ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0025/04/13 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.05.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0025/04/13

Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0025/04/13

2025 թ.

Նախագահող դատավոր`

 Ն. Կարապետյան

Դատավորներ`

 Ա. Մխիթարյան

 Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող

Է. Սեդրակյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի մայիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2021 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ «Շինմոնտաժպրոյեկտ ՄԿ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.03.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.01.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության պահանջների վերջնական ցուցակը, որում Բանկի 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով պահանջը գրանցվել է որպես ապահովված պահանջ, դատական ծախսերը (պետ.տուրք) 500.000 ՀՀ դրամի չափով` որպես 82-րդ հոդվածի չապահովված «դ» հերթի պահանջ, Բանկի 4.753.454,40 ՀՀ դրամի չափով պահանջը` որպես 82-րդ հոդվածի չապահովված «է» հերթի պահանջ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 31.201.128 ՀՀ դրամի չափով պահանջը` որպես 82-րդ հոդվածի չապահովված «է» հերթի պահանջ:

Սնանկության դատարանի 27.08.2019 թվականի որոշմամբ Բանկի պահանջը` 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով, գրանցվել է որպես գրավով ապահովված պահանջ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2019 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Նաիրա Մարտիրոսյանի, Կարեն Մարտիրոսյանի և Հրաչյա Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` վերացվել է Դատարանի 27.08.2019 թվականի «Պահանջը քննության առնելու մասին» որոշումը և Բանկի գրավով ապահովված պահանջը գրանցելու մասով հարցն ուղարկվել է Սնանկության դատարան նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.02.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.04.2020 թվականի որոշմամբ Բանկի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.09.2020 թվականի որոշմամբ Բանկի 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով պահանջը գրանցվել է որպես անշարժ գույքով ապահովված պահանջ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.01.2021 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Նաիրա Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 04.09.2020 թվականի «Պահանջը քննության առնելու մասին» որոշումը վերացվել է և գործին մասնակից չդարձված անձ Նաիրա Մարտիրոսյանի մասով ուղարկվել է նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել գործին մասնակից չդարձած անձ Նաիրա Մարտիրոսյանը (ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ հոդվածը, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.11.2019 թվականին դատական ակտ կայացնելիս անտեսել է, որ գրավադրված գույքի համատեղ սեփականատեր Անահիտ Կոստանյանը հանդիսացել է ոչ թե վարկառու, այլ` գրավատու, և Բանկը որևէ կերպ չէր կարող իմանալ վերջինիս մահվան մասին: Մասնավորապես, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պայմաններում պարտատերը որևէ պարտավորություն չուներ ներկայացնելու համապատասխան պահանջ, քանի որ համաձայն վճռի` բռնագանձումը պետք է տարածել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող սրճարանի վրա: Հետևաբար, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2019 թվականի որոշումը հակասում է թիվ ԱՐԴ/0810/02/12 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտին:

Տվյալ դեպքում հայցվորների` գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի պետական գրանցումը կատարվել է 18.08.2015 թվականին, հետևաբար գրանցումը կատարվել է 11.09.2013 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում, միասնական տեղեկանքի մեջ հստակ նշված է գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին, և ժառանգները կարող էին հստակ պատկերացում ունենալ հավակնող գույքի նկատմամբ առկա սահմանափակումների վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասով հստակեցվել է, որ սնանկության գործով կայացրած դատական ակտերը բեկանելով և նոր քննության ուղարկելով՝ վերաքննիչ դատարանը քննության ծավալներ չի սահմանում, սակայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր որոշումները կայացնելիս դուրս է եկել իր իրավասության սահմաններից: Մասնավորապես՝ մի դեպքում սահմանել է նոր քննության ծավալ, իսկ սույն` բողոքարկվող որոշմամբ հաստատել է, որ Սնանկության դատարանը պարտավոր է ղեկավարվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ սահմանված նոր քննության ծավալով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 18.11.2019 թվականի որոշմամբ ժառանգին ազատելով ընդունվող ժառանգական գույքի նկատմամբ առկա սահմանափակումների առկայությունը կամ բացակայությունը պարզելու պարտականությունից, պարտատիրոջը ծանրաբեռնել է օրենքով չնախատեսված լրացուցիչ պարտավորություններով: Տվյալ դեպքում Անահիտ Կոստանյանը Բանկի հանդեպ չի ունեցել որևէ դրամական պարտավորություն, ուստի Բանկը որևէ պարտավորություն չի ունեցել վերջինիս մահվանից հետ որևէ պահանջ ներկայացնելու: Միաժամանակ, Բանկը կարող էր երբևէ չիմանալ վերջինիս մահվան մասին:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե ինչու սույն պարագայում պետք է կիրառվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասը, այլ ոչ` 2-րդը, և սահմանափակվի միայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ սահմանված քննության ծավալներով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.11.2019 թվականի որոշմամբ սահմանել է նոր գրավի ինստիտուտ՝ շրջանցելով օրենսդրությամբ սահմանված նորմերը՝ պարտատիրոջը ծանրաբեռնելով օրենքով չնախատեսված անհիմն պարտավորություններով, ուստի նոր դատական ակտ կայացնելով` Սնանկության դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 2-րդ մասով, իրավացիորեն դուրս է եկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ սահմանված քննության ծավալից և կայացրել է օրինական դատական ակտ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերանայել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԿԴ/0025/04/13 քաղաքացիական գործով 20.01.2021 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:

 

2.1 Նաիրա Մարտիրոսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանություններով։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ցանկացած պարագայում իրավասու է գործի բեկանման դեպքում սահմանել դրա նոր քննության ծավալը, քանի որ նման տրամաբանությունը բխում է դատարանի հիմնական` արդարադատություն իրականացնելու գործառույթից:

Բանկն Անահիտ Կոստանյանի մահից հետո վեցամսյա ժամկետում օրենքով նախատեսված անձանց չի ներկայացրել հիփոթեքի պայմանագրից ծագող՝ իր ենթադրյալ գրավի իրավունքից բխող պահանջը (գործում նման ապացույց առկա չէ), ուստի ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշման համաձայն՝ վերջինիս ենթադրյալ պահանջի իրավունքն Անահիտ Կոստանյանի հանդեպ դադարել է ու չի փոխանցվել նրա ժառանգությունն ընդունած ժառանգներին: Այսինքն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի նորմի գործողությունն սկսվում է ոչ թե անմիջապես պարտապանի մահից հետո, այլ` ժառանգության բացման վեցամսյա ժամկետի ավարտից հետո, և դրա գործողությունը պայմանավորված է այդ վեցամսյա ժամկետում պարտատիրոջ կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի նորմերի պահանջների կատարմամբ:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը, վիճարկվող որոշմամբ սահմանելով օրենքով չնախատեսված քննության նոր ծավալ, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասը, ապա այն անհիմն է, քանի որ չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Ընկերության միջև 16.09.2010 թվականին կնքված թիվ 141-16/Բ վարկային պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Բանկն Ընկերությանը տրամադրել է 20.000 ԱՄՆ դոլար գումար սահմանաչափով վարկ, (...):

Նույն պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ վարկը տրամադրվել է տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով, իսկ 1.3 կետով սահմանվել է, որ վարկի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները ենթակա են ամբողջությամբ մարման մինչև 16.09.2014 թվականը:

Պայմանագրի 2.4.1 կետի համաձայն՝ վարկառուն պարտավոր է վարկի ժամանակին վերադարձը, դրա օգտագործման համար տոկոսների և տույժերի վճարումն ապահովել Հրաչյա Հարությունի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող 101.2քմ մակերեսով շենքով և 0,008 հա հողամասով անշարժ գույքի գրավով, որի համար Բանկի հետ ք. Էջմիածնում 16.09.2010 թվականին կնքվել է վերոհիշյալ անշարժ գույքի գլխավոր հիփոթեքի թիվ 141-16/Բ/Գ պայմանագիրը, որը հանդիսանում է նույն պայմանագրի անբաժանելի մասը:

Պայմանագրի 2.4.4 կետով սահմանվել է, որ վարկառուն պարտավոր է Բանկի նկատմամբ ունեցած, ինչպես նաև աճող պարտավորությունների նկատմամբ՝ նույն պայմանագրի 2.4.1 կետում նշված ապահովման միջոցի պակասի չափով, պատասխանատվություն կրել իրեն սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքով (ունեցվածքով)՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 24-26):

2) Բանկի` որպես գրավառուի, Հրաչյա Մարտիրոսյանի` որպես գրավատուի, Ընկերության՝ որպես պարտապանի, միջև 16.09.2010 թվականին կնքվել է անշարժ գույքի գլխավոր հիփոթեքի թիվ 141-16/Բ/Գ պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն՝ 16.09.2010 թվականին Բանկի և Ընկերության միջև կնքված թիվ 141-16/Բ վարկային պայմանագրի համաձայն՝ Բանկն Ընկերությանը տրամադրել է 20.000 ԱՄՆ դոլար գումար վարկ, ժամկետային տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով, 48 ամիս մարման ժամկետով. վարկը և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարներն ամբողջությամբ ենթակա են մարման մինչև 16.09.2014 թվականը:

Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ վարկային պայմանագրով նախատեսված պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավատուն գրավառուին գրավ է հանձնում իրեն սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող սրճարանը 101.2քմ մակերեսով շենքով և 0,008 հա հողամասով:

Պայմանագրի 1.3 կետի համաձայն՝ գրավի առարկան գրավադրված է Բանկի օգտին` համաձայն 16.09.2010 թվականին կնքված թիվ 141-16 /Բ/Հ/ Անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 19-21)

3) Անահիտ Կոստանյանը տվել է իր համաձայնությունը համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող սրճարանն ամուսնու` Հրաչյա Մարտիրոսյանի կողմից գրավադրելու վերաբերյալ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 127)

4) համաձայն Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 022934 վկայականի` Անշարժ գույքի հիփոթեքի 16.09.2010 թվականի պայմանագրից ծագող գրավառուի` Բանկի գրավի իրավունքը 23.09.2010 թվականին ենթարկվել է պետական գրանցման: Գրավի պայմանագրի գործողության ժամկետ նշվել է մինչև 16.09.2014 թվականը (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 20)

5) Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԱՐԴ/0810/02/12 քաղաքացիական գործով 11.09.2013 թվականի վճռով Բանկի հայցն ընդդեմ Ընկերության, Կարեն Մարտիրոսյանի և Հրաչյա Մարտիրոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել է (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 25-32)

6) Անահիտ Կոստանյանը մահացել է 03.08.2011 թվականին (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 21)

7) Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող սրճարանի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա 18.08.2015 թվականին գրանցվել է Հրաչյա Մարտիրոսյանի (4/6), Կարեն Մարտիրոսյանի (1/6) և Նաիրա Մարտիրոսյանի (1/6) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 24)

8) գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 22.07.2019 թվականի թիվ ԱՏ-18/07/2019-1-0343 տեղեկանքի համաձայն՝ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 23.09.2010 թվականին գրանցված Բանկի գրավի իրավունքում փոփոխություններ առկա չեն (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 38` դարձերես)

9) Սնանկության դատարանի 30.01.2017 թվականի ««Շինմոնտաժպրոյեկտ ՄԿ» ՍՊԸ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է Ընկերության պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության 30.01.2017 թվականի դրությամբ.

1. պահանջատիրոջ անվանումը՝ Բանկ-պահանջի չափը՝ 25.853,68 ԱՄՆ դոլար, պահանջների հերթը՝ ըստ առաջնահերթության՝ համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի՝ ապահովված պահանջ,

2. պահանջատիրոջ անվանումը՝ դատական ծախսեր /պետ.տուրք/- պահանջի չափը՝ 500.000 ՀՀ դրամ, պահանջների հերթը՝ ըստ առաջնահերթության՝ համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի՝ 82-րդ հոդված, չապահովված «Դ» հերթ,

3. պահանջատիրոջ անվանումը՝ Բանկ-պահանջի չափը՝ 4.753.454,40 ՀՀ դրամ, պահանջների հերթը՝ ըստ առաջնահերթության՝ համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի՝ 82-րդ հոդված, չապահովված «Է» հերթ,

4. պահանջատիրոջ անվանումը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-պահանջի չափը՝ 31.201.128 ՀՀ դրամ, պահանջների հերթը՝ ըստ առաջնահերթության՝ համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի՝ 82-րդ հոդված, չապահովված «Է» հերթ(հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 90-98)

10) Բանկի պահանջի ապահովվածության վերաբերյալ 01.08.2019 թվականին առարկություն են ներկայացրել Նաիրա Մարտիրոսյանը, Կարեն Մարտիրոսյանը և Հրաչյա Մարտիրոսյանը (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 5-12).

11) Սնանկության դատարանը «Պահանջը քննության առնելու մասին» 27.08.2019 թվականի որոշմամբ արձանագրել է, որ գործի նյութերի ուսումնասիրությամբ հիմնավորվում է, որ առկա չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածով թվարկված հիմքերից որևէ մեկը, որը հաշվի առնելով հնարավոր կլիներ Բանկի պահանջը` 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով, դիտել որպես չապահովված պահանջ և գրանցել համապատասխան հերթում: Միաժամանակ, դատարանը գտել է, որ Նաիրա Մարտիրոսյանի առարկությամբ ներկայացված պատճառաբանությունները հիմք չեն կարող հանդիսանալ Բանկի պահանջը գրանցելը մերժելու համար, քանի որ պահանջի հիմքում դրված են անվավեր չճանաչված պայմանագրեր, որոնցով հիմնավորվում են ինչպես պարտավորությունները, այնպես էլ պարտավորությունների ապահովվածությունը: Ուստի, հաշվի առնելով, որ Բանկի պահանջը Ընկերության վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար ապահովված է 16.09.2010 թվականին կնքված Անշարժ գույքի գլխավոր հիփոթեքի թիվ 141-16/Բ/Գ պայմանագրով, դատարանը գտել է, որ այն ենթակա է հաստատման և պետք է գրանցել 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով` որպես գրավով ապահովված պահանջ (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 43-56).

12) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.11.2019 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարել է Նաիրա Մարտիրոսյանի, Կարեն Մարտիրոսյանի և Հրաչյա Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը` վերացրել է Սնանկության դատարանի 27.08.2019 թվականի «Պահանջը քննության առնելու մասին» որոշումը, և Բանկի գրավով ապահովված պահանջը գրանցելու մասով հարցն ուղարկել է ՀՀ սնանկության դատարան` նույն որոշմամբ նշված ծավալով նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.11.2019 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «(...), անհրաժեշտ է իրականացնել հարցի նոր քննություն՝ պարզելու «Յունիբանկ» ՓԲԸ գրավով ապահովված պահանջի չափը, «Շինմոնտաժպրոյեկտ ՄԿ» ՍՊԸ նկատմամբ «Յունիբանկ» ԲԲԸ՝ 16.09.2010 թվականին կնքված թիվ 141-16/Բ վարկային պայմանագրից բխող պահանջի իրավունքի առկայությունը, «Յունիբանկ» ՓԲԸ 16.09.2010 թվականին կնքված թիվ 141-16/Բ վարկային պայմանագրից բխող իրավունքները «Յունիբանկ» ԲԲԸ-ին փոխանցված լինելու հարցերը՝ հաշվի առնելով, որ «Յունիբանկ» ՓԲԸ պահանջն ապահովված է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող սրճարանի 1/2 բաժնեմասի գրավով» (հավելված, հատոր 5-րդ, գ.թ. 144-162).

13) Դատարանը, 04.09.2020 թվականի «Պահանջը քննության առնելու մասին» որոշմամբ անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2019 թվականի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալին, արձանագրել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, սնանկության գործերով կայացված որոշումները բեկանելով և նոր քննության ուղարկելով, նոր քննության ծավալ չի սահմանում, իսկ նոր քննության ծավալ կարող է սահմանել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում:

Դատարանի որոշմամբ Բանկի պահանջը՝ 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով, գրանցվել է որպես Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող անշարժ գույքով ապահովված պահանջ (հավելված, հատոր 6-րդ, գ.թ. 81-95):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի և 1243-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Միաժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որը հերքվում է ստորև ներկայացվող փաստարկներով:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավասու է սնանկության գործով կայացված որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իր լիազորությունները և համապատասխան հարցը նոր քննության ուղարկելու դեպքում՝ սահմանել նոր քննության ծավալ

2. արդյո՞ք գրավատուի մահվան դեպքում գրավառու-պարտատերը կրում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված կարգով գրավի նկատմամբ նոտարին պահանջ ներկայացնելու պարտականություն, և արդյո՞ք օրենսդրի նույն կարգավորումը գործում է այն դեպքերի համար, երբ գրավադրված գույքի համասեփականատեր հանդիսացած ժառանգատուն կնքված գործարքով չի հանդիսանում գրավատու։

 

1. Անդրադառնալով առաջին հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի ընթացքում կայացվող որոշման դեմ բերված բողոքը քննվում և որոշում է կայացվում միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (…) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են՝

1) առաջին ատյանի դատարանի կայացրած`

ա. վճիռը և օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը,

բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.

2) վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումները.

3) Վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտեր են սույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի՝ պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտերի, վճարման կարգադրությունների և միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննվում և դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են միանձնյա, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ ներկայացված բողոքների, որոնք վերաքննիչ դատարանը քննում է կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերի կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքները՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

Հիմք ընդունելով արդեն իսկ 09.04.2018 թվականից գործող քաղաքացիական դատավարության նոր օրենսդրության եզրութաբանությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը ևս պետք է տարանջատել եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի (տե՛ս Հակոբ Մեհրաբյանն ընդդեմ Արտակ Ղուկասյանի թիվ ՍնԴ/2179/04/20 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկության վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ անհրաժեշտ է սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը տարանջատելիս հիմք ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատական ակտերի տեսակները՝ բացառելու համար երկու փոխկապակցված իրավական ակտերի միջև եզրութաբանության օտարացվածությունը (տե՛ս ըստ դիմումի «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի՝ «Տուկասա» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍնԴ/2179/04/20 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08042022 թվականի որոշումը):

Նկատի ունենալով, որ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրությունը եզրափակիչ դատական ակտերը սահմանել է սպառիչ ցանկով, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքն այդ մասով հատուկ կարգավորում չունի՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը պետք է համարել միջանկյալ դատական ակտ՝ հաշվի առնելով, որ վերջինս քաղաքացիական դատավարության օրենսդրության համապատասխան նորմերով թվարկված չէ եզրափակիչ դատական ակտերի ցանկում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սնանկության գործերով կայացված որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, կամ բավարարում է բողոքը` վերացնելով դատարանի որոշումը և (կամ) կայացնում է նոր որոշում կամ վերացնում է որոշումը՝ հարցն ուղարկելով համապատասխան դատարան՝ նոր քննության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում գործի նոր քննություն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրել է, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է վարչական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում:

Վերահաստատելով նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաքննիչ դատարանի լիազորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ ամրագրված՝ վերաքննիչ դատարանի՝ որպես առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը ստուգող վերադաս դատական ատյանի առաքելությամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս վերահաստատել է այն, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, որը, ի լրումն դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու, նաև նպատակ է հետապնդում ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը (տե´ս ըստ Սյուզաննա Հարությունյանի դիմումի՝ սեփական սնանկության ճանաչման պահանջի մասին թիվ ԵԴ/0952/04/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15042022 թվականի որոշումը):

 

2 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները: Պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր՝ նախկինում կայացրած որոշմամբ համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված հոդվածով նախատեսված կարգավորումները, արձանագրել է, որ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ժառանգը ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև իրեն անցած գույքի սահմաններում կարող է կրել պարտավորություններ, եթե ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում պարտատերերի կողմից իրեն պահանջ է ներկայացվել։ Պահանջների ներկայացման համար սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված պահանջները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, ենթակա չեն բավարարման, քանի որ մինչև ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը պահանջի ներկայացման դեպքում միայն ժառանգը կարող էր որոշել ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը (տե'ս Սեդա Սոնյանն ընդդեմ Իդա Էբզիմյանի, և Իդա Էբզիմյանն ընդդեմ Սեդա Սոնյանի թիվ 3-1778(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշման շրջանակներում կրկին անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածին, արձանագրել է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել ժառանգատուի պարտատերերին ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալն իրենց պահանջները ներկայացնել նախ հետևյալ անձանց՝ ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, ապա միայն նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին (տե'ս Սերգեյ Թաիրյանն ընդդեմ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարի թիվ ԵՔԴ/0279/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար։

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նաև օրենքի հիման վրա` դրանում նշված հանգամանքների երևան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի և 226-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետևյալ առանձնահատկությունները.

«բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի և յուրաքանչյուրի պարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),

«հետևելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ) (տե՛ս «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե գրավի առարկան ոչնչացել կամ վնասվել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:

Գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ:

Անդրադառնալով վերոշարադրյալ հոդվածների վերլուծությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի պայմանագիրը կնքվում է որպես պարտատիրոջ հանդեպ ունեցած հիմնական պարտավորության կատարման ապահովման միջոց, որի հիման վրա գրավադրված գույքի միջոցով երաշխավորվում է հիմնական պարտավորության կատարումը։ Գրավի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելու հանգամանքը չի դադարեցնում այդ գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը: Այն պահպանում է իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ գրավադրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվում է կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի: Նման դեպքերում գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ: Ընդ որում, եթե գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։ Այսինքն, վերոգրյալ կարգավորումները ևս մեկ անգամ հավաստում են գրավի՝ որպես «հետևելու իրավունքի» բնույթի մասին այնքանով, որքանով գրավառուն պահպանում է գրավի առարկայի նկատմամբ իր իրավունքները նույնիսկ գրավի առարկայի օտարման կամ այն փոխարինելու դեպքում։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը պահպանում է իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ գրավադրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվում է կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի, որի դեպքում գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ: 

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

1 Անդրադառնալով սույն որոշմամբ առաջադրված առաջին հարցադրմանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.11.2019 թվականի որոշմամբ վերացնելով ՀՀ սնանկության դատարանի 27.08.2019 թվականի «Պահանջը քննության առնելու մասին» որոշումը՝ Բանկի գրավով ապահովված պահանջը գրանցելու մասով հարցն ուղարկել է ՀՀ սնանկության դատարան` նույն որոշմամբ նշված ծավալով նոր քննության:

Դատարանը 04.09.2020 թվականի որոշմամբ, անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2019 թվականի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալին, արձանագրել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, սնանկության գործերով կայացված որոշումները բեկանելով և նոր քննության ուղարկելով, նոր քննության ծավալ չի սահմանում, իսկ նոր քննության ծավալ կարող է սահմանել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում: Արդյունքում, Դատարանը Բանկի 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով պահանջը գրանցել է որպես ՀՀ, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող անշարժ գույքով ապահովված պահանջ:

Վերաքննիչ դատարանի 20.01.2021 թվականի որոշմամբ Նաիրա Մարտիրոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ մասնակի վերացվել է Դատարանի 04.09.2020 թվականի որոշումը և ուղարկվել է նույն դատարան Նաիրա Մարտիրոսյանի մասով նոր քննության: Որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(...) վերադաս դատարանի կողմից սահմանված գործի նոր քննության ծավալը պարտադիր էր Սնանկության դատարանի համար և վերջինս պետք է գործի նոր քննության ընթացքում քննարկման առարկա դարձներ և գնահատեր այն բոլոր հանգամանքները, որոնք սահմանվել էին վերադաս դատարանի կողմից որպես պարզման ենթակա հանգամանքներ, այդ թվում՝ գրավով ապահովված պարտավորությունների՝ գրանցման ենթակա չափին՝ հիմք ընդունելով գործում առկա ապացույցները։ Մինչդեռ, գործի նոր քննության ընթացքում դատարանը չի անդրադարձել այդ հանգամանքներին և չի գնահատել դրանք։ Ուստի, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ թիվ ԱՐԴ/0810/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռի, նշված վճռով բռնագանձման ենթակա գումարի բռնագանձումը գրավի առարկա անշարժ գույքի նկատմամբ տարածելու, պահանջի չափի նվազեցման վերաբերյալ «Յունիբանկ» ԲԲԸ-ի դիմումի ու սնանկության գործով կառավարչի գրության մասով առաջացել է գործի նոր քննության անհրաժեշտություն, ընդ որում՝ չափին վերաբերող փաստարկները պետք է քննության առարկա դառնան միայն, եթե պարտավորության չափը կարող է անդրադառնալ Բողոք բերող անձի իրավունքներին, այլ կերպ ասած, եթե պարտավորությունը ապահովված չհամարվի Բողոք բերող անձի գույքով, ապա պարտավորության չափի վերաբերյալ հանգամանքներն այլևս նրա իրավունքներին չեն առնչվի»։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պահանջը քննության առնելու մասին» որոշման, որպես միջանկյալ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի լիազորությունները կիրառելն ու հարցը նոր քննության ուղարկելիս ծավալ սահմանելն իրավաչափ է, նկատի ունենալով, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաքննիչ դատարանի լիազորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ ամրագրված՝ վերաքննիչ դատարանի՝ որպես առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը ստուգող վերադաս դատական ատյանի առաքելությամբ, իսկ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է նաև վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով։

 Նման պայմաններում, ստորադաս դատարանը պարտավոր էր ղեկավարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված այն իրավակարգավորմամբ, համաձայն որի՝ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։ Հետևաբար, վճռաբեկ բողոքը նշված հիմքով անհիմն է:

 

2. Անդրադառնալով սույն որոշմամբ առաջադրված երկրորդ հարցադրմանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի` որպես գրավառուի, Հրաչյա Մարտիրոսյանի` որպես գրավատուի, Ընկերության՝ որպես պարտապանի, միջև 16.09.2010 թվականին կնքվել է անշարժ գույքի գլխավոր հիփոթեքի պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն՝ 16.09.2010 թվականին Բանկի և Ընկերության միջև կնքված թիվ 141-16 Բ վարկային պայմանագրի համաձայն՝ Բանկն Ընկերությանը տրամադրում է 20.000 ԱՄՆ դոլար գումար վարկ, ժամկետային տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով, 48 ամիս մարման ժամկետով. վարկը և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարներն ամբողջությամբ ենթակա են մարման մինչև 16.09.2014 թվականը: Պայմանագրի 1.2. կետի համաձայն՝ վարկային պայմանագրով նախատեսված՝ պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավատուն գրավառուին գրավ է հանձնում սեփականության իրավունքով իրեն պատկանող Արմավիրի մարզ, Նորապատ գյուղի 5-րդ փողոց թիվ 13 հասցեում գտնվող սրճարանը 101.2 քմ մակերեսով շենքով և 0,008 հա հողամասով: Պայմանագրի 1.3. կետի համաձայն՝ գրավի առարկան գրավադրված է Բանկի օգտին` համաձայն 16.09.2010 թվականին կնքված թիվ 141-16 /Բ/Հ/ Անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի։ Անահիտ Կոստանյանը տվել է իր համաձայնությունը համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքն ամուսնու` Հրաչյա Մարտիրոսյանի կողմից գրավադրելու վերաբերյալ:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2013 թվականի թիվ ԱՐԴ/0810/02/12 վճռով Բանկի հայցն ընդդեմ Ընկերության, Կարեն Մարտիրոսյանի և Հրաչյա Մարտիրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին բավարարվել է:

Պետական եկամուտների կոմիտեն դիմել է դատարան՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, որը Դատարանի 20.03.2014 թվականի վճռով բավարարվել է:

Բանկը դիմել է Դատարանին՝ 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով պահանջն Ընկերության նկատմամբ՝ որպես ապահովված, իսկ 4.753.454,40 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես չապահովված պահանջ գրանցելու վերաբերյալ:

Դատարանի 04092020 թվականի որոշմամբ Բանկի պահանջը՝ 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով, գրանցվել է որպես Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող անշարժ գույքով ապահովված պահանջ այն պատճառաբանությամբ, որ «(․․․) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներից բխում է, որ գրավի իրավունքը պահպանում է իր ուժը օրենքի հիման վրա և օրենսդրի կողմից գրավառուի համար չի սահմանվել որևէ պահանջ կամ պարտավորություն կամ նույնիսկ ընթացակարգ նման դեպքում որևէ լրացուցիչ գործողություններ կատարելու համար:

Բացի այդ, հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում՝ այլ իրավունքները, իսկ 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

Վերը նշվածից բխում է, որ գրավի իրավունքը կորցնում է իր ուժը միայն դրա դադարման վերաբերյալ պետական գրանցում կատարելու պահից, սույն գործի փաստերի համաձայն Բանկի գրավի իրավունքը ենթարկված է պետական գրանցման, ավելին նշված փաստը հաստատված է համարվել նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ: Նշվածից բխում է, որ ՀՀ սնանկության դատարանը պետական գրանցման ենթարկված իրավունքի առկայության պարագայում չի կարող կասկածի տակ դնել նշված վարչական ակտի իրավաչափությունը, քանի դեռ այն անվավեր կամ առ ոչինչ չի ճանաչվել:

Միևնույն ժամանակ գրավի իրավունքի առկայության վերաբերյալ տեղեկացված լինելով Նաիրա Մարտիրոսյանը, Կարեն Մարտիրոսյանը և Հրաչյա Մարտիրոսյանը չեն վիճարկում նշված գրավի իրավունքը՝ նույնպես ընդունելով դրա իրավաչափությունը:

Ելնելով վերը նշված իրավական և փաստական հանգամանքներից դատարանը գտնում է, որ Բանկի իրավունքն ապահովված է գրավի իրավունքով, իսկ գրավի առարկան է հանդիսանում ՀՀ, Արմավիրի մարզ, Նորապատ համայնքի 5 փողոց թիվ 13 հասցեում գտնվող ամբողջ սրճարանը:

Իրականացնելով վճռով սահմանված նշված գումարների հաշվարկը և դրանք համադրելով Բանկի պահանջին կից ներկայացված հաշվարկի հետ դատարանը գտնում է, որ Բանկի պահանջի գումարի չափը օրինական է և հաշվարկված է ելնելով նշված վճռով սահմանված պարտավորության գումարի չափերից և դրանց վրա հաշվեգրվող տոկոսների չափից»։

Վերաքննիչ դատարանի 20012021 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ «Սույն գործով առկա է օրինական ուժի մեջ մտած Վերաքննիչ դատարանի որոշում, համաձայն որի՝ «(․․․) Անահիտ Կոստանյանի մահից հետո վերջինիս նկատմամբ ունեցած ապահովված իրավունքից բխող պահանջը վեցամսյա ժամկետում ներկայացրած լինելու վերաբերյալ ապացույց «Յունիբանկ» ՓԲԸ-ն Դատարանին չի ներկայացրել, ինչը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ բավարար է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի հիմքով գրավադրված գույքի Անահիտ Կոստանյանի 1/2 բաժնեմասի նկատմամբ «Յունիբանկ» ՓԲԸ՝ որպես ապահովված պարտատիրոջ ապահովված իրավունքի կորստի փաստն արձանագրելու համար: Հետևաբար 16.09.2010 թվականին կնքված թիվ 141-16/Բ վարկային պայմանագրից բխող «Յունիբանկ» ՓԲԸ պահանջն ապահովված է գրավադրված անշարժ գույքի՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող սրճարանի՝ Հրաչյա Մարտիրոսյանին պատկանող միայն 1/2 բաժնեմասով։»։

Համաձայն Վերաքննիչ դատարանի 18.11.2019 թվականի որոշման՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ն, ժառանգներին պահանջ չներկայացնելու արդյունքում, կորցրել է վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ ապահովված իրավունքը,

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Սնանկության դատարանը, բողոքարկվող դատական ակտը կայացնելիս, չի նշել ծանրակշիռ փաստական հանգամանքներ այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից 18.11.2019 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները կիրառելի չեն սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ՝ սահմանափակվելով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի վկայակոչմամբ։ Վերաքննիչ դատարանի դատական ակտը և նրանում կատարված եզրահանգումները գործի նոր քննության համար դատարանի համար պարտադիր են։ Ելնելով իրավական որոշակիության և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության սկզբունքներից՝ Վերաքննիչ դատարանը չի կարող հանգել այլ եզրակացության, քան վերոնշյալ որոշմամբ արձանագրված դիրքորոշումները։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն այլևս բովանդակային առումով քննարկման առարկա չի դարձնում վերոնշյալ հիմքի մասով Բողոք բերած անձի դիրքորոշումները՝ ընդունելով, որ դրանց մանրամասն անդրադարձն առկա է Վերաքննիչ դատարանի 18.11.2019 թվականի որոշման մեջ և անհրաժեշտ չհամարելով դրանց կրկնությունը»։

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Սույն գործի նյութերով հիմնավորվել է, որ Անահիտ Կոստանյանը, ով հանդիսացել է Արմավիրի մարզ, Նորապատ գյուղի 5-րդ փողոց թիվ 13 հասցեում գտնվող սրճարանի համասեփականատեր, մահացել է 03.08.2011 թվականին: Նրա մահից հետո գրավադրված գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա 18.08.2015 թվականին գրանցվել են Հրաչյա Մարտիրոսյանի (4/6), Կարեն Մարտիրոսյանի (1/6), Նաիրա Մարտիրոսյանի (1/6) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքները: Գործի նյութերով հիմնավորվել է, որ նրանց կամ ժառանգության բացման վայրի նոտարին Բանկը որևէ պարտավորության կատարման վերաբերյալ պահանջ չի ներկայացրել: Միևնույն ժամանակ, Բանկի՝ որպես գրավառուի, Հրաչյա Մարտիրոսյանի` որպես գրավատուի, Ընկերության՝ որպես պարտապանի իրավահարաբերությունը սուբյեկտային կազմի փոփոխության չի ենթարկվել, քանի որ Անահիտ Կոստանյանի մահից հետո որպես գրավատու շարունակել է հանդես գալ Հրաչյա Մարտիրոսյանը:

Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվեց, թեև օրենսդրի կողմից նախատեսվել է գրավի առարկայի համապարփակ իրավահաջորդության կարգով ժառանգին փոխանցվելու դեպքում գրավառուի իրավունքների պահպանման հնարավորություն, միաժամանակ սահմանվել է համապատասխան կանոն՝ ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում նաև ժառանգությունն ընդունած ժառանգներին կամ ժառանգության բացման վայրի նոտարին դիմելու մասին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, չնայած Անահիտ Կոստանյանը չի հանդիսացել պայմանագրի կողմ, սակայն վիճելի գույքը գրավադրվել է ամբողջությամբ նաև վերջինիս համաձայնությամբ, որից ածանցվում է գրավառուի իրավունքը՝ հետագայում պարտավորությունների ոչ պատշաճ կատարման կամ չկատարման դեպքում, բավարարում ստանալ գրավ դրված գույքի ամբողջ ծավալով իրացման արդյունքում։ Հետևաբար, անկախ այն հանգամանքից, որ տեղի է ունեցել գրավ դրված գույքի սեփականատիրոջ փոփոխություն, նշվածը չի կարող հանգեցնել գրավի իրավունքի դադարման, նկատի ունենալով, որ այն պահպանում է իր ուժն օրենքի հիման վրա՝ համապարփակ իրավահաջորդության ինստիտուտի շրջանակում, նկատի ունենալով, որ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը: Հետևաբար ժառանգատու Անահիտ Կոստանյանի ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իր պահանջները ներկայացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված պարտավորություն Բանկը չի ունեցել։

Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 04092020 թվականի որոշմամբ Բանկի պահանջը՝ 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով, որպես Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող անշարժ գույքով ապահովված պահանջ գրանցելու մասին իրավաչափ է։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Քննարկվող պարագայում, Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի 04.09.2020 թվականի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 04.09.2020 թվականի «Պահանջը քննության առնելու մասին» որոշմանը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ա. Մկրտչյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2025 թվական: