ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ Հ.9/12 ՀԱՍՑԵՈՒՄ «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ԹԻՎ 20256MU2LL ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2963-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
24.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2963-Ա

«24» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ Հ.9/12 ՀԱՍՑԵՈՒՄ «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ԹԻՎ 20256MU2LL ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը և ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից 2025 թվականի հունիսի 3-ին, Երևան քաղաքի Նոր Նորք Մոլդովական փողոցի հ.9/12 հասցեում «Տիտան Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրվել է հեղուկ վառելիքի վաճառքի թիվ 20256MU2LL թույլտվությունը, որի համաձայն՝ «Տիտան Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստացել է 2025 թվականի հունիսի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Երևան քաղաքի Մոլդովական փողոցի հ.9/12 հասցեում հեղուկ վառելիքի վաճառք իրականացնելու թույլտվություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից 2025 թվականի հունիսի 11-ին ներկայացվել է հ.31024-25 գրությունը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշումների հիման վրա դադարեցվել են որոշակի օբյեկտների շահագործումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Միաժամանակ գրությամբ խնդրել է ցանկում նշված օբյեկտներում չտրամադրել հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն, իսկ վաճառքի թույլտվության առկայության դեպքում՝ կասեցնել այն և ձեռնարկել համապատասխան միջոցներ օբյեկտի հետագա շահագործումն արգելելու ուղղությամբ:

Տվյալ ցանկում ներառված է նաև Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի հ.9/12 հասցեում գործունեություն իրականացնող «Տիտան Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիման վրա` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում 2025 թվականի հունիսի 20-ին հարուցվել է վարչական վարույթ՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից Երևան քաղաքի Մոլդովական փողոցի հ.9/12 հասցեում «Տիտան Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված հեղուկ վառելիքի վաճառքի թիվ 20256MU2LL թույլտվության հետագա գործողության հարցերը քննարկելու նպատակով և նշանակվել են լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «Տիտան Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վարդան Օնանյանը:

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում 2025 թվականի հուլիսի 9-ին ժամը 11.00-ին կայացած վարչական վարույթի լսումներին «Տիտան Օիլ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը չի ներկայացել:

2. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտակա (ստացիոնար) կայաններն են։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առևտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանված տեղական տուրքերի տեսակներից է նաև համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տրվող տեղական տուրքերը:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված համապատասխան թույլտվությունն ստանալուց հետո տուրք վճարողը պարտավոր է իր գործունեությունը կազմակերպել և իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունը խախտելու դեպքում՝ համայնքի ղեկավարը ավագանու որոշմամբ սահմանված կարգով իրավունք ունի կասեցնելու տուրք վճարողի թույլտվության գործողությունը:

Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի հունիսի 22-ի N 402-Ն որոշման 1-ին կետով սահմանվել է, որ Երևան համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողի կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու դեպքում՝ տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառելու կարգը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ նաև Հավելված):

Հավելվածի 1-ին կետի համաձայն՝ Երևան համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողի կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու դեպքում տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառվում է Երևանի քաղաքապետի կողմից:

Հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ տեղական տուրք վճարողի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում՝ հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված գրության համաձայն` տվյալ դեպքում «Տիտան Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հեղուկ վառելիքի վաճառքը կազմակերպելու ընթացքում հայտնաբերվել են խախտումներ, ինչը կարող է վտանգ ներկայացնել անձանց կյանքին և առողջությանը՝ հաշվի առնելով տվյալ գործունեության հանրային վտանգավորությունը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ, 96-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 6-րդ և 18-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի հունիսի 22-ի N 402-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից 2025 թվականի հունիսի 11-ին ներկայացված հ. 31024-25 գրությունը`

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Կասեցնել Երևան քաղաքի Նոր Նորք Մոլդովական փողոցի հ.9/12 հասցեում «Տիտան Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի հունիսի 3-ին տրված հեղուկ վառելիքի վաճառքի թիվ 20256MU2LL թույլտվության գործողությունը:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշումը ենթակա է անհապաղ կատարման:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

Տ. Ավինյան