ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/6373/02/19 2025 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/6373/02/19 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
|
Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի հունիսի 12-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արթուր Աթոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Հայկ Սիմոնյանի՝ իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արթուր Աթոյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արթուր Աթոյանը պահանջել է «պարտավորեցնել Հայկ Զավենի Սիմոնյանին վերացնել Արթուր Աղվանի Աթոյանին պատկանող ավտոտնակն անարգել և անվտանգ օգտագործելու իրավունքի խախտումները՝ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի 77ա շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակին կից Հայկ Սիմոնյանի կողմից կառուցած ինքնակամ շինությունը և մետաղյա աստիճանահարթակն ապամոնտաժելու միջոցով»:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.06.2024 թվականի վճռով հակընդդեմ հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2024 թվականի որոշմամբ Արթուր Աթոյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Աթոյանը (ներկայացուցիչ Արտակ Մովսիսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ և 8-րդ հոդվածները, մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 9-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Հայկ Սիմոնյանի դատավարական հասցեն ի սկզբանե եղել է Գյումրիի Ղանդիլյան փողոցի 77ա շենքի թիվ 28 բնակարանը, որը գործի քննության ընթացքում երբևիցե չի փոխվել և դատավարական բոլոր ծանուցումներն իրականացվել են նշված հասցեով, վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն հիմնավորմամբ, որ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում և կից ներկայացված անդորրագրում որպես Հայկ Սիմոնյանի հաշվառման հասցե նշված է ՀՀ, ք․ Գյումրի, Ղանդիլյան փողոց, 77ա շենք, բնակարան 28, մինչդեռ գործով ծանուցումներն ուղարկվել են ՀՀ, ք․ Գյումրի, Ղանդիլյան փողոց, 77 շենք, բնակարան 28 հասցեով, ինչի արդյունքում ոչ իրավաչափորեն սահմանափակվել է իր՝ դատարանի մատչելիության իրավունքը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին գործել է մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, հետևաբար վերաքննիչ բողոք ներկայացնելիս իր կողմից ենթակա էր վճարման 10․000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, մինչդեռ Վերաքննիչ դատարանն, օրենքով չնախատեսված ֆինանսական բեռ սահմանելու արդյունքում վերաքննիչ բողոքը վերադարձնելով՝ խախտել է իր՝ դատարանի մատչելիության իրավունքը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 63-րդ հոդվածի և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ և 8-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (…) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):
Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (…) (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22․03․2007 թվականի վճիռը, կետ 125)։
Դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին անդրադարձ է կատարել նաև Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում՝ այդ կապակցությամբ հայտնելով որոշ սկզբունքային իրավական դիրքորոշումներ: Մասնավորապես, անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը»:
Մեկ այլ, այն է՝ 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է:
Ըստ Սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։
Բացի այդ, Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ‑1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
-դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
-դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Բողոքարկման իրավունքի և այդ համատեքսում նաև դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումներրի դեմ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...) բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368‑րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով դատական ակտերի բողոքարկման ինստիտուտին, արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավորվում է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները: Բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու՝ վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող այլ անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի թիվ ԵԱՔԴ/0212/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև վերաքննիչ բողոքին պետական տուրք վճարելու մասին ապացույցները կցված չլինելու կամ թերի կցված լինելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուն վերաբերող իրավակարգավորումերին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Մինչև 30․10․2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքն իրավակարգավորում է նախատեսել գործին մասնակից անձանց կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելիս որոշակի չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ, որի 6-րդ կետի «բ» ենթակետի կանոնակարգումից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:
««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-177-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) և դրանց հիման վրա հարուցված գործերի վրա, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումների (դիմումների) քննության արդյունքով կայացված դատական ակտերի, այդ թվում` հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու մասին որոշումների բողոքարկման դեպքում կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, (․․․)։
Սույն քաղաքացիական գործի նկատմամբ կիրառելի է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (մինչ 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք) 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետը, որի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար ոչ դրամական պահանջի գործերով պետական տուրքը գանձվում է բազային տուրքի տասնապատիկի չափով։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգը և պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ անձն իր իրավունքների դատական պաշտպանության համար պետք է կատարի օրենքով սահմանված դատական ծախսեր, որոնք իրենց մեջ ներառում են նաև հայցադիմումի, դիմումի, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական բյուջե վճարվող պետական տուրքի գումարները: Ընդ որում, պետական տուրքի գանձման օբյեկտների ցանկը և դրույքաչափերը` ըստ պահանջների ու գործը քննող ատյանների, ամրագրված են ու կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով (տե՛ս «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունը և մյուսներն ընդդեմ Վահագն Հովհաննիսյանի և մյուսների թիվ ԵԴ/24249/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում՝ պետական մարմինների համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես, նման պահանջների շարքին են դասվում վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու, բողոքին պետական տուրք վճարելու մասին ապացույցները կցելու պահանջները, ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյո՞ք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող անձանց, և արդյո՞ք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, արդյո՞ք բողոքին կցվել է օրենքով նախատեսված պետական տուրքը վճարելու վերաբերյալ համապատասխան ապացույցը, քանի որ, ի թիվս այլնի, նաև դրանց հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի պատշաճ իրականացումը և միայն նշված պահանջները չպահպանելու դեպքում է վերաքննիչ բողոքը ենթակա վերադարձման:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ գործով սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Արթուր Աթոյանը Դատարանի 07․06․2024 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ ի թիվս այլնի, կցելով թիվ LO123470295AM (առաքանի թիվ 525243139) փոստային անդորրագիրը՝ վերաքննիչ բողոքը, ի թիվս այլոց, նաև 08․07․2024 թվականին հետևյալ անձին և հասցեով ուղարկելու մասին, այն է՝ «Հայկ Սիմոնյան, ՇԻՐԱԿ, Ք․ ԳՅՈՒՄՐԻ, Փ․ ՂԱՆԴԻԼՅԱՆ, 77Ա ՓԴ․ 3102․ 28» (հատոր 7-րդ, գ․թ․ 3-12)։
Վերաքննիչ դատարանը 02.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Արթուր Աթոյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձրել է նաև այն պատճառաբանությամբ, որ «(․․․) սույն քաղաքացիական գործով բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում և վերջինիս կից ներկայացված անդորրագրում սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Հայկ Սիմոնյանի հաշվառման հասցե նշված է ՀՀ, ք․ Գյումրի, Ղանդիլյան փ․, 77ա շ․, բն․ 28 հասցեն, մինչդեռ սույն քաղաքացիական գործով ծանուցումները ուղարկվել են ՀՀ, ք․ Գյումրի, Ղանդիլյան փ․, 77 շ․, բն․ 28 հասցեով, որով պայմանավորված Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք է» (հատոր 7-րդ, գ․թ․ 14-15)։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով վերը նշված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու կապակցությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Գործում առկա հայցադիմումում որպես հայցվոր Հայկ Սիմոնյանի հաշվառման հասցե նշված է՝ «ք․ Գյումրի, Ղանդիլյան փողոց, շենք 77ա, բն․ 28» (հատոր 1-ին, գ․թ․ 3-4)։
Դատարանի 07․06․2024 թվականի վճռի դեմ Արթուր Աթոյանի բերած վերաքննիչ բողոքի օրինակը 08․07․2024 թվականին ուղարկվել է «ՇԻՐԱԿ, Ք․ ԳՅՈՒՄՐԻ, Փ․ ՂԱՆԴԻԼՅԱՆ, 77Ա ՓԴ․ 3102․ 28» հասցեով։
Գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ դատավարական ողջ փաստաթղթաշրջանառությունը Հայկ Սիմոնյանի մասով իրականացվել է բացառապես հենց իր իսկ կողմից նշված «ք․ Գյումրի, Ղանդիլյան փողոց, շենք 77ա, բնակարան 28» հասցեով և որևէ ապացույց այն մասին, որ գործի քննության ընթացքում Հայկ Սիմոնյանի հասցեն փոփոխվել է՝ առկա չէ, հետևաբար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Դատարանի 07․06․2024 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս Արթուր Աթոյանը պատշաճ կարգով կատարել է օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունը՝ վերաքննիչ բողոքը գործով սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Հայկ Սիմոնյանին ուղարկելով, ուստի այս մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ։
Ինչ վերաբերում է պետական տուրքը պակաս չափով վճարելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանության հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ևս հիմնավոր չէ՝ հետևյալ պատճառաբանությամբ․
Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցադիմումը դատարան է ներկայացվել 06․12․2019 թվականին (հատոր 1-ին, գ․ թ․ 3-12)։ Դատարանի 07․06․2024 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը Արթուր Աթոյանի կողմից ներկայացվել է 11․07․2024 թվականին (հատոր 7-րդ, գ․թ․ 4‑12, գ․ թ․ 1),
Վերաքննիչ դատարանը 02․08․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Արթուր Աթոյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձրել է նաև այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ պարագայում բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքը վճարված լինելը հավաստող ապացույց՝ 10 100 ՀՀ դրամ գումար, մինչդեռ վերը նշված իրավանորմի ուժով պետք է վճարվեր բազային տուրքի 30‑ապատիկի չափով, ինչը բողոքաբերի կողմից չկատարելը Վերաքննիչ դատարանը դիտում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1‑ին կետի ուժով վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք»։
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, քանի որ հայցը և հակընդդեմ հայցը ներկայացվել են մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, ուստի Դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով, որպիսի չափով պետական տուրքը բողոքաբեր Արթուր Աթոյանը վճարել է և վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է տվյալ փաստը հիմնավորող ապացույցը (Հատոր 7-րդ, գ․ թ․ 3)։
Նման պայմաններում, նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 10․000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարելու մասին ապացույց, իսկ սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար, ինչպես արդեն վերը արձանագրվեց, ենթակա էր վճարման 10․000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքով սահմանված չափին համապատասխան պետական տուրք վճարված լինելու պայմաններում բողոք բերած անձի համար չնախատեսված նման ֆինանսական պարտականություն սահմանելը չի բխում մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի պահանջից:
Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, 02․08․2024 թվականին կայացնելով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, սահմանափակել է Արթուր Աթոյանի` Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 02.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Ս. Մեղրյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2025 թվական: