ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/33013/02/21 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.05.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33013/02/21

2025 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33013/02/21

Նախագահող դատավոր`

 Ս Մատինյան

Դատավորներ`

 Ն. Կարապետյան

 Լ. Հովհաննիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի մայիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Էդիկ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14112023 թվականի որոշման դեմ՝ ըստ Էդիկ Ոսկանյանի հայցի ընդդեմ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ Հիմնարկ)` հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էդիկ Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Հիմնարկի տնօրեն Արմեն Եսոյանի 21.05.2021 թվականի՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ թիվ 81-Ա հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Հիմնարկից բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01.03.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է անվավեր ճանաչել Հիմնարկի 21.05.2021 թվականի թիվ 81-Ա հրամանը, Հիմնարկից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը՝ սկսած 21.05.2021 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը. մնացած մասով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.11.2023 թվականի որոշմամբ Հիմնարկի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 01.03.2023 թվականի վճիռը՝ հայցը բավարարելու մասով, բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդիկ Ոսկանյանը (ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հիմնարկը (ներկայացուցիչ Արթուր Չերչինյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 6-րդ, 95‑րդ, 96-րդ, 111-րդ ու 265-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6‑9-րդ, 213-րդ և 214-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը կարող է արատավոր նախադեպ հանդիսանալ ինչպես գործատուների համար՝ աշխատանքից ազատելու հրաման արձակելու հարցում, այնպես էլ դատական պրակտիկայում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կիրառման հարցում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ աշխատանքից ազատելու հրաման արձակելիս գործատուները չեն նշի աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը, իսկ դատարաններն էլ նմանատիպ գործեր քննելիս «կանտեսեն» դրա բացակայության հանգամանքը:

Թեև Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսել է իմպերատիվ և աներկբա պահանջ, որ վիճարկվող անհատական իրավական ակտը ենթակա է անվավեր ճանաչման, եթե դրանում բացակայում է աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը, և ի վերջո եկել է սխալ եզրահանգման՝ արձանագրելով, որ աշխատողի համար միանշանակ ու ակնհայտ է եղել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու պատճառները:

Վերաքննիչ դատարանի 14.11.2023 թվականի որոշումը կայացվել է սույն գործի փաստերին հակասող ենթադրությունների և վերացական դատողությունների հիման վրա:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.11.2023 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Դատարանի 01.03.2023 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հիմնարկի և Էդիկ Ոսկանյանի միջև 15.07.2011 թվականին կնքվել է N 31 աշխատանքային պայմանագիրը, որի 1.2 կետի համաձայն՝ Էդիկ Ոսկանյանը նշանակվում է Հիմնարկի դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 8.1 կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի ժամկետը գործում է մինչև «Հիմնարկի դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը (հատոր 1-ին, գ.թ. 34-37)

2) ՀՀ կառավարության 06.05.2021 թվականի N 722-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 342-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշմամբ հաստատվել է Հիմնարկի նոր կառուցվածքը, որի համաձայն՝ Հիմնարկի դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժինը, էկոկրթական ծրագրերի բաժինը և բյուջետային ծրագրերի իրականացման բաժինը միաձուլվել են՝ ստեղծելով դոնորների հետ համագործակցության բաժին (հատոր 1-ին, գ.թ. 38,39).

3) Հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Ա. Եսոյանը ընդունել է ««Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և Էդիկ Ոսկանյանի միջև 15 հուլիսի 2011 թվականի N 31 որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» 21.05.2021 թվականի թիվ 81-Ա հրամանը՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, մասնավորապես նույն օրենսգրքի 96-րդ հոդվածը, 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և այլ դրույթները, կառավարության 2021 թվականի մայիսի 06-ի թիվ 722-Ն որոշումը, շրջակա միջավայրի նախարարի 21 մայիսի 2021 թվականի թիվ 176-Ա հրամանով հաստատված հաստիքային ցուցակը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 35-րդ կետի 12-րդ ենթակետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1․ Էդիկ Ոսկանյանի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 15 հուլիսի 2011 թվականի N 31 որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծել» (...) (հատոր 1-ին, գ.թ. 8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214‑րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտում աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական և իրավական հիմքը նշելու անհրաժեշտության հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը` սույն օրենսգրքի և այլ օրենքների դրույթներին համապատասխան: Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

 ՀՀ աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, օրենքներով, այլ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով:

Վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների (քաղաքացիներ կամ կազմակերպություններ) համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով նույն օրենսգրքի պահանջները:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

Նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն գլխով [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Գլուխ 24 Առանձին աշխատանքային վեճերով վարույթը] սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատանքային վեճ):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված՝ անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջների խախտումն ինքնին հիմք չէ այդ ակտն անվավեր ճանաչելու համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝

1) դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը.

2) պատասխանողի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործող օրենսդրությունը գործատուի կողմից աշխատողի վերաբերյալ ընդունված անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու անվերապահ և ինքնուրույն հիմքեր է դիտարկում բոլոր այն դեպքերը, երբ գործով հաստատվում է, որ՝

1) աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են առանց օրինական հիմքի, այլ կերպ ասած՝ անհատական իրավական ակտի հիմքում դրված է օրենքով չնախատեսված կամ տվյալ իրավահարաբերության նկատմամբ ոչ կիրառելի հիմք (փաստական հանգամանք) կամ թեև աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են օրենքով նախատեսված հիմքով, սակայն վերջինիս առկայությունը հերքվել է կամ մնացել է վիճելի (չի ապացուցվել),

2) անհատական իրավական ակտը չի պարունակում աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը, այլ կերպ ասած՝ չի պարունակում հղում աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը սահմանող իրավական նորմին կամ տեղեկատվություն այն փաստերի մասին, որոնց առկայության պարագայում անհատական իրավական ակտում վկայակոչված նորմը, ըստ գործատուի, նրան իրավունք է վերապահում փոփոխելու կամ լուծելու աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ նրան ենթարկելու կարգապահական պատասխանատվության,

3) գործատուի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը (տե՛ս Հայկ Ադամյանն ընդդեմ «Սիսկո Ինտերնեթուորքինգ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/49421/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07052024 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործող օրենսդրությունն աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին անհատական իրավական ակտում դրա փաստական կամ իրավական հիմքերը նշված չլինելու փաստը դիտարկում է որպես համապատասխան անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու անվերապահ և ինքնուրույն հիմք։ Այլ կերպ ասած, աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին անհատական իրավական ակտը դատարանները պետք է ճանաչեն անվավեր բոլոր այն դեպքերում, երբ գործով հաստատվում է, որ այն չի պարունակում որևէ հղում աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք սահմանող իրավական նորմին (լիազորող նորմին) կամ տեղեկատվություն այն փաստերի մասին, որոնց առկայության պարագայում, ըստ գործատուի, անհատական իրավական ակտում վկայակոչված լիազորող նորմը նրան իրավունք է վերապահել աշխատողին ենթարկելու կարգապահական պատասխանատվության։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումն ունի իմպերատիվ բնույթ, քանի որ դատարանին չի վերապահում հայեցողական վարքագիծ դրսևորելու հնարավորություն՝ կախված գործի հանգամանքներից և վիճելի աշխատանքային իրավահարաբերության առանձնահատկություններից, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական ու իրավական հիմքերի առկայությունից։ Այն բոլոր դեպքերում, երբ գործատուի կողմից վերը շարադրված իրավաընկալմամբ չեն պահպանվել անհատական իրավական ակտում համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը նշելու պահանջը կամ աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, աշխատողի խախտված իրավունքները ենթակա են վերականգնման (տե՛ս Սաթենիկ Սարգսյանն ընդդեմ «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի թիվ ԵԴ/37531/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28022025 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանձին աշխատանքային վեճերով վարույթի շրջանակում վիճարկվող անհատական իրավական ակտերը, ի տարբերություն գործատուի այլ անհատական ակտերի, առանձնանում են աշխատողների իրավունքների և օրինական շահերի վրա ներգործության բարձր աստիճանով՝ առանձին դեպքերում հանգեցնելով կողմերի միջև հարաբերությունների դադարեցման։

Աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանում փաստական և իրավական հիմքերի առկայությունը, նախևառաջ, ապահովում է աշխատողի իրազեկվածությունը, քանի որ աշխատողի համար պետք է հաստատապես պարզ լինի, թե ինչ փաստերի հիման վրա է գործատուն լուծում իրենց միջև կնքված աշխատանքային պայմանագիրը: Միևնույն ժամանակ աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանի փաստական և իրավական հիմքերը նշելու օրենսդրական պահանջը ոչ միայն խթանում է գործատուի ավելի թափանցիկ և հաշվետվողական գործելակերպը, այլ նաև աշխատողին զերծ է պահում գործատուի կամայական որոշումներից և գործողություններից, բացառում է աշխատողի վերաբերյալ ընդունված անհատական իրավական ակտը post factum հիմնավորելու հնարավորությունը:

Նշվածը հաշվի առնելով՝ օրենսդիրը գործատուներին, ըստ էության, պարտավորեցրել է նման ակտերում ամրագրել դրանց ընդունման հիմնավորումը, այսինքն՝ բոլոր անհրաժեշտ իրավական և փաստական հիմքերը, որը, մի կողմից, պայմանավորված է աշխատանքային օրենսդրության նպատակների և սկզբունքների կենսագործման, իսկ, մյուս կողմից, աշխատողի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման անհրաժեշտությամբ։ Այլ կերպ ասած՝ միայն պատշաճ հիմնավորման առկայության պայմաններում աշխատողի համար պարզ կարող է լինել, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված իր համար նման բացասական հետևանքների առաջացումը և, ըստ այդմ, դատական պաշտպանության հայցելու նպատակահարմարության գիտակցված և կանխատեսելի որոշումը։

Աշխատանքային պայմանագիրը լուծելու, աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին անհատական իրավական ակտում դրա ընդունման փաստական և իրավական հիմքերը նշելը ոչ միայն աշխատողին տալիս է հնարավորություն ընտրելու իրավական պաշտպանության ճիշտ եղանակը և միջոցը, այլ նաև դատարանին տալիս է հնարավորություն ուրվագծելու դատական քննության (ստուգման) առարկան, օրենքով սահմանված գործի քննության սեղմ ժամկետում ճշգրիտ որոշելու վիճելի իրավահարաբերության բնույթը, տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերի, վերջինների հիման վրա նաև՝ տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, բաշխելու այդ փաստերի ապացուցման պարտականությունը, որոշելու ներկայացված ապացույցների վերաբերելիությունն ու թույլատրելիությունը և, ի վերջո, գնահատելու աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավաչափությունը: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը քննարկվող կատեգորիայի գործերը քննելիս վիճարկվող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը պետք է գնահատի բացառապես վիճարկվող անհատական ակտում նշված փաստական և իրավական հիմքերի առկայության և ապացուցվածության տեսանկյունից։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հիմնարկի և Էդիկ Ոսկանյանի միջև 15.07.2011 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ Էդիկ Ոսկանյանը նշանակվել է Հիմնարկի դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 8.1 կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի ժամկետը գործում է մինչև «Հիմնարկի դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը:

ՀՀ կառավարության 06.05.2021 թվականի N 722-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 342-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշմամբ հաստատվել է Հիմնարկի նոր կառուցվածքը, որի համաձայն Հիմնարկի դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժինը, էկոկրթական ծրագրերի բաժինը և բյուջետային ծրագրերի իրականացման բաժինը միաձուլվել են՝ ստեղծելով դոնորների հետ համագործակցության բաժին:

Հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Ա. Եսոյանն ընդունել է ««Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և Էդիկ Ոսկանյանի միջև 15 հուլիսի 2011 թվականի N 31 որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» 21.05.2021 թվականի թիվ 81-Ա հրամանը՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, մասնավորապես նույն օրենսգրքի 96-րդ հոդվածը, 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և այլ դրույթները, կառավարության 2021 թվականի մայիսի 06-ի թիվ 722-Ն որոշումը, շրջակա միջավայրի նախարարի 21 մայիսի 2021 թվականի թիվ 176-Ա հրամանով հաստատված հաստիքային ցուցակը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 35-րդ կետի 12-րդ ենթակետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Էդիկ Ոսկանյանի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 15 հուլիսի 2011 թվականի N 31 որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծել։ (...)»:

Էդիկ Ոսկանյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հիմնարկի՝ պահանջելով անվավեր ճանաչել Հիմնարկի տնօրեն Արմեն Եսոյանի 21.05.2021 թվականի՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ թիվ 81-Ա հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Հիմնարկից բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Դատարանը 01.03.2023 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ վճռել է անվավեր ճանաչել Հիմնարկի 21.05.2021 թվականի թիվ 81-Ա հրամանը, Հիմնարկից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը՝ սկսած 21.05.2021 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ պատճառաբանելով, որ «(...) աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը հրամանում նշված լինելու օրենքի պահանջը պահպանված լինելու հանգամանքը ճշտելու նպատակով վերը շարադրված բովանդակությամբ վիճարկվող հրամանը հետազոտելով՝ Դատարանն արձանագրում է, որ հրամանի պատճառաբանական մասը պարունակում է տեղեկություններ՝ բացառապես հրամանի իրավական հիմքի մասին: Հրամանում չկա որևէ նշում, թե ինչն է հանդիսացել աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը, ինչպես նաև չկա նշում կոնկրետ Աշխատողին աշխատանքից ազատելու համար էական փաստական տեղեկությունների մասին: Ընդ որում, իրավական նորմերի վկայակոչումները դեռևս բավարար չեն, որպեսզի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված փաստական հիմքը նշելու մասին պայմանը համարվի պահպանված, քանի որ օրենսդիրը նորմի մեջ օգտագործել է «կամ» շաղկապը, որն էլ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իմաստով կոնկրետ հետևանքի վրա հասնելու, ըստ այդմ՝ նորմի կիրառման համար բավարար է համարում պայմաններից որևէ մեկի առկայությունը, ավելին՝ վկայակոչված իրավական ակտերի բովանդակությունն անգամ հրամանում բացահայտված չէ: Հետևաբար հրամանի ընթերցմամբ ինչպես Հրամանի հասցեատերը, այնպես էլ՝ անկողմնակալ դիտորդը չի կարող հասկանալ, թե որն է հանդիսացել Աշխատողին աշխատանքից ազատելու փաստական հիմքը: Վերը նշված պատճառաբանություններից ելնելով՝ Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ փաստական հիմքի մասին որևէ տեղեկության բացակայության պայմաններում վիճարկվող հրամանը բոլոր դեպքերում պետք է ճանաչել անվավեր՝ անկախ գործի քննության ընթացքում արդեն իսկ պատասխանող կողմի փաստարկներով բացահայտված փաստական հիմքերի առկայությունից (…)»։

Վերաքննիչ դատարանը, 14112023 թվականի որոշմամբ ոչ իրավաչափ համարելով Դատարանի 01.03.2023 թվականի վճռով արտահայտված իրավական դիրքորոշումները, Հիմնարկի բերած վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Դատարանի 01.03.2023 թվականի վճիռը՝ հայցը բավարարելու մասով, բեկանել է, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության՝ պատճառաբանելով, որ՝

- «հրամանում նշված ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 06-ի թիվ 722-Ն որոշումը, շրջակա միջավայրի նախարարի 21 մայիսի 2021 թվականի թիվ 176-Ա հրամանով հաստատված հաստիքային ցուցակը հանդիսանում են և´ փաստական հիմքեր, որոնցով փաստվում է, որ առկա է եղել Հիմնարկի կառուցվածքային փոփոխություններ և դրա հիման վրա ընդունված հաստիքացուցակ»,

- «սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցվորի համար ևս պարզ և ընկալելի են եղել իր հետ աշխատանքային պայմանագրի լուծման և՛ փաստական, և՛ իրավական հիմքերը, վերջինս հրամանը վիճարկել է նաև այն հանգամանքների հաշվառմամբ, որոնք դրվել են հրամանի հիմքում՝ մասնավորապես իր իսկ կողմից ներկայացված հայցադիմումի և փաստական և իրավական հիմքում փաստարկելով նաև՝ իր հետ աշխատանքային պայմանագիրը առանց օրենքով սահմանված ծանուցման, առանց այլ համարժեք աշխատանքի առաջարկի լուծված լինելը, ինչից էլ ուղղակիորեն հետևում է, որ հրամանում նշված հիմքերից հայցվորի համար պարզ է դարձել, որ պայմանագիրը լուծվել է նոր հաստիքացուցակի փաստով պայմանավորված պայմանագրի ժամկետի ավարտմամբ, մասնավորապես տեղի է ունեցել իրադարձության փոփոխություն, որի արդյունքում դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժինն այլևս գոյություն չունի, որի արդյունքում սահմանված հաստիքացուցակով նրանում առկա մասնագետները ևս չեն կարող համապատասխան պաշտոններ զբաղեցնել: Այսինքն նման հաստիքի բացակայությունը բացառում է դրա համար հաստիքի համալրման մրցույթի անցկացումը, ինչն էլ հանդիսանում է այն պայմանի վրա հասնելը, որով դադարում է ժամկետային աշխատանքային պայմանագիրը»,

- «Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավաչափ չի համարում Դատարանի եզրահանգումն առ այն, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ հրամանում նշված չէ փաստական հիմքը, քանի որ տվյալ դեպքում աշխատողի համար միանշանակ ու ակնհայտ է եղել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու պատճառները, ինչը հիմնավորվում է առնվազն հենց հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումի բովանդակությամբ»:

Համադրելով սույն գործի փաստական հանգամանքները վերը նշված իրավական դիրքորոշումների հետ և գնահատելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն քաղաքացիական գործի քննության շրջանակներում Դատարանը, մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի մեկնաբանությանը, եկել է իրավաչափ եզրահանգման, որ վիճարկվող անհատական իրավական ակտում նշված չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը, և դա հիմք է վիճարկվող հրամանն անվավեր ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը Հիմնարկի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալիս թեև արձանագրել է, որ «աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական և իրավական հիմքը նշելու պարտադիր պահանջ սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել աշխատողի համար տեսանելի դարձնել գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու համար հիմք հանդիսացող փաստական հանգամանքները, որպիսի մոտեցումը միտված է աշխատողների իրավունքների առավել ապահովմանը, քանի որ նման հիմքերի առկայությունը հնարավորինս զերծ կպահի աշխատողին իր նկատմամբ հնարավոր շահարկումներից ու հետագայում տարակարծությունների հիմք չի հանդիսանա և անհատական ակտը վիճարկելու դեպքում աշխատողի համար պարզ կլինեն վիճարկելու հիմքերը», այնուամենայնիվ եկել է ոչ իրավաչափ եզրահանգման առ այն, որ «սույն գործի առանձնահատկություններից ելնելով աշխատողի համար միանշանակ ու ակնհայտ է եղել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու պատճառները, ինչը հիմնավորվում է առնվազն հենց Էդիկ Ոսկանյանի կողմից ներկայացված հայցադիմումի բովանդակությամբ»:

Վերաքննիչ դատարանի վերը նշված դիրքորոշման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկին արտահայտած իրական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումն ունի իմպերատիվ բնույթ, քանի որ դատարանին չի վերապահում հայեցողական վարքագիծ դրսևորելու հնարավորություն՝ կախված գործի հանգամանքներից և վիճելի աշխատանքային իրավահարաբերության առանձնահատկություններից, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական ու իրավական հիմքերի փաստացի առկայությունից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքային իրավահարաբերություններում աշխատողը, իրավահարաբերության առանձնահատկություններից ելնելով, մշտապես գտնվում է գործատուի համեմատ նվազ շահեկան դրության մեջ՝ աշխատողի համար առանց որևէ տարակարծության տեղ թողնելու պետք է պարզ լինի իրեն աշխատանքից ազատելու կամ իր հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը, այսինքն այն հանգամանքները, որոնց հետ իրավունքի նորմը կապում է իրավահարաբերության դադարումը։ Միևնույն ժամանակ նույնքան կարևոր է նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանի իրավական հիմքի առկայությունը՝ հիմնավորելու համար, որ գործատուի կողմից չի դրսևորվել կամայականություն և հրամանը կայացվել է օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների հիման վրա։

Սույն գործով վիճարկվող անհատական իրավական ակտի բովանդակության ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ դրանում ընդհանրապես նշված չէ Էդիկ Ոսկանյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը։ Ինչ վերաբերում է գործատուի կողմից հրամանում վկայակոչված ՀՀ կառավարության 06052021 թվականի թիվ 722-Ն որոշմանը և Շրջակա միջավայրի նախարարի 21052021 թվականի թիվ 176-Ա հրամանին, ապա նշված իրավական ակտերի ընդունման փաստը չի կարող գնահատվել որպես նույն հրամանով վկայակոչված իրավական հիմքով, այն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմք, քանի որ նշված իրավական ակտերով հաստատվել է Հիմնարկի նոր կառուցվածքը և Հիմնարկի նոր հաստիքային ցուցակը, որպիսի փաստերը վերաբերելի են աշխատանքային պայմանագիրը ոչ թե դրա գործողության ժամկետը լրանալու, այլ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով լուծելու գործատուի իրավասությանը։

Ավելին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վիճարկվող հրամանի իրավական հիմքն էլ, իր հերթին, պարունակում է այնպիսի անորոշություն, որն աշխատողին զրկում է իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու պատճառները՝ ներառյալ իրավական հիմքը հասկանալու և, համապատասխանաբար, իր իրավունքի պաշտպանության ճիշտ եղանակն ու միջոցն ընտրելու հնարավորությունից։ Մասնավորապես վիճարկվող հրամանում իրավական հիմքի անորոշությունը նախ դրսևորվում է նրանում, որ գործատուն կիրառել է «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, մասնավորապես (․․․) և այլ դրույթները, (․․․)» ձևակերպումը, որը գործնականում անհնար է դարձնում աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտ կայացնելիս դրա հիմքում դրված իրավական նորմերի շրջանակն աշխատողի կողմից ընկալելը։ Բացի այդ, վիճարկվող հրամանում միաժամանակ վկայակոչելով ՀՀ կառավարության 06052021 թվականի թիվ 722-Ն որոշումը, Շրջակա միջավայրի նախարարի 21052021 թվականի թիվ 176-Ա հրամանը, որոնցով կատարվել է Հիմնարկի կառուցվածքի և հաստիքացուցակի փոփոխություն, և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 96-րդ հոդվածն ու 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որոնք վերաբերում են աշխատանքային պայմանագիրը դրա գործողության ժամկետը լրանալու հիմքով լուծելու գործատուի իրավունքին՝ գործատուն աշխատողի վերաբերյալ ընդունված անհատական իրավական ակտում որոշակիորեն չի բացահայտում՝ աշխատանքային պայմանագիրն ի վերջո լուծվում է դրա գործողության ժամկետը լրանալու՞, թե՞ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Էդիկ Ոսկանյանի համար չէր կարող ամբողջապես պարզ լինել, թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի ո՞ր դրույթների հիման վրա է իր հետ լուծվել աշխատանքային պայմանագիրը, աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավո՞ր էր իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում իրեն առաջարկել իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «սույն գործի առանձնահատկություններից ելնելով աշխատողի համար միանշանակ ու ակնհայտ է եղել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու պատճառները, ինչը հիմնավորվում է առնվազն հենց Էդիկ Ոսկանյանի կողմից ներկայացված հայցադիմումի բովանդակությամբ»։ Ավելին, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատանքային պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու, աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին անհատական իրավական ակտի բովանդակությունը պետք է ոչ թե աշխատողին հնարավորություն տա «ենթադրելու» կամ «կռահելու» տվյալ ակտի ընդունման փաստական կամ իրավական հիմքը, այլև պարունակի հստակ տեղեկություններ տվյալ ակտն ընդունելու պատճառների (փաստական և իրավական հիմքերի) մասին։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները, հետևաբար վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 14112023 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ հետևյալ հիմնավորմամբ։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար՝ գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Վճռաբեկ բողոքի պատասխան» վերտառությամբ փաստաթղթին, արձանագրում է հետևյալը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ գործում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` լիազորագրի գործողությունը դադարում է, եթե լիազորագրի ժամկետը լրացել է:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի 14112023 թվականի որոշման դեմ Էդիկ Ոսկանյանի բերած վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հիմնարկը, որի անունից հանդես է եկել Արթուր Չերչինյանը` որպես ներկայացուցիչ, մինչդեռ վճռաբեկ բողոքի պատասխանին կից չի ներկայացրել, ինչպես նաև քաղաքացիական գործում առկա չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված լիազորագիրը: Ինչ վերաբերում է քաղաքացիական գործում առկա` Հիմնարկի կողմից Արթուր Չերչինյանին 18.11.2022 թվականին տրված լիազորագրին (հատոր 1-ին, գ.թ. 104), ապա դրա գործողության ժամկետը վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու պահին դադարած է եղել` հաշվի առնելով, որ այն տրվել է 1 տարի ժամկետով, իսկ վճռաբեկ բողոքի պատասխանը փոստային առաքման եղանակով ներկայացվել է 17.06.2024 թվականին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում Հիմնարկի անունից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկներին։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից` բավարարված պահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով։

Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով։

Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի քսանապատիկի չափով։

Անդրադառնալով պետական տուրք բռնագանձելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Դատարանի 01.03.2023 թվականի վճռով հայցը մասնակիորեն՝ հրամանն անվավեր ճանաչելու և հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասով, բավարարված լինելու պայմաններում վճռվել է պետական տուրքի գումարը՝ 4000 ՀՀ դրամը, Հիմնարկից բռնագանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Բացի այդ, վճռվել է Հիմնարկից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև Էդիկ Ոսկանյանին հարկադիր պարապուրդի համար վճարման ենթակա հատուցման գումարի երկու տոկոսը, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու պահանջը ածանցյալ է հրամանն անվավեր ճանաչելու պահանջից, քանի որ վիճարկվող հրամանն անվավեր ճանաչելն անվերապահորեն հանգեցնում է նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու պահանջի բավարարմանը, հետևաբար այդ պահանջի համար պետական տուրք չի գանձվում։

Վճռաբեկ բողոքը բավարարելու՝ Վերաքննիչ դատարանի 14.11.2023 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 01.03.2023 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով պետական տուրք բռնագանձելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բռնագանձվի հետևյալ համամասնությամբ.

- Հիմնարկից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 4000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար պետական տուրքի գումար՝ հաշվի առնելով, որ հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով քննության առարկա են երկու ոչ դրամական հիմնական պահանջ և մեկ դրամական ածանցյալ պահանջ, սակայն Դատարանի 01.03.2023 թվականի վճռով բավարարվել է միայն մեկ ոչ դրամական հիմնական պահանջն ու մեկ դրամական ածանցյալ պահանջը,

- Հիմնարկի կողմից վերաքննիչ բողոքի համար նախապես օրենքով սահմանված 10000 ՀՀ դրամ վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի հարցն այդ մասով պետք է համարել լուծված։

- վերը նշված նույն պատճառաբանությամբ Հիմնարկից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 20000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գումար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14112023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 01.03.2023 թվականի վճռին։

2. «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի և 20000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գումար։

Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Զեկուցող

Ս. Մեղրյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան