ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/66351/02/22 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.06.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/66351/02/22

2025 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/66351/02/22

Նախագահող դատավոր`

 Ս Մատինյան

Դատավորներ`

 Ն. Կարապետյան

 Տ Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի հունիսի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) հայցի ընդդեմ Անի Քոչարյանի, երրորդ անձ Արման Մուշեղյանի՝ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին եզրակացությունը հաստատելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի որոշման դեմ Արման Մուշեղյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է հաստատել 25.10.1980 թվականի «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում գործող Կենտրոնական մարմնի (այսուհետ՝ Կենտրոնական մարմին) կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին եզրակացությունը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.022023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.10.2023 թվականի որոշմամբ Արման Մուշեղյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.02.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Մուշեղյանը (ներկայացուցիչներ Աշխեն Դաշյան և Արայիկ Ղազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անի Քոչարյանը (ներկայացուցիչ Ռաֆայել Կրոյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի (այսուհետ՝ Հաագայի կոնվենցիա) 1-ին, 2-րդ, 3-րդ և 12-16-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-9-րդ, 13-րդ, 58-րդ, 59-րդ, 66-րդ, 203-րդ, 206 ու 208-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին, մասնավորապես՝ երեխայի անօրինական տեղափոխման կամ պահման փաստի հաստատմանը, և այդպիսով կիրառել է բացառություններ՝ առաջնորդվելով չվերադարձելիության սկզբունքով։ Մինչդեռ բացառությունները կիրառելի են, երբ դատարանները հաստատում են անօրինական տեղափոխման և (կամ) պահման փաստը։

Վերաքննիչ դատարանը չի գնահատել Հաագայի կոնվենցիայի առարկայի և նպատակի լույսի ներքո՝ նույն կոնվենցիայի իրարամերժ՝ 12-րդ ու 13-րդ հոդվածները, մեկնաբանելով և կիրառելով զուգահեռաբար ու համադրաբար, մինչդեռ այդ հոդվածներից մեկի առկայությունը պետք է բացառեր մյուսի կիրառելիությունը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ երեխայի մշտական բնակության վայր է հանդիսանում Գերմանիայի Դաշնության Բիլեֆելդ քաղաքը, ինչն ամրագրված է նաև Գերմանիայի Դաշնության Բիլեֆելդի ընդհանուր իրավասության դատարանի 13072020 թվականի որոշմամբ։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել վերաքննիչ բողոքին կից ներկայացրած նոր ապացույցների շարքում ՍԷԿՏ համակարգի վրիպակի արդեն շտկված տարբերակը կցած լինելու հանգամանքը, որով որպես երեխայի` Հայաստանի Հանրապետություն տեղափոխման հստակ ամսաթիվ նշված է 27.01.2022 թվականը։ Ավելին, Վերաքննիչ դատարանը, մի դեպքում գտել է, որ գրության ամսաթիվն ամբողջական չէ, և վիճելի է մնացել Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ժամանակահատվածն ու արդյունքում նախապատվություն է տվել «առևանգող» ծնողի հայտարարությանը, ով հայտնել է, որ 2021 թվականի հունվարին է երեխայի հետ Հայաստանի Հանրապետություն եկել, մյուս դեպքում՝ իր կողմից ներկայացված համապատասխան գրությունը՝ տարեթվի ամբողջական տեսքով, չի թույլատրել գործով որպես ապացույց այն պատճառաբանությամբ, որ այն չի ներկայացվել Դատարանում։

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Կենտրոնական մարմնի կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման՝ Հաագայի կոնվենցիայի 12-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված՝ երեխայի վերադարձը բացառող հիմքերի առկայության պատճառաբանությամբ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը կիրառել է Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի կարգավորումն այն դեպքում, երբ այդ կարգավորումը ենթակա չէր կիրառման, քանի որ իր կողմից Կենտրոնական մարմնում երեխայի վերադարձի վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու պահի դրությամբ երեխայի` Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխումից կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահումից դեռ չէր անցել մեկ տարի ժամանակ։

Վերաքննիչ դատարանը, կիրառելով Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «բ» կետի կարգավորումը, անտեսել է «լուրջ վտանգ» եզրույթի միջազգային իրավունքում տրված մեկնաբանությունը։ Ցանկացած անհարմարություն, որ երեխան կարող է կրել վերադարձի արդյունքում, և նույնիսկ վտանգի առկայությունն ինքնին չի կարող համարվել «լուրջ վտանգի» շեմը բավարարող, քանի որ վտանգը պետք է լինի իրական ու լուրջ, այնպիսին, որ ունակ լինի վնաս պատճառել երեխային։ Մինչդեռ ստորադաս դատարանները որպես երեխայի համար լուրջ վտանգ են դիտարկել այն հանգամանքը, որ երեխան ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, խոսում է հայերեն, մեկ տարի վերադարձից հետո բնակվում է Հայաստանի Հանրապետությունում և այլ միջավայր տեղափոխվելը կհանգեցնի երեխայի համար հոգեբանական վնասի։

Վերաքննիչ դատարանն անդրադարձել է միայն երեխայի վերադարձի մերժման այնպիսի հիմքերին, որոնք վերաբերում են ինտեգրմանը, լուրջ վտանգին՝ անտեսելով երեխայի տեղափոխման և պահման օրինականության հարցի պարզաբանումը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատական քննության ընթացքում երեխայի հետ դատավորի հարցազրույցը խախտումով է իրականացվել՝ առանց համապատասխան մասնագետների մասնակցության, քանի որ անչափահասի հետ հարցաքննությունը, վերջինիս լսված լինելու իրավունքի ապահովումը պետական մարմինների կողմից չի կարող իրականացվել առանց օրինական ներկայացուցչի կամ առանց հոգեբանի մասնակցության։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.10.2023 թվականի որոշումն ամբողջությամբ և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության կամ բեկանել ու փոփոխել՝ կայացնելով նոր դատական ակտ՝ հայցապահանջը բավարարել ամբողջությամբ։

 

2.1 Անի Քոչարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Հաագայի կոնվենցիան սույն պարագայում ընդհանրապես կիրառելի չէ, քանի որ Գերմանիայի Դաշնության Հանրապետությունն անչափահաս Դավիթ Մուշեղյանի մշտական բնակության վայրը երբևէ չի հանդիսացել։ Ինչպես ինքը, այնպես էլ անչափահաս Դավիթ Մուշեղյանի՝ մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում և հաշվառված են եղել Հայաստանի Հանրապետությունում (հիմք՝ 26.01.2022թ-ի N 220034003023 տեղեկանքը՝ անչափահաս Դավիթ Մուշեղյանի հաշվառման վերաբերյալ), սակայն եթե նույնիսկ պայմանականորեն դիտարկելի լիներ, որ անչափահաս Դավիթ Մուշեղյանի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստի կապակցությամբ կիրառելի են Հաագայի կոնվենցիայի դրույթները, միևնույն է վերջինիս վերադարձն այլևս հնարավոր չէ նույն Հաագայի կոնվենցիայի իմաստով, քանի որ առկա է Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածով նախատեսված վերադարձը բացառող հիմքը։

Հաագայի կոնվենցիայի կիրառությունը չի կարող իրականացվել երեխայի շահերին հակառակ, իսկ նման հանգամանքներում, երբ անչափահաս երեխան բնակվում է իր մշտական բնակության վայրում՝ ամբողջությամբ ինտեգրված իր երկրում՝ ունենալով սեփական կարծիքը (որ վերջինս մանրամասն արտահայտել է դատական գործի քննության ընթացքում) Գերմանիայի Դաշնության Հանրապետություն չմեկնելու վերաբերյալ, ինքը գտնում է, որ առավել քան ակնհայտ է, որ հարկադրաբար երեխային Գերմանիայի Դաշնության Հանրապետություն տեղափոխելու գործողությունը ոչ միայն վերջինիս կդնի անտանելի իրավիճակի մեջ, այլ նաև կխաթարի երեխայի բնականոն կյանքի ընթացքը, ինչը չի կարող բխել երեխայի լավագույն շահերից։

Միայն վերը նշված հանգամանքն արդեն իսկ բացառում է երեխայի՝ Գերմանիայի Դաշնության Հանրապետություն տեղափոխելու պահանջի բավարարումը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետի կողմից տրված թիվ 175273 ծննդյան վկայականի համաձայն՝ Դավիթ Արմանի Մուշեղյանը ծնվել է 2011 թվականի դեկտեմբերի 3-ին: Նրա հայրն է Արման Ֆելիքսի Մուշեղյանը, մայրը՝ Անի Մանվելի Քոչարյանը (հատոր 2-րդ, գ.թ. 41)

2) Արման Մուշեղյանը 27.01.2022 թվականին դիմում է ներկայացրել Կենտրոնական մարմին՝ անչափահաս Դավիթ Մուշեղյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն վերադարձնելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 17-21)

3) Կենտրոնական մարմնի 08.12.2022 թվականի եզրակացությամբ, Արման Մուշեղյանի դիմումի և գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Կենտրոնական մարմինը գտել է, որ մոր գործողությունները՝ երեխային Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ու պահելու մասով չեն կարող գնահատվել որպես օրինական: Միևնույն ժամանակ քննարկելով երեխայի վերադարձը մերժելու հիմքերի առկայությունը՝ Կենտրոնական մարմինը նշել է, որ չունի բավարար գործիքակազմ ստուգելու երեխայի իրական վերաբերմունքը հոր նկատմամբ, ինչը պահանջում է մասնագիտական գիտելիքներ: Կենտրոնական մարմինը եզրահանգել է, որ հարցի լուծումը թողնում է դատարանի քննարկմանը (հատոր 2-րդ, գ.թ. 14-22)

4) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բիլեֆելդի ընդհանուր իրավասության ընտանեկան դատարանի 28.07.2016 թվականի 34 F 1263/16 վճռի վավերացված թարգմանության պատճենի համաձայն՝ լուծվել է Անի Քոչարյանի և Արման Մուշեղյանի միջև 20.01.2010 թվականին թիվ 33 համարի ներքո գրանցված ամուսնությունը: Վճռով հաստատված է համարվել այն փաստը, որ կողմերը մեկ տարուց ավել է, ինչ բաժանված են (հատոր 2-րդ, գ.թ. 46-48)

5) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բիլեֆելդի ընդհանուր իրավասության ընտանեկան դատարանի 13.07.2020 թվականի 34 F 1065/20 վճռի վավերացված թարգմանության պատճենի համաձայն՝ «(…) Երեխայի ծնողները համաձայն են միմյանց հետ, որ Դավիթի հիմնական բնակության վայրը երեխայի մոր մոտ է՝ այստեղ՝ Բիլեֆելդում: Երեխայի մայրը չի նախատեսել Դավիթի հետ Հայաստան տեղափոխվել: Երեխայի մայրը միակողմանի չի փոխի Դավիթի հիմնական բնակության վայրը» (հատոր 2-րդ, գ.թ. 52-54)

6) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բիլեֆելդի ընդհանուր իրավասության ընտանեկան դատարանի 10.12.2015 թվականի 34 F 2887/15 վճռի վավերացված թարգմանության պատճենի համաձայն՝ «(...) Երեխայի ծնողները պայմանավորվել են, որ երեխայի հայրն իրավունք ունի շփվելու երեխայի հետ յուրաքանչյուր երկրորդ շաբաթվա վերջում՝ ուրբաթ օրը մանկապարտեզից հետո մինչև երկուշաբթի առավոտ: Երեխայի հայրը ուրբաթ օրը կեսօրից հետո մանկապարտեզից վերցնում է իրենց համատեղ որդուն՝ Դավիթ Մուշեղյանին, ծնվ 03.12.2011թ և երկուշաբթի առավոտյան նրան ետ բերում մանկապարտեզ։ Հաջորդ շփման օրը 18-ից մինչև 21.12.2015թ: Այնուհետև պայմանավորված շփում՝ 23-ից մինչև 27 և 02-ից մինչև 03.01.2016թ: Հաջորդ որոշված շաբաթվա վերջը շփման համար սկսած ուրբաթից, 15.01.2016թ և այսպես, յուրաքանչյուր երկրորդ շաբաթվա վերջում: (...) Երեխայի ծնողները պայմանավորվում են, որ բնակության հիմնական վայրն իրենց համատեղ որդու համար երեխայի մոր կեցության վայրն է» (հատոր 2-րդ, գ.թ. 108-109)

7) Բիլեֆելդի ոստիկանության վարչության ընտանեկան բռնության դեպքում ոստիկանության միջամտության վերաբերյալ կազմված փաստաթղթերի վավերացված թարգմանության պատճենի համաձայն՝ ըստ թիվ 400000-022175-15/9 գործի՝ 28.04.2015 թվականին ժամը 21:25-ին Արման Մուշեղյանը ֆիզիկական բռնություն է գործադրել Անի Քոչարյանի նկատմամբ՝ բազմիցս խփելով գլխին: Արձանագրվել է վտանգի կանխատեսում՝ այլ ֆիզիկական ընդհարումներն անհավանական են, բայց ամբողջովին բացառված չեն, հարաբերություններն ընդհատված են, ամուսինը ծանր հիվանդության պատճառով թեթև հոգեկան խանգարում է ստացել: Կինը մինչև տեղափոխվելը պետք է խուսափի ամուսնուց: Նշվել է նաև, որ մեղադրյալն անվասայլակի վրա է և քաղցկեղով ծանր հիվանդ է (հատոր 3-րդ, գ.թ. 76-77)

8) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բիլեֆելդի ոստիկանության վարչության ընտանեկան բռնության դեպքում ոստիկանության միջամտության վերաբերյալ կազմված փաստաթղթերի վավերացված թարգմանության պատճենի համաձայն՝ թիվ 400000‑027798-15/5 գործի համաձայն՝ 26.05.2015 թվականին Արման Մուշեղյանը ֆիզիկական բռնություն է գործադրել Անի Քոչարյանի նկատմամբ, սեղմել է հատակին, մարմնի կողմից խփել, այնուհետև սպառնացել, որ «Սպասիր, ես քեզ սպանելու եմ» (հատոր 3-րդ, գ.թ. 73-74)

9) Գերմանիայի Դաշնային Հանրապետության ընտանեկան գործերով Բիլեֆելդի առաջին ատյանի դատարանի 03.06.2015 թվականի և 06.07.2015 թվականի որոշումներով կիրառվել են հայցի ապահովման միջոցներ՝ կապված Արման Մուշեղյանի կողմից Անի Քոչարյանի նկատմամբ բռնության դեպքերի հետ (հատոր 3-րդ, գ.թ. 79-81, 85-87)

10) Երևանի քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության երեխաների պաշտպանության բաժնի աշխատակիցների կողմից 17.05.2022 թվականին կազմված՝ Անի Քոչարյանի ու նրա որդու՝ Դավիթ Մուշեղյանի կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն՝ Անի Քոչարյանը բնակվում է իր ամուսնու հորը պատկանող բնակարանում՝ ք. Երևան, Ուլնեցի փող., 66 Ա շ., բնակարան 6 հասցեում, երեխան ունի առանձնասենյակ՝ կահավորված անհրաժեշտ գույքով, տունայցի պահին երեխան դասապատրաստում էր կատարում, ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ երեխայի խնամքն և դաստիրակությունն ապահովելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 86)

11) Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության երեխաների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ-հոգեբանի կողմից 17.05.2022 թվականին կազմված տեղեկատվության համաձայն՝ «(...) Զրույցն ընթացել է մոր՝ Ա. Քոչարյանի ներկայությամբ՝ առաջնորդվելով երեխայի ցանկությամբ, սակայն մոր հետ աչքի կոնտակտ չեն ունեցել, և մայրը որևէ կերպ չի միջամտել զրույցին: Դ. Մուշեղյանը գտնվում էր հուզական կայուն վիճակում, շփվում էր անկաշկանդ, խոսքը հստակ էր և տրամաբանված: (...) Գերմանիայում ապրած տարիներին անդրադարձի ժամանակ Դ. Մուշեղյանը լարված էր և գերակշռում էին բացասական ապրումներով ուղեկցվող հիշողությունները: (...) Դ. Մուշեղյանը նշեց, որ ՀՀ տեղափոխվելուց հետո հայրը որևէ կերպ կապ չի հաստատել իր հետ, ինքն էլ չի ցանկանում խոսել հոր հետ» (հատոր 2-րդ, գ.թ. 86 դարձերես. գ.թ. 87)

12) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/7720/02/22 քաղաքացիական գործն ըստ Անի Քոչարյանի հայցի ընդդեմ Արման Մուշեղյանի, իրավասու անձ Երևան քաղաքի Քանաքեռ‑Զեյթուն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ ալիմենտի բռնագանձման ու երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով որոշելու պահանջների մասին, ինչպես նաև Արման Մուշեղյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Անի Քոչարյանի, իրավասու անձ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով որոշելու, ինչպես նաև երեխայի խնամքն ու դաստիարակությունը հորը հանձնելու պահանջների մասին (հիմք՝ «datalex.am» պաշտոնական տեղեկատվական համակարգ)

13) «Ուղեկից հոգեբանական կենտրոն» ՍՊ ընկերության կողմից 05.08.2022 թվականին տրված թիվ 22-006Պ հոգեբանական եզրակացության համաձայն՝ Դավիթ Մուշեղյանը ներկայումս որպես իր ընտանիքի անդամներ ընկալում է իր մորը՝ Անի Քոչարյանին և նրա ներկայիս ամուսնուն, ունի սերտ հուզական կապվածություն ու նույնականացում մոր և ներկայիս ամուսնու հետ, հոր՝ Արման Մուշեղյանի նկատմամբ առկա է արտահայտված զգուշավոր ու մերժողական վերաբերմունք, Դավիթ Մուշեղյանը ցանկանում է բնակվել մոր և մոր ներկայիս ամուսնու հետ: Դավիթ Մուշեղյանի հիշողության մեջ պահպանվել են անցյալում տեղի ունեցած բացասական իրադարձությունների՝ հոր կողմից մորը և որոշ իրավիճակներում նաև իրեն ուղղված բացասական բովանդակությամբ արտահայտությունների ու ֆիզիկական բռնությունների բովանդակությամբ դրվագներ: (…) Երեխան ամբողջովին ադապտացվել է իր ներկայիս միջավայրում, ունի անվտանգության և ապահովության զգացում, տվյալ փուլում Դավիթ Մուշեղյանին իր միջավայրից այլ միջավայր տեղափոխելը կարող է հանգեցնել Դավիթ Մուշեղյանի հոգեբանական անվտանգության զգացողության խաթարմանը, անելանելիության զգացողության ու տրավմատիկ փորձի վերապրման (հատոր 3-րդ, գ.թ. 53-58)

14) Դատարանը 26.01.2023 թվականին որոշում է կայացրել անչափահաս երեխայի կարծիքը լսելու համար դռնփակ դատական նիստ հրավիրելու մասին: Որոշումը տեղեկություններ է պարունակում անչափահաս երեխայի՝ դատավորին ուղղված նամակի վերաբերյալ:

Նշված որոշումը Դատարանի կողմից ուղարկվել է նաև բողոքաբերի ներկայացուցչին (օժտված է նաև ծանուցում և դատավարական փաստաթղթեր ստանալու լիազորությամբ), վերջինն այն ստացել է 01.02.2023 թվականին: Դատարանի 26.01.2023 թվականի որոշմամբ անչափահաս երեխայի կարծիքը լսելու համար հրավիրված դռնփակ դատական նիստին ներկայացել է երրորդ անձ Արման Մուշեղյանը. վերջինս գտնվել է Հայաստանի Հանրապետությունում (հատոր 3-րդ, գ.թ. 100-104, 110)

15) Անչափահաս երեխա Դավիթ Մուշեղյանի կարծիքը լսելու համար հրավիրված դատական նիստին երեխային ուղեկցել է մայրը՝ Անի Քոչարյանը:
Երեխայի կարծիքը Դատարանը լսել է դռնփակ նիստում՝ դատական նիստերի դահլիճից դուրս հրավիրելով ծնողներին՝ Անի Քոչարյանին և Արման Մուշեղյանին, ինչպես նաև նրանց ներկայացուցիչներին:

16) Կենտրոնական մարմինն իր դիմումում նշել է, որ երեխան Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 20.01.2022 թվականին: Պատասխանողն առարկել է հիշյալ փաստարկի դեմ՝ նշելով, որ ինքը երեխայի հետ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել դեռևս 2021 թվականի հունվար ամսին՝ ներկայացնելով իր և երեխայի անձնագրերի լուսապատճենները (հատոր 2-րդ, գթ 9-24, հատոր 3-րդ, գթ 3-20, 25-32)

17) ՀՀ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի կողմից հայցվորին տրված 05.05.2022 թվականի գրության համաձայն՝ «ՍԷԿՏ» համակարգում գրանցված անձանց տվյալների համաձայն՝ Անի Քոչարյանը և Դավիթ Մուշեղյանը Հայաստանի Հանրապետություն են ժամանել «20.01.202թ.» (հատոր 2‑րդ, գթ 89)

18) 14.02.2023 թվականին Արման Մուշեղյանը Դատարանի 07.02.2023 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կից ներկայացրել է նոր ապացույցներ, այդ թվում՝ ՀՀ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի կողմից 13.02.2023 թվականի գրությունը, համաձայն որի՝ «Ի լրումն 05052022 թ 12/5/38435 գրությանը հայտնում եմ, որ Անի Քոչարյանի և իր անչափահաս որդի՝ Դավիթ Մուշեղյանի տվյալները համադրվել են «ՍԷԿՏ» համակարգում գրանցված անձանց տվյալների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջիններս 20012022 թվականին ժամանել են Հայաստանի Հանրապետություն» (հատոր 4-րդ, գթ 33-ի դարձերես)։

19) 16052025 թվականին Արման Մուշեղյանը, ի լրումն վճռաբեկ բողոքի, ներկայացրել է միջնորդություն՝ ձեռքբերված նոր ապացույց թույլատրելու վերաբերյալ։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Հաագայի կոնվենցիայի 12-րդ ու 13-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ վեճեր քննելիս դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու հնարավորությանը, ինչպես նաև երեխայի կարծիքը լսելու դատավարական կարգին և երեխայի լսված լինելու իրավունքն իրացնելիս սեփական հայացքներն արտահայտելու հարցում երեխայի կարողությունների անհատական գնահատմանը։

 

Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի տեղափոխումը կամ պահելը անօրինական է դիտվում, եթե.

ա) դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն Պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, և

բ) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը:

«ա» կետում նշված խնամակալության իրավունքները կարող են առաջանալ, մասնավորապես, օրենքի ուժով կամ դատական կամ վարչական որոշման կամ տվյալ Պետության օրենսդրությանը համապատասխան իրավական ուժ ունեցող համաձայնության արդյունքում:

Հաագայի կոնվենցիայի բացատրական զեկույցի (այսուհետ` Բացատրական զեկույց) 57-րդ կետի համաձայն՝ «անօրինական պահվող» արտահայտությունը վերաբերում է այն դեպքերին, երբ երեխան խնամակալի համաձայնությամբ գտնվում է (բնակվում է) իր հիմնական (habitual) բնակության վայրից դուրս այլ վայրում և չի վերադարձվում այն անձի կողմից, որի հետ նա բնակվում է (գտնվում է) իր հիմնական (habitual) բնակության վայրից դուրս այլ վայրում: Սա այն դեպքն է, որն ի հայտ է գալիս, երբ երեխայի տեղափոխումը հանդիսանում է տեսակցության իրավունքի չարաշահման արդյունք:

Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ կոնվենցիան կիրառվում է ցանկացած երեխայի նկատմամբ, որը խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտումից անմիջապես առաջ մշտապես բնակվել է որևէ Պայմանավորվող պետությունում: Կոնվենցիայի կիրառումը դադարեցվում է, երբ երեխան դառնում է 16 տարեկան:

Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ նույն կոնվենցիայի նպատակների համար`

ա) «խնամակալության իրավունքներ»-ը ներառում են երեխայի անձի նկատմամբ խնամք տանելուն և, մասնավորապես, երեխայի բնակության վայրը որոշելուն վերաբերող իրավունքները.

բ) «տեսակցության իրավունքներ»-ը ներառում են երեխային սահմանափակ ժամանակով իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր տանելու իրավունքը:

Բացատրական զեկույցի 84-րդ կետի համաձայն՝ 3-րդ հոդվածի ընդհանուր մեկնաբանությունից բխում է, որ այն պաշտպանում է նաև համատեղ (միասնական) խնամակալության իրավունքի իրականացումը:

Հաագայի կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարզելու համար, թե արդյոք առկա՞ է 3-րդ հոդվածի իմաստով անօրինական տեղափոխման կամ պահման փաստ, հայցվող պետության դատական կամ վարչական մարմինները կարող են ուղղակի հաշվի առնել երեխայի մշտական բնակության պետության իրավունքը և այնտեղ պաշտոնապես ճանաչված կամ չճանաչված դատական կամ վարչական որոշումները` առանց դիմելու տվյալ իրավունքը ստուգելու կամ օտարերկրյա որոշումը ճանաչելու հատուկ ընթացակարգերի, որոնք այլ կերպ կիրառելի կլինեն։

Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ եթե երեխան ապօրինաբար տեղափոխվել կամ պահվել է, ըստ 3-րդ հոդվածի դրույթների, երեխայի գտնվելու վայրի Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից անցել է մեկ տարուց պակաս, համապատասխան մարմինները կարգադրություն են անում երեխային անհապաղ վերադարձնելու մասին:

Դատական կամ վարչական մարմինները նույնիսկ այն դեպքերում, երբ ընթացակարգերը սկսվել են նախորդ կետում նշված մեկամյա ժամկետն անցնելուց հետո, նույնպես կարգադրություն են անում երեխային վերադարձնելու մասին, եթե միայն ապացուցված չէ, որ երեխան արդեն լիովին համակերպվել է իր նոր միջավայրին:

Եթե դատական կամ վարչական մարմինները հայցվող Պետությունում հիմքեր ունեն հավատալու, որ երեխան դուրս է բերվել այլ Պետություն, նրանք կարող են դադարեցնել ընթացակարգերը կամ մերժել երեխայի վերադարձման մասին դիմումը:

Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ չնայած նախորդ հոդվածի դրույթներին` հայցվող Պետության դատական կամ վարչական մարմինները պարտավորված չեն կարգադրություններ անել երեխային վերադարձնելու մասին, եթե երեխայի վերադարձին դեմ հանդես եկող անձը, հաստատությունը կամ այլ մարմինն ապացուցում են, որ.

ա) երեխայի նկատմամբ խնամք իրականացնող անձը, հաստատությունը կամ այլ մարմինը տեղափոխման կամ պահելու պահին փաստացի չեն իրականացրել խնամակալության իրավունքները, կամ համաձայնություն են տվել, կամ հետագայում ընդունել են տեղափոխման կամ պահելու փաստը.

բ) գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ:

Դատական կամ վարչական մարմինները կարող են նաև մերժել երեխայի վերադարձման մասին կարգադրություն անելը, եթե նրանք պարզում են, որ երեխան դեմ է վերադարձին և հասել է այնպիսի տարիքի և հասունության մակարդակի, որ նպատակահարմար է հաշվի առնել նրա կարծիքը:

Քննարկելով սույն հոդվածում նշված հանգամանքները` դատական կամ վարչական մարմիններն ուշադրություն են դարձնում երեխայի մշտական բնակության երկրի Կենտրոնական մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից տրամադրված` երեխայի սոցիալական ծագմանը վերաբերող տեղեկատվությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, Աշոտ Ղազարյանն ընդդեմ Աննա Վարդանյանի թիվ ԵԴ/2440/02/18 քաղաքացիական գործով 23.10.2020 թվականի որոշմամբ արձանագրել է

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի լույսի ներքո անդրադառնալով ծնողի՝ իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքին՝ իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Եվրոպական կոնվենցիան պետք է կիրառվի միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանությանը վերաբերող նորմերին համապատասխան։ Անդամ պետությունների վրա Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով դրվող՝ ծնողներին իրենց երեխաների հետ վերամիավորելու պոզիտիվ պարտականությունը պետք է մեկնաբանվի Հաագայի կոնվենցիայի լույսի ներքո (տե՛ս Iglesias Gil and A.U.I. v. Spain գործով Եվրոպական դատարանի 29.04.2003 թվականի վճիռը, 51-րդ կետ)։

Եվրոպական դատարանը նշել է, որ որոշիչ խնդիրն այն է, թե արդյոք ներպետական դատարաններն այս գործերով իրենց հայեցողության սահմաններում ապահովել են մրցակից կողմերի` երեխայի, ծնողների և հասարակական կարգի շահերի ճիշտ հավասարակշռումը՝ հաշվի առնելով այն, որ երեխայի լավագույն շահերն առաջնային ուշադրության առարկա են:

Ինչպես Եվրոպական կոնվենցիայից, այնպես էլ Հաագայի կոնվենցիայից բխում է, որ երեխայի վերադարձն իր մշտական բնակության վայր չի կարող կատարվել մեխանիկորեն: Եվրոպական կոնվենցիայի և Հաագայի կոնվենցիայի ներդաշնակ մեկնաբանությունն ապահովելու համար՝ գործը քննող դատարանն այս հարցի վերաբերյալ պետք է բավարար կերպով հիմնավորված որոշում կայացնի՝ դիտարկելով Հաագայի կոնվենցիայի 12-րդ, 13‑րդ ու 20-րդ հոդվածներով նախատեսված երեխայի անհապաղ վերադարձման բացառությունները, այնուհետև դրանք գնահատելով Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի լույսի ներքո (տե՛ս X. v. Latvia թիվ 27853/09 գանգատով Եվրոպական դատարանի 26.11.2013 թվականի վճիռը, 95, 98, 106 կետեր)։

Մեկ այլ որոշմամբ Եվրոպական դատարանը նշել է, որ Հաագայի կոնվենցիայի հիման վրա հարուցված վերադարձի վարույթում, որը համապատասխանաբար տարբերվում է երեխայի խնամքը որոշելու ընթացակարգից, «երեխայի լավագույն շահ» գաղափարը պետք է գնահատվի Հաագայի կոնվենցիայով նախատեսված բացառությունների լույսի ներքո, որոնք վերաբերում են ժամկետներին (հոդված 12), Հաագայի կոնվենցիայի կիրառելիության պայմաններին (հոդված 13-րդ, «ա» կետ), «լուրջ վտանգի» առկայությանը (հոդված 13, «բ») և պետության հիմնարար սկզբունքներին համապատասխանությանը, որոնք վերաբերում են մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին (հոդված 20): Այս պարտականությունը դրված է ներպետական իշխանությունների վրա, ովքեր հնարավորություն ունեն անմիջապես շփվելու կողմերի հետ:

Կա լայն կոնսենսուս, ներառյալ միջազգային իրավունքում, ի պաշտպանություն այն գաղափարի, որ երեխաներին վերաբերող բոլոր որոշումներում նրանց լավագույն շահը պետք է առաջնահերթ լինի: Նույն փիլիսոփայությունն արտացոլված է նաև Հաագայի կոնվենցիայում, որտեղ այս շահը կապում է ստատուս քվոյի «status quo» վերականգնման հետ՝ իր մշտական բնակության երկիր երեխայի անհապաղ վերադարձի մասին կարգադրություն անելու միջոցով, եթե առկա է անօրինական առևանգում՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ վերադարձնելու անհնարինությունը, երբեմն, կարող է արդարացվել օբյեկտիվ պատճառներով, որոնք բխում են երեխայի շահից, ինչն էլ բացատրում է բացառությունների առկայությունը, մասնավորապես՝ լուրջ վտանգի (Grave Risk) դեպքում, երբ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ (Հաագայի կոնվենցիայի 13‑րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ):

Երեխայի շահը ներառում է երկու տարր: Մի կողմից այն թելադրում է, որ երեխայի կապն իր ընտանիքի հետ պահպանվի, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտանիքը պատշաճ չէ: Նշվածից հետևում է, որ ընտանեկան կապերը կարող են խզվել միայն բացառիկ հանգամանքներում և ամեն ինչ պետք է արվի անձնական կապերը պահպանելու ու հարկ եղած դեպքում ընտանիքը «վերականգնելու» ուղղությամբ: Մյուս կողմից, ակնհայտ է նաև, որ երեխայի շահից ելնելով՝ պետք է ապահովել նրա զարգացումն առողջ միջավայրում, և Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ ծնողն իրավասու չէ այնպիսի գործողություններ կատարել, որոնք վնաս կհասցնեն երեխայի առողջությանն ու զարգացմանը (տե՛ս Ushakov v. Russia թիվ 15122/17 գանգատով Եվրոպական դատարանի 18.06.2019 թվականի վճիռը, 79-81 կետեր)»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Հաագայի կոնվենցիայով նախատեսված՝ երեխային իրեն վերադարձնելու ծնողի իրավունքի դատական պաշտպանության հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Հաագայի կոնվենցիայի նպատակներն են.

1) ապահովել որևէ Պայմանավորվող պետություն անօրինականորեն տեղափոխված կամ այնտեղ պահվող երեխաների անհապաղ վերադարձը, և

2) երաշխավորել մի Պայմանավորվող պետության օրենսդրությամբ նախատեսված` խնամակալության և տեսակցության իրավունքների արդյունավետ հարգումն այլ Պայմանավորվող պետություններում:

Այս նպատակների իրականացման համար Պայմանավորվող պետություններն անհապաղ պետք է ձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցները։ Երեխաները, ովքեր անօրինական կերպով տեղափոխվել կամ պահվում են որևէ Պայմանավորվող պետության տարածքում, զրկված են իրենց խնամքն իրականացնելու իրավունք ունեցող անձի հետ կայուն հարաբերություններ պահպանելու հնարավորությունից, և հենց այդ հարաբերություններն անհապաղ վերականգնելուն է ուղղված Հաագայի կոնվենցիայի նպատակների իրագործումը։ Թեև այս կոնվենցիան օգտագործում է «առևանգում» եզրույթը, այնուամենայնիվ, այն չպետք է ընկալվի քրեաիրավական իմաստով, քանի որ Հաագայի կոնվենցիան վերաբերում է երեխայի միջազգային առևանգման միայն քաղաքացիական ձևերին և դրանում օգտագործվող հասկացություններն ունեն ինքնուրույն իմաստ։

Մասնավորապես՝ Հաագայի կոնվենցիայի նպատակների լույսի ներքո դրա 3-րդ և 12‑րդ հոդվածների վերլուծությունից բխում է, որ «առևանգում» հասկացությունն այդ կոնվենցիայի իմաստով ընդգրկում է երեխային մի Պայմանավորվող պետությունից մյուս Պայմանավորվող պետություն անօրինական տեղափոխելու կամ պահելու դեպքերը։ Իսկ այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական է այն դեպքում, երբ`

1) դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, և

2) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ այդ կոնվենցիայի պաշտպանության ներքո են գտնվում երեխայի նկատմամբ խնամակալության և տեսակցության իրավունքները։ Ըստ այդմ՝ «խնամակալության իրավունքները» ներառում են երեխայի անձի նկատմամբ խնամք տանելուն և, մասնավորապես, երեխայի բնակության վայրը որոշելուն վերաբերող իրավունքները, իսկ «տեսակցության իրավունքները» ներառում են երեխային սահմանափակ ժամանակով իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր տանելու իրավունքը (տե՛ս Արսեն Բաբասյանն ընդդեմ Արմինե Բաբասյանի թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով նախկինում արտահայտած դիրքորոշումը, արձանագրել է, որ նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական համարելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.

ա) երեխային տեղափոխելով կամ պահելով խախտվել են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, և

բ) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը։

Այսինքն՝ Հաագայի կոնվենցիայի իմաստով տեղափոխումը կամ պահումը համարվում է ապօրինի, եթե երեխան իր մշտական բնակության վայրից այլ վայր է տեղափոխվել առանց վերադարձ պահանջող ծնողի համաձայնության կամ պահվել է տեղափոխման երկրում առանց վերջինիս համաձայնության, և վերադարձ պահանջող ծնողն ունեցել է և փաստացի իրականացրել է խնամակալության իրավունք երեխայի նկատմամբ մինչև նրա տեղափոխելը կամ պահելը: Ընդ որում, Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածը վերաբերում է նաև համատեղ (միասնական) կարգով իրականացվող խնամակալության իրավունքներին: «Համատեղ (միասնական) կարգով իրականացվող խնամակալության իրավունքը» ենթադրում է, որ ծնողներն իրենց այդ իրավունքն իրացնում են հավասար հիմունքներով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ երեխաներին վերաբերող բոլոր որոշումներում նրանց լավագույն շահը պետք է առաջնահերթ լինի: Նույն գաղափարն արտացոլված է նաև Հաագայի կոնվենցիայում, որտեղ այս շահը պայմանավորված է ստատուս քվոյի վերականգնումով, այսինքն՝ երեխայի անհապաղ վերադարձն իր մշտական բնակության երկիր ապահովելով, եթե առկա է անօրինական առևանգում՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ վերադարձնելու անհնարինությունը, երբեմն, կարող է արդարացվել օբյեկտիվ պատճառներով, որոնք բխում են երեխայի շահից, ինչն էլ բացատրում է Հաագայի կոնվենցիայում բացառությունների առկայությունը: Հաագայի կոնվենցիայի հիման վրա վերադարձի վարույթի շրջանակներում «երեխայի լավագույն շահ» գաղափարը պետք է գնահատվի Հաագայի կոնվենցիայով նախատեսված բացառությունների լույսի ներքո:

ՀՀ վճռաբեկ դատարանը Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ եթե Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերն սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու օրվանից անցել է մեկ տարի, ապա վերադարձի իմպերատիվ պահանջն այլևս չի գործում և առաջնային է դառնում որոշելը՝ արդյո՞ք երեխան ինտեգրվել է նոր միջավայրին։ Գործնականում դա հիմնավորվում է երեխայի սոցիալականացման վերաբերյալ փաստերով և դրանք հիմնավորող ապացույցներով՝ նոր միջավայրում դպրոց, մանկապարտեզ, տարբեր խմբակներ հաճախելով, հոգեբանի եզրակացությամբ, հարազատների, բարեկամների (տատիկ, պապիկ, քույր, հորաքույր) առկայությամբ, որոնց հետ երեխան պարբերաբար շփվում է, սոցիալականացման ու ընտանեկան միջավայրի մասին այլ փաստերով և ապացույցներով:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ Հաագայի կոնվենցիայով երեխայի՝ իր նոր միջավայրին արդեն լիովին համակերպվելու վերաբերյալ գնահատման չափորոշիչներ չեն սահմանվել: Նշվածի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանը յուրաքանչյուր դեպքում երեխայի՝ իր նոր միջավայրին արդեն լիովին համակերպվելու հանգամանքը գնահատելիս պետք է հաշվի առնի երեխայի տարիքը, նոր միջավայրում երեխայի բնակվելու կայունությունը, երեխայի դպրոց կամ այլ հաստատություն հաճախելը, նոր միջավայրում ընկերներ կամ բարեկամներ ունենալու հանգամանքը, առևանգող (տեղափոխող) ծնողի աշխատանքի կայունությունը և այլն:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «երեխան արդեն լիովին համակերպվել է իր նոր միջավայրին» պայմանը ենթակա է քննարկման միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերն սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու օրվանից անցել է մեկ տարի:

Բացատրական զեկույցի 116-րդ կետի համաձայն՝ բացառությունները, որոնք ներառված են «բ» կետում, վերաբերում են այն իրավիճակներին, երբ իսկապես տեղի է ունեցել երեխայի միջազգային առևանգում, սակայն՝ երեխայի վերադարձը կհակասի երեխայի շահին այն իմաստով, ինչ իմաստով որ այդ արտահայտությունը հասկացվում է նույն ենթակետում։ Նույն դրույթում օգտագործված տերմիններից յուրաքանչյուրը Հատուկ հանձնաժողովի քննարկումների ընթացքում ձեռք բերված նուրբ փոխզիջման արդյունքն է և պահպանվել է անփոփոխ: Սրանից չի կարելի բխեցնել, որ եթե վերադարձը երեխային կարող է պատճառել տնտեսական վնաս կամ խաթարել նրա կրթական հեռանկարները, ապա կարող է համարվել Կոնվենցիայով նախատեսված բացառությունը, այսինքն՝ բացառությունները չպետք է լայն մեկնաբանել:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին, արձանագրել է, որ Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով առանձնացվում են լուրջ վտանգի (Grave Risk)» հետևյալ տեսակները.

- լուրջ վտանգ, որ վերադարձը երեխային կենթարկի ֆիզիկական վնասի,

- լուրջ վտանգ, որ վերադարձը երեխային կենթարկի հոգեկան վնասի,

- լուրջ վտանգ, որ վերադարձն այլ կերպ երեխային կդնի անհանդուրժելի (անտանելի) իրավիճակում:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «ԼՈՒՐՋ» (grave) տերմինը վերագրվում է ռիսկին (վտանգին), այլ ոչ փաստացի վնասին: Այն ցույց է տալիս, որ ռիսկը պետք է լինի իրական և հասնի ծանրության այնպիսի մակարդակի, որ բնութագրվի որպես «լուրջ»: Լուրջ վտանգը գնահատելիս անհրաժեշտ է վերլուծել այն տեղեկությունները (ապացույցները), որոնց վրա հիմնվում է անձը, որը դեմ է երեխայի վերադարձմանը (սովորաբար՝ առևանգող ծնողը), վերլուծել ինչպես այն հանգամանքները, որոնք առկա էին մինչև անօրինական տեղափոխումը կամ պահումը, այնպես էլ այն հանգամանքները, որոնք ի հայտ են գալու երեխային վերադարձնելիս: Անհրաժեշտության դեպքում պետք է հաշվի առնվի նաև պաշտպանության անհրաժեշտ և արդյունավետ միջոցների առկայությունը երեխայի հիմնական բնակության երկրում:

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ յուրաքանչյուր դեպքում Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «բ» կետի ուժով սահմանված բացառությունը հաստատված համարելու համար դատարանը պետք է գնահատման առարկա դարձնի «լուրջ վտանգի» առկայությունը՝ նույն կետում նշված բոլոր հանգամանքները քննարկման առարկա դարձնելով:

Դատական պաշտպանության իրավունքը Հաագայի կոնվենցիայի շրջանակներում նախատեսված իրավական կառուցակարգերի միջոցով իրականացնելու համար դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է պարզի հետևյալ հանգամանքները.

1) արդյո՞ք դեպքը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխայի նկատմամբ Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով «խնամակալության իրավունքներին» կամ «տեսակցության իրավունքներին»,

2) արդյո՞ք երեխան տեղափոխվել է որևէ Պայմանավորվող պետությունից,

3) արդյո՞ք վայրը, որտեղից երեխան տեղափոխվել է, երեխայի մշտական բնակության վայրն էր մինչև երեխային տեղափոխելը կամ պահելը,

4) արդյո՞ք երեխան տեղափոխվել կամ պահվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,

5) արդյո՞ք վերադարձ պահանջող ծնողն ունեցել է և փաստացի իրականացրել է խնամակալության իրավունք երեխայի նկատմամբ մինչև նրա տեղափոխելը կամ պահելը,

6) արդյո՞ք երեխան իր մշտական բնակության վայրից այլ վայր է տեղափոխվել առանց վերադարձ պահանջող ծնողի համաձայնության կամ պահվել է տեղափոխման երկրում առանց վերջինիս համաձայնության:

Նշված դրույթների վերլուծությունից բխում է, որ դատարանը կարգադրություն է անում երեխային վերադարձնելու մասին՝ այն երկիր, որտեղից երեխան տեղափոխվել է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

- երեխան ապօրինաբար տեղափոխվել կամ պահվել է Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով,

- դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից չի անցել մեկ տարի,

- դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից անցել է մեկ տարի և չի ապացուցվել, որ երեխան արդեն լիովին համակերպվել է իր նոր միջավայրին,

- երեխան գտնվում է հայցվող Պետությունում,

- առկա չեն Հաագայի կոնվենցիայի 13-րդ և 20-րդ հոդվածներով սահմանված երեխայի վերադարձը մերժելու հիմքերը (տե՛ս Աշոտ Ղազարյանն ընդդեմ Աննա Վարդանյանի թիվ ԵԴ/2440/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2020 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածում ամրագրված դրույթի կիրառելիությունը պահանջում է, որ դատարանները հատուկ ուշադրություն դարձնեն բոլոր այն դեպքերին, երբ գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ։ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածը պարտավորեցնում է դատարաններին, առաջնահերթ ուշադրություն դարձնելով երեխայի լավագույն շահերին, ձեռնարկել օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները։

Կոնվենցիոն պահանջներով է նաև պայմանավորված քաղաքացիական դատավարությունը գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա իրականացնելու սկզբունքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1‑ին մասում կատարված վերապահումը, որն իր կոնկրետացումն է ստացել նույն օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասում և 208-րդ հոդվածի 2-րդ մասում, որոնցից ուղղակիորեն բխում է դատարանների պարտականությունը՝ համապատասխանաբար ընտանեկան վեճերն ու Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ Կենտրոնական մարմնի պահանջներով գործերը քննելիս, ելնելով երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից, գործելու «ի պաշտոնե», այն է՝ գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով, չսահմանափակվել գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, իր նախաձեռնությամբ ձեռնարկել ողջամիտ (համարժեք) միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու, գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ու համապարփակ տեղեկություններ ձեռք բերելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածը կիրառելիս Հաագայի կոնվենցիայի կիրառմամբ գործերով պետք է հաշվի առնի կոնվենցիոն նշված պահանջների առկայությունը և դրանց անմիջական կիրառմամբ քննարկման առարկա դարձնի ու գնահատի դատավարական բարեխիղճ վարքագիծ դրսևորած կողմի ներկայացրած բոլոր ապացույցները, որոնք ուղղված են երեխայի վերադարձի դեպքում ֆիզիկական կամ հոգեկան վնաս հասցնելու կամ երեխային անտանելի վիճակում դնելու փաստերն ապացուցելուն՝ անկախ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածում առկա սահմանափակումներից։ Այս դիրքորոշման հիմքում ընկած է նաև վերը վկայակոչված կոնվենցիաներում ամրագրված՝ երեխաների հետ կապված հարցերով դատարանների արագ գործելու պարտականությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երեխայի լավագույն շահերին առնչվող գործերի քննություն իրականացնելիս ՀՀ վերաքննիչ դատարանը չպետք է կաշկանդված լինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներով, քանի որ նմանատիպ գործերով դատարանները որպես առաջնային և ուղենիշային սկզբունք պետք է դիտարկեն երեխայի լավագույն շահերի ապահովումն ու պաշտպանությունը։ Միևնույն ժամանակ, դատավարական իրավունքների իրականացման չարաշահումները բացառելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր առանձին գործի քննության շրջանակներում պետք է գնահատման առարկա դարձնի դատավարության մասնակցի՝ ապացույցները ներկայացնելու հարցում դրսևորած բարեխղճությունը (տե՛ս Մաքսիմ Դեմյանովն ընդդեմ Դիանա Դեմյանովայի թիվ ԵԴ/8728/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.04.2024 թվականի որոշումը)։

Վերոշարադրյալից հետևում է, որ օրենսդիրը Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ վեճեր քննելիս դատարանին տվել է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու լիազորություն, ինչը նպատակ է հետապնդում ապահովելու երեխայի լավագույն շահերի բացահայտումը։ Ավելին՝ օրենսդիրը ոչ միայն վերջիններիս տվել է այդ իրավունքը, այլև երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ պարտավորեցրել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր գործողությունները՝ գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր քննելիս դատարանները գործում են ի պաշտոնե, ինչը հնարավորություն է ընձեռում դատարաններին չսահմանափակվել փաստացի ներկայացված նյութերով, և սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ կհամարվեն դատարանի գնահատմամբ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ հնարավոր ու հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար (օրինակ՝ երեխայի ՀՀ տեղափոխվելու ժամանակը պարզելու, նոր սոցիալական միջավայրին համակերպված լինելու, մեծ հաշվով՝ «երեխայի լավագույն շահերի» բացահայտման համար սեփական նախաձեռնությամբ պահանջել ապացույցներ, ներգրավել մանկավարժներ, հոգեբաններ, նշանակել տարատեսակ փորձաքննություններ և այլն)։

Եվրոպական դատարանը, անդրադառնալով Հաագայի կոնվենցիայով նախատեսված՝ երեխայի վերադարձի վերաբերյալ պահանջների դատական քննության առանձնահատկություններին, վերահաստատելով նախկինում արտահայտված իր դիրքորոշումը, նշել է, որ «(․․․) ներպետական դատարանները նախ և առաջ պետք է գնահատեն լուրջ ռիսկի մասին բոլոր պնդումները՝ միաժամանակ ապահովելով, որ որոշումների կայացման գործընթացը լինի արդար ու շահագրգիռ կողմերին թույլ տրվի ամբողջությամբ ներկայացնել իրենց դիրքորոշումը, և որ երեխայի կարևորագույն շահերը լինեն պաշտպանված» (տե՛ս Ղազարյանն ընդդեմ Հայաստանի թիվ 30129/21 գանգատով Եվրոպական դատարանի 28112023 թվականի վճիռը, կետ 29, X-ն ընդդեմ Լատվիայի թիվ 27853/09 գանգատով Եվրոպական դատարանի [ՄՊ] 26.11.2013 թվականի վճիռը, կետ 102), «Որոշում կայացնելու ընդհանուր գործընթացն ուսումնասիրելիս Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ ներպետական դատարաններին ներկայացված նյութերը պարունակել են կարևոր և հնարավոր վիճելի ապացույցներ այն ռիսկի վերաբերյալ, որին ենթարկվելու էր Լ.-ն վերադարձի դեպքում։ Դատարանը գտնում է, որ դիմումատուին գրավոր փաստարկներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելն այս առումով առաջնային նշանակություն ուներ որոշումների կայացման գործընթացի արդարացիության ապահովման համար» (տե՛ս Ղազարյանն ընդդեմ Հայաստանի թիվ 30129/21 գանգատով Եվրոպական դատարանի 28112023 թվականի վճիռը, կետ 28)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներից է այն, որ պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը: Պետությունն այդ իրավունքների պաշտպանությունն ապահովում է իր վարչական և դատական մարմինների միջոցով: Այս մարմինները երեխաների հետ կապված ընտանեկան վեճերի քննության ընթացքում պետք է հաշվի առնեն, որ երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից և յուրաքանչյուր պարագայում առաջնայնությունը պետք է տրվի երեխայի լավագույն շահերի պաշտպանությանը:

Արձանագրելով, որ Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածը որոշակի տարիքի և հասունության մակարդակի հասած երեխայի անհամաձայնությունը վերադարձին դիտարկում է որպես երեխայի վերադարձի մասին կարգադրություն անելը մերժելու ինքնուրույն հիմք՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալ երեխայի կարծիքը լսելու դատավարական կարգին և երեխայի լսված լինելու իրավունքն իրացնելիս սեփական հայացքներն արտահայտելու հարցում երեխայի կարողությունների անհատական գնահատմանը։

Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր (...) ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների (...) իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ, ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով, ունկնդրվել թե՛ անմիջականորեն, թե՛ իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքն ընտանիքում, դատական և այլ մարմիններում։

Նույն հոդվածի 1.1.-րդ մասի համաձայն՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինն օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ մանկավարժի կամ սոցիալական աշխատողի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Եվրոպական դատարանը բազմիցս վերահաստատել է այն դիրքորոշումը, որ երեխան ունի լսված լինելու իրավունք իրեն վերաբերող հարցերի շուրջ: Մասնավորապես՝ երբ երեխաները բավականաչափ հասուն են և ունակ են ձևավորելու իրենց սեփական կարծիքը, դատարանները պետք է գնահատեն նրանց տեսակետներն ու զգացմունքները, ինչպես նաև անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը (տե´ս N.TS. and Others v. Georgia թիվ 71776/12 գանգատով Եվրոպական դատարանի 02.02.2016 թվականի վճիռը, 72-րդ կետ):

Եվրոպական դատարանը, անդրադառնալով դատարանում երեխայի լսված լինելու խնդրին, գտել է, որ որպես ընդհանուր կանոն՝ ներպետական դատարաններն իրենք են գնահատում ներկայացված ապացույցները, ներառյալ համապատասխան փաստերը պարզելու միջոցները: Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական դատարանում երեխային լսելու պարտադիր պահանջ սահմանելը չափազանց ծայրահեղ մոտեցում է և նույն հարցի լուծումը կախված է յուրաքանչյուր գործի կոնկրետ հանգամանքներից՝ հաշվի առնելով երեխայի տարիքն ու հասունությունը (տե´ս Sahin v. Germany թիվ 30943/96 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.2003 թվականի վճիռը, 73-րդ):

Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ երեխայի լավագույն շահը պարզելու համար հարկ է հաշվի առնել նաև նրա լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է այն կարևոր հանգամանքը, որ պետությունը կրում է պոզիտիվ պարտականություն ապահովելու իր հայացքները ձևակերպելուն ունակ երեխայի համար դրանք ազատորեն արտահայտելու իրավունքի իրացումը: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պայմանագրերով և թե՛ օրենսդրությամբ երեխային իրավունք է վերապահվել իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս սեփական կարծիքն արտահայտել դատական և այլ մարմիններում։ Այսինքն՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքը, որը երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը սահմանել է որպես պարտադիր պահանջ, իսկ մինչև տասը տարեկան երեխայի կարծիքը հաշվի առնելը վերապահել է դատարանի հայեցողությանը: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատարանն այս հայեցողական լիազորությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի երեխայի տարիքը և հասունությունը, ինչպես նաև գործի հանգամանքները, մասնավորապես՝ արդյոք երեխայի նշված իրավունքն արդեն իսկ իրացվել է համապատասխան իրավասություն ունեցող այլ մարմինների կողմից (տե՛ս Նարինե Մելքոնյանն ընդդեմ Ալբերտ Ալավերդյանի թիվ ԵԴ/1057/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.10.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ երեխայի լսված լինելու սահմանադրական իրավունքը հանդիսանում է երեխայի լավագույն շահը որոշելու կարևորագույն չափանիշներից մեկը: Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին մասի ուժով իրավասու մարմինները պարտավոր են ապահովել երեխայի մասնակցությունն իրեն վերաբերող որոշումների կայացման գործընթացում, տալ դրան պատշաճ կշիռ՝ երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում ու հավասարակշռել վերոգրյալ ոչ սպառիչ չափանիշների հետ: Հետևապես, դատարանները կոնկրետ գործի քննության շրջանակներում պարտավոր են պարզել երեխայի լավագույն շահերի գնահատման համապատասխան տարրերը և երեխայի արտահայտած կարծիքին հակասող եզրահանգման գալու դեպքում հիմնավորել, թե ինչու է առաջնայնություն տրվել երեխաների լավագույն շահերի բացահայտման այլ չափանիշներին (տե՛ս Դիաննա Մկրտչյանն ընդդեմ Արման Համբարձումյանի թիվ ԱՐԴ/3552/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում անչափահասները, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիները կարող են դատարանում ինքնուրույն ներկայացնել իրենց շահերը: Օրենքով նախատեսված դեպքերում գործի քննության ընթացքում նրանք ունեն իրենց շահերին առնչվող հարցերի վերաբերյալ լսվելու իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հետազոտում և գնահատում է միայն այն ապացույցները, որոնք, հաշվի առնելով նույն հոդվածի 1-ին մասի պահանջը, կարող են հաստատել կամ ժխտել գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցի տեսակներն են`

1) վկայի ցուցմունքը.

2) գրավոր ապացույցները.

3) իրեղեն ապացույցները.

4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.

5) փորձագետի եզրակացությունը.

6) մասնագետի բացատրությունը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վկա կարող է լինել ցանկացած ֆիզիկական անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստի մասին տեղեկություն։

Քանի որ Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածը որոշակի տարիքի և հասունության մակարդակի հասած երեխայի անհամաձայնությունը վերադարձին դիտարկում է որպես երեխայի վերադարձի մասին կարգադրություն անելը մերժելու ինքնուրույն հիմք, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող կատեգորիայի գործերով, վերադարձի դեմ հանդես եկող ծնողի համապատասխան փաստարկի առկայության դեպքում, նշված փաստը գործի լուծման համար ունի էական նշանակություն։ Հաշվի առնելով այն, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերին վերաբերելի փաստական տվյալները, որոնց միջոցով դատարանը պարզում է այդ փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացիադատավարական օրենսդրությամբ դիտարկվում են որպես ապացույցներ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերադարձի կապակցությամբ երեխայի անհամաձայնության վերաբերյալ այդ երեխայից ստացված տեղեկատվությունը ևս հարկ է դիտարկել որպես ապացույց, որը, համապատասխանաբար, կարող է ձեռք բերվել բացառապես քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված թույլատրելի ապացուցման միջոցներով՝ օրենքով կանխորոշված որոշակի դատավարական ձևի պահպանմամբ։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում կիրառելի ապացուցման միջոցը, որով քննարկվող կատեգորիայի գործերով հնարավոր է պարզել երեխայի վերաբերմունքը (կարծիքը) իրեն իր մշտական բնակության վայր վերադարձնելու հարցի կապակցությամբ հարցաքննությունն է, որը կատարելիս դատարանը պարտավոր է պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ անչափահաս վկայի հարցաքննության դատավարական կարգին նվիրված վերաբերելի կանոնները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տասնվեց տարեկան չդարձած վկային առաջին ատյանի դատարանը բացատրում է ցուցմունք տալու և միայն ճշմարտությունը հայտնելու կարևորությունը՝ առանց նախազգուշացնելու սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տասնվեց տարեկան չդարձած վկայի հարցաքննության ընթացքում առաջին ատյանի դատարանը հետևում է, որ հարցաքննության մեթոդը կամ հարցերը չշփոթեցնեն վկային կամ չենթարկեն նրան անհարկի հոգեբանական ճնշման, և այդ նպատակով կարող է հանել ցանկացած հարց, ընդմիջել կամ դադարեցնել վկայի հարցաքննությունը։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անչափահաս վկայի հարցաքննությանն առաջին ատյանի դատարանը ներգրավում է անչափահասի օրինական ներկայացուցչին, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների հարցաքննությանը` նաև մանկական հոգեբանի կամ մանկավարժի: Տասնչորս տարեկան չդարձած վկայի հարցաքննության ժամանակ գործին մասնակցող անձինք հեռացվում են դատական նիստերի դահլիճից, եթե ունեն ներկայացուցիչ, և եթե նրանց մասնակցությունը կարող է ազդել վկայի ցուցմունքների վրա: Հեռացված գործին մասնակցող անձի ներկայացուցիչը մասնակցում է նիստին:

Վերոգրյալից հետևում է, որ անչափահասների տարիքային, հոգեբանական, սոցիալական և այլ առանձնահատկություններով պայմանավորված՝ օրենսդիրն անչափահաս վկաների առնչությամբ նախատեսել է տարբերակված մոտեցում։ Մասնավորապես՝ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների հարցաքննության ժամանակ օրենսդիրը, բացի անչափահասի օրինական ներկայացուցչից, պարտադիր է դիտել նաև մանկական հոգեբանի կամ մանկավարժի մասնակցությունը, ավելին՝ այն դեպքում, երբ տասնչորս տարեկան չդարձած վկայի հարցաքննության ժամանակ գործին մասնակցող անձինք ունեն ներկայացուցիչ, և եթե նրանց մասնակցությունը կարող է ազդել վկայի ցուցմունքների վրա, դատարանին իրավունք է վերապահել դատական նիստերի դահլիճից հեռացնել գործին մասնակցող անձանց՝ ապահովելով հեռացված գործին մասնակցող անձի ներկայացուցչի նիստին մասնակցությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման ընթացակարգային երաշխիքները միտված են դատական գործընթացներն անչափահասների համար նվազ տրավմատիկ դարձնելուն, նրանց նկատմամբ ծնողների հնարավոր ազդեցությունը նվազագույնին հասցնելուն և նման ազդեցության աստիճանը հատուկ մասնագիտական գիտելիքների կիրառմամբ հնարավորինս ստույգ որոշելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն։ Ավելին, երեխայի մասնակցությամբ դատական գործընթացների արդյունավետ իրականացման և սեփական հայացքներն արտահայտելու հարցում երեխայի կարողության մասին դատողություններ անելու համար կարևորել է հատուկ մասնագետի՝ մանկական հոգեբանի կամ մանկավարժի ներկայությունը, ով, հաշվի առնելով երեխայի կենսաբանական, հոգեբանական ու սոցիալական առանձնահատկությունները, կօգնի արդյունավետ կազմակերպել դատական գործընթացը՝ առանց վնասելու դեռ չձևավորված հոգեկանը:

Անդրադառնալով երեխայի լսված լինելու իրավունքն իրացնելիս (նրան հարցաքննելիս) սեփական հայացքներն արտահայտելու հարցում երեխայի կարողությունների անհատական գնահատմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածն ամրագրում է երեխայի իրավունքն ազատորեն արտահայտելու իր կարծիքն իրեն վերաբերող բոլոր դեպքերում, սակայն կարծիքի արտահայտումը պասիվ գործընթաց չէ երեխայի կարծիքը պետք է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության արժանանա, որի պայմաններում պետությունն ունի պարտականություն՝ ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր միջոցները բոլոր երեխաների լսված լինելու իրավունքը լիարժեքորեն իրականացնելու համար, ինչը ենթադրում է երկու քայլ, այն է՝ ապահովել երեխայի կարծիքը պարզելու անհրաժեշտ մեխանիզմներն ու պատշաճ ուշադրություն դարձնել այդ կարծիքին։ «Իր հայացքները ձևակերպելու ընդունակ» արտահայտությունը պետք է ընկալվի ոչ թե որպես սահմանափակում, այլ որպես մասնակից պետության պարտավորություն՝ հնարավոր առավելագույն չափով գնահատելու երեխայի՝ իր հայացքներն ինքնուրույն ձևակերպելու ունակությունը։ Ավելին՝ պետությունը պետք է ելնի այն կանխադրույթից, որ երեխան ունակ է ձևակերպելու իր հայացքները և իրավունք ունի արտահայտելու դրանք, քանի դեռ առկա չեն հակառակի մասին վկայող արժանահավատ ու բավարար փաստեր։

Վճռաբեկ դատարանը, խոսելով «տարիքի ու հասունության» հատկանիշների մասին, հարկ է համարում ընդգծել, որ կենսաբանական տարիքը երեխայի՝ իր հայացքները ձևակերպելու ունակության և այդ հայացքների կշռի չափման միակ միավորը չէ, ու յուրաքանչյուր կոնկրետ դեպքում երեխայի հայացքները պետք է գնահատվեն առանձին՝ վերլուծելով երեխայի անհատական առանձնահատկությունները։ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի համատեքստում հասունությունը երեխայի՝ այս կամ այն հարցի շուրջ իր հայացքները հստակ և ինքնուրույն ձևակերպելու ու այդ հարցի հետևանքները հասկանալու և գնահատելու ունակությունն է։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ որքան քննարկվող հարցն ավելի մեծ չափով կարող է ազդել երեխայի կյանքի վրա, այնքան ավելի մեծ ուշադրությամբ պետք է գնահատել երեխայի հասունությունը, իսկ եթե երեխայի ունակությունների անհատական գնահատումը ցույց է տալիս, որ երեխան ի վիճակի է հստակ ու ինքնուրույն ձևակերպելու իր կարծիքը, ապա այդ կարծիքը պետք է համարվի էական գործոն երեխային առնչվող հարցը լուծելիս։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական կամ վարչական վարույթներում երեխայի կարծիքը լսելն արդյունավետ չի լինի, եթե դա արվի վախեցած և թշնամական մթնոլորտում, այսինքն՝ մթնոլորտը պետք է լինի բարենպաստ, երեխան պետք է համոզված լինի, որ իրեն լսելու պատասխանատվություն ունեցող անձն իսկապես ուզում է լսել իրեն ու լրջորեն է վերաբերվում իր ասածներին։ Այն բանից հետո, երբ երեխան կայացնում է լսված լինելու իր իրավունքից օգտվելու որոշումը, նա պետք է տեղեկացվի, որ կարող է իր կարծիքն արտահայտել իր ծնողների բացակայությամբ, եթե կաշկանդվում է վերջիններիս ներկայությունից։

 Ամփոփելով վերոգրյալը, հաշվի առնելով անչափահասի, մասնավորապես՝ տասնչորս տարեկան չդարձած վկայի հարցաքննության դեպքում վերջինիս հոգեկան վիճակի վրա հնարավոր անբարենպաստ հետևանքներ ունենալու հանգամանքը և երեխայի լսված լինելու իրավունքն իրացնելիս սեփական հայացքներն արտահայտելու հարցում երեխայի կարողությունների գնահատման հարցի կարևորությունը և այն, թե նշվածն ինչ չափով կարող է ազդել երեխայի կյանքի վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, երեխայի մասնակցությամբ դատական գործընթացների արդյունավետ իրականացման, անհրաժեշտության դեպքում երեխայի կենսաբանական, հոգեբանական ու սոցիալական առանձնահատկությունների հաշվառմամբ երեխային ուղղված հարցը մատչելի և հասկանալի ձևով ձևակերպելու ու սեփական հայացքներն արտահայտելու հարցում երեխայի կարողության մասին դատողություններ անելու համար, բացի անչափահասի օրինական ներկայացուցչից, պարտադիր է դիտել նաև հատուկ մասնագետի՝ մանկական հոգեբանի կամ մանկավարժի մասնակցությունը, քանի որ սեփական հայացքներն արտահայտելու հարցում երեխայի կարողության մասին դատողությունների հիմքում պետք է լինեն ոչ թե որոշում կայացնողի ենթադրությունները կամ տրամաբանական (ոչ մասնագիտական) եզրահանգումները, այլ համապատասխան մեթոդների կիրառմամբ աշխատող մասնագետների կարծիքը, ավելին՝ այն դեպքում, երբ տասնչորս տարեկան չդարձած վկայի հարցաքննության ժամանակ գործին մասնակցող անձինք ունեն ներկայացուցիչ, և եթե նրանց մասնակցությունը կարող է ազդել երեխայի վրա, օրենսդիրը դատարանին իրավունք է վերապահել դատական նիստերի դահլիճից հեռացնել գործին մասնակցող անձանց՝ ապահովելով հեռացված գործին մասնակցող անձի ներկայացուցչի մասնակցությունը նիստին, որպիսի ընթացակարգային երաշխիքները միտված են դատական գործընթացներն անչափահասների համար նվազ տրավմատիկ դարձնելուն։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արման Մուշեղյանը 27.01.2022 թվականին դիմում է ներկայացրել Կենտրոնական մարմին՝ անչափահաս Դավիթ Մուշեղյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն վերադարձնելու վերաբերյալ։

Արման Մուշեղյանի դիմումի և գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Կենտրոնական մարմնի կողմից 08.12.2022 թվականին կազմվել է եզրակացություն, որով արձանագրվել է, որ մոր գործողությունները՝ երեխային ՀՀ տեղափոխելու ու պահելու մասով չեն կարող գնահատվել որպես օրինական։ Միաժամանակ քննարկելով երեխայի վերադարձը մերժելու հիմքերի առկայությունը՝ Կենտրոնական մարմինը նշել է, որ չունի բավարար գործիքակազմ ստուգելու երեխայի իրական վերաբերմունքը հոր նկատմամբ, ինչը պահանջում է մասնագիտական գիտելիքներ, որի արդյունքում եզրահանգել է, որ հարցի լուծումը պետք է թողնվի դատարանի քննարկմանը:

Դիմելով Դատարան՝ հայցվոր Կենտրոնական մարմինը խնդրել է հաստատել իր եզրակացությունը:

Դատարանը 07022023 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(…) տվյալ դեպքում Կենտրոնական մարմինն իր դիմումում նշել է, որ երեխան Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 20.01.2022 թվականին: Պատասխանողն առարկել է հիշյալ փաստարկի դեմ՝ նշելով, որ ինքը երեխայի հետ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել դեռևս 2021 թվականի հունվար ամսին՝ ներկայացնելով իր և երեխայի անձնագրերի լուսապատճենները։ Դատարանն արձանագրում է, որ գործում առկա է ՀՀ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության կողմից հայցվորին տրված 05.05.2022 թվականի գրություն առ այն, որ «ՍԷԿՏ» համակարգում գրանցված անձանց տվյալների համաձայն՝ Անի Քոչարյանը և Դավիթ Մուշեղյանը Հայաստանի Հանրապետություն են ժամանել «20.01.202թ.», այսինքն՝ նշված գրությամբ տարեթիվն ամբողջական չի նշվել, մինչդեռ հայցվորի կողմից այդպիսին նշվել է 2022 թվականը։ Արամ Մուշեղյանը 27012022 թվականին դիմում է ներկայացրել Կենտրոնական մարմին՝ անչափահաս Դավիթ Արմանի Մուշեղյանին վերադարձնելու վերաբերյալ։ Այսպիսով, հայցվորի կողմից չի ներկայացվել բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ առկա է Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված պայմանը, այն է՝ Հայաստանի Հանրապետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից անցել է մեկ տարուց պակաս։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Անի Քոչարյանի և Դավիթ Մուշեղյանի՝ Գերմանիայից Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց հետո համապատասխան ընթացակարգը սկսելու պահի դրությամբ անցած է եղել ավելի, քան մեկ տարի, ապա Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ երեխայի վերադարձը կարող է մերժվել, եթե երեխան արդեն լիովին համակերպվել է իր նոր միջավայրին։ (…)Վերոհիշյալ թույլատրելի և վերաբերելի ապացույցների համաձայն՝ երեխան, ծնված լինելով Հայաստանի Հանրապետությունում, և ավելի, քան մեկ տարի վերադարձից հետո բնակվելով Հայաստանի Հանրապետությունում՝ ամբողջովին հարմարվել է միջավայրին, և իր մոր ու նրա ամուսնու հետ կազմել է ընտանիք՝ որպես հայր ծնող ընդունելով մոր ամուսնուն՝ Հայկին: Երեխան Հայաստանի Հանրապետությունում ունի կայուն միջավայր և ըստ հոգեբանի՝ երեխան ամբողջովին ադապտացվել է իր ներկայիս միջավայրում, ունի անվտանգության և ապահովության զգացում, տվյալ փուլում Դավիթ Մուշեղյանին իր միջավայրից այլ միջավայր տեղափոխելը կարող է հանգեցնել Դավիթ Մուշեղյանի հոգեբանական անվտանգության զգացողության խաթարմանը, անելանելիության զգացողության և տրավմատիկ փորձի վերապրման: Դատարանը հարկ է համարում նաև նշել, որ Դավիթ Մուշեղյանը նամակ է հղել Դատարանին՝ նշելով, որ ընդհանրապես չի ցանկանում վերադառնալ Գերմանիա: Հայաստանում ունի շատ ընկերներ՝ ի տարբերություն Գերմանիայի, որտեղ երեխան, ինչպես հայտնել է Դատարանին անմիջականորեն, ունեցել է շփման դժվարություն՝ կապված լեզվական խնդիրների, սոցիալական և մշակութային առանձնահատկությունների հետ: Երեխան Հայաստանի Հանրապետությունում ապրում է իր բարոյական և ֆիզիկական, հոգեբանական և զարգացման համար անհրաժեշտ և անվտանգ միջավայրում, ունի հաջողություններ կրթության, սպորտի և մշակույթի ոլորտում, որտեղ նրա ինտեգրման գործընթացին նպաստում է մայրը՝ Անի Քոչարյանը: Երեխան իր հայրենիքը համարում է Հայաստանը, և Գերմանիայում ապրած տարիները մտաբերել է դժկամությամբ, չի հիշել որևէ լուսավոր իրադարձություն։ Դատարանին ուղղված գրավոր նամակի տեքստի հիմքում դրված փաստերի իրական լինելու, ինչպես նաև երեխայի հետ անմիջական զրուցելու, երեխայի կարծիքը վեր հանելու համար Դատարանը հրավիրել է դռնփակ դատական նիստ, որի ընթացքում երեխայի հետ զրույցն ուղղակիորեն վկայել է այն մասին, որ երեխան ունի իր տարիքից անհամեմատ ավելի բարձր զարգացման մակարդակ, ունի իր հստակ կարծիքը, չունի շփման խնդիր, և կարող է արտահայտել իր տեսակետը իրեն վերաբերող հարցերում։ Ուստիև Դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ դեպքում առկա է Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, այն է՝ երեխայի վերադարձի մասին վարչական կամ դատական մարմիններում գործընթացը հարուցելու պահի դրությամբ երեխան ավելի, քան մեկ տարի գտնվել է Հայաստանում, ամբողջովին համակերպվել է այն միջավայրին, որում ապրում է, իրեն անհամեմատ լավ է զգում, շրջապատված է ընկերներով, ունի հաջողություններ կրթության, սպորտի և մշակույթի ոլորտում, ապրում է այն ընտանիքում, որտեղ իր մոր՝ Անի Քոչարյանի հետ բնակվում է նրա ամուսինը, ում Դավիթ Մուշեղյանը ընդունում է որպես իր հոր, և առկա է ընտանեկան միջավայր, ինչը բխում է երեխայի լավագույն շահերից։ (…) Դավիթ Մուշեղյանի բնակության վայրը հիշյալ դատական ակտերի հիման վրա սահմանված է եղել մոր մոտ, իսկ հորը՝ Արման Մուշեղյանին տրված է եղել տեսակցության է իրավունք, ինչը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով՝ չի նույնանում՝ խնամակալության իրավունքի հետ, որպիսին, փաստորեն, Արման Մուշեղյանին տրված չի եղել ո՛չ անհատական և ո´չ էլ միասնական կերպով: Ավելին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում սահմանված տեսակցության կարգի արդյունավետ իրականացման մասին որևէ ապացույց չի ներկայացվել Դատարանին։ Ի վերջո, սույն գործով հրավիրված դռնփակ դատական նիստին ներկա է գտնվել Արման Մուշեղյանը, ով, փաստորեն, չի գտնվում Գերմանիայում, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրել է հայց՝ երեխայի բնակության վայրը իր բնակության վայրում սահմանելու պահանջի մասին, ինչն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Արման Մուշեղյանը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի «ա» կետի իմաստով իր գործողություններով ընդունել է երեխային Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և պահելու փաստը, ինչն ինքնին բացառում է երեխայի տեղափոխման կամ պահման ապօրինի լինելը, առավել ևս՝ վերադարձը։ Բացի այդ, Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա են նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված հիմքերից առնվազն երկուսը՝ երեխայի վերադարձը մերժելու համար, այն է՝

ա. երեխայի վերադարձին դեմ հանդես եկող անձը՝ Անի Քոչարյանն ապացուցել է, որ գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս հասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ, քանի որ հոգեբանական փորձաքննության արդյունքների համաձայն՝ երեխային տեղափոխելը կարող է հոգեկան վնաս հասցնել երեխային, ով ամբողջությամբ ինտեգրվել է հայաստանյան միջավայրին։

բ. Դատարանը պարզել է, երեխան՝ Դավիթ Մուշեղյանը դեմ է իր՝ Գերմանիա վերադարձին, և հասել է այնպիսի տարիքի և հասունության մակարդակի, որ նպատակահարմար է հաշվի առնել նրա կարծիքը: Երեխան ունի զարգացման բարձր մակարդակ իր տարիքի համեմատ, ունի հստակ կարծիք և դիրքորոշում՝ իրեն վերաբերող հարցերում, և Դատարանին ուղղված գրավոր նամակով, ինչպես նաև Դատարանում անմիջականորեն տված բացատրություններով հիմնավորել է, որ իր ապրած տարիները Գերմանիայում տպավորվել են բացասական, ունի շեշտադրված բացասական վերաբերմունք հոր՝ Արման Մուշեղյանի նկատմամբ և բացատրել է, որ դա պայմանավորված է ոչ միայն իր գլխին հարվածելով, իրեն բազմիցս դատարան տանելով, իր նկատմամբ արգելանքներ կիրառելով, այլև երկու անգամ Հայաստանի Հանրապետությունում իր ծննդյան օրը նշելու պայմաններում այդ կապակցությամբ հորից որևէ նվեր չստանալով, որևէ ուշադրության չարժանանալով: Երեխան հիմնավորել է, որ իրեն ավելի երջանիկ է զգում Հայաստանում, այստեղ ունի շատ ընկերներ, չունի լեզվական խնդիր, հեշտ են շփումները, քանի որ մարդիկ ջերմ են, ունի սիրած աղջիկ՝ ընկերուհի, ունի հաջողություններ կրթության, սպորտի ոլորտում, նկարահանվում է գովազդներում, ինչն իրեն դուր է գալիս, ունի հայր՝ Հայկը, ով հոգ է տանում իր մասին։ Դատարանը հանգում է այն եզրակացության, որ երեխան իր տարիքին և հասունության աստիճանին համապատասխան ունի ձևավորված կայուն կարծիք իրեն վերաբերող, հարցերում, և այդ կարծիքը պետք է հաշվի առնել՝ ելնելով երեխայի լավագույն շահերից։ Դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական դռնփակ նիստը հրավիրվել է հաշվի առնելով երեխայի՝ Դատարանին հասցեագրված նամակը, և գործելով երեխայի լավագույն շահերից ելնելով՝ վեր հանելու և պարզելու գործի իրական հանգամանքները։ Դատարանը հարկ է համարում նաև նշել, որ դատական նիստին ներկայացել են Անի Քոչարյանը՝ երեխայի մայրը, ով ուղեկցել է երեխային, և հայրը՝ Արամ Մուշեղյանը, ով դատական նիստերի դահլիճ մտնելիս /տեղաշարժվել է անվասայլակով/ որպես առաջնահերթ վարքագիծ՝ չի նայել երեխայի ուղղությամբ։ (…) Դատարանը կարևորելով նաև ծնողների կարծիքը, և գործելով ի պաշտոնե, հնարավորություն է ընձեռել ծնողներին ամփոփ ելույթ ունենալ՝ հաշվի առնելով նրանց ներկայությունը։ Անի Քոչարյանը խնդրել է Դատարանին երեխային թողնել իր մոտ, և չվերադարձնել Գերմանիա։ Արամ Մուշեղյանը նշել է, որ մեկ տարուց ավելի է երեխան գտնվում է մոր մոտ, մայրը արգելում է երեխային տեսակցել, ինքը չի ցանկացել երեխային զրկել մորից, սակայն մոր կողմից ցուցաբերվել է խոչընդոտող վարքագիծ։ Ցանկացել է ներկայացնել տեսանյութեր, սակայն Դատարանը պարզաբանել է, որ հատուկ հայցային վարույթի կանոնները թույլ չեն տալիս դատական նիստով ներկայացնել լրացուցիչ տեսանյութեր, և կողմերն իրավունք ունեն այդպիսիք ներկայացնել միայն Կենտրոնական մարմին։ Արման Մուշեղյանը խնդրել է նշանակել փորձաքննություն, պարզելու երեխայի հոգեկան վիճակը, նշել է, որ Անի Քոչարյանը ստել է առ այն, որ երեխան մշտապես գտնվել է իր մոտ։ (…) Վերոհիշյալ գրավոր ապացույցները վկայում են այն մասին, որ երեխայի բացատրություններն առ այն, որ հայրը հարվածել է իրեն և մորը, հիմնված են իրական փաստերի վրա, ինչն իր հերթին կրկին վկայում է այն մասին, որ գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի վիճակի մեջ։ (…) Վերոհիշյալ գրավոր ապացույցները նույնպես վկայում են այն մասին, որ երեխայի բացատրություններն առ այն, որ երեխան լիովին համակերպվել է Հայաստանի Հանրապետությունում իր բնական կենսագործունեության համար անհրաժեշտ և հոգեբանորեն առողջ միջավայրին, և գոյություն ունի լուրջ վտանգ, որ այդ միջավայրի փոփոխությունները՝ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի վիճակի մեջ»։

Վերաքննիչ դատարանը 20102023 թվականի որոշմամբ Արման Մուշեղյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 07022023 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ «(…) քննարկվող դեպքում առկա է երեխային վերադարձնելու արգելք՝ Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության հիմքով, քանի որ երեխան լիովին համակերպվել է իր նոր միջավայրին, և երեխային իր նոր միջավայրից հեռացնելը կարող է ծանր հետևանքներ առաջացնել երեխայի համար՝ խախտելով վերջինի լավագույն շահերի հաշվառման սկզբունքը, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Դատարանը։ (…) Վերաքննիչ դատարանը առանցքային է համարում և կարևորում է այն իրողությունը, որ սույն գործով դատական նիստը հրավիրվել է հաշվի առնելով երեխայի՝ Դատարանին հասցեագրված նամակը, և երեխայի լավագույն շահերից ելնելով՝ վեր հանելու և պարզելու գործի իրական հանգամանքները: Դատարանն ապահովվել է երեխայի՝ անկաշկանդ միջավայրում Դատարանի հետ անմիջականորեն զրույց ունենալու հնարավորությունը, այն է՝ երեխայի կարծիք արտահայտելու ընթացքում ծնողները և նրանց ներկայացուցիչները բացակայել են նիստերի դահլիճից՝ երեխայի վրա անհարկի ազդեցություն չթողնելու նկատառումներից ելնելով: Այստեղ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված պատճառաբանությամբ հերքվում են բողոքաբերի փաստարկները՝ կապված երեխային առանձին լսելու հետ, քանզի ինչպես արդեն նշվեց Դատարանը գործել է ի պաշտոնե և դա բխել է երեխայի լավագույն շահից: (…) Անի Քոչարյանի կողմից ներկայացված ապացույցները, երեխայի նամակը և բանավոր խոսքը, հիմք են տվել Դատարանին իրավացիորեն եզրահանգելու, որ սույն գործով առկա է հայցը մերժելու ևս մեկ հիմք՝ Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» կետով սահմանված արգելք»:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքի քննության համար առաջնային է այն հարցը պարզելը, թե արդյո՞ք դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերն սկսելու պահին Հայաստանի Հանրապետությունում անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից անցել է մեկ տարի, թե՝ ոչ։

Գործում առկա «ՍԷԿՏ» համակարգում գրանցված անձանց տվյալների վերաբերյալ ՀՀ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության կողմից հայցվորի Կենտրոնական մարմնին տրված 05.05.2022 թվականի գրության համաձայն՝ Անի Քոչարյանը և Դավիթ Մուշեղյանը Հայաստանի Հանրապետություն են ժամանել «20.01.202թ.»-ին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Անի Քոչարյանը և Դավիթ Մուշեղյանն օբյեկտիվորեն չէին կարող «2701202» թվականին մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, այսինքն՝ նշված գրությամբ տարեթիվն ամբողջական չի նշվել, որպիսի պայմաններում վիճելի է մնացել սույն գործով առաջնային պարզման ենթակա հարցը։ Մինչդեռ Դատարանը, իր պատճառաբանության հիմքում դնելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից չի ներկայացվել բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ առկա է Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված պայմանը, այն է՝ Հայաստանի Հանրապետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգն սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից անցել է մեկ տարուց պակաս, վիճելի փաստը մեկնաբանել է հօգուտ ենթադրյալ «առևանգող» ծնողի, հաստատված է համարել, որ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց հետո համապատասխան ընթացակարգն սկսելու պահի դրությամբ անցած է եղել ավելի, քան մեկ տարի, և քննարկման առարկա է դարձրել Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, կաշկանդված չլինելով Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ վարույթի նյութերով, իրեն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում պարտավոր էր գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար ձեռնարկել համարժեք միջոցներ, ինչը, սակայն, չի արել, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Արման Մուշեղյանի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված նոր ապացույցների առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

Արման Մուշեղյանը վերաքննիչ բողոքին կից Վերաքննիչ դատարան է ներկայացրել այնպիսի ապացույցներ, որոնք չեն ներկայացվել Դատարանին գործի քննության ընթացքում:

Անդրադառնալով ներկայացված նոր ապացույցներին՝ Վերաքննիչ դատարանը նշել է «Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նոր ապացույցը կարող է ընդունվել, եթե՝

- ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում գոյություն է ունեցել,

- կողմն իր կամքից անկախ հանգամանքներում զրկված է եղել այդ ապացույցը ձեռք բերելու և ներկայացնելու հնարավորությունից,

- ապացույցը գործի համար ունի էական նշանակություն։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում բողոքաբերը ևս ընդունել է, որ ներկայացված ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում գոյություն չեն ունեցել, մասնավորապես՝ ներկայացվել է 34F 1065/20 դատական ակտի 03.03.2023 թվականին ապոստիլ վավերացմամբ թարգմանությունը, 11.04.2023 թվականին Գերմանիայի Համմ քաղաքի առաջին ատյանի դատարանի ընտանեկան հարցերով դատարանը կայացրել է թիվ 3F 34/23 որոշումը, համաձայն որի՝ Անի Քոչարյանի կողմից 03.12.2011 թվականին ծնված Դավիթ Մուշեղյանին այլ երկրի տեղափոխումն անօրինական է:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 11.04.2023 թվականին Գերմանիայի Համմ քաղաքի առաջին ատյանի դատարանի ընտանեկան հարցերով դատարանի թիվ 3F 34/23 որոշումը կայացվել է միայն վճռի կայացումից հետո, իսկ 34F 1065/20 դատական ակտի պատճենն առկա է գործում, և ապոստիլ վավերացմամբ թարգմանությունը կատարվել է 03.03.2023 թվականին, որպիսի պայմաններում սույն գործով դրանք չեն կարող ընդունվել Վերաքննիչ դատարանի կողմից։

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցին՝ ՍԷԿՏ տեղեկանքին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ չի հիմնավորել առաջին ատյանի դատարանում այդ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինությունը։ Այսպես՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննության փուլում նոր ապացույցի ընդունման իրավական հնարավորությունը սահմանափակվում է որոշակի պայմանների պարտադիր պահպանմամբ։ Այդ պայմաններից մեկը ապացույցը կողմի կամքից անկախ հանգամանքներում ներկայացված չլինելն է, այսինքն՝ խոսքը տվյալ իրավիճակում անկանխելի, կողմի վարքագծով չպայմանավորված օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պայմանների մասին է, որոնք կողմի կամքով կամ վարքագծով պայմանավորված չեն, անկախ են նրա գործողություններից կամ անգործությունից և զրկել են վերջինիս համապատասխան ապացույցը ներկայացնելու հնարավորությունից, այսինքն՝ բացառել են տվյալ պայմաններում և իրավիճակում ապացույցը ներկայացնելու հնարավորությունը։ Ավելին՝ Բողոքաբերը նշվածները որպես նոր ապացույց ընդունելու միջնորդությամբ հանդես չի էլ եկել, այլ բավարարվել է միայն դրանք վերաքննիչ բողոքին կցելով: Ուստի, Վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն կարող ընդունվել»։

ՀՀ վճռաբեկ դատարանը, չանտեսելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այն կարգավորումը, որ վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակցող անձը վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցն իր կամքից անկախ հանգամանքներում չի ներկայացվել առաջին ատյանի դատարան, այս հարցի առնչությամբ կարևոր է համարել շեշտել, որ այս կարգավորումը որոշակիորեն այլ դրսևորում ունի այն գործերում, որոնք առնչվում են երեխայի լավագույն շահին (տե՛ս Մաքսիմ Դեմյանովն ընդդեմ Դիանա Դեմյանովայի թիվ ԵԴ/8728/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.04.2024 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում՝ վերաքննության փուլում դատավարության մասնակցի կողմից ներկայացվել են այնպիսի ապացույցներ, որոնց լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտումն ու գնահատումը կարող էր էական նշանակություն ունենալ սույն գործի քննության համար՝ երեխայի՝ Դավիթ Մուշեղյանի անվտանգության, հոգեկան ու ֆիզիկական առողջության պահպանման և նրա լավագույն շահերի պաշտպանության տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանը, քննարկվող խնդրի շրջանակներում անդրադառնալով նաև դատավարության մասնակցի՝ տվյալ պարագայում Արման Մուշեղյանի կողմից ապացույցներն ավելի վաղ՝ Դատարանում գործի քննության ընթացքում չներկայացնելու հարցում ցուցաբերած վարքագծի մեջ առկա բարեխղճության նախապայմանին, սույն գործի փաստերի և վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցների համադրման արդյունքում եզրահանգում է, որ նշված ապացույցները ներկայացնելիս Արման Մուշեղյանի արարքներում բացակայում է անբարեխղճությունը՝ հաշվի առնելով այն, որ Դատարանը գործի քննության ընթացքում կողմերի միջև չի բաշխել ապացուցման պարտականությունը, չի կատարել գործի լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության համար անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները՝ այդպիսով սահմանափակելով դատավարության մասնակցի՝ ապացույցներ ներկայացնելու և իր դիրքորոշումն արտահայտելու իրավունքը։ Մինչդեռ Արման Մուշեղյանի կողմից Վերաքննիչ դատարանին ներկայացրած ապացույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արման Մուշեղյանը գործել է բարեխիղճ, որոշ ապացույցներն ավելի վաղ չի կարողացել ներկայացնել իր կամքից անկախ պատճառներով, իսկ որոշ ապացույցներ էլ, մասնավորապես՝ ՀՀ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի կողմից 13.02.2023 թվականին տրված գրությունը, ներկայացրել է որպես գործում առկա ապացույցում առկա վրիպակի շտկում։

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, երեխաների լավագույն շահին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականը, Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգն սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս‑ամսաթվից մեկ տարուց պակաս անցած լինելու փաստը ստույգ որոշելու, ինչպես նաև Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված՝ երեխայի վերադարձի դեպքում նրան սպառնացող «լուրջ վտանգի» գոյությունը բացառելու անհրաժեշտությունը, պարտավոր էր գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու համար չսահմանափակվել Դատարանում գործի քննության ընթացքում ներկայացված ապացույցներով և Արման Մուշեղյանի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացրած նոր ապացույցները հետազոտեր ու դրանք գնահատեր գործի լուծման համար նշանակություն ունենալու տեսանկյունից՝ այդպիսով ձեռնարկելով երեխայի բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ նրան ապահովելու, նրա լավագույն շահը բացահայտելու ու այդ նպատակով տվյալ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու կոնվենցիոն ու օրենսդրական պահանջների կատարումը։

Սույն գործի շրջանակներում Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգն սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից մեկ տարուց պակաս անցած լինելու, ինչպես նաև նույն կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված՝ երեխայի վերադարձի դեպքում նրան սպառնացող «լուրջ վտանգի» գոյության փաստը հաստատելու նպատակով առերևույթ վերաբերելի ապացույցները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառմամբ չընդունելու, դրանք չհետազոտելու և դատական ակտով դրանց չանդրադառնալու պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ոչ միայն խախտվել է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանության սկզբունքն ու երեխայի լավագույն շահը բացահայտելու իմպերատիվ պահանջը, այլ նաև խիստ ընթացակարգային (ձևական) բնույթի պատճառաբանությամբ ոտնահարվել է Արման Մուշեղյանի՝ արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իր դիրքորոշումն ամբողջությամբ ներկայացնելու իրավունքը, առավել ևս, որ Վերաքննիչ դատարանին ներկայացված նյութերն առերևույթ կարող են պարունակել կարևոր ապացույցներ Հայաստանի Հանրապետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգն սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից մեկ տարուց պակաս անցած լինելու, ինչպես նաև այն ռիսկի վերաբերյալ, որին կարող է ենթարկվել երեխան վերադարձի դեպքում։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված բացառության իմաստով «լուրջ ռիսկի» առկայությունը ներկայացնելու հնարավորություն ընձեռելն առաջնային նշանակություն ուներ որոշում կայացնելու համար, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Սույն գործով առաջնային հարցի վիճելի մնալու պայմաններում Վճռաբեկ դատարանը հարկ չի համարում անդրադառնալ Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված հիմքի վերաբերյալ Դատարանի եզրահանգումներին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «երեխան արդեն լիովին համակերպվել է իր նոր միջավայրին» պայմանը ենթակա է քննարկման միայն այն դեպքում, երբ Հաագայի կոնվենցիայի իմաստով Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերն սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու օրվանից անցել է մեկ տարի:

 Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով Դատարանի կողմից երեխայի կարծիքը լսելու դատավարական կարգի պահպանմանը և երեխայի լսված լինելու իրավունքն իրացնելիս սեփական հայացքներն արտահայտելու հարցում երեխայի կարողությունների անհատական գնահատմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանը խախտել է երեխայի կարծիքը լսելու դատավարական կարգը, այն է՝ տասնչորս տարեկան չդարձած վկայի հարցաքննության ժամանակ դատական նիստերի դահլիճից հեռացնելով գործին մասնակցող անձանց, չի ապահովել հեռացված գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների նիստին մասնակցությունը, գործի քննությանը չի ներգրավել համապատասխան մասնագետների՝ մանկական հոգեբանի կամ մանկավարժի, դատական ակտ կայացնելիս հիմնվել է ենթադրությունների կամ տրամաբանական եզրահանգումների վրա, մինչդեռ երեխայի լսված լինելու իրավունքն իրացնելիս սեփական հայացքներն արտահայտելու հարցում երեխայի կարողությունների անհատական գնահատման դեպքում իր դատողությունների հիմքում պետք է դներ համապատասխան մեթոդների կիրառմամբ աշխատող մասնագետների կարծիքը, որպիսի հանգամանքներն անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ հատուկ հայցային վարույթի կանոնները թույլ չեն տալիս դատական նիստով ներկայացնել լրացուցիչ տեսանյութեր, և կողմերն իրավունք ունեն այդպիսիք ներկայացնել միայն Կենտրոնական մարմին, հարկ է համարում նշել, որ նշվածը չի ազատում Դատարանին սույն գործով Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «բ» կետում նշված բացառություններից մեկի հիման վրա արված հայտարարություններն արդյունավետորեն քննարկելու պարտականությունից։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արման Մուշեղյանին լրացուցիչ տեսանյութեր ներկայացնելու հնարավորություն ընձեռելն այս առումով առաջնային նշանակություն ուներ որոշման կայացման գործընթացի արդարացիության ապահովման համար, ինչը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Արման Մուշեղյանի՝ իր ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել անհամաչափ ազդեցություն, քանի որ որոշում կայացնելու գործընթացը չի բավարարել Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով պարտադիր դատավարական պահանջներին, ինչպես նաև Դատարանը չի իրականացրել Արման Մուշեղյանի հայտարարությունների արդյունավետ քննություն Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «բ» կետի ներքո։

Նշվածը գնահատելով որպես էական դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում անցկացնել երեխային Հայաստանի Հանրապետությունից տեղափոխելու դեպքում ֆիզիկական կամ հոգեբանական վնաս հասցնելու ցանկացած ռիսկի սեփական գնահատում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390‑րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2‑րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։ Ընդ որում, գործի նոր քննության ժամանակ դատարանը սույն գործի քննությունը պետք է իրականացնի հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով այն, որ գործն ամբողջ ծավալով է ուղարկվում նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալու վճռաբեկ բողոքում նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի մյուս խախտումներին:

Ինչ վերաբերում է 16052025 թվականին Արման Մուշեղյանի կողմից ի լրումն վճռաբեկ բողոքի ներկայացված՝ ձեռքբերված նոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությանը՝ գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ենթակա է քննարկման գործի նոր քննության ընթացքում:

 

Վերոգրյալ պատճառաբանություններով միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ գործի ըստ էության քննությունն իրականացնելու նպատակով գործն ուղարկվում է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին։ Դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության:

2․ Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան