ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» օգոստոս 2025 թվականի N 93-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆ-ՕՐԹՈՊԵԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել վնասվածքաբան-օրթոպեդի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
15.08.2025 |
Ա. Ջումայան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոս «15»-ի թիվ 93-Ն հրամանի |
ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆ–ՕՐԹՈՊԵԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Վնասվածքաբան-օրթոպեդն իրականացնում է մասնագիտական գործունեություն վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Բժիշկ վնասվածքաբան–օրթոպեդ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Վնասվածքաբան–օրթոպեդը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Վնասվածքաբան–օրթոպեդն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության վնասվածքաբան–օրթոպեդ.
2) Առողջության առաջնային պահպանման ծառայության վնասվածքաբան-օրթոպեդ.
3) Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ. վնասվածքաբան–օրթոպեդը պետք է տիրապետի հետևյալ ընդհանուր գիտելիքներին.
1) Անատոմիա և ֆիզիոլոգիա. ոսկրերի, հոդերի, մկանների, կապանների և ջլերի կառուցվածքը և ֆունկցիաները, ոսկրերի արյան մատակարարումը և իններվացիան, հոդերի կենսամեխանիկան և շարժման ֆիզիոլոգիան.
2) Պաթոֆիզիոլոգիա. ոսկրային հյուսվածքի վերականգնման և ռեգեներացիայի մեխանիզմները, վնասվածքների, կոտրվածքների և հենաշարժիչ համակարգի այլ ախտաբանական վիճակների զարգացումը, հոդային և ոսկրային հիվանդությունների (արթրոզ, օստեոպորոզ, օստեոմիելիտ) առաջացման մեխանիզմները.
3) Ախտորոշում. ֆիզիկական զննում, կլինիկական ախտանիշների գնահատում, ռադիոլոգիական հետազոտություններ (ռենտգեն, մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ), համակարգչային շերտագրություն (ՀՇ), ուլտրաձայնային հետազոտություն), կենսաքիմիական և լաբորատոր հետազոտություններ (արյան կալցիումի, ֆոսֆորի, ալկալային ֆոսֆատազի մակարդակները).
4) Վնասվածքների դասակարգում և բուժման սկզբունքները. կոտրվածքների տեսակները, դրանց դասակարգումը (օրինակ, փակ, բաց, բարդ, ներհոդային), կապանների, ջլերի, մկանների վնասվածքների ախտորոշում և բուժում, պոլիտրավմայի կառավարում, շոկային վիճակների կանխարգելում և բուժում, հետվնասվածքային բարդությունների կանխարգելում (օրինակ, պառկելախոցեր, թրոմբոէմբոլիա).
5) Վիրաբուժական բուժում. կոտրվածքների օպերատիվ բուժման տեխնիկա (օստեոսինթեզ, արտաքին ֆիքսատորներ, էնդոպրոթեզավորում), հոդերի վերականգնողական վիրահատություններ (արթրոսկոպիա, պրոթեզավորում, օստեոտոմիա), ռեգեներատիվ բժշկության և կենսատեխնոլոգիաների կիրառություն (օրինակ, աճի գործոններ, ցողունային բջիջներ).
6) Կոնսերվատիվ բուժում. գիպսային անշարժացում, օրթեզների և բրեյսերի կիրառություն, ֆիզիոթերապիա և վերականգնողական բժշկություն, դեղորայքային թերապիա (հակաբորբոքային, անալգետիկ, հակակալցիֆիկացիոն միջոցներ)։
6․ Վնասվածքաբան–օրթոպեդը պետք է ունենա հետևյալ վիրաբուժական և կլինիկական, կոգնիտիվ և վերլուծական հմտություններ.
1) ֆիզիկական զննում և ախտորոշում. հիվանդի ընդհանուր և հատուկ վնասվածքաբանական զննում, հոդերի, մկանների, կապանների ֆունկցիոնալ թեստերի կատարում, կլինիկական ախտորոշման հիման վրա որոշումների կայացում.
2) ռադիոլոգիական հետազոտությունների վերլուծություն. ռենտգեն, մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ), համակարգչային շերտագրություն (ՀՇ), ուլտրաձայնային հետազոտությունների (ՈւՁՀ) վերլուծություն, դիֆերենցիալ ախտորոշում՝ պատկերային հետազոտությունների հիման վրա.
3) վիրաբուժական հմտություններ. մինիմալ ինվազիվ և բաց վիրահատական միջամտություններ, արթրոսկոպիկ վիրահատություններ (ծնկի, ուսի, կոնքազդրային հոդերի վիրահատություն), կոտրվածքների ֆիքսացիա (օստեոսինթեզ, արտաքին ֆիքսատորներ), էնդոպրոթեզավորում (հոդերի ամբողջական կամ մասնակի փոխարինում), փափուկ հյուսվածքների և մկանային-կմախքային համակարգի վիրահատական վերականգնում.
4) օրթոպեդիկ սարքերի կիրառման հմտություններ. օրթեզների, բրեյսերի, կորսետների ճիշտ ընտրություն, գիպսային անշարժացում և վնասվածքների պահպանողական բուժման այլ տեխնիկաներ.
5) վերականգնողական բժշկության հմտություններ. հիվանդի ռեաբիլիտացիոն պլանավորման կարողություն, կինեզոթերապիայի, ֆիզիոթերապիայի և ֆունկցիոնալ վերականգնման մեթոդների կիրառում.
6) արագ և ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակություն. արտակարգ իրավիճակներում (պոլիտրավմա, արյունահոսություն, շոկ) օպտիմալ որոշումների ընդունում, վիրաբուժական միջամտության անհրաժեշտության գնահատում.
7) տվյալների համակողմանի վերլուծություն և դիֆերենցիալ ախտորոշում. միաժամանակ տարբեր հիվանդությունների ախտորոշում, ախտաբանական վիճակների և բարդությունների կանխատեսում։
7․ Վնասվածքաբան-օրթոպեդը պետք է ունենա հետևյալ բժշկական հատուկ գիտելիքները և հմտությունները.
1) Հետվնասվածքային վերականգնում. ռեաբիլիտացիոն ծրագրերի մշակման սկզբունքներ, կինեզոթերապիայի և ֆիզիոթերապիայի մեթոդներ, սոցիալական հարմարվողականության և հիվանդների կյանքի որակի բարելավման մոտեցումներ.
2) Պրոֆիլակտիկա և կանխարգելիչ բժշկություն. ոսկրային հիվանդությունների կանխարգելման սկզբունքներ (օրինակ, օստեոպորոզի կանխարգելում), սպորտային և արդյունաբերական վնասվածքների կանխարգելման միջոցառումներ, օրթոպեդիկ խնդիրների վաղ հայտնաբերում մանկական տարիքում (օրինակ, սկոլիոզ, կոնքազդրային հոդախախտ).
3) Արտակարգ իրավիճակների կառավարում. շոկային վիճակների կառավարում (հեմոռագիկ, տրավմատիկ շոկ), ցավի կառավարում և անզգայացման սկզբունքներ, պոլիտրավմայի բուժման տակտիկա (Damage Control Surgery).
4) Մասնագիտական նորարարություններ և տեխնոլոգիաներ. նոր վիրաբուժական տեխնիկաների տիրապետում (ռոբոտացված վիրաբուժություն, նավիգացիոն վիրաբուժություն), բժշկական երեք Դ (3D) տպագրության և պացիենտ-սպեցիֆիկ իմպլանտների կիրառում, բժշկական ինֆորմատիկայի և թվային տեխնոլոգիաների ինտեգրում կլինիկական պրակտիկայում.
5) Հիվանդների բուժման տակտիկայի մշակման ունակություն. հիվանդների անհատականացված բուժման պլանավորում, պոլիտրավմայի, բազմակի օրթոպեդիկ խնդիրների բուժման համակարգված մոտեցում.
6) Բժշկական փաստաթղթերի վարման հմտություններ. տեղեկատվության ճիշտ գրանցում (ախտորոշումներ, պատմագրեր, ցուցումներ), միջազգային չափանիշներին համապատասխան բուժական գրառումների վարում.
7) Հիվանդանոցի կամ կլինիկայի կառավարման հիմունքներ. բուժման որակի վերահսկման մեթոդների կիրառում:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Վնասվածքաբան–օրթոպեդը պետք է ունենա.
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. վնասվածքաբան–օրթոպեդը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
10․ Տեխնիկական հմտություններ. վնասվածքաբան–օրթոպեդը պետք է կարողանա.
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով,
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները,
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն,
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում,
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին,
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
11․ Վնասվածքաբան–օրթոպեդը պետք է կարողանա.
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆ–ՕՐԹՈՊԵԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12․ Վնասվածքաբան-օրթոպեդը պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով։
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
13․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի։
14․ Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ)։
Աղյուսակ
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
1. իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
2. իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
3. իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|