ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1189-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.08.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2025 թվականի N 1189-Լ

 

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1079-20.05.2025-ՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխության արդյունքում նախատեսվում է, որ հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին ամփոփ հաղորդում։

Նախագծային կարգավորմամբ դրույթներ նախատեսված չեն առ այն, թե Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ի՞նչ ժամկետներում և ի՞նչ ընթացակարգով պետք է ներկայացվի հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ հաղորդումը:

Միաժամանակ, հարկ է հաշվի առնել այն իրավիճակների առաջացումը, երբ Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, և նոր Պաշտպան դեռևս չի ընտրվել՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների հաշվառմամբ։

Պետք է նկատի ունենալ, որ նշված կարգավորմանը զուգահեռ կարող են առաջանալ անհաղթահարելի (ֆորսմաժորային) իրավիճակներ, որոնց դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում Պաշտպան չի ընտրվում:

Ասվածի համատեքստում, հարկ է արձանագրել, որ նախագծային կարգավորումը խնդրահարույց է և համակողմանիորեն չի կարգավորում այն գործնական իրավիճակները, որոնք կարող են առաջանալ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքով:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք դիտարկել հստակ կարգավորումներ և ընթացակարգեր նախատեսելու անհրաժեշտությունն ինչպես Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում, այնպես էլ Պաշտպանի լիազորությունների դադարման և նոր Պաշտպանի ընտրության միջև ընկած ժամանակահատվածում Պաշտպանի գործունեության և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ ամփոփ հաղորդման հրապարակման և Ազգային ժողով ներկայացնելու առումներով: Առաջարկում ենք նաև դիտարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ սահմանադրական օրենք) 31-րդ հոդվածում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Պաշտպանին փոխարինելու դեպքում փոխարինող պաշտոնատար անձին հնարավորություն ընձեռել օրենսդրությամբ նախատեսված գործողություններ կատարել Պաշտպանի աշխատակազմում անձնակազմի կառավարման լիազորությունների ոլորտում, այդ թվում՝ սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով պաշտոնի նշանակել և աշխատանքից ազատվելու մասին իրենց դիմումի հիման վրա պաշտոնից ազատել պետական ծառայողներին և Պաշտպանի աշխատակազմում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց:

Նշված կարգավորման տրամաբանության հաշվառմամբ և ոլորտում լիազորությունների իրականացման անընդհատության ապահովման նպատակով՝ առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածով Պաշտպանին փոխարինող պաշտոնատար անձին ընձեռել նաև պաշտոնի վերանշանակելու լիազորություն:

3. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսվում է սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-ին մասով համաձայն որի՝ պաշտպանն իրավասու է ներկայացնելու հատուկ կարծիք (amicus brief) սահմանադրական դատարան ներկայացված դիմումների առնչությամբ՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով։

Իրավական որոշակիության սկզբունքից ելնելով առաջարկում ենք խմբագրել «հատուկ կարծիք» ձևակերպումը:

4. Հարկ է նշել, եթե նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ շարադրվող սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետի հիման վրա դեռևս չի ընդունվել համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը, ապա առաջարկում ենք նախագծով նախատեսել անցումային դրույթ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը:

Միաժամանակ, նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումը, դիտարկելով «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքների վերաբերելի կարգավորումների հետ համակարգային կապի մեջ, գտնում ենք, որ այն խնդրահարույց է հետևյալ հիմնավորմամբ. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1․1-ին մասով նախատեսված բացառությունը վերաբերում է միայն Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգին, մինչդեռ թե՛ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի գործող խմբագրությամբ, թե՛ նախագծով սահմանված լիազորող նորմն ավելի լայն շրջանակ ունի։ Ուստի՝ առաջարկում ենք Նախագծի քննարկվող դրույթը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«8․1) սահմանում է Պաշտպանի աշխատակազմում էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը և էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, հաստատում է էթիկայի հանձնաժողովի կազմը.»:

5. Հարկ է նշել նաև, որ նախագծում առկա են որոշ վրիպակներ և տեխնիկական խնդիրներ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կարգավորումներին համապատասխանելիության տեսանկյունից, մասնավորապես՝

ա. նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ավելացնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով,

բ. նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի «խմբագրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «բովանդակությամբ» բառով, իսկ «Եթե» բառից առաջ լրացնել «2.1.» թիվը: Նույն դիտարկումը վերաբերում է նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասին,

գ. նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «6.» թվից առաջ անհրաժեշտ է լրացնել չակերտ՝ պաշտոնական ինկորպորացման ժամանակ խնդիրներից խուսափելու նպատակով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան