ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՎԴ/1693/02/17 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.05.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1693/02/17

2025 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1693/02/17

Նախագահող դատավոր`

 Գ. Թորոսյան

Դատավորներ`

 Ս. Գրիգորյան

 Ա. Կուրեխյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող

Է. Սեդրակյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի մայիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Յուլիա Անտոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Ռայա Մինասյանի հայցի ընդդեմ Յուլիա Անտոնյանի, Այգեպատի համայնքապետարանի, «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ջեմմա Գաբրիելյանի, երրորդ անձինք Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կոմիտե) և Իրինա Մինասյանի՝ «սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և փաստացի տիրապետման եղանակով ըստ օրենքի ժառանգությունն ընդունած համարելու» պահանջների մասին, ու ըստ Յուլիա Անտոնյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռայա Մինասյանի և Թերմինե Մանուկյանի՝ վտարելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռայա Մինասյանը պահանջել է «1.Ալեքսան Մինասյանի անվամբ 2000թ հուլիսի 10-ին կատարված թիվ 0327021 վկայականի գրանցումը Արարատի մարզի Այգեպատ գյուղի Անկախության փողոց 14 հասցեի 258,1 քմ մակերեսով բնակելի տան և 0,13 հա տնամերձ հողամասի նկատմամբ ճանաչել անվավեր և կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել Իրինա Բորիսի Մինասյանի անվամբ 15.08.2016թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ դրա հիման վրա 18.08.2016թ. կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 18082016-03-0010 վկայականի գրանցումն ու նշված անշարժ գույքերի նկատմամբ 28.04.2017թ. ս/մ 1499 նվիրատվության պայմանագրի հիմքով Յուլիա Ալեքսանի Անտոնյանի անվամբ 10 մայիսի 2017թ. կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 10052017-03-0034 վկայականի գրանցումը:

2. Որպես փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգի, ճանաչել Ռայա Բաբկենի Մինասյանի սեփականության իրավունքը Արարատի մարզի Այգեպատ գյուղի Անկախության փողոցի 14 հասցեի 258,1 քմ. բնակելի տան և 0,13 հա տնամերձ հողամասի նկատմամբ»:

Ռայա Մինասյանը 14.09.2017 թվականին «Հայցի հիմքը և առարկան լրացնելու և փոփոխելու մասին» դիմում է ներկայացրել դատարան, որով պահանջել է հայցի առարկան կարդալ հետևյալ կերպ. «սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքները կիրառելու և փաստացի տիրապետման եղանակով ըստ օրենքի ժառանգությունն ընդունած համարելու»։

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14122017 թվականի արձանագրային որոշմամբ վերը նշված դիմումը բավարարվել է։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Յուլիա Անտոնյանը պահանջել է Ռայա Մինասյանին և Թերմինե Մանուկյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզի Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում գտնվող բնակելի տնից:

Դատարանի 01.08.2019 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2022 թվականի որոշմամբ Ռայա Մինասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 01.08.2019 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Յուլիա Անտոնյանը (ներկայացուցիչ Անահիտ Ավագյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ, 10-րդ, 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ ու 24-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը, 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը և նույն հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ ու 10-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելուց և (կամ) հայցի հիմքն ու առարկան պարզելուց հետո պարտավոր էր կարճել գործի վարույթը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով, քանի որ հայցվորը որպես հիմնական պահանջ ներկայացրել է Ալեքսան Մինասյանի անվամբ 10.07.2000 թվականին կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 0327021 վկայականի գրանցումը, այն է՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին պահանջը, այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վիճարկման հայցի առարկան, որպիսի պահանջը ենթակա է քննության ՀՀ վարչական դատարանում` վարչական դատավարության կարգով: Մինչդեռ, Դատարանն Ալեքսան Մինասյանի անվամբ 10.07.2000 թվականին կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 0327021 վկայականի գրանցումն անվավեր ճանաչելու և համապատասխանաբար` Իրինա Մինասյանի ու Յուլիա Անտոնյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու մասերով չի կարճել գործի վարույթը և ընդհանուր իրավասության դատարանում քննության առարկա է դարձրել մի վեճ, որը ենթակա է եղել ՀՀ վարչական դատարանի քննությանը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ անկախ վերաքննիչ բողոքի հիմքերում կամ դրանց հիմնավորումներում այդ մասին նշված լինելու հանգամանքից, պարտավոր էր Ալեքսան Մինասյանի անվամբ 10.07.2000 թվականին կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 0327021 վկայականի գրանցումն անվավեր ճանաչելու և համապատասխանաբար` Իրինա Մինասյանի ու Յուլիա Անտոնյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու մասերով կարճել գործի վարույթը, և քննել է մի գործ, որը քննելու լիազորություն չի ունեցել։

Նման պայմաններում ստորադաս դատարանները թույլ են տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, քանի որ առարկայական ընդդատության կամ ենթակայության խախտումն ի սկզբանե կանխորոշել է գործի ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկել դրա նշանակությունը, դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու, ինչպես նաև այդ իրավունքի անիրացվելիության մասին: Ավելին, ստորադաս դատարանները չկարճելով գործի վարույթը, ըստ էության, կայացրել են մի որոշում, որը դուրս է իրենց ենթակայության, ըստ այդմ` իրավասության շրջանակներից, և բողոք բերած անձին զրկել են մասնագիտացված դատարանի կողմից արդար որոշում կայացնելուց:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԱՎԴ/1693/02/17 քաղաքացիական գործով 18.02.2022 թվականին կայացված որոշումը, ըստ հայցի Ռայա Մինասյանի ընդդեմ Յուլիա Անտոնյանի, Այգեպատի համայնքապետարանի, «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ջեմմա Գաբրիելյանի, մասնակցությամբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Երևանի տարածքային ստորաբաժանման և Իրինա Մինասյանի՝ սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.08.2019 թվականին կայացված վճիռը բեկանելու և գործն նույն դատարան ուղարկելու մասերով, բեկանել և` գործի վարույթը՝ ըստ հայցի Ռայա Մինասյանի ընդդեմ Յուլիա Անտոնյանի, Այգեպատի համայնքապետարանի, «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ջեմմա Գաբրիելյանի, մասնակցությամբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Երևանի տարածքային ստորաբաժանման և Իրինա Մինասյանի՝ սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասերով կարճել»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ռայա Մինասյանը ծնվել է 01091951 թվականին, վերջինիս հայրն է Բաբկեն Մինասյանը, մայրը՝ Ռոզա Մինասյանը (հիմք՝ 01091951 թվականին տրված ЗЖ թիվ 343941 ծննդյան վկայական) (հատոր 5-րդ, գ.թ. 8)

2) Ռոզա Մինասյանը մահացել է 14.07.2010 թվականին (հիմք՝ 29.09.2010 թվականին տրված III-AH թիվ 624990 մահվան վկայականի ռուսերենից թարգմանություն) (հատոր 1-ին, գ.թ. 15)

3) Ալեքսան Մինասյանը մահացել է 26.01.2016 թվականին (հիմք՝ 30.01.2016 թվականին տրված IV-AH թիվ 607639 մահվան վկայականի ռուսերենից թարգմանություն) (հատոր 1-ին, գ.թ. 71)

4) Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավարը, ղեկավարվելով «Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի «Կադաստրային քարտեզագրումն ավարտած տարածքներում անշարժ գույքի իրավունքի առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 867 որոշման պահանջներով, որոշել է Այգեպատ համայնքի բնակիչ Ալեքսան Մինասյանին իր ընտանիքի 2 անձով, սեփականության իրավունքով անհատույց թողնել և ճանաչել նրանց սեփականության իրավունքը, Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 17.03.1991 թվականի թիվ 5 որոշմամբ սեփականաշնորհված 0.13 հա տնամերձ հողամասի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 14).

5) Այգեպատ համայնքի ավագանու 23.07.2006 թվականի նույն նո. 2 որոշումից քաղվածքի համաձայն՝ մի դեպքում նշված է Ռոզա Մինասյանին, մյուս դեպքում՝ Ալեքսան Մինասյանին պատկանող տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 տուն հասցեն (հատոր 1, գ.թ. 17, 18).

6) 09.06.1987 թվականին տրված բնակելի տան վերաբերյալ տեխնիկական անձնագրի համաձայն՝ Արտաշատի շրջանի Այգեպատ գյուղի Գայի փողոց թիվ 23 հասցեում գտնվող 0.13 հա տնամերձ հողամասը, որի վրա առկա է 258 քմ մակերեսով բնակելի տուն, գրանցվել է Ռոզա Մինասյանի անվամբ (հատոր 1, գ.թ. 24-26)

7) 10.07.2000 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 0327021 վկայականի համաձայն՝ Արարատի մարզի Այգեպատ համայնքի բնակելի տան նկատմամբ գրանցվել է Ալեքսան Մինասյանի սեփականության իրավունքը: Նշված վկայականի տրման համար որպես հիմք նշված է Արարատի մարզի Այգեպատ համայնքի տնտեսական գրքից թիվ 118 (15.05.2000 թվականի) քաղվածք, իսկ իրավունքի նպատակը՝ համատեղ սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 31-36).

8) 18.08.2016 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18082016-03-0010 վկայականի համաձայն՝ Արարատի մարզի Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Իրինա Մինասյանի սեփականության իրավունքը։ Գրանցման համար հիմք է հանդիսացել 15.08.2016 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3586 վկայագիրը (հատոր 1-ին, գ.թ. 29, 30).

9) 10.05.2017 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10052017-03-0034 վկայականի համաձայն՝ Արարատի մարզի Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Յուլիա Անտոնյանի սեփականության իրավունքը։ Գրանցման համար հիմք է հանդիսացել 28.04.2017 թվականին կնքված թիվ 1499 նվիրատվության պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 27, 28)

10) Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավարի 15.05.2017 թվականի թիվ 93 տեղեկանքի համաձայն՝ Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում առկա բնակելի տունը փաստացի տիրապետում և կառավարում է Ռայա Մինասյանը, կատարում է հողի հարկի ու գույքահարկի դիմաց բոլոր վճարումները (հատոր 1-ին, գ.թ. 37)

11) Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավարի 18.05.2017 թվականի թիվ 97 տեղեկանքի համաձայն՝ Այգեպատ համայնքի բնակիչ Ռայա Մինասյանն իր հանգուցյալ մոր՝ Ռոզա Մինասյանի հետ մինչև նրա մահը ապրել և մահից հետո մինչ օրս էլ ապրում է Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում ու տիրապետում և կառավարում է հանգուցյալին պատկանող գույքը (հատոր 1-ին, գ.թ. 38)

12) Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավարի կողմից 18.05.2017 թվականին տրված քաղվածքի համաձայն՝ Արարատի մարզի Այգեպատի տնտ. հ.2 գրքի 118 համարով գրանցված է 0.13 հա տնամերձ հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն և 0.16 հա վարելահող Ռոզա Մինասյանի անվամբ, ընտանիքի կազմում նշված է նաև Մինասյան Ալեքսան (հատոր 1-ին, գ.թ. 19)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ՝

1 ստորադաս դատարանում գործի վարույթը կարճելու հիմք առկա լինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկանմանը՝ անկախ այդ հիմքի մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից

2գործով մի քանի հայցապահանջ ներկայացված լինելու պայմաններում դրանցից հիմնական պահանջը որոշելու առանձնահատկություններին՝ միաժամանակ վկայակոչելով «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանության և վարչական դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումները։

 

1 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

Նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և այն բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ և հեղինակավոր ու պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք:

Գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ։ Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն: Օրենսդիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, միևնույն ժամանակ ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը։ Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձևական (տե՛ս ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդպիսի խախտում կարող է լինել նաև այն դեպքը, երբ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք։ Նշված դեպքն օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից։

Այսինքն, եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը` ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, ապա անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ (տե՛ս Հարություն, Ռուզաննա, Մարինե և Զարինե Ղուկասյաններն ընդդեմ Այվազ Ղուկասյանի ու մյուսների թիվ ԱՎԴ/2187/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.06.2024 թվականի որոշումը)։

 

2Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում (տե´ս Կարինե Ջլավյանն ընդդեմ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանն այն օրենքով վերապահված է: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը (տե՛ս Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իրգործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս Սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործն առաջին ատյանի դատարանում քննվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) նորմերով:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

Նախկին օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։

Մինչև 01012025 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`

1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.

2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.

3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (այսուհետ՝ սահմանադրական դատարան) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։

Այսինքն՝ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանելով վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը, և նույն օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական դատարանին ընդդատյա գործերի շրջանակից բացառելով այն գործերը, որոնք ընդդատյա են այլ դատարանների, հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանությանը և, վերլուծելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, արձանագրել է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հանրային իրավահարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե՛ս Գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների հիման վրա նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը (տե՛ս Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին և հանրային իրավահարաբերությունների հասկացությանն ու արձանագրել է, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները և ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների և ազատությունների խախտման փաստը միայն դեռևս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետևանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից: Արձանագրել է նաև, որ հանրային իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն` այդպիսի իրավահարաբերությունները և դրանց արդյունքները պետք է ունենան հանրային` համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր` կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության: Նշել է նաև, որ միմյանց հետ կապված մի քանի պահանջներով դատարան դիմելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս դատարանը պետք է պարզի հիմնական պահանջի բնույթը (տե´ս Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով նախկին դիրքորոշումները, մեկ այլ որոշմամբ հավելել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը՝ հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը (տե՛ս Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, երրորդ անձ Հռիփսիմե Իշիկյանի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավահարաբերության բնույթը պարզելու համար հարկավոր է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգության տեսության և հատուկ իրավունքի տեսության համատեքստում։

Ըստ շահերի տեսության` հանրային իրավունքը մասնավորից տարբերվում է այն շահի տեսակով, որոնք պաշտպանվում են առանձին իրավանորմով։ Այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին։ Մինչդեռ, մասնավոր իրավանորմերը ծառայում են մասնավոր կամ անհատական շահերին։

Ենթակարգության տեսությունը ելնում է մասնակիցների հարաբերությունների բնույթից և կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներն են մի կողմից պետությունը, իսկ մյուս կողմից քաղաքացին։ Ըստ այս տեսության՝ այն իրավանորմերը, որոնք կարգավորում են հանրային իշխանությունը կրողների գործողությունները, համարվում են հանրային-իրավական, երբ դրանք վերաբերում են վերադասության-ենթակայության հարաբերությանը։ Եթե մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն, ապա իրավահարաբերությունը հանրային է, իսկ եթե իրավունքի երկու սուբյեկտները միմյանց առջև հանդես են գալիս իրավահավասար կերպով, ապա առկա են մասնավոր-իրավական հարաբերություններ։

Հատուկ իրավունքի տեսությունն իր հերթին նույնպես կոչված է պարզելու վեճի հանրային-իրավական բնույթը։ Այն ելնում է վեճը լուծող իրավանորմերի իրավական բնույթից։ Ըստ այս տեսության՝ եթե վեճը լուծվում է հանրային-իրավական նորմերի միջոցով, ապա առկա է հանրային-իրավական վեճ, իսկ եթե վեճը լուծում են մասնավոր-իրավական նորմերը, ապա կունենանք մասնավոր-իրավական վեճ։

Վերոնշյալ տեսությունների հիմքում դրված չափանիշներից ելնելով՝ անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցերին.

- որ նորմերն են լուծում վեճը,

- արդյո՞ք դրանք հանրային-իրավական նորմեր են (ինչ շահերի պաշտպանությանն են ուղղված այդ նորմերը),

- արդյո՞ք իրավահարաբերության մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն (տե՛ս Լուսինե Սահակյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2022 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է առաջին ատյանի դատարանին, իսկ մյուսը` վարչական դատարանին, քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը։

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ գործով միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջների առկայության դեպքում, որոնցից մեկը ենթակա է քննության առաջին ատյանի դատարանում, իսկ մյուսը` վարչական դատարանում, ապա այդ գործը քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը։ Ընդ որում, հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է հիմնական պահանջից ածանցվող մնացյալ պահանջների լուծումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մի քանի փոխկապակցված հայցապահանջների հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության որոշման խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա գործը պետք է քննվի այն դատարանում, որին ընդդատյա է ներկայացված հիմնական պահանջը (տե՛ս Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի և մյուսների թիվ ՎԴ/0476/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ բացահայտելով հիմնական պահանջի հասկացությունը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միմյանց հետ փոխկապակցված մի քանի հայցապահանջներից հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը (տե՛ս Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով դիմելով դատարան՝ Ռայա Մինասյանը պահանջել է «1. Ալեքսան Մինասյանի անվամբ 2000թ հուլիսի 10-ին կատարված թիվ 0327021 վկայականի գրանցումը Արարատի մարզի Այգեպատ գյուղի Անկախության փողոց 14 հասցեի 258,1 քմ մակերեսով բնակելի տան եւ 0,13 հա տնամերձ հողամասի նկատմամբ ճանաչել անվավեր և կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել Իրինա Բորիսի Մինասյանի անվամբ 15.08.2016թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ դրա հիման վրա 18.08.2016թ. կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 18082016-03-0010 վկայականի գրանցումն ու նշված անշարժ գույքերի նկատմամբ 28.04.2017թ. ս/մ 1499 նվիրատվության պայմանագրի հիմքով Յուլիա Ալեքսանի Անտոնյանի անվամբ 10 մայիսի 2017թ. կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 10052017-03-0034 վկայականի գրանցումը: 2. Որպես փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգի, ճանաչել Ռայա Բաբկենի Մինասյանի սեփականության իրավունքը Արարատի մարզի Այգեպատ գյուղի Անկախության փողոցի 14 հասցեի 258,1 քմ. բնակելի տան և 0,13 հա տնամերձ հողամասի նկատմամբ»:

Այնուհետև Ռայա Մինասյանի կողմից 14.09.2017 թվականին ներկայացվել է «Հայցի հիմքը և առարկան լրացնելու և փոփոխելու մասին» դիմում, որի համաձայն՝ «Սույն քաղ գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ այն փոխելու անհրաժեշտություն է առաջացել։ Մասնավորապես, Այգեպատ համայնքապետարանի կողմից տրված փաստաթղթերի մեջ որոշակի հակասություններ կան, որոնց հետևանքով Այգեպատ համայնքի Անկախություն փողոց 14 հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս խախտվել է հայցվոր՝ Ռայա Մինասյանի գույքային իրավունքները, ուստի հայցապահանջիս բովանդակային մասն ամբողջությամբ թողնելով անփոփոխ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ և 1497-րդ հոդվածների դրույթները խնդրում եմ՝ է հայցի առարկան կարդալ հետևյալ կերպ. «սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետեւանքները կիրառելու եւ փաստացի տիրապետման եղանակով ըստ օրենքի ժառանգությունն ընդունած համարելու»։

Դատարանի 14122017 թվականի արձանագրային որոշմամբ վերը նշված դիմումը բավարարվել է։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Յուլիա Անտոնյանը պահանջել է Ռայա Մինասյանին և Թերմինե Մանուկյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզի Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում գտնվող բնակելի տնից:

Դատարանի 01082019 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է հետևյալ պատճառաբանությամբ «(...)գյուղացիական տնտեսության անդամները /ամուսինները, ծնողները, զավակները որպես սեփականություն կարող են ունենալ բնակելի տներ, հողամասեր, տնտեսական շինություններ և այլ գույք, որը նրա անդամներին է պատկանում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով: Հետևաբար, վեճի առարկա անշարժ գույքը սույն գործի փաստերի համաձայն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Ռոզա Արմենի Մինասյանին և Ալեքսան Բաբկենի Մինասյանին /հիմք՝ սեփականաշնորհման և բարեփոխումների հանձնաժողովի 16.04.1991թ. թիվ 5 որոշման քաղվածք/։ (հոդված 163)։ Սույն դեպքում, Ալեքսան Մինասյանի անվամբ վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է 10.07.2000թ., իսկ Ռոզա Մինասյանը մահացել է 14.07.2010թ., այսինքն՝ նշված անշարժ գույքը միայն որդու անվամբ գրանցվելուց հետո՝ տասը տարի անց: Այսինքն՝ հայցվոր Ռայա Մինասյանի մայրը՝ Ռոզա Մինասյանը, ունենալով Արարատի մարզի Այգեպատ համայնքի Անկախության փողոց թիվ 14 հասցեի բնակելի տան նկատմամբ համասեփականատերերի ցանկում իր անունը ներառելու պահանջի իրավունք, երբևէ նման պահանջ չի ներկայացրել, ինչից էլ հետևում է, որ Ռոզա Մինասյանն իր հայեցողությամբ իրականացրել է իր սեփականատիրական իրավունքները` այն թողնելով իր որդուն՝ Ալեքսան Մինասյանին: Ինչ վերաբերում է հայցվորի այն փաստարկներին, որ 18.05.2017 թվականին տրված նոր քաղվածքի համաձայն՝ Ռոզա Մինասյանը նույնպես մասնակցել է սեփականաշնորհմանը, հետևաբար Այգեպատ համայնքի կողմից տրված թիվ 118 քաղվածքը լրացվել է սխալ, բաց են թողնվել սեփականատեր Ռոզա Մինասյանի անունը, ապա սույն փաստարկը չի կարող որևէ կերպ փոփոխել գործի էությունը, քանի որ նկատի ունենալով, որ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, և այդ առումով Ռոզա Մինասյանը երբևէ չի վիճարկել իր համասեփականության իրավունքը: ․․․ Ավելին՝ Ռոզա Մինասյանի մահից հետո մինչև Ալեքսան Մինասյանի մահը՝ 26.01.2016թ. դեռևս 6 տարի նշված անշարժ գույքը շարունակել է գրանցված լինել միայն Ալեքսան Մինասյանի անվամբ և այդ ընթացքում որևէ մեկը նշված փաստարկը որևէ կերպ չի վիճարկել, և միայն Ալեքսան Մինասյանի կնոջ կողմից ժառանգություն ձևակերպելուց, այնուհետև՝ այն իրենց դստերը նվիրելուց հետո Ռայա Մինասյանի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան: Այսինքն՝ դատարանն արձանագրում է, որ մահացած անձի, այն է` Ռոզա Մինասյանի սեփականության իրավունքի ճանաչման հարցը չի կարող քննվել վերջինիս մահից հետո: Այսպիսով, նկատի ունենալով, որ սեփականության իրավունքի սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, և այդ առումով Ռոզա Մինասյանը, երբևէ չի վիճարկել իր համասեփականության իրավունքը, դատարանը գտնում է, որ իրերի նման դրությունն ամբողջությամբ համապատասխանել է նրա կամքին, իսկ վերջինիս մահվան փաստը չի կարող պատճառ հանդիսանալ այլ անձանց, այդ թվում` Ռայա Մինասյանի կողմից նման պահանջ ներկայացնելու համար: Հակընդդեմ հայցապահանջի մասով դատարանը գտնում է, որ (...) Գործի փաստերով ապացուցված է համարվում, որ ՀՀ Արարատի մարզի Այգեպատ համայնքում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Յուլիա Ալեքսանի Մինասյանին, իսկ հակընդդեմ հայցով պատասխանողները չեն հանդիսանում վիճելի հասցեի բնակելի տան սեփականատերերը, ինչպես նաև որևէ ապացույց չեն ներկայացրել դատարան այն մասին, որ իրենք տվյալ բնակելի տան նկատմամբ ունեն օրենքով կամ պայմանագրով նախատեսված որևէ իրավունք, ուստի դատարանը գտնում է, որ վերջիններս, չունենալով բնակելի տունը օգտագործելու օրենքով կամ պայմանագրով նախատեսված որևէ հիմք, այդ տանը բնակվելու փաստի ուժով խախտում են հակընդդեմ հայցվորի սեփականության իրավունքը»։

Վերաքննիչ դատարանի 18022022 թվականի որոշմամբ Ռայա Մինասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 01082019 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ «(...) սույն գործով Դատարանը Ռոզա Արմենի Մինասյանի՝ վեճի առարկա անշարժ գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանելու փաստն արձանագրելու պայմաններում չէր կարող գալ եզրահանգման, որ մահացած անձի, այն է՝ Ռոզա Մինասյանի սեփականության իրավունքի ճանաչման հարցը չի կարող քննվել վերջինիս մահից հետո՝ նկատի ունենալով, որ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, և այդ առումով Ռոզա Մինասյանը երբևէ չի վիճարկել իր համասեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի կիրառման շրջանակներում գույքի սեփականատիրոջ կողմից իր գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավազորությունների կիրառման հարցը քննարկելիս Դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ Ռոզա Մինասյանի ժառանգության զանգվածի մեջ վեճի առարկա գույքի ներառված լինելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է Դատարանի պատճառաբանությանը՝ կապված Ռոզա Մինասյանի կողմից իր համասեփականության իրավունքը երբևէ չվիճարկելու հետ, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից վեճի առարկա անշարժ գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Ռոզա Արմենի Մինասյանին և Ալեքսան Բաբկենի Մինասյանին պատկանելու փաստն արձանագրվելու պայմաններում օրենքի ուժով Ռոզա Արմենի Մինասյանի համասեփականատեր լինելու հանգամանքի հետ մեկտեղ չէր կարող գալ եզրահանգման, որ Ռոզա Մինասյանն իր հայեցողությամբ իրականացրել է իր սեփականատիրական իրավունքները` այն թողնելով իր որդուն՝ Ալեքսան Մինասյանին միայն այն պատճառաբանությամբ, որ Ռոզա Մինասյանը, ունենալով Արարատի մարզի Այգեպատ համայնքի Անկախության փողոց թիվ 14 հասցեի բնակելի տան նկատմամբ համասեփականատերերի ցանկում իր անունը ներառելու պահանջի իրավունք, երբևէ նման պահանջ չի ներկայացրել: (...)։ Անդրադառնալով գործի նոր քննության ծավալին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը. (...) Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ սույն գործի նոր քննության շրջանակներում Դատարանը

1. գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ պետք է գնահատի և պարզի՝ վեճի առարկա գույքը Ռոզա Արամի Մինասյանի ժառանգության զանգվածի մեջ ներառված լինելու փաստի առկայությունը կամ բացակայությունը

2. Վերոնշյալ փաստը պարզելուց հետո պետք է պարզի գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող մյուս փաստերի առկայությունը կամ բացակայությունը: Վերոնշյալ դատավարական գործողությունները կատարելուց հետո Դատարանը կարող է որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող նշված փաստերը հաստատված կամ չհաստատված լինելու և, համապատասխանաբար, սկզբնական և հակընդդեմ հայցերը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը։

Սույն գործի փաստերի համաձայն` Ռայա Մինասյանի կողմից ներկայացվել են միմյանց հետ փոխկապակցված պահանջներ, որոնք հայցադիմումում ձևակերպվել են ստորև նշված հերթականությամբ

1 անվավեր ճանաչել Ալեքսան Մինասյանի անվամբ 10072000 թվականին կատարված թիվ 0327021 վկայականի գրանցումն Արարատի մարզի Այգեպատ գյուղի Անկախության փողոցի թիվ 14 հասցեի 258,1 քմ մակերեսով բնակելի տան և 0,13 հա տնամերձ հողամասի նկատմամբ,

2 կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել Իրինա Մինասյանի անվամբ 15.08.2016 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա 18.08.2016 թվականին կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 18082016-03-0010 վկայականի գրանցումը,

3 անվավեր ճանաչել նշված անշարժ գույքերի նկատմամբ 28.04.2017 թվականի թիվ 1499 նվիրատվության պայմանագրի հիմքով Յուլիա Անտոնյանի անվամբ 10052017 թվականին կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 10052017-03-0034 վկայականի գրանցումը,

4. ճանաչել Ռայա Մինասյանի՝ որպես փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգի սեփականության իրավունքն Արարատի մարզի Այգեպատ գյուղի Անկախության փողոցի թիվ 14 հասցեի 258,1 քմ. բնակելի տան եւ 0,13 հա տնամերձ հողամասի նկատմամբ։

Հիմք ընդունելով վերը նշված առաջին պահանջի հիմքում դրված փաստական հիմքերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև հայցվորն իր հայցադիմումում որպես առաջին պահանջ նշել է Ալեքսան Մինասյանի՝ Արարատի մարզի Այգեպատ գյուղի Անկախության փողոցի թիվ 14 հասցեի 258,1 քմ մակերեսով բնակելի տան և 0,13 հա տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելը, իսկ վերը նշված մյուս պահանջները՝ որպես դրա հետևանքներ, այնուամենայնիվ, հայցվորը նշված անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքի իրացման փաստը, ըստ էության, պայմանավորել է որպես Ալեքսան Մինասյանին և Ռոզա Մինասյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզի Այգեպատ գյուղի Անկախության փողոցի թիվ 14 հասցեի 258,1 քմ. բնակելի տան և 0,13 հա տնամերձ հողամասի նկատմամբ Ռոզա Մինասյանի ժառանգությունը փաստացի տիրապետման եղանակով ընդունած ժառանգ ճանաչելու հետևանք։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հիմնական պահանջը փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին պահանջն է, իսկ մյուս պահանջները՝ սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու մասին, ածանցյալ են, քանի որ Այգեպատ համայնքի բնակիչ Ռայա Մինասյանի՝ իր հանգուցյալ մոր՝ Ռոզա Մինասյանին պատկանող Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում գտնվող գույքի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին պահանջի բավարարումը կամ մերժումն է կանխորոշում մյուս պահանջների լուծումը, այսինքն՝ վերջիններս ածանցվում են հիմնական՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին պահանջից:

Հայցվոր Ռայա Մինասյանի կողմից ներկայացված՝ վերը նշված փոխկապակցված հայցապահանջները թեև առանձին-առանձին վերցված ունեն տարբեր ենթակայություն, մինչդեռ հիմնական՝ ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած ժառանգ ճանաչելու մասին պահանջը, վկայակոչված իրավական նորմերի և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն, բխում է մասնավոր իրավահարաբերություններից ծագած վեճից, և հայցվորն իր ժառանգման իրավունքի ենթադրյալ խախտման փաստի հիմքում դրել է հենց Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում իր հանգուցյալ մոր՝ Ռոզա Մինասյանին պատկանող գույքը վերջինիս մահից հետո փաստացի տիրապետելու և կառավարելու հանգամանքը: Ինչ վերաբերում է Իրինա Մինասյանի և Յուլիա Անտոնյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու մասին պահանջներին, ապա դրանք ևս ածանցվում են ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին հայցվորի պահանջից, քանի որ հիշյալ գրանցումներն իրականացվել են Իրինա Մինասյանին 26.01.2016 թվականին մահացած Ալեքսան Մինասյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին 15.08.2016 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա, և հետագայում Իրինա Մինասյանի ու Յուլիա Անտոնյանի միջև 28.04.2017 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում սույն գործի քննությունն ընդդատյա (ենթակա) է եղել ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, այսինքն՝ ստորադաս դատարաններում առկա չի եղել գործի վարույթը կարճելու ինչպես Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայության պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը չի դիտում բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն՝ Դատարանի 01.08.2019 թվականի վճիռը՝ ըստ Ռայա Մինասյանի հայցի ընդդեմ Յուլիա Անտոնյանի, Այգեպատի համայնքապետարանի, «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ջեմմա Գաբրիելյանի, երրորդ անձինք Կոմիտեի ու Իրինա Մինասյանի՝ «սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու» պահանջների մասով, բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասով, բեկանելու համար:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 18022022 թվականի դատական ակտը բեկանելու համար, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ՝ ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ (…):

Միաժամանակ, հաշվի առնելով հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով քննության առարկա պահանջների բնույթը, քանակը, Դատարանի 01082019 թվականի վճռի, Վերաքննիչ դատարանի 18022022 թվականի որոշման բովանդակությունները, վճռաբեկ բողոքում նշված պահանջը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար գանձման է ենթակա 20.000 ՀՀ դրամ, քանի որ վերջինիս կողմից բողոքարկվել է մեկ ոչ գույքային բնույթի պահանջ և ածանցյալ պահանջներ, մինչդեռ վճարված է 60.000 ՀՀ դրամ, ուստի Յուլիա Անտոնյանի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված 60.000 ՀՀ դրամից 40.000 ՀՀ դրամը՝ որպես ավել վճարված պետական տուրքի գումար, ենթակա է վերադարձման Յուլիա Անտոնյանին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18022022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ա. Մկրտչյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2025 թվական: