ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 83-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 01.08.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.07.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«28» հուլիս 2025 թվականի

N 83-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Արյունաբանի ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐը հաստատելու ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել արյունաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

28.07.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի հուլիս «28»-ի 

թիվ 83-Ն հրամանի

 

ԱՐՅՈՒՆԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արյունաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն արյունաբանություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Արյունաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն արյունաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Արյունաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4․ Արյունաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության արյունաբան.

2) Արյունաբանական բաժանմունքի վարիչ.

3) Առողջության առաջնային պահպանման ծառայության արյունաբան.

4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ. արյունաբանը պետք է տիրապետի.

1) Հայաստանի Հանրապետությունում թերապևտիկ և արյունաբանական օգնության կազմակերպման ընդհանուր հարցերին, հիվանդանոցային-պոլիկլինիկական հաստատությունների աշխատանքի, պացիենտների շտապ և անհետաձգելի օգնության աշխատանքի կազմակերպմանը, տրանսֆուզիոլոգիայի ծառայության կազմակերպմանը.

2) Արյունաստեղծ օրգանների կառուցվածքին և ֆունկցիային, արյան բջիջների զարգացման հիմնահարցերին.

3) Արյան բջիջների և արյունաստեղծ օրգանների ախտաբանությանը.

4) Արյունաստեղծ համակարգի նորմալ ֆիզիոլոգիայի հիմնահարցերին, օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի փոխկապակցությանը և դրանց կարգավորման մակարդակներին.

5) Արյան ընդհանուր, կենսաքիմիական, մակարդելիության, շճաբանական հետազոտություններին, մեզի ընդհանուր քննության նորմալ ցուցանիշներին, կարողանա մեկնաբանել փոփոխված ցուցանիշների կլինիկական նշանակությունը.

6) Արյան, սիրտ-անոթային, շնչառական, մարսողական համակարգերի, երիկամների և ներզատական գեղձերի ֆունկցիոնալ վիճակի կլինիկա-լաբորատոր ախտորոշման սկզբունքերին.

7) Ինֆեկցիոն հիվանդություների (հեպատիտներ, սիֆիլիս, մալարիա, ՄԻԱՎ և այլն) կլինիկա-լաբորատոր ախտորոշման սկզբունքներին.

8) Ծայրամասային արյան լեյկոցիտների և ոսկրածուծի բջջակազմին.

9) Էրիթրոպոէզի ֆիզիոլոգիային և պաթոֆիզիոլոգիային.

10) Հեմոստազի համակարգի ցուցանիշներին նորմայում և պաթոլոգիայում, հեմոստազի հիվանդություններին, արնահոսությունների կանխարգելմանը և թրոմբոպրոֆիլակտիկայի սկզբունքներին արյան ցանկացած հիվանդության դեպքում.

11) Արյան և դրա բաղադրամասերի հավաքագրման և կոնսերվացման մեթոդներին, փոխներարկվող արյան հիմնական փոխարինիչներին.

12) Արյան և բաղադրամասերի փոխներարկման հիմնական ձևերին, փոխներարկումային բուժօգնության կարգին և մեթոդներին.

13) Իմունակոմպետենտ համակարգին և իմունիտետի մեխանիզմներին, հիմնական անտիգենային համակարգերին.

14) Արյունաբանական կլինիկայում գենետիկական գործոնների դերին.

15) Մեծահասակների և երեխաների արյան հիմնական հիվանդությունների կլինիկական ախտանիշներին և պաթոգենեզին, հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժմանը, արյունաբանությունում սահմանային վիճակների կլինիկական ախտանիշներին.

16) Արյունաբանությունում հետազոտման ընդհանուր, ֆունկցիոնալ և հատուկ մեթոդներին.

17) Արյունաբանական կլինիկայում ֆարմակոթերապիայի հիմունքներին, այդ թվում, հակաբիոտիկների և հորմոնների կիրառմանը, դեղամիջոցների հիմնական խմբի գործողության մեխանիզմին, դեղամիջոցների օգտագործման հետևանքով առաջացած բարդություններին.

18) Արյունաբանությունում ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայությունների կազմակերպմանը.

19) Սպլենէկտոմիայի ենթարկվող պացիենտների պատվաստումների ցուցումներին, կազմակերպման կարգին.

20) Պացիենտի դիսպանսեր կամ ամբուլատոր հսկմանը, կանխարգելմանը.

21) Հիվանդության մասին տեղեկատվություն ստանալուն, պացիենտի հետազոտման օբյեկտիվ մեթոդների կիրառմանը, հիվանդության ընդհանուր և յուրահատուկ հատկությունների հայտնաբերմանը` հատկապես անհետաձգելի կամ ինտենսիվ թերապիա պահանջող դեպքերում, պացիենտի վիճակի ծանրության աստիճանի գնահատմանը, պացիենտին այդ վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ միջոցների կիրառմանը, վերակենդանացնող միջոցառումների ծավալն ու հերթականության որոշմանը.

22) Լաբորատոր, ճառագայթային և հետազոտման այլ մեթոդների արդյունքների գնահատմանը.

23) Արյան մորֆոլոգիական և կենսաքիմիական բաղադրության տվյալների, ցիտոգենետիկական տվյալների գնահատմանը.

24) Ցիտոքիմիական և հիստոքիմիական հետազոտության տվյալների, տրեպանոբիոպսիայի արդյունքների գնահատմանը.

25) Հեմոբլաստոզի և լեյկեմոիդ ռեակցիայի ախտորոշման սահմանմանը.

26) Մանրադիտակի տակ էրիթրոցիտների պաթոլոգիայի գնահատմանը (հիպոքրոմիան, հիպերքրոմիան, բազոֆիլիան, միկրոսֆերոցիտոզը, յուրացումը վիտամին B-12-դեֆիցիտային սակավարյունության դեպքում).

27) Բջջաբանական և հյուսվածաբանական պատրաստուկներում ավշային հանգույցի և փայծաղի մորֆոլոգիայի գնահատմանը (լիմֆոգրանուլեմատոզի, լիմֆոսարկոմայի, մակրո-ֆոլիկուլյար լիմֆոմաների ժամանակ).

28) Բջջաբանական պատրաստուկներում մանրադիտակի տակ ոսկրածուծի մորֆոլոգիայի գնահատմանը (սուր լեյկոզ, մեգալոբլաստ սակավարյունություն, դիզէրիթրոպոէտիկ սակավարյունություն).

29) Մանրադիտակի տակ ոսկրածուծի տրեպանատի հյուսվածքաբանության գնահատմանը (հիպերպլազիա, ապլազիա, ֆիբրոզ).

30) Իմունաքիմիական և իմունամորֆոլոգիական հետազոտությունների արդյունքների գնահատմանը.

31) Հոսպիտալացման ցուցումների, կազմակերպման որոշմանը.

32) Պացիենտի վարման սխեմային, պլանին և մարտավարությանը.

33) Անհրաժեշտ դեղամիջոցների և այլ բուժական միջոցառումների նշանակմանը, հիմնավորմանը.

34) Հիվանդության պատմության և առողջապահության օրենսդրությամբ նախատեսված ամբողջ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպմանը.

35) Բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերի իրազեկման աշխատաքներին, ապահովի բուժօգնության որակը և պացիենտի անվտանգությունը.

36) Առաջին և շտապ բուժօգնության տրամադրմանն անհետաձգելի և արտակարգ իրավիճակներում, բուժտարհանման միջոցառումների ժամանակ.

37) Առողջապահության օրենսդրության հիմունքներին և առողջապահական կազմակերպությունների և հաստատությունների գործունեությունը բնութագրող հրահանգչական փաստաթղթերի շրջանառությանը.

38) Հիվանդությունների միջազգային դասակարգմանը (ՀՄԴ-10).

39) Ապացուցողական բժշկության հիմունքներին.

40) Բժշկական էթիկայի և դեոնտոլոգիայի խնդիրներին:

6. Բժշկական hատուկ գիտելիքներ. արյունաբանը պետք է կարողանա ախտորոշել և անհրաժեշտ բուժում նշանակել հետևյալ հիվանդությունների ժամանակ.

1) հեմոբլաստոզներ.

ա. սուր լիմֆոբլաստային, միելոբլաստային, միելոմոնոբլաստային, պրոմիելոցիտային լեյկոզ.

բ. նեյրոլեյկեմիա.

գ. էրիթրոմիելոզ.

դ. քրոնիկական միելոլեյկոզ.

ե. քրոնիկական լիմֆոլեյկոզ, քրոնիկական մոնոցիտային լեյկոզ.

զ. Էրիթրեմիա.

է. սուբլեյկեմիկ միելոզ (միելոֆիբրոզ, օստեոմիելոսկիերոզ).

ը. մեգակարիոցիտային լեյկոզ (առաջնային տրոմբոցիտեմիա).

թ. պարապրոտեինեմիկ հեմոբլաստոզներ (միելոմային հիվանդություն, Վալդենստրեմի հիվանդություն).

ժ. հեմատոսարկոմաներ.

ժա. Հոջկինի լիմֆոմա.

ժբ. Ոչ Հոջկինյան լիմֆոմա.

2) Սակավարյունություններ և պորֆիրիաներ.

ա. երկաթպակասորդային սակավարյունություններ.

բ. տալասեմիաներ.

գ. պորֆիրինների սինթեզի խանգարումների հետ կապված սակավարյունություններ․

դ. մեգալոբլաստային սակավարյունություն (վիտամին B-12-դեֆիցիտային սակավարյունություններ (ֆոլաթթուպակասորդային սակավարյունություններ).

ե. հեմոլիտիկ սակավարյունություններ (ժառանգական և ձեռքբերովի).

զ. դիզէրիթրոպոէտիկ սակավարյունություններ (ժառանգական և ձեռքբերովի).

է. պորֆիրիաներ (էրիթրոպոէտիկ և լյարդային, սուր ընդմիջվող պորֆիրիա).

ը. մետհեմոգլոբինեմիաներ.

3) Հեմոռագիկ դիաթեզներ և հեմոստազի հիվանդություններ.

ա. տրոմբոցիտոպենիաներ.

բ. տրոմբոցիտոպաթիաներ.

գ. ժառանգական և ձեռքբերովի կոագուլոպաթիաներ.

դ. ձեռք բերովի հեմոռագիկ կոագուլոպաթիաներ.

ե. ժառանգական և ձեռք բերովի հեմոռագիկ անգիոպաթիաներ.

զ. հիպերկոագուլյացիոն համախտանիշներ.

է. ներանոթային տարածուն մակարդման (ДВС) համախտանիշ.

ը. թրոմբոֆիլիաներ, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ.

թ. բնական հակամակարդիչների անբավարարություն․

4) Արյունաստեղծ համակարգի դեպրեսիաներ.

ա. ցիտոստատիկ հիվանդություն.

բ. ագրանուլոցիտոզներ և նեյտրոպենիաներ.

գ. ապլաստիկ սակավարյունություններ.

դ. սուր ճառագայթային հիվանդություն.

5) Արյունաբանական հիվանդություններին հարակից վիճակներ և հիվանդություններ.

ա. լեյկեմոիդ ռեակցիաներ.

բ. ռեակտիվ էրիթրոցիտոզներ.

գ. ռեակտիվ տրոմբոցիտոզներ.

դ. սիմպտոմատիկ պարապրոտեինեմիաներ.

ե. կուտակումային հիվանդություններ.

զ. սիմպտոմատիկ ցիտոպենիաներ.

է. իմունոբլաստային և այլ լիմֆադենիտներ.

6) Անհետաձգելի իրավիճակներ արյունաբանությունում.

ա. սուր սակավարյունային համախտանիշներ (հետհեմոռագիկ սակավարյունություն, էրիթրոցիտների սուր հեմոլիզ).

բ. սուր ցիտոպենիկ համախտանիշներ (սուր ագրոնուլոցիտոզ, բակտերիալ շոկ, նեկրոտիկ էնթերոպաթիա).

գ. ներանոթային տարածուն մակարդման համախտանիշ (նտմհ).

դ. սուր նյարդահոգեկան համախտանիշներն արյունաբանությունում.

ե. սուր ցավային համախտանիշներ.

7) Արյան սուր կորստի, սրտային և շնչառական, լյարդային և երիկամային սուր անբավարարության, սուր տոքսիկոզ անհետաձգելի վիճակներում.

ա. ոսկրածուծի պունկցիա.

բ. տրեպանոբիոպսիա.

գ. ավշային հանգույցի պունկցիա.

դ. փայծաղի պունկցիա.

ե. ինտրալյումբալ պունկցիա.

զ. արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում.

է. արյան անհատական ընտրություն.

ը. սուր ընդմիջվող պորֆիրիայի ախտորոշման համար մեզի որակյալ փորձանմուշ.

է. քսուկի հաշվարկում, արյան և կրծոսկրի քսուկի միկրոսկոպիա.

ը. շտապ բուժօգնության ցուցաբերում (արհեստական շնչառություն, սրտի մերսում, տրախեոտոմիա, ստամոքսի լվացում, անշարժացում վնասվածքի ժամանակ).

8) Տրանսֆուզիոն բժշկություն և արյան պաշարման բանկ․

ա. արյան ընդհանուր, կենսաքիմիական, մակարդման համակարգի, շճաբանական հետազոտությունների, մեզի ընդհանուր քննության ցուցանիշներ նորմայում, լաբորատոր հետազոտությունների փոփոխված ցուցանիշների կլինիկական գնահատում.

բ. սիրտ-անոթային, շնչառական, մարսողական համակարգերի, լյարդի, երիկամների, ներզատական գեղձերի և արյան համակարգի ֆունկցիոնալ վիճակի կլինիկա-լաբորատոր ախտորոշման սկզբունքները.

գ. վարակային հիվանդությունների (հեպատիտներ, սիֆիլիս, մալարիա, ՄԻԱՎ և այլ) կլինիկա-լաբորատոր ախտորոշման սկզբունքները.

դ. անհետաձգելի վիճակներում ախտորոշման և շտապ բուժօգնության ցուցաբերման սկզբունքները.

ե. իմունոլոգիայի հիմունքները.

զ. սարքավորումների հետ անվտանգ աշխատելու հմտություններ.

է. ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և կառավարման հմտություններ.

ը. դոնորի և պացիենտի կլինիկական հետազոտման մեթոդների իմացություն.

թ. վնասվածքների և կյանքին վտանգ սպառնացող վիճակներում շտապ անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում.

ժ. տրանսֆուզիոլոգիայի առարկային, խնդիրներին և բաժիններին տիրապետում.

ժա. արյան ծառայության և տրանսֆուզիոն բուժօգնության կազմակերպման հիմքերի տիրապետում` համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրախորհրդի երաշխավորագրերի.

ժբ. Հայաստանի Հանրապետությունում արյան ծառայության, տրանսֆուզիոն բուժօգնության և արյունաբանության կազմակերպման հիմքերի իմացություն.

ժգ. արյան ծառայության և տրանսֆուզիոն բուժօգնության գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական փաստաթղթաշրջանառության վարում.

ժդ. արյան ծառայության ստորաբաժանումների աշխատակիցների խնդիրների, աշխատանքի կազմակերպման և պարտականությունների իրականացում.

ժե. բժշկական հաստատություններում տրանսֆուզիոն բուժօգնության հսկողության կազմակերպման եղանակների իրականացում.

ժզ. արյան բաղադրամասերին ներկայացվող հիմնական պահանջների իմացություն.

ժէ. արյան ծառայության ստորաբաժանումների աշխատանքների պլանավորման և հաշվետվությունների ներկայացման սկզբունքները.

ժը. դոնորության կազմակերպում, մարդու արյան և բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին օրենքի իմացություն.

ժթ. արյան դոնորների ընտրությանը ներկայացվող պահանջների, պարտականությունների և իրավունքների, քարոզչության եղանակների իմացություն.

ի. իմունարյունաբանության հիմքերի (արյան խմբային հակածինների և հակամարմինների, հակածինների համակարգերի, արյան խմբերի, տրանսֆուզիոլոգիայում դրանց նշանակության), շճաբանական ռեակցիաների սկզբունքների իմացություն.

իա. արյան համակարգի, արյունաստեղծման ժամանակակից սխեմաների, բջիջների ֆունկցիոնալ առանձնահատկությունների և արյան ագրեգատային վիճակի, նրա ֆունկցիաների, կառուցվածքի, բաղադրիչների, հեմոստազի մեխանիզմների իմացություն.

իբ. արյան և բաղադրամասերի պաշարման կազմակերպման աշխատանքների իրականացում.

իգ. արյան պաշարման և բաժանման սարքավորումների հետ աշխատելու իմացություն.

իդ. աֆերեզի (պլազմաֆերեզի, ցիտաֆերեզի) եղանակների իմացություն.

իե. արյան, բաղադրամասերի, ոսկրածուծի և արյան պատրաստուկների մանրէաբանական հսկողության ընդհանուր հարցերի տիրապետում.

իզ. արյան և բաղադրամասերի պահպանման և տեղափոխման կազմակերպման աշխատանքների իրականացում և դրանց որակի հսկողության ընդհանուր հարցերի տիրապետում.

իէ. արյան պատրաստուկների, դրանց դասակարգման և նշանակության տիրապետում կլինիկական պրակտիկայում.

իը. տրանսֆուզիոն բուժօգնության ցուցումների իրականացում ախտաբանության սկզբունքների համաձայն.

իթ. հետտրանսֆուզիոն բարդությունների դասակարգման, պատճառների, ախտաբանության, կլինիկական նշանների, ախտորոշման, բուժման և կանխարգելման հիմունքների տիրապետում.

իժ․ մագիստրալ երակների պունկցիայի և կաթետերիզացման տիրապետում.

լ. տարբեր եղանակներով և նյութերով արյան խմբային (abo համակարգի) ու ռեզուս պատկանելության որոշում.

լա. ըստ այլ հակածնային համակարգերի (Kell, Daffi, Kidd և այլ) արյան խմբային պատկանելության որոշում.

լբ. Կումբսի ուղղակի և անուղղակի ռեակցիաների որոշում.

լգ. արյան բաղադրամասերի փոխներարկումից առաջ АВ0 համակարգով համատեղելիության և ռեզուս-գործոնով համատեղելիության փորձի իրականացում.

լդ. արյան փոխներարկման ժամանակ կենսաբանական փորձի իրականացում.

լե. արյունատվությունից առաջ դոնորի հետազոտության իրականացում.

լզ. արյան հավաքագրման և արյան բաղադրամասերի բաժանման իրականացում.

լէ. ընդհատվող և չընդհատվող եղանակներով պլազմաֆերեզի իրականացում.

լը. դոնորական արյան և դրա բաղադրամասերի լաբորատոր հետազոտության իրականացում.

լթ. արյան բաղադրամասերի սառեցման, փոխարինաբար փոխներարկման և ռեինֆուզիայի եղանակների իրականացման տիրապետում:

 

4 ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7․ Արյունաբանը պետք է ունենա`

1) Հաղորդակցման հմտություններ․

2) Վեճերի լուծման հմտություններ․

3) Բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. արյունաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9. Տեխնիկական հմտություններ. արյունաբանը պետք է կարողանա՝

1) Տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) Պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) Իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) Կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) Տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) Աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6 ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10․ Արյունաբանը պետք է կարողանա.

1) Իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) Համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ԱՐՅՈՒՆԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են արյունաբանի վրա։

 

8 ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքոմ ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13․ Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել․

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում․

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության աստիճան

Կոմպետենտության մակարդակ

1․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

2․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3․ Իիրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան