ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3027-Ա |
«28» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Դավիթ Սարգսյանի 2025 թվականի հուլիսի 16-ի թիվ Դ-76497-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով Դավիթ Սարգսյանի 2025 թվականի հուլիսի 16-ի թիվ Դ-76497-25 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ու վարչարարության շրջանակներում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
2025 թվականի հուլիսի 16-ի թիվ Դ-76497-25 դիմումով Դավիթ Սարգսյանը խնդրել է փոխհատուցել 2025 թվականի ապրիլի 10-ին Հալաբյան փողոցի թիվ 34 հասցեի բակային հատվածում կայանված՝ «Kia Sorento 3.5» մակնիշի «15 SD 055» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ ՎՊ-25-209-ԱՊ ապրանքագիտական եզրակացությամբ գնահատված վնասը:
2024 թվականի հունիսի 27-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB851902 վկայագրի համաձայն՝ «Kia Sorento 3.5» մակնիշի «15 SD 055» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Դավիթ Սարգսյանի սեփականությունը:
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հուլիսի 11-ին տրված թիվ ՎՊ-25-208-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության համաձայն՝ «Kia Sorento 3.5» մակնիշի «15 SD 055» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նույն եզրակացության մեջ նկարագրված հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված պատահարի տեսագրությունում, պատահարից հետո պատահարի վայրում կատարված տեսագրություններում և պատահարի վայրի էլեկտրոնային լուսանկարներում առկա՝ նշված ավտոմեքենայի վրա հաստաբուն ծառի ընկնելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում նշված ավտոմեքենայի վրա հաստաբուն ծառի ընկնելու հետևանքով: Նույն եզրակացությամբ փորձագետը հանգել է այն հետևության, որ տեղի ունեցած պատահարի ու «Kia Sorento 3.5» մակնիշի «15 SD 055» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի՝ նույն եզրակացությամբ նկարագրված հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը հաստաբուն ծառի ընկնելն է, հետևանքը՝ դրանից առաջացած հետքերն ու վնասվածքները):
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հուլիսի 14-ին տրված թիվ ՎՊ-25-209-ԱՊ ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Kia Sorento 3.5» մակնիշի «15 SD 055» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2025 թվականի ապրիլի 10-ի դրությամբ, կազմել է շուրջ 299.000 (երկու հարյուր իննսունինը հազար) ՀՀ դրամ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 10-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի թիվ 34 հասցեում կենսունակ բարդին տապալվել և ընկել է Դավիթ Սարգսյանին պատկանող «Kia Sorento 3.5» մակնիշի «15 SD 055» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Մաշտոցի բաժնի պետին ուղղված՝ 2025 թվականի ապրիլի 15-ի զեկուցագրի համաձայն՝ նույն բաժնում 2025 թվականի ապրիլի 10-ին ստացված ահազանգի կապակցությամբ պարզվել է, որ նույն օրը Հալաբյան փողոցի թիվ 343 հասցեում գտնվող «Գուդ Թայմ» մանկական սրճարանի կողային հատվածում կայանված «Kia Sorento 3.5» մակնիշի «15 SD 055» հաշվառման համարանիշի և ևս երկու այլ ավտոմեքենաների վրա ուժգին քամու հետևանքով կողաշրջվել է հաստաբուն ծառ՝ վնասելով ավտոմեքենաների տարբեր հատվածներ:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի մայիսի 16-ի թիվ 08/ԼԱ/-618 գրության համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 10-ին ժամը 13:03-ից դիտվել է քամու ուժգնացում՝ քամու առավելագույն պոռթկումը ժամը 13:03-16:46-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 15մ/վ:
2025 թվականի հուլիսի 16-ի թիվ Դ-76497-25 դիմումին կից ներկայացված՝ 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 2735 վճարման անդորրագրի համաձայն՝ «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության հետ կատարված գործարքով 2025 թվականի հունիսի 25-ին Դավիթ Սարգսյանի կողմից «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ՓԾՊ/209 պայմանագրով փորձաքննության վճար:
2025 թվականի հուլիսի 16-ի թիվ Դ-76497-25 դիմումին կից ներկայացված՝ 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 2653 վճարման անդորրագրի համաձայն՝ «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության հետ կատարված գործարքով 2025 թվականի հունիսի 25-ին Դավիթ Սարգսյանի կողմից «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ՓԾՊ/208 պայմանագրով փորձաքննության վճար:
«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով կատարված թիվ 250515838987800 գործարքի արդյունքում 2025 թվականի մայիսի 15-ին Դավիթ Սարգսյանի կողմից «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բանկային հաշվին փոխանցվել է 8,500 (ութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ որպես հիդրոօդերևութաբանական տվյալների տրամադրման դիմաց վճար:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1181-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետով սահմանված է քամու ուժի սանդղակը, որով «13.9 մ/վրկ – 17.1 մ/վրկ» արագությամբ քամին բնութագրված է որպես «ավելի ուժեղ», իսկ որպես քամու ազդեցության նկարագիր՝ նշված է հետևյալը. «Ճոճվում են փոքր ծառերի բները: Ծովի վրա բարձրանում են փրփրող ալիքներ:»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
2025 թվականի հուլիսի 16-ի թիվ Դ-76497-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Դավիթ Սարգսյանի սեփականությունը հանդիսացող «Kia Sorento 3.5» մակնիշի «15 SD 055» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում 2025 թվականի ապրիլի 10-ին ստացված ահազանգի կապակցությամբ նախապատրաստված՝ ՀՎՊԳ-1354 1355 նյութերը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից տրամադրված տեղեկատվությունը (հանձնարարական թիվ Դ-53415-25), «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների 2025 թվականի հուլիսի 11-ի թիվ ՎՊ-25-208-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ ՎՊ-25-209-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Դավիթ Սարգսյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2025 թվականի հուլիսի 16-ի թիվ Դ-76497-25 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ ՎՊ-25-209-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Kia Sorento 3.5» մակնիշի «15 SD 055» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 299.000 (երկու հարյուր իննսունինը հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 160,000 (մեկ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ և 8,500 (ութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գումարներ, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախսեր, փոխհատուցել Դավիթ Սարգսյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |