ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍնԴ/2388/04/22 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.05.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/2388/04/22

2025 թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/2388/04/22

Նախագահող դատավոր`

 Կ. Համբարձումյան

Դատավորներ`

 Ն. Մարգարյան

 Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի մայիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Կոնստանտին Օրբելյանի դիմումի՝ «Բուրգեր ԱՐՄ» ՓԲԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29022024 թվականի որոշման դեմ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոնստանտին Օրբելյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ։

Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 25102022 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 23102023 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողով։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29022024 թվականի որոշմամբ Ընկերության և երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 23102022 թվականի ««Բուրգեր ԱՐՄ» ՓԲԸ սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կամո Մովսեսյանը (ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել սույն գործով պարտատեր «ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) (ներկայացուցիչներ Արմեն Հարությունյան և Նատալիա Սարգսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 201‑րդ հոդվածը, 43-րդ ու 46-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-8-րդ, 11-րդ, 13-րդ, 25-րդ, 66-րդ ու 157-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության գործով կառավարիչը պարտականություն ունի պարտապանին հանձնել պարտատերերի կողմից դատարան ներկայացված պահանջը և պահանջին կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև նախնական ցուցակը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետում, որին համապատասխանում է պարտատերերի կողմից ներկայացված պահանջներն ու պահանջներին կից ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև նախնական ցուցակը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետում սնանկության գործով կառավարչից ստանալու պարտապանի իրավունքը։ Իր հերթին պարտապան ունի նախնական ցուցակը ստանալուց հետո յոթ օրացուցային օրվա ընթացքում դրա դեմ առարկություն ներկայացնելու իրավունք:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ երրորդ անձ գրավատուն ունի «Սնանկության մասին» ՀՀ օրենքով պարտապանի համար սահմանված բոլոր իրավունքները, այդ թվում` համապատասխան պահանջը, պահանջին կից ներկայացված փաստաթղթերը և նախնական ցուցակը ստանալու, ինչպես նաև համապատասխան պահանջի մասով նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու իրավունք, որին համապատասխանում է վերոնշյալ փաստաթղթերը սնանկության գործով կառավարչի կողմից երրորդ անձ գրավատուին հանձնելու պարտականությունը։ Ավելին, օրենսդիրն այս կանոնից չի նախատեսել որևէ բացառություն, այսինքն` ո՛չ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, ո՛չ մեկ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ որևէ պայման, որի դեպքում կամ որի ուժով սնանկության գործով կառավարիչը կարող է վերոնշյալ փաստաթղթերը պարտապանին կամ երրորդ անձ գրավատուին հանձնելու պարտականությունը չկատարել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ պահանջը, պահանջին կից ներկայացված փաստաթղթերը և նախնական ցուցակը երրորդ անձ գրավատուին հանձնված չլինելու պայմաններում որևէ պարագայում չի կարող խոսք գնալ վերջինիս նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու իրական հնարավորություն տրված լինելու և իր գործը` այնպիսի պայմաններում ներկայացնելու հնարավորություն տրված լինելու մասին, որը նրան իր հակառակորդի նկատմամբ չի դնի նվազ բարենպաստ վիճակում։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սխալ ենթակայությամբ հարուցված քաղաքացիական գործի առկայությունն իր հերթին չի կարող հիմք հանդիսանալ Բանկի ապահովված պահանջի քննության կասեցման համար, սակայն անտեսել է, որ օրենսդիրը նշել է այն սուբյեկտների սպառիչ շրջանակը, որոնք ունեն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցված գործը սնանկության դատարանի քննությանը ենթակա լինելու հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու և որոշում կայացնելու իրավասություն և/կամ լիազորություն, հետևաբար վերը նշված հարցի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածում նշված սուբյեկտների կողմից որոշում կայացված չլինելու պայմաններում` Վերաքննիչ դատարանը դրա վերաբերյալ որևէ եզրահանգում կատարելու իրավասություն և/կամ լիազորություն ակնհայտորեն չուներ։

Վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրված դատողությունն առ այն, որ սխալ ենթակայությամբ հարուցված քաղաքացիական գործի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ Բանկի ապահովված պահանջի քննությունը կասեցնելու համար որևէ դեպքում չէր կարող հանդիսանալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157‑րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետով նախատեսված` քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու պայմանների բացակայությունը հաստատելու հիմք, քանի որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցված քաղաքացիական գործի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված պայմաններին համապատասխանելու կամ չհամապատասխանելու հանգամանքը որևէ առնչություն չունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտ և բավարար պայմանների բացակայությունը կամ առկայությունը բացահայտելու հետ և որևէ ձևով ավել կամ պակաս հավանական չի դարձնում դրանց առկայության կամ բացակայության հանգամանքի բացահայտումը` հատկապես հաշվի առնելով այն, որ գործը սխալ ենթակայությամբ հարուցված լինելու ենթադրյալ հանգամանքը խոչընդոտ չէ տվյալ քաղաքացիական գործի քննության և տվյալ վեճը լուծող դատական ակտի կայացման համար, ըստ այդմ նաև` արգելք չէ այդ գործի առկայության հիմքով մեկ այլ գործի վարույթի կամ սնանկության գործով որևէ պահանջի քննության կասեցման համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ իր ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 29.02.2024 թվականի որոշումը և Բանկի ներկայացրած պահանջը որպես գրավով ապահովված պահանջ գրանցելու հարցն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Կամո Մովսեսյանը, ամեն կերպ փորձելով խոչընդոտել սնանկության վարույթի բնականոն ընթացքին, իրարամերժ և իրականությանը չհամապատասխանող փաստեր է վկայակոչում ու այդ հիմքով բողոքարկում դատական ակտը։

Կամո Մովսեսյանը Բանկի ներկայացրած պահանջի վերաբերյալ 28092023 թվականին ներկայացրել է «Միջնորդություն-դիրքորոշում» վերնագրով փաստաթուղթ, որում նշել է, որ դատական գործընթացներին մասնակցելուց հետո է դատական համակարգի տեղեկատվական հարթակից իմացել սնանկության գործի առկայության և Բանկի ներկայացրած պահանջի մասին, այնինչ վերաքննիչ բողոքում նշել է, որ տեղյակ չի եղել վերը նշված պահանջի մասին։

Թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի պարտավորեցնում սնանկության գործով կառավարչին ապահովված պահանջների դեպքում ծանուցել նաև երրորդ անձանց, այնուամենայնիվ սույն սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից Դատարան են ներկայացվել պահանջների նախնական ցուցակը սնանկության վարույթի մասնակիցներին՝ այդ թվում Կամո Մովսեսյանին, ուղարկելու մասին ապացույցներ։

Կամո Մովսեսյանին 22092023 թվականին ուղարկվել է նաև թիվ 258 ծանուցումը՝ Բանկում գրավադրված՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Իսահակյան փողոցի թիվ 28 շենք 1/3 հասցեում գտնվող գույքում գույքագրում սկսելու վերաբերյալ, հետևաբար Կամո Մովսեսյանի պնդումներն առ այն, որ իրեն որևէ ծանուցում չի ուղարկվել, չի համապատասխանում իրականությանը։

Կամո Մովսեսյանը վճռաբեկ բողոքում փոխել է բողոքի հիմքը և բարձրացրել է սնանկության գործով կառավարչի կողմից երրորդ անձ գրավատուին պահանջն ու կից փաստաթղթերն ուղարկելու պարտականություն կրելու և պարտականությունը չկատարելու դեպքում երրորդ անձ գրավատուի՝ նախնական ցուցակի դեմ առարկություններ ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու հարցը, սակայն այս մասով դիրքորոշում չի ներկայացրել ո՛չ Դատարանում, ո՛չ էլ Վերաքննիչ դատարանում։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կոնստանտին Օրբելյանը 18082022 թվականին դիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով Ընկերությանը ճանաչելու սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 2-6).

2) Դատարանի 25102022 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 10-14).

3) Դատարանի 03112022 թվականի որոշմամբ Տիգրան Սահակյանը նշանակվել է պարտապանի սնանկության գործով կառավարիչ (հատոր 1-ին, գ.թ. 15,16)

4) Դատարանում 08.12.2022 թվականին ստացվել է Բանկի պահանջը՝ սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ իր ապահովված պահանջը՝ 1.558.225 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գրանցելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 100-102).

5) պահանջին կից, ի թիվս այլ ապացույցների, Բանկի կողմից ներկայացվել է իր, Ընկերության և երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի միջև 23012020 թվականին կնքված «Երրորդ անձի (անձանց) անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի)» թիվ G20‑004117 պայմանագիրը, որի համաձայն՝ հաջորդող գրավի առարկա է հանդիսացել Երևանի Իսահակյան փողոցի թիվ 28 շենք 1/3 հասցեում գտնվող տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 136‑144).

6) Դատարանը 08122022 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարչին է ուղարկել Բանկի պահանջի և պահանջին կից փաստաթղթերի պատճենները՝ դրանց օրինակը պարտապանին հանձնելու համար: Սնանկության գործով կառավարիչը Բանկի պահանջի և պահանջին կից փաստաթղթերի պատճենները ստացել է 13122022 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 155,156)

7) սույն սնանկության գործում բացակայում է Բանկի պահանջը և պահանջին կից փաստաթղթերը սնանկության գործով կառավարչի կողմից երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանին ուղարկելու փաստը հաստատող ապացույց

8) Կամո Մովսեսյանը 18092023 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Ընկերության և Բանկի՝ Բանկի, Ընկերության և իր միջև 23012020 թվականին կնքված թիվ G20-004117 երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագիրն (այսուհետ՝ նաև Պայմանագիր) անվավեր՝ շինծու ճանաչելու, որպես հետևանք Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 28 շենքի թիվ 1/3 գույքի (այսուհետ՝ նաև Գույք) նկատմամբ Բանկի գրավի իրավունքը դադարած ճանաչելու պահանջի մասին։ Դատարանի 02102023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ, քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/30437/02/23)

9) Դատարանում 06102023 թվականին ստացվել է սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի միջնորդությունը՝ պարտատերերի նախնական ցուցակի դեմ առարկության բացակայության դեպքում Ընկերության սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովը 09112023 թվականին նշանակելու մասին։ Միջնորդությանը կից ներկայացվել են պարտատերերի պահանջների նախնական ցուցակը և միջնորդությունը՝ 19092023 թվականին Ընկերությանը, պարտատերերին և երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանին փոստային առաքմամբ ուղարկելու, ինչպես նաև պարտատերերի պահանջների նախնական ցուցակը 22092023 թվականին ինտերնետով՝ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am) հրապարակելու փաստերը հաստատող ապացույցները (հատոր 1-ին, գ.թ. 159‑167).

10) երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանին սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից 19092023 թվականին փոստային առաքմամբ «Ք ԵՐԵՎԱՆ Փ ՀՐ ՆԵՐՍԻՍՅԱՆ Փ 2 ՓԴ 0014, 29» հասցեով ուղարկված պարտատերերի պահանջների նախնական ցուցակը հասցեատիրոջ կողմից չի ստացվել այն վերադարձվել է ուղարկողին (հիմք՝ «www.haypost.am»՝ «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական կայք, թիվ LO111332444AM փոստային ծածկագիրը կրող փոստային առաքանու վերաբերյալ առկա տեղեկատվություն)

11) երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանը 06102023 թվականին Դատարանին ներկայացրել է «Միջնորդություն-դիրքորոշում» վերտառությամբ փաստաթուղթ, որով հայտնել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում՝ իր, Ընկերության և Բանկի միջև 23012020 թվականին կնքված «Երրորդ անձի (անձանց) անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի)» թիվ G20‑004117 պայմանագիրն առոչինչ ճանաչելու պահանջի մասին, որի վերաբերյալ կազմվել է թիվ ԵԴ2/30437/02/23 քաղաքացիական գործը, և խնդրել կասեցնել սույն սնանկության գործով Բանկի ներկայացրած պահանջի քննությունը մինչև թիվ ԵԴ2/30437/02/23 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Բանկի պահանջի մասին իր ծանուցված չլինելու հանգամանքը՝ խնդրել է իրեն տրամադրել պահանջի իր օրինակը՝ հայտնելով, որ դրա վերաբերյալ դիրքորոշումը կներկայացնի այն ստանալուց հետո։ Նույն «Միջնորդություն-դիրքորոշում» վերտառությամբ փաստաթղթում որպես իր ծանուցման հասցե Կամո Մովսեսյանը նշել է «ՀՀ, ք Երևան, Վերին Անտառային 33, բն հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 168‑172)

12) սույն սնանկության գործում բացակայում է Բանկի պահանջը և պահանջին կից փաստաթղթերը տրամադրելու վերաբերյալ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի միջնորդության կապակցությամբ Դատարանի կողմից որևէ դատավարական գործողություն կատարելու մասին ապացույց

13) Դատարանի 23102023 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը՝ դրանում ներառելով նաև Բանկի պահանջը՝ 1558225 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով՝ որպես ապահովված պահանջ (հատոր 1-ին, գ.թ. 191‑197)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6‑րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 104-րդ մասի և 46-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ ու 13-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպական դատարանը միաժամանակ արտահայտել է այնպիսի իրավական դիրքորոշում, համաձայն որի՝ դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները չեն կարող համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն` օգտագործվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (տե՛ս Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 55):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը.

2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

Նույն հոդվածի 104-րդ մասի համաձայն՝ երրորդ անձ գրավատուն, երաշխավորը կամ երաշխիք տվող անձը համապատասխան պահանջի մասով ունեն պարտապանի համար սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները:

Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն` երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված պահանջ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատարանը պահանջի և նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին` դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, իսկ դատարանի կողմից թերությունների վերացման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում՝ այդ ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը, ըստ անհրաժեշտության՝ փոփոխություն կատարելով պահանջի վերաբերյալ կայացված դատական ակտում:

Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց կապակցությամբ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել է դիրքորոշում հայտնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, վարում է դատավարությունը, անհրաժեշտության դեպքում սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին, պայմաններ է ստեղծում գործի փաստական հանգամանքները պարզելու, ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ։

Նույն հոդվածի նույն մասի 7-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ։

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն չի պարտավորեցնում սնանկության գործով կառավարչին՝ ապահովված պահանջների դեպքում ծանուցելու նաև երրորդ անձանց, ում գույքով ապահովված է համապատասխան պահանջը, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը նախատեսում է միայն կառավարչի, պարտապանի և պարտատերերի կողմից պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու հնարավորություն, այդուհանդերձ անհրաժեշտ է կարևորել այն հանգամանքը, որ երրորդ անձը (մասնավորապես գրավատուն) պետք է իրական հնարավորություն ունենա տեղեկացված լինելու ներկայացված պահանջի մասին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով առարկություն՝ նկատի ունենալով, որ ապահովված պահանջի հաստատումն ուղղակիորեն առնչվում է երրորդ անձի սեփականության իրավունքին և այդ իրավունքի դատական պաշտպանությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ նման դիրքորոշումը համապատասխանում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 19.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1294 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը: Նշված որոշմամբ քննարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի [Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը] սահմանադրականությունը՝ ՀՀ սահմանադրական դատարանը մասնավորապես կարևորել է, որ օրենսդրի կողմից գրավառուի՝ գրավատուին պատշաճ կարգով ծանուցելու պարտականության ամրագրումը նպատակ է հետապնդում երաշխավորելու գրավատուի դատական պաշտպանության իրավունքը, նույն տրամաբանությունն է գործում նաև մասնավորապես գրավով ապահովված պահանջը հաստատելու գործընթացում: Գրավատուն պետք է իրական հնարավորություն ունենա տեղեկանալու սնանկության վարույթում իր գույքով ապահովված պահանջ ներկայացված լինելու վերաբերյալ: Եթե օբյեկտիվորեն գրավատուն հնարավորություն չի ունեցել տեղեկացված լինելու սնանկության վարույթում ներկայացված պահանջի վերաբերյալ, ապա վերջինիս պետք է տրվի հնարավորություն ներկայացնելու իր առարկությունները ներկայացված պահանջի վերաբերյալ: Հակառակ իրավական դիրքորոշման պարագայում սահմանափակվում է ոչ միայն անձի սեփականության, այլ նաև դատական պաշտպանության իրավունքը(տե՛ս ըստ Գարիկ Իսրայելյանի դիմումի՝ թիվ ԵՇԴ/0072/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ արձանագրել է, որ բոլոր այն պարտատերերը, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն ծանոթացել http://www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական համացանցային կայքում հրապարակված հայտարարությանը, հետագայում դատական կարգով իրենց իրավունքների պաշտպանության հնարավորություն պետք է ունենան: Հակառակ պարագայում ոչ միայն ոտնահարվում է 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով ամրագրված նրանց իրավունքները, այլև խախտվում են համամասնականության և համաչափության սահմանադրական սկզբունքները` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված բացառությունների առումով:

Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ շահագրգիռ սուբյեկտների կողմից սնանկության գործընթացի մասին պատշաճ ծանուցված լինելը՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության conditio sine qua non (պայման, առանց որի հնարավոր չէ) կարևոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ուստիև ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձևական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն սնանկության գործընթացում գտնվող սուբյեկտի (պարտապանի) բոլոր պարտատերերի հայտնաբերմանը և վերջիններիս՝ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Նշված նպատակն իրագործելու համար օրենսդիրը պետք է նախատեսի պարտապանի արդյունավետ ծանուցման և պարտավորությունների գրանցման ընթացակարգ, որը գործնականում կբացառի սնանկության գործընթացի մասին շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները: Խնդիրն այն է, որ պարտատերը պատշաճ ծանուցում պետք է ստանա սնանկության վարույթի բացման և պահանջներ ներկայացնելու անհրաժեշտության մասին: Իսկ պարտապանը պետք է օրենքով սահմանված կարգով հստակ ու ամբողջական տեղեկատվություն ներկայացնի իր պարտավորությունների վերաբերյալ: Սնանկության վարույթում իրականացվող գործընթացների մասին երրորդ անձ գրավատուի տեղեկացումը բխում է նրա սեփականության և դատական պաշտպանության իրավունքները երաշխավորելու անհրաժեշտությունից: Ընդ որում, այստեղ կիրառելի է Սահմանադրական դատարանի այն դիրքորոշումը, որ օրենսդիրը պետք է նախատեսի պարտապանի արդյունավետ ծանուցման ընթացակարգ, որը գործնականում կբացառի սնանկության գործընթացի մասին շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն իրազեկված չլինելու իրավիճակները:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունն ապահովված է երրորդ անձ գրավատուին պատկանող գույքի գրավով, ապա վերջինս ոչ միայն պետք է իրապես տեղեկացվի պահանջների ներկայացման և հաստատման ընթացակարգի, այլ նաև իր գույքի վաճառքին վերաբերող գործընթացի մասին, քանի որ հակառակ մոտեցման պարագայում ուղղակիորեն սահմանափակվում են երրորդ անձ գրավատուի սեփականության և դատական պաշտպանության իրավունքները, այդ թվում` վերջինս զրկվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված իր իրավունքից օգտվելու իրական հնարավորությունից (տե՛ս ըստ Գագիկ Հակոբյանի դիմումի՝ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2019 թվականի որոշումը):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 25102022 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ։

Դատարանում 08.12.2022 թվականին ստացվել է Բանկի պահանջը՝ սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ իր ապահովված պահանջը՝ 1.558.225 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գրանցելու մասին։ Պահանջին կից Բանկի կողմից, ի թիվս այլ ապացույցների, ներկայացվել է իր, Ընկերության և երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի միջև 23012020 թվականին կնքված «Երրորդ անձի (անձանց) անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի)» թիվ G20‑004117 պայմանագիրը, որի համաձայն՝ հաջորդող գրավի առարկա է հանդիսացել Երևանի Իսահակյան փողոցի թիվ 28 շենք 1/3 հասցեում գտնվող տարածքը։

Դատարանում 06102023 թվականին ստացվել է սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի միջնորդությունը՝ պարտատերերի նախնական ցուցակի դեմ առարկության բացակայության դեպքում Ընկերության սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովը 09112023 թվականին նշանակելու մասին։ Միջնորդությանը կից ներկայացվել է պարտատերերի պահանջների նախնական ցուցակը և միջնորդությունը 19092023 թվականին Ընկերությանը, պարտատերերին և երրորդ անձ գրավատու՝ Կամո Մովսեսյանին փոստային առաքմամբ ուղարկելու, ինչպես նաև պարտատերերի պահանջների նախնական ցուցակն ինտերնետով հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am) 22092023 թվականին հրապարակելու փաստերը հաստատող ապացույցներ։

Երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանին սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից 19092023 թվականին փոստային առաքմամբ «Ք ԵՐԵՎԱՆ Փ ՀՐ ՆԵՐՍԻՍՅԱՆ Փ 2 ՓԴ 0014, 29» ուղարկված պարտատերերի պահանջների նախնական ցուցակը հասցեատիրոջ կողմից չի ստացվել այն վերադարձվել է ուղարկողին։

Երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանը 06102023 թվականին Դատարանին ներկայացրել է «Միջնորդություն-դիրքորոշում» վերտառությամբ փաստաթուղթ, որով հայտնել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում՝ իր, Ընկերության և Բանկի միջև 23012020 թվականին կնքված «Երրորդ անձի (անձանց) անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի)» թիվ G20‑004117 պայմանագիրն առոչինչ ճանաչելու պահանջի մասին, որի վերաբերյալ կազմվել է թիվ ԵԴ2/30437/02/23 քաղաքացիական գործը, և խնդրել կասեցնել սույն սնանկության գործով Բանկի ներկայացրած պահանջի քննությունը մինչև թիվ ԵԴ2/30437/02/23 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Բանկի պահանջի մասին իր ծանուցված չլինելու հանգամանքը՝ խնդրել է իրեն տրամադրել պահանջի իր օրինակը՝ հայտնելով, որ դրա վերաբերյալ դիրքորոշումը կներկայացնի այն ստանալուց հետո։ Նույն «Միջնորդություն-դիրքորոշում» վերտառությամբ փաստաթղթում որպես իր ծանուցման հասցե Կամո Մովսեսյանը նշել է «ՀՀ, ք Երևան, Վերին Անտառային 33, բն հասցեն։

Դատարանի ««Բուրգեր ԱՐՄ» ՓԲԸ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» 23102023 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը՝ դրանում ներառելով նաև Բանկի պահանջը՝ 1558225 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով՝ որպես ապահովված պահանջ։

Դատարանը, 23102023 թվականի որոշմամբ անդրադառնալով Բանկի կողմից ներկայացված ապահովված պահանջի վերաբերյալ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի 06102023 թվականի միջնորդություն-դիրքորոշմանը և արձանագրելով, որ

- «Կամո Մովսեսյանի կողմից գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով հայց հարուցելը և գրավի պայմանագիրը վիճարկելը, և նշված քաղաքացիական գործով կայացվելիք դատական ակտը չեն կարող ազդեցություն ունենալ պահանջի չափի և ապահովվածության հաստատման վրա»,

- ««Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի 1.558225,85 ԱՄՆ դոլար պահանջի չափն ու իրավաչափությունը դատավարության որևէ մասնակցի կողմից չի վիճարկվել, այն հիմնավոր է և հաստատված է համարվում վերը շարադրված ապացույցների հիման վրա»,

եզրակացրել է, որ «Կամո Մովսեսյանի կողմից ներկայացված Բանկի պահանջի քննության կասեցման վերաբերյալ միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման, իսկ Բանկի պահանջը հիմնավոր է և այն պետք է հաստատել պահանջների նախնական ցուցակում նշված չափերով ու առաջնահերթությամբ»։

Վերաքննիչ դատարանը, 29022024 թվականի որոշմամբ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 23.10.2023 թվականի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։

Անդրադառնալով սնանկության գործով Բանկի պահանջի քննության կասեցման հիմքի առկայության վերաբերյալ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի վերաքննիչ բողոքի հիմքին՝ Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Բողոքաբերը պնդելով, որ թիվ ԵԴ2/30437/02/23 քաղաքացիական գործի առկայությունը օբյեկտիվ խոչընդոտ է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ապահովված պահանջի գրանցման համար, նույնիսկ չի ներկայացրել իր իսկ կողմից ներկայացված հայցադիմումը, որպեսզի Դատարանը հնարավորություն ունենա գոնե հասկանալ, թե այդ գործով հայցադիմումի ենթադրյալ բավարարումը ինչ հետևանք կարող է ունենալ պահանջը ապահովված կամ չապահովված դիտարկելու իմաստով», «Կոնստանտին Օրբելյանի կողմից ներկայացված՝ «Բուրգեր ԱՐՄ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը կայացվել է 25102022 թվականին, մինչդեռ Կամո Հարությունի Մովսեսյանի ընդդեմ պատասխանողներ «ԲուրգերԱրմ» ՓԲ ընկերության և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի առոչինչ՝ շինծու ճանաչել 23.01.2020թ. Բանկի, «ԲուրգերԱրմ» ՓԲԸ-ի և հայցվորի միջև կնքված թիվ G20-004117 երրորդ անձի հաջորդող գրավի պայմանագիրը և որպես շինծու գործարքի անվավերության հետևանք դադարած համարել Բանկի գրավի իրավունքը ք. Երևան, Իսահակյան փողոց 28 շենք, թիվ 1/3 գույքի նկատմամբ հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է մուտքագրվել միայն շուրջ մեկ տարի անց, այն է՝ 02102023 թվականին։ Փաստերի ժամանակագրական նման դասավորվածության պայմաններում չեն պահպանվել նաև «Սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները», եզրակացրել է, որ «սխալ ենթակայությամբ հարուցված քաղաքացիական գործի առկայությունը իր հերթին չի կարող հիմք հանդիսանալ բանկի ապահովված պահանջի քննության կասեցման համար»։

Անդրադառնալով սնանկության գործով Բանկի պահանջի վերաբերյալ որպես երրորդ անձ գրավատու դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքին՝ Վերաքննիչ դատարանն այն համարել է անհիմն՝ պատճառաբանելով, որ «գործի նյութերում առկա է Դատարան 06102023 թվականին մուտքագրված Կամո Ներսեսյանի [վրիպակը Վերաքննիչ դատարանինն է] միջնորդություն-դիրքորոշումը, որից պարզ է դառնում, որ վերջինս տեղյակ է ինչպես սույն սնանկության գործի, այնպես էլ բանկի կողմից ներկայացված պահանջի մասին։ Եվ եթե վերջինիս անհրաժեշտ են եղել ավելի մանրամասնեցված տվյալներ պահանջի դեմ առարկելու համար, ապա վերջինս որևէ կերպ զրկված չի եղել իր դիմումի համաձայն գործի նյութերին, այդ թվում՝ Բանկի կողմից ներկայացված պահանջին ծանոթանալու իրավունքից, ինչից, սակայն, ձեռնպահ է մնացել։ Եվ դատավարական նման անգործություն ցուցաբերելու պայմաններում պետք է ընդամենը արձանագրել, որ Դատարանը չունի որևէ պարտավորություն գործից կոնկրետ նյութեր իր նախաձեռնությամբ վարույթի մասնակցին տրամադրելու», «Կամո Ներսեսյանի [վրիպակը Վերաքննիչ դատարանինն է] միջնորդություն-դիրքորոշման վերաբերյալ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ներկայացված առարկությանը կցված՝ Կամո Ներսիսիյանի [վրիպակը Վերաքննիչ դատարանինն է] 21112022 թվականի դիմումի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ վերջինս առավել քան քաջատեղյակ է եղել պարտապանի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման, այդ թվում՝ դրա հետևանքով տուգանքների և տույժերի առաջացման մասին, որից ելնելով էլ դիմել է բանկին՝ առաջարկելով վերավարկավորման միջոցով իր կողմից վարկի մարում»։

Համադրելով սույն գործի փաստական հանգամանքները կիրառելի իրավական նորմերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն փաստը, որ երրորդ անձ գրավատուն Բանկի՝ պարտապանի հանդեպ գրավով ապահովված պահանջի մասով ունի պարտապանի համար սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները, նրա համար երաշխավորված է պահանջի և պահանջին կից փաստաթղթերի օրինակներն ու պահանջների նախնական ցուցակը սնանկության կառավարչից ստանալու, պահանջի օրինականության, հիմնավորվածության, չափի և ապահովվածության վերաբերյալ իր առարկությունները դատարանին ներկայացնելու դատավարական հնարավորությունը։ Համապատասխանաբար Դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, պարտավոր էր ապահովել երրորդ անձ գրավատուի իրական հնարավորությունը համապատասխան պահանջի մասով հավասարության պայմաններում ներկայացնելու իր դիրքորոշումը։ Այլ կերպ ասած, երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանը պետք է ոչ միայն իրական հնարավորություն ունենար տեղեկացված լինելու Բանկի կողմից ներկայացված պահանջի մասին, այլ նաև նրան պետք է տրվեր հնարավորություն պահանջին և պահանջին կից փաստաթղթերին ծանոթանալուց հետո ներկայացնելու իր առարկությունները ներկայացված պահանջի վերաբերյալ:

Այնինչ սույն գործով Դատարանն անտեսել է երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի կողմից 06102023 թվականին ներկայացված միջնորդություն-դիրքորոշմամբ արտահայտված այն փաստարկը, որ պատշաճորեն ծանուցված չլինելով Բանկի կողմից ներկայացված պահանջի, Ընկերության՝ Բանկի հանդեպ ունեցած պարտավորության մնացորդի, ժամկետանց օրերի մասին՝ չի կարող որևէ դիրքորոշում ներկայացնել պահանջի հիմնավորվածության և օրինականության մասին։ Դատարանն անտեսել է, որ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանին սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից 19092023 թվականին փոստային առաքմամբ «Ք ԵՐԵՎԱՆ Փ ՀՐ ՆԵՐՍԻՍՅԱՆ Փ 2 ՓԴ 0014, 29» հասցեով ուղարկված պարտատերերի պահանջների նախնական ցուցակը հասցեատիրոջ՝ Կամո Մովսեսյանի կողմից չի ստացվել այն վերադարձվել է ուղարկողին։ Ավելին, Դատարանը նման պայմաններում արձանագրել է, որ Բանկի պահանջի չափն ու իրավաչափությունը «դատավարության որևէ մասնակցի կողմից չի վիճարկվել»՝ անտեսելով երրորդ անձ գրավատուի միջնորդությունը՝ տրամադրելու Բանկի կողմից ներկայացված պահանջի իր օրինակը, և նույն միջնորդությամբ արված հայտարարությունը, որ Բանկի կողմից ներկայացված պահանջի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացվի այն ստանալուց հետո։

Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ սույն գործի նյութերում բացակայում է Բանկի պահանջը և պահանջին կից փաստաթղթերը սնանկության գործով կառավարչի կողմից երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանին ուղարկելու փաստը հաստատող ապացույց, ինչպես նաև այն, որ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանին սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից 19092023 թվականին փոստային առաքմամբ ուղարկված պարտատերերի պահանջների նախնական ցուցակը հասցեատիրոջ կողմից չի ստացվել, այն վերադարձվել է ուղարկողին, գտնում է, որ Դատարանը պարտավոր էր անդրադառնալ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի կողմից 06102023 թվականին ներկայացված միջնորդությանը, նրա համար ապահովեր իր գույքի գրավով ապահովված պահանջին՝ ներառյալ դրան կցված փաստաթղթերին իրազեկվելու իրական հնարավորություն՝ պահանջն առարկված լինելու կամ չլինելու փաստն արձանագրելով բացառապես դրա դեմ նաև երրորդ անձ գրավատուի իրավունքն իրացնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց հետո։ Մինչդեռ Դատարանը 23102023 թվականի որոշմամբ հաստատել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը՝ դրանում ներառելով նաև Բանկի պահանջը, երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի համար չապահովելով նշված պահանջի դեմ առարկելու իրական հնարավորություն։ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործի նյութերում բացակայում է Դատարանի կողմից Կամո Մովսեսյանի միջնորդության լուծման կապակցությամբ նույն միջնորդությամբ նշված ծանուցման հասցեով (կամ գործում առկա որևէ այլ հասցեով) որևէ դատավարական փաստատաթուղթ ուղարկելու ապացույց։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկներին, որ «գործի նյութերում առկա է Դատարան 06102023 թվականին մուտքագրված Կամո Ներսեսյանի [վրիպակը Վերաքննիչ դատարանինն է] միջնորդություն-դիրքորոշումը, որից պարզ է դառնում, որ վերջինս տեղյակ է ինչպես սույն սնանկության գործի, այնպես էլ բանկի կողմից ներկայացված պահանջի մասին», «Կամո Ներսեսյանի [վրիպակը Վերաքննիչ դատարանինն է] միջնորդություն-դիրքորոշման վերաբերյալ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ներկայացված առարկությանը կցված՝ Կամո Ներսիսիյանի [վրիպակը Վերաքննիչ դատարանինն է] 21112022 թվականի դիմումի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ վերջինս առավել քան քաջատեղյակ է եղել պարտապանի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման, այդ թվում՝ դրա հետևանքով տուգանքների և տույժերի առաջացման մասին», Վճռաբեկ դատարանը դրանք անհիմն է համարում՝ նկատի ունենալով այն, որ պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորության խախտման, դրա հետևանքով տուգանքների և տույժերի առաջացման, սնանկության գործի առկայության և պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացված լինելու փաստերի մասին տեղեկացված լինելը դեռևս չի կարող բավարար լինել ներկայացված պահանջի դեմ առարկելու իրավունքն իրացնելու համար, քանի դեռ այդ իրավունքը կրող սուբյեկտի համար բացահայտված չեն պահանջի չափը՝ ներառյալ հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը, դրանց հաշվարկը, պահանջը հիմնավորող հանգամանքները և ապացույցները։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավաչափ չէ նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը, որ «եթե վերջինիս [երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանին] անհրաժեշտ են եղել ավելի մանրամասնեցված տվյալներ պահանջի դեմ առարկելու համար, ապա վերջինս որևէ կերպ զրկված չի եղել իր դիմումի համաձայն գործի նյութերին, այդ թվում՝ Բանկի կողմից ներկայացված պահանջին ծանոթանալու իրավունքից, ինչից, սակայն, ձեռնպահ է մնացել։ Եվ դատավարական նման անգործություն ցուցաբերելու պայմաններում պետք է ընդամենը արձանագրել, որ Դատարանը չունի որևէ պարտավորություն գործից կոնկրետ նյութեր իր նախաձեռնությամբ վարույթի մասնակցին տրամադրելու»։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանը 06102023 թվականին Դատարան մուտքագրված միջնորդություն‑դիրքորոշմամբ ոչ միայն հայտնել է Բանկի պահանջը և այն հիմնավորող փաստաթղթերը սնանկության կառավարչի կողմից իրեն հանձնված չլինելու մասին, այլ նաև միջնորդել է տրամադրել դրանք՝ հայտնելով, որ Բանկի կողմից ներկայացված պահանջի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացվի այդ փաստաթղթերը ստանալուց հետո։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի կողմից գործով անգործություն ցուցաբերելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առնվազն անհիմն է։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում, որ ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6‑րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 104-րդ մասի և 46-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11‑րդ ու 13-րդ հոդվածների խախտումներ։ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքում ներկայացված վերոնշյալ խախտումների վերաբերյալ հիմնավորումները, ինչպես նաև վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը համարում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3‑րդ մասերի հիմքով Վերաքննիչ դատարանի 29022024 որոշումը մասնակիորեն՝ Բանկի պահանջը հաստատելու մասով, վերացնելու ու Բանկի պահանջը հաստատելու հարցը Սնանկության դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:

Ինչ վերաբերում է սնանկության գործով Բանկի պահանջի քննության կասեցման հիմքի առկայության վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ևս հիմնավոր է, քանի որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված գործի քննության անհնարինության հարցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի համապատասխան հիմքը քննարկելիս քննարկման առարկա է դարձրել կասեցման հիմքի հետ ակնհայտորեն առնչություն չունեցող հարցեր։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ սույն գործով անհրաժեշտ է իրականացնել Բանկի պահանջը հաստատելու հարցի ամբողջ ծավալով նոր քննություն` Վճռաբեկ դատարանը մանրամասն չի անդրադառնում պահանջի քննությունը կասեցնելու հարցով վճռաբեկ բողոքի հիմքին և հիմնավորումներին։

 

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29022024 թվականի որոշումը մասնակիորեն՝ «ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ-ի պահանջը հաստատելու մասով, վերացնել և «ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ-ի պահանջը հաստատելու հարցն ամբողջ ծավալով քննարկելու համար գործն ուղարկել Սնանկության դատարան՝ նոր քննության:

2. Վճռաբեկ դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Զեկուցող

Ս. Մեղրյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2025 թվական: