ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 105-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.08.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«26» օգոստոս 2025 թ.

N 105-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 1. Հաստատել մանկական վիրաբույժի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

26.08.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

առողջապահության նախարարի

2025 թվականի օգոստոս «26»-ի 

թիվ 105-Ն հրամանի

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մանկական վիրաբույժն իրականացնում է մասնագիտական գործունեություն վիրաբուժության (մինչև 18 տարեկան երեխաների որովայնի խոռոչի և հետորովայնամզային հատվածի օրգանների, բունոցային ելունի, զարգացման արատների և հիվանդությունների, ինչպես նաև տղաների վերարտադրողական համակարգի հիվանդությունների և անոմալիաների կանխարգելման, ախտորոշման և բուժման) ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում։

2. Մանկական վիրաբույժ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն մանկական վիրաբուժություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3.Մանկական վիրաբույժը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Մանկական վիրաբույժն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկական վիրաբույժ.

2) Մանկական վիրաբուժական բաժանմունքի մանկական վիրաբույժ.

3) Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ կամ ծառայության ղեկավար.

4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ. մանկական վիրաբույժը պետք է`.

1) Տիրապետի մանկական վիրաբույժի գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթղթերի վարման կարգին, իրավաբանական ակտերին, կլինիկական ուղեցույցներին, չափորոշիչներին, գործելակարգերին, ընթացակարգերին.

2) Տիրապետի մանկական վիրաբուժական (վիրաբուժական) ոլորտում ճշգրիտ ախտորոշման և գնահատման մեթոդներին.

3) Տիրապետի մանկական վիրաբուժական (վիրաբուժական) ոլորտում վիրահատական հմտություններին. կարողանա իրականացնել բաց և լապարոսկոպիկ վիրահատություններ, լապարոսկոպիկ սարքավորումների կառավարում և տիրապետի վիրահատական տեխնիկաներին.

4) Տիրապետի մանկական վիրաբուժության ոլորտում լաբորատոր և մանրէաբանական հետազոտությունների վերլուծություններին, այդ թվում`

ա. մանրէաբանական հետազոտություններ. ասեպտիկ պայմաններում մարմնի տարբեր հատվածներից նմուշառում թարախային բնույթի պաթոլոգիաների դեպքում.

բ. իմունամորֆոլոգիական հետազոտություններ. նմուշների վերլուծություն և արդյունքների մեկնաբանություն, պացիենտների անատոմիա-ֆիզիոլոգիական և տարիքա-սեռային առանձնահատկությունները.

5) Իմանա օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերի կարգավորման և ինքնակարգավորման առանձնահատկությունները նորմայում և ախտաբանական պրոցեսների ժամանակ.

6) Իմանա պացիենտների մոտ հիվանդությունների էթիոլոգիան և պաթոգենեզը.

7) Իմանա հիվանդությունների բարդությունների կլինիկական պատկերը և դրանց ընթացքի առանձնահատկությունները.

8) Իմանա երեխաների անհետաձգելի վիրաբուժական օգնություն պահանջող վիճակների կլինիկական պատկերը.

9) Տիրապետի հիվանդանոցային պայմաններում ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կազմակերպման և իրականացման սկզբունքներին.

10) Իմանա մանկական վիրաբուժական քրոնիկական հիվանդություններով երկարատև, հաճախ հիվանդացող և հաշմանդամ պացիենտների մոտ վիրաբուժական միջոցառումների ազդեցության մեխանիզմները.

11) Տիրապետի երկարատև, հաճախակի հիվանդացող և տարբեր մանկական վիրաբուժական քրոնիկական հիվանդություններով տառապող, ինչպես նաև բարդ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ տարած երեխաների համար վերականգնման պլանի մշակման և կազման հիմուքներին.

12) Տիրապետի պացիենտների մոտ վիրաբուժական հիվանդությունների սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ կանխարգելման առանձնահատկություններին.

13) Տիրապետի վիրաբուժական հիվանդություններով տառապող հիվանդների (երեխաներ և մեծահասակներ) առողջ ապրելակերպի հիմնական բնութագրերին, մեթոդներին:

6. Հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ.

1) Սարքավորումների հետ աշխատելու, տարբեր սարքավորումներով հետազոտություններ կատարելու հմտություններ.

ա. սարքավորումների ճիշտ կարգավորում և օգտագործում.

բ. տվյալների վերլուծություն և պատկերի ճիշտ մեկնաբանում.

գ. մանկական օրգանների հետազոտության ուլտրաձայնային սարքով հետազոտության հմտություն.

դ. մանկական օրգանների հետազոտություններ՝ ռենտգենագրաֆիա, մագնիսառեզոնանսային շերտագրություն և համակարգչային շերտագրություն, անգիոգրաֆիա.

ե. էնդոսկոպիկ հետազոտությունների իրականացում և արդյունքների գնահատում.

զ. ռադիոիզոտոպային հետազոտությունների արդյունքների գնահատում.

է. էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ և միկրոսկոպիկ սարքավորումներ.

ը. օպտիկական համակարգերի օգտագործում և միկրոգործիքների կառավարում.

թ. էլեկտրոսարքավորումների ճիշտ օգտագործում և պահպանություն.

ժ. ռոբոտային վիրահատությունների պատկերացում.

2) Մանկական վիրաբույժը պետք է կարողանա.

ա. կատարել անզգայացման մեթոդների օգտագործման ճիշտ որոշում.

բ. ապահովել վիրահատական բաժանմունքի անձնակազմի աշխատանքի անվտանգության կանոնների պահպանումը.

գ. ապահովել սարքավորումների ստերիլացման և մաքրության պահպանումը.

դ. ապահովել սարքավորումների պարբերական ստուգումը և տեխնիկական սպասարկումը.

ե.կազմակերպել հետվիրահատական բարդությունների կանխարգելման և բուժման միջոցառումները.

զ. կազմակերպել հետվիրահատական վարումը և խնամքի անվտանգության ապահովումը.

3) Մանկական վիրաբույժը պետք է տիրապետի ստորև նշված մանկական վիրաբուժական հիվանդությունների, զարգացման արատների և տարբեր հիվանդագին վիճակների ախտորոշման, բուժման, բարդությունների կանխարգելման և առողջության վերականգնման գործընթացներին.

4) Մանկական օնկո-վիրաբուժություն.

ա. պարանոցի շրջանի.

բ. կրծքավանդակի պատի և միջնորմի.

գ. որովայնի խոռոչի և կոնքի.

դ. երիկամների և մակերիկամների բարորակ և չարորակ նորագոյացությունների.

ե. ամորձիների բարորակ և չարորակ նորագոյացությունների.

զ. տարբեր տեղակայման՝ լիմֆատիկ համակարգի գոյացություններ, արյունատար անոթների գոյացություններ, տեռատոմա, էպիդերմոիդ բուշտ, դերմոիդ բուշտ.

5) Վնասվածքներ.

ա. գլխի և պարանոցի.

բ. կրծքավանդակի օրգանների բութ և թափանցող.

գ. որովայնի օրգանների բութ և թափանցող.

դ. միզասեռական համակարգի.

ե. շեքի և անոռեկտալ հատվածի.

զ. վերջույթների վնասվածքներ և դրանց պարզ ֆիքսում.

է. տարբեր տեղակայման օտար մարմիններ.

ը. ստամոքսաաղիքային համակարգի (ՍԱՏ) քիմիական այրվածքներ.

6) Ինքնուրույն իրականացնել հետևյալ գործիքային հետազոտությունները.

ա. միզապարկի կաթետերավորում.

բ. ստամոքսաաղիքային համակարգի (ՍԱՏ) ռենտգեն կոնտրաստային հետազոտություն.

7) Ինքնուրույն կատարել հետևյալ ծավալի մանկական վիրաբուժական միջամտությունները և վիրահատությունները.

ա. տարբեր տեղակայման վերքերի և այրվածքների առաջնային վիրաբուժական մշակում.

բ. պլևրալ խոռոչի պունկցիա և դրենավորում (վնասվածքների, ինքնակամ պնևմոթորաքսի, կամ բորբոքային հիվանդությունների դեպքում).

գ. տարբեր տեղակայման փափուկ հյուսվածքների թարախակույտերի բացազատում և դրենավորում.

դ. ձվարանների ոլորապտույտի ուղղում լապարոսկոպիկ եղանակով.

ե. ապենդէկտոմիա բաց և լապարոսկոպիկ եղանակով.

զ. ապենդիկուլյար և այլ էթիոլոգիայի պերիտոնիտների դեպքում կատարվող բաց և լապարոսկոպիկ վիրահատություններ.

է. ինվագինացիայի դեպքում կատարվող միջամտություններ (պնևմո կամ հիդրոդեզինվագինացիա) և վիրահատություններ՝ լապարոսկոպիկ կամ բաց դեզինվագինացիա.

ը. մեկելյան դիվերտիկուլի կամ դրա բարդությունների դեպքում կատարվող վիրահատություններ.

թ. պարենխիմատոզ օրգաններից արնահոսության դադարեցում (այդ թվում սպլենէկտոմիա).

ժ. պորտային և սպիտակ գծի ճողվածքների վիրահատություններ.

ժա. աճուկային և ազդրային ճողվածքների բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ, այդ թվում օղակված ճողվածքների ժամանակ.

ժբ. թլփատում.

ժգ. ամորձու ջրգողության դեպքում՝ ռոսսի, վինկելմանի և բերգմանի վիրահատություններ.

ժդ. սերմնալարի բշտի հեռացում.

ժե. ամորձու կամ ամորձու հավելման (մորգանի հիդատիդ) ոլորքի հետ կապված վիրահատություններ.

ժզ. կրիպտորխիզմի (որովայնային տեղակայման դեպքում լապարոսկոպիկ եղանակով) կամ էկտոպիայի վիրահատություն.

ժէ. ամորձատում (օրխէկտոմիա).

ժը. փոշտի թարախակույտի կտրվածք և դրենավորում.

ժթ. պունկցիոն ցիստոստոմիա.

8) 3-5 տարի աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո ինքնուրույն կատարել հետևյալ ծավալի մանկական վիրաբուժական վիրահատություններ՝

ա. լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա.

բ. խոլեդոխի բշտի վիրահատություններ (12-մատնյա աղու կամ roux-en-y անաստոմոզի ձևավորմամբ).

գ. լեղուղիների վրա կատարվող վիրահատություններ.

դ. պիլորոմիոտոմիա բաց և լապարոսկոպիկ եղանակով.

ե. գաստրոստոմայի տեղադրում բաց, լապարոսկոպիկ եղանակով կամ էնդոսկոպի հսկողության ներքո.

զ. 12-մատնյա աղու վնասվածքների կարում.

է. վիրահատություններ բարակ և հաստ աղու երկատումների դեպքում.

ը. բարակ և հաստ աղու մասնահատում ստոմայի կամ անաստամոզի ձևավորմամբ.

թ. վիրահատություններ աղիքային անանցանելիության դեպքում (բաց և լապարոսկոպիկ).

ժ. միջընդերքի բշտերի հեռացում.

ժա. փայծաղի բշտերի բուժում (միջմաշկային դրենավորման կամ լապարոսկոպիկ եղանակով).

ժբ. վիրահատություններ հիրշպրունգի հիվանդության դեպքում (տրանսանալ pull through, լապարոսկոպիկ, բաց և կոմբինացված).

ժգ. ձվարանի ոլորված/պատռված/արնահոսող գոյացությունների հեռացում և արնահոսության դադարեցում.

ժդ. ադրենալէկտոմիա բաց և լապարոսկոպիկ եղանակով.

ժե. վիրահատություններ պարազիտար ախտահարումների դեպքում.

ժզ. տարբեր տեղակայման գոյացությունների բիոպսիաներ (ուլտրաձայնային հետազոտության (ՈՒՁՀ) հսկողությամբ, լապարոսկոպիկ, բաց կամ ինցիզիոն).

ժէ. հետորովայնամզային, պրեսակրալ տարածության, որովայնի և կոնքի խոռոչների գոյացությունների հեռացում.

9) Մանկական վիրաբույժը պետք է կատարի.

ա. պացիենտից և նրա օրինական ներկայացուցիչներից ստացված տեղեկատվության վերլուծություն.

բ. պացիենտների առաջնային զննում.

գ. պացիենտների ուղեգրում լաբորատոր և գործիքային հետազոտությունների՝ գործող չափորոշիչներին համապատասխան.

դ. հետազոտությունների արդյունքների մեկնաբանություն.

ե. պացիենտների ուղեգրում այլ մասնագետների խորհրդատվության՝ ըստ ցուցումների.

զ. մասնագետների կողմից պացիենտների զննման արդյունքների մեկնաբանություն.

է. հիվանդությունների ախտորոշում.

ը. պացիենտների կրկնակի կամ հավելյալ զննում՝ ըստ անհրաժեշտության.

թ. բոլոր հետազոտություններից ստացված տվյալների մեկնաբանություն.

ժ. պացիենտների բուժման պլանի մշակում, հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը.

ժա. վիրաբուժական բուժում, հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը, պացիենտների տարիքը, ցուցումներն ու հակացուցումները.

ժբ. ժամանակակից վիրաբուժական մեթոդների կիրառում մանկական վիրաբուժական հիվանդությունների և պաթոլոգիկ վիճակների ժամանակ.

ժգ. հանձնարարականներ մասնագետի կողմից նշանակված վիրաբուժական, ոչ ինվազիվ, դեղորայքային և ոչ դեղորայքային թերապիայի կատարման վերաբերյալ.

ժդ. պացիենտներին անհետաձգելի վիճակներում բժշկական օգնության ցուցաբերում:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Մանկական վիրաբույժը պետք է ունենա`

1) հաղորդակցման հմտություններ․

2) վեճերի լուծման հմտություններ․

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. մանկական վիրաբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9. Տեխնիկական հմտություններ. մանկական վիրաբույժը պետք է կարողանա`

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով,

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Մանկական վիրաբույժը պետք է կարողանա`

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են մանկական վիրաբույժի վրա։

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունը` ըստ Աղյուսակի.

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են`

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել.

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում.

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ).

 

Աղյուսակ

 

1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

 2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

 3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2025 թվական: