ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3256-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.08.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
15.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3256-Ա

«15» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արթուր Հակոբյանի 2025 թվականի հուլիսի 29-ի թիվ Դ-81963-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:

Ուսումնասիրելով Արթուր Հակոբյանի 2025 թվականի հուլիսի 29-ի թիվ Դ-81963-25 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ու վարչարարության շրջանակներում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները` պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2025 թվականի հուլիսի 29-ի թիվ Դ-81963-25 դիմումով Արթուր Հակոբյանը խնդրել է փոխհատուցել 2025 թվականի հունիսի 30-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 60 և Տերյան փողոցի թիվ 105/7 հասցեների բակում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Tesla Model Y» մակնիշի «01 LA 030» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա քամու հետևանքով ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի հուլիսի 29-ի թիվ ՎՊ-25-214-ԱՊ ապրանքագիտական եզրակացությամբ գնահատված վնասը:

2025 թվականի հունիսի 30-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB349134 վկայագրի համաձայն՝ «Tesla Model Y» մակնիշի «01 LA 030» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Արթուր Հակոբյանի սեփականությունը:

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հուլիսի 28-ին տրված թիվ ՎՊ-25-213-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության համաձայն՝ «Tesla Model Y» մակնիշի «01 LA 030» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նույն եզրակացության մեջ նկարագրված հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված պատահարի տեսագրությունում, պատահարից հետո պատահարի վայրում կատարված տեսագրություններում և պատահարի վայրի էլեկտրոնային լուսանկարներում առկա՝ նշված ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում նշված ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով: Նույն եզրակացությամբ փորձագետը հանգել է այն հետևության, որ տեղի ունեցած պատահարի ու «Tesla Model Y» մակնիշի «01 LA 030» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի՝ նույն եզրակացությամբ նկարագրված հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը ծառի ճյուղի ընկնել է, հետևանքը՝ դրանից առաջացած հետքերն ու վնասվածքները):

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հուլիսի 29-ին տրված թիվ ՎՊ-25-214-ԱՊ ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Tesla Model Y» մակնիշի «01 LA 030» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ, կազմել է շուրջ 1.046.000 (մեկ միլիոն քառասունվեց հազար) ՀՀ դրամ:

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 08/ԼԱ-906 գրությամբ տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ համաձայն նույն կազմակերպության Երևան ագրո օդերևութաբանական կայանի տվյալների՝ 2025 թվականի հունիսի 30-ին ժամը 18:20-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում դիտվել է քամու ուժգնացում, քամու առավելագույն պոռթկումը գրանցվել է 16 մ/վ:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Կենտրոնական բաժնի պետի պարտականությունները կատարողին ուղղված՝ 2025 թվականի հունիսի 30-ի զեկուցագրի համաձայն՝ նույն բաժնում 2025 թվականի հունիսի 30-ին ստացված ահազանգի կապակցությամբ պարզվել է, որ նույն օրը Մաշտոցի պողոտայի թիվ 60 և Տերյան փողոցի թիվ 105/7 հասցեների բակում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է թվով 2 էլեկտրական ավտոմեքենայի վրա, որոնցից մեկը հանդիսանում է «Tesla Model Y» մակնիշի «01 LA 030» հաշվառման համարանիշի ավտոմեքենան:

2025 թվականի հուլիսի 29-ի թիվ Դ-81963-25 դիմումի կապակցությամբ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տեղեկացվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի թիվ 60 և Տերյան փողոցի թիվ 105/7 հասցեների բակային տարածքում, ծառի տապալման կամ ճյուղի կոտրման մասին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը թեժ գծով, «Ակտիվ քաղաքացի» հարթակով կամ գրությամբ տեղեկատվություն չի ստացել, ուստի կազմակերպությունը «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված 2025 թվականի հուլիսի 28-ի թիվ ՎՊ-25-213-ՀՓ և 2025 թվականի հուլիսի 29-ի թիվ ՎՊ-25-214-ԱՊ եզրակացությունների վերաբերյալ դիրքորոշում չի կարող տրամադրել:

2025 թվականի հուլիսի 29-ի թիվ Դ-81963-25 դիմումին կից ներկայացված թիվ 15852 վճարման անդորրագրի համաձայն՝ «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության հետ կատարված գործարքով 2025 թվականի հուլիսի 14-ին Արթուր Հակոբյանի կողմից «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ՓԾՊ/213 պայմանագրով փորձաքննության վճար:

2025 թվականի հուլիսի 29-ի թիվ Դ-81963-25 դիմումին կից ներկայացված թիվ 16064 վճարման անդորրագրի համաձայն՝ «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության հետ կատարված գործարքով 2025 թվականի հուլիսի 14-ին Արթուր Հակոբյանի կողմից «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանա-տվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ՓԾՊ/214 պայմանագրով փորձաքննության վճար:

2025 թվականի հուլիսի 29-ի թիվ Դ-81963-25 դիմումին կից ներկայացված թիվ 001433 վճարման անդորրագրի համաձայն՝ «Էվոկաբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ կատարված գործարքով 2025 թվականի հուլիսի 8-ին Արթուր Հակոբյանի կողմից «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 8,340 (ութ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ՝ որպես հիդրոօդերևութաբանական տվյալների տրամադրման դիմաց վճար:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1181-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետով սահմանված է քամու ուժի սանդղակը, որով «13.9 մ/վրկ – 17.1 մ/վրկ» արագությամբ քամին բնութագրված է որպես «ավելի ուժեղ», իսկ որպես քամու ազդեցության նկարագիր՝ նշված է հետևյալը. «Ճոճվում են փոքր ծառերի բները: Ծովի վրա բարձրանում են փրփրող ալիքներ:»:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

2025 թվականի հուլիսի 29-ի թիվ Դ-81963-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Արթուր Հակոբյանի սեփականությունը հանդիսացող «Tesla Model Y» մակնիշի «01 LA 030» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Կենտրոնական բաժնում 2025 թվականի հունիսի 30-ին ստացված թիվ 6071 հաղորդման կապակցությամբ կազմված նյութերը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 08/ԼԱ-906 գրությունը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2025 թվականի օգոստոսի 1-ին տրամադրված տեղեկատվությունը (հանձնարարական թիվ Ն-43264-25), «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների 2025 թվականի հուլիսի 28-ի թիվ ՎՊ-25-213-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և 2025 թվականի հուլիսի 29-ի թիվ ՎՊ-25-214-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով, 1071.1 հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Արթուր Հակոբյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2025 թվականի հուլիսի 29-ի թիվ Դ-81963-25 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի հուլիսի 29-ի թիվ ՎՊ-25-214-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Tesla Model Y» մակնիշի «01 LA 030» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 1.046.000 (մեկ միլիոն քառասունվեց հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 160,000 (մեկ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ և 8,340 (ութ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ գումարները, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախսեր, փոխհատուցել Արթուր Հակոբյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան