
Ըստ տեխնիկական զննության էլեկտրոնային շտեմարանի տվյալների՝ Ընկերությունը 2024 թվականի հունիսի 17-ից 2025 թվականի հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում շտեմարան է մուտքագրել 8 հազար 148 տրանսպորտային միջոցներ։
Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում և վարչական վարույթի շրջանակներում Ընկերության կողմից չեն ներկայացվել շտեմարան մուտքագրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության տեսաձայնագրությունները, ինչպես նաև՝ համապատասխան հիմնավորումներ կամ փորձագիտական եզրակացություն՝ հոսանքի անջատումների կամ տատանումների պատճառով տեսանկարահանող սարքավորումների վնասման մասին։
3․Հրամանի իրավական հիմքերը և հիմնավորումները.
«Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ:
Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ երեք տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին։
Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը (այսուհետ՝ Կարգ)։
Կարգի 15-րդ կետի համաձայն՝ տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով։
Այսինքն, Ընկերությունը պարտավորվում է տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրել և ձայնագրությունները պահպանել մեկ տարի ժամկետով։
Միևնույն ժամանակ, Ընկերությունը պարտավորվում է Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում՝ պահանջի առկայության պարագայում, Տեսչական մարմնին ներկայացնել շտեմարան մուտքագրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները։
Ստացվում է, որ 2025 թվականի հունիսի 17-ից հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են ստուգումներ՝ «ՏԵԽ-ԳԱԶ» ՍՊ ընկերությանը պատկանող տեխնիկական զննության կայանում։
Ստուգումների արդյունքում Ընկերությանն է տրամադրվել Տեսչական մարմնի կողմից կայացված ստուգման թիվ S/664-2025 ակտը։
Թիվ S/664-2025 ստուգման ակտի կայացման համար հիմք է հանդիսացել Ընկերության կողմից տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները չպահպանելը։
Այսինքն, չնայած որ Ընկերության կողմից գործընթացի ձայնագրումը պատշաճ ապահովվում է, սակայն ստուգումների ընթացքում Ընկերությունը Տեսչական մարմին չի ներկայացրել 2024 թվականի հունիսի 17-ից 2025 թվականի հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում շտեմարան մուտքագրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության տեսաձայնագրությունները։
Ստացվում է, որ Ընկերության կողմից չեն ներկայացվել Տեսչական մարմնի կողմից պահանջված փաստաթղթերը, ավելին՝ Ընկերության կողմից չեն ներկայացվել որևէ հիմնավոր ապացույցներ դրանց չներկայացման վերաբերյալ։
Ստուգվող օբյեկտի կողմից բացառապես ներկայացվել է առարկություն, համաձայն որի՝ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Ընկերությունը պատշաճ իրականացրել է տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները և պահպանել է համապատասխան սարքերում։ Ընկերությանը անհայտ է, թե ինչով է պայմանավորված տեսաձայնագրությունների պահպանված չլինելը, տեսաձայնագրությունները պահպանող սարքի անսարքությունը։
Այսինքն, Ընկերությունը առանց որևէ հիմնավոր ապացույցի հրաժարվում է Տեսչական մարմին ներկայացնել պահանջված տեսաձայնագրությունները, մինչդեռ «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետով, դա դիտարկվում է Ընկերության վրա օրենքով դրված պարտավորության խախտում։
Վերոգրյալի առթիվ Տեսչական մարմնի կողմից 2025 թվականի հուլիսի 10-ին թիվ ՔՏՄ/18․8/18541-25 գրությամբ ներկայացվել է միջնորդագիր՝ Ընկերության թիվ 00092 լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկելու վերաբերյալ։
«Լիցենզավորման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն՝ լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:
«Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝
1. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել`
5) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և 11.1-ին կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:
Վերոգրյալի առթիվ արձանագրվում է, որ Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում Ընկերությունից պահանջվել են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, որոնք Ընկերության կողմից չեն ներկայացվել, ինչպես նաև չի ներկայացվել որևէ հիմնավորում դրանք ներկայացնելու անհնարինության վերաբերյալ։
Այսինքն, Ընկերության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ այսինքն Տեսչական մարմնին առանց որևէ հիմնավորման չեն տրամադրվել տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, ինչն էլ ինքնին համարվում է Լիցենզավորման մասին օրենքով սահմանված՝ Ընկերությանը տրամադրված լիցենզիայի կասեցման հիմք։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝
1. Վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:
2. Վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:
«Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝
1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:
2. Լիցենզավորող մարմնի որոշման մեջ պետք է նշվեն`
1) լիցենզավորող մարմնի անվանումը, որոշումը կայացնելու ամսաթիվը.
2) հարցը (հայտը, բողոքը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության կասեցումը և այլն), որի վերաբերյալ կայացվել է որոշումը.
3) հարցը ներկայացնող անձի անունը (անվանումը).
4) շարժառիթները կամ հիմքերը, որոնցով լիցենզավորող մարմինը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրակացությունը:
Միևնույն ժամանակ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ընկերության լիցենզիան ենթակա է կասեցման քանի դեռ Ընկերության կողմից կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառը չի վերացվում։
Հաշվի առնելով, որ Ընկերությունը Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում չի ներկայացրել Տեսչական մարմնի կողմից պահանջվող փաստաթղթերը առանց պատշաճ հիմնավորման, ուստի Ընկերությանը տրամադրված թիվ ՏՄՏԶ 00092 լիցենզիայի գործողությունը ենթակա է կասեցման՝ քանի դեռ Ընկերության կողմից չեն ներկայացվել Տեսչական մարմնի կողմից պահանջված փաստաթղթերը։
Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 2-րդ և 8-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 8-ի N 09/2 եզրակացությունը՝
Հրամայում եմ
1. Կասեցնել «ՏԵԽ-ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00092 լիցենզիայի գործողությունը՝ մինչև սույն կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառի վերացումը։
2. Լիցենզավորման հանձնաժողովի քարտուղարին՝ վարչական ակտն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում ծանուցել վարույթի մասնակիցներին:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մեկօրյա ժամկետում ապահովել «ՏԵԽ-ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անջատումը տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգչային ցանցից:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
|
Նախարար`
8/11/2025 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|