ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (15.02.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
15.02.1996
Ստորագրման ամսաթիվ
15.02.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.1996

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Մոլդովայի Հանրապետության մաքսային վերահսկողության պետական մաքսային դեպարտամենտը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

նպատակ ունենալով հեշտացնել և արագացնել ուղևորահաղորդակցության և բեռնահաղորդակցության մաքսային վերահսկողությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Պայմանավորվող կողմերը, սահմանով անցնող փոխադրամիջոցները, բեռները, ուղեբեռները, փոստային առաքումները, տարադրամը, վճարային այլ միջոցներն ու տարադրամային արժեքները, կապահովեն Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային և տարադրամային կանոններին համապատասխանող փաստաթղթերով, որոնք կիրառվում են բեռնային և ուղևորային հաղորդակցության, ինչպես նաև փոստային փոխանակման մեջ:

 

Հոդված 2

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար կճանաչեն միմյանց մաքսային փաստաթղթերը, մաքսային կապարակնիքները, կնիքների և դրոշմների նմուշօրինակները և փոստային առաքումների, բեռների և փոխադրամիջոցների վրա պաշտոնական նշանները: Նրանք կարող են նաև փոխադարձաբար ճանաչել միմյանց առաքիչ և տրանսպորտային կազմակերպությունների կապարակնիքները և կնիքները ու դրանց պաշտոնական նշանները փոխադրամիջոցների վրա:

 

Հոդված 3

 

Պայմանավորվող կողմերը միմյանց կփոխանցեն 2-րդ հոդվածում նշված մաքսային փաստաթղթերի և մաքսային ապահովումների նմուշները, ինչպես նաև այն ապրանքների ցուցակները, որոնց ներմուծումը, արտահանումը կամ տարանցումը իրենց տարածքներով արգելված է կամ սահմանափակված:

 

Հոդված 4

 

Պայմանավորվող կողմերը ժամանակին միմյանց կտեղեկացնեն մաքսային օրենսդրության, կանոնների, ծառայողական հրահանգների, մաքսային փաստաթղթերի ու ապահովումների ձևերի մեջ կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:

 

Հոդված 5

 

1. Հայտարարագրում պահանջվող ապրանքների և փոխադրամիջոցների տեղափոխումը Պայմանավորվող կողմերի մաքսատների միջև կկատարվի բեռնային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ, որն իր ձևով նույնական է Եվրահամայնքի միասնական վարչական փաստաթղթի ձևին: 2. Ապրանքների և փոխադրամիջոցների հայտարարագրման կարգը որոշվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագրի կատարման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը Պայմանավորվող կողմերի միջև լուծվում են խորհրդակցությունների և համաձայնեցումների միջոցով:

 

Հոդված 7

 

Մաքսային փաստաթղթերը լրացվում են առաքող երկրի օրենսդրությամբ նախատեսված` մաքսային փաստաթղթերի կազմման համար նախատեսված լեզվով:

 

Հոդված 8

 

Մաքսային համագործակցության խորհրդի (Customs Cooperation Council) ստանդարտների և հանձնարարականների հիման վրա` Պայմանավորվող կողմերը կձգտեն մաքսային փաստաթղթերի աստիճանական միասնականացմանը և դրանց պարզեցմանը:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից և գործում է 5 տարի ժամկետով, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետի համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը վերջնական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:

 

Կատարված Է Մոսկվա քաղաքում 1996 թվականի փետրվարի 15-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, մոլդովերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր երեք տեքստերն էլ հավասարազոր են:

Հայերեն և մոլդովերեն տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում որպես հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 15-ից: