ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«18» օգոստոս 2025 թվականի N 96-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲժիՇԿ-ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել բժիշկ-համաճարակաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. Գասպարյան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոս «18»-ի թիվ 96-Ն հրամանի |
ԲԺԻՇԿ-ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բժիշկ-համաճարակաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն համաճարակաբանություն մասնագիտությամբ հանրային առողջապահության ոլորտում` բնակչության շրջանում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու դիտարկման ուղղությամբ:
2. Բժիշկ-համաճարակաբան կարող է համարվել այն անձը, ում շնորհվել է բժիշկ-համաճարակաբանի որակավորում, կամ ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում բուժական գործ կամ բժշկականխարգելման գործ, սանիտարիա մասնագիտություններով կամ հետբուհական կրթություն համաճարակաբանություն մասնագիտությամբ և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
3. Բժիշկ-համաճարակաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Բժիշկ-համաճարակաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Առողջապահական, ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում բժիշկ-համաճարակաբան.
2) Առողջապահական, ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում տնօրենի տեղակալ համաճարակաբանության գծով կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավար.
3) Առողջապահական, ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ. բժիշկ-համաճարակաբանը պետք է`
1) Տիրապետի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման գործառույթները կարգավորող, հաստատված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններին և հանրային առողջապահական նորմատիվներին, մեթոդական ուղեցույցներին, մասնավորապես, դեպքերի վաղ հայտնաբերման, հաշվառման, հաղորդման, համաճարակաբանական հետազոտություններ (հետախուզություն) իրականացնելու, հաշվետվություններ կազմելու, ամփոփելու, վերլուծություններ, եզրահանգումներ, գնահատումներ կատարելու առումներով.
2) Տիրապետի հիվանդությունների միջազգային դասակարգմանը (ՀՄԴ-10), դեպքի սահմանումներին.
3) Տիրապետի ապացուցողական բժշկության հիմունքներին, համաճարակաբանական հետազոտության (հետախուզության), մեթոդներին.
4) Տիրապետի բուժօգնության որակի և անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներին.
5) Տիրապետի բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների (ԲՄՊՎ-երի) կամ բժշկական օգնության և սպասարկամն ընթացքում ձեռք բերվող վարակների կանխարգելման և հսկողության գործառույթները կարգավորող, հաստատված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմատիվներին, մեթոդական ուղեցույցներին, ընթացակարգերին, որոնք ներառում են`
ա. բժշկական արտադրատեսակների մաքրում, ախտահանում, նախամանրէազերծում, մանրէազերծում,
բ. վտանգավոր բժշկական թափոնների անվտանգ գործածություն.
գ. ձեռքերի հիգիենայի պահպանում.
դ. վիրակապությունների կանոնների պահպանում.
ե. մանրէազերծ սեղանի պահպանում.
զ. կաթետերների տեղադրման և այլ ընթացակարգերի պահպանում.
է. հակամանրէային կայունության խնդիրներ.
6) Տիրապետի վարակիչ հիվանդությունների իմունականխարգելման առանձնահատկություններին և վերջինիս վերաբերյալ կարգավորումներին.
7) Տեղյակ լինի Առողջապահության նախարարության հիմնական կամ նպատակային ազգային ծրագրերին.
8) Տիրապետի միջազգային առողջապահական կարգավորումներ պահանջող վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու հսկողության առանձնահատկություններին, «Մեկ առողջություն» համատեքստում՝ մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման վերաբերյալ կարևոր գործառույթներին.
9) Տիրապետի ոչ վարակիչ հիվանդությունների, ռիսկի գործոնների կանխարգելման և հսկողության վերաբերյալ ռազմավարական ծրագրերին, իրավական ակտերին, կարգավորումներին.
10) Տիրապետի դաշտային համաճարակաբանության սկզբունքներին, վարակի օջախում համաճարակաբանական հետազոտություններին (հետախուզություն), բռնկումների վարման և հետազոտությունների իրականացմանը.
11) Ունենա աղետների բժշկության և կենսաահաբեկչության վերաբերյալ հիմնական գիտելիքներ, մասնավորապես, արտակարգ իրավիճակների դասակարգումը և Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների բժշկա-տակտիկական բնութագրերը: Իրականացնի աղետի վայրի գնահատում և վերլուծություն, տուժածների զննում և վիճակի գնահատում, վնասվածքների նախնական ախտորոշում, բուժօգնության հերթականության ընտրություն (պլան), տեսակավորում (տրիաժ), շտապ դուրսբերում և տեղափոխում:
12) Տեղեկացված լինի արտակարգ իրավիճակներում բուժտարհանման միջոցառումներին.
13) Ճանաչի, ախտորոշի և համապատասխան բուժօգնություն տրամադրի տերմինալ իրավիճակների, շնչառության սուր խանգարումների, շնչուղիների անցանելիության խանգարումների (ասֆիքսիա), ջրահեղձման, հոսանքահարման կամ կայծակնահարման, կոմատոզ վիճակների, արյունահոսությունների, շոկերի, մարմնի տարբեր հատվածների վերքերի, բաց և փակ վնասվածքների, քիմիական այրվածքների, գերսառեցման և ցրտահարության ժամանակ:
14) Տիրապետի տուժածների դուրս բերման և տեղափոխման, ինչպես նաև հատուկ փրկարարական հմտությունների որոշակի ծավալին.
15) Տիրապետի հաղորդակցման և թիմային աշխատանքի սկզբունքներին: Պացիենտների, գործընկերների, պատկան մարմինների և հանրության հետ ճիշտ հաղորդակցման հիմունքներին.
16) Իմանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի օրենսդրությունը և բժշկական կազմակերպությունների գործունեությունը բնութագրող նորմատիվ իրավական ակտերը:
6. Բժշկական hատուկ գիտելիքներ. բժիշկ-համաճարակաբանը պետք է կարողանա`
1) Կազմել կամ մշակել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու դիտարկանն առնչվող սանիտարական կանոններ, հիգիենիկ նորմատիվներ, մեթոդական ուղեցույցներ, գործողությունների ստանդարտ ընթացակարգեր.
2) Մասնակցել ազգային ռազմավարական ծրագրեր կազմելու, մշակելու գործընթացին.
3) Մշակել, կազմակերպել և իրականացնել արագ արձագանքման միջոցառումներ հատուկ վտանգավոր վարակների դեպք արձանագրելիս.
4) Մասնակցել մանրէաբանության, վիրուսաբանության, իմունաբանության հիմնական դրույթների մշակմանը.
5) Կայացնել համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված որոշումներ և մշակել համաճարակաբանական իրավիճակի կարգավորման քաղաքականությունը.
6) Տիրապետել առողջապահական համակարգի պատրաստվածությանը համաճարակների, համավարակների ժամանակ.
7) Տիրապետել աշխատանքային հմտություններին.
8) Կատարել Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) քարտեզագրում, համաճարակաբանական տվյալների բազայի ստեղծում.
9) Տիրապետել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) կենսանվտանգության սկզբունքներին.
10) Տիրապետել բժշկական կազմակերպությունում աշխատանքային օրենսդրության հիմունքներին, ներքին աշխատանքային կանոնակարգերին, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոններին.
11) Տիրապետել մասնագիտական վարքագծի կանոններին, հոգեբանության, առողջ ապրելակերպի ձևավորման և դաստիարակման մոտեցումներին, բժշկական էթիկայի և դեոնտոլոգիայի հիմունքներին:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Բժիշկ-համաճարակաբանը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն. բժիշկ-համաճարակաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման.
9. Տեխնիկական հմտություններ․բժիշկ-համաճարակաբանը պետք է կարողանա`
1) տիրապետել բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների (ԲՄՊՎ) կանխարգելմանը և հսկողությանը.
2) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
3) իրականացնել աղետների բժշկության հիմնական գործառույթները.
4) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
5) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
6) իրականացնել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
7) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
8) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6.ուղղ. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10․ուղղ. Բժիշկ-համաճարակաբանը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7.ուղղ. ԲԺԻՇԿ-ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև` «Հանրային առողջապահության մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են բժիշկ-համաճարակաբանի վրա։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2025 թվական: