ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3137-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.08.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
05.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
05.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3137-Ա

«05» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արմեն Ղազարյանի 2025 թվականի հուլիսի 7-ի թիվ Դ-72585-25 դիմումի (այսուհետ՝ նաև Դիմում) հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

Դիմումի առարկայի քննության կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 24-ին, ժամը 11.00-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Արմեն Ղազարյանը:

Ուսումնասիրելով Դիմումը, Դիմումին կից, ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ ներկայացված նյութերը, 2025 թվականի հուլիսի 24-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով Դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2025 թվականի հուլիսի 7-ի թիվ Դ-72585-25 դիմումով և լսումների ընթացքում Արմեն Ղազարյանը հայտնել է, որ 2025 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքի Ս.Բաղդասարյան և Է.Իսաբեկյան փողոցների խաչմերուկում, իր սեփականությունը հանդիսացող «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37 FK 592» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի պատճառը հանդիսացել է ճանապարհային նշանների բացակայությունը:

Լսումների ընթացքում Արմեն Ղազարյանը, հիմք ընդունելով «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված 2025 թվականի հուլիսի 18-ի թիվ 25-2735 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել Դիմումում նկարագրված պատահարի հետևանքով նշված ավտոմեքենան վնասվելու արդյունքում առաջացած վնասը, որը գնահատվել է 3.056.000 (երեք միլիոն հիսունվեց հազար) ՀՀ դրամ:

2024 թվականի նոյեմբերի 4-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB026450 վկայագրի համաձայն՝ «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37 FK 592» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Արմեն Ղազարյանի սեփականությունը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության աշխատակցի կողմից կազմված՝ նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 350773 արձանագրության համաձայն՝ 2025 թվականի մայիսի 5-ին, ժամը 13:55-ին Երևան քաղաքի Ս.Բաղդասարյան և Է.Իսաբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար Քրիստինե Խաչիկյանի կողմից վարած «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37 FK 592» հաշվառման համարանիշի, Մհեր Սարկիսյանի կողմից վարած «Ford (D) 100» մակնիշի «11 LU 402» հաշվառման համարանիշի և Արթուր Թորոսյանի կողմից վարած «Hyundai Grandeur 3.0 LPG» մակնիշի «80 OX 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ:

«Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի մայիսի 22-ի «Վնասների գնահատման առաջնային (լրացուցիչ) փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 080188 եզրակացության համաձայն՝ «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասը կազմում է 2.531.000 (երկու միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար) ՀՀ դրամ:

«Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի մայիսի 26-ի «Ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ» թիվ CT05063300 որոշմամբ Արմեն Ղազարյանի՝ հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ բացակայել է տվյալ պատահարում նրան վնաս պատճառած տրանսպորտային միջոցի տիրապետողի մեղավորությունը:

«Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ուսումնասիրության արդյունքում՝ 2025 թվականի մայիսի 5-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարում «80OX077» և «11LU402» հաշվառման համարանիշի ավտոմեքենաները ճանաչվել են անմեղ, իսկ «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենան ճանաչվել է մեղավոր:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հուլիսի 18-ին տրված թիվ 25-2735 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննության տրամադրված «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնք իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման մեխանիզմներով համադրելի են ներկայացված տվյալներում ամրագրված պատահարի մեխանիզմին և այդպիսիք առաջացել են տրամադրված նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 350773 արձանագրությամբ ամրագրված պատահարի հետևանքով, մասնավորապես՝ «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ձախ կողմի դռների վնասվածքներն առաջացել են «Ford (D) 100» մակնիշի «11 LU 402» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետ փոխազդեցության մեջ մտնելու հետևանքով, իսկ «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետևի թափարգելի ձախ կողային մասի ու ավտոմեքենայի հետևամասի միջնամասից ձախ ընկած հատվածի վնասվածքները համապատասխանաբար կարող էին առաջանալ այդ ավտոմեքենայի դեպքի վայրի լուսանկարներում պատկերված հետվթարային դիրքին հարակից շինության պատի և մետաղյա հենասյան հետ անմիջական փոխազդեցությունների մեջ մտնելու հետևանքով:

 «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի հուլիսի 18-ին տրված թիվ 25-2735 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմում է 3.056.000 (երեք միլիոն հիսունվեց հազ.) ՀՀ դրամ:

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից կազմված՝ 2025 թվականի հուլիսի 21-ի թիվ ՎՊ-25-212-ԱՎ ավտոտեխնիկական եզրակացության (այսուհետ՝ Եզրակացություն) «4. Հետևություններ» բաժնի համաձայն՝ ներկայացված պայմաններում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների համար պատասխանատու անձինք Երևան քաղաքի Է.Իսաբեկյան և Ս.Բաղդասարյան փողոցների հատման խաչմերուկում դեպքի պահին տեղ գտած պայմաններում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները երթևեկության համար անվտանգ վիճակում չպահպանելու և օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները չապահովելու առումներով, թույլ են տվել գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից հակասել են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման 49.5-րդ կետի պահանջներին: Ընդ որում՝ ներկայացված պայմաններում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների համար պատասխանատու անձանց կողմից թույլ տրված և նշված իրավանորմերով նախատեսված պահանջներին հակասող գործողությունները տեխնիկական տեսակետից գտնվում են տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման հետ անմիջական պատճառական կապի մեջ, քանի որ տեխնիկական տեսակետից հանդիսացել են ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը պայմանավորող հանգամանք: Ներկայացված պայմաններում՝ հաշվի առնելով նաև պատահարի տեսագրությունը, «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդն իր երթևեկության համար վտանգի առաջացման պահից սկսած մինչև «Ford (D) 100» մակնիշի «11 LU 402» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետ ընդհարման տեղի ունենալը տեխնիկական տեսակետից չէր կարող ունենալ իր երթևեկության համար վտանգի առաջացմանն արձագանքելու և պատահարի կանխմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ որոշում կայացնելու, հետևաբար և չէր կարող ունենալ նույնիսկ իր վարած ավտոմեքենայի ընթացքն արգելակելու, առավել ևս՝ իր վարած ավտոմեքենան լրիվ կանգնեցնելու, ուրեմն և՝ ՃԵԿ-ի 67-րդ կետի պահանջը կատարելու և տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն:

Արմեն Ղազարյանի կողմից Դիմումին կից, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում չէ ներկայացվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության աշխատակցի կողմից կազմված՝ նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 350773 արձանագրությամբ նկարագրված՝ 2025 թվականի մայիսի 5-ին, ժամը 13:55-ին Երևան քաղաքի Ս.Բաղդասարյան և Է.Իսաբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները հետազոտող եզրակացություն, որում նկարագրված կլինեն պատահարին նախորդած պահին «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37 FK 592» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Քրիստինե Խաչիկյանի կողմից, «Ford (D) 100» մակնիշի «11 LU 402» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Մհեր Սարկիսյանի կողմից և «Hyundai Grandeur 3.0 LPG» մակնիշի «80 OX 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Թորոսյանի կողմից կատարված գործողությունները, նշված ավտոմեքենաների ընթացքի արագությունները և այլ հանգամանքներ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Ոստիկանության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը (2-րդ կետ), ճանապարհային երթևեկության անվտանգությունը (4.1-րդ կետ), սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը (5-րդ կետ):

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։

Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:

Օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու գործառույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից և դրա հետ կապված իրականացված վարչարարության (գործողություն կամ անգործություն) շուրջ ծագած վեճերով Երևանի քաղաքապետը չի հանդիսանում իրավասու պատասխանատու վարչական մարմին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով չի հաստատվել:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04․10․2013 թվականի որոշումը)։»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:

Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Արմեն Ղազարյանը, որպես թիվ 350773 արձանագրությամբ նկարագրված՝ ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից՝ «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37 FK 592» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Քրիստինե Խաչիկյանի կողմից երթևեկության համար վտանգի առաջացմանն արձագանքելու և պատահարի կանխմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու տեխնիկական հնարավորություն չունենալու հանգամանքը հիմնավորող ապացույց, ներկայացրել է Եզրակացությունը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:

Եզրակացությունը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ արտահայտված դիրքորոշման լույսի ներքո գնահատման ենթարկելու արդյունքում կարելի է փաստել, որ Արմեն Ղազարյանի Դիմումով ներկայացված պահանջի իրավաչափությունը որոշելու համար անհրաժեշտ՝ օրենսդրական պահանջներից բխող փաստական հանգամանքները հաստատելու կամ ապացուցված համարելու տեսանկյունից Եզրակացությունը չի հանդիսանում բավարար և պատշաճ ապացույց, քանի որ փորձագետը, որպես ելակետային տվյալներ, չի տիրապետել, հետևապես՝ հաշվի չի առել պատահարի հանգամանքները հետազոտող փորձագիտական եզրակացությամբ պարզման ենթակա հանգամանքները, որպիսիք են պատահարին նախորդած պահին վարորդների կողմից կատարված գործողությունները, պատահարին մասնակից ավտոմեքենաների ընթացքի արագությունները և այլն: Ընդ որում՝ Եզրակացությամբ չի հերքվել «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված եզրակացությունն այն մասին, որ քննարկվող պատահարում «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենան ճանաչվել է մեղավոր:

Ինչ վերաբերում է Եզրակացության հեղինակ փորձագետի այն դիտարկմանը, որ ներկայացված պայմաններում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների համար պատասխանատու անձինք թույլ են տվել գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից հակասել են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման 49.5-րդ կետի պահանջներին, ապա Եզրակացությամբ չի հիմնավորվում քննարկվող հարաբերություններում Երևանի քաղաքապետարանի կողմից անգործություն դրսևորած լինելու և այդ անգործությունը ոչ իրավաչափ լինելու հանգամանքները, այսինքն՝ վարույթով ապացուցված չէ Դիմումում նկարագրված պատահարը Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործության անմիջական, ուղղակի և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը և Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործության ու Արմեն Ղազարյանի կրած վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Այսպիսով՝ 2025 հուլիսի 7-ի թիվ Դ-72585-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում ստացված ապացույցների ու գործին վերաբերող բոլոր փաստական հանգամանքների ամբողջական գնահատման և հետազոտման արդյունքում կարելի է փաստել, որ.

1) առկա չէ վիճելի իրավահարաբերություններում Երևանի քաղաքապետի կողմից թույլ տրված ենթադրյալ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ,

2) առկա չէ վնասին հանգեցրած պատահարի հանգամանքները հետազոտող փորձագիտական եզրակացություն,

3) ապացուցված չէ պատահարը Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը,

4) ապացուցված չէ Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործության և պահանջված՝ 3.056.000 (երեք միլիոն հիսունվեց հազ.) ՀՀ դրամ գնահատված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1063-րդ հոդվածների, «Ոստիկանության մասին» օրենքի 2-րդ հոդվածի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածների դրույթները, հաշվի առնելով, որ վարույթով ներկայացված ապացույցներով և գործի բոլոր փաստական հանգամանքների գնահատման արդյունքում չի հիմնավորվել պահանջված վնասը Երևանի քաղաքապետարանի՝ դատական ակտով ոչ իրավաչափ ճանաչված անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու և Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործության ու պահանջված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ և 69-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ 

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված` Արմեն Ղազարյանի 2025 թվականի հուլիսի 7-ի թիվ Դ-72585-25 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ