ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1489/04/21 2025 թ. | ||
| Սնանկության գործ թիվ ՍնԴ/1489/04/21 | |||
| |||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ | |
|
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի հուլիսի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Լևոն Իգիթյանի դիմումի՝ Արտյոմ Մխոյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2024 թվականի որոշման դեմ Արտյոմ Մխոյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի (այսուհետ՝ Կառավարիչ) բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Լևոն Իգիթյանը պահանջել է Արտյոմ Մխոյանին ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի 04.08.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.03.2024 թվականի որոշմամբ Կառավարչի միջնորդությունը՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժինը գույքի համասեփականատիրոջն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու մասին, բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.06.2024 թվականի որոշմամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 25.03.2024 թվականի «Ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժինը գույքի համասեփականատիրոջն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին» որոշումը վերացվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ ու 77-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ, 66-րդ հոդվածները և 379-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գույքում պարտապանի բաժինը համասեփականատիրոջը (համասեփականատերերին) ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու մասին Կառավարչի միջնորդությունը բավարարելու համար անհրաժեշտ և բավարար միակ պայմանը միջնորդությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1․1-ին մասին համապատասխան ներկայացված լինելն է, իսկ միջնորդությունը քննարկելու ու որոշում կայացնելու պահին Դատարանի տիրապետման տակ են եղել միջնորդությունը բավարարելու համար՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1․1-ին մասի 4-րդ պարբերությամբ նշված բոլոր փաստաթղթերը, հետևաբար Դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 16.01.2024 թվականին ընդունված թիվ ՀՕ-27-Ն օրենքի 27-րդ հոդվածով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 1.1-ին մասով, որով օրենսդիրը նպատակ է ունեցել նախատեսել առանց պարտատերերի ժողով հրավիրելու պարտապանի համատեղ գույքում վերջինիս բաժինը վաճառելու ընթացակարգ, որից բխում է, որ գույքում պարտապանի բաժինը համասեփականատիրոջը (համասեփականատերերին) ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու մասին կառավարչի միջնորդությունը ենթակա է բավարարման այն դեպքում, երբ այն ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1․1-ին մասին համապատասխան, իսկ այդ մասը բաժնեմասի վաճառքի հարցը պարտատերերի ժողովում քննարկելու պահանջ չի պարունակում։
Բացի այդ, Սնանկության դատարանում քննվող տարբեր դատական գործերով միմյանց հակասող մեկնաբանություններ են տրվել վերոնշյալ կարգավորմանը և կայացվել են իրարից տրամաբանորեն տարբերվող որոշումներ։ Մասնավորապես՝ թիվ ՍնԴ/1829/04/21 սնանկության գործով Սնանկության դատարանը 11․07․2024 թվականի որոշմամբ բավարարել է սնանկության գործով կառավարչի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1․1-ին մասի հիմքով ներկայացված՝ գույքն ուղղակի վաճառքով վաճառելու մասին միջնորդությունը, որին կից չի ներկայացվել պարտատերերի ժողովի կամ խորհրդի համաձայնությունը, իսկ մեկ այլ՝ ՍնԴ/0825/04/20 սնանկության գործով 19․04․2024 թվականին կայացված որոշմամբ Սնանկության դատարանը մերժել է նույնաբովանդակ միջնորդությունը՝ մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ միջնորդությանը կից ներկայացված չէ պարտատերերի ժողովի կամ խորհրդի համաձայնությունը։ Հետևաբար սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1․1-ին մասով սահմանված կարգավորումների միատեսակ կիրառության համար և նույն նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 28.06.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.03.2024 թվականի որոշմանը»։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանի 04.08.2021 թվականի վճռով Արտյոմ Մխոյանը ճանաչվել է սնանկ (հավելված 1-ին, գ.թ. 5-8).
2) Դատարանի 13.10.2021 թվականի որոշմամբ հաստատվել է Արտյոմ Մխոյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողով (հավելված 1-ին, գ․թ․ 13-16).
3) Կառավարիչը 19.10.2022 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պարտապանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու մասին, որին կից ներկայացրել է նաև համասեփականատերերին ուղղված՝ Արտյոմ Մխոյանի բաժինները գնելու վերաբերյալ առաջարկները (հավելված 1-ին, գ․թ․ 25-32).
4) Բանկը 26.10.2022 թվականին Դատարան է ներկայացրել Կառավարչի կողմից ներկայացված գույքի վաճառքի ծրագրի վերաբերյալ առարկություն (հավելված 3-րդ, գ․թ․ 2-4).
5) Դատարանը 22.11.2022 թվականի որոշմամբ Կառավարչի միջնորդությունը՝ պարտապանի գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու և գույքի ուղղակի գործարքով վաճառքը թույլատրելու մասին, մերժել է (հավելված 3-րդ, գ․թ․ 17-20).
6) Կառավարիչը 26.02.2024 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պարտապանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու մասին (հավելված 3-րդ, գ․թ․ 29-31).
7) Բանկը 04.03.2024 թվականին Դատարան է ներկայացրել Կառավարչի կողմից ներկայացված գույքի վաճառքի ծրագրի վերաբերյալ առարկություն (հավելված 3-րդ, գ․թ․ 46-49).
8) Դատարանի 25.03.2024 թվականի որոշմամբ Կառավարչին թույլատրվել է ուղղակի գործարքով վաճառել պարտապան Արտյոմ Մխոյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող թվով 6 գույքերը։ Մասնավորապես՝ Դատարանը Կառավարչին թույլատրել է.
1. Լոռու մարզի Տաշիր քաղաքի 10-րդ թաղամասի Ավետիսյան փողոցի թիվ 1/1 հասցեի բնակելի տան՝ Արտյոմ Մխոյանին պատկանող 1/2-րդ բաժինն ուղղակի գործարքով՝ 4.695.000 ՀՀ դրամով վաճառել Զինա Մխոյանին,
2. Լոռու մարզի Տաշիր քաղաքի Սևակ փողոցի 10-րդ թաղամասի թիվ 10 բնակելի տան՝ Արտյոմ Մխոյանին պատկանող 1/2-րդ բաժինն ուղղակի գործարքով՝ 5.705.000 ՀՀ դրամով վաճառել Զինա Մխոյանին,
3. «OPEL COMBO 1.6» մակնիշի «50 XX 770» համարանիշի ավտոմեքենայի՝ Արտյոմ Մխոյանին պատկանող 1/2-րդ բաժինն ուղղակի գործարքով՝ 1.145.000 ՀՀ դրամով վաճառել Զինա Մխոյանին,
4. Լոռու մարզի Տաշիր համայնքում գտնվող՝ թիվ 06-008-0512-0086 կադաստրային ծածկագրով հողամասի՝ Արտյոմ Մխոյանին պատկանող 1/4-րդ բաժինն ուղղակի գործարքով՝ 55.000 ՀՀ դրամով վաճառել Մարտիրոս Մխոյանին,
5. Լոռու մարզի Տաշիր համայնքում գտնվող՝ թիվ 06-008-0467-0163 կադաստրային ծածկագրով հողամասի՝ Արտյոմ Մխոյանին պատկանող 1/4-րդ բաժինն ուղղակի գործարքով՝ 130.000 ՀՀ դրամով վաճառել Մարտիրոս Մխոյանին,
6. Լոռու մարզի Տաշիր համայնքում գտնվող՝ թիվ 06-008-0312-0056 կադաստրային ծածկագրով հողամասի՝ Արտյոմ Մխոյանին պատկանող 1/4-րդ բաժինն ուղղակի գործարքով՝ 32.500 ՀՀ դրամով վաճառել Մարտիրոս Մխոյանին (հավելված 3-րդ, գ․թ․ 62-65)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է.
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1.1-ին մասի միատեսակ կիրառության համար, քանի որ
ա) թիվ ՍնԴ/1829/04/21 սնանկության գործով Սնանկության դատարանի 11.07.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1.1-ին մասը կիրառվել է Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ,
բ) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1.1-ին մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ ու 77-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1. արդյո՞ք ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժինը գույքի համասեփականատիրոոջն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու վերաբերյալ հարցը պետք է քննարկվի պարտատերերի ժողովում կամ խորհրդի նիստում, և
2. արդյո՞ք ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժինը գույքի համասեփականատիրոոջն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությանը կից պետք է դատարան ներկայացվի նաև պարտատերերի ժողովի կամ խորհրդի համաձայնությունը։
Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը։ (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել` դրա հատուցելի օտարման դեպքում պահպանելով նույն օրենսգրքի 195 հոդվածում նախատեսված կանոնները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բաժինը վաճառողը պարտավոր է իր բաժինը երրորդ անձի վաճառելու մտադրության մասին գրավոր տեղեկացնել բաժնային սեփականության մյուս մասնակիցներին` նշելով գինը և վաճառքի մյուս պայմանները: Եթե բաժնային սեփականության մյուս մասնակիցները հրաժարվում են վաճառվող բաժինը գնելուց կամ անշարժ գույքի սեփականության իրավունքում բաժինը ձեռք չեն բերում ծանուցումը ստանալու օրվանից մեկ ամսվա, իսկ շարժական գույքի սեփականության իրավունքում` տասն օրվա ընթացքում, վաճառողն իրավունք ունի իր բաժինը վաճառել ցանկացած անձի։
Վերոգրյալ հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բաժնային սեփականության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի իր բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել։ Սակայն այդ բաժնը վաճառելիս վաճառողը պարտավոր է պահպանել բաժնային սեփականության մնացած մասնակիցների՝ այդ բաժինը գնելու նախապատվության իրավունքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կանոնները։ Գնելու նախապատվության իրավունքը հավասար պայմաններում այլ անձանց համեմատությամբ բաժնային սեփականության մասնակիցներին վերապահված որոշակի արտոնություն է։ Նախապատվության կանոնների կիրառմամբ պահպանվում են թե՛ բաժինը վաճառողի, թե՛ մյուս համասեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերը։ Մասնավորապես՝ բաժինը վաճառողի իրավունքները պահպանվում են այնքանով, որքանով նախապատվությունը գործում է միայն վերջինիս կողմից երրորդ անձանց առաջարկվող պայմաններով, իսկ համասեփականատերերի շահերը՝ այնքանով, որքանով հնարավորություն է ընձեռվում ավելացնել իրենց բաժինը։ Գնելու նախապատվության իրավունքը կիրառելի է այն դեպքում, երբ համասեփականատերը ցանկանում է իր բաժինը վաճառել կամ օտարել փոխանակության պայմանագրով՝ ընդհանուր բաժնային սեփականության մասնակից չհանդիսացող երրորդ անձի։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս բաժնային սեփականության մնացած մասնակիցները, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն, և բաժինը վաճառողը պարտավոր է իր բաժինը երրորդ անձի վաճառելու մտադրության մասին գրավոր տեղեկացնել բաժնային սեփականության մյուս մասնակիցներին` նշելով գինն ու վաճառքի մյուս պայմանները, իսկ եթե բաժնային սեփականության մյուս մասնակիցները հրաժարվում են վաճառվող բաժինը գնելուց կամ անշարժ գույքի սեփականության իրավունքում բաժինը ձեռք չեն բերում ծանուցումն ստանալու օրվանից մեկ ամսվա, իսկ շարժական գույքի սեփականության իրավունքում` տասն օրվա ընթացքում, ապա վաճառողն իրավունք ունի իր բաժինը վաճառել ցանկացած անձի։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:
Նույն հոդվածի 1.1-ին մասի համաձայն` գույքի վաճառքի ծրագիրը պետք է ներառի պարտապանի ամբողջ գույքի, ներառյալ՝ պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (անվանումները, նկարագրությունը, քանակը, հաշվեկշռային արժեքը), վաճառքի նախատեսվող ձևը, նախնական գնահատված արժեքները` ըստ գույքի տեսակի։ Գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից չհաստատվելու դեպքում կառավարիչը դիմում է դատարան՝ միջնորդելով հաստատել գույքի վաճառքի ծրագիրը` կցելով պարտատերերի ժողովի կամ խորհրդի որոշումները կամ ժողովի կամ խորհրդի նիստի անցկացման անհնարինության հիմքերը։ Ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը:
Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին:
Դատավորը մերժում է միջնորդությունը, եթե առկա է խորհրդի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանի` տվյալ պահին առկա գույքի արժեքի մեկ տոկոսը չգերազանցող արժեք ունեցող գույքի ուղղակի գործարքով վաճառքի համար խորհրդի նիստի, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում ժողովի հրավիրումը պարտադիր չէ, բացառությամբ եթե վաճառվող գույքի արժեքը հինգ միլիոն դրամից ավելի է։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերոգրյալ հոդվածների վերլուծությունից բխում է, որ պարտապանի գույքը նրա հաշվեկշռում հաշվառված ցանկացած օբյեկտն է։ Պարտապանի գույքի վաճառք ասելով հասկանում ենք այդ գույքի իրացում` առավել մեծ հասույթ ստանալու նպատակով։ Պարտապանի գույքի վաճառքը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կանոնակարգված ընթացակարգ է, որն իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ և 77-րդ հոդվածներով նախատեսված կանոններով։ Պարտապանի գույքի վաճառքը տեղի է ունենում պարտապանի գույքը գույքագրելուց և գնահատելուց հետո, որն էլ հնարավորություն է տալիս որոշելու վաճառվող օբյեկտների լուծարքային արժեքները։ Պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` դատավորի թույլտվությամբ՝ հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով։
Ընդ որում, պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով վաճառքի համար սնանկության գործով կառավարիչը պետք է գույքագրման արդյունքներով կազմված գույքի վաճառքի ծրագիրը ներկայացնի պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի հաստատմանը, որից հետո էլ ստանա դատարանի թույլտվությունը գույքի վաճառքի վերաբերյալ: Ավելին, հաշվի առնելով, որ պարտատերերի ժողովի (կամ խորհրդի) կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագիրն այն հիմքն է, որի հիման վրա իրականացվում է գույքի վաճառքը՝ պարտապանի գույքի վաճառքը պետք է տեղի ունենա բացառապես հաստատված ծրագրին համապատասխան:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգը, մասնավորապես՝ խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով հրավիրելու և գույքի ուղղակի վաճառքի հարցը քննարկման դնելու, խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ դատարանին ներկայացնելն ինքնանպատակ չէ, և նպատակ ունի բացահայտել պարտապանի ու պարտատիրոջ դիրքորոշումը և, որ ամենակարևորն է, հավասարակշռել կողմերի շահերը, ապահովել նրանց իրավունքների իրականացումը: Ընդ որում, կողմերի իրավունքների իրականացման երաշխավորը տվյալ դեպքում հանդիսանում է դատարանը, որի դերը նախատեսված ընթացակարգում ոչ թե պարզապես միջնորդությունը հաստատելն է, այլ արդարադատություն իրականացնելը՝ միջնորդությունը քննարկելու և բոլոր կողմերի դիրքորոշումներին գնահատական տալու միջոցով:
Բացի այդ, օրենսդիրը սահմանել է այն էական տվյալները, որոնք կառավարիչը պետք է ներկայացնի գույքն ուղղակի վաճառքով իրացնելու վերաբերյալ դատարան ներկայացվող միջնորդության մեջ։ Մասնավորապես՝ միջնորդության մեջ պետք է նշվեն գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը: Նշվածից հետևում է, որ վաճառքի գինը համարվում է էական պայման՝ գույքն ուղղակի գործարքի միջոցով իրացնելու համար ներկայացված միջնորդությունը բավարարելու կամ մերժելու համար։ Միաժամանակ, վաճառվող գույքի գնի հետ անհամաձայնության, առարկության պայմաններում, պարտապանի գույքն ուղղակի գործարքի միջոցով օտարելու գաղափարին պարտատիրոջ դեմ չլինելը չի կարող գնահատվել որպես համաձայնություն՝ գույքը կառավարչի նշած գնով վաճառելու համար:
Վերոշարադրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ 16.01.2024 թվականին ընդունված և 12.02.2024 թվականին ուժի մեջ մտած ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-27-Ն օրենքով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի՝ պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու ընթացակարգը կարգավորող 77-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 1.1-ին մասով։ Մասնավորապես՝
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1․1-ին մասի համաձայն՝ կառավարիչը պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա չհանդիսացող գույքում պարտապանի բաժինը այդ գույքի շուկայական գնահատված գնի՝ պարտապանի բաժնին համապատասխան արժեքով գնելու վերաբերյալ ծանուցում է ուղարկում այդ գույքի համասեփականատերերին։
Եթե գույքի բոլոր համասեփականատերերը կառավարչին են ներկայացնում պարտապանի բաժինը առաջարկված գնով բոլոր համասեփականատերերի կամ նրանցից մեկի կամ մի քանիսի կողմից գնման վերաբերյալ համաձայնություն և կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին մուտքագրված լինելու վերաբերյալ ապացույց, ապա կառավարիչը այդ մասին տեղեկացնում է պարտապանին և պարտատերերին ու դատարան է ներկայացնում գույքում պարտապանի բաժինը համասեփականատիրոջը (համասեփականատերերին) ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություն։
Եթե պարտապանի բաժինը առաջարկված գնով գնելու ցանկություն հայտնում են ոչ բոլոր համասեփականատերերը, համաձայնությանը կից ներկայացնելով ապացույց կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին մուտքագրված լինելու վերաբերյալ, ապա գույքում պարտապանի բաժինը ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը դատարան կարող է ներկայացվել միայն գույքում պարտապանի բաժինը գնելու վերաբերյալ համասեփականատերերի ծանուցվելուց մեկ ամիսը լրանալուց հետո։
Միջնորդությանը կից դատարան են ներկայացվում գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը), կառավարչի կողմից համասեփականատերերին ուղղված ծանուցումը, նրանց ծանուցված լինելու ապացույցները, գնելու ցանկություն հայտնած համասեփականատիրոջ (համասեփականատերերի) անձնագրերի պատճենները, համասեփականատերերի առկա համաձայնությունները, սնանկության հատուկ հաշվեհամարին ծանուցմամբ նշված գումարի վճարված լինելու ապացույցը, միջնորդությունը դատարան ներկայացնելու մասին պարտապանին և պարտատերերին ծանուցելու ապացույցները։
Դատարանը միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է միջնորդությունը բավարարելու և ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժինը գույքի համասեփականատիրոջը (համասեփականատերերին) ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին որոշում, եթե միջնորդությունը ներկայացվել է սույն մասին համապատասխան։
Եթե պարտապանի բաժինը առաջարկված գնով գնելու մասին ծանուցվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գույքի համասեփականատերերից առնվազն մեկը ցանկություն չի հայտնում պարտապանի բաժինը գնելու վերաբերյալ կամ չի ներկայացնում ապացույց կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին մուտքագրված լինելու վերաբերյալ, ապա կառավարիչը հայցադիմում է ներկայացնում սնանկության գործը վարող դատարան՝ գույքում պարտապանի բաժինն առանձնացնելու, առանձնացման անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և վաճառքից ստացված գումարը համասեփականատերերի միջև իրենց բաժիններին համապատասխան բաշխելու պահանջի մասին։
Անբաժանելի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին դատարանի վճիռը հիմք է գույքը կառավարչի կողմից հրապարակային սակարկություններով վաճառելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածում 1․1-ին մասն ավելացնելու անհրաժեշտությունը և կարևորությունը պարզելու համար պետք է բացահայտել օրենսդրի նպատակը։ Մասնավորապես՝ ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-27-Ն օրենքի նախագծի հիմնավորումներում նշվել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի կառավարմանն առնչվող դրույթներում և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի կարգավորումներում առկա է որոշակի հակասություն։
Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանված է, որ համատեղ սեփականություն հանդիսացող գույքում որևէ մեկի բաժնի օտարման դեպքում մյուս համասեփականատերերն ունեն գնելու նախապատվության իրավունք, սակայն ստացվում է, որ եթե որևէ համասեփականատեր համաձայնություն տա մյուսի բաժինը գնելուն, ապա հնարավոր է, որ չկարողանա օգտվի իր նախապատվության իրավունքից, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածով դրա համար լրացուցիչ պահանջվում է պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի համաձայնությունը, որի բացակայության պայմաններում գործարք կնքել հնարավոր չէ։
Ավելին՝ ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-27-Ն օրենքի նախագծի հիմնավորումներում՝ որպես նախագծով առաջարկվող փոփոխություն, ի թիվս այլնի, նախատեսվել է գնելու նախապատվության իրավունքից օգտվելու ցանկության դեպքում սահմանել այլ ընթացակարգ՝ առանց պարտատերերի ժողովի համաձայնության։ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 16.01.2024 թվականին ընդունված և 12.02.2024 թվականին ուժի մեջ մտած ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-27-Ն օրենքով 77-րդ հոդվածը լրացնելով 1.1-ին մասով, օրենսդիրը կառավարչի համար սահմանել է պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա չհանդիսացող գույքում պարտապանի բաժինն այդ գույքի շուկայական գնահատված գնի՝ պարտապանի բաժնին համապատասխան արժեքով գնելու վերաբերյալ գույքի համասեփականատերերին գնելու առաջարկ ներկայացնելու պարտավորություն։ Ընդ որում, համասեփականատերերի կողմից գնելու նախապատվության իրավունքից օգտվելու ցանկության դեպքում սահմանվել է պարտապանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու այլ ընթացակարգ, այն է՝ առանց պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի համաձայնության։
Ամբողջ վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի համասեփականատերերն ունեն պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա չհանդիսացող գույքում պարտապանի բաժինն այդ գույքի շուկայական գնահատված գնի՝ պարտապանի բաժնին համապատասխան արժեքով գնելու նախապատվության իրավունք, և գնելու նախապատվության իրավունքից օգտվելու ցանկության դեպքում այլևս, ի տարբերություն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի, անհրաժեշտ չէ պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի համաձայնության առկայությունը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կառավարիչը 19.10.2022 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պարտապանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու մասին, որին կից ներկայացրել է նաև համասեփականատերերին ուղղված՝ Արտյոմ Մխոյանի բաժինները գնելու վերաբերյալ առաջարկները։ Բանկը 26.10.2022 թվականին Դատարան է ներկայացրել Կառավարչի կողմից ներկայացված գույքի վաճառքի ծրագրի վերաբերյալ առարկություն։
Դատարանը 22.11.2022 թվականի որոշմամբ Կառավարչի միջնորդությունը՝ պարտապանի գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու և գույքի ուղղակի գործարքով վաճառքը թույլատրելու մասին, մերժել է։
Կառավարիչը 26.02.2024 թվականին կրկին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պարտապանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու մասին, իսկ Բանկը 04.03.2024 թվականին Դատարան է ներկայացրել Կառավարչի կողմից ներկայացված գույքի վաճառքի ծրագրի վերաբերյալ առարկություն։
Դատարանը, պատճառաբանելով,
որ «Կառավարիչը պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա չհանդիսացող գույքում պարտապանի բաժինն այդ գույքի շուկայական գնահատված գնի՝ պարտապանի բաժնին համապատասխան արժեքով գնելու վերաբերյալ ծանուցում է ուղարկել այդ գույքի համասեփականատերերին, վերջիններս Կառավարչին են ներկայացրել գնման վերաբերյալ համաձայնություն և վաճառքի գնի չափով գումարը մուտքագրել են սնանկության հատուկ հաշվեհամարին», 25.03.2024 թվականի որոշմամբ բավարարել է Կառավարչի միջնորդությունը:
Միաժամանակ, անդրադառնալով Բանկի կողմից ներկայացված առարկությանը, Դատարանն արձանագրել է, որ
-«24.10.2022 թվականին Դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածում կատարվել է լրացում, և «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 12.02.2024 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-27-Ն օրենքով պարտապանի գույքի ուղղակի վաճառքը կանոնակարգող 77-րդ հոդվածը լրացվել է 1.1-ին մասով, որով մանրամասն նկարագրվել է, թե ինչ ընթացակարգով կարող է վաճառվել ընդհանուր գույքում պարտապանի բաժնեմասը: Ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և սնանկության գործի նյութերը՝ Դատարանը գտնում է, որ Կառավարիչը պահպանել է նշված նորմերով սահմանված պահանջները»,
-«կառավարչի կողմից իրացվող գույքի գնահատումը կատարվել է օրենքով սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից, և Բանկի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել վկայակոչած այն փաստը հաստատելու համար, որ գույքի գնահատումն իրականացնելուց հետո նշված գույքերի շուկայական արժեքի էական փոփոխություններ են տեղի ունեցել, որն էլ պետք է հիմք հանդիսանար կառավարչի համար պարտապանի հաշվին կրկին վեց անվանում գույքի գնահատում իրականացնելու համար՝ ավելացնելով սնանկության գործով կատարվող վարչական ծախսերը»:
Վերաքննիչ դատարանը 28․06․2024 թվականի որոշմամբ բավարարել է Բանկի վերաքննիչ բողոքը և վերացրել է Դատարանի «Ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժինը գույքի համասեփականատիրոջն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին» որոշումը՝ արձանագրելով, որ
-«կայացված դատական ակտն իրենում չի պարունակում անհրաժեշտ և բավարար չափով հիմնավորումներ ներկայացված՝ պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականցնելու վերաբերյալ սնանկության գործով կառավարչի միջնորդությունը բավարարման, իսկ պարտատեր «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության անունից ներկայացված առարկությունը մերժման ենթակա լինելու վերաբերյալ. Դատարանը միջնորդությունը բավարարել է՝ հիմքում ունենալով միայն այն, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածում կատարվել է լրացում, և «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 12.02.2024թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-27Ն օրենքով պարտապանի գույքի ուղղակի վաճառքը կանոնակարգող 77-րդ հոդվածը լրացվել է 1.1-ին մասով: Մինչդեռ, հարկ է նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի լրացումը 1.1-րդ մասով ինքնին, ինչպես նաև դրանով սահմանված ընթացակարգի պահպանումը դեռևս բավարար չեն գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու վերաբերյալ սնանկության գործով կառավարչի միջնորդությունը բավարարելու համար, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1.1-րդ մասը պետք է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի այս հարցին վերաբերող ընդհանուր կանոնները սահմանող վերը նշված իրավակարգավորումների, ողջ հոդվածի, այդ թվում՝ դրա 1-ին և 2-րդ մասերի համակցության մեջ: Նշվածից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում Դատարանը միջնորդությունը քննարկման առարկա դարձնելիս պետք է ստուգի արդյոք առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունները, թե՝ ոչ, ինչի արդյունքում միայն կարող է գալ եզրահանգման միջնորդության իրավաչափ կամ ոչ իրավաչափ լինելու, ուստի նաև այն բավարարման կամ մերժման ենթակա լինելու հարցի վերաբերյալ: Մինչդեռ, տվյալ դեպքում Դատարանը բողոքարկված դատական ակտով առհասարակ չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք առկա էին «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը՝ պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու վերաբերյալ հարցի քննարկման կապակցությամբ խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում ժողով հրավիրելու, թե՝ ոչ, և համապատասխանաբար՝ անհրաժեշտ էր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դատարան խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը միջնորդության հետ Դատարան ներկայացնելու պահանջի պահպանումը, թե՝ ոչ»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների վերոգրյալ եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում Կառավարիչը գույքագրել է պարտապան Արտյոմ Մխոյանին պատկանող գույքը, որից հետո 19.10.2022 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պարտապան Արտյոմ Մխոյանին պատկանող գույքն ուղղակի գործարքով վաճառելու մասին, որին կից ներկայացրել է նաև համասեփականատերերին ուղղված՝ պարտապան Արտյոմ Մխոյանի բաժինները գնելու վերաբերյալ առաջարկները։ Նշված միջնորդությունը, սակայն,Դատարանի 22.11.2022 թվականի որոշմամբ մերժվել է։
Կառավարիչը 26.02.2024 թվականին կրկին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պարտապանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու մասին, որը Դատարանի 25.11.2024 թվականի «Ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժինը գույքի համասեփականատիրոոջը ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին» որոշմամբ բավարարվել է։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 16.01.2024 թվականին ընդունված և 12.02.2024 թվականին ուժի մեջ մտած ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-27-Ն օրենքի ընդունումից հետո պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա չհանդիսացող գույքում պարտապանի բաժինը համասեփականատիրոջը (համասեփականատերերին) ուղղակի գործարքով վաճառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար անհրաժեշտ և բավարար միակ պայմանը կառավարչի կողմից գույքն ուղղակի գործարքով վաճառելու վերաբերյալ միջնորդությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1․1-ին մասին համապատասխան ներկայացված լինելն է, իսկ սույն գործով Կառավարիչը պահպանել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1․1-ին մասով նախատեսված իրավակարգավորումները, այն է՝ Դատարան է ներկայացրել պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա չհանդիսացող գույքում պարտապանի բաժինն ուղղակի գործարքով վաճառելու վերաբերյալ միջնորդություն, որին կից ներկայացրել է գույքի գնահատման եզրակացությունները, ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա չհանդիսացող գույքում պարտապանի բաժինը գնելու վերաբերյալ ծանուցումները, համասեփականատերերի կողմից գույքերի գնման վերաբերյալ համաձայնություններն ու վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին փոխանցված լինելու վերաբերյալ ապացույցները։ Հետևաբար Կառավարչի միջնորդությունը ենթակա էր բավարարման, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Դատարանը և ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Միաժամանակ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու վերաբերյալ սնանկության գործով կառավարչի միջնորդությունը բավարարելու համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1.1-ին մասը պետք է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համակցության մեջ ու յուրաքանչյուր դեպքում դատարանը միջնորդությունը քննարկման առարկա դարձնելիս պետք է ստուգի՝ արդյոք առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ ինչպես վերը նշվեց, 16.01.2024 թվականին ընդունված և 12.02.2024 թվականին ուժի մեջ մտած ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-27-Ն օրենքի 77-րդ հոդվածի 1.1-ին մասի լրացման արդյունքում օրենսդիրը համասեփականատերերի կողմից գնելու նախապատվության իրավունքից օգտվելու ցանկության դեպքում պարտապանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու այլ ընթացակարգ է սահմանել, այն է՝ այդ դեպքում այլևս անհրաժեշտ չէ պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի համաձայնության առկայությունը։
Անդրադառնալով վճռաբեկ բողոք բերած անձի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալին.
Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում մեկնաբանելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1․1-ին մասով նախատեսված իրավակարգավորումը, մասնավորապես նշել է հետևյալը. «Դատարանը միջնորդությունը բավարարել է՝ հիմքում ունենալով միայն այն, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածում կատարվել է լրացում, և «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 12.02.2024թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-27Ն օրենքով պարտապանի գույքի ուղղակի վաճառքը կանոնակարգող 77-րդ հոդվածը լրացվել է 1.1-ին մասով: Մինչդեռ, հարկ է նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի լրացումը 1.1-րդ մասով ինքնին, ինչպես նաև դրանով սահմանված ընթացակարգի պահպանումը դեռևս բավարար չեն գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու վերաբերյալ սնանկության գործով կառավարչի միջնորդությունը բավարարելու համար, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1.1-րդ մասը պետք է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի այս հարցին վերաբերող ընդհանուր կանոնները սահմանող վերը նշված իրավակարգավորումների, ողջ հոդվածի, այդ թվում՝ դրա 1-ին և 2-րդ մասերի համակցության մեջ: Նշվածից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում Դատարանը միջնորդությունը քննարկման առարկա դարձնելիս պետք է ստուգի արդյոք առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունները, թե՝ ոչ, ինչի արդյունքում միայն կարող է գալ եզրահանգման միջնորդության իրավաչափ կամ ոչ իրավաչափ լինելու, ուստի նաև այն բավարարման կամ մերժման ենթակա լինելու հարցի վերաբերյալ: Մինչդեռ, տվյալ դեպքում Դատարանը բողոքարկված դատական ակտով առհասարակ չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք առկա էին «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը՝ պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու վերաբերյալ հարցի քննարկման կապակցությամբ խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում ժողով հրավիրելու, թե՝ ոչ, և համապատասխանաբար՝ անհրաժեշտ էր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դատարան խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը միջնորդության հետ Դատարան ներկայացնելու պահանջի պահպանումը, թե՝ ոչ»։
Միևնույն ժամանակ, բողոք բերած անձի կողմից վկայակոչվել է Սնանկության դատարանի թիվ ՍնԴ/1829/04/21 սնանկության գործով 11.07.2024 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, հիմնավորելով, որ այդ դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1․1-ին մասը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 28.06.2024 թվականի որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Թիվ ՍնԴ/1829/04/21 սնանկության գործով 11.07.2024 թվականի «Գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Սնանկության դատարանը, մասնավորապես, արձանագրել է հետևյալը. «ուսումնասիրելով սնանկության գործում առկա նյութերը, ինչպես նաև կառավարչի միջնորդությունը կից փաստաթղթերով, Դատարանը գտնում է, որ սնանկության գործով կառավարչի միջնորդությունը պետք է բավարարել և թույլատրել՝ ուղղակի գործարքով համապատասխանաբար 980.000 (ինը հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ և 440.000 (ինը հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ արժեքով մյուս համասեփականատեր Զավեն Լեռնիկի Գալստյանին վաճառել՝ միջնորդությամբ նշված գույքերը (...)»:
Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով ինչպես Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ/1829/04/21 սնանկության գործով 11.07.2024 թվականի որոշմամբ արտահայտված վերը նշված դիրքորոշումները, արձանագրում է, որ բողոքի նշված հիմքը հիմնավոր է, քանի որ Սնանկության դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1․1-ին մասը կիրառել է Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Վերը նշված փաստերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը, ապահովելով օրենքի միատեսակ կիրառելիության երաշխավորման իր սահմանադրաիրավական առաքելությունը, փաստում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1․1-ին մասն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի 28.06.2024 թվականի որոշումը վերացնելու համար:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 28.06.2024 թվականի որոշումը վերացնելու արդյունքում Դատարանի 25.03.2024 թվականի Ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժինը գույքի համասեփականատիրոջն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին» որոշումը մտնում է օրինական ուժի մեջ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան բացակայում է նոր դատական ակտ կայացնելու անհրաժեշտությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2024 թվականի որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
|
Նախագահող |
Գ. հակոբյան |
|
Զեկուցող |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
|
Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|