ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«19» օգոստոս 2025 թվականի N 101-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼԱԲՈՐԱՏՈՐ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԳԵՆԵՏԻԿԻ/ԼԱԲՈՐԱՏՈՐ ԲՋՋԱԳԵՆԵՏԻԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել լաբորատոր մոլեկուլային գենետիկի/լաբորատոր բջջագենետիկի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. Գասպարյան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոս «19»-ի թիվ 101-Ն հրամանի |
ԼԱԲՈՐԱՏՈՐ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԳԵՆԵՏԻԿԻ/ԼԱԲՈՐԱՏՈՐ ԲՋՋԱԳԵՆԵՏԻԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լաբորատոր մոլեկուլային գենետիկ/լաբորատոր բջջագենետիկն իրականացնում է մասնագիտական գործունեություն բժշկական գենետիկայի, ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտներում հիվանդանոցային, արտահիվանդանոցային համապատասխան որակավորմամբ լաբորատոր ծառայություններում:
2. Լաբորատոր մոլեկուլային գենետիկ/լաբորատոր բջջագենետիկ կարող է համարվել այն անձն, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում` կամ ոչ բժշկական բարձրագույն կրթություն և ունի մասնագետի որակավորում` «կենսաբանություն», «կենսաքիմիա» մասնագիտությամբ, հետդիպլոմային կրթություն լաբորատոր գենետիկա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
3. Լաբորատոր մոլեկուլային գենետիկ/լաբորատոր բջջագենետիկը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Լաբորատոր մոլեկուլային գենետիկ/լաբորատոր բջջագենետիկն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցի բաժանմունքի լաբորատոր մոլեկուլային գենետիկ/լաբորատոր բջջագենետիկ.
2) Արտահիվանդանոցային բժշկական հաստատության Լաբորատոր մոլեկուլային գենետիկ/լաբորատոր բջջագենետիկ.
3) Բժշկական գենետիկական լաբորատորիայի բաժանմունքի վարիչ.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ. մոլեկուլային գենետիկը/լաբորատոր բջջագենետիկը պարտավոր է իմանալ`
1) Գնետիկական հիվանդությունների գնահատմանը վերաբերվող տերմինաբանությունը, ժառանգական և բնածին հիվանդությունների բնորոշումը և դասակարգման սկզբունքները.
2) Հայաստանում բնածին և ժառանգական հիվանդությունների ազդեցությունը պերիանատալ և մանկական մահացության և հաշմանդամության կազմի վրա.
3) Հիվանդության հայտնի կամ հավանական գենետիկական բաղադրիչը, նեռարյալ` ժառանգման ձևերը, Մենդելյան և ատիպիկ ժառանգում, ժառանգման տարբեր ձևերը տոհմածառում.
4) Գնետիկական ռիսկի գնահատումը.
5) Իմպրինտինգի և կրկնվող տրիպլետ մուտացիաների մեխանիզմները, սոմատիկ մուտացիաների մոլեկուլային հիմքերը և սոմատիկ քրոմոսոմային շեղումների հետևանքները.
6) Գենետիկական շեղումների էթիոլոգիան և ախտաբանաֆիզիոլոգիական հիմքերը.
7) Գենետիկական հիվանդություններին բնորոշ նշաններն ու ախտանիշերը, բազմագործոնային հիվանդությունների (ժառանգական նախատրամադրվածությամբ) գենետիկական հիմքերը.
8) Փոփոխական էքսպրեսիվության, պենետրանտության, պլեոտրոպիայի, սոմատիկ կամ սեռական մոզաիցիզմի, նոր (de novo) մուտացիաների գաղափարները.
9) Գենետիկական հիվանդությունների բնական ընթացքը.
10) Հազվադեպ գենետիկական հիվանդությունների առաջացման մեջ ժառանգականության դերը.
11) Հազվադեպ գենետիկական հիվանդությունների ախտորոշման մեջ ընտանեկան անամնեզի նշանակությունը.
12) Նախա- և հետծննդային ֆիզիկական զարագացման հապաղումով ընթացող գենետիկական համախտանիշները.
13) Նորածինների և վաղ մանկական տարիքի երեխաների մակրոսոմիան (արագացած ֆիզիկական զարգացումով ընթացող համախտանիշներ).
14) Քրոմոսոմային համախտանիշները.
15) Նյարդագենետիկական և նյարդամկանային հիվանդությունները.
16) Կմախքի զարգացման և բնածին բազամթիվ արարտների հիվանդությունները.
17) Սիրտ-անոթային հիվանդությունների գենետիկա.
18) Վերարտադրողականության գենետիկական հիվանդությունները.
19) Աուտոբորբոքային համախտանիշները.
20) Նյութափոխանակության բնածին խանգարումները.
21) Ժառանգական և սպորադիկ քաղցկեղի կինիկական գենետիկան.
22) Սեռի զարգացման և էնդոկրին համակարգի գենետիկական հիվանդությունները.
23) Իմունային համակարգի գենետիկական հիվանդությունները.
24) Ժառանգական սիլիոպաթիաները.
25) Արյունաբանական ոչ չարորակ ժառանգական հիվանդությունները.
26) Ժառանգական հիվանդությունների մանկաբուժական հիմնական դրսևորումները և գենետիկական շեղումներին բնորոշ նշանները.
27) Իրականացվող գենետիկական հետազոտությունների պայմանները.
28) Քրոմոսոմային վերլուծության տեխնիկան տարբեր հյուսվածքներում.
29) Ստանդարտ և մոլեկուլային բջջագենետիկական հետազոտության տեխնիկան.
30) Ընդհանուր մոլեկուլային գենետիկական տեխնիկան.
31) Նոր դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) տեխնոլոգիաների կիրառումը և կլինիկական արդիականությունը.
32) Գենետիկական և գենոմային թեստերի տարբերակումը.
33)Գենետիկական նախատրամադրվածության որոշման հնարավորությունները բազմագործոնային հիվանդությունների դեպքում.
34) Ֆարմակոգենետիկական հետազոտության կիրառությունները, ներառյալ անհատականացված բուժօգնության հիմքերը հիմնված անձի գենոմային առանձնահատկությունների վրա.
35) Գենետիկական խորհրդատվության ուղեգրման ցուցումները.
36) Գենետիկական խորհրդատվության անուղղակի և չուղղորդված սկզբունքը.
37) Գենետիկական խորհրդատվության ռետրոսպեկտիվ և պրոսպեկտիվ սկզբունքներ.
38) Գործոնները, որոնք ազդեցություն ունեն գենետիկական խորհրդատվության պրոցեսի վրա, ներառյալ պրոբանդի և ընտանիքի անդամների մտավախությունները, մշակութային, կրոնական և էթնիկ գործոնները, արյունակցական ամուսնությունները, նախածննդային ախտորոշումը.
39) Գենետիկական խորհրդատվության անուղղակի և չուղղորդված սկզբունքը.
40) Նախածննդային գենետիկական ախտորոշման մեթոդները և տեխնոլոգիաները.
41) Կանխարգելիչ հատուկ գենետիկական թեստավորման պայմանները.
42) Լաբորատոր գենետիկայում գենետիկական թեստավորման անճշտության տարբեր տեսակները.
43) Գենետիկական սկրինինգի և գենետիկական հիվանդությունների կանխարգելման սկզբունքները.
44) Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության (ՀԱԿ) ցուցումները սկրինինգային ծրագրերի ներդրման վերաբերյալ և դրանց սահմանափակումները.
45) Հաստատված չափանիշներին համապատասխանող հիվանդությունների
46) Գենետիկական հիվանդությունների ազգային սկրինինգային ծրագրերը, ընթացիկ արդյունքները և արդյունավետությունը հանրային առողջապահության համար, գենետիկական ռեգիստրը և դրա գործնական կիրառումը, տվյալների հավաքագրման մեթոդները և սահմանափակումները.
47) Գենետիկական հիվանդությունների սկրինիգային ծրագրի ներդրմանը նպաստող այլ գործոնները:
6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ. լաբորատոր մոլեկուլային գենետիկը/լաբորատոր բջջագենետիկը պետք է կարողանա`
1) Հիվանդի առողջությանը վերաբերվող բժշկական տեղեկություններ և փատաթղթեր հավաքագրել այդ թվում արտաքին ազդեցությունների, կիրառված դեղամիջոցների, հակաբեղմնավորիչ և հղիությունների պատմության, հիվանդության կանխարգելման և սկրինինգի մասնակցության, հիվանդի կենսապայմանների, գործունեության, ընտանեկան կարգավիճակի մասին և այլն.
2) Գրանցել գենետիկական ուղղվածությամբ ընտանեկան պատմությունը, կիրառելով ստանդարտ տոհմածառային նոմենկլատուրան.
3) Ապահովել գրավոր համաձայնության ստացումը լաբորատոր գենետիկական միջամտությունների և գիտական հետազոտությունների համար.
4) Իրականացնել ընդհանուր ֆիզիկական զննման արդյունքների և համախտանիշային վերլուծություն.
5) Լրացուցիչ կլինիկական և գործիքային հետազոտությունների իրականացման նպատակով ուղեգրել նեղ մասնագետի մոտ.
6) Իրականացնել կլինիկական ախտորոշման ճշգրտության ուսումնասիրում և, եթե անհրաժեշտ է, լրացուցիչ կլինիկական հետազոտության նշանակում` հստակ ախտորոշման նպատակով.
7) Վերլուծել հասանելի բժշկական, ընտանեկան և անհատական տեղեկատվությունը` համապատասխան գենետիկական ռիսկի գնահատման համար.
8) Կազմել գենետիկական քարտեր, ներառյալ`
ա. մանկաբարձական անամնեզի հավաքագրում, նախորդ հղիությունների ելքի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում.
բ. պերինատալ անամնեզի, պրոբանդով հղիության և ծննդաբերության ընթացքի վերաբերյալ տվյալների հավաքագրում.
գ. ոչ պակաս քան չորս սերնդի տոհմածառի կազմում.
9) Հիմնավորել տվյալ գենետիկական հիվանդության բոլոր հնարավոր ժառանգման ձևերը և դրանց հիմքում ընկած մեխանիզմները.
10) Հավաքագրել, գնահատել և կիրառել առկա տեղեկատվությունը կոնկրետ գենետիկական հիվանդության վերաբերյալ.
11) Իրականացնել տվյալների առաջնային աղբյուրի հավաստիության գնահատում, ժառանգական հիվանդության կրկնման ռիսկի էմպիրիկ, առկա և կրկնվող ռիսկերի հաշվարկ.
12) Ձևակերպել ժառանգական հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման տիրույթը.
13) Իրականացնել առաջնային կենսաբանական նյութի գրանցում և նուկլեինաթթուների անջատում արյան, թքի, լորձաթաղնթի, մազարմատի, ամնիոտիկ հեղուկի, խորիոնի, թարմ կամ պարաֆինային ֆիքսված հյուսվածքի կամ բիոպսիայի բջիջներից, նուկլեինաթթուների նախանալիտիկ որակական ստուգում, բջջային կուլտուրաների մշակում և ֆիքսում, բջջաբանական պրեպարատների պատրաստում և ներկում.
14) Իրականացնել գենոմային ախտորոշիչ հետազոտություններ, ներառյալ`
ա. ՊՇՌ.
բ. հել-էլեկտրոֆորեզ.
գ. Սանգերի սեքվենավորման վերլուծություն.
դ. հետերոդուպլեքսների վերլուծություն.
ե. ԴՆԹ ֆրագմենտների երկարության վերլուծություն.
զ. բարձր թույլատրելիության ԴՆԹ հալման կորերի վերլուծություն.
է. էկզոմի սեքվենավորման վերլուծություն.
ը. համեմատական գենոմային հիբրիդիզացիա (գենոմի array-CGH) և կրկնվող հատվածների վերլուծություն.
15) Իրականացնել բջջագենետիկական ախտորոշիչ հետազոտություններ, ներառյալ`
ա. կարիոտիպի վերլուծություն.
բ. FISH վերլուծություն.
գ. համեմատական գենոմային հիբրիդիզացիա (գենոմի array-CGH) և կրկնվող հատվածների վերլուծություն.
16) Իրականացնել տարբերակված մեթոդաբանություն` կախված ախտորոշված տեսակից և նպատակից, ներառյալ հղիության կրկնվող ինքնաբեր վիժումների և բարդացած մանկաբարձական անամնեզի, անպտղության, նախածննդյան ախտորոշման և սկրինգի, պրեիմպլանտացիոն ախտորոշման կամ սկրինինգի, ժառանգական քաղցկեղի կամ սպորադիկ քաղցկեղի, ժառանգական մոնոգեն հիվանդությունների, քրոմոսոմային հիվանդությունների, գենոմային հիվանդությունների պարագաներում.
17) Ընտրել պրոբանդի և նրա ընտանիքի անդամների անհրաժեշտ մոլեկուլային գենետիկական (բջջագենետիկական) կենսաքիմիական հետազոտման տիրույթը կամ հետազոտման այլ անհրաժեշտ մեթոդները.
18) Հիմնավորել ժառանգական հիվանդության թեստավորման լավագույն ռազմավարությունը, ելնելով առկա բժշկական և ընտանեկան պատմությունից և ֆիզիկական հետազոտման արդյունքներից.
19) Պահպանել լաբորատոր անվտանգության կաննոները.
20) Վերլուծել և պարզաբանել լաբորատոր թեստերի արդյունքները՝ հաշվի առնելով թեստի զգայունությունը.
21) Օգտագործել բջջագենետիկական և գենոմային միջազգային ուղեցույցերը և ստանդարտ մուտացիաների դասակարգումը.
22) Մեկնաբանել ոչ նորմալ կարիոտիպի և գենետիկական տարբերակների կլինիկական հետևանքները.
23) Վերլուծել և մեկնաբանել գենոմային հետազոտությունների արդյունքները.
24) Մեկնաբանել ֆարմակոգենետիկական թեստավորման արդյունքները, ներառյալ կլինիկական կիրառման տեսակետից.
25) Վերլուծել հետազոտությունների արդյունքները կլինիկական նշանակության տեսանկյունից՝ անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով մոլեկուլային և բջջագենետիկական լաբորատորիաների մասնագետների և բժիշկ-գենետիկիների հետ.
26) Իրականացնել Բայեսի հաշվարկը, գենետիկական ռիսկի գնահատման համար օգտագործելով գենետիկական, գենոմային և ոչ գենետիկական տվյալները.
27) Հիմնավորել նոր դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետությունը, ներդնել և ապահովել որակի պահանջներին համապատասխան կիրառություն.
28) Գնահատել անորոշ նշանակության գենետիկական փոփոխությունների նշանակությունը և ապահովել որակի պահանջներին համապատասխան կիրառություն.
29) Մեկնաբանել գենետիկական թեստերի անճշտությունները և սահմանափակումները՝ ինչպես սկրինինգային, այնպես էլ ախտորոշիչ նպատակներով իրականացվող հետազոտությունների ժամանակ.
30) Մեկնաբանել թեստի արդյունքները և քննարկել այդ արդյունքների գործնական նշանակությունը պրոբանդի և նրա հարազատների հետ.
31) Կիրառել լաբորատոր գենետիկի պրակտիկ գործունեության և դրա բարելավման եվրոպական և միջազգային ուղեցույցերը.
32) Ներկայացնել գենետիկական թեստավորման արդյունքները և տարբերակիչ ախտորոշումը.
33) Տրամադրել գենետիկական կամ գենոմային թեստավորման արդյունքները, ներառյալ գենետիկական հիվանդության վերաբերյալ տեղեկատվությունը, տոհմաբանական վերլուծությունը և գենետիկական ռիսկի գնահատումը.
34) Մեկնաբանել գենետիկական կամ գենոմային թեստավորման ժամանակ երկրորդային (չթիրախավորված) բացահայտումների նշանակությունը.
35) Տալ լաբորատոր գենետիկական եզրակացություն, ներառյալ պրոբանդի հետագա վարման, վերահսկողության և ընտանիքի անդամների սկրինինգի նպատակահարմարության, կանխորոշման, կանխարգելման և ընտանիքի հետագա պլանավորման.
36) Մեկնաբանել նախածննդային գենետիկական ախտորոշման արդյունքները
37) Ուղեգրել հիվանդների մասնագետների խորհրդատվության ըստ անհրաժեշտության.
38) Գնահատել պրոբանդի հիվանդության զարգացման և բուժման հնարավոր ելքը.
39) Հիմնավորել թեստի արդյունքների հիման վրա պրոբանդի հետագա վարման և վերահսկողության և ընտանիքի անդամների մոտ հիվանդության սկրինինգի, հնարավոր կանխորոշման, և վարման տարբերակները վերարտադրողական, նախածննդային, մանկական և չափահաս տարիքի գենետիկական հիվանդությունների դեպքում.
40) Հիմնավորել հիվանդության գենետիկական ռիսկի վաղ բացահայտման կարևորությունը և միջավայրի և կենսակերպի մոդիֆիկացնող գործոնների ազդեցությունը գենետիկական ախտորոշման կամ գենետիկական նախատրամադրվածության վրա.
41) Հիմնավորել ուշ զարգացող նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելիչ նախաախտանշանային հետազոտությունները.
42) Մեկնաբանել գերմինալ և սոմատիկ մուտացիաների դերը (ներառյալ քաղցկեղի դեպքում) և համապատասխան գենետիկական թեստավորման նշանակումը.
43) Ապահովել ընտանիքում ժառանգական հիվանդության հանդիպման կամ կրկնման կանխարգելման տեղեկատվությունը, ներառյալ`
ա. նախածննդային ախտորոշման հնարավորության և անհրաժեշտության բացատրումը և հիմնավորումը.
բ. նախածննդային ախտորոշման տարբեր եղանակների և մեթոդների ցուցումները և սահմանափակումները.
գ. նախածննդյան ախտորոշման օպտիմալ ռազմավարության ընտրությունը.
44) Հիմնավորել վերարտադրողական առողջության խնդիրների հնարավոր լուծման տարբերակները` գենետիկական խորհրդատվության, նախածննդային թեստավորման կամ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով
45) Իրականացնել Հաճախ հանդիպող գենետիկական հիվանդությունների կրողների սկրինինգային ծրագրերը.
46) Վերլուծել և գնահատել հիվանդների անհատական ռիսկի գործոնները.
47) Մեկնաբանել սկրինինգային թեստերի զգայունությունը, յուրահատկությունը և կանխարգելիչ արժեքը.
48) Հիմնավորել սկրինինգային ծրագրերի արդյունքները և դրանց օգուտը.
49) Բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքների վարման սկզբունքների իմացություն.
50) Մոլեկուլային գենետիկը/լաբորատոր բջջագենետիկը պետք է ունենա`
ա. բուժօգնության որակի և անվտանգության ապահովման ցուցանիշների ու դրանց ապահովման սկզբունքների իմացություն.
բ. տերմինալ իրավիճակների ճանաչում, ախտորոշման և համապատասխան բուժօգնության տրամադրման սկզբունքներին.
գ .առաջին և շտապ բուժօգնություն տրամադրում անհետաձգելի վիճակներում.
դ. արտակարգ իրավիճակներում աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունների, բուժտարհանման միջոցառումների կազմակերպում.
ե. բժշկական փաստաթղթերի հետ պատշաճ աշխատանքի սկզբունքների իմացություն:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Լաբորատոր մոլեկուլային գենետիկ/լաբորատոր բջջագենետիկը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ․
2) վեճերի լուծման հմտություններ․
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. լաբորատոր մոլեկուլային գենետիկ/լաբորատոր բջջագենետիկը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
9. Տեխնիկական հմտություններ. լաբորատոր մոլեկուլային գենետիկ/լաբորատոր բջջագենետիկը պետք է կարողանա.
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով,
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները,
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն,
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում,
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին,
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10. Լաբորատոր մոլեկուլային գենետիկ/լաբորատոր բջջագենետիկը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԳԵՆԵՏԻԿ/ԼԱԲՈՐԱՏՈՐ ԲՋՋԱԳԵՆԵՏԻԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են լաբորատոր մոլեկուլային գենետիկի/լաբորատոր բջջագենետիկի վրա։
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ԼԱԲՈՐԱՏՈՐ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԳԵՆԵՏԻԿ/ԼԱԲՈՐԱՏՈՐ ԲՋՋԱԳԵՆԵՏԻԿԸ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱՅԻ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունը` ըստ Աղյուսակի.
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել.
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում.
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ).
Աղյուսակ
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|