ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0820/04/23 2025 թ. | ||
| Սնանկության գործ թիվ ՍնԴ/0820/04/23 | |||
| |||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
| զեկուցող |
Է. Սեդրակյան | |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
|
Վ. Քոչարյան |
2025 թվականի մայիսի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2024 թվականի որոշման դեմ` ըստ Հասմիկ Դանիելյանի դիմումի՝ «Սի Այ Թի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հասմիկ Դանիելյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.05.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
20.09.2023 թվականին Ընկերության տնօրենը Դատարան է ներկայացրել ֆինանսական առողջացման ծրագիր (այսուհետ նաև՝ Ծրագիր):
Սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյանը (այսուհետ՝ Կառավարիչ) 13.10.2023 թվականին Դատարան է ներկայացրել Ընկերության պարտատերերի ժողովի 10.10.2023 թվականի արձանագրությունը, որի համաձայն` պարտատերերի ժողովի որոշմամբ Ծրագիրն ընդունվել է:
Դատարանի 15.11.2023 թվականի որոշմամբ ֆինանսական առողջացման ծրագիրը մերժվել է, սկսվել է պարտապան Ընկերության լուծարման վարույթ, և Ընկերության գործունեությունը կասեցվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.01.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 15.11.2023 թվականի «Ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու, պարտապանի լուծարման վարույթ սկսելու և պարտապանի գործունեությունը կասեցնելու մասին» որոշումը վերացվել է, ու այդ մասով հարցն ուղարկվել է Սնանկության դատարան՝ նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ, 20-րդ, 61-րդ ու 64-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ և 365-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պարտապան Ընկերության կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրում որպես դրա շրջանակներում իրականացվող միջոցառումներ մատնանշված են եղել պարտապան Ընկերությանը պատկանող «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքը, ինչպես նաև նույն Ընկերությանը պատկանող գույքերի վարձակալությունը: Այդ գույքերը գրավադրված են Բանկում՝ ի ապահովումն պարտապան Ընկերության պարտավորությունների կատարման: Նման պայմաններում, անկախ նրանից Բանկը՝ որպես պարտատեր, իրավասու է վիճարկել Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը, թե ոչ, Դատարանը պարտավոր էր որոշում կայացնել ֆինանսական առողջացման ծրագրի մերժման մասին, քանի որ դրան կից չէր ներկայացվել Բանկի կողմից տրամադրված համաձայնությունը՝ գրավի առարկաները ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքում օգտագործելու վերաբերյալ։ Այդուհանդերձ Վերաքննիչ դատարանը Բանկի պահանջը բողոքարկված լինելու պատճառաբանությամբ ոչ իրավաչափ եզրահանգման է եկել, որ Բանկն իրավասու չէ որպես պարտատեր վիճարկել Ընկերության ֆինանսական առողջացման ծարագիրը, և գործի քննությանը խաչընդոտող ձևականություններից ելնելով՝ վերացրել է Դատարանի 15․11․2023 թվականի որոշումը և այդ մասով հարցն ուղարկել է նոր քննության։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի կողմից ներկայացված պահանջի հաստատման վերաբերյալ որոշումը բողոքարկվել է նախ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, այնուհետև նաև ՀՀ վճռաբեկ դատարանում, ուստի, եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ որոշման բողոքարկումը չի կասեցնում այդ որոշումներից բխող գործողությունների կատարումը, ապա Բանկը, հիմք ընդունելով պահանջի հաստատման վերաբերյալ որոշումից բխող գործողությունների կատարման հնարավորությունը, այն է՝ պարտատիրոջ իրավունքների իրականացումը, իրավունք ունի ներկայացնելու միջնորդություններ, դիրքորոշումներ և դիտարկումներ սույն սնանկության գործի շրջանակներում՝ ներառյալ վիճարկելու Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 25.01.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.11.2023 թվականի որոշմանը։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքի փաստարկը, թե «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի իմպերատիվ պահանջը պահպանված չլինելու պայմաններում Դատարանը պարտավոր էր որոշում կայացնել ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի մերժման վերաբերյալ անհիմն է, քանի որ ֆինանսական առողջացման ծրագրով դասընթացները կազմակերպելու համար չի նախատեսվում Ընկերության կողմից որևէ գրավի առարկա հանդիսացող գույքի օգտագործում, իսկ Դատարանի պատճառաբանությունը հիմնված է բացառապես ենթադրության վրա ու վերացական է: Ավելին, հաշվի չի առնվել, որ Ծրագրով նախատեսված դասընթացները հնարավոր է անցկացնել նաև Ընկերության գործունեության վայրից դուրս, այդ թվում՝ պատվիրատուների կողմից տրամադրվող տարածքներում:
Բացի այդ, թիվ ԵԱԴԴ/1286/02/12 քաղաքացիական գործով 21.11.2017 թ. կայացված վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ Բանկը տվել է իր համաձայնությունը և՛ Ընկերության կողմից, և՛ «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքերն օգտագործելու և ստացած եկամուտները տնօրինելու վերաբերյալ: Ավելին, նույն հաշտության համաձայնությամբ Բանկը համաձայնություն է տվել նաև, որ «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ն վաճառի գրավի առարկաները երրորդ անձի:
Դատարանի 17.07.2023 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում ներառվել է նաև Բանկի կողմից ներկայացված պահանջը՝ 1.278.161.334 ՀՀ դրամի չափով: Բանկի պահանջի մասով Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը պարտապանի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, վերջինիս 20.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և բողոքարկվող որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանը 09.07.2024 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի որոշումը վերացրել և Բանկի պահանջը հաստատելու հարցը քննարկելու համար գործն ուղարկել է ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության: ՀՀ սնանկության դատարանը սույն պատասխանը ներկայացնելու օրվա դրությամբ դեռևս Բանկի պահանջը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ որոշում չի կայացրել: Դա նշանակում է, որ Բանկի պահանջը հաստատված չլինելու պայմաններում, սնանկության վարույթի հետագա փուլերում վերջինս չի կարող օգտվել պարտատիրոջ որևէ իրավունքից: Նույնիսկ պահանջը հաստատվելուց հետո, պարտատերերի ժողովում Բանկը քվեարկելու ձայնի իրավունք ձեռք չի բերում: Դրանից բացի, եթե նույնիսկ ենթադրենք, որ ֆինանսական առողջացման ծրագիրը քննարկելու նպատակով 10.10.2023 թվականին հրավիրված պարտատերերի ժողովին խորհրդակցական ձայնի իրավունք ուներ նաև Բանկը, ապա նրա համար պատշաճ ծանուցում է համարվում www.azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կառավարիչի կողմից 02.10.2023 թվականին հրապարակված հայտարարությունը: Հետևաբար, ակնհայտ անհիմն է վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ Բանկը պատշաճ չի ծանուցվել պարտատերերի ժողովի մասին, որի արդյունքում զրկված է եղել պարտապանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի առնչությամբ 10.10.2023 թվականին հրավիրված պարտատերերի ժողովին մասնակցելու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքից:
3․ Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանի 02.05.2023 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելված 1-ին, գ.թ. 29-32)․
2) Դատարանի 17.07.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պարտապան Ընկերության նկատմամբ պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության. 1․ Պարտատերեր՝ Բանկ՝ 1․278․161․334 ՀՀ դրամ, ապահովված («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված), (…), 3․ «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերություն՝ 6․161․500 ՀՀ դրամ, չապահովված («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1‑ին մասի «է» կետ), (…)» (հավելված 3-րդ, գ.թ. 37-52)․
3) Պարտապան Ընկերության կողմից 20.09.2023 թվականին դատարան է ներկայացվել ֆինանսական առողջացման ծրագիր։ Ընկերության վճարունակությունը վերականգնելու համար Ծրագրով նախատեսվել է կազմակերպել ու անցկացնել ութ տեսակի «Microsoft Office» ծրագրերի համակարգչային դասընթացներ, «ՀԾ Բանկ» համակարգչային ծրագրի ուսուցման դասընթաց, ծրագրավորողների համար նախատեսված դասընթացներ։ Ծրագրով նախատեսվել է նաև «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառք, ինչպես նաև նույն Ընկերությանը պատկանող գույքերի վարձակալություն (հավելված 3-րդ, գ.թ. 75-98)․
4) Դատարանի 17.07.2023 թվականի որոշման դեմ Բանկի պահանջը հաստատելու, պահանջների վերջնական ցուցակում ներառելու մասը և Բանկի պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու, ինչպես նաև Բանկի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի պահանջը հաստատելու մասին որոշման դեմ Ընկերության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Սնանկության դատարանի 17.07.2023 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 09․07․2024 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի որոշումը վերացվել է և Բանկի պահանջը հաստատելու հարցը քննարկելու համար գործն ուղարկվել է Սնանկության դատարան՝ նոր քննության (հիմք՝ «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգ)․
5) Կառավարչի կողմից 13.10.2023 թվականին ներկայացվել է Ընկերության պարտատերերի ժողովի 10.10.2023 թվականի արձանագրությունը, որի համաձայն՝ պարտատերերի ժողովի որոշմամբ ֆինանսական առողջացման ծրագիրն ընդունվել է: Ժողովին մասնակցել են պարտատերեր Գագիկ Կարապետյանը, Գոհար Միրիջանյանը, Հասմիկ Դանիելյանը (լիազորված անձ Մարգարիտա Միրզախանյան), «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի լիազորված անձն ու «Էյ Սոլարս» ԲԲԸ-ի տնօրենը (հավելված 5-րդ, գ.թ. 17)․
6) 17․10․2023 թվականին Բանկը Դատարան է ներկայացրել առարկություն-միջնորդություն՝ խնդրելով մերժել Ընկերության կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիրը նաև այն պատճառաբանությամբ, որ ծանուցված չի եղել Ընկերության պարտատերերի ժողովի վերաբերյալ (հավելված 5-րդ, գ.թ. 40‑51)․
7) Թիվ ԵԱԴԴ/1286/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21․11․2017 թվականի վճռով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ի, «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի, «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի, Գագիկ Կարապետյանի, Սիրանուշ Պողոսյանի, Լիդա Սարգսյանի, Կարինե Թորոսյանի, Արտավազդ Ավետիսյանի, Ալեքսանդր Թևոսյանի, Սուրեն Կարապետյանի, Գագիկ Օրդյանի, Էմմա Հարությունյանի, Լիլիկ Գևորգյանի, Անի Այվազյանի, Սամվել Սիմոնյանի, Գայանե Մովսիսյանի, Հակոբ Սահակյանի, Վանիկ Մարտիրոսյանի, Սեդա Բաղդասարյանի, Կարեն Կարապետյանի, Լուսյա Խաչատրյանի ու «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի բաժնետերերի միջև հաստատված հաշտության համաձայնության (այսուհետ՝ Հաշտության համաձայնություն)՝
1․14 կետի համաձայն՝ «Բանկը, որպես գրավառու, տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Անշարժ գույքերը, այդ թվում դրանցից ստացված եկամուտները, ստանձնած պարտավորությունների պատշաճ սպասարկման ընթացքում, տիրապետվեն և օգտագործվեն Կողմ 1-ի և/կամ Կողմ 2-ի կողմից։ Կողմերը, այդ թվում Երաշխավորը, պարտավորվում են Անշարժ գույքերի տիրապետման և օգտագործման արդյունքում ստացված եկամուտների շրջանառությունն իրականացնել Բանկում բացված բանկային հաշվի (հաշիվների) միջոցով։ Եթե Կողմ 2-ը թույլ տա Հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունների կատարման կետանց, ապա նշված պարտավորությունները կարող են կատարվել Կողմ 2-ի և/կամ Երաշխավորի՝ Բանկում սպասարկվող բանկային հաշիվների մնացորդների հաշվին՝ առանց վերջիններիս կողմից Բանկին ուղղված վճարման համապատասխան կարգադրություններ ստանալու, որի ապահովման համար Կողմ 2-ը և Երաշխավորը իրավունք են վերապահում Բանկին Հաշտության համաձայնությունից բխող ցանկացած պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Բանկում սպասարկվող իրենց հաշիվներից անվիճելի կարգով գանձել պահանջվող գումարը։ Սույն կետը Կողմ 2-ի և/կամ Երաշխավորի կողմից հետագայում չեն կարող վկայակոչվել և հիմք հանդիսանալ Բանկի կողմից տուժանքի հաշվարկման և գանձման փաստը վիճարկելու համար, եթե Կողմ 2-ի ն/կամ Երաշխավորի բանկային հաշիվների նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավասու մարմինների կողմից կիրառված են եղել սահմանափակումներ․
1.15. կետի համաձայն՝ «Բանկը, որպես գրավառու տալիս է իր համաձայնությունը, որպեսզի գրավի առարկա հանդիսացող ցանկացած գույք Կողմ 1-ը վաճառի այլ անձի, պայմանով, որ վաճառքից ստացված գումարից 1.1 կետում նշված գրավի /հիփոթեքի/ պայմանագրով տփսւլ գրավի առարկայի գնահատման արժեքի չափով մարվի Բանկի հանդեպ հիմնական պարտավորությունը։ Բանկը, որպես գրավառու իրավունք ունի չտալ իր համաձայնությունը, որպեսզի գրավի առարկա հանդիսացող որևէ գույք Կողմ 1-ը վաճառի այլ անձի, եթե տվյալ գրավի առարկայի վաճառքը բացասական ազդեցություն ունենա մնացած գրավի առարկաների կամ դրանցից մեկի գնահատված արժեքի վրա» (հատոր 6-րդ, գ․թ․ 25-45)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3‑րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը․ արդյո՞ք ֆինանսական առողջացման ծրագրի քննարկման կամ հաստատման համար պարտադիր է ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) համաձայնությունը, եթե ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պետք է օգտագործվի վերջինիս պահանջի դիմաց գրավադրված գույքը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի իրականացման դեպքում պարտապանը չի լուծարվելու կամ չի կայացվելու ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճիռ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, կառավարիչը, ապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, չապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, ինչպես նաև պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն 1/3‑ին տիրապետող անձինք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներկայացվի մինչև առաջին ժողովը: Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձի միջնորդությամբ դատարանը կարող է երկարաձգել ծրագրի ներկայացման ժամկետը ևս 30 օրով: Ֆինանսական առողջացման ծրագրի հետ մեկտեղ պարտատերերին, ինչպես նաև առողջացման ծրագրով նախատեսված ծրագրի հնարավոր ֆինանսավորողներին ըստ պահանջի ներկայացվում են բոլոր այն տեղեկությունները, այդ թվում՝ ֆինանսական, որոնք հիմք են ծառայել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի համար:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի`
ա) ապահովված, չապահովված և այլ խմբերի պարտատերերի նկատմամբ պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումների կատարման կարգը, այդ թվում` պահանջների բավարարման կարգը պարտապանին պատկանող անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքով.
բ) պարտապանին պարտավորություններից ազատելու, դրանք հետաձգելու կամ վերաձևակերպելու կարգը և չափերը.
գ) պարտապանի վճարունակությունը վերականգնելու համար նույն օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների բովանդակությունը և իրականացման կարգն ու ժամկետները, դրանց իրականացման արդյունքում պարտապանի գործունեությունը շարունակելիս պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունների ավելացման հիմնավորումները, պարտապանին պատկանող գույքի վաճառքի դեպքում` վաճառվող գույքի կազմը.
դ) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման համար անհրաժեշտ` կառավարչի և այլ մասնագետների, պարտապանի ղեկավարի վարձատրության և վարչական ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց պարտատիրոջ գրավոր համաձայնության, ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող նախատեսել այդ պարտատիրոջ պահանջների բավարարման այլ հերթականություն, քան նախատեսված է նույն օրենքով։ Եթե տվյալ պարտատերը գրավոր այլ համաձայնություն չի տվել, ապա պարտատերերից որևէ մեկը չպետք է ֆինանսական առողջացման ծրագրի նախատեսված արդյունքում նվազ նպաստավոր պայմաններում հայտնվի, քան եթե պարտապանը լուծարվեր։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խախտել այլ անձանց շահերը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պետք է օգտագործվի ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) պահանջի դիմաց գրավադրված գույքը, ապա ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) համաձայնությունը ֆինանսական առողջացման ծրագրի քննարկման կամ հաստատման համար պարտադիր է:
Մինչև 12․02․2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո` երկու օրվա ընթացքում, դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին, եթե այն չի համապատասխանում նույն օրենքով սահմանված պահանջներին, (…):
Նույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, դատարանը որոշում չի ընդունել ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին, ապա կառավարչին, պարտապանին և իրեն հայտնի բոլոր պարտատերերին ծանուցում է դատարանում ֆինանսական առողջացման ծրագրի առկայության և ծրագրին նրանց ծանոթանալու իրավունքի մասին:
Նույն օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կառավարիչը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու` նույն օրենքով կամ երկարաձգման մասին դատարանի որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում հրավիրում է ժողով ֆինանսական առողջացման ծրագիրը (ծրագրերը) քննարկելու նպատակով, որին հրավիրվում է պարտապանը: Ժողովի հրավիրման մասին տեղեկությունը պետք է հրապարակվի իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նշելով ծրագիրը (ծրագրերը) ներկայացնողի անունը (անվանումը) և ժողովի հրավիրման տարին, ամիսը, ամսաթիվը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քվեարկությանը կարող են մասնակցել միայն հաստատված պահանջներով պարտատերերը, բացառությամբ ապահովված պահանջներով պարտատերերի և նույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետով նախատեսված պահանջներով պարտատերերի: Ֆինանսական առողջացման ծրագիրը քվեարկում են ապահովված պարտատերերը, եթե տվյալ սնանկության գործով բոլոր պարտատերերը հանդիսանում են ապահովված պարտատերեր (…):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է պարտատերերի ձայների պարզ մեծամասնությունը, ինչի մասին ժողովը կայացնում է որոշում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրը` ժողովի որոշմամբ ընդունվելու և նույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, հաստատվում է դատարանի որոշմամբ: Հակառակ դեպքում դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու և պարտապանին լուծարելու մասին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու, ներկայացված ծրագրի հաստատումը մերժվելու, ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու, ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթ սկսելու մասին (…):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը նպատակ է հետապնդում հնարավորություն ընձեռելու բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, վերականգնել կենսունակությունը: Միևնույն ժամանակ կոչված է ապահովելու պարտատերերի շահերի պաշտպանությունը` այդ իսկ նկատառումով սահմանելով ֆինանսական առողջացման ծրագրին պարտատերերի ծանոթանալու իրավունքը, իրավաբանական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատերերի կողմից քննարկելու և քվեարկությամբ ընդունելու կամ չընդունելու հնարավորությունը (տե՛ս «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Զորակ Հովհաննիսյանի թիվ ՇԴ/0031/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սնանկության ինստիտուտը նպատակ ունի առաջին հերթին ապահովելու քաղաքացիական շրջանառության կայունությունը՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ դրա անհնարինության դեպքում՝ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու միջոցով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխում ամրագրված նորմերը կարգավորում են ֆինանսական առողջացման ծրագրի, դրան առաջադրվող պարտադիր պայմանների, ներկայացման ժամկետների, քննարկման և հաստատման կարգի կապակցությամբ առաջացած իրավահարաբերությունները, որոնց համակարգային վերլուծությունից հետևում է, որ Օրենսդրի կողմից ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացման հնարավորության նախատեսումը սնանկության վարույթի շրջանակներում պարտապանին հնարավորություն է ընձեռում ֆինանսապես առողջանալ ու տնտեսական շրջանառության մեջ հանդես գալ որպես մրցունակ և ֆինանսապես կայուն սուբյեկտ:
Վերը նշված իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ ֆինանսական առողջացման գործընթացը, ինչպես սնանկության վարույթը, բաղկացած է մի քանի փուլերից, և յուրաքանչյուր փուլ (պարտատերերի ժողովի կողմից ֆինանսական առողջացման ծրագրի ընդունում, ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացում, ֆինանսական առողջացման ծրագրի քննարկում ու հաստատում) ունի իրեն բնորոշ ընթացակարգային և բովանդակային առանձնահատկությունները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացման (ընդունելության) փուլում գործը քննող դատարանը ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո առաջին հերթին ստուգում է դրա համապատասխանությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին և երկու օրվա ընթացքում ընդունում է ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին որոշում (եթե այն չի համապատասխանում նույն օրենքով սահմանված պահանջներին), կամ նման որոշում չի ընդունում ու, թևակոխելով ֆինանսական առողջացման ծրագրի քննարկման ու հաստատման փուլ, կառավարչին, պարտապանին և իրեն հայտնի բոլոր պարտատերերին ծանուցում է դատարանում ֆինանսական առողջացման ծրագրի առկայության ու նրանց դրա պայմանների հետ ծանոթանալու իրավունքի մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆինանսական առողջացման ծրագիրը կարող է գործը քննող դատարանում դառնալ քննարկման առարկա բացառապես այն դեպքերում, երբ այդ ծրագրի մանրակրկիտ ստուգման արդյունքում հաստատվում է դրա առերևույթ համապատասխանությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին, այդ թվում՝ նույն օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասին։ Հետևաբար ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացվելու պարագայում դատարանի քննության առակա պետք է դառնա ոչ միայն ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնող անձի իրավասությունը՝ ներկայացնելու նման ծրագիր, այլ նաև այդ ծրագրի բովանդակային և ձևական համապատասխանությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված մյուս պահանջներին։ Ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի ընդունելության փուլում դատարանի խնդիրն է, ի թիվս այլի, պարզել՝ արդյո՞ք ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված է ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) պահանջի դիմաց գրավադրված գույքի օգտագործում, իսկ այդպիսին նախատեսված լինելու դեպքերում՝ արդյո՞ք առկա է համապատասխան պարտատիրոջ (պարտատերերի) համաձայնությունը՝ գրավի առարկաները ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքում օգտագործելու վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ նման համաձայնությունը ֆինանսական առողջացման ծրագրի քննարկման կամ հաստատման համար պարտադիր է։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 02.05.2023 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:
Դատարանի 17.07.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պարտապան Ընկերության նկատմամբ պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության. 1․ Պարտատերեր՝ Բանկ՝ 1․278․161․334 ՀՀ դրամ, ապահովված («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված), (…), 3. «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերություն՝ 6․161․500 ՀՀ դրամ, չապահովված («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետ), (…)։ Պարտապան Ընկերության կողմից 20.09.2023 թվականին դատարան է ներկայացվել ֆինանսական առողջացման ծրագիր։ Ընկերության վճարունակությունը վերականգնելու համար Ծրագրով նախատեսվել է, ի թիվս այլի, կազմակերպել ու անցկացնել ութ տեսակի «Microsoft Office» ծրագրերի համակարգչային դասընթացներ, «ՀԾ Բանկ» համակարգչային ծրագրի ուսուցման դասընթաց, ծրագրավորողների համար նախատեսված դասընթացներ։ Ծրագրով նախատեսվել է նաև «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառք, ինչպես նաև նույն Ընկերությանը պատկանող գույքերի վարձակալություն։
Դատարանի 17.07.2023 թվականի որոշման դեմ Բանկի պահանջը հաստատելու, պահանջների վերջնական ցուցակում ներառելու մասը և Բանկի պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու, ինչպես նաև Բանկի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի պահանջը հաստատելու մասին որոշման դեմ Ընկերության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.07.2023 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 09․07․2024 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի որոշումը վերացվել է և Բանկի պահանջը հաստատելու հարցն ուղարկվել է Սնանկության դատարան՝ նոր քննության։
Կառավարչի կողմից 13.10.2023 թվականին ներկայացվել է Ընկերության պարտատերերի ժողովի 10.10.2023 թվականի արձանագրությունը, որի համաձայն՝ պարտատերերի ժողովի որոշմամբ ֆինանսական առողջացման ծրագիրն ընդունվել է: Ժողովին մասնակցել են պարտատերեր Գագիկ Կարապետյանը, Գոհար Միրիջանյանը, Հասմիկ Դանիելյանը (լիազորված անձ Մարգարիտա Միրզախանյան), «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի լիազորված անձն ու «Էյ Սոլարս» ԲԲԸ-ի տնօրենը։
17․10․2023 թվականին Բանկը Դատարան է ներկայացրել առարկություն-միջնորդություն՝ խնդրելով մերժել Ընկերության կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիրը, ի թիվս այլնի, այն պատճառաբանությամբ, որ ծանուցված չի եղել Ընկերության պարտատերերի ժողովի վերաբերյալ։
Դատարանի 15.11.2023 թվականի որոշմամբ Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը մերժվել է, սկսվել է պարտապանի լուծարման վարույթ, և պարտապանի գործունեությունը կասեցվել է այն պատճառաբանությամբ, որ «Ծրագրի ուսումնասիրության և Ծրագրի վերաբերյալ կողմերի ներկայացրած դիրքորոշումների արդյունքում Դատարանն արձանագրում է, որ Ընկերության վճարունակությունը վերականգնելու համար նախատեսվում են կազմակերպել և անցկացնել (․․․) դասընթացներ, որոնց կազմակերպման համար օգտագործվելու է Բանկի գրավը հանդիսացող անշարժ գույքը, մինչդեռ Ընկերության կողմից Դատարան ներկայացված Ծրագրին կից չի ներկայացվել Բանկի համաձայնությունը դրա վերաբերյալ (…) Դատարանը գտնում է, որ Ծրագիրը չի համապատասխանում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, որպիսի պայմաններում այն ենթակա է մերժման»:
Վերաքննիչ դատարանը 25.01.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 15․11.2023 թվականի «Ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու, պարտապանի լուծարման վարույթ սկսելու և պարտապանի գործունեությունը կասեցնելու մասին» որոշումը վերացրել է այն պատճառաբանությամբ, որ «(․․․) Սնանկության դատարանը որևէ կերպ չի անդրադարձել պարտապան «Սի Այ Թի» ՍՊ ընկերության կողմից ներկայացված այն փաստարկին, որ Բանկի պահանջը հաստատելու և վերջնական ցուցակում ներառելու մասով Դատարանի որոշումը վիճարկել է և այդ մասով այն դեռևս չի կարող համարվել օրինական ուժ ունեցող:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքարկվող որոշումը չի պարունակում որևէ պատճառաբանություն՝ ընկերության կողմից 08.11.2023թ. Դատարան ներկայացված փաստարկների վերաբերյալ, մասնավորապես, ընկերությունը հայտնել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի պահանջներից հետևում է, որ սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը մասնակիորեն՝ առանձին պահանջների մասով բողոքարկելու դեպքում, բողոքարկված պահանջների մասով չի մնում ուժի մեջ մինչև դրա վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացումը: Տվյալ դեպքում Բանկի ներկայացրած պահանջը բողոքարկվել է, և Սնանկության դատարանի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած դատական ակտերի դեմ բերվել է վճռաբեկ բողոք: Դատարանի 17.07.2023թ. որոշումը Բանկի ներկայացրած պահանջի մասով ուժի մեջ չէ և Բանկն իրավասու չէ որպես պարտատեր վիճարկել ընկերության առողջացման ծրագիրը:
Դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը մասնակիորեն՝ բանկի պահանջի մասով բողոքարկելու, ըստ այդմ՝ այդ պահանջի մասով դեռևս օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չլինելու պարագայում Բանկն իրավասու՞ է որպես պարտատեր վիճարկել ընկերության առողջացման ծրագիրը, թե՞ ոչ, այդ թվում՝ հաշվի առնելով խորհրդակցական ձայնի իրավունքի հանգամանքը, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանը զրկված է այդ առնչությամբ դատողություններ անելու հնարավորությունից, քանզի բողոքարկվող դատական ակտը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, չի պարունակում բողոքաբերի հիշյալ փաստարկների կապակցությամբ որևէ դատողություն, այդ մասով դատական ակտը պատճառաբանված չէ, ուստի բողոքի փաստարկն այս մասով հիմնավոր է»։
Վերաքննիչ բողոքի այլ փաստարկներին Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել։
Սույն որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշման համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել և գնահատման առարկա չի դարձրել այն, որ Բանկը, որպես գրավառու, թիվ ԵԱԴԴ/1286/02/12 քաղաքացիական գործով 21.11.2017 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնության 1․14-րդ կետով տվել է իր համաձայնությունը, որպեսզի անշարժ գույքերը, այդ թվում՝ դրանցից ստացված եկամուտները, ստանձնած պարտավորությունների պատշաճ սպասարկման ընթացքում, տիրապետվեն և օգտագործվեն «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի և Ընկերության կողմից։ Անտեսվել է նաև այն, որ նույն հաշտության համաձայնության 1.15-րդ կետի համաձայն՝ «Բանկը, որպես գրավառու, տալիս է իր համաձայնությունը, որպեսզի գրավի առարկա հանդիսացող ցանկացած գույք Կողմ 1-ը վաճառի այլ անձի, պայմանով, որ վաճառքից ստացված գումարից 1.1 կետում նշված գրավի /հիփոթեքի/ պայմանագրով տվյալ գրավի առարկայի գնահատման արժեքի չափով մարվի Բանկի հանդեպ հիմնական պարտավորությունը։ Բանկը, որպես գրավառու իրավունք ունի չտալ իր համաձայնությունը, որպեսզի գրավի առարկա հանդիսացող որևէ գույք Կողմ 1-ը վաճառի այլ անձի, եթե տվյալ գրավի առարկայի վաճառքը բացասական ազդեցություն ունենա մնացած գրավի առարկաների կամ դրանցից մեկի գնահատված արժեքի վրա»։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ոչ միայն պետք է պարզվեր ֆինանսական առողջացման ծրագրով Բանկի պահանջի դիմաց գրավադրված գույքի օգտագործում նախատեսված լինելու փաստը, այլ նաև պետք է գնահատվեր թիվ ԵԱԴԴ/1286/02/12 քաղաքացիական գործով 21.11.2017 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնության 1․14-րդ և 1․15-րդ կետերով Բակի կողմից տրված համաձայնությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 61‑րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով որպես գրավի առարկաները ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքում օգտագործելու համաձայնություն դիտարկելու հնարավորությունը։
Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում թույլ տրված լինելու պայմաններում խաթարվել է արդարադատության բուն էությունը, որպիսի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան՝ վերը նշված ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը․
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքներով պետական տուրք չի գանձվում։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանի՝ «Ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու, պարտապանի լուծարման վարույթ սկսելու և պարտապանի գործունեությունը կասեցնելու մասին» 15.11.2023 թվականի որոշումը միջանկյալ դատական ակտ է՝ նկատի ունենալով, որ վերջինս թվարկված չէ եզրափակիչ դատական ակտերի ցանկում: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով՝ միջանկյալ դատական ակտ պետք է համարել նաև Վերաքննիչ դատարանի 25.01.2024 թվականի որոշումը։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ վարույթի հետ կապված պետական տուրք ենթակա չէ վճարման, հետևաբար պետական տուրքի մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
|
Նախագահող |
Ա. Մկրտչյան |
|
Զեկուցող |
Է. Սեդրակյան |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
|
Ս. Մեղրյան Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|