ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԼԱՍՏԻԿ ԵՎ ՎԵՐԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 106-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.08.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«27» օգոստոս 2025 թ.

N 106-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԼԱՍՏԻԿ ԵՎ ՎԵՐԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

27.08.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

առողջապահության նախարարի

2025 թվականի օգոստոս «27»-ի 

թիվ 106-Ն հրամանի

 

ՊԼԱՍՏԻԿ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժն իրականացնում է մասնագիտական գործունեություն պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում (բուժական գործ), հետդիպլոմային կրթություն պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա), հավաստագիր և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4․ Պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Առողջության առաջնային պահպանման ծառայության պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժ.

2) Հիվանդանոցային բժշկական հաստատության պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժ.

3) Արտահիվանդանոցային բժշկական հաստատության պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժ.

4) Ցերեկային ստացիոնարի պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժ.

5) Խորհրդատու (բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատություններում).

6) Փորձագետ.

7) Հիվանդանոցային պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության բաժանմունքի վարիչ․

8) Հիվանդանոցային պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ծառայության ղեկավար․

9) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5․ Բժշկական գիտելիքներ․ պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը պետք է`

1) Տիրապետի մարդու նորմալ և պաթոլոգիկ անատոմիային՝ հյուսվածքային և օրգանային մակարդակով՝ ներառյալ մաշկային, ենթամաշկային, մկանային, ջլային, նյարդային, անոթային և ոսկրային հյուսվածքների կառուցվածքը և ֆունկցիան.

2) Տիրապետի դեմքի և մարմնի կենսաբանական ծերացման մեխանիզմներին, ինչպես նաև մաշկի և հյուսվածքների տարիքային փոփոխություններին.

3) Տիրապետի հյուսվածքների վնասման, բորբոքման, վերքի սպիացման, նեկրոզի և վերականգնման (ռեգեներացիայի) պրոցեսներին՝ բջջային և համակարգային մակարդակներում.

4) Տիրապետի մարմնի գեղագիտական կառուցվածքի գնահատման չափանիշներին՝ ներառյալ ոսկրային հիմքը, մկանային հավասարակշռությունը և մաշկի որակը, որոնք հիմք են հանդիսանում պլաստիկ վիրահատությունների համար.

5) Տիրապետի պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության բոլոր հիմնական ենթաոլորտներին՝ էսթետիկ, վերակառուցողական և դաստակի վիրաբուժություն, ինչպես նաև բոլոր պլաստիկ և վերակառուցողական վիրահատությունների առանձնահատկություններին.

6) Տիրապետի բարդությունների կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներին, ներառյալ վերքերի ինֆեկցիայի, նեկրոզի և սպիացման խնդիրները.

7) Տիրապետի ինֆեկցիոն հսկողության կանոններին՝ կիրառելով դրանք նախավիրահատական և հետվիրահատական փուլերում՝ պացիենտի անվտանգությունն ապահովելու նպատակով.

8) Տիրապետի պացիենտների հոգեբանական վիճակի գնահատման հմտություններին՝ կանխատեսելով հնարավոր դժգոհություն կամ բարդույթային ռեակցիաներ.

9) Տիրապետի ժամանակակից թվային գործիքներին՝ պլաստիկ վիրահատության պլանավորման և արդյունքի գնահատման համար.

10) Տիրապետի լազերային, ուլտրաձայնային, ռադիոհաճախականության և այլ մեթոդների օգտագործման սկզբունքներին պլաստիկ վիրաբուժության մեջ.

11) Տիրապետի բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներին, ապահովի բժշկական օգնության որակը և պացիենտի անվտանգությունը.

6․ Բժշկական hատուկ գիտելիքներ և հմտություններ. պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը պետք է՝

1) Պլանավորի, կազմակերպի և իրականացնի այնպիսի վիրահատական միջամտություններ, որոնք ներառված են պլաստիկ վիրաբույժի մասնագիտական գործունեության սահմաններում, համապատասխանում են սեփական ունակություններին, կարողություններին և որակավորմանը.

2) Պլանավորի, կազմակերպի և իրականացնի այնպիսի վիրահատական միջամտություններ, որոնք համապատասխանում են տվյալ բուժական հաստատության արտոնագրերին (լիցենզիաներին), իսկ հաստատությունը հագեցած է անհրաժեշտ այնպիսի սարքավորումներով, լաբորատորիայով, ծառայություններով և արտոնագրված մասնագետներով, որոնց անխափան գործունեությունը կապահովի վիրահատության անվտանգությունը.

3) Մեկ վիրահատության սահմաններում երկու և ավելի վիրաբուժական միջամտություններ միաժամանակ կամ հաջորդաբար իրականացնելիս ադեկվատ գնահատի սեփական և թիմային ունակությունները, կարողությունները և որակավորումը, ինչպես նաև միջամտության ծավալի, բարդության և տևողության ավելացման հետ կապված հնարավոր ռիսկերը.

4) Բարդ, ծավալուն, երկարատև ու համակցված վիրահատություններ պլանավորելիս, կազմակերպելիս և իրականացնելիս, հատկապես բարձր ռիսկային խմբում գտնվող բուժառուների դեպքում, առաջնորդվի թիմային աշխատանքի սկզբունքով, անմիջականորեն ընդգրկելով այլ պլաստիկ վիրաբույժներ, կամ այլ բժիշկներ: Անհրաժեշտության դեպքում կազմակերպի կլինիկական քննարկում կամ կոնսիլիում, հրավիրելով առավել փորձված գործընկերներ.

5) Տիրապետի հրազենային և պայթյունային վնասվածքներով հիվանդների ծանրության աստիճանի գնահատման, վիրահատական բուժման, վերքերի վարման և հետվիրահատական ռեաբիլիտացիայի առանձնահատկություններին.

6) Տիրապետի տարբեր ծագումնաբանության հյուսվածքային դեֆեկտների լրացման տեղային, կղզյակային և միկրովիրաբուժական եղանակներին.

7) Տիրապետի դեմքի և վերջույթների հյուսվածքների պարզ ու համակցված դեֆեկտների լրացման առանձնահատկություններին.

8) Կազմակերպի և իրականացնի վնասվածքային անդամահատման դեպքում վերջույթի կոնսերվացումը, հակաշոկային միջոցառումները և վերապատվաստումը.

9) Իրականացնի հիվանդի առողջական վիճակի ամբողջական նախավիրահատական գնահատում՝ ընդգրկելով բժշկական պատմությունը, ֆիզիկական զննությունը և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները.

10) Իրականացնի կլինիկական և պարակլինիկական տվյալների մանրակրկիտ վերլուծություն՝ հիմնավորելու վիրահատական որոշումների կայացումը.

11) Իրականացնի վիրահատական տեխնիկայի ընտրություն՝ հարմարեցված պացիենտի անհատական առանձնահատկություններին, հիվանդության բնույթին և նպատակներին.

12) Իրականացնի վիրահատական միջամտությունների ընթացքում հնարավոր բարդությունների արդյունավետ կառավարում և ռիսկերի նվազեցում.

13) Իրականացնի հետվիրահատական վերքերի մշակում, մշտական հսկողություն և անհրաժեշտ վերականգնողական պլանավորում՝ սպիի նվազեցման և գործառնական վերականգնման ապահովման նպատակով.

14) Իրականացնի անհատականացված մոտեցում՝ հաշվի առնելով պացիենտի առողջական, հոգեբանական և սոցիալական առանձնահատկությունները՝ բարելավելու բուժման արդյունքները և գոհունակությունը.

15) Իրականացնի առաջին և շտապ բժշկական օգնության տրամադրում անհետաձգելի իրավիճակներում, արտակարգ իրավիճակներում բուժտարհանման միջոցառումներ.

16) Իրականացնի պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժական պրոֆիլի պացիենտների մասնագիտական փորձաքննություն.

17) Իրականացնի պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժական պրոֆիլի պացիենտների բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում։

 

4․ ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7․ Պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը պետք է ունենա`

1) հաղորդակցման հմտություններ․

2) վեճերի լուծման հմտություններ,

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն․ պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9․ Տեխնիկական հմտություններ. պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը պետք է կարողանա`

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6․ ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10․ Պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը պետք է կարողանա՝

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ․

3) համագործակցել այլ ոլորտի մասնագետների հետ․

4) համագործակցել բազմամասնագիտական խմբի հետ՝ ապահովելով համալիր բուժման մոտեցում։

 

7․ ՊԼԱՍՏԻԿ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժի վրա։

 

8․ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ՊԼԱՍՏԻԿ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք

կոմպետենտություն

3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2025 թվական: