ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՈՒՐՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 92-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 18.08.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.08.2025
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
11.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» օգոստոս 2025 թվականի

N 92-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՒրոլոգի ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐը հաստատելու ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ուրոլոգի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

 

11.08.2025

Ա. ՋՈՒՄԱՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

առողջապահության նախարարի

2025 թվականի օգոստոս «12»-ի 

թիվ 92-Ն հրամանի

 

ՈՒՐՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ուրոլոգն իրականացնում է մասնագիտական գործունեություն ուրոլոգիա (արական միզասեռական, իգական միզային համակարգի հիվանդություններով զբաղվող մասնագիտություն) մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Ուրոլոգ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն ուրոլոգիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Ուրոլոգը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4․ Ուրոլոգն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության ուրոլոգ.

2) Հիվանդանոցային ուրոլոգիական բաժանմունքի վարիչ.

3) Առողջության առաջնային պահպանման ծառայության ուրոլոգ.

4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

5) Մշտական կամ ժամանակավոր ձևավորված բժշկական հանձնաժողովների բժիշկ ուրոլոգ.

6) Զորակոչային և դատաբժշկական հանձնաժողովի բժիշկ-փորձագետ։

 

3ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5․ Բժշկական գիտելիքներ. ուրոլոգը պետք է տիրապետի.

1) միզասեռական համակարգի անատոմիային, ֆիզիոլոգիային.

2) կլինիկական որոշումների կայացմանը, որը կատարվում է ուրոլոգիական հիվանդությունների ախտանիշների, հիվանդության անամնեզի, ուղեկցող հիվանդությունների, կատարված լաբորատոր և գործիքային հետազոտությունների տվյալների հիման վրա.

3) ուրոլոգիական վիրաբուժության հիմունքներին. պացիենտների նախավիրահատական և հետվիրահատական վարմանը, վիրահատական ռիսկերի գնահատմանը, վիրահատության նախապատրաստման, հակաբիոտիկականխարգելման, թրոմբականխարգելման հիմունքներին, վերքերի մշակման, խնամքի, միզային համակարգի դրենավորման հիմունքներին, էնդոսկոպիկ, բաց, լապարասկոպիկ վիրաբուժական գործիքակազմին.

4) միզուղիների, արական սեռական օրգանների վարակային և բորբոքային հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը.

5) սեռական և վերարտադրողական համակարգերին վերաբերող խնդիրների կարգավորմանը.

6) վերին միզուղիների օբստրուկցիաների կարգավորման հիմունքներին.

7) արական միզասեռական, իգական միզային համակարգերի վնասվածքների կառավարման հիմունքներին.

8) միզաքարային հիվանդության ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը.

9) արական միզասեռական, իգական միզային համակարգերի ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշմանը, վիրաբուժական բուժմանը և կանխարգելմանը, որն ընդգրկում է` մակերիկամների, երիկամների, բաժակ-ավազանային համակարգերի, միզածորանների, միզապարկի, միզուկի, հետորովայնամզային տարածության, սերմնաբշտերի, շագանակագեղձի, առնանդամի և ամորձիների, ինչպես նաև` արական միզասեռական, իգական միզային համակարգի հետ կապ ունեցող այլ տեղակայման բարորակ և չարորակ ուռուցքները.

10) մակերիկամների վիրաբուժական հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը.

11) մեզի հոսքի, կուտակման և դատարկման հետ կապված ախտաբանական վիճակների ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը.

12) արական միզասեռական, իգական միզային համակարգերի ռեկոնստրուկտիվ վիրահատություններին, հետվիրահատական խնամքին.

13) Արական միզասեռական, իգական միզային համակարգի զարգացման արատների ախտորոշմանը և բուժմանը։

6․ Ուրոլոգը պետք է կարողանա.

1) հավաքել հիվանդության անամնեզ, կատարել ֆիզիկական զննում, ուղղորդել լաբորատոր և գործիքային հետազոտությունների.

2) մեկնաբանել հետազոտությունների արդյունքները, ախտորոշել հիվանդություններն ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման, կազմել միջազգային չափորոշիչներին և ուղեցույցներին համապատասխան բուժման մարտավարություն.

3) գնահատել վիրահատական ռիսկերը, ապահովել նախավիրահատական նախապատրաստումը, հետվիրահատական հսկողությունը և խնամքը.

4) օգտագործել ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար կիրառվող գործիքակազմը.

5) կատարել ուրոլոգիական հիվանդությունների բուժմանն ուղղված կոնսերվատիվ և վիրաբուժական միջոցառումներ.

7․ Բժշկական hատուկ գիտելիքներ. ուրոլոգը պետք է տիրապետի.

1) բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերին` ապահովելով բժշկական օգնության որակը և պացիենտի անվտանգությունը.

2) առաջին և շտապ բուժօգնության տրամադրմանն անհետաձգելի իրավիճակներում, արտակարգ իրավիճակներում բուժտարհանման միջոցառումներին.

3) բժշկական փաստաթղթերի հետ պատշաճ աշխատանքի սկզբունքներին:

 

4ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Ուրոլոգը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ․

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն․ ուրոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

10․ Տեխնիկական հմտություններ․ ուրոլոգը պետք է կարողանա.

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեության ըմթացքում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) տիրապետել համապատասխան բժշկական փաստաթղթավարմանը.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

11․ Ուրոլոգը պետք է կարողանա.

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել մասնագետների հետ։

 

7․ ՈՒՐՈԼՈԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են ուրոլոգի վրա։

 

8 ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՈՒՐՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

13․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

14․Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել․

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում․

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության աստիճան

Կոմպետենտության մակարդակ

1․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ՝ առաջին տարվա

Դիտորդ

1

2․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ՝ երկրորդ տարվա

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ՝ երրորդ տարվա

Լիարժեք կոմպետենտություն

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան