ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԻՋԵՎԱՆՅԱՆ ԳՈՐԳԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 311
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/9, սեպտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
25.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«25» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 1996 թ. N 311

Քաղ. Երևան

 

«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԳՈՐԳԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի, միջազգային մրցույթով (այսուհետև՝ մրցույթ) սեփականաշնորհել «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի 82,5 տոկոսը՝ մեկնարկային գինը սահմանելով 178665 հազ. դրամ:

2. «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի 17,5 տոկոսը վերապահվում է ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին, որի բաժանորդագրությունն սկսվում է սույն որոշման հրապարակման պահից 5 օր հետո և ավարտվում 30 օրվա ընթացքում։

3. «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (այսուհետև՝ հանձնաժողով) (կազմը կցվում է)։

4. «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել՝

ա) սրճարան-տաղավարը (քաղ. Իջևան, Վասիլյան 4) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել դրա աշխատավորական կոլեկտիվին՝ որպես «փոքր» օբյեկտ.

բ) Ենոքավանի օժանդակ տնտեսությունը (Տավուշի մարզ, գ. Ենոքավան), Խոզամարագի օժանդակ տնտեսությունը (քաղ. Իջևան, Խոզամարագի հանդամաս), 3 անասնագոմի անավարտ շինարարության օբյեկտները (քաղ. Իջևան, «Սպիտակայգեղձի» հանդամաս), անավարտ շինարարության ֆիրմային խանութի շենքը (քաղ. Իջևան, Երևանյան խճուղի) և դրանք սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) անավարտ շինարարության 3 բնակելի շենքը, հանրակացարանը (քաղ. Իջևան, Օհանյան փող.) և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Իջևանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը։

5. Սահմանել «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մրցույթով վաճառելու հետևյալ պայմանները՝

ա) ձեռնարկության պետական բաժնեմասի դիմաց առաջարկվող գումարի 50 տոկոսի վճարում՝ մրցույթի հաղթողին ճանաչելու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում, իսկ մյուս 50 տոկոսինը՝ մինչև մեկ տարվա ընթացքում.

բ) 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ձեռնարկության պետական բյուջեի գծով 130800 հազ. դրամի չափով պարտքի (շահութահարկ՝ 63300 հազ. դրամ, ավելացված արժեքի հարկ՝ 60800 հազ. դրամ, գույքահարկ՝ 600 հազ. դրամ, ակցիզային հարկ՝ 6100 հազ. դրամ) մարում, որի 50 տոկոսը վճարվում է մրցույթի հաղթողին ճանաչելու պահից սկսած վեց ամսվա ընթացքում, իսկ մյուս 50 տոկոսը՝ մինչև մեկ տարվա ընթացքում, և սոցիալական ապահովության ու ապահովագրության գծով 58534 հազ. դրամ պարտքի մարում՝ մեկ ամսվա ընթացքում.

գ) մրցույթի հաղթողի հետ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Մրցույթի հաղթողը`

ընկերության աշխատավորական կոլեկտիվի հետ մրցույթի հաղթողին ճանաչելու պահից սկսած երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է կոլեկտիվ պայմանագիր.

մինչև աշխատանքային նոր պայմանագրերի կնքումը գործողության մեջ է թողնում նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերը։

6. Սահմանել, որ մրցույթի մասնակիցները՝

ա) «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի դիմաց առաջարկվող գումարը վճարում են միայն դրամով, ընդ որում, սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց.

բ) վճարները կարող են կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ՝ անկանխիկ:

7. Սահմանել մրցույթին մասնակցելու հետևյալ պայմանները`

ա) մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սեփականաշնորհման և ապապետականացման սուբյեկտները, որոնք ժամանակին ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտ և սույն որոշմամբ սահմանված կարգով մուծել մրցույթի մասնակցության և գրանցման վճարները.

բ) մրցույթի մասնակիցը մրցույթին մասնակցելու համար Հայխնայբանկում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության (այսուհետև՝ վարչություն) բացած հաշվի համարին է մուտքագրում մրցույթի գրանցման վճարը՝ 2160 դրամ, և մրցույթի մասնակցության վճարը (պետական բաժնեմասի վաճառքի մեկնարկային գնի 5 տոկոսը)՝ 8933250 դրամ.

գ) մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը (մրցույթի մասնակիցները դրանք կարող են լրացնել հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն կամ իսպաներեն)՝

մրցույթի հայտը (հայտի ձևը հրապարակվում է մամուլում՝ սույն որոշմամբ նախատեսված տեղեկագրին կից, այն կարելի է ձեռք բերել հայտի ներկայացման վայրում).

մրցույթի պայմաններին համապատասխան մրցույթի մասնակցի գրավոր առաջարկությունները` ըստ պահանջվող չափանիշների, փակ ծրարով (առաջարկվող գումարները գրվում են նաև բառերով).

մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարված վճարների անդորրագրերի պատճենները.

մրցույթի մասնակիցների գրանցման մասին փաստաթղթերի պատճենները և ձեռնարկությունների մասնակցության դեպքում՝ հայտը ներկայացնող անձին տրված լիազորագիրը.

դ) հայտի ստացման օր է համարվում դրա գրանցման օրը, ընդ որում, մրցույթի անցկացման ժամկետից երեք օր առաջ հայտերի ընդունումը դադարեցվում է.

ե) հայտ ներկայացնողը հանձնաժողովի կողմից հայտի գրանցումից հետո նույն պահին ստանում է գրավոր ծանուցում հայտի ընդունման մասին։

Փոստային առաքման դեպքում հայտերն ընդունվում են միայն պատվիրված փաթեթներով: Այդ դեպքում հանձնաժողովը պատվիրված նամակով երկօրյա ժամկետում մրցույթի մասնակցին է ուղարկում ծանուցում հայտի ընդունման (գրանցման) մասին։

Հայտի գրանցման պահից հայտի մեջ նշված ձեռնարկությունը (անձը) ձեռք է բերում մրցույթի մասնակցի կարգավիճակ.

զ) մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի նշանակված օրը իր հայտը հետ վերցնել՝ այդ մասին գրավոր դիմելով հանձնաժողովին: Այդ դեպքում նրա մուծած մրցույթի մասնակցության վճարը վերադարձվում է ոչ ուշ, քան դիմումը տալու օրվանից տասն օրվա ընթացքում.

է) մրցույթին հայտ ներկայացնողը չի կարող ճանաչվել մրցույթի մասնակից, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սեփականաշնորհման և ապապետականացման սուբյեկտ չէ կամ էլ պահանջվող փաստաթղթերը չի ներկայացրել սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում։

8. Սահմանել՝

ա) հայտի ներկայացման վերջին ժամկետը ____________________________________________1996 թ.

բ) հայտի ներկայացման վայրը՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3, 217 սենյակ, Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողով (այսուհետև՝ պետական հանձնաժողով)։

9. Սահմանել մրցույթին ներկայացվող առաջարկությունները քննարկելու և մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ կարգը՝

ա) հանձնաժողովը քննարկում է մասնակիցների ներկայացրած առաջարկությունները՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված մրցույթի պայմանները.

բ) մրցույթի մասնակիցների ներկայացրած առաջարկությունների ծրարները բացվում են մրցույթի անցկացման նշանակված օրը և ժամին՝ հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովը ստուգում է անհրաժեշտ տեղեկությունների և փաթեթների առկայությունը և կազմում արձանագրություն, որտեղ նշվում են ներկայացված բոլոր առաջարկություններն ու դրանց համապատասխանությունը մրցույթի պայմաններին, իսկ անհամապատասխանության դեպքում դրանք հանվում են մրցույթից՝ արձանագրության մեջ համապատասխան նշում կատարելով։ Ընդ որում, այն առաջարկությունները, որոնցում առաջարկվող գինը ցածր է մրցույթով սեփականաշնորհվող պետական բաժնեմասի մեկնարկային գնից, հանձնաժողովը չի քննարկում.

գ) մրցույթի մասնակիցները կամ նրանց օրինական ներկայացուցիչները կարող են ներկա լինել ծրարների բացմանը և առաջարկությունների հրապարակմանը.

դ) մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի առաջարկություններն առավելագույն չափով բավարարում են մրցույթի պայմանները.

ե) այն դեպքում, երբ մրցույթի պայմանները բավարարում է երկու կամ ավելի մասնակից, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։

10. Մրցույթի հաղթողին ճանաչելու մասին որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը մրցույթի արդյունքների մասին արձանագրության մեկ օրինակն ուղարկում է պետական հանձնաժողով, մյուսը՝ վարչություն, ընդ որում, նշված արձանագրության պատճեններն ուղարկվում են նաև մրցույթի բոլոր մասնակիցներին։

11. Մրցույթի մասնակիցները մրցույթի արդյունքները կարող են գանգատարկել պետական հանձնաժողովին՝ հանձնաժողովի արձանագրության պատճենն ստանալուց 15 օրվա ընթացքում: Պետական հանձնաժողովը խախտում հայտնաբերելու դեպքում մեկ ամսվա ընթացքում սահմանված կարգով կասեցնում է հանձնաժողովի որոշումը։

12. Առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

13. Մրցույթը համարվում է չկայացած, եթե՝

ա) սահմանված ժամկետում հանձնաժողովը ոչ մի առաջարկություն չի ստացել.

բ) ստացված առաջարկությունները չեն համապատասխանում մրցույթի պայմաններին։

14. Միայն մեկ առաջարկության առկայությունը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար։

15. Սահմանել մրցույթի հաղթողին սեփականության իրավունքի փոխանցման հետևյալ կարգը՝

ա) հանձնաժողովը մրցույթի հաղթողին ճանաչելու պահից սկսած 20 օրվա ընթացքում մրցույթի հաղթողին ճանաչելու մասին հանձնաժողովի արձանագրությունն ուղարկում է մրցույթի հաղթողին.

բ) մրցույթի հաղթողի հետ սեփականաշնորհման պայմանագիրը կնքում է վարչությունը՝ մրցույթի հաղթողին ճանաչելու մասին հանձնաժողովի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում.

գ) այն դեպքում, երբ մրցույթում հաղթող ճանաչված ձեռնարկությունը (անձը) մեկ ամսվա ընթացքում չի կնքում նշված պայմանագիրը, ապա մրցույթի հաղթողը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից, իսկ մրցույթի մասնակցության վճարը չի վերադարձվում.

դ) մրցույթի հաղթողը, ստանալով իրեն հաղթող ճանաչելու մասին հանձնաժողովի արձանագրության պատճենը, պարտավոր է «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի մեկնարկային գնի դիմաց իր առաջարկած գումարը, ինչպես նաև ձեռնարկության պարտքերի դիմաց վճարները, ըստ պայմանագրում նշված ժամկետների և չափերի, փոխանցել պայմանագրում նշված հաշվի համարներին, հակառակ դեպքում հաղթողը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից, իսկ մրցույթի մասնակցության վճարը չի վերադարձվում.

ե) սեփականության իրավունք ձեռք բերած ձեռնարկության (անձի) հետ կատարվող ընդհանուր հաշվարկներում հաշվի է առնվում մրցույթի մասնակցության մուծված վճարը.

զ) մրցույթի ավարտից հետո (բացի մրցույթի հաղթողից) մրցույթի մասնակիցների մուծած մրցույթի մասնակցության վճարները վերադարձվում են ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում.

է) սեփականաշնորհման պայմանագրի կնքումից հետո պայմանագիրը գրանցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և դրա գրանցման պահից մրցույթի հաղթողը ձեռք է բերում սեփականության իրավունք։

16. Վարչությանը՝

ա) «Իջևան յան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության մրցույթի հաղթողի հետ կնքվող սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել պայման այն մասին, որ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության մինչև 1996 թվականի հուլիսի 1-ը արտադրական գործունեության ստուգման արդյունքում պետական բյուջեին այլ պարտքերի հայտնաբերման դեպքում մրցույթի հաղթողը դրանց վճարման համար պարտավորություններ չի կրում.

բ) Հայխնայբանկում բացել հաշվի համար՝ մրցույթի մասնակցության և գրանցման վճարները մուտքագրելու համար։

17. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝

ա) 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերությունը շահութահարկի՝ 217600 հազ. դրամ, ավելացված արժեքի հարկի` 74100 հազ. դրամ, գույքահարկի` 700 հազ. դրամ և ակցիզային հարկի՝ 21658 հազ. դրամ, հաշվարկված տույժերի վճարումից ազատելու վերաբերյալ.

բ) 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերությունը պետական բյուջեի գծով պարտքերի դիմաց 1996 թվականի հուլիսի 1-ից հաշվարկվող տույժերի (տուգանքների) վճարումից ազատելու վերաբերյալ։

18. Մրցույթի անցկացման վայրը__________________________________________________________________

______________________________________________________________________________________________

19. Մրցույթի անցկացման օրը և ժամը՝ ________________________1996 թ.։

20. Հանձնաժողովին՝ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս) տեղեկագիր, որում պետք է տեղ գտնեն «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության ամփոփ ցուցանիշները, սույն որոշման մեջ պարունակվող և այլ անհրաժեշտ տեղեկություններ։

21. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ սույն որոշման հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված տեղեկագրի՝ այլ պետություններում հրատարակումն ապահովելու համար։

22. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 25-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Կ Ա Զ Մ

 

«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԳՈՐԳԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ . Մանուկյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ
շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և
ապապետականացման միջգերատեսչական պետական
հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Նազարյան

- ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ
շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և
ապապետականացման միջգերատեսչական պետական
հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գ. Արզումանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Մ . Ազարյան

- ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ

Կ. Գալուստյան

- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան

- ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ

Լ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Մարգարյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության
նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ
Գ. Սիմոնյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և
ապապետականացման վարչության պետի
առաջին տեղակալ
Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի
տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան

- ՀՀ արդարադատության նախարարության
վարչության պետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան