ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-39-Ո-Կ-10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2025
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.08.2025
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2025

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-39-Ո-Կ-10

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ

 

 Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

 Ա. Աթաբեկյանի


մասնակցությամբ՝

 

անդամներ

 Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

 Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

 Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ

 Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

 ԷԴ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 Ք. ՄԿՈՅԱՆԻ

Արդարադատության նախարարի տեղակալ

 Օ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ

 Ն. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության քրեական դատարանի դատավոր

 

Դատավորի ներկայացուցիչ

 

Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Շ. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ

Մ. ԹԵԼՈՅԱՆԻ

 

25 օգոստոսի 2025 թվականի

 ք. Երևան

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Աննա Կարապետյանի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2025 թվականի մայիսի 27-ի թիվ 44-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը.

 

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի կողմից 07.04.2025 թվականին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին ներկայացված զեկուցագիրը, որով վերջինս ներկայացրել է զանգվածային լրատվության միջոցներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի (այսուհետ նաև` Դատավոր կամ Դատարան) վերաբերյալ կատարված հրապարակումները՝ խնդրելով հանձնարարել իրավասու ստորաբաժանմանը ուսումնասիրելու Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը։

Արդարադատության նախարարի 14.04.2025 թվականի թիվ 30-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 27.05.2025 թվականի թիվ 44-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Խորհուրդ միջնորդությունը և կից նյութերը մուտքագրվել են 29.05.2025 թվականին:

Խորհրդի 09.06.2025 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

Խորհուրդը 19.06.2025 թվականին կայացած նիստում բավարարել է Խորհրդի անդամ Արմեն Դանիելյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին միջնորդությունը:

Խորհուրդը 19.06.2025 թվականին կայացած նիստում բավարարել է Արդարադատության նախարարի ներկայացուցչի միջնորդությունը՝ քննությունը հետաձգելու վերաբերյալ, հաջորդ դատական նիստը նշանակվել է 04.08.2025 թվականին:

04.08.2025 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 25.08.2025 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

 

Վարույթ հարուցած մարմինը, ներկայացրած միջնորդությամբ վկայակոչելով Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, իրավահարաբերության պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի1 (այսուհետ նաև՝ Քրեական դատավարության օրենսգիրք) 427-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 428-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, իրավահարաբերության պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի2 48-րդ հոդվածի 2-րդ մասը (այսուհետ նաև՝ Քրեական օրենսգիրք), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (տե՛ս Շուխարդինն ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 64734/01, 2007 թվականի սեպտեմբերի 28-ի վճիռը). Վճռաբեկ դատարանի 23.12.2010 թվականի թիվ ԵԿԴ/0126/01/10 քրեական գործի շրջանակներում կայացված որոշումը, ինչպես նաև Խորհրդի 08.10.2020 թվականի թիվ ԲԴԽ-59-Ո-Կ-15 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, նշել է, որ դատարանը կրում է օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման հանձնելու պարտականություն, որը իրացվում է դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրությունն ուղարկելով այն անձանց կամ մարմնին, որոնց վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը: Դատարանի որոշման կատարումն անշեղորեն ապահովելու համար օրենսդիրը սահմանել է նաև, որ դատական որոշումն ի կատար ածող մարմինները փոխադարձաբար կրում են պարտականություն դատարանին անհապաղ հաղորդելու այն ի կատար ածելու մասին, ինչպես նաև դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի, նրան տեղափոխելու և ազատելու մասին:

Ընդ որում՝ օրենսդիրը նշված պարտականությունների կատարման համար սահմանել է հստակ ժամկետներ: Մասնավորապես, դատական որոշումը կատարման պետք է հանձնվի ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձնելուց 3 օր հետո, իսկ դատարանի որոշումը կատարելու մասին կարգադրությունը ստանալուց հետո դատական որոշումն ի կատար ածող մարմինները դատական որոշումն ի կատար ածելու մասին հաղորդում են անհապաղ: Նշված դատավարական պարտականություններն ու ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ և դրանց հաղթահարման համար որևէ բացառություն կամ կառուցակարգ օրենսգրքով նախատեսված չէ:

Քննարկվող դեպքում վարույթ հարուցող մարմինը անհրաժեշտ է գտել արձանագրել, որ Քրեական դատավարության օրենսգրքով կարգավորված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարման հետ կապված դատարանի կողմից կատարվող գործողությունների շրջանակը, որը դատարանի համար նախատեսում է պարտադիր կատարման ենթակա ինչպես ժամկետային, այնպես էլ ընթացակարգային առանձնահատկություններով պայմանավորված գործողություններ: Օրենսդիրը դատարանի համար նախատեսել է ընդունված կարգադրությունը որոշման պատճենի հետ միասին այն մարմին ուղարկելու պարտականություն, որի վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը, իսկ համապատասխան ժամկետում ներկայացված կանոններով դատարանի կողմից գործողութուններ չձեռնարկվելու արդյունքում կարող է խախտվել ինչպես պետական շահը, այնպես էլ դատապարտվածի իրավունքները՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների:

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում վարույթ հարուցող մարմինը, անդրադառնալով կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներին, փաստել է, որ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված 14888918 քրեական գործով Հարություն Գագիկի Մուրադյանին (այսուհետ՝ Դատապարտյալ) առաջադրվել է մեղադրանք, իսկ 28.12.2018 թվականին քրեական գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մակագրվելով Դատավորին (գործին շնորհվել է ԵԴ/1006/01/18 համարը):

20.06.2019 թվականին Դատավորի կայացրած դատավճռով (այսուհետ՝ Դատավճիռ) Դատապարտյալը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Թիվ ԵԴ/1006/01/18 քրեական գործով Դատապարտյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել ստորագրություն չհեռանալու մասին:

20.06.2019 թվականի Դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական, Վճռաբեկ դատարան և թողնվել է անփոփոխ: Օրինական ուժի մեջ է մտել 11.03.2020 թվականին:

Դատավճիռը Դատավորի 11.05.2020 թվականի թիվ ԴԴ-9.1-Ե-105668/20 գրությամբ ուղարկվել է Ոստիկանություն՝ Դատավճիռն ի կատար ածելու համար, որին ի պատասխան 15.06.2020 թվականին Դատավորին հայտնել են, որ ըստ Դատապարտյալի կնոջ բանավոր հայտարարության և Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ Դատապարտյալը 29.11.2019 թվականից գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում (այսուհետ՝ Հիմնարկ):

Դատարանի 05.05.2022 թվականի թիվ ԴԴ-9.1-Ե-104868 գրությամբ Հիմնարկ 12.05.2022 թվականին մուտքագրվել է Դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը:

Վերոշարադրյալի կապակցությամբ վարույթ հարուցած մարմինն հարկ է համարել ընդգծել, որ ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների՝ մեկ այլ թիվ ԵԴ/0444/01/20 քրեական գործի շրջանակներում Դատապարտյալի նկատմամբ 10.11.2019 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 ամիս ժամկետով: 02.12.2019 թվականին դատարանը վերահաստատել է Դատապարտյալին կալանավորելու որոշումը՝ կալանքի սկիզբը հաշվելով 29.11.2019 թվականից: Կալանքի ժամկետը դատարանի որոշումներով երկարաձգվել է: 09.04.2025 թվականի որոշմամբ Դատապարտյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և քրեական գործի վարույթը կարճվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, իսկ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը վերացվել է:

Թիվ ԿԴ/0045/01/22 քրեական գործի շրջանակներում մեկ այլ հանցագործության կատարման համար 29.11.2019 թվականից կալանավորված Դատապարտյալը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2022 թվականի դատավճռով դատապարտվել է ևս 2 տարվա ազատազրկման: Հիշյալ դատավճռի համաձայն՝ հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժին գումարվել է թիվ ԵԴ/1006/01/18 քրեական գործով 20.06.2019 թվականին Դատավորի կողմից կայացված Դատավճռով ազատազրկման ձևով 2 տարի 6 ամիս ժամկետով նշանակված պատժից 2 տարին և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկման ձևով 4 տարի ժամկետով: Դատապարտյալի նկատմամբ նշանակված վերջնական պատժի կրման սկիզբը հաշվվել է 2022 թվականի մայիսի 12-ից՝ որպես ելակետ ընդունելով Դատարանի կողմից Դատավճիռը կատարման ուղարկելու կարգադրության հիման վրա հաշվվող պատժի կրման ժամկետի սկիզբը:

Վարույթ հարուցած մարմինն ուշադրության արժանի է համարել այն փաստը, որ Դատապարտյալի նկատմամբ պատժի կրման ժամկետների սկիզբը հաշվարկելով պայմանավորված անբարենպաստ իրավիճակը հանգուցալուծվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2025 թվականի որոշմամբ, որով Դատապարտյալի միջնորդությունը բավարարվել է՝ թիվ ԿԴ/0045/01/22 քրեական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2022 թվականի դատավճռի անհստակությունը լուծվել է՝ դատավճռի եզրափակիչ մասում «2022 թվականի մայիս 12-ից» բառերը փոխարինվել են «2020 թվականի մայիսի 11-ից» բառերով:

Այս տեսանկյունից վարույթ հարուցած մարմինն հարկ է համարել նշել նաև, որ Դատական Դեպարտամենտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական հարթակում 04.04.2025 թվականին հրապարակել է Դատավորի պարզաբանումը, որում, մասնավորապես, նշվել է հետևյալը «(…) Վճռաբեկ դատարանից ուղարկված գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2020 թվականի մայիսի 8-ին, իսկ դրանից երեք օր անց տրվել է դատավճռի կատարման կարգադրություն և 2020 թվականի մայիսի 11-ին դատավճիռը, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների որոշումները և դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը (18 թերթ) ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին՝ կատարման նպատակով, քանի որ ըստ թիվ ԵԴ/1006/01/18 գործով առկա տեղեկությունների՝ Հ.Մուրադյանը գտնվել է ազատության մեջ: 2020 թվականի հունիսի 17-ին դատարան է մուտքագրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետի գրությունն այն մասին, որ Հարություն Գագիկի Մուրադյանն ըստ իր կնոջ՝ Անի Ջիվանի Սարգսյանի, բանավոր հայտարարության՝ 29.11.2019թ-ից գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ վերջինս Մաշտոցի քննչական բաժնի կողմից 29.11.2019թ-ից կալանավորվել և տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, իսկ գրությանը կից ներկայացվել է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 9 տեղեկանքը և հասցե այցելելու մասին կազմված արձանագրությունը, սակայն հետ չեն վերադարձվել դատավճիռը, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների որոշումները և դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը, ինչից ենթադրվում է, որ դրանք ուղարկվել են համապատասխան քրեակատարողական հիմնարկ: 2022 թվականի մայիսին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բանավոր տեղեկացրել են, որ Հ. Մուրադյանը գտնվում է անազատության մեջ, սակայն դատարանից ուղարկված նյութերն առկա չեն, ինչի հիման վրա 2022 թվականի մայիսի 5-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կրկին ուղարկվել են նույն դատավճիռը, որոշումների պատճենները և կատարման կարգադրությունը (18 թերթ): 2022 թվականի հունիսի 6-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից դատարան է մուտքագրվել տեղեկատվություն այն մասին, որ Հ. Մուրադյանը կիսափակ ռեժիմով կալանքը կրում է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, սակայն պատժի կրման սկզբի մասին որևէ նշում առկա չէ: 2022 թվականի հունիսի 15-ին դատարան է մուտքագրվել Հ. Մուրադյանի դիմումն այն մասին, որ իր վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 11-ին, սակայն ինքը դատապարտյալի կարգավիճակ է ստացել 2022 թվականի մայիս ամսին, խնդրել է վերացնել այդ վրիպակը, միաժամանակ հայտնել է, որ մեկ այլ գործով կալանքի տակ է գտնվում 2019 թվականի նոյեմբերի 29-ից: Հ. Մուրադյանի այս դիմումի վերաբերյալ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին գրություն է հասցեագրվել այն մասին, որ Հ. Մուրադյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի մարտի 11-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման կայացման օրը»:

Նման պայմաններում, ըստ վարույթ հարուցած մարմնի միջնորդության և դրան կից նյութերի, զանգվածային լրատվության միջոցներում (մասնավորապես՝ «factor.am» լրատվական կայքում) արվել են Դատավորի վերաբերյալ հրապարակումներ, որոնցում բարձրաձայնվել է կալանավոր Հարություն Մուրադյանի կողմից ծայրահեղ քայլի՝ ինքնավնասման և հացադուլի միջոցով իր գործին ուշադրություն հրավիրելու փորձերի մասին:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության իրավական հիմքերում և հիմնավորումներում վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 428-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, հանգել է հետևության, որ Քրեական դատավարության օրենսգրքով կարգավորված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարման հետ կապված դատարանի կողմից կատարվող գործողությունների շրջանակը, որը դատարանի համար նախատեսում է պարտադիր կատարման ենթակա ինչպես ժամկետային, այնպես էլ ընթացակարգային առանձնահատկություններով պայմանավորված գործողություններ:

Ավելին, վկայակոչելով Բարձրագույն դատական խորհուրդի 08.10.2020 թվականի ԲԴԽ-59-Ո-Կ-15 որոշումը, վարույթ հարուցած մարմինը մեջբերել է Խորհրդի արտահայտած դիրքորոշումն այն համատեքստում «… որ քրեական գործով դատաքննության անցկացումը, դատական ակտի կայացումն ու դրա իրացումը իրավական պետությունում հանդես չեն գալիս որպես ինքնանպատակ: Քրեական գործով դատաքննության իրականացումը, դատավճռի կայացումը և այն կատարելը հանդիսանում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների, իսկ ԱՐԴ/0090/01/16 քրեական գործով մարդու կյանքի իրավունքի պաշտպանության հիմնարար երաշխիք և պետության վրա դրված պարտավորություն»:

Վերլուծելով Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0126/01/10 քրեական գործի շրջանակներում 23.12.2010 թվականին կայացված որոշումը՝ վարույթ հարուցած մարմինը վերաբերելի է համարել նաև Վճռաբեկ դատարանի արտահայտած հետևյալ դիրքորոշումը. «(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի նշանակումը և դատական որոշումների կատարումն իրենցից ներկայացնում են տարբեր իրավական ինստիտուտներ: Այսպես, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները և կարգը սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքով, իսկ դատական ակտերի կատարման կանոնները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Միևնույն ժամանակ, նշանակած պատժի ժամկետի սկիզբը որոշելը պատիժ նշանակելու կարևոր տարրերից մեկն է, քանի որ այն ճիշտ չորոշելու հետևանքով կարող են վրա հասնել դատապարտյալի համար անբարենպաստ և նրա վիճակը վատթարացնող իրավական հետևանքներ:»:

Վարույթ հարուցած մարմինն իր՝ 2025 թվականի մայիսի 27-ի որոշմամբ գտել է, որ թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ իրավահարաբերության պահին գործող Քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասում, 428-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների խախտումներ, այն է՝ Դատավորը 20.06.2019 թվականին կայացված Դատավճիռը 11.03.2020 թվականին ուժի մեջ մտնելուց և այն ի կատար ածող իրավասու մարմնի վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո, պատշաճ ժամկետում չի հանձնել համապատասխան մարմնին, որի հետևանքով Դատավճռի կատարումը փաստացի չի ապահովվել տևական ժամանակ։

Մասնավորապես, 17.06.2020 թվականին Դատարան մուտքագրված Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետի գրության բովանդակությանը ծանոթանալուց հետո (ըստ որի՝ Դատապարտյալը 29.11.2019 թվականից սկսած որպես կալանավոր գտնվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում) Դատավորը համապատասխան ժամկետում պատշաճ միջոցներ չի ձեռնարկել Դատավճռի կատարումն ապահովելու ուղղությամբ և միայն 05.05.2022 թվականին՝ Դատավճիռն ի կատար ածող մարմինը Հիմնարկը հանդիսանալու փաստը Դատավորին հայտնի դառնալու օրվանից 1 տարի 10 ամիս 18 օր հետո, Դատարանը Դատավճիռն ուղարկել է կատարման, ինչի հետևանքով Դատապարտյալը նշված ժամանակահատվածում ունեցել է կալանավորի, այլ ոչ թե դատապարտյալի կարգավիճակ, չի օգտվել իր կարգավիճակից բխող իրավունքներից, ինչպես նաև Դատապարտյալի վերաբերյալ քննվող այլ քրեական վարույթներով պայմանավորված Դատավորին վերագրվող խախտումների հետևանքով Դատապարտյալը սահմանված պատժից 3 օր ավելի մնացել է անազատության մեջ։

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից բերված այն փաստարկին, որ վերջինս կարգադրությունը օրենքով սահմանված ժամկետում՝ Վճռաբեկ դատարանից Դատարանում գործը ստանալուց 3 օր անց՝ 11.02.2020 թվականին համապատասխան կարգադրությամբ և դատական ակտերով ուղարկել է Ոստիկանություն, սակայն Ոստիկանության 17.06.2020 թվականին ստացված պատասխան գրությամբ, ըստ որի՝ Հարություն Մուրադյանը գտնվել է կալանքի տակ դեռևս 29.11.2019 թվականից, տրամադրված դատական ակտերը և կարգադրությունը չեն վերադարձվել, ինչպես նաև պատասխան գրությունը չի պարունակել որևէ նշում, որ կատարումն անհնար է կամ Դատարանի կողմից ուղարկված փաստաթղթերը պահվելու են Ոստիկանությունում, որոնց հիման վրա ենթադրվել է, որ դրանք ուղարկվել են համապատասխան քրեակատարողական հիմնարկ, ապա վարույթ հարուցած մարմինն արձանագրել է, որ 17.06.2020 թվականին ստանալով Ոստիկանության համապատասխան գրությունը, այդ պահից սկսած նշված գրությամբ տեղեկացվել է, որ Դատապարտյալը 29.11.2019 թվականից սկսած գտնվել է Հիմնարկում, այսինքն՝ անազատության մեջ, որպիսի պայմաններում Դատարանի համար ծագել է Դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը Հիմնարկ ուղարկելու պարտականություն: Այդուհանդերձ, ըստ Դատավորի հայտնած տեղեկությունների՝ 2022 թվականի մայիս ամսին Հիմնարկից բանավոր տեղեկացրել են, որ Դատապարտյալը Հիմնարկում է, սակայն Դատարանի ուղարկած փաստաթղթերը բացակայում են և արդեն նույն ամսի 5-ին Դատարանը Հիմնարկ է ուղարկել Դատավճիռը, որոշումները և կատարումն ապահովող կարգադրությունը: Արդյունքում վարույթ հարուցած մարմինը եզրահանգել է, որ Դատարանը դեռևս 17.06.2020 թվականին իմանալով, որ դատապարտյալը գտնվում է անազատության մեջ, չի ձեռնարկել համապատասխան գործողություններ Դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը Հիմնարկ ուղարկելու ուղղությամբ և միայն 05.05.2022 թվականին է կատարել համապատասխան գործողությունը, որպիսի պայմաններում Դատարանի կողմից դրսևորվել է տևական անգործություն։

Ինչ վերաբերում է Դատավորի այն փաստարկին, որ Ոստիկանության կողմից չեն վերադարձվել համապատասխան դատական ակտերը և Դատավորը ենթադրել է, որ դրանք ուղարկվել են Հիմնարկ, ապա ըստ վարույթ հարուցած մարմնի՝ Ոստիկանության գրությունից Դատավորը պարտավոր էր հանգել հետևության, որ Ոստիկանությունը հայտնել է կարգադրությունն իրենց միջոցով ի կատար ածելու անհնարինության մասին, իսկ համապատասխան դատական ակտերը հետ չվերադարձնելը Դատավորին չէր զրկում դրանք գրությամբ հետ պահանջելու հնարավորությունից, ավելին՝ Դատարանը պարտավոր էր կարգադրության հետագա ընթացքը լուծելու համար ձեռնամուխ լինել նման գործողության կատարմանը: Դա է վկայում այն փաստը, որ Դատավորը համապատասխան դատական ակտերը Հիմնարկ է ուղարկել միայն 05.05.2022 թվականին, այն դեպքում, երբ այդ պահին համապատասխան փաստաթղթերը դեռևս չէին վերադարձվել Ոստիկանությունից, ինչից հետևում է, որ փաստաթղթերի վերադարձված չլինելը չի դարձել դատարանի գործողությունների կատարումը անհնարին դարձնող հանգամանք:

Ամփոփելով վերը նշված փաստերը՝ վարույթ հարուցած մարմինը գտել է, որ քննարկվող դեպքում առկա են Քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ և 428-րդ հոդվածի 1-ին մասերի դրույթների խախտման հատկանիշներ, որոնք հանգեցրել են Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված մարդու իրավունքների խախտումների:

Անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման մեղքի ձևին՝ վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման իրավական գնահատականի վերաբերյալ ներկայացված փաստարկները, դեպքի առնչությամբ արված հրապարակային հայտարարությունները, դատավարական հենք չունեցող ենթադրությունների վրա հիմնված գործողությունները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը, գտնում է, որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։

Այսպիսով, վարույթ հարուցած մարմինը գտել է, որ Դատավորը կատարել է վերը շարադրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները մեղավորությամբ, որոնք դրսևորվել են կոպիտ անփութությամբ։

Վարույթ հարուցած մարմինը, հարգելով Դատավորի կարգավիճակն ու գիտակցելով վերջինիս հեղինակությունը բարձր պահելու իր պարտականությունը, հաշվի առնելով գործի իր կողմից կատարված փաստական հանգամանքների ուսումնասիրությունը և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում, միջնորդել է Բարձրագույն Դատական Խորհրդին քննել Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Դատական նիստում Վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

 Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ հայտնել է, որ թիվ ԵԴ/1006/01/18 քրեական գործով Դատապարտյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել ստորագրություն չհեռանալու մասին: 2019 թվականի հունիսի 20-ի Դատավճռով վերջինս դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, իսկ խափանման միջոցը թողնվել է անփոփոխ: Դատավճիռը բողոքարկվել է վերաքննության և վճռաբեկության կարգով և թողնվել է անփոփոխ:

 Դատավորը բացատրության մեջ նշել է, որ ընդունված կարգի համաձայն՝ ազատազրկման դատապարտված և ազատության մեջ գտնվող անձանց վերաբերյալ կարգադրություններն ուղարկվում են դատապարտյալի բնակության վայրի ՀՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ դատապարտյալին և նրա վերաբերյալ փաստաթղթերը համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով:

 Վճռաբեկ դատարանից ուղարկված գործը Դատարան մուտքագրվել է 2020 թվականի մայիսի 8-ին, որից երեք օր անց տրվել է Դատավճռի կատարման կարգադրություն և 2020 թվականի մայիսի 11-ին Դատավճիռը, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների որոշումները և Դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը (18 թերթ) ուղարկել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին՝ կատարման նպատակով, քանի որ ըստ թիվ ԵԴ/1006/01/18 քրեական գործով առկա տեղեկությունների՝ Հ. Մուրադյանը գտնվել է ազատության մեջ:

 Դատավորը պարզաբանել է, որ 2020 թվականի հունիսի 17-ին Դատարան մուտքագրված ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետի գրությունը բովանդակել է տեղեկություն այն մասին, որ Դատապարտյալի կնոջ՝ Անի Ջիվանի Սարգսյանի, բանավոր հայտարարության համաձայն, 29.11.2019 թվականից Դատապարտյալը գտնվում է Հիմնարկում, ինչպես նաև Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն վերջինս Մաշտոցի քննչական բաժնի կողմից 29.11.2019 թվականին կալանավորվել և տեղափոխվել է Հիմնարկ, իսկ գրությանը կից ներկայացվել է ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 9 տեղեկանքը և հասցե այցելելու մասին կազմված արձանագրությունը, սակայն հետ չեն վերադարձվել դատավճիռը, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների որոշումները և դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը, ինչից ենթադրվում է, որ դրանք ուղարկվել են համապատասխան քրեակատարողական հիմնարկ, քանի որ անհասկանալի է, թե ինչում է կայանում այդ փաստաթղթերը Ոստիկանությունում պահելու իմաստը, ինչպես նաև այդ գրությունը չի պարունակել որևէ նշում, որ կատարումն անհնար է կամ Դատարանից ուղարկված փաստաթղթերը պահվելու են Ոստիկանությունում:

 Դատավորը նշել է նաև 2022 թվականի մայիսին Հիմնարկից Դատապարտյալի անազատության մեջ գտնվելու, սակայն Դատարանից ուղարկված նյութերն առկա չլինելու մասին բանավոր տեղեկացվելու, և դրա հիման վրա 2022 թվականի մայիսի 5-ին նույն դատավճիռը, որոշումների պատճենները և կատարման կարգադրությունը (18 թերթ) Հիմնարկ ուղարկելու մասին:

 2022 թվականի հունիսի 6-ին Հիմնարկից Դատարան է մուտքագրվել տեղեկություն այն մասին, որ Դատապարտյալը կիսափակ ռեժիմով կալանք է կրում Հիմնարկում, սակայն պատժի կրման սկզբի մասին որևէ նշում առկա չէ:

 2022 թվականի հունիսի 15-ին արդեն Դատարան է մուտքագրվել Դատապարտյալի դիմումը, որում վերջինս նշել է, որ չնայած իր վերաբերյալ դատավճիռն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 11-ին, սակայն ինքը դատապարտյալի կարգավիճակ ստացել է միայն 2022 թվականի մայիս ամսին՝ խնդրելով վերացնել այդ վրիպակը: Դատարանն այս դիմումի հիման վրա 17.06.2022 թվականին գրություն է հասցեագրել Հիմնարկ՝ հայտնելով, որ Դատապարտյալի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի մարտի 11-ին:

 Դատավորը վկայակոչել է նաև Դատապարտյալի վերաբերյալ ԿԴ/0045/01/22 քրեական գործը, որը քննվել է համաձայնեցման վարույթի կիրառմամբ և որով 2022 թվականի դեկտեմբերի 8-ին կայացված դատավճռով Դատապարտյալը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործության կատարման համար և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկման ձևով 2 տարի ժամկետով: Հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժին գումարվել է ԵԴ/1006/01/18 քրեական գործով Դատարանի 2019 թվականի հունիսի 20-ի Դատավճռով նշանակված 2 տարի 6 ամիս ժամկետով պատիժը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկման ձևով՝ 4 տարի ժամկետով:

 Դատապարտյալի նկատմամբ նշանակված վերջնական պատժի սկիզբը հաշվվել է 2022 թվականի մայիսի 12-ից, ըստ որում, Դատավորը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատժի կրման սկիզբը ներառված է համաձայնության մասին արձանագրության մեջ, որը ստորագրվել է նաև Դատապարտյալի կողմից:

 Դատավորը գտել է, որ պատժի կրման սկիզբը 2022 թվականի մայիսի 12-ից հաշվելու հիմքը հանդիսացել է Հիմնարկի պետի 2022 թվականի նոյեմբերի 28-ի գրությունը, որի համաձայն Դատապարտյալի պատժի սկիզբը հաշվվում է 2022 թվականի մայիսի 12-ից:

 Միևնույն ժամանակ, այս համատեքստում Դատավորը իր բացատրության մեջ տարակուսանք է հայտնել, որ ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում նույն ԿԴ/0045/01/22 քրեական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 14.04.2025թ, դատական ակտի անհստակությունը լուծելու միջնորդություն արդյունքում կայացված դատական ակտում Դատապարտյալի պատժի կրման սկիզբը հաշվվել է 2020 թվականի մայիսի 11-ից՝ արդեն հաշվի առնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետի 2025 թվականի ապրիլի 10-ի գրությունը, համաձայն որի ԵԴ/1006/01/18 քրեական գործով Դատարանի 2019 թվականի հունիսի 20-ի Դատավճռով Դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը հաշվարկվում է 2020 թվականի մայիսի 11-ից, ինչով ուշադրություն է հրավիրել պատժի սկիզբը հաշվելու վերաբերյալ Հիմնարկի և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գրություններում տեղ գտած ակնհայտ տարբերություններին:

 Դատավորը պարզաբանել է նաև, որ 17.06.2022 թվականին Հիմնարկ ուղղված գրությամբ վերջինս չէր կարող քրեակատարողական ծառայությանը ցուցումներ տալ պատժի կրման սկզբի հաշվարկները կատարելու մասին, այլ միայն կարող էր հայտնել Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվա մասին, քանի որ մինչ այդ արդեն իսկ ուղարկվել էր Դատավճիռն ի կատար ածելու մասին 2020 թվականի մայիսի 11-ի կարգադրությունը:

 Դատավորը հայտնել է նաև, որ որևէ տեղեկություն չի ունեցել, թե երբ է կատարվել թիվ ԵԴ/1006/01/18 քրեական գործով Դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի սկզբի հաշվարկի վերանայումը, սակայն ենթադրել է, որ այն կատարվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից:

 Դատավորը նաև հարկ է համարել տեղեկացնել, որ մեկ այլ՝ թիվ ԵԿԴ/0153/01/17 քրեական գործով 03.04.2025 թվականին նշանակված դատական նիստին Դատապարտյալի ներկայությունը ապահովելու համար 24.02.2025թ գրություն է հասցեագրել Հիմնարկ, որին ի պատասխան 24.03.2025 թվականի գրությամբ Հիմնարկից տեղեկացրել են, որ Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում պահվում է կալանավորված անձի կարգավիճակով:

 Դատավորը իր կարծիքն է արտահայտել նաև առ այն, որ անկախ այն հանգամանքից, թե երբ է կատարվել ԵԴ/1006/01/18 քրեական գործով Դատապարտյալի նկատմամբ պատժի սկզբի հաշվարկի վերանայումը, մեկ այլ ԵԴ/0444/01/20 քրեական գործով խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը, որը վերացվել է 09.04.2025թ որոշմամբ, հետևաբար դատապարտյալի նկատմամբ իրավական ոչ բարենպաստ հետևանքներ չեն առաջացել:

 Դատավորն իր բացատրությամբ վարույթ հարուցած մարմնին պարզաբանել է նաև, որ տվյալ իրավիճակը պատճառ է նրա, որ Ոստիկանությունը տեղեկություն չի տրամադրել Դատարանից ուղարկված նյութերը հասցեատիրոջը չփոխանցելու մասին, դրանից հետո տևական ժամանակ պատիժն ի կատար ածող մարմինը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել դատավճռի ի կատար ածման մասին և միայն երկու տարի անց է հայտնել, որ նյութերը քրեակատարողական հիմնարկում առկա չեն, իսկ իր կողմից փաստաթղթերը Ոստիկանությանն ուղարկելու, դատավճռի՝ 2020 թվականի մայիսի 11-ին օրինական ուժի մեջ մտնելու վերաբերյալ պարզաբանում ստանալուց հետո մեկ այլ քրեական գործով Հիմնարկը տվել է տեղեկություն Դատավճռով պատժի կրման սկիզբը 2022 թվականի մայիսի 12-ից հաշվելու մասին: Հետագայում նույն մարմինը Դատավորին անհայտ հանգամանքներում վերանայել է պատժի հաշվարկի սկիզբը, իսկ արդյունքում այս ամենը վերագրվել է Դատավորին՝ որպես կարգապահական խախտում:

 Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի սկզբի հաշվարկի մեջ իր մեղավորությունը բացակայում է, ինչպես նաև առկա չէ որևէ հետևանք՝ Դատավորը խնդրել է այդ հիմքով կարճել կարգապահական վարույթը։

 Դատավորը Խորհրդին ներկայացրած գրավոր պատասխանով հայտնել է, որ ի լրումն վարույթ հարուցած մարմին ներկայացված բացատրության մեջ նշված հիմնավորումների, կարևոր է համարում անդրադառնալ նաև այն փաստին, որ Դատապարտյալն անազատության մեջ ավելի է մնացել ոչ թե երեք օր, այլ ընդամենը երկու օր, քանի որ 2025 թվականի ապրիլի 9-ից մինչև ապրիլի 11-ը երկու օր է։

Դատավորը նաև նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքում գործնականում հանդիպող բոլոր իրավիճակները սահմանված չեն և չեն էլ կարող սահմանվել, և երբեմն վարույթ իրականացնող մարմինները գործում են ողջամիտ տրամաբանությամբ։ Միևնույն ժամանակ դատական նիստի ընթացքում, ինչպես նաև 13.06.2025 թվականին ԲԴԽ ներկայացված գրավոր պատասխանում դատավորը կատարել է եզրահանգումներ, որոնց համաձայն առկա է օրենդրական բաց, որով ազատազրկման դատապարտված, սակայն ազատության մեջ գտնվող Դատապարտյալների պատժի կատարման համար հստակ ընթացակարգերի բացակայությունն է հանդիսանում տվյալ դեպքում Դատապարտյալի իրավունքների խախտման պատճառը, այլ ոչ թե դատավարական նորմերն իր կողմից խախտելը։

Անդրադառնալով վարույթ հարուցած մարմնի այն դիրքորոշմանը, ըստ որի՝ 15.06.2020 թվականի գրությամբ Դատավորը Ոստիկանությունից տեղեկացվել է Դատապարտյալի՝ 29.11.2019 թվականից Հիմնարկում գտնվելու վերաբերյալ, ուստի իրեն հայտնի է դարձել Դատավճռի ի կատար ածելու պարտականություն ունեցող մարմինը, ապա Դատավորը նշել է, որ իրեն հայտնի է եղել այն հանգամանքը, որ դատավճիռն ի կատար ածող մարմինը Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունն է։ Այդուհանդերձ, Դատապարտյալի վերաբերյալ Դատավճիռն ի կատար ածելու պարտականություն ունեցող մարմնի՝ Հիմնարկի մասին 17.06.2020 թվականին ծանուցվելուց հետո եռօրյա ժամկետում Դատարանը համապատասխան փաստաթղթերը Հիմնարկ ուղարկելու դատավարական պարտականություն չի կրում, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածով սահմանված կարգով կատարման հանձնելու պարտականությունը ծագում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու կամ վերադաս ատյանից գործը վերադարձվելու օրը և այդ պարտականությունն ավարտվում է 3 օր անց (ինչը և արվել է Դատարանի կողմից ուղարկելով Ոստիկանություն), իսկ դրանից հետո կարգադրությունը այլ վայր՝ առավել ևս 3 օրվա ընթացքում ուղարկելու պարտավորություն սահմանված չէ։

Դատավորը վերը նշվածի հիման վրա եզրահանգել է, որ օրենսդրական կարգավորում չունեցող իրավիճակի պայմաններում վարույթ հարուցած մարմինը իրեն է վերագրել դատավարական հենք չունեցող խախտում։

Դատավորը շեշտել է նաև, որ ինքը ողջամտորեն ենթադրել է, թե Ոստիկանությունն իր կողմից ուղարկված փաստաթղթերը ոչ թե պահել է (քանի որ այդ փաստաթղթերի կարիքը չուներ), այլ հասցեագրել է իրավասու մարմին՝ նկատի ունենալով այն, որ դրանք Դատարանին հետ չեն վերադարձվել, իսկ 17.06.2020 թվականին Դատարան մուտքագրված Ոստիկանության գրությունն իրենում որևէ նշում չի պարունակել կատարման անհնարինության կամ իրենց լիազորություններից դուրս լինելու մասին։

Մատնանշելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝ Դատավորը գտել է, որ այս դեպքում վարչական մարմինները պարտավորություն ունեն փոխադարձ օգնություն տրամադրել միմյանց իրենց լիազորություններն իրականացնելու համար, չնայած այն հանգամանքին, որ նույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքն ազատազրկման դատապարտված և ազատության մեջ գտնվող անձի վերաբերյալ դատավճիռը կատարելու կարգադրությունն ուղարկելու հարաբերությունը չի կարգավորում։

Դատավորն իր պատասխանում հայտնել է նաև, որ քանի որ Դատապարտյալի վերաբերյալ կայացված դատական ակտով իր որևէ գործողությունը կամ անգործությունը չի բողոքարկվել և չի փոփոխվել, ուստի իր մեղավորությունը պատժի կրման հաշվարկի հարցում առկա չէ և վերջինս իրավասու չէ Հիմնարկին այս առումով ցուցումներ տալ։

Դատավորը ներկայացված փաստերի և իրավանորմերի վերլուծության արդյունքում հանգել է հետևության, որ իրավասու մարմինների կողմից անգործության կամ սխալ գործողությունների արդյունքում առերևույթ տեղի ունեցած խախտումը վարույթ հարուցած մարմինը վերագրել է իրեն, ինչը որակել է ոչ արդարացի և ոչ իրավաչափ։

Դատավորի կողմից դատական նիստի ընթացքում վերահաստատվել են իր դիրքորոշումները, մասնավորապես առ այն, որ օրենսդրական հստակ կարգավորումներ առկա չեն, օրենքը սահմանում է միայն վերադաս ատյանից գործը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում կատարվող գործողություններ և օրենսդրությունը չի սահմանում առաջին գործողությունը կատարելուց հետո 1-2 ամիս անց այլ գործողությունների կատարում:

Դատավորի ներկայացուցիչը դատական նիստի ժամանակ միանալով Դատավորի դիրքորոշմանը՝ հայտնել է որ վերագրվող խախտման հիմքերի մասին վարույթ հարուցած մարմինն ավելի վաղ է տեղեկացված եղել, քանի որ Հիմնարկը իր կազմում գործող մարմին է, և հետևաբար խախտվել են վարույթ հարուցելու Օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ բուն խախտման առումով գտել է, որ առկա է օրենսդրական բաց, որը պատճառ է հանդիսացել Դատապարտյալի իրավունքների խախտման, սակայն Դատավորի մեղքը բացակայում է, ուստի վերջինս կարգապահական պատասխանատվության ենթակա չէ:

 Ելնելով վերոգրյալից՝ Դատավորը և իր ներկայացուցիչը Խորհրդին խնդրել են մերժել Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։

 

 4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

 

 4.1. Իրավահարաբերության պահին գործող Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված 14888918 քրեական վարույթն ըստ մեղադրանքի Հարություն Գագիկի Մուրադյանի, 28.12.2018 թվականին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մակագրվելով Դատավորին (գործին շնորհվել է ԵԴ/1006/01/18 համարը):

4.2. Դատավորի կայացրած 20.06.2019 թվականի թիվ ԵԴ/1006/01/18 դատավճռով Հարություն Գագիկի Մուրադյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով:

4.3. Թիվ ԵԴ/1006/01/18 քրեական գործով Դատապարտյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել ստորագրություն չհեռանալու մասին:

4.4. Վերաքննիչ քրեական դատարանի 25.11.2019 թվականի որոշմամբ ամբաստանյալի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Դատավճիռը թողնվել է անփոփոխ: Վճռաբեկ դատարանի 11.03.2020 թվականի որոշմամբ պաշտպանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել 11.03.2020 թվականին: Վճռաբեկ դատարանից վերադարձված Գործը Դատարան է մուտքագրվել 08.05.2020 թվականին:

4.5. Դատավճիռը, Դատավորի 11.05.2020 թվականի թիվ ԴԴ-9.1-Ե-105668/20 գրությամբ, ուղարկվել է Ոստիկանություն՝ Դատավճիռն ի կատար ածելու համար, որին ի պատասխան 15.06.2020 թվականին (Դատարան մուտքագրվել է 17.06.2020 թվականին) Դատավորին հայտնել են, որ ըստ Դատապարտյալի կնոջ բանավոր հայտարարության և Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, Դատապարտյալը 29.11.2019 թվականից գտնվում է Հիմնարկում:

4.6. Հիմնարկում Դատարանի 05.05.2022 թվականի թիվ ԴԴ-9.1-Ե-104868 գրությամբ ուղարկված Դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը մուտքագրվել է 12.05.2022 թվականին:

4.7. Դատապարտյալը 10.06.2022 թվականին Դատարանին հասցեագրված դիմումով նշել է, որ 11.05.2020 թվականին Դատավճիռը ստացել է օրինական ուժ, սակայն ինքը դատապարտյալի կարգավիճակ ստացել է 2022 թվականի մայիս ամսին, ուստի խնդրել է վերացնել վրիպակը և պատժի սկիզբը հաշվել 11.05.2020 թվականից: Դատապարտյալը միաժամանակ նշել է, որ ինքը մեկ այլ գործով (թիվ ԵԴ/0444/01/20) կալանքի տակ է գտնվում դեռևս 29.11.2019 թվականից:

4.8. Թիվ ԵԴ/0444/01/20 քրեական գործի շրջանակներում Դատապարտյալի նկատմամբ 10.11.2019 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 ամիս ժամկետով: 02.12.2019 թվականին դատարանը վերահաստատել է Դատապարտյալին կալանավորելու որոշումը՝ կալանքի սկիզբը հաշվելով 29.11.2019 թվականից: Կալանքի ժամկետը 23.01.2022 և 24.03.2020 թվականի դատարանի որոշումներով երկարաձգվել է երկուական ամսով, իսկ 23.05.2020 թվականին որոշում է կայացվել Դատապարտյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը պահպանելու մասին: 09.04.2025 թվականի որոշմամբ Դատապարտյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և քրեական գործի վարույթը կարճվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, իսկ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացվել է:

4.9. Թիվ ԿԴ/0045/01/22 քրեական գործի շրջանակներում մեկ այլ հանցագործության կատարման համար 29.11.2019 թվականից կալանավորված Դատապարտյալը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2022 թվականի դատավճռով դատապարտվել է ևս 2 տարվա ազատազրկման: Հիշյալ դատավճռի համաձայն՝ հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժին գումարվել է թիվ ԵԴ/1006/01/18 քրեական գործով 20.06.2019 թվականին Դատավորի կողմից կայացված Դատավճռով ազատազրկման ձևով 2 տարի 6 ամիս ժամկետով նշանակված պատժից 2 տարին և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկման ձևով՝ 4 տարի ժամկետով: Դատապարտյալի նկատմամբ նշանակված վերջնական պատժի կրման սկիզբը հաշվվել է 2022 թվականի մայիսի 12-ից:

4.10. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2025 թվականի որոշմամբ Դատապարտյալի միջնորդությունը բավարարվել է՝ թիվ ԿԴ/0045/01/22 քրեական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2022 թվականի դատավճռի անհստակությունը լուծվել է՝ դատավճռի եզրափակիչ մասում «2022 թվականի մայիս 12-ից» բառերը փոխարինվել են «2020 թվականի մայիսի 11-ից» բառերով:

4.11. Դատապարտյալի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոց «Factor.am» կայքում 29.01.2025 թվականին և 14.03.2025 թվականին արվել են հրապարակումներ, որտեղ լրագրողն անդրադարձել է Դատապարտյալի կողմից տարեսկզբին ինքնասպանության փորձ կատարելու, իսկ այնուհետև նաև հացադուլ հայտարարելու պատճառներին՝ նշելով, որ Դատապարտյալի ծայրահեղ միջոցների դիմելը պայմանավորված է վերջինիս համոզմունքով, որ դատարանի միտումնավոր սխալի կամ անփութության պատճառով կալանավայրում կանցկացնի ևս երկու տարի, քանի որ դատավճիռն ի կատար ածելու հաստատականը գրեթե 3 տարի Հիմնարկ չի ստացվել և տեղ է հասել միայն իր դիմումից հետո:

4.12. Դատական Դեպարտամենտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական հարթակում 04.04.2025 թվականին հրապարակել է Դատավորի պարզաբանումը, որում, մասնավորապես, նշվել է հետևյալը «(…) Վճռաբեկ դատարանից ուղարկված գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2020 թվականի մայիսի 8-ին, իսկ դրանից երեք օր անց տրվել է դատավճռի կատարման կարգադրություն և 2020 թվականի մայիսի 11-ին դատավճիռը, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների որոշումները և դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը (18 թերթ) ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին՝ կատարման նպատակով, քանի որ ըստ թիվ ԵԴ/1006/01/18 գործով առկա տեղեկությունների՝ Հ.Մուրադյանը գտնվել է ազատության մեջ: 2020 թվականի հունիսի 17-ին դատարան է մուտքագրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետի գրությունն այն մասին, որ Հարություն Գագիկի Մուրադյանն ըստ իր կնոջ՝ Անի Ջիվանի Սարգսյանի բանավոր հայտարարության 29.11.2019թ-ից գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ վերջինս Մաշտոցի քննչական բաժնի կողմից 29.11.2019թ-ից կալանավորվել և տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, իսկ գրությանը կից ներկայացվել է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 9 տեղեկանքը և հասցե այցելելու մասին կազմված արձանագրությունը, սակայն հետ չեն վերադարձվել դատավճիռը, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների որոշումները և դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը, ինչից ենթադրվում է, որ դրանք ուղարկվել են համապատասխան քրեակատարողական հիմնարկ: 2022 թվականի մայիսին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բանավոր տեղեկացրել են, որ Հ. Մուրադյանը գտնվում է անազատության մեջ, սակայն դատարանից ուղարկված նյութերն առկա չեն, ինչի հիման վրա 2022 թվականի մայիսի 5-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կրկին ուղարկվել են նույն դատավճիռը, որոշումների պատճենները և կատարման կարգադրությունը (18 թերթ): 2022 թվականի հունիսի 6-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից դատարան է մուտքագրվել տեղեկատվություն այն մասին, որ Հ Մուրադյանը կիսափակ ռեժիմով կալանքը կրում է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, սակայն պատժի կրման սկզբի մասին որևէ նշում առկա չէ: 2022 թվականի հունիսի 15-ին դատարան է մուտքագրվել Հ. Մուրադյանի դիմումն այն մասին, որ իր վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 11-ին, սակայն ինքը դատապարտյալի կարգավիճակ է ստացել 2022 թվականի մայիս ամսին, խնդրել է վերացնել այդ վրիպակը, միաժամանակ հայտնել է, որ մեկ այլ գործով կալանքի տակ է գտնվում 2019 թվականի նոյեմբերի 29-ից: Հ. Մուրադյանի այս դիմումի վերաբերյալ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին գրություն է հասցեագրվել այն մասին, որ Հ. Մուրադյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի մարտի 11-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման կայացման օրը»:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.

 

Հաշվի առնելով վարույթ հարուցած մարմնի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված հակափաստարկները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում/ներ,

5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը/ները կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ,

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով վարույթ հարուցած մարմնի ներկայացուցչի, Դատավորի և նրա ներկայացուցչի դիրքորոշումները, ինչպես նաև ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:

Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ և դրան կից նյութերով ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներով:

Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝ անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո:

Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով։

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակներն են՝ վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները:

 ՀՀ քրեական օրենսգրքի3 55-րդ հոդվածի համաձայն՝ պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից կամ ազատություններից սույն օրենսգրքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ: Պատժի նպատակներն են` վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները:

Քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Վերաքննիչ դատարանի և վճռաբեկ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո:

Քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրությունը, որոշման պատճենի հետ, իսկ վերաքննության կարգով որոշման փոփոխման դեպքում` նաև վերաքննիչ դատարանի որոշման պատճենի հետ, ուղարկվում է այն անձանց կամ մարմնին, որոնց վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական որոշումն ի կատար ածող մարմինները դատական որոշումը կայացրած դատարանին անհապաղ հաղորդում են այն ի կատար ածելու մասին: Քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմը պետք է դատական որոշումը կայացրած դատարանին և դատապարտյալի ընտանիքին հայտնի դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի, նրան տեղափոխելու և ազատելու մասին:

Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/0126/01/10 քրեական գործի շրջանակներում 23.12.2010 թվականի որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. « (...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի նշանակումը և դատական որոշումների կատարումն իրենցից ներկայացնում են տարբեր իրավական ինստիտուտներ: Այսպես, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները և կարգը սահանված են ՀՀ քրեական օրենսգրքով, իսկ դատական ակտերի կատարման կանոնները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Միևնույն ժամանակ, նշանակած պատժի ժամկետի սկիզբը որոշելը պատիժ նշանակելու կարևոր տարրերից մեկն է, քանի որ այն ճիշտ չորոշելու հետևանքով կարող են վրա հասնել դատապարտյալի համար անբարենպաստ և նրա վիճակը վատթարացնող իրավական հետևանքներ:»:

Վերոնշյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը օրենքով սահմանված կարգով պարտավորություն է կրում օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման հանձնելու ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո: Այս կարգավորումն ինքնանպատակ չէ, քանի որ միայն դատական ակտի ուժի մեջ մտնելու փաստը ինքնաբերաբար չի հանգեցնում դատական ակտի կատարմանը: Այդ է վկայում այն հանգամանքը, որ օրենսդիրը սահմանել է դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրություն արձակելու պարտականությունը, որը օրենքով սահմանված 3-օրյա ժամկետում որոշման պատճենի հետ, իսկ վերաքննության կարգով որոշման փոփոխման դեպքում՝ նաև վերաքննիչ դատարանի որոշման պատճենի հետ, ուղարկվում է այն անձանց կամ մարմնին, որոնց վրա դրված է որոշումն ի կատար ածելու պարտականությունը: Հակառակ պարագայում օրենսդիրը կբավարարվեր միայն դատական ակտի ուժի մեջ մտնելու փաստով և դատավորի կողմից դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրություն արձակելու անհրաժեշտությունը չէր առաջանա: Ավելին, կարևորելով դատական ակտի պատշաճ կատարման անհրաժեշտությունը, օրենսդիրը փոխադարձ պարտականություն է սահմանել նաև դատական որոշումն ի կատար ածող մարմինների համար, որոնք պարտավոր են դատական որոշումը կայացրած դատարանին անհապաղ հաղորդել այն ի կատար ածելու մասին, դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի մասին, նրան տեղափոխելու և ազատելու մասին:

 Տվյալ դեպքում, թիվ ԵԴ/1006/01/18 քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների հիմքով Դատարանը 20.06.2019 թվականին կայացված և 11.03.2020 թվականին օրինական ուժի մեջ մտած Դատավճիռը ստանալով Վճռաբեկ դատարանից, 11.05.2020 թվականի թիվ ԴԴ-9.1-Ե-105668/20 գրությամբ դատավճիռն ի կատար ածելու համար ուղարկել է Ոստիկանություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ թիվ ԵԴ/1006/01/18 քրեական գործով Դատապարտյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել ստորագրություն չհեռանալու մասին:

Սակայն Դատարանը բավարար ուշադրության չի արժանացրել այն փաստը, որ իր վերոնշյալ գրությանն ի պատասխան Ոստիկանությունից 15.06.2020 թվականին (Դատարան մուտքագրվել է 17.06.2020 թվականին) հայտնած տեղեկության՝ ըստ Դատապարտյալի կնոջ բանավոր հայտարարության և Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ Դատապարտյալը 29.11.2019 թվականից գտնվում է Հիմնարկում, ինչից հստակ կարելի էր եզրահանգել, որ Դատարանի կայացրած դատավճիռն ի կատար ածելու պարտականությունը կրող մարմինն այս դեպքում չէր կարող հանդիսանալ Ոստիկանությունը:

Խորհրդի գնահատմամբ Դատավորի ենթադրություններն առ այն, որ 15.06.2020 թվականի գրությամբ Ոստիկանությունից Դատարան չվերադարձված փաստաթղթերը վերահասցեագրվել են Հիմնարկ՝ կատարումն ապահովելու համար, առարկայազուրկ են և հիմնված չեն օրենքով սահմանված պահանջների վրա, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից», ուստի Ոստիկանությունը չէր կարող վերահասցեագրել դրանք Հիմնարկ՝ կատարումն ապահովելու համար, քանի որ ըստ օրենքի նշված նորմի՝ դա որոշումը կայացրած դատարանի պարտականությունն է:

Բացի այդ, Դատարանը տևական ժամանակ (1 տարի 10 ամիս 18 օր) Հիմնարկից չի ստացել Օրենսգրքի 428-րդ Հոդվածի 3-րդ մասի համաձայն դատական որոշումն ի կատար ածելու մասին հաղորդումը, այն դեպքում, երբ սույն պահանջի կատարումն ըստ օրենքի պետք է տեղի ունենար անհապաղ, և անգամ այս հանգամանքը ողջամիտ կասկածներ չի առաջացրել իր կողմից կայացված Դատավճռի կատարումը ապահովված չլինելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից ներկայացրած դիրքորոշմանն առ այն, որ իր կողմից կատարվել են Քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասով և 428-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ սահմանված ժամկետում ուղարկելով դրանք Ոստիկանություն, ուստի նույն պահանջը նույն ժամկետում կրկին կատարելու պարտավորություն ինքն այլևս չի կրում, ապա Խորհրդի գնահատմամբ դա չի բխում օրենքի մեկնաբանությունից, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը չէր կարող սահմանել բոլոր հնարավոր դեպքերը, երբ դատական ակտի կատարումը ապահովելու համար իրավասու անձինք կամ մարմինները կարող են տարբերվել, սակայն օրենսդիրը սահմանել է, որ դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրությունն ուղարկվում է այն անձանց կամ մարմնին, որոնց վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը, ինչպես նաև սահմանում է այդ պարտականությունը կատարելու 3-օրյա ժամկետ, իսկ տվյալ դեպքում Դատավորն առնվազն 17.06.2020 թվականից տեղեկացված էր, որ Դատավճիռն ի կատար ածելու պարտականությունը կրում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը կամ Հիմնարկը, ուստի Դատավորը տեղակացվելու օրվանից կրում էր օրենքով սահմանված ժամկետում Դատարանի որոշումը պատշաճ մարմին կատարման ուղարկելու պարտականություն:

Խորհուրդը գտնում է, որ Դատավորի վերը նշված փաստարկը հերքվում է նաև այն հիմնավորմամբ, որ օրենքի նման մեկնաբանությամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարումը կկրի ձևական բնույթ և չի ապահովի դատական ակտերի ի կատար ածման համար նախատեսված ողջ գործիքակազմն ու դրանք անշեղորեն կատարելու սկզբունքի ապահովումը, ինչն իր հերթին չի նպաստի պատժի կատարման նպատակներին՝ վերականգնելու սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնելու պատժի ենթարկված անձին և կանխելու հանցագործությունները:

Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանի 05.05.2022 թվականի թիվ ԴԴ-9.1-Ե-104868 գրությամբ Հիմնարկում (որպես մարմին, որի վրա դրված է դատավճիռն ի կատար ածելու պարտականությունը) 12.05.2022 թվականին մուտքագրվել է Դատավճիռն ի կատար ածելու մասին Դատարանի կարգադրությունը, որը և հիմք է հանդիսացել պատժի կատարման հաշվարկը սկսելու համար:

Խորհուրդը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ Դատավորի կողմից ներկայացված՝ Դատապարտյալի սահմանված պատժից ավելի անազատության մեջ գտնելու վերաբերյալ ժամկետային փաստարկներին (ամբողջական 2, թե 3 օր), հաշվի առնելով միայն այն հանգամանքը, որ նշված ճշգրտումը որևէ կերպ չի կարող նվազեցնել դատապարտյալի անազատության մեջ ավելի մնալու պատճառով առաջացած վերջինիս իրավունքների խախտման հետևանքները։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը, թեև սահմանված ժամկետում արձակել է համապատասխան կարգադրությունը և միջոցներ է ձեռնարկել Դատավճռի կատարումն ապահովելու ուղղությամբ, սակայն բավարար ուշադրություն չի դարձրել իր կողմից կայացված Դատավճռի ի կատար ածումն ապահովելու համար սահմանված իր գործառույթները ամբողջական կատարելուն, օրենսդրորեն ամրագրված պարտականությունները պատշաճ չի կատարել, որի արդյունքում թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, որի հետևանքով Դատապարտյալը սահմանված ժամկետից առնվազն 2 օր ավելի գտնվել է անազատության մեջ, ինչը չի վիճարկվել:

Ինչ վերաբերում է Դատավորի ներկայացուցչի այն դիրքորոշմանը, որ կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները խախտվել են, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ համաձայն Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել` արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի:

 Խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսացած՝ վարույթ հարուցած մարմնի մամուլի քարտուղարի զեկուցագիրը ներկայացվել է 07.04.2025 թվականին՝ զանգվածային լրատվական միջոցներում Դատավորի վերաբերյալ 29.01.2025 թվականին, 14.03.2025 թվականին, 04.04.2025 թվականին կատարված հրապարակումներով պայմանավորված, որի հիման վրա Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է 14.04.2025 թվականին՝ վարույթ հարուցած մարմնի 30-Ա որոշմամբ, իսկ Հիմնարկի կողմից Դատավճռի կատարման խնդրի վերաբերյալ առնվազն 2022 թվականի մայիս ամսին (քանի որ Դատարանն այդ ժամանակ է Հիմնարկից բանավոր տեղեկացվել Դատավճռի ի կատար ածման կարգադրության և այլ փաստաթղթերի բացակայության մասին, իսկ հունիսին՝ նաև գրավոր) տեղյակ լինելը ինքնին չի ենթադրում, որ դրա վերաբերյալ գրավոր տեղեկացված է եղել նաև Արդարադատության նախարարությունը կամ նախարարը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդն արձանագրում է, որ ըստ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը հարուցելու ժամկետները վարույթ հարուցած մարմնի կողմից պահպանվել են:

Գնահատման առարկա դարձնելով Դատավորի կողմից թույլ տրված արարքում մեղքի առկայության հարցը՝ Խորհուրդն արձանագրում է, որ այն կատարվել է կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Միաժամանակ, օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը դատավճիռն ի կատար ածելու պարտավորություն ունեցող մարմին ուղարկելով օրենքով սահմանված իր պարտականությունը կատարված համարելու, ինչպես նաև ոչ իրավասու մարմնի կողմից դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրության և կից փաստաթղթերի վերահասցեագրման ենթադրության վերաբերյալ Դատավորի փաստարկները՝ Խորհրդին հիմք են տալիս եզրահանգելու, որ Դատավորն իրեն վերագրվող դատավարական իրավունքի նորմի խախտումը թույլ է տվել կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Խորհուրդը հավելում է, որ Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Խորհուրդը հաշվի է առնում, որ սույն կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Օրենսգրքի 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատավորը համարվում է կարգապահական տույժ չունեցող:

Միաժամանակ, Դատավորի նկատմամբ կիրառման ենթակա կարգապահական տույժի համաչափության տեսանկյունից, Խորհուրդն էական է համարում սույն գործի փաստերն ու խախտման բնույթը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

___________________

1 Ընդունվել է 01․07․1998 թվականին, ուժի մեջ է մտել 12․01․1999 թվականին, ուժը կորցրել է 01․07․2022 թվականին, բացառությամբ 30․06․21 թվականի ՀՕ-306-Ն օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

2 Ընդունվել է 18․04․2003 թվականին, ուժի մեջ է մտել 01․08․2003 թվականին, ուժը կորցրել է 01․07․2022 թվականին:

3 Ընդունվել է 05․05․2021 թվականին, ուժի մեջ է մտել 01․07․2022 թվականին, կարգավիճակը՝ գործում է:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյան

 

Անդամներ`

 

Հատուկ կարծիք

 

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Կ. Թումանյան

Ե. Թումանյանց

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ա. Հայրապետյան

Ա. հարությունյան

Էդ. Հովհաննիսյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2025 թվական:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

 

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

 

«25» օգոստոսի 2025 թ.

ք. Երևան

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն. «(…) Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը»:

Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 27.11.2020 թվականի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 96-րդ կետի համաձայն. «(…) Խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նա հայտարարում է խորհրդակցական սենյակում, նրա ստորագրությամբ նշում է արվում Խորհրդի որոշման մեջ, և ամբողջական որոշումը հրապարակվելուց հետո 8-օրյա ժամկետում հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ հանձնվում է Խորհրդի նախագահին՝ որոշմանը կցելու համար»:

Արժևորելով ստորև քննարկվող հարցերի շուրջ Խորհրդի անդամների (նախագահ՝ Ա. Աթաբեկյան, անդամներ՝ Ա. Աբրահամյանի, Կ. Թումանյանի, Մ. Համբարձումյանի, Ա. Հայրապետյանի, Ա. Հարությունյանի, Էդ. Հովհաննիսյանի, Ք. Մկոյանի) ներքին համոզմունքը՝ այնուամենայնիվ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին (այսուհետ՝ Դատարան կամ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Աննա Կարապետյանի միջնորդությունը բավարարելու և նրան նախազգուշացում հայտարարելու վերաբերյալ Խորհրդի՝ 2025 թվականի օգոստոսի 25-ի որոշման եզրափակիչ մասի առնչությամբ մնում եմ հատուկ կարծիքի՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով:

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա։

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն. (...)

4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ պատասխանատվության միջոցները, որոնք կարող են կիրառվել սահմանվում են օրենքով և դրանց կիրառումն իրականացվում է համաչափության սկզբունքով: Այլ կերպ ասած՝ օրենսդիրը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը սահմանելով որպես իրավաբանական պատասխանատվության տեսակ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու սկզբունքների շարքում, ի թիվս այլնի, սահմանել է համաչափության սկզբունքը։ Ընդ որում, հարկ է նկատել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում համաչափության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող պատժաչափի տարբերակման սկզբունքի ապահովման տեսանկյունից, օրենսդիրը կարևոր է համարել դատավորի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելիս հաշվի առնել խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ Խորհրդի որոշումներին ներկայացվող կարևորագույն պահանջներից մեկը դրանց հիմնավորվածությունն է, ինչը ենթադրում է ինչպես արարքը կարգապահական խախտում որակելու, այնպես էլ խախտման բնույթի նկարագրությանն ու ընտրված կարգապահական պատասխանատվության միջոցի համաչափությանը մանրամասն անդրադառնալու պահանջ, ուստի սույն կարծիքի շրջանակներում կարևոր եմ համարում անդրադառնալ Դատավորին պատասխանատվության ենթարկելու դեպքում վերջինիս կատարած խախտման և Խորհրդի կողմից կարգապահական տույժի ընտրության միջև համաչափության հարաբերակցության հարցին, արձանագրելով հետևյալը.

Սահմանադրության 162-րդ հոդվածը նախատեսում է՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2016 թվականի հուլիսի 08-ի ՍԴՈ-1291 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) Հանրային իշխանության իրականացումը, նախևառաջ, սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող՝ համաչափության ընդհանուր սկզբունքով, որը հանդիսանում է իրավական պատասխանատվության, այդ թվում՝ վարչական պատասխանատվության, հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը»:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշմամբ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքին և, ի թիվս այլոց, վկայակոչել իր՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշումը, այն է՝ «(...) համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև», ինչպես նաև 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924 որոշմամբ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ «(...) իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված՝ ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից»:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կարգապահական վարույթն ի թիվս այլ սկզբունքների, իրականացվում է նաև դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության սկզբունքի հիման վրա: Ընդ որում, օրենսդրորեն Խորհրդին իրավունք է վերապահվել կարգապահական խախտում թույլ տված դատավորի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված կարգապահական տույժերից որևէ մեկը՝ դրա ընտրությունը պայմանավորելով մի շարք հանգամանքներով: Այլ կերպ ասած, դատավորի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոցը (կարգապահական տույժի տեսակը) ընտրելիս և այն կիրառելիս պետք է պահպանվի համաչափությունը, որը կհամապատասխանի դատավորի կողմից կատարված խախտման ծանրության աստիճանին և դրա արդյունքում վրա հասնող իրավական հետևանքներին: Այսինքն, առավել նվազ ծանրության կարգապահական խախտման դեպքում պետք է կիրառվի առավել մեղմ կարգապահական պատասխանատվության միջոց, և հակառակը։

Այսպիսով, Սահմանադրությամբ և Օրենսգրքում «դատավորի կարգապահական պատասխանատվության» ինստիտուտը սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է ունեցել ամրագրելու դրա հիմնարար բնույթը և նշանակությունը, ընդգծելու դատավորի գործունեության և նրան պատասխանատվության ենթարկելու ինստիտուտների կարևորության աստիճանը և ունեցած դերը հանրային կյանքում։ Իզուր չէ, որ անկախությունը, անկողմնակալությունը, բարեվարքությունն ու պրոֆեսիոնալիզմը հանդիսանում են դատական համակարգի հիմնաքարային արժեքները1: Ընդ որում, անկախությունը դատավորին տրված արտոնություն կամ առավելություն չէ, ընդհակառակը, այն հիմնարար սկզբունք է, ցանկացած ժողովրդավարական պետության էական տարր, իրավունքի գերակայության նախապայման և արդար դատաքննության երաշխիք2: Այն օրենքի գերակայության վրա հիմնված երաշխիք է, որ բոլոր անձինք և իշխանության մյուս մարմինները արդար դատաքննության հնարավորություն ունենան անաչառ դատարանների առջև3: Վերոնշյալի համատեքստում դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը, նաև որպես դատական համակարգի «առողջացման» կառուցակարգ, անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգ ունենալու և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու անհրաժեշտ գործիքներից է: Իր հերթին, դատական իշխանության հանրային դրական ընկալումները և վստահության բարձր աստիճանը ամուր և անկախ դատական համակարգ ունենալու կարևոր նախապայման են4:

Հետևաբար, արդարադատության իրականացման ամբողջականությունը ենթադրում է սպառիչ բնույթ, այսինքն՝ պետք է անդրադարձ կատարվի վերագրվող արարքի և նախատեսված տույժի տեսակի համաչափությանը։ Միայն վերոնշյալը հաշվի առնելով՝ հնարավոր կլինի ապահովել տույժ նշանակելիս արդարության սկզբունքի պահպանությունը: Տույժն արդարացի է, եթե համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև բավարար տույժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Արդարության պահանջները չպահպանելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ տույժի նշանակման: Հետևաբար, կոնկրետ կարգապահական վարույթով տույժ կիրառելիս Խորհուրդը պետք է հաշվի առնի խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Ընդ որում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես իր բազմաթիվ նախադեպային որոշումներում անդրադառնալով համաչափության սկզբունքին նշել է, որ կիրառվող միջոցների և դրանց նպատակների մեջ պետք է լինի ողջամիտ համաչափություն5:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ դատավորի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն ինքնանպատակ չէ, այն ուղղված է պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև արդարացի հավասարակշռություն ապահովելուն, որպիսի պայմաններում դրա կիրառումը չի կարող կրել ձևական բնույթ, ուստիև տույժ նշանակելիս պետք է իրավական գնահատման ենթարկել դատավորի կատարած խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դրա ծանրությունը, դատավորի անձը և օրենքով նախատեսված ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Ընդ որում, Խորհուրդը ևս նախկինում կայացրած իր որոշումներում բազմիցս անդրադարձել է տույժ նշանակելիս համաչափության սկզբունքի պահպանման կարևորությանը։

Համաչափության սկզբունքի տեսանկյունից կարևորվում է նաև այն հանգամանքը, որ Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն ուշադրության արժանի այլ հանգամանքները սպառիչ չի սահմանել, այնքանով, որքանով դրանք յուրաքանչյուր դեպքում կարող են ունենալ տարբեր դրսևորումներ:

Տվյալ դեպքում, թիվ ԵԴ/1006/01/18 քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների հիմքով Դատարանը 20.06.2019 թվականին կայացված և 11.03.2020 թվականին օրինական ուժի մեջ մտած Դատավճիռը ստանալով Վճռաբեկ դատարանից, 11.05.2020 թվականի թիվ ԴԴ-9.1-Ե-105668/20 գրությամբ դատավճիռն ի կատար ածելու համար ուղարկել է Ոստիկանություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ թիվ ԵԴ/1006/01/18 քրեական գործով Դատապարտյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել ստորագրություն չհեռանալու մասին, սակայն Դատարանը բավարար ուշադրության չի արժանացրել այն փաստին, որ իր վերոնշյալ գրությանն ի պատասխան Ոստիկանությունից 15.06.2020 թվականին (Դատարան մուտքագրվել է 17.06.2020 թվականին) հայտնած տեղեկության՝ ըստ Դատապարտյալի կնոջ բանավոր հայտարարության և Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ Դատապարտյալը 29.11.2019 թվականից գտնվում է Հիմնարկում, ինչից հստակ կարելի էր եզրահանգել, որ Դատարանի կայացրած դատավճիռն ի կատար ածելու պարտականությունը կրող մարմինն այս դեպքում չէր կարող հանդիսանալ Ոստիկանությունը:

Պատժի կատարման հաշվարկը սկսելու համար Դատավճիռն ի կատար ածելու մասին Դատարանի կարգադրությունը, Դատարանի 05.05.2022 թվականի թիվ ԴԴ-9.1-Ե-104868 գրությամբ Հիմնարկում մուտքագրվել է 12.05.2022 թվականին:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Նույն սկզբունքներն ամրագրված են նաև ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածով:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. (...): Յուրաքանչյուրի՝ անձնական ազատության իրավունք ունենալու և միայն օրենքով սահմանված կարգով անձնական ազատությունից զրկվելու սկզբունքն ամրագրվել է նաև ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով:

Քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Վերաքննիչ դատարանի և վճռաբեկ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո:

Նույն օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրությունը, որոշման պատճենի հետ, իսկ վերաքննության կարգով որոշման փոփոխման դեպքում` նաև վերաքննիչ դատարանի որոշման պատճենի հետ, ուղարկվում է այն անձանց կամ մարմնին, որոնց վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական որոշումն ի կատար ածող մարմինները դատական որոշումը կայացրած դատարանին անհապաղ հաղորդում են այն ի կատար ածելու մասին: Քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմը պետք է դատական որոշումը կայացրած դատարանին և դատապարտյալի ընտանիքին հայտնի դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի, նրան տեղափոխելու և ազատելու մասին:

Վերոնշյալ նորմերի համադրությունից հետևում է, որ դատարանն ունի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ, վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո դրա պատճենը ընդունված կարգադրության հետ միասին որոշումն ի կատար ածող մարմնին կատարման հանձնելու պարտականություն, նման ժամկետային և այլ ընթացակարգային պահանջների սահմանումն ի թիվս այլնի իրավաչափորեն ուղղված է դատապարտված անձի իրավունքների երաշխավորման արդյունքում պատժի նպատակներին հասնելուն, հետևաբար դատարանների կողմից պատժի կատարման դատավարական ընթացակարգերի չպահպանման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումները խարխլում են պետության մեջ հաստատված իրավակարգը և օբյեկտիվորեն չեն կարող արդարացվել որևէ ողջամիտ փաստարկով: Դատապարտյալը, անկախ կատարած հանցագործության ծանրության աստիճանից, շարունակում է մնալ իր պետության քաղաքացին և գտնվում է նրա պաշտպանության ներքո։ Պետությունը պատասխանատու է դատապարտյալի կյանքի, առողջության և ֆիզիկական անձեռնմխելիության համար։ Հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական պատիժ նշանակելով՝ պետությունը ոչ թե վրեժ է լուծում նրա կատարած հանրորեն վտանգավոր արարքի համար, այլ նպատակ ունի վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել դատապարտյալին և կանխել նոր հանցագործությունները։ Այս նպատակների իրականացման համար են դատապարտյալների նկատմամբ կիրառվում օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները և զրկանքները։

Դատապարտված անձին քրեակատարողական հիմնարկում պատժի համար սահմանված ժամկետից ավելի պահելն անօրինական է և ուղղակիորեն հակասում է ՀՀ օրենսդրության նախատեսված իրավակարգավորումներին: Դատապարտված անձը պետք է ազատ արձակվի իր պատիժը կրելուց հետո, եթե նա չի կալանավորվել այլ իրավական հիմքով, օրինակ՝ այլ դատարանի դատավճռով կամ վարույթում գտնվող այլ քրեական գործի կապակցությամբ։ Հակառակ պարագայում, անձի ազատության և անձեռնմխելիության վերաբերյալ Կոնվենցիոն և սահմանադրական ամրագրում ստացած հիմնարար իրավունքները մնալով չիրագործված կկրեն հռչակագրային բնույթ:

Տվյալ դեպքում, Դատավորը 11.05.2020 թվականի թիվ ԴԴ-9.1-Ե-105668/20 գրությամբ ԵԴ/1006/01/18 քրեական գործով Դատապարտյալի նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կիրառված լինելու հիմքով, դատավճիռն ի կատար ածելու նպատակով դատական ակտի կատարման մասին կարգադրությունը Ոստիկանություն ուղարկելու, սակայն 15.06.2020 թվականին Ոստիկանությունից (Դատարան մուտքագրվել է 17.06.2020 թվականին) հայտնված Դատապարտյալի 29.11.2019 թվականից Հիմնարկում գտնվելու մասին տեղեկությունից բխող անհրաժեշտ գործողությունների չձեռնարկելու՝ այն է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման մասին կարգադրությունը Հիմնարկին չհասցեագրելու արդյունքում թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի ակնհայտ խախտում, որն էլ իր հերթին հանգեցրել է Կոնվենցիայով սահմանված անձի ազատության իրավունքի անհարկի սահմանափակման՝ արտահայտված Դատապարտյալի՝ սահմանված ժամկետից առնվազն 2 օրից ավելի անազատության մեջ գտնվելով:

Կոնվենցիան 5-րդ հոդվածով հռչակելով «ազատության իրավունքը»՝ երաշխավորում է անձի անձնական ազատությունը՝ նպատակ ունենալով ապահովել, որ ոչ ոք կամայականորեն չզրկվի ազատությունից:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ ամրագրվում է պետության պոզիտիվ պարտավորությունը, այսինքն՝ պետությունը պարտավոր է ոչ միայն ձեռնպահ մնալ սահմանված իրավունքները որոշակի գործողությունների կատարմամբ խախտելուց, այլ նաև, պատշաճ միջոցներ ձեռնարկելով, իր իրավասության տակ գտնվող յուրաքանչյուր անձին պաշտպանել այդ իրավունքների նկատմամբ ապօրինի միջամտություններից6:

Պետությունը, այսպիսով, պարտավոր է միջոցներ ձեռնարկել խոցելի անձանց արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար, ինչպես նաև ձեռնարկել ողջամիտ քայլեր կանխելու ազատությունից զրկելու այնպիսի դեպքերը, որոնց մասին իշխանություններն իմացել են կամ պետք է իմանային7։

Պետության պատասխանատվության հարցն առաջ է գալիս նաև այն դեպքում, երբ պետությունն իր անգործությամբ թույլատրում է, որպեսզի անձը զրկվի ազատությունից մեկ այլ մասնավոր անձի կողմից, կամ երբ պետությունը չի վերացնում նման իրավիճակը8։

Կոնվենցիայից բխող ընդհանուր սկզբունքները, որոնց հղում է կատարվում 5-րդ հոդվածի 1-ին մասի շուրջ ձևավորված նախադեպային պրակտիկայում, ներառում են իրավունքի գերակայության և դրա հետ սերտորեն կապված՝ իրավական որոշակիության սկզբունքները, ինչպես նաև համաչափության և կամայականությունից պաշտպանության սկզբունքները. վերջինը միևնույն ժամանակ նաև հենց 5-րդ հոդվածի բուն նպատակն է9։

Միաժամանակ, հարկ է հաշվի առնել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված նախադեպային պրակտիկայի համաձայն՝ վերաբերմունքը համարվում է «նվաստացնող», երբ այն նսեմացնում կամ ստորացնում է անհատին, ցուցադրելով հարգանքի բացակայություն նրա մարդկային արժանապատվության նկատմամբ կամ նսեմացնելով նրա մարդկային արժանապատվությունը, կամ առաջացնում է վախի, տառապանքի կամ թերարժեքության զգացում, որը կարող է կոտրել անհատի բարոյական և ֆիզիկական դիմադրությունը: Բավարար կարող է համարվել տուժողի նսեմացումը, եթե ոչ ուրիշների, ապա իր սեփական աչքերում: Ավելին, թեև այն հարցը, թե արդյոք վերաբերմունքի նպատակը եղել է տուժողին նսեմացնելը կամ ստորացնելը կարևոր գործոն է, որը պետք է հաշվի առնել, նման նպատակի բացակայությունը չի կարող վերջնականորեն բացառել 3-րդ հոդվածի խախտման արձանագրումը10:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների հաշվառմամբ՝ անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտման արդյունքում վրա հասած հետևանքին, հարկ եմ համարում արձանագրել, որ Դատավճիռն ի կատար ածող մարմինը՝ Հիմնարկը հանդիսանալու հանգամանքը, առնվազն՝ 17.06.2020 թվականից Դատավորին հայտնի լինելուց հետո 1 տարի 10 ամիս 18 օր օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման չուղարկելու ձևով դրսևորված անգործության արդյունքում Դատապարտյալը 2 օրից ավելի անազատության մեջ գտնվելով զրկվել է անձնական ազատության իրավունքից, ինչպես նաև անազատության մեջ գտնվելու ընթացքում իր գործին փորձել է ուշադրություն հրավիրել դիմելով ծայրահեղ քայլերի՝ ինքնավնասման և հացադուլի, ինչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո՝ կարող է գնահատվել որպես վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի պաշտպանության երաշխիքների չպահպանման արդյունք:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով սույն կարծիքում տեղ գտած վերլուծությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով, գտնում եմ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կիրառելի է ավելի խիստ կարգապահական տույժի տեսակ:

________________

1 ՄԻԵԴ, Parlov-Tkalčić v. Croatia, (Application no. 24810/06), պարբերություն 86, Oleksandr Volkov v. Ukraine, (Application no. 21722/11), պարբերություն 107, Findlay v. THE United Kingdom (Application no. 22107/93), պարբերություն 73:

2 Venice Commission, CDL-AD(2014)018, Joint opinion on the draft amendments to the legal framework on the disciplinary responsibility of judges in the Kyrgyz Republic, պարբերություն 14, CCJE Opinion No. 1 (2001), պարբերություն 11, CCJE Opinion No. 1 (2014), պարբերություն 5, ՄԻԵԴ, Agrokompleks v. Ukraine (Application no. 23465/03), պարբերություն 136:

3 CCJE’s Situation report on the judiciary and judges in the Council Europe member States Updated version No. 1 (2013), պարբերություն 5, CCJE Opinion No. 18, պարբերություն 10:

4  Venice Commission, CDL-PI(2018)008, Compilation of Venice Commission opinions and reports concerning courts and judges, էջ 32:

5 ՄԻԵԴ, Guérin v. France, պարբերություն 37; Omar v. France, պարբերություն 34:

6 ՄԻԵԴ, El-Masri v. the former Yugoslav Republic of Macedonia [GC], § 239:

7 ՄԻԵԴ, Storck v. Germany, § 102:

8 ՄԻԵԴ, Riera Blume and Others v. Spain; Rantsev v. Cyprus and Russia, §§ 319-21; Medova v. Russia, §§ 123-25:

9 ՄԻԵԴ, Simons v. Belgium (dec.), § 32:

10 ՄԻԵԴ, Gäfgen v. Germany [GC], 2010, § 89; Ilaşcu and Others v. Moldova and Russia [GC], 2004, § 425; M.S.S. v. Belgium and Greece [GC], 2011, § 220:

 

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

 

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2025 թվական: