ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՐՏԻԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՄՏԶ 00078 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1898-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
11.08.2025
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«11» օգոստոսի 2025 թ.

ք. Երևան

N 1898-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՏԻԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՄՏԶ 00078 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ուսումնասիրելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ՝ նաև Նախարար) 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 446-Ա հրամանի հիման վրա ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) կողմից ներկայացված՝ «ԱՐՏԻԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ 2025 թվականի օգոստոսի 01-ի N 1764-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի արդյունքները՝

 

ՊԱՐԶԵՑԻ

 

1Վարչական վարույթի նախապատմությունը.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի օգոստոսի 1-ի N 1764-Ա հրամանով «ԱՐՏԻԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։

Վարչական վարույթի հարուցման համար հիմք Է հանդիսացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2025 թվականի հունիսի 16-ի ՔՏՄ/14.1.2/14656-25 գրությունը առ այն, որ Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 21-ի ստուգում իրականացնելու վերաբերյալ թիվ Տ/590-2025 հանձնարարագրի հիման վրա 2025 թվականի մայիսի 14-ից 15-ը ստուգում է իրականացվել «ԱՐՏԻԱՐ» ՍՊ ընկերությունում՝ 2024 թվականի մայիսի 14-ից մինչև ստուգման ավարտն ընկած ժամանակահատվածի համար։

Ըստ «ԱՐՏԻԱՐ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման մասին N S/590-2025 ակտի՝ ստուգմամբ բացահայտվել են հետևյալ խախտումները՝

1) Լիցենզավորված անձի կողմից տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ ճիշտ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցվել են տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան։ Մասնավորապես՝ 11․02․2025թ․ ժամը՝ 16․38-ին Gaz 322132 մակնիշի 35LX527 համարանիշի տրանսպորտային միջոցն անցել է տեխնիկական զննություն և դրա վերաբերյալ տվյալներն առցանց փոխանցվել են թերի (հաջորդ տեխնիկական զննությունը 6 ամսվա փոխարեն նշվել է 1 տարի)։

Խախտվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը։

Սույն խախտման համար կազմվել է վարչական արձանագրություն։

2) Տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով։

Խախտվել է ՀՀ կառավարության 2021 թ․ սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի պահանջը։ Մասնավորապես՝ տեխնիկական զննության իրականացման գործընթացը ստուգման ընթացքում չի տեսաձայնագրվել, իսկ մեկ տարի ժամկետով ձայնագրությունները կայանում պահպանված չեն։

Ստուգվող օբյեկտը ակտի խախտումների 2-րդ կետի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել։

Ընկերության կողմից ներկայացվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքն՝ առ այն, որ 2025 թվականի մայիսի 13-ին ժամը՝ 16․32-ին տեղի է ունեցել վթարային անջատում, որը անցել է ք․Սպիտակ Վանաձորի խճուղի 17 հասցեի մոտակայքով։ Ինչպես նաև տեղեկանքում նշվել է, որ հնարավոր է տեղի ունեցած լինեն առաջնային լարման տատանումներ և էլեկտրական սարքավորումների խափանում մոտակա սպառողների մոտ։

Միևնույն ժամանակ Ընկերության կողմից տրամադրվել է «ՍԻ ԸՆԴ ՓԻ ԷՍ» ՍՊ ընկերության կողմից Ռադիոէլեկտրասարքավորումների սարքից դուրս գալու պատճառի մասնագիտական եզրակացություն, որով նշվել է, որ հիմնական էլեկտրոնային սալիկը վերանորոգել հնարավոր չէ, սարքավորումը ենթակա է փոխարինման։ Տեսչական մարմինը Լիազոր մարմնին առաջարկել է քննարկել Ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00078 լիցենզիայի գործողության կասեցման հարցը։

Հիմք ընդունելով Տեսչական մարմնի թիվ ՔՏՄ/14.1.2/14656-25 միջնորդագիրը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1764-Ա հրամանով «ԱՐՏԻԱՐ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ քննարկելու Ընկերության տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00078 լիցենզիայի գործողության կասեցման հարցը։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից քննարկվող փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով 2025 թվականի օգոստոսի 6-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հրավիրվել է վարչական լսում, սակայն Նախարարության կողմից պատշաճ ծանուցումը չի ապահովվել։

Վերոգրյալով պայմանավորված 2025 թվականի օգոստոսի 8-ին հրավիրվել է ևս մեկ վարչական լսում՝ ապահովելով Ընկերության ներկայացուցիչների մասնակցությունը։

Վարչական լսման ընթացքում Տեսչական մարմնի թիվ S/590-2025 ստուգման ակտի առաջին կետով արձանագրված խախտման վերաբերյալ Հանձնաժողովը արձանագրեց, որ խախտման համար կազմվել է վարչական արձանագրություն, ուստի սույն խախտումը Հանձնաժողովի կողմից քննարկման ենթակա չէ։

Երկրորդ կետով արձանագրված խախտման վերաբերյալ Ընկերությունը պարզաբանել է, որ 2025 թվականի մայիսի 13-ին ժամը՝ 16․32-ին էլեկտրաէներգիայի վթարային անջատման հետևանքով առաջացած հոսանքի տատանման պատճառով Ընկերության գործունեության վայրում և հարակից տարածքում խափանվել են էլեկտրական սարքավորումներ, այդ թվում՝ Ընկերության տեսաձայնագրող սարքավորումները։ Որպես ապացույց Ընկերությունը ներկայացրել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի տնօրենի տեղեկանքը առ այն, որ վերը նշված վթարային անջատման հետևանքով հնարավոր է առաջնային լարման տատանումներ և մոտակա սպառողների մոտ էլեկտրական սարքավորումների խափանումներ։

Տեսչական մարմնի ներկայացուցիչը նշել է, որ հարցում է կատարվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինություն և հրապարակել է տեխնիկական տնօրենի պարզաբանումը այն մասին, որ վերը նշված վթարի պատճառով «Արտիար» ՍՊ ընկերության էլեկտրական սարքավորումները վնասվել չէին կարող, հաշվի առնելով նաև էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոնների համաձայն համապատասխան պաշտպանության առկայությունը։

 

2 Ընկերության կողմից ներկայացրած նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է.

Ըստ տեխնիկական զննության էլեկտրոնային շտեմարանի տվյալների՝ Ընկերությունը 2024 թվականի մայիսի 14-ից 2025 թվականի մայիսի 14-ը ընկած ժամանակահատվածում շտեմարան է մուտքագրել 7 հազար 436 տրանսպորտային միջոցներ։

Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում և վարչական վարույթի շրջանակներում Ընկերության կողմից չեն ներկայացվել պահանջվող տեսագրությունները և չեն ներկայացվել համապատասխան տեխնիկական պատշաճ հիմնավորումներ՝ անջատման պատճառով տեսանկարահանող սարքավորումների վնասման մասին։

 

3․ Հրամանի իրավական հիմքերը և հիմնավորումները.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝

1. Վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

2. Վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:

«Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:

2. Լիցենզավորող մարմնի որոշման մեջ պետք է նշվեն`

1) լիցենզավորող մարմնի անվանումը, որոշումը կայացնելու ամսաթիվը.

2) հարցը (հայտը, բողոքը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության կասեցումը և այլն), որի վերաբերյալ կայացվել է որոշումը.

3) հարցը ներկայացնող անձի անունը (անվանումը).

4) շարժառիթները կամ հիմքերը, որոնցով լիցենզավորող մարմինը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրակացությունը:

2025 թվականի մայիսի 14-ից մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են ստուգումներ՝ «ԱՐՏԻԱՐ» ՍՊ ընկերությանը պատկանող տեխնիկական զննության կայանում։

Ստուգումների արդյունքում Ընկերությանն է տրամադրվել Տեսչական մարմնի կողմից կայացված ստուգման թիվ S/590-2025 ակտը։

Տեսչական մարմնի կողմից Ընկերությունում անցկացված ստուգման ակտում արձանագրվել են հետևյալ խախտումները․

1) Լիցենզավորված անձի կողմից տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ ճիշտ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցվել են տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան։

Մասնավորապես՝ 11․02․2025թ․ ժամը՝ 16․38-ին Gaz 322132 մակնիշի 35LX527 համարանիշի տրանսպորտային միջոցն անցել է տեխնիկական զննություն և դրա վերաբերյալ տվյալներն առցանց փոխանցվել են թերի (հաջորդ տեխնիկական զննությունը 6 ամսվա փոխարեն նշվել է 1 տարի)։

Խախտվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը։

Սույն խախտման համար կազմվել է վարչական արձանագրություն։

2) Խախտվել է ՀՀ կառավարության 2021 թ․ սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի պահանջը։ Մասնավորապես՝ տեխնիկական զննության իրականացման գործընթացը ստուգման ընթացքում չի տեսաձայնագրվել, իսկ մեկ տարի ժամկետով ձայնագրությունները կայանում պահպանված չեն։

Ստուգման ակտի առաջին կետով արձանագրված խախտման վերաբերյալ Ընկերությունը վարչական լսման ընթացքում պարզաբանում է ներկայացրել Լիազոր մարմին, որը Հանձնաժողովի կողմից համարվել է ընդունված։

Անդրադառնալով ստուգման ակտի երկրորդ կետով արձանագրված խախտմանը՝ հարկ է նշել հետևյալը․

«Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ:

Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ երեք տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին։

Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը (այսուհետ՝ Կարգ)։

Կարգի 15-րդ կետի համաձայն՝ տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով։

Այսինքն, Ընկերությունը պարտավորվում է տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրել և ձայնագրությունները պահպանել մեկ տարի ժամկետով։

Միևնույն ժամանակ, Ընկերությունը պարտավորվում է Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում՝ պահանջի առկայության պարագայում, Տեսչական մարմնին ներկայացնել շտեմարան մուտքագրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները։

Թիվ S/590-2025 ստուգման ակտի կայացման համար հիմք է հանդիսացել Ընկերության կողմից տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները չպահպանելը։

Այսինքն, չնայած որ Ընկերության կողմից գործընթացի ձայնագրումը պատշաճ ապահովվում է, սակայն ստուգումների ընթացքում Ընկերությունը Տեսչական մարմին չի ներկայացրել 2024 թվականի մայիսի 14-ից 2025 թվականի մայիսի 14-ը ընկած ժամանակահատվածում շտեմարան մուտքագրված 7 հազար 436 տրանսպորտային միջոցների նույնիսկ կեսից ավելիի տեսաձայնագրությունը։

Ստացվում է, որ Ընկերությունը Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում Տեսչական մարմին չի ներկայացրել Տեսչական մարմնի կողմից պահանջված տեսաձայնագրությունները, որը «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետով, դիտարկվում է Ընկերության վրա օրենքով դրված պարտավորությունների խախտում։

Վերոգրյալի առթիվ Տեսչական մարմնի կողմից 2025 թվականի հունիսի 16-ի ՔՏՄ/14.1.2/14656-25 գրությամբ ներկայացվել է միջնորդագիր՝ Ընկերության թիվ 00076 լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկելու վերաբերյալ։

«Լիցենզավորման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն՝ լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

«Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝

1. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել`

5) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և 11.1-ին կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:

Արձանագրվում է, որ Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում Ընկերությունից պահանջվել են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, որոնք Ընկերության կողմից չեն ներկայացվել։

Այսինքն, Ընկերության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց առանց որևէ հիմնավորման չեն տրամադրվել տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, ինչն էլ ինքնին համարվում է Լիցենզավորման մասին օրենքով սահմանված՝ Ընկերությանը տրամադրված լիցենզիայի կասեցման հիմք։

Միևնույն ժամանակ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ընկերության լիցենզիան ենթակա է կասեցման քանի դեռ Ընկերության կողմից կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառը չի վերացվում։

Հաշվի առնելով, որ Ընկերությունը Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում չի ներկայացրել Տեսչական մարմնի կողմից պահանջվող փաստաթղթերը առանց պատշաճ հիմնավորման, ուստի Ընկերությանը տրամադրված թիվ ՏՄՏԶ 00078 լիցենզիայի գործողությունը ենթակա է կասեցման՝ քանի դեռ Ընկերության կողմից չեն ներկայացվել Տեսչական մարմնի կողմից պահանջված փաստաթղթերը։

Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 2-րդ և 8-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 8-ի N 09/3 եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Կասեցնել «ԱՐՏԻԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00078 լիցենզիայի գործողությունը՝ մինչև սույն կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառի վերացումը։

2. Լիցենզավորման հանձնաժողովի քարտուղարին՝ վարչական ակտն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում ծանուցել վարույթի մասնակիցներին:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում:

4. Սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մեկօրյա ժամկետում ապահովել «ԱՐՏԻԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անջատումը տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգչային ցանցից:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Նախարար`

 

8/11/2025

Դ. Խուդաթյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան