ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«28» հուլիս 2025 թվականի N 84-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳ-ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԵՎՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտի մասնագիտական բնութագիրը համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
28.07.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության 2025 թվականի հուլիս «28»-ի N 84-Ն հրամանի |
ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳ-ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԵՎՏԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտն իրականացնում է մասնագիտական գործունեություն անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայություններում` հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում:
2. Անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտ (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) մասնագիտությամբ հետդիպլոմային կրթություն (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտ.
2) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկական անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտ.
3) Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)
5) Մշտական և ժամանակավոր գործող բժշկական հանձնաժողովի անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտ.
6) Դատաբժշկական հանձնաժողովի բժիշկ-փորձագետ:
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ. Անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտը, ում գործունեությունն ուղղված է կրիտիկական իրավիճակում գտնվող պացիենտների ախտորոշմանը, բուժմանը, կենսապահովմանը, մշտադիտարկմանը և կառավարմանը, պետք է`
1) Ունենա վիրաբուժական և ներքին ախտաբանությունների ախտաբանությունների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներներ.
2) Տիրապետի անհրաժեշտ բոլոր հնարավոր հմտություններին մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
3) Մանկական անեսթեզիոլոգիայում և ինտենսիվ թերապիայում տիրապետի մանկական անեսթեզիոլոգիայում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր հնարավոր հմտություններին.
4) Իմանա բժշկական հաստատությունում աշխատանքի անվտանգության կանոնները.
5) Իմանա ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և կառավարման սկզբունքները.
6) Ունենա աղետների բժշկության հիմնական գիտելիքներ և հմտություններ, մասնավորապես`
ա. իմանա արտակարգ իրավիճակների դասակարգումը և Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների բժշկատակտիկական բնութագրերը.
բ. իրականացնի աղետի վայրի գնահատումն ու վերլուծությունը,
գ. կատարի տուժածների զննություն և վիճակի գնահատում, վնասվածքների նախնական ախտորոշում, բուժօգնության հերթականության ընտրություն (պլան), տեսակավորում (տրիաժ), շտապ դուրսբերում և տեղափոխում.
դ. տեղեկացված լինի արտակարգ իրավիճակներում բուժտարհանման միջոցառումներին.
7) Տիրապետի աղետների բժշկության հիմնական գործնական հմտություններին.
ա. աղետից տուժածներին բուժօգնության տրամադրման ժամանակ կարողանա իրականացնել հիմնական բուժական մանիպուլյացիաներ և վերակենդանացման միջոցառումներ.
բ. տիրապետի տուժածների դուրս բերման և տեղափոխման, ինչպես նաև հատուկ փրկարարական հմտությունների որոշակի ծավալի.
8) Տիրապետի ապացուցողական բժշկության հիմունքներին.
9) Տիրապետի Հիվանդությունների միջազգային դասակարգմանը (ՀՄԴ-10).
10) Տեղյակ լինի բժշկական օգնության որակի և անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներին.
11) Տիրապետի թիմային աշխատանքի սկզբունքներին, կարևորությանը, պացիենտների և գործընկերների հետ ճիշտ հաղորդակցման հիմունքներին.
12) Տիրապետի սարքավորումների հետ անվտանգ աշխատելու հմտություններին.
13) Տիրապետի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և կառավարման հմտություններին.
14) Տիրապետի հիվանդության պատմագրերի և այլ փաստաթղթերի պատշաճ լրացման հմտություններին․
15) Ունենա հիմնական, նպատակային ծրագրերի մասին ընդհանուր տեղեկացվածություն.
16) Կարողանա կազմել պացիենտի վարման անհատական պլան՝ ըստ ապացուցողական բժշկության արդի ընթացակարգերի և գործելակարգերի․
17) Կարողանա ճանաչել, ախտորոշել և համապատասխան բուժօգնություն ցուցաբերել հետևյալ իրավիճակների ժամանակ`
ա. շնչառության սուր խանգարումների․
բ. շնչուղիների անցանելիության խանգարումների (ասֆիքսիա).
գ. ջրահեղձման, հոսանքահարման կամ կայծակնահարման.
դ. կոմատոզ վիճակների.
ե. արնահոսությունների.
զ. շոկերի.
թ. մարմնի տարբեր հատվածների վերքերի, բաց և փակ վնասվածքների.
ժ. քիմիական այրվածքների, գերսառեցման և ցրտահարության.
18) Կարողանա խորհրդատվություն տրամադրել բժշկական օգնության մատուցման գործող չափորոշիչներին համապատասխան:
6. Բժշկական հատուկ գիտելիքներ. Անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտը պետք է տիրապետի`
1) բուժկանխարգելիչ և սանիտարալուսավորչական աշխատանքներ կատարելու հմտություններին.
2) բժշկական օգնության և սպասարկման որակի և պացիենտի անվտանգությանը ներկայացվող պահանջներին.
3) առաջին և շտապ բուժօգնության տրամադրմանն անհետաձգելի իրավիճակներում.
4) բուժտարհանման միջոցառումներին արտակարգ իրավիճակներում:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. Անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
9. Տեխնիկական հմտություններ. Անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտը պետք է կարողանա.
1) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
2) իրականացնել բժշկական վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
3) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
4) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
5) տիրապետել տեղակատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10. Անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳ-ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտի վրա։
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱ ԵՎ ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունը` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են`
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդիընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ ենպահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույնորոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):
|
Աղյուսակ |
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|