ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումՔաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1729/02/17 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1729/02/17 2025 թ. | ||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | |
|
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի հունիսի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ռուդոլֆ Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Ռուդոլֆ Ավագյանի հայցի ընդդեմ Հենրիկ Հարությունյանի իրավահաջորդ Սիրանուշ Հարությունյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռուդոլֆ Ավագյանը պահանջել է Երևանի Արամի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի (հող և դրա վրա ամրակցված շենք-շինություն) նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի թիվ 1194 որոշումն ու Երևանի Արամի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի (հող և դրա վրա ամրակցված շենք-շինություն) նկատմամբ Կադաստրի կոմիտեի կողմից Հենրիկ Հարությունյանի անվամբ կատարված իրավունքների պետական գրանցումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.02.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2020 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.02.2020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.05.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.10.2023 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Ավագյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և տրամադրվել է տասնհինգօրյա ժամկետ՝ դրանում առկա խախտումները վերացնելու ու բողոքը կրկին ներկայացնելու համար։
Վերաքննիչ դատարանի 19.12.2023 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Ավագյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուդոլֆ Ավագյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ ու 372-րդ հոդվածները, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» 25-րդ կետի 1-ին ենթակետը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրն ստորագրված չէ վճարողի կողմից, սահմանափակել է դատական պաշտպանության իր իրավունքը՝ անտեսելով այն հանգամանքը, որ ինքն այնուամենայնիվ ամբողջությամբ վճարել է պետական տուրքի գումարը, և արձանագրված խախտումը կրում է ձևական բնույթ։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սիրանուշ Հարությունյանի և Հենրիկ Հարությունյանի ծանուցման հասցեները համընկնում են, ու Սիրանուշ Հարությունյանը՝ որպես սույն քաղաքացիական գործով Հենրիկ Հարությունյանի իրավահաջորդ, չնայած ծրարն իրեն հասցեագրված չլինելու հանգամանքին, սահմանված կարգով ստացել է վերաքննիչ բողոքի օրինակը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանի 15.05.2023 թվականի վճռի դեմ Ռուդոլֆ Ավագյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 5-րդ, գ.թ. 114-116).
2) Վերաքննիչ դատարանը 18.10.2023 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Ավագյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել է նաև այն պատճառաբանությամբ, որ «(...) վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին, իսկ վերաքննիչ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ (...)», «(...) վերաքննիչ բողոքին կից պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ փաստաթուղթ կամ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել (...)» (հատոր 5-րդ, գ.թ. 118, 119).
3) Ռուդոլֆ Ավագյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ որպես պետական տուրքը վճարելու մասին ապացույց բողոքին կցելով «Դրամարկղի մուտքի օրդեր/ Cash receipt № 85476924» վերտառությամբ փաստաթուղթը։
Որպես վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները կողմին ուղարկելու մասին ապացույց Ռուդոլֆ Ավագյանը 08.12.2023 թվականի դիմումին կից ներկայացրել է թիվ LO115688302AM փոստային անդորրագիրը, որում որպես ստացող նշված է «ՀԵՆՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ», իսկ որպես ստացողի հասցե՝ «Armenia, Մարզ ԵՐԵՎԱՆ Ք./Գ. ԵՐԵՎԱՆ Փ ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ Փ. 22 ՓԴ 0002» (հատոր 5-րդ, գ.թ. 132-135, 139)։
4․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1‑ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պետական տուրքը վճարված լինելու փաստը հաստատելու նպատակով ֆինանսական կազմակերպության կողմից իր հաճախորդին թղթային եղանակով տրամադրված և թղթային ձևով դատարան ներկայացված ապացույցները որպես այդպիսին դիտարկելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին. արդյո՞ք վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց որոշակի թերությամբ ուղարկելը կարող է դիտվել որպես այդ դատավարական պարտականության կատարման խախտում, այն պարագայում, երբ այդ թերության առկայությունը չի խոչընդոտել փոստային առաքանու հանձնումն իրական հասցեատիրոջը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն` hիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ նույն գլխում Սահմանադրության 2-րդ գլուխ ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:
Նույն հռչակագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիմունքով իրավունք ունի այն բանի, որ իր գործը քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից, և որի սահմանափակումը դատարանների կողմից ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետևանքով կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետևաբար՝ քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային և արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով (թիվ 28249/95 գանգատ) Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 4451/70 գանգատ) Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (ի թիվս այլնի, տե՛ս Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքներից (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի գործով (թիվ 59519/00 գանգատ) Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125)։
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն, դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 8225/78 գանգատ) Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 18139/91 գանգատ) Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59):
Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 35763/97 գանգատ) Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ 34791/97 գանգատ) Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35, 36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ 4210/00 գանգատ) Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 21638/03 գանգատ) Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):
Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով (թիվ 6289/73 գանգատ) Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 26):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ու խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիտրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի գործով (թիվ 33883/06 գանգատ) Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368‑րդ հոդվածի պահանջները։
Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (...)։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ (…)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ (…)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (…):
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները։ Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերած անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում՝ ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ բողոք ներկայացնող անձանց համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ վերաքննիչ բողոքին սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու փաստը հավաստող ապացույցը կցելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է պետական տուրք վճարողների՝ պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններին կամ պաշտոնատար անձանց պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա օրենքով դրված՝ պետական տուրքը ճիշտ հաշվարկված և ժամանակին վճարված լինելու փաստն ստուգելու պարտականության պատշաճ կատարումն ապահովելուն։ Հետևաբար՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պետական տուրքը վճարելու փաստը հաստատող ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարված լինելու վերաբերյալ (տե՛ս Գոհար Հակոբյանն ընդդեմ Հակոբ Հակոբյանի, երրորդ անձ ՀՀ նոտարական պալատի թիվ ԱՐԴ1/2707/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը և սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո։
««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 20.05.2004 թվականի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները (այսուհետ նաև՝ Կանոններ):
Հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`
1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը` (…),
դ. Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր), (...)։
Հավելվածի՝ «Վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման ընդհանուր կանոններ» վերտառությամբ 4-րդ գլխում ներառված 14-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները. Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող.
1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,
2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,
3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՈ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,
4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը: Այդ նպատակով, օրինակ, կարող է նշվել.
ա. բյուջե ուղղված վճար, եթե վճարումն ուղղված է բյուջետային պարտավորությունների կատարմանը, (...):
5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.
ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը,
բ. էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր և (կամ) այլ միջոց: Ընդ որում` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, առանց վճարային քարտի և էլեկտրոնային փողի օգտագործման, կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ կանխիկի մուտքագրում, վճարում և փոխանցում իրականացնելու դեպքում «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով, (…),
8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում, կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,
9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,
10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:
Հավելվածի 23-րդ կետի համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունը «Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր)» փաստաթուղթը կիրառում է` (...)
4) տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայության (...) համար կանխիկով վճարման դեպքում, (...):
Հավելվածի 24-րդ կետի համաձայն՝ «Մուտքի հայտարարությունը» բաղկացած է երեք փաստաթղթից` Մուտքի հայտարարագրից, Մուտքի անդորրագրից և Մուտքի օրդերից: Մուտքի անդորրագիրը տրամադրվում է կանխիկի մուտքագրում իրականացնող անձին, որը հավաստում է գործարքի կատարումը, իսկ Մուտքի հայտարարագիրը և Մուտքի օրդերը պահվում են ֆինանսական կազմակերպության համապատասխան ստորաբաժանումներում (...):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր)» փաստաթղթի համար Հավելվածի 25-րդ կետով սահմանվում են հատուկ վավերապայմաններ և դրանց լրացման կանոններ։ Ընդ որում, Հավելվածի 24-րդ կետին համապատասխան կանխիկի մուտքագրում իրականացնող անձին տրամադրվող գործարքի կատարումը հավաստող փաստաթղթում՝ Մուտքի անդորրագրում, Հավելվածի 25-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աղյուսակի համաձայն՝ պարտադիր պետք է լրացվեն հետևյալ դաշտերը՝ «փաստաթղթի անվանումը», «փաստաթղթի համարը», «փաստաթղթի կազմման ամսաթիվը», «ֆինանսական կազմակերպության անվանումը», «վճարողի անունը, ազգանունը», «շահառուի անունը, ազգանունը կամ անվանումը», «կրեդիտագրվող բանկային հաշվի համարը կամ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները», գումարը (թվերով և (կամ) բառերով), արժույթը (բառերով կամ կոդով), «գործարքի նպատակը», «միջնորդավճարը»։
Նույն աղյուսակի համաձայն [տող 14]՝ «վճարողի ստորագրությունը» դաշտը պարտադիր պետք է լրացված լինի Մուտքի հայտարարագրում։
Նույն աղյուսակի համաձայն [տող 15]՝ «ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը» դաշտը պարտադիր պետք է առկա լինի ֆինանսական կազմակերպությանը Մուտքի հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում։ Միևնույն ժամանակ նշված դաշտը ենթակա է պարտադիր լրացման «Մուտքի հայտարարություն» վճարահաշվարկային փաստաթուղթը կազմող բոլոր փաստաթղթերում, բացառությամբ գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կողմից տրամադրված Մուտքի անդորրագրի (տե՛ս Գոհար Հակոբյանն ընդդեմ Հակոբ Հակոբյանի, երրորդ անձ ՀՀ նոտարական պալատի թիվ ԱՐԴ1/2707/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը):
Կանոններով սահմանված պահանջների հասցեատերերը, առաջին հերթին, վճարահաշվարկային կազմակերպություններն են, որոնք, կրելով տարբեր վճարային գործիքների կիրառմամբ իրենց հաճախորդների դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու կամ փոխանցելու վճարահաշվարկային գործառնությունները սպասարկելու բազմաթիվ, այդ թվում՝ հաճախորդին մատուցված ծառայությունների և (կամ) նրա մասնակցությամբ կատարված գործարքների փաստը հավաստող վճարահաշվարկային փաստաթղթեր տրամադրելու գործառույթներ, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում վճարահաշվարկային ծառայություններն օրենքների և իրավական այլ ակտերի խախտումներով մատուցելու, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի դրույթները խախտելու համար։ Ինչ վերաբերում է վճարահաշվարկային կազմակերպությունների հաճախորդ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (տվյալ դեպքում պետական տուրք վճարողներին), ապա վերջիններիս վրա չեն կարող դրվել ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային փաստաթղթերը քննարկվող կանոնների պահանջների խախտմամբ տրամադրելու բացասական հետևանքները, առավել ևս այն իրավիճակներում, երբ բողոքարկման իրավունքն իրացնելիս անձը դատարանին ներկայացրել է այնպիսի ապացույց, որը միանշանակորեն հնարավորություն է տալիս եզրահանգելու պետական տուրքը վճարելու պարտականությունը կատարված լինելու վերաբերյալ։ Հակառակ իրավաընկալումը հանգեցնում է Կոնվենցիայով և Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների անհարկի սահմանափակման։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում է (...) բողոքը գործին մասնակցող անձանց (...) ուղարկելու մասին ապացույցները (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավորվում է գործին մասնակցող անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու՝ վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի թիվ ԵԱՔԴ/0212/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը: Նշված պահանջը չպահպանելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձն ըստ էության կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջը, և բողոքն ուղարկվել է գործին մասնակցող անձանց թեկուզև որևէ թերությամբ նշված հասցեով կամ անվանմամբ, սակայն թերությունն այնպիսին չէր, որ խոչընդոտեր փոստային առաքանու հանձնումը հասցեատիրոջը, ապա միայն այդ հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելը գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականության դրսևորում է և կհանգեցնի անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակման (տե՛ս Վաչագան Ավդալյանն ընդդեմ Իրինա Ավդալյանի և Իննա Տեր-Անտոնյանցի թիվ ԵԴ/23700/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 15.05.2023 թվականի վճռի դեմ Ռուդոլֆ Ավագյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ դատարանը 18.10.2023 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Ավագյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել է նաև այն պատճառաբանությամբ, որ «(...)վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին, իսկ վերաքննիչ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ (...)», «(...) վերաքննիչ բողոքին կից պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ փաստաթուղթ կամ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել (...)»:
Ռուդոլֆ Ավագյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ որպես պետական տուրքը վճարելու մասին ապացույց կցելով «Դրամարկղի մուտքի օրդեր / Cash receipt N 85476924» վերտառությամբ փաստաթուղթը։ Ռուդոլֆ Ավագյանը 08.12.2023 թվականի դիմումին կից ներկայացրել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները կողմին ուղարկելու վերաբերյալ թիվ LO115688302AM փոստային անդորրագիրը, որում որպես ստացող նշված է «ՀԵՆՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ», իսկ որպես ստացողի հասցե՝ «Armenia, Մարզ ԵՐԵՎԱՆ Ք./Գ. ԵՐԵՎԱՆ Փ ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ Փ. 22 ՓԴ 0002»։
Վերաքննիչ դատարանի 19.12.2023 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Ավագյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է նաև այն պատճառաբանությամբ, որ «(...) վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է մուտքի թիվ 85476924 օրդերը, որում բացակայում է վճարողի ստորագրությունը»։
Վերը նշված դիրքորոշումների և վկայակոչված իրավական նորմերի համատեքստում անդրադառնալով վերաքննիչ բողոքին կից որպես պետական տուրքը վճարած լինելը հավաստող ապացույց ներկայացված փաստաթղթի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վերաքննիչ դատարանի 18.10.2023 թվականի որոշման մեջ նշված խախտումը վերացնելու նպատակով Ռուդոլֆ Ավագյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված փաստաթղթում առկա են հետևյալ վավերապայմանները՝ փաստաթղթի անվանումը՝ «Դրամարկղի մուտքի օրդեր / Cash receipt», փաստաթղթի համարը՝ «№ 85476924», ֆինանսական կազմակերպության անվանումը՝ «Հայփոստ ՓԲԸ», սպասարկող ՓԲ համարը՝ «0010», կրեդիտագրվող բանկային հաշվի համարը՝ «900005016010», վճարողի անունը, ազգանունը՝ «ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱԳՅԱՆ», վճարողի հանրային ծառայությունների համարանիշը՝ «1111111111», գործարքի նպատակը՝ «Դատական տուրք/կոդ 20. մեկնաբանություն՝ ԵՐԵՎԱՆ ՍԱՐՅԱՆ 24 Բ 66 ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԵԿԴ/1729/02/17», փաստաթղթի կազմման ամսաթիվը՝ 2023-12-05 16։39։21», արժույթը՝ «ՀՀ դրամ/AMD», գումարը՝ «10000», միջնորդավճարը՝ «300», ընդամենը գումարը՝ «10300», գումարը բառերով՝ «տասը հազար երեք հարյուր դրամ»։ Փաստաթղթում առկա չէ վճարողի ստորագրությունը, սակայն այն պարտադիր լրացման ենթակա դաշտ է ոչ թե ի հավաստումն գործարքի կատարման հաճախորդին տրամադրվող փաստաթղթում՝ Մուտքի անդորրագրում, այլ՝ Մուտքի հայտարարագրում, որը պահպանվում է ֆինանսական կազմակերպությունում։
Ռուդոլֆ Ավագյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված փաստաթղթի ուսումնասիրությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև վերը շարադրված Կանոնների համաձայն՝ ի հավաստումն գործարքի կատարման ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդին տրամադրված Մուտքի անդորրագրում «ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը» դաշտը պարտադիր չէ լրացման համար, այնուամենայնիվ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթում առկա է նաև գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունն ու ստորագրությունը։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված փաստաթղթում բացակայում է վերը նշված պարտադիր վավերապայմաններից միայն շահառուի անվանումը (չնայած որպես շահառուի հաշվեհամար նշվածից ակնհայտ է, որ շահառուն Հայաստանի Հանրապետության գանձապետարանն է)։
Ինչ վերաբերում է Ռուդոլֆ Ավագյանի անունից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված փաստաթղթի անվանմանը՝ «Դրամարկղի մուտքի օրդեր» («Մուտքի անդորրագիր» եզրույթի փոխարեն), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ի հավաստումն գործարքի կատարման ֆինանսական կազմակերպության կողմից վճարողին տրված փաստաթղթի անվանման անհամապատասխանությունը Կանոններով նշվածին չի կարող բավարար հիմք հանդիսանալ դատարան ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը որպես պետական տուրքի վճարման փաստը հավաստող ոչ պատշաճ ապացույց գնահատելու համար, քանի որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ այդ տեղեկության ոչ ճշգրիտ լինելը չի կարող էական նշանակություն ունենալ վճարողի կողմից պետական տուրք վճարելու պարտականության կատարումը հավաստելու տեսանկյունից, առավել ևս որ վճարահաշվարկային փաստաթղթի նշված թերությունը որևէ կերպ չի ազդում գնահատվող փաստաթղթի ու դրանով հավաստվող վճարահաշվարկային գործարքի վավերության վրա, իսկ պետական տուրք վճարողի վրա չեն կարող դրվել ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային փաստաթղթերը քննարկվող կանոնների պահանջների նման խախտմամբ տրամադրելու բացասական հետևանքները։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև ներկայացված փաստաթղթում առկա են որոշ թերություններ (փաստաթղթի ոչ ճշգրիտ անվանում և շահառուի անվան բացակայություն), նշված հանգամանքը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ ֆինանսական կազմակերպության կողմից վճարողին տրամադրված ու դատարան ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը որպես պետական տուրքի վճարման փաստը հավաստող ոչ պատշաճ ապացույց գնահատելու համար, քանի որ այդ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա Վերաքննիչ դատարանը հնարավորություն ուներ միանշանակորեն պարզելու օրենքով սահմանված չափով պետական տուրքը վճարելու պարտականությունը կատարված լինելու փաստը։
Ընդ որում, նման վարքագծի դրսևորումը համահունչ կլիներ Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի վերը շարադրված դիրքորոշումներին, որոնց համաձայն՝ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների ու կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում, կիրառված միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցության` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ: Ընդ որում, իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտմանը։ Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:
Իր հերթին, Վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով ապահովելու նաև Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի վերը շարադրված դիրքորոշումների գործնականում կիրառելիությունը, համապատասխան համակարգի միջոցով ստուգման ենթարկելով վերաքննիչ բողոքին կից ներկայացված՝ «Դրամարկղի մուտքի օրդեր / Cash receipt N 85476924» փաստաթղթում նշված գործարքը կատարված լինելու հանգամանքը, պարզեց, որ այն իրականում կատարվել է։
Նշվածից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Ռուդոլֆ Ավագյանը վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս կատարել է օրենսդրորեն սահմանված պարտականությունը, այն է՝ վերաքննիչ բողոքին կցել է պետական տուրքը վճարելու մասին վերաբերելի և թույլատրելի ապացույց, որն առանց բազմակողմանի ու օբյեկտիվ հետազոտման և գնահատման «ոչ պատշաճ» համարելն ու այդ հիմքով բողոքաբերին վերաքննության իրավունքից զրկելը պետք է գնահատվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում խաթարվում է այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը սույն դեպքում կրում է խիստ ձևական բնույթ՝ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ, այդ թվում նաև՝ վերադաս ատյաններում, ինչպես Եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքի մյուս հիմքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Ռուդոլֆ Ավագյանը, Դատարանի 15.05.2023 թվականի վճռի դեմ կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, 08․12․2023 թվականի դիմումին կից ներկայացրել է վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները կողմին ուղարկելու վերաբերյալ թիվ LO115688302AM փոստային անդորրագիրը, որում որպես ստացող նշված է «ՀԵՆՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ», իսկ որպես ստացողի հասցե՝ «Armenia, Մարզ ԵՐԵՎԱՆ Ք․/Գ․ ԵՐԵՎԱՆ Փ ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ Փ․ 22 ՓԴ 0002»:
Վերաքննիչ դատարանն իր 19.12.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է նաև այն պատճառաբանությամբ, որ 18.10.2023 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձրել է հետևյալ հիմքերով՝ 1) բողոքին կից չի ներկայացվել վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին, իսկ վերաքննիչ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ, (...), 4) վճարման ենթակա է 10․000 (տասը հազար) ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոք բերող անձի կողմից Վերաքննիչ դատարանի արձանագրած 2-րդ և 4-րդ թերությունները շտկվել են, սակայն 1-ին և 4-րդ թերություններն ամբողջությամբ չեն շտկվել։ Այսպես՝ փոստային անդորրագրում որում ստացող նշված է՝ «Հենրիկ Հարությունյան», մինչդեռ սույն գործով պատասխանողը Սիրանուշ Հարությունյանն է։ (...)։
Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանության անհրաժեշտությունից ելնելով՝ վերաքննիչ բողոք ներկայացնող անձը պարտավոր է վերաքննիչ բողոքն ուղարկել նաև գործին մասնակցող անձանց, ընդ որում՝ այնպիսի պատշաճ կարգով, որը կապահովի վերջիններիս կողմից բողոքի ստացումը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքը գործին մասնակցող անձանց պատշաճ կարգով ուղարկելու պարտականությունն այնպիսի սահմանափակում չէ, որը խաթարի դատարանի մատչելիության իրավունքը: Ուստի, Ռուդոլֆ Ավագյանը պարտավոր էր բողոքը պատշաճ կարգով ուղարկել Հենրիկ Հարությունյանի իրավահաջորդ Սիրանուշ Հարությունյանին:
Անդրադառնալով նշված պարտականությունը Ռուդոլֆ Ավագյանի կողմից կատարված լինելուն՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ռուդոլֆ Ավագյանի դիմումին կից ներկայացված փոստային անդորրագրից պարզ է դառնում, որ թեկուզև վերաքննիչ բողոքը Սիրանուշ Հարությունյանին ուղարկվել է անվան թերությունով՝ որպես առաքանու հասցեատեր «Հենրիկ Հարությունյանի իրավահաջորդ Սիրանուշ Հարությունյան»-ի փոխարեն նշվել է «Հենրիկ Հարությունյան», սակայն նշված թերությունը սույն դեպքում այնպիսին չէ, որ կասկածի տակ դներ Ռուդոլֆ Ավագյանի կողմից իր դատավարական պարտականությունը կատարված լինելու փաստը՝ հաշվի առնելով սույն գործի փաստերը, այդ թվում՝ Հենրիկ Հարությունյանի մահացած լինելու և Սիրանուշ Հարությունյանի՝ նրա իրավահաջորդը լինելու փաստերը։ Այսպիսով՝ նման թերություն պարունակող փոստային անդորրագիրը չհամարելով որպես բողոքը գործին մասնակցող այլ անձին ուղարկած լինելը հավաստող ապացույց՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ռուդոլֆ Ավագյանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ այդ սահմանափակումը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Արդյունքում՝ Ռուդոլֆ Ավագյանը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումն ու ուղղումը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Ռուդոլֆ Ավագյանի անունից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ սահմանափակելով Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, Ռուդոլֆ Ավագյանին զրկել է Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակել է նրա` Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Ա. Մկրտչյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|