ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«06» օգոստոս 2025 թ. |
N 4793-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԻԼԿ ՄԵԴԻՔԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՐՃԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 2444-Ա ՀՐԱՄԱՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Լիցենզավորման մասին» օրենքների պահանջներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.
Ուսումնասիրելով գործում առկա նյութերը (վարչական վարույթի նյութեր), առաջնորդվելով գործում առկա ապացույցներով, ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները և Առողջապահության նախարարության ունեցած տեղեկությունները.
ՊԱՐԶԵՑԻ`
1. Նկարագրական մաս
1) «Սիլկ մեդիքլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն) Առողջապահության նախարարության կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին և 2024 թվականի օգոստոսի 19-ին տրվել են բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխանաբար թիվ Կ-ԲՕ-000041 և թիվ Կ-ԲՕ-000042 լիցենզիաները:
2) 2025 թվականի ապրիլի 7-ին Ընկերության այդ պահին գործող տնօրեն Լուսինե Մարտիրոսյանի կողմից Նախարարություն են ներկայացվել Նախարարության կողմից Ընկերությանը 2024 թվականի հուլիսի 31-ին և 2024 թվականի օգոստոսի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխանաբար թիվ Կ-ԲՕ-000041 և թիվ Կ-ԲՕ-000042 լիցենզիաների գործողությունները դադարեցնելու մասին թիվ 15800 և 15802 մտից համարներով գրանցված դիմումները:
3) 2025 թվականի ապրիլի 9-ին և 10-ին, արդեն իսկ չհանդիսանալով Ընկերության տնօրեն (պարզ է դարձել հետագայում` Ընկերության տնօրեն Պավել Լեբեդևի կողմից 2025 թվականի հուլիսի 22-ին թիվ 34212 գրանցման համարով Առողջապահության նախարարություն մուտքագրված դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից), բայց ներկայանալով այդպիսին, Ընկերության նախկին տնօրեն Լուսինե Մարտիրոսյանի կողմից թիվ 16454 և թիվ 16638 մտից համարներով Նախարարություն են ներկայացվել 2025 թվականի ապրիլի 7-ի թիվ 15800 և 15802 մտից համարներով գրանցված` լիցենզիաների գործողությունները դադարեցնելու մասին դիմումներին ընթացք չտալու մասին դիմումներ:
4) 2025 թվականի ապրիլի 10-ին, Լուսինե Մարտիրոսյանի կողմից թիվ 16651 մտից համարով Նախարարություն է ներկայացվել Ընկերությանը Նախարարության կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-000041 լիցենզիայի գործողությունը վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) տեսակի մասով դադարեցնելու մասին դիմում:
5) Ընկերության կողմից Նախարարություն ներկայացված թվով 5 դիմումներին ընթացք է տրվել սահմանված կարգով` հիմք ընդունելով, որ 2025 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Լուսինե Մարտիրոսյանը հանդիսացել է Ընկերության գործող տնօրեն, և բոլոր դիմումները ստորագրված և կնքված են եղել Ընկերության կնիքով:
6) Արդյունքում, 2025 թվականի ապրիլի 9-ի և 10-ի դիմումների հիման վրա 2025 թվականի ապրիլի 7-ի թիվ 15800 և 15802 մտից համարներով գրանցված դիմումներին ընթացք չի տրվել, իսկ հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ 16651 մտից համարով գրանցված դիմումը, Առողջապահության նախարարի 2025 թվականի ապրիլի 22-ի թիվ 2444-Ա հրամանով Ընկերությանը 2024 թվականի հուլիսի 31-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-000041 լիցենզիայի գործողությունը դադարեցվել է վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) տեսակի մասով:
7) Առողջապահության նախարարի 2025 թվականի ապրիլի 22-ի թիվ 2444-Ա հրամանը սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ընկերությանը (հիմք` ՀայՓոստի Էնվելոփ (Envelope) համակարգից Առողջապահության նախարարի 22.04.25թ. թիվ 2444-Ա հրամանը ««ՍԻԼԿ ՄԵԴԻՔԼ» սահմանափակ պատասխանատվությանը հանձնելու` L0127622726AM առաքանու պատմության քաղվածքը):
8) 2025 թվականի հուլիսի 22-ին Ընկերության տնօրենի կողմից թիվ 34212 մտից համարով գրությամբ Առողջապահության նախարարություն են ներկայացվել Առողջապահության նախարարի 2025 թվականի ապրիլի 22-ի ««ՍԻԼԿ ՄԵԴԻՔԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2024 թվականի հուլիսի 31-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-000041 լիցենզիայի գործողությունը վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) տեսակի մասով դադարեցնելու մասին» թիվ 2444-Ա հրամանը ընդունման պահից անվավեր ճանաչելու, «ՍԻԼԿ ՄԵԴԻՔԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2024 թվականի հուլիսի 31-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-000041 լիցենզիայի գործողությունը վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) տեսակի մասով վերականգնելու պահանջները:
9) Առողջապահության նախարարությունում, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1-ին և 30-րդ հոդվածների պահանջները, հարուցվել է վարչական վարույթ` դիմումի մուտքագրման օրվանից` 2025 թվականի հուլիսի 22-ից:
10) 2025 թվականի օգոստոսի 1-ին նշանակվել է լսում, որի վերաբերյալ դիմում ներկայացրած անձը ծանուցվել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի 2025 թվականի հուլիսի 24-ի թիվ ՎԳ/14/24541-2025 գրությամբ:
11) 2025 թվականի օգոստոսի 1-ին նշանակված լսումներին մասնակցել են Ընկերության լիազորված անձիք Հովհաննես Չամսարյանը և Արշակ Ջերջերյանը:
2. Պատճառաբանական մաս
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
2025 թվականի հուլիսի 22-ին Ընկերության տնօրենի կողմից Առողջապահության նախարարություն է ներկայացվել`
1. Առողջապահության նախարարի 2025 թվականի ապրիլի 22-ի ««ՍԻԼԿ ՄԵԴԻՔԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2024 թվականի հուլիսի 31-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-000041 լիցենզիայի գործողությունը վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) տեսակի մասով դադարեցնելու մասին» թիվ 2444-Ա հրամանը ընդունման պահից անվավեր ճանաչելու,
2. «ՍԻԼԿ ՄԵԴԻՔԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2024 թվականի հուլիսի 31-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-000041 լիցենզիայի գործողությունը վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) տեսակի մասով վերականգնելու մասին պահանջները:
2025 թվականի հուլիսի 22-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումով Ընկերության տնօրենի կողմից ներկայացվել էր տեղեկություններ այն մասին, որ Ընկերության նախկին տնօրեն Լուսինե Մարտիրոսյանը 2025 թվականի ապրիլի 7-ից ազատվել է աշխատանքից, 2025 թվականի ապրիլի 7-ը հանդիսացել է Լուսինե Մարտիրոսյանի պաշտոնավարման վերջին օրը: Գրությանը կից ներկայացվել էին նաև վերոշարադրյալը հիմնավորող փաստաթղթեր` աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին համաձայնագրի պատճենը, Լուսինե Մարտիրոսյանի` աշխատանքից ազատման հրամանը և Ընկերության` Իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրից քաղվածք առ այն, որ 2025 թվականի ապրիլի 9-ից Ընկերության տնօրեն է հանդիսանում Պավել Լեբեդևը:
Առողջապահության նախարարության կողմից նշված տեղեկությունները ուսումնասիրվել են Իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում առկա տեղեկությունների համատեքստում, ինչի արդյունքում հաստատվել է այդ տեղեկությունների իսկությունը:
2025 թվականի օգոստոսի 1-ին իրականացված լսումների ընթացքում Ընկերության լիազորված անձիք ներկայացրեցին տեղեկություններ հետևյալի մասին.
1. մինչև Ընկերության տնօրեն Պավել Լեբեդևի կողմից Նախարարություն 2025 թվականի հուլիսի 22-ին թիվ 34212-2025 գրանցման համարով մուտքագրված դիմումին ի պատասխան Նախարարության 2025 թվականի հուլիսի 24-ի ելից թիվ ՎԳ/14/24541-2025 գրությունը ստանալը (որով որ տրամադրվել է տեղեկատվություն տեղի ունեցածի, հարուցված վարչական վարույթի մասին և արվել է լսումներին մասնակցելու հրավեր), տեղյակ չեն եղել Լուսինե Մարտիրոսյանի կողմից 2025 թվականի ապրիլի 7-ին թիվ 15800 և 15802 մտից համարներով գրանցված գրություններով Նախարարություն ներկայացված Նախարարության կողմից Ընկերությանը 2024 թվականի հուլիսի 31-ին և 2024 թվականի օգոստոսի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխանաբար թիվ Կ-ԲՕ-000041 և թիվ Կ-ԲՕ-000042 լիցենզիաների գործողությունները դադարեցնելու մասին դիմումների և 2025 թվականի ապրիլի 9-ին և 10-ին, արդեն իսկ չհանդիսանալով Ընկերության տնօրեն, բայց ներկայանալով այդպիսին, Ընկերության նախկին տնօրեն Լուսինե Մարտիրոսյանի կողմից թիվ 16454 և թիվ 16638 մտից համարներով Նախարարության ներկայացված թիվ 15800 և 15802 մտից համարներով գրանցված` լիցենզիաների գործողությունները դադարեցնելու մասին դիմումներին ընթացք չտալու մասին դիմումների մասին և նշված վարչական վարույթի նյութերի մասին տեղեկացվել են Նախարարության պատասխան գրությունից,
2. Առողջապահության նախարարի 2025 թվականի ապրիլի 22-ի թիվ 2444-Ա հրամանը, թեև ստորագրվել և ստացվել է Ընկերության աշխատակիցների կողմից, սակայն չի փոխանցվել Ընկերության` այդ պահին արդեն իսկ գործող տնօրեն Պավել Լեբեդևին:
3. Եզրափակիչ մաս
Լուսինե Մարտիրոսյանի կողմից 2025 թվականի ապրիլի 9-ին և 10-ին (թվով 2) դիմումները ներկայացվել են մի անձի կողմից, ով այլևս չէր հանդիսանում Ընկերության տնօրեն, հետևաբար նշված դիմումներին ընթացք չէր կարող տրվել,
Առողջապահության նախարարի 2025 թվականի ապրիլի 22-ի թիվ 2444-Ա հրամանի ընդունման համար հիմք է հանդիսացել Ընկերության նախկին տնօրեն Լուսինե Մարտիրոսյանի կողմից 2025 թվականի ապրիլի 10-ին Նախարարություն ներկայացված թիվ 16651 մտից համարով գրանցված ոչ իրավաչափ դիմումը, որին ևս ընթացք տրվել չէր կարող:
Հատկանշական է, որ Ընկերության կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտի վերաբերյալ բողոք չի ներկայացվել:
Այս պարագայում ենթակա են կիրառման «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով (Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել լիցենզավորված անձի դիմումի համաձայն) և 8-րդ մասով (նույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դիմումները լիցենզավորող մարմնում քննարկվում են այն ստանալու օրվանից՝ 15 օրվա ժամկետում: Եթե դիմում տալու օրվանից՝ 20 օրվա ընթացքում, դիմումը չի քննարկվում կամ որոշում չի կայացվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը՝ դադարեցված) սահմանված դրույթները և ժամկետները, ստեղծված պայմաններում` 2025 թվականի ապրիլի 7-ի դրությամբ դեռևս Ընկերության տնօրեն հանդիսացող Լուսինե Մարտիրոսյանի կողմից 2025 թվականի ապրիլի 7-ին թիվ 15800 և 15802 մտից համարներով գրանցված գրություններով Նախարարություն ներկայացված իրավաչափ դիմումները կհամարվեն ընդունված, արդյունքում դրանց ընթացք տալու ժամկետները կհաշվարկվեն սկսած դրանք Առողջապահության նախարարություն մուտքագրվելու օրվանից, հաշվարկը կհամարվի ընդհատված թիվ 15800-ի մասով 2025 թվականի ապրիլի 10-ից մինչև 2025 թվականի հուլիսի 22-ը, իսկ 15802-ի մասով` 2025 թվականի ապրիլի 9-ից մինչև 2025 թվականի հուլիսի 22-ը, դիմումների քննարկման ժամկետները կշարունակվեն սկսած 2025 թվականի հուլիսի 22-ից և կհամարվեն ավարտված թիվ 15800 դիմումի մասով 2025 թվականի օգոստոսի 1-ին (ներառյալ), իսկ թիվ 15802-ի մասով` 2025 թվականի օգոստոսի 2-ին (ներառյալ) (2025 թվականի ապրիլի 7-ի թիվ 15802 դիմումի ընթացքի համար Օրենքով նախատեսված 15 օրվանից «հասանելի» 12, և 15800 դիմումի ընթացքի համար Օրենքով նախատեսված 15 օրվանից «հասանելի» 11 օրերը համապատասխանաբար կհաշվարկվեն 2025 թվականի հուլիսի 22-ից սկսած):
Հիմք ընդունելով վերոգրյալը, Ընկերության տնօրենի լիազորված անձ Հովհաննես Չամսարյանի կողմից 2025 թվականի օգոստոսի 1-ին Առողջապահության նախարարություն ներկայացված թիվ 35844-2025 մտից համարով գրանցված` Ընկերության նախկին տնօրեն Լուսինե Մարտիրոսյանի կողմից` Ընկերությանը 2024 թվականի հուլիսի 31-ին և 2024 թվականի օգոստոսի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխանաբար թիվ Կ-ԲՕ-000041 և թիվ Կ-ԲՕ-000042 լիցենզիաների գործողությունները դադարեցնելու մասին 2025 թվականի ապրիլի 7-ի թիվ 15800 և 15802 մտից համարներով գրանցված դիմումներից հրաժարվելու և դրանց ընթացք չտալու մասին դիմումը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 65-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կարճել Ընկերության տնօրենի կողմից 2025 թվականի ապրիլի 7-ին Առողջապահության նախարարություն ներկայացված թիվ 15800 և 15802 համարներով գրանցված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթները:
2. Բավարարել Ընկերության տնօրենի կողմից 2025 թվականի հուլիսի 22-ին թիվ 34212 համարով գրանցված դիմումը մասնակի` անվավեր ճանաչել Առողջապահության նախարարի 2025 թվականի ապրիլի 22-ի թիվ 2444-Ա հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` սույն հրամանը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ ուղարկել «Սիլկ Մեդիքլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
5. Լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել Առողջապահության նախարարի 2025 թվականի ապրիլի 22-ի թիվ 2444-Ա հրամանն անվավեր ճանաչելու մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
|
Պարտականությունները կատարող` |
Ա. Ջումայան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|