ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3161-Ա |
«07» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Սոնա Բաղդասարյանի լիազորված անձ Ռոբերտ Մարտիրոսյանի 2025 թվականի հուլիսի 9-ի թիվ Դ-73842-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
Դիմումի առարկայի քննության կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 28-ին ժամը 11։00-ին հրավիրվել են լսումներ, որը կայանալու տեղի և ժամանակի մասին թիվ 07/90276–25 գրությամբ պատշաճ ծանուցվել է Սոնա Բաղդասարյանի լիազորված անձ Ռոբերտ Մարտիրոսյանը (հիմք՝ փոստային առաքանի թիվ AL0128675056AM), ով լսումներին չի ներկայացել։
Ուսումնասիրելով 2025 թվականի հուլիսի 9-ի թիվ Դ-73842-25 դիմումը, դրան կից ներկայացված ապացույցները, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
2025 թվականի հուլիսի 9-ի թիվ Դ-73842-25 դիմումի և կից նյութերի համաձայն՝ 2025 թվականի հունիսի 1-ին Երևան քաղաքի Չարենց փողոցի 2–րդ նրբանցքի թիվ 39 տան դիմաց, երթևեկության ընթացքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է «Mercedes-Benz» մակնիշի «11 RB 110» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչով պայմանավորված Սոնա Բաղդասարյանի լիազորված անձ Ռոբերտ Մարտիրոսյանը խնդրել է փոխհատուցել առաջացած վնասը:
2024 թվականի հուլիսի 19-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YG705226 վկայագրի համաձայն՝ «Mercedes-Benz» մակնիշի «11 RB 110» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսացել է Սոնա Բաղդասարյանի սեփականությունը:
2025 թվականի հուլիսի 9-ի թիվ Դ-73842-25 դիմումի կապակացությամբ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2025 թվականի հուլիսի 15-ին տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի նրբանցքի թիվ 39 հասցեում գտնվող ծառի ճյուղը կոտրվելու և ավտոմեքենայի վրա ընկնելու վերաբերյալ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը թեժ գծով, «Ակտիվ քաղաքացի» հարթակով կամ գրությամբ որևէ տեղեկատվություն չի ստացել:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Մարաշի բաժնի պետին ուղղված զեկուցագրի համաձայն՝ 2025 թվականի հունիսի 1-ին ժամը 13։33-ին ստացված հաղորդման կապակցությամբ այց է կատարվել Չարենց փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 39 հասցեի տարածք, որտեղ Ռոբերտ Մարտիրոսյանը հայտնել է, որ նշված տան դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է իր կողմից շահագործվող «Mercedes-Benz» մակնիշի «11 RB 110» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա և վնասել այն։
2025 թվականի հուլիսի 9-ի թիվ Դ-73842-25 դիմումին կից, որպես վնասի չափը հիմնավորող ապացույցներ, ներկայացվել են օտարալեզու փաստաթղթեր, սակայն չի հիմնավորվել ներկայացված վնասի հատուցման նկատմամբ դրանց ապացուցողական նշանակությունն ու վերաբերելիությունը։
2025 թվականի հուլիսի 9-ի թիվ Դ-73842-25 դիմումին կից վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով չեն ներկայացվել «Mercedes-Benz» մակնիշի «11 RB 110» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքների հետքաբանական փորձաքննության, վնասի չափը գնահատող ապրանքագիտական փորձաքննության արդյունքում կազմված և նշված դիմումում նկարագրված պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ։
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթի իրականացման հետ կապված փաստաթղթերը կազմվում են, և ամբողջ գործավարությունն իրականացվում է հայերենով։ Եթե վարույթի մասնակիցները փաստաթղթեր են ներկայացրել այլ լեզվով, ապա վարչական մարմնի պահանջով նրանք պարտավոր են ներկայացնել նաև դրանց` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
2025 թվականի հուլիսի 9-ի թիվ Դ-73842-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի հիմնավորվել նկարագրված պատահարի արդյունքում առաջացած ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու պահանջի իրավաչափությունը։
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2025 թվականի հուլիսի 9-ի թիվ Դ-73842-25 դիմումին կից չեն ներկայացվել «Mercedes-Benz» մակնիշի «11 RB 110» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքների հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության եզրակացություններ, դիմումատուի կողմից չի հիմնավորվել պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը և պահանջված վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 27-րդ, 42-րդ, և 43-րդ հոդվածների դրույթները՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Սոնա Բաղդասարյանի լիազորված անձ Ռոբերտ Մարտիրոսյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին 2025 թվականի հուլիսի 9-ի թիվ Դ-73842-25 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |