ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՎԱՉԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 15736/16 և 2 այլ գանգատներ.
տե՛ս կից ցանկը)
ՎՃԻՌ
|
6-րդ հոդվածի 1-ին կետ (քաղաքացիական)• 6-րդ հոդվածի 1-ին կետ (քրեական) • Դատարանի մատչելիություն • Առաջին եւ երկրորդ դիմումատուների բողոքները մերժվել են ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով Վճռաբեկ դատարանի կողմից ժամկետի անկանխատեսելի կիրառման պատճառով՝ հաշվարկված վճռի հրապարակման, այլ ոչ թե բողոքարկվող որոշումների հանձնման օրվանից • Վիճարկվող որոշումները, որոնք չեն հանձնվել ներպետական իրավունքով սահմանված ժամկետում • Կիրառված հաշվարկման մեթոդն անորոշություն է առաջացնում • Դիմումատուների՝ ժամկետը վերականգնելու խնդրանքներն անտեսելու՝ դրանք ըստ էության պատշաճ քննության չենթարկելու Վճռաբեկ դատարանի մոտեցումը հավասարազոր էր «չափազանց ձեւականության» դրսեւորման • Խախտվել է դիմումատուների ՝ դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը
6-րդ հոդվածի 1-ին կետ (քաղաքացիական)• Դատարանի մատչելիություն • Բողոքարկման ժամկետը հաշվարկելիս սխալ տեղեկության հիման վրա Վերաքննիչ դատարանի կողմից երրորդ դիմումատուի բողոքն առանց ըստ էության քննելու մերժելը• Դիմումատուն ստիպված է եղել կրել Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված թերացումների չափազանց մեծ բեռը • Անկանխատեսելի արգելքի պատճառով խախտվել է դիմումատուի տվյալ դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը
Պատրաստվել է Քարտուղարության կողմից։ Պարտադիր չէ Դատարանի համար։ |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
15 մայիսի 2025 թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Վաչիկ Կարապետյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Մաթիաս Գայոմար [Mattias Guyomar]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Ստեֆանի Մորու-Վիկստրյոմ [Stéphanie Mourou-Vikström],
Գիլբերտո Ֆելիսի [Gilberto Felici],
Անդրեաս Զունդ [Andreas Zünd],
Դիանա Սարսու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
և Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]` Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիների (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ կից աղյուսակում նշված տարբեր օրերի ընթացքում Դատարան ներկայացված (թիվ 15736/16, 24649/16 և 25718/16) գանգատները,
դատարանի մատչելիության վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,
կողմերի դիտարկումները,
2015 թվականի մարտի 10-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գանգատները վերաբերում են դիմումատուների այն պնդումներին, որ դատավարական ժամկետների չհիմնավորված կիրառման պատճառով նրանց զրկել են վերադաս դատարանների մատչելիության հնարավորությունից, բարձրացնելով հարցեր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուների տվյալները և նրանց համապատասխան գանգատների ներկայացման տարեթվերն ընդգրկված են հավելվածում: Դիմումատուներին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Տ. Յեգորյանը։
3. Կառավարությունը ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
I. Պրն Կարապետյանի կողմից հարուցված թիվ 15736/16 գանգատը
5. 2013 թվականի նոյեմբերի 5-ին Ն.Մ.-ի՝ մասնավոր անձի կողմից (թիվ 15736/16 գանգատով) գործ է հարուցվել Լոռու մարզային դատարան դիմումատուի և Լ.Ա.-ի՝ մեկ այլ մասնավոր անձի դեմ՝ պահանջելով inter alia (ի թիվս այլնի) նրանց վտարումը տանից։ Դիմումատուն և Լ.Ա.-ն հակընդդեմ հայց են ներկայացրել՝ վիճարկելով, ի թիվս այլ բաների, Ն.Մ.-ի իրավունքները տան նկատմամբ:
6. 2015 թվականի մարտի 12-ին Լոռու մարզային դատարանը բավարարել է Ն.Մ.-ի հայցը՝ պահանջելով դիմումատուի և Լ.Ա.-ի վտարումը։ Վերջինս նաև մերժել է դիմումատուի հակընդդեմ հայցը։
7. Դիմումատուն բողոքարկել է այդ վճիռը:
8. 2015 թվականի հունիսի 30-ին Քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է բողոքը՝ մերժելով Ն.Մ.-ի՝ դիմումատուին և Լ.Ա.-ին վտարելու պահանջը, սակայն ուժի մեջ է թողել վճռի մնացած մասը:
9. 2015 թվականի հուլիսի 2-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշումն ուղարկել է դիմումատուին, որն ստացել է այն 2015 թվականի հուլիսի 3-ին։
10. 2015 թվականի օգոստոսի 3-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։ Իր բողոքարկման տեքստի պարբերություններից մեկում, որը վերնագրված էր «ծանոթագրություն», վերջինս նշել է, որ բողոքը ներկայացվել է սահմանված ժամկետում և որպես այդ պնդման հիմք վկայակոչել Է Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը (տե՛ս ստորև՝ 54-58-րդ պարբերությունները)։ Դիմումատուն նաև նշել է, որ ստացել է Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը 2015 թվականի հուլիսի 3-ին: Նա դիմել է Վճռաբեկ դատարան բողոքը ներկայացնելու մեկամսյա ժամկետը վերականգնելու և 2015 թվականի օգոստոսի 3-ը որպես այդ ժամկետի վերջին օր դիտարկելու խնդրանքով: Բացի այդ, նա տրամադրել է ծրարի կրկնօրինակը՝ նշելով Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումն ստանալու ամսաթիվը:
11. 2015 թվականի օգոստոսի 26-ին Վճռաբեկ դատարանը բողոքն անընդունելի է ճանաչել դիմումատուի կողմից այն մեկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացնելու և ժամկետը վերականգնելու խնդրանքի բացակայության հիմքով: Այն վկայակոչել է նախկին Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասը և 233.1 հոդվածի 1-ին մասը (ՔԴՕ, տե՛ս ստորև՝ 37-38-րդ պարբերությունները)։ Որոշումը դիմումատուին հանձնվել է 2015 թվականի սեպտեմբերի 5-ին։
II. I. Պրն Շաքարյանի կողմից ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ թիվ 24649/16 գանգատը
12. 2013 թվականի դեկտեմբերի 2-ին դիմումատուն (թիվ 24649/16 գանգատում) մասնակցել է հանրային բողոքի ակցիայի և «բերման է ենթարկվել» ոստիկանության բաժին՝ ոստիկանության օրինական պահանջին ենթադրաբար չենթարկվելու պատճառով։ Ըստ դիմումատուի՝ նա պահվել է ոստիկանության բաժնում երեք ժամից ավելի մինչ ազատ արձակվելը։
13. 2014 թվականի հունվարի 31-ին ոստիկանությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ հայցելով դիմումատուի նկատմամբ տույժ նշանակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 15-րդ կետի համաձայն (ՎԻՕ, տե՛ս ստորև՝ 53-րդ պարբերությունը)՝ ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար:
14. 2014 թվականի հուլիսի 4-ին Վարչական դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 15-րդ մասով նախատեսված իրավախախտում կատարելու մեջ և նշանակել տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով (տվյալ ժամանակահատվածում՝ մոտ 90 եվրո):
15. Դիմումատուն բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան։
16. 2015 թվականի հունիսի 26-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը՝ հիմքերի բացակայության պատճառով։ Դատարանն իր որոշումն ուղարկել է դիմումատուին 2015 թվականի հունիսի 29-ին, որը վերջինս ստացել է 2015 թվականի հունիսի 30-ին։
17. 2015 թվականի հուլիսի 30-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել և խնդրել է վերականգնել բողոքարկման ժամկետը: Սակայն նա չի ստորագրել բողոքը և չի ներկայացրել որոշ անհրաժեշտ փաստաթղթեր։
18. 2015 թվականի օգոստոսի 26-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքը՝ նշելով, որ այն ստորագրված չէ, և բացակայում են որոշ անհրաժեշտ փաստաթղթեր: Դատարանը դիմումատուին տրամադրել է երեք օր՝ հանձնման օրվանից սկսած, նշված սխալները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Դիմումատուն որոշումն ստացել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին։
19. 2015 թվականի սեպտեմբերի 9-ին դիմումատուն կրկին ներկայացրել է բողոքը երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ չներառելով 2015 թվականի սեպտեմբերի 5-ը և 6-ը՝ հանգստյան օրերը: Վերջինս իր փաստարկներում նշել է Վերաքննիչ վարչական դատարանի որոշումն ստանալու և բողոքը կրկին ներկայացնելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումն ստանալու ժամկետները: Նա խնդրել է Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի հիման վրա վերականգնել բաց թողնված ժամկետը։ Նա նաև տրամադրել է ծրարի պատճենը՝ նշելով վիճարկվող որոշումն ստանալու ամսաթիվը:
20. 2015 թվականի հոկտեմբերի 14-ին Վճռաբեկ դատարանը բողոքը ճանաչել է անընդունելի՝ ժամկետների խախտմամբ ներկայացնելու պատճառով: Դատարանը, ըստ էության, գտել է, որ դիմումատուի ներկայացրած՝ ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը վերաբերում է Վճռաբեկ դատարանի կողմից 2015 թվականի օգոստոսի 26-ին սխալները շտկելու համար տրամադրված եռօրյա ժամկետին (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը), և որ Վերաքննիչ վարչական դատարանի 2015 թվականի հունիսի 26-ի որոշումը բողոքարկելու համար մեկամսյա ժամկետը վերականգնելու միջնորդություն չի ներկայացվել: Տվյալ որոշումը դիմումատուին է հանձնվել 2010 թվականի սեպտեմբերի 24-ին։
III. Տկն Դավթյանի կողմից ներկայացված թիվ 25718/16 գանգատը
21. 2013 թվականի մարտի 18-ին դիմումատուն (թիվ 25718/16 գանգատով) քաղաքացիական հայց է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզային դատարան (Արարատի մարզային դատարան) ընդդեմ մասնավոր անձի՝ զրպարտության համար հայցելով փոխհատուցում:
22. 2015 թվականի հունիսի 24-ին Արարատի մարզային դատարանը մերժել է հայցը։ Վճիռն ուղարկվել է դիմումատուին 2015 թվականի հուլիսի 2-ին և վերջինս այն ստացել է 2015 թվականի հուլիսի 6-ին։
23. 2015 թվականի օգոստոսի 6-ին դիմումատուն բողոք է ներկայացրել։ Նա նշել է, որ իր բողոքը ներկայացվել է բողոքարկման համար սահմանված մեկամսյա ժամկետում՝ վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը: Նա նաև պնդել է, որ Արարատի մարզային դատարանի որոշումն ստացել է միայն 2015 թվականի հուլիսի 6-ին և ներկայացրել է հանձնման ամսաթիվը հավաստող ապացույցներ:
24. 2015 թվականի օգոստոսի 27-ին Քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուն խնդրել է վերականգնել վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը, որոշում է կայացրել մերժելու նրա միջնորդությունը և բողոքը համարել անընդունելի` ժամկետների խախտմամբ ներկայացնելու հիմքով: Դատարանը սխալմամբ նշել է, որ Արարատի մարզային դատարանի որոշումը դիմումատուին է հանձնվել 2015 թվականի հուլիսի 1-ին, որի համաձայն վերաքննիչ բողոքը կարող էր ներկայացվել 2015 թվականի օգոստոսի 1-ին, ինչպես նաև սխալմամբ նշել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 2015 թվականի օգոստոսի 7-ին։
25. Դիմումատուն բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան անընդունելիության մասին որոշման դեմ:
26. 2010 թվականի հոկտեմբերի 6-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։
27. Մինչդեռ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին դիմումատուն իր բողոքը կրկին ներկայացրել է Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան՝ վիճարկելով, որ այն ներկայացվել է սահմանված ժամկետում։
28. 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել բողոքը՝ նշելով, որ դրա ձևը և բովանդակությունը համապատասխանել են դատավարական պահանջներին:
29. 2015 թվականի դեկտեմբերի 11-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը: Այն ընդունել է, որ Արարատի մարզային դատարանի որոշումն իսկապես դիմումատուին է հանձնվել 2015 թվականի հուլիսի 6-ին, և որ դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել 2015 թվականի օգոստոսի 6-ին՝ հակասելով 2015 թվականի օգոստոսի 27-ի իր կայացրած որոշման մեջ նախկինում արված եզրակացությանը: Այնուամենայնիվ, դատարանը որոշել է, որ բողոքն անընդունելի ճանաչելու մասին իր նախկին որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը), վերջինս իրավասու չէր բողոքը վարույթ ընդունել և վերանայել ստորին ատյանի դատարանի որոշումը: Դատարանը չի անդրադարձել բողոքի հիմքերին։
30. Այնուհետև դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք։
31. 2016 թվականի ապրիլի 6-ին Վճռաբեկ դատարանը նրա բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
I. Համապատասխան ներպետական իրավունքը
Ա. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք (գործել է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը)
32. 124-րդ հոդվածի համաձայն հրապարակումից անմիջապես հետո դատական որոշման օրինակը պետք է հանձնվի կողմերին: Եթե վճիռը հրապարակելու պահին որևէ կողմ բացակա է եղել, ապա վճռի օրինակը պետք է պատվիրված առաքանու միջոցով ուղարկվեր նրան կամ հրապարակման, կամ հաջորդ օրը:
33. 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանների վճիռներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
34. 207-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան մինչև վճռի ուժի մեջ մտնելը:
35. 221.1 հոդվածով սահմանվում էր, որ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի գործի էության վերաբերյալ որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։
36. 221.2 հոդվածի համաձայն՝ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումները կայացվում և կողմերին են ուղարկվում նույն կերպ, ինչպես առաջին ատյանի դատարանների որոշումները (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը):
37. 229-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի էության վերաբերյալ որոշման դեմ կարող է վճռաբեկ բողոք բերվել նախքան տվյալ որոշումն ուժի մեջ մտնելը։
38. 233.1 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը պետք է անընդունելի հայտարարվեր, եթե այն ներկայացվել էր ժամկետի խախտմամբ, և ժամկետը վերականգնելու միջնորդություն չէր բերվել կամ այդպիսի միջնորդությունը մերժվել էր:
Բ. Վարչական դատավարության օրենսգիրքը (ՎԴՕ, 2014 թ.)
39. 51-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ ոչ աշխատանքային օրերը հանվել են օրերով հաշվարկվող ժամկետներից: Օրերով հաշվարկվող դատավարական ժամկետներն սկսվել են այն օրացուցային ամսաթվի հաջորդող օրը, որով սահմանված էր այդ ժամկետի սկիզբը:
40. 114-րդ հոդվածի 7-րդ մասի և 149-րդ հոդվածի համաձայն, եթե կողմը բացակայել է Վերաքննիչ վարչական դատարանի կողմից վճռի հրապարակման պահին, ապա վճռի օրինակը պետք է պատվիրված նամակով ուղարկվեր նրան հրապարակման կամ հաջորդ օրը:
41. 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ վարչական դատարանի գործի էության վերաբերյալ որոշումներն ուժի մեջ են մտել հրապարակման պահից մեկ ամիս հետո։
42. 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործով ըստ էության որոշման դեմ կարող էր վճռաբեկ բողոք բերվել նախքան տվյալ որոշման ուժի մեջ մտնելը։
43. 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն ՝ վճռաբեկ բողոքը պետք է համարվեր անընդունելի, եթե այն բերվել է ժամկետի խախտմամբ, և ժամկետը վերականգնելու միջնորդություն չի ներկայացվել կամ այդպիսի միջնորդությունը մերժվել է:
Գ. Նախկին Քրեական դատավարության օրենսգիրքը (ուժի մեջ է 2022 թվականի ապրիլի 1-ից՝ ՔԴՕ)
44. 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
45. 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանավորման ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումների դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում։ Գործն ըստ էության չլուծող մյուս որոշումների դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել՝ հրապարակման պահից տասն օրվա ընթացքում:
46. 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք բերելու իրավունք ունեցող անձը կարող էր դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` բաց թողնված ժամկետը վերականգնելու համար:
47. 402-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ քրեական դատարանի գործով ըստ էության բողոքի վերաբերյալ որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
48. 402-րդ հոդվածի 2-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումներն ուղարկվում են կողմերին ոչ ուշ, քան հրապարակման պահից երեք օր հետո։
49. 412-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել դրա հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում, մինչդեռ այլ որոշումների դեմ բողոքները կարող են բերվել տասնհինգ օրվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
50. 414.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը պետք է հայտարարվեր անընդունելի, եթե այն բերվել էր ժամկետի խախտմամբ, և ժամկետը վերականգնելու որևէ միջնորդություն չէր ներկայացվել կամ այդպիսի միջնորդությունը մերժվել էր:
Դ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք (1986)
51. 22-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է՝ նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:
52. 32-րդ հոդվածի համաձայն տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
53. 180.1 հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
II. Սահմանադրական դատարանի որոշումները
Ա. Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը՝ ՔԴՕ-ի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 380-րդ հոդվածի 1 ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխան լինելու մասին (ՍԴՈ-1052)
54. Սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցերից մեկն այն էր, որ Քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն (տե՛ս վերևում 45-րդ պարբերությունը)՝ դատական որոշումը բողոքարկելու ժամկետն սկսվում է որոշման հրապարակման օրվանից, չնայած շահագրգիռ կողմը կարող էր դեռևս ստացած չլինել որոշման ամբողջական օրինակը:
55. Սահմանադրական դատարանն իր հիմնավորումների շարքում նշել է, որ եթե օրենսդիրը, ելնելով բողոքարկման ենթակա դատական որոշման բնույթից, որոշակի ժամկետի կիրառումը՝ կոնկրետ դեպքում՝ հինգ կամ տասը օր, համապատասխան է համարում բողոքարկման համար, ապա այդ ժամկետը պետք է գործեր այն պահից, երբ տվյալ կողմն իրական հնարավորություն կունենար ծանոթանալու բողոքարկման ենթակա դատական որոշմանը։ Այն նաև վճռել է, որ եթե բողոքարկման ժամկետը բաց է թողնվել, քանի որ վճիռը կողմին չի հանձնվել օրենքով սահմանված ժամկետում, ապա բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի դե յուրե՝ առանց դատական հայեցողության:
56. Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն դեպքում, երբ երաշխավորված է, որ բողոքարկման ենթակա որոշումը հանձնվել է բողոք բերած անձին օրենքով սահմանված ժամկետում, և որ վերջինիս վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով բաց թողնված ժամկետը դե յուրե վերականգնվել է:
57. Ավելին, դատարանը ճանաչել է հակասահմանադրական Քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասը (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը), քանի որ դիմումատուից անկախ պատճառներով, ինչպես օրինակ՝ որոշման հանձնման հետաձգման, բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվել է դատարանի հայեցողությանը և դե յուրե չի վերականգնվել:
58. Ի վերջո, Սահմանադրական դատարանը սեփական նախաձեռնությամբ ստուգել է ՔԴՕ-ի 402-րդ հոդվածի սահմանադրականությունը (տե՛ս վերևում՝ 47-48-րդ պարբերությունները), քանի որ այն կապված էր քննվող այլ դրույթների հետ: Ինչ վերաբերում է 402-րդ հոդվածի 2-րդ մասի Քրեական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակման պահից երեք օրվա ընթացքում կողմերին «ուղարկվելու» մասին պահանջին, դատարանը նշել է, որ առաքման իրական ժամկետը կախված է առաքման եղանակից և hետևաբար անկանխատեսելի է: Այն որոշել է, որ ՔԴՕ-ի 402-րդ հոդվածը Սահմանադրական է, այն դեպքում երբ «ուղարկվել» արտահայտությամբ երաշխավորվում էր որոշման ամբողջական օրինակն իրականում շահագրգիռ կողմերին հանձնված լինելը (կամ դատարանի կայքում պաշտոնական հրապարակման միջոցով հասանելիության ապահովումը) օրենքով սահմանված ժամկետում, այլ ոչ պարզապես տվյալ ժամկետում ուղարկվելը:
Բ. Սահմանադրական դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը՝ ՔԴՕ-ի 412-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխան լինելու մասին (ՍԴՈ-1062)
59. Սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանը հաստատել է, որ իր նախորդ՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի (ՍԴՈ-1052) որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումը կիրառելի է ոչ միայն միջանկյալ որոշումների բողոքարկման, այլև գործի էությանն առնչվող որոշումների բողոքարկման համար: Անդրադառնալով որոշումների հանձնման եռօրյա ժամկետի վերաբերյալ իր նախորդ եզրակացությանը (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերությունը)՝ դատարանը պարզաբանել է, որ անձը պետք է ունենա առնվազն քսանյոթ օր որոշումը բողոքարկելու համար:
60. Դատարանը գտնում է, որ ՔԴՕ-ի 412-րդ հոդվածի 1-ին մասը (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը), որի համաձայն բողոքարկման ժամկետն սկսվում է որոշման հրապարակման օրվանից, Սահմանադրական է այն դեպքում, երբ երաշխավորված են բողոքարկման ենթակա որոշման դեմ բողոք բերած անձին օրենքով սահմանված ժամկետում հանձնումը և վերջինիս վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով, ինչպես օրինակ՝ որոշման հանձնման հետաձգման, բաց թողնված ժամկետի դե յուրե վերականգնումը:
Գ. Սահմանադրական դատարանի 2016 թվականի փետրվարի 9-ի որոշումը՝ ՎԴՕ-ի 156-րդ հոդվածի 1-ին մասի, ի թիվս այլնի, Սահմանադրությանը համապատասխան լինելու մասին (ՍԴՈ‑1254)
61. Սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանը նշել է, որ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի (ՍԴՈ-1052) և 2012 թվականի դեկտեմբերի 18-ի (ՍԴՈ-1062) իր որոշումներում քննարկված ՔԴՕ-ի դրույթները բովանդակությամբ համարժեք են, ի թիվս այլնի, ՎԴՕ-ի 156-րդ հոդվածի 1-ին մասին (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը): Այն որոշել է, որ իր նախորդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այդ հոդվածի համար:
Դ. Սահմանադրական դատարանի 2016 թվականի հունիսի 28-ի որոշումը՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի, ի թիվս այլնի, Սահմանադրությանը համապատասխան լինելու մասին (ՍԴՈ–1290)
62. Սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանը նշել է, որ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի (ՍԴՈ-1052) և 2012 թվականի դեկտեմբերի 18-ի (ՍԴՈ-1062) իր որոշումներում քննարկված նախկին ՔԴՕ-ի դրույթները բովանդակությամբ համարժեք են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասին (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը): Այն որոշել է, որ իր նախորդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այդ հոդվածի համար:
Ե. Սահմանադրական դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումը՝ ՔԴՕ-ի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ի թիվս այլնի, Սահմանադրությանը համապատասխան լինելու մասին (ՍԴՈ -1394)
63. Սույն որոշմամբ Սահմանադրական դատարանը, ի թիվս այլնի, կոչված է քննելու ՔԴՕ-ի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականությունը, որով նախատեսվում էր, որ առաջին ատյանի դատարանների որոշումների բողոքարկման ժամկետն սկսվում է դրանց հրապարակման օրվանից (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը): Սահմանադրական դատարանն իր քննությունն իրականացրել է քրեական դատավարության վերաբերյալ իր նախկին որոշումների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար նորմերի նմանությունները: Այն ընդգծել է դատական գործելակերպում առկա անհամապատասխանությունները՝ նկատելով, որ մինչ քննվող գործով բողոքարկումն անընդունելի է հայտարարվել, չնայած այն ներկայացվել է որոշումը հանձնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, 2014-ից 2015 թվականներին չորս գործեր, որոնց վճիռների հանձնման հետ կապված ձգձգումներ են եղել, իսկ բողոքարկումները ներկայացվել են որոշումների հանձնումից հետո մեկ ամսվա ընթացքում՝ վարույթ են ընդունվել։
64. Սահմանադրական դատարանը որոշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանն իր դատական որոշումը հասանելի չի դարձրել համապատասխան կողմի համար կամ օրենքով սահմանված ժամկետում չի հանձնել այն վերջինիս, պետք է կիրառվի օրենքով սահմանված ամբողջական ժամկետը՝ առանց հաշվի առնելու դատական որոշումը՝ թե՛ ֆիզիկական առաքմամբ, թե՛ էլեկտրոնային եղանակով, կամ այլ կերպ կողմին տրամադրելու համար անհրաժեշտ որևէ ժամանակահատված:
65. Ի վերջո, Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ դրույթը Սահմանադրական է, եթե այն երաշխավորում է բողոքարկման համար օրենքով սահմանված ամբողջական ժամկետի հասանելիությունը բողոք բերող անձի համար՝ առանց հաշվի առնելու դատարանի որոշումը համապատասխան կողմին տրամադրելու ընթացքում ի հայտ եկած ձգձգումները:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
66. Հաշվի առնելով գանգատների առարկաների նույնաբովանդակությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ մեկ վճռում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
67. Դիմումատուները բողոքել են, որ վերջիններս զրկվել են իրենց բողոքների քննության համար վերին ատյանի դատարանների հասանելիությունից, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքների խախտմամբ, որն այնքանով որքանով այն համապատասխան է, շարադրված է հետևյալ կերպ՝
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ իրեն ներկայացված քրեական մեղադրանքը ... ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք ...»։
Ա. Ընդունելիությունը
68. Դատարանը նախ պետք է պարզի, կիրառելի է արդյոք 6-րդ հոդվածի 1-ին կետը, և արդյոք բողոքները բավարարում են ընդունելիության պահանջները:
69. Չնայած 6-րդ հոդվածի կիրառելիությունը չի վիճարկվում, Դատարանն անհրաժեշտ է համարում սեփական նախաձեռնությամբ քննել նշված հարցը թիվ 24649/16 դիմումի առնչությամբ: Ստորև շարադրված պատճառներով Դատարանը հանգում է այն եզրակացության, որ այդ դիմումի համաձայն՝ դիմումատուի նկատմամբ իրականացվող վարույթն իր մեջ ներառում էր քրեական մեղադրանքի առաջադրում:
70. 6-րդ հոդվածի 1-ին կետում «քրեական մեղադրանք» հասկացությունն ինքնավար է (տե՛ս Ռամոս Նունես դե Կարվալո է Սան ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Ramos Nunes de Carvalho e Sá v. Portugal], թիվ 55391/13 և 2 այլ գործեր, § 122, 2018 թվականի նոյեմբերի 6): Դատարանի հաստատված նախադեպային իրավունքով սահմանվում են երեք չափանիշներ, որոնք սովորաբար հայտնի են որպես «Էնգելի չափանիշներ», որոնք պետք է հաշվի առնվեն «քրեական մեղադրանք» լինելու հարցը որոշելիս (տե՛ս Էնգելը և այլք ընդդեմ Նիդեռլանդների, [Engel and Others v. the Netherlands,] 1976 թվականի հունիսի 8, § 82, Շարք Ա, թիվ 22 գործը և Գեստյուր Յոնսոնը և Ռագնար Հալդոր Հալլն ընդդեմ Իսլանդիայի [ՄՊ] [Gestur Jónsson and Ragnar Halldór Hall v. Iceland] [GC] թիվ 68273/14 և 68271/14 գործերը § 75, 2020 թվականի դեկտեմբերի 22)։ Նշված չափանիշներից առաջինը հանցանքի իրավական դասակարգումն է ազգային օրենսդրության համաձայն, երկրորդը՝ հանցանքի բուն բնույթը, և երրորդը՝ պատժի խստության աստիճանը, որի կրումը սպառնում է տվյալ անձին։ Երկրորդ և երրորդ չափանիշներն այլընտրանքային են, և պարտադիր չէ, որ կիրառվեն միասնական կերպով։ Սույնով, այնուամենայնիվ, չի բացառվում միասնական մոտեցումն այն դեպքում, երբ յուրաքանչյուր չափանիշի առանձին վերլուծությունը թույլ չի տալիս միանշանակ եզրահանգում կատարել քրեական մեղադրանքի առկայության մասին (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ռամոս Նունես դե Կարվալո է Սան ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Ramos Nunes de Carvalho e Sá v. Portugal] [GC], թիվ 39665/98 և 40086/98 գործերը, § 82 ՄԻԵԴ 2003 ‑X, Յուսիլան ընդդեմ Ֆինլանդիայի [ՄՊ] Jussila v. Finland [GC] թիվ 73053/01 գործը, §§ 30‑31, ՄԻԵԴ 2006–XIV, և վերևում հիշատակված՝ Գեստյուր Յոնսոնի և Ռագնար Հալդոր Հալլի գործը §§ 75, 77-78)։ Այն փաստը, որ իրավախախտումը չի պատժվում բանտարկությամբ, ինքնին որոշիչ չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի քրեական հայեցակետի կիրառելիության համար, քանի որ, ինչպես բազմիցս նշել է Դատարանը, քննարկվող պատժի հարաբերական թույլ լինելը չի կարող հերքել հանցագործության քրեական բնույթը (տե՛ս Ռամոս Նունես դե Կարվալո է Սաի [Ramos Nunes de Carvalho e Sá] վերևում հիշատակված գործը § 122, Գեստյուր Յոնսոնը և Ռագնար Հալդոր Հալլի [Gestur Jónsson and Ragnar Halldór Hall] վերևում հիշատակված գործը, § 78, և Վեգոտեքս Ինթերնեշնլ Ս.Ա. ընկերությունն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Vegotex International S.A.v. Belgium] [GC], թիվ 49812/09 գործը, § 67, 2022 թվականի նոյեմբերի 3):
71. Ինչ վերաբերում է ազգային դասակարգմանը, ապա Դատարանը նախկինում որոշ իրավական համակարգերում, այդ թվում՝ Հայաստանում, սահմանվող ոլորտը դիտարկել է որպես «վարչական» և եզրակացրել, որ այն ընդգրկում է որոշ իրավախախտումներ, որոնք իրենց բնույթով քրեական են, բայց չափազանց թույլ, որպեսզի կարգավորվեն քրեական դատավարության օրենսդրությամբ: Բոլոր դեպքերում ազգային օրենսդրությամբ հիմնավորված ցուցումը որոշիչ չէ 6-րդ հոդվածի նպատակների համար, և խնդրո առարկա իրավախախտման բնույթն առավել կարևոր գործոն է (տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Galstyan v. Armenia] թիվ 26986/03 գործը, §§ 57-58, 2007 թվականի նոյեմբերի 15):
72. Ինչ վերաբերում է իրավախախտման բնույթին, Դատարանը նշում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 15-րդ մասը (տե'ս վերևում՝ 53-րդ պարբերությունը), որով սահմանվում է դիմումատուի կողմից ոստիկանության օրինական պահանջը չկատարելու իրավախախտումը, լայն իմաստով կիրառվում է ամբողջ բնակչության նկատմամբ: Ավելին, դիմումատուի նկատմամբ կիրառված սանկցիան ուղղված չէր դրամական փոխհատուցում ստանալուն, այլ ծառայում էր բացառապես որպես պատժիչ և զսպող միջոց (տե՛ս վերևում՝ 51-րդ պարբերությունը): Նշված գործոնները բնորոշ են քրեական պատիժներին (տե՛ս վերևում հիշատակված Գալստյանի գործը, § 58, Կասպարովը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Kasparov and Others v. Russia], թիվ 21613/07 գործը, § § 42-43, 2013 թվականի հոկտեմբերի 3, Միխայլովան ընդդեմ Ռուսաստանի [Mikhaylova v. Russia], թիվ 46998/08 գործը, § § 59 և 64-65, 2015 թվականի նոյեմբերի 19):
73. Իրավախախտման քրեական բնույթի մասին է վկայում նաև այն փաստը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը (տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը) պարունակում է այնպիսի հարցերին վերաբերող դրույթներ, ինչպիսիք են մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (տե՛ս Զիլիբերբերգն ընդդեմ Մոլդովայի, [Ziliberberg v. Moldova] թիվ 61821/00 գործը, § 34, 2005 թվականի փետրվարի 1): Բացի այդ, այն փաստը, որ դիմումատուին բերման են ենթարկել ոստիկանության բաժին (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը), ավելի է ընդգծում հանցագործության քրեական բնույթը:
74. Այս դիտարկումները բավարար են հաստատելու համար, որ իրավախախտումը, որի համար պատասխանատու է եղել դիմումատուն, Կոնվենցիայի իմաստով կարող է դասակարգվել որպես «քրեական»: Դրանից հետևում է, որ կիրառվում է 6-րդ հոդվածը։
75. Ինչ վերաբերում է մյուս բողոքներին, Դատարանը նկատում է, որ վարույթը վերաբերում էր դիմումատուների քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին, ինչը կիրառելի է դարձնում 6-րդ հոդվածը:
76. Դատարանը նշում է, որ դիմումատուների բողոքները ո՛չ ակնհայտ անհիմն են, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Ըստ այդմ, բողոքները պետք է հայտարարվեն ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Դիմումատուները
ա) Գանգատ թիվ 15736/16
77. Թիվ 15736/16 գանգատում դիմումատուն պնդում էր, որ Վճռաբեկ դատարանն անտեսել է այն փաստը, որ իր վճռաբեկ բողոքում ներառված է եղել ծանոթագրություն, որը հավաստում էր Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը հանձնելուց հետո մեկ ամսվա ընթացքում բողոքը ներկայացնելու փաստը։ Ծանոթագրության մեջ ներառված է եղել նաև բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում՝ Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի (ՍԴՈ-1052) որոշման հիման վրա։ Չնայած նրա միջնորդությունը վերնագրված էր որպես «ծանոթագրություն», դիմումատուի պնդմամբ դա չի արդարացնում Վճռաբեկ դատարանի՝ այն անտեսելու պաշտոնական մոտեցումը: Այնուհետև նա պնդել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը, թեև կայացվել է Քրեական դատավարության օրենսգրքի համատեքստում, հիմք է ծառայել իրավունքի բոլոր ճյուղերի համար, և պահանջել է վերականգնել սահմանված ժամկետը:
բ) Գանգատ թիվ 24649/16
78. Դիմումատուն թիվ 24649/16 գանգատում պնդել է, որ վերջինս միջնորդություն է ներկայացրել ժամկետը վերականգնելու վերաբերյալ, երբ 2015 թվականի սեպտեմբերի 9-ին կրկին ներկայացրել է իր վճռաբեկ բողոքը: Նա պնդել է, որ միջնորդությունը վերաբերել է Վերաքննիչ վարչական դատարանի 2015 թվականի հունիսի 26-ի որոշումը բողոքարկելու ժամկետին, այլ ոչ թե Վճռաբեկ դատարանի կողմից 2015 թվականի օգոստոսի 26-ին սահմանված՝ ընթացակարգային թերությունները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար տրամադրված եռօրյա ժամկետին: Դիմումատուն պնդել է, որ եռօրյա ժամկետը չի խախտել, քանի որ 2015 թվականի սեպտեմբերի 5-ը և 6-ը եղել են ոչ աշխատանքային օրեր և, ըստ օրենքի, հանվել են այդ ժամկետի հաշվարկից: Հետևաբար, նա պատճառ չի ունեցել պահանջելու եռօրյա ժամկետի վերականգնում: Ավելին, Վճռաբեկ դատարանը գործել է ձևական բնույթ կրող հիմքերով։ Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ (ՍԴՈ-1052) դիմումատուի բողոքարկման ժամկետը պետք է վերականգնվեր. չնայած այն հանգամանքին, որ Սահմանադրական դատարանի որոշումը կայացվել էր Քրեական դատավարության օրենսգրքի համատեքստում, այն հիմք է հանդիսացել իրավունքի բոլոր ճյուղերի համար:
գ) Գանգատ թիվ 25718/16
79. Դիմումատուն թիվ 25718/16 գանգատում պնդել է, որ Արարատի մարզային դատարանի 2015 թվականի հունիսի 24-ի վճիռն իրեն է տրամադրվել 2015 թվականի հուլիսի 6-ին, և որ վերջինս դրա դեմ բողոք է ներկայացրել 2015 թվականի օգոստոսի 6-ին: Նա պնդել է, որ Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի (ՍԴՈ-1052) որոշման համաձայն իր բողոքը ներկայացվել է սահմանված մեկամսյա ժամկետում: Սակայն Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, 2015 թվականի օգոստոսի 27-ի իր որոշման մեջ հղում կատարելով կեղծ տեղեկությանը, մերժել է ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմումատուի միջնորդությունը և նրա բողոքն անընդունելի ճանաչել ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով: Մասնավորապես այն սխալմամբ նշել է, որ դատական վճիռը դիմումատուին է հանձնվել 2015 թվականի հուլիսի 1-ին, իսկ բողոքը ներկայացվել է 2015 թվականի օգոստոսի 7-ին։ Չնայած նա հետագայում կրկին ներկայացրել է իր բողոքը, և Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը քննության է առել այն, նույն դատարանը, ի վերջո, մերժել է բողոքը՝ առանց այն ըստ էության քննելու:
2. Կառավարությունը
80. Կառավարությունը պնդել է, որ չի խախտվել դիմումատուի՝ դատարանի մատչելիության իրավունքը։
81. Թիվ 15736/16 գանգատի վերաբերյալ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն միջնորդություն չի ներկայացրել սահմանված ժամկետը վերականգնելու համար: Փոխարենը, նա իր բողոքարկման մեջ ներառել է ծանոթագրություն, որում ասվում է, որ այն ներկայացվել է համապատասխան ժամկետում: Կառավարությունը պնդել է, որ ներպետական իրավունքի համաձայն՝ դատարանի կողմից բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշում կայացնելու համար պահանջվում է պաշտոնական միջնորդություն:
82. Ինչ վերաբերում է թիվ 24649/16 գանգատին, Կառավարությունն ընդունել է, որ դիմումատուն սկզբնապես պահանջել է վերականգնել բաց թողնված ժամկետը, երբ ներկայացրել է իր առաջին վճռաբեկ բողոքը: Բողոքը, սակայն, ստորագրված չի եղել, որի պատճառով Վճռաբեկ դատարանն այն չի քննել: Երբ Վճռաբեկ դատարանը դատավարական հիմքերով վերադարձրել է իր բողոքը՝ տրամադրելով նրան երեք օր՝ դատավարական թերությունները շտկելու համար, դիմումատուն կրկին ներկայացրել է իր բողոքը, սակայն բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին նոր միջնորդություն չի ներկայացրել:
83. Ինչ վերաբերում է թիվ 25718/16 գանգատին, Կառավարությունն ընդունել է, որ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը սխալմամբ սխալ օրեր է նշել իր 2015 թվականի օգոստոսի 27-ի որոշման մեջ: Այն պնդել է, սակայն, որ դիմումատուն չի զրկվել դատարանի մատչելիության իր իրավունքից: Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ իր բողոքն անընդունելի ճանաչելու մասին որոշումից հետո դիմումատուն կրկին բողոքարկել է Արարատի մարզային դատարանի որոշումը: Կառավարությունը հաստատել է, որ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն ընդունել է տվյալ կրկին ներկայացված բողոքը, քննել այն ըստ էության և որոշում կայացրել 2015 թվականի դեկտեմբերի 11-ին:
84. Վերջապես, Կառավարությունը վիճարկել է, որ Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը (ՍԴՈ-1052) վերաբերում է քրեական գործերի քննության ժամկետների վերականգնմանը և չի կիրառվում քաղաքացիական կամ վարչական գործերի նկատմամբ։
3. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
85. Դատարանի մատչելիության իրավունքը սահմանվել է որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունք Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության [Golder v. the United Kingdom] գործով, 1975 թվականի փետրվարի 21, §§ 28-36, շարք Ա, թիվ 18): Այդ գործով Դատարանը գտել է, որ դատարանի մատչելիության իրավունքը 6-րդ հոդվածում ամրագրված երաշխիքների անքակտելի մասն է՝ վկայակոչելով իրավունքի գերակայության և իշխանության կամայական իրականացումը բացառելու սկզբունքները, որոնք ընկած են Կոնվենցիայի դրույթների մեծ մասի հիմքում:
86. Դատարանների մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, որոնք չեն սահմանափակում կամ նվազեցնում շահագրգիռ անձին տրամադրված՝ դատարանի մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Որևէ սահմանափակում համատեղելի չի լինի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե գործադրվող միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերություն (նույն տեղում, հաջորդող հղումների հետ միասին):
87. Բարձրագույն ատյանի դատարանների մատչելիությանն առնչվող սահմանափակումների քննության համար կիրառվող սկզբունքները Դատարանի կողմից ամփոփվել են Զուբաքն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Zubac v. Croatia][GC], թիվ 40160/12 գործում, §§ 78-86, 2018 թվականի ապրիլի 5): Այդպիսի սահմանափակումների համաչափության մասին որոշում կայացնելիս Դատարանը հատուկ ուշադրություն է դարձնում երեք չափանիշների՝ i) սահմանափակման կանխատեսելիությանը, ii) այն հարցին, թե ով պետք է պատասխանատվություն կրի դատավարության ընթացքում թույլ տրված սխալների բացասական հետևանքների համար (նույն տեղում, §§ 90-95), և iii) կարող են արդյոք դիտարկվող սահմանափակումները դիտարկվել որպես «չափազանց ձևականություն» (նույն տեղում, §§ 96-99, տե՛ս նաև Վիլեմս և Գորջոն ընդդեմ Բելգիայի, թիվ 74209/16 և 3 այլ գործեր, § 80 2021 թվականի սեպտեմբերի 21 ):
88. Վերջապես, Դատարանը վերահաստատում է, որ կողմերը պետք է ունենան հայց ներկայացնելու կամ բողոքարկելու իրավունքից օգտվելու հնարավորություն այն պահից, երբ նրանք հնարավորություն ունեն արդյունավետորեն ծանոթանալ դատական որոշումներին, որոնք վերջիններիս վրա բեռ են սահմանում կամ կարող են խախտել նրանց օրինական իրավունքները կամ շահերը: Այլապես, դատարանները կարող էին զգալիորեն նվազեցնել բողոքարկման ժամկետը կամ նույնիսկ բողոքարկումն անհնարին դարձնել՝ ուշացնելով դատական որոշումների հանձնումը։ Որպես դատական մարմնի և կողմերի միջև հաղորդակցման միջոց, որոշման հանձնումը կողմերին հնարավորություն է տալիս ծանոթանալու դատարանի որոշմանը և դրա հիմքերին, հնարավորություն ընձեռելով վերջիններիս բողոքարկել՝ նպատակահարմար լինելու դեպքում [Միրագալ Էսկոլանոն և այլք ընդդեմ Իսպանիայի [Miragall Escolano and Others v. Spain] թիվ 38366/97 գործը և 9 այլ գործեր, § 37, ՄԻԵԴ 2000 - I)
բ) Սույն գործի նկատմամբ վերոնշյալ սկզբունքների կիրառումը
89. Սույն գործով Դատարանի խնդիրն է գնահատել, թե արդյոք ներպետական դատարանների վճիռները խախտել են դիմումատուների՝ դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը: Այդ նպատակով Դատարանը նախ պետք է որոշի, թե արդյոք դիմումատուների՝ վերադաս դատարանների մատչելիության սահմանափակումը հետապնդել է օրինական նպատակ, և եթե այո, ապա արդյոք դա համաչափ է եղել այդ նպատակի դեպքում:
i) Իրավաչափ նպատակը
90. Բոլոր երեք դիմումատուների իրավունքները սահմանափակվել են հիմնականում այն հիմքով, որ նրանք բաց են թողել բողոքարկման մեկամսյա ժամկետը: Դատարանը վերահաստատում է, որ բողոքարկման ժամկետները կարգավորող կանոնները նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը (տե՛ս վերևում հիշատակված՝ Միրագալ Էսկոլանոն և այլք ընդդեմ Իսպանիայի գործը § 36 [Miragall Escolano and others V. Spain])։ Հետևաբար այն համարում է, որ դիմումատուների դատարանների մատչելիության իրավունքի սահմանափակումը հետապնդել է օրինական նպատակ:
ii) Համաչափությունը
ա) Գանգատներ թիվ 15736/16 և 24649/16
91. Թիվ 15736/16 և 24649/16 գանգատներում կենտրոնական հարցը բողոքարկման ենթակա որոշումների հանձնման ժամկետներն են և ժամկետի նշանակությունը բողոքարկման համար: Երկու գանգատների դեպքում էլ բողոքարկման ենթակա որոշումները հանձնվել են դրանց հրապարակումից մի քանի օր անց: Թիվ 15736/16 գանգատում դիմումատուն դատարանի որոշումն ստացել է այն հրապարակելուց երեք օր անց (տե՛ս վերևում՝ 8-9-րդ պարբերությունները), մինչդեռ թիվ 24649/16 գանգատում դիմումատուն այն ստացել է հրապարակումից չորս օր հետո (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը): Երկու դիմումատուներն էլ իրենց վճռաբեկ բողոքները ներկայացրել են՝ հաշված վիճարկվող որոշումների հանձնման օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում (տե՛ս վերևում՝ 10-րդ և 17-րդ պարբերությունները):
92. Վճռաբեկ դատարանը բողոքարկումներն անընդունելի է ճանաչել դրանք մեկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով՝ հաշվարկելով այն վճռի կայացման, այլ ոչ թե հանձնման օրվանից: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հաստատել է, որ դիմումատուները միջնորդություններ չեն ներկայացրել բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 11-րդ և 20-րդ պարբերությունները):
93. Դիմումատուների Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման համաչափությունը գնահատելիս Դատարանը, որքանով դա հնարավոր է, հաշվի է առնելու իր նախադեպային իրավունքում մշակված համաչափության չափանիշները (տե՛ս վերևում՝ նշված 87-րդ պարբերությունը):
– Սահմանափակման կանխատեսելի լինելու վերաբերյալ պահանջը
94. Դատարանը նախ և առաջ գնահատելու է, վճռաբեկ բողոքի ներկայացման ժամկետի կիրառման կանխատեսելիությունը դիմումատուների համար՝ հաշվի առնելով ներպետական դատավարական նորմերը, Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումները և գործի որոշակի հանգամանքները (տե՛ս վերևում հիշատակված՝ Զուբաքի գործը [Zubac], § 87, Օսուն ընդդեմ Իտալիայի [Osu v. Italy], թիվ 36534/97 գործը, § 35, 2002 թվականի հուլիսի 11 և Չելան ընդդեմ Ալբանիայի, [Çela v. Albania] թիվ 73274/17 գործը, § 28, 2022 թվականի նոյեմբերի 9):
95. Օրենքով սահմանված դատավարական նորմերին համապատասխան՝ Վերաքննիչ դատարանի գործի էության վերաբերյալ որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման օրվանից մեկ ամսվա ընթացքում և կարող են բողոքարկվել այդ ժամկետում: Նույն նորմը նախատեսված էր Քաղաքացիական դատավարության օրենսգրքով (տե՛ս վերևում՝ 35-րդ և 37-րդ պարբերությունները), Վարչական դատավարության օրենսգրքով (տե՛ս վերևում՝ 41-42-րդ պարբերությունները) և Քրեական դատավարության օրենսգրքով (տե՛ս վերևում՝ 47-րդ և 49-րդ պարբերությունները): Դատարանը նախկինում վճռել էր, որ այդպիսի նորմն ինքնին Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում չէր համարվում, եթե այն ուղեկցվում էր բավարար երաշխիքներով, ինչպիսիք են դատական վճիռները ժամանակին հանձնելը և բողոքարկման ժամկետը վերականգնելու համար միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը, ինչը թույլ կտար դիմումատուներին օգտվել վերաքննիչ դատարանի արդյունավետ մատչելիությունից (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի, [Mamikonyan v. Armenia] թիվ 25083/05 գործը, § 30, 2010 թվականի մարտի 16)։
96. 2012-2017 թվականների ընթացքում այն դատավարությունների ընթացքում, որոնց մասնակից չեն եղել դիմումատուները, Սահմանադրական դատարանը կայացրել է մի շարք որոշումներ քրեական, վարչական և քաղաքացիական դատավարություններում բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերի սահմանադրականության վերաբերյալ:
97. 2012 թվականի հոկտեմբերի 16-ի իր որոշմամբ Սահմանադրական դատարանը քննել է քրեական գործերով վերաքննիչ բողոքներ ներկայացնելու ժամկետները կարգավորող նորմերի սահմանադրականությունը: Իր հիմնավորումների շարքում դատարանը նշել է, որ բողոքարկումների ներկայացման ժամկետները պետք է սկսվեն այն պահից, երբ կողմն իրապես հնարավորություն է ունեցել ծանոթանալու բողոքարկման ենթակա դատական որոշմանը: Այնուամենայնիվ, դա նրա հիմնական եզրակացությունը չէր: Դատարանի հիմնական եզրակացությունը, որը հետագայում վերահաստատվել է իր հաջորդ որոշումներում, այն էր, որ բողոքարկման ժամկետի հաշվարկը հրապարակման օրվանից համապատասխանում էր Սահմանադրությանը, եթե Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը փաստացի հանձնվել էր շահագրգիռ կողմին (կամ հասանելի էր դարձել վերջինիս համար) օրենքով սահմանված ժամկետում: Հատկանշական է, որ թեև օրենքի դրույթներում նշված է միայն որոշումն ուղարկելու ժամկետը (քրեական գործերով՝ հրապարակման պահից երեք օր), Սահմանադրական դատարանը որոշել է, որ այդ դրույթների սահմանադրականությունը կախված է այդ ժամկետում որոշումը փաստացի հանձնելուց, այլ ոչ թե պարզապես դրա առաքումից։ Ավելին, այն նաև վճռել էր, որ եթե բողոքարկման ժամկետը բաց է թողնվել, վճիռն օրենքով սահմանված ժամկետում չհանձնելու պատճառով, ապա բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի դե յուրե՝ առանց դատական հայեցողության (տե՛ս վերևում՝ 54-58-րդ պարբերությունները):
98. 2012 թվականի դեկտեմբերի 18-ի իր որոշմամբ Սահմանադրական դատարանը վերահաստատել է իր եզրահանգումները գործի էությանն առնչվող որոշումների դեմ բողոքարկման համատեքստում (տե՛ս վերևում՝ 59-60-րդ պարբերությունները): Թեև այդ որոշումները կայացվել են քրեական գործերի առնչությամբ, Սահմանադրական դատարանը հետագայում հաստատել է, որ նույն սկզբունքները կիրառվում են քաղաքացիական և վարչական վարույթներում՝ համարժեք նորմերի նկատմամբ (տե՛ս վերևում՝ 61-62-րդ պարբերությունները):
99. Սույն գանգատներում բողոքարկման ենթակա որոշումները դիմումատուներին չեն հանձնվել օրենքով սահմանված ժամկետում, այսինքն՝ քաղաքացիական և վարչական գործերով վարույթներում՝ որոշման կայացման հաջորդ օրը (տե՛ս վերևում՝ 36 և 40-րդ պարբերությունները): Ինչպես նշված է վերևում՝ թիվ 15736/16 գանգատում, որոշումը հանձնվել է դրա հրապարակումից երեք օր հետո (տե՛ս վերևում՝ 8-9-րդ պարբերությունները), իսկ թիվ 24649/16 գանգատում այն հանձնվել է հրապարակումից չորս օր հետո (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը): Ոչինչ չի վկայում, որ որոշումները դիմումատուների համար հասանելի են եղել ավելի վաղ ժամկետում՝ այլ միջոցներով, օրինակ՝ էլեկտրոնային եղանակով: Այսպիսով, չի կատարվել սահմանադրական դատարանի սահմանած՝ ժամկետը որոշման հրապարակման պահից սկսելու, այլ կերպ ասած՝ որոշումը ժամանակին հանձնելու մասին պայմանը:
100. Այդպիսի պայմաններում դիմումատուների համար անհիմն չէր ակնկալել, որ բողոքարկման ժամկետը կվերականգնվի, և որ իրենց բողոքները կընդունվեին քննության: Բոլոր դեպքերում դիմումատուների համար բացարձակապես պարզ չէր, որ վիճարկվող որոշումների հանձնման՝ այլ ոչ թե հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում բողոք ներկայացնելն անընդունելի կդարձնի նրանց բողոքները: Սույն եզրակացությունը հետագայում վերահաստատվել է Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման մեջ արված դիտարկմամբ՝ ընդգծելով հակասական դատական գործելակերպը: Հատկանշական է, որ մոտավորապես նույն ժամանակահատվածում, ինչ դիմումատուների բողոքարկումներն էին (2014-ից 2015 թվականներին) մի քանի գործերում, որոշման հանձնումից հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացված բողոքներն ընդունվել են քննության (տե՛ս վերևում՝ 63-րդ պարբերությունը): Վերոգրյալի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ նշված դիմումատուների գործերում ժամկետի կիրառումն անկանխատեսելի էր։
101. Թեև Դատարանը նախկինում վճռել էր, որ որոշման կայացման օրվանից բողոքարկման ժամկետը հաշվարկելն ինքնին չի համարվում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, եթե այն ուղեկցվում է բավարար երաշխիքներով (տե՛ս վերևում՝ 95-րդ պարբերությունը), այն նկատում է, որ գործնականում ժամկետի հաշվարկման տվյալ եղանակն անորոշության պատճառ է հանդիսանում ներգրավված կողմերի համար:
– «Չափազանց ձևականության» չափորոշիչը
102. Դատարանն այժմ կքննի, թե արդյոք «չափազանց ձևականություն» էր համարվում Վճռաբեկ դատարանի մոտեցումը՝ եզրակացնելու, որ դիմումատուները մեկամսյա ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չեն ներկայացրել։
103. Թիվ 15736/16 գանգատում դիմումատուի բողոքը պարունակում էր «ծանոթագրություն» վերնագրով պարբերություն, որում նա նշում էր, որ բողոքը ներկայացվել է համապատասխան ժամկետում՝ վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը։ Դիմումատուն նաև նշել է, որ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումն իրեն է հանձնվել 2015 թվականի հուլիսի 3-ին՝ տրամադրելով դրա հանձնման ապացույցները, և բացահայտ կերպով դիմել է բողոքարկման մեկամսյա ժամկետը վերականգնելու խնդրանքով (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): Մինչ կառավարությունը վիճարկում էր, որ դիմումատուն չի ներկայացրել ժամկետը վերականգնելու միջնորդություն, փոխարենը միայն պնդելով, որ բողոքարկումը ժամկետում է եղել, Դատարանը նկատում է, որ այս փաստարկը չի արտացոլում դիմումատուի բողոքի էությունը: Չնայած դիմումատուի այն պնդմանը, որ բողոքարկումը ներկայացվել է սահմանված ժամկետում, և այն վերականգնելու խնդրանքի միջև որոշ ակնհայտ անհամապատասխանությանը, դիմումատուի փաստարկները հստակ արտացոլում էին ժամկետի վերականգնում պահանջելու նրա մտադրությունը: Ավելին, նա ներկայացրել է ինչպես իր միջնորդության հիմնավորումը, այնպես էլ դրան աջակցող համապատասխան ապացույցները։ Այսպիսով, կարելի է համարել, որ դիմումատուն առնվազն ըստ էության ներկայացրել է սահմանված ժամկետը վերականգնելու միջնորդություն: Այլ որոշում կայացնելը, ըստ Դատարանի, կդիտվեր որպես չափազանց ձևականություն (տե՛ս, mutatis mutandis Գեորգի Նիկոլաևիչ Միխայլովն ընդդեմ Ռուսաստանի, [Georgiy Nikolayevich Mikhaylov v. Russia] թիվ 4543/04 գործը, § 56, 2010 թվականի ապրիլի 1):
104. Թիվ 24649/16 գանգատում դիմումատուի նախնական բողոքը վերադարձվել է ընթացակարգային թերացումները շտկելու նպատակով, և նրան տրամադրվել է երեք օր` այն կրկին ներկայացնելու համար: Վերադարձված բողոքը 2015 թվականի սեպտեմբերի 4-ին ստանալուց հետո դիմումատուն վերանայված տարբերակը ներկայացրել է 2015 թվականի սեպտեմբերի 9-ին` պահպանելով եռօրյա ժամկետը, որը չէր ներառում 2015 թվականի սեպտեմբերի 5-ը և 6-ը որպես ոչ աշխատանքային օրեր (տե՛ս վերևում` 19-րդ և 39-րդ պարբերությունները): Միևնույն ժամանակ դիմումատուն միջնորդություն է ներկայացրել բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ և տրամադրել է վիճարկվող որոշման հանձնման մասին ապացույցներ: Դիմումատուի բողոքը կրկին քննելիս Վճռաբեկ դատարանը գտել է, որ դիմումատուն միջնորդություն չի ներկայացրել մեկամսյա ժամկետը վերականգնելու համար համարելով, որ նրա միջնորդությունը վերաբերում է միայն ընթացակարգային թերությունները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար տրամադրված եռօրյա ժամկետին: Դատարանը, սակայն, նշում է, որ դիմումատուն բաց չի թողել եռօրյա ժամկետը և հետևաբար հիմք չի ունեցել պահանջելու դրա վերականգնումը: Անհասկանալի է, թե ինչու է Վճռաբեկ դատարանն անուղղակիորեն հակառակն առաջարկել։ Բոլոր դեպքերում վճռորոշն այն է, որ դիմումատուն հստակ նշել է սահմանված ժամկետի վերականգնում պահանջելու իր մտադրությունը՝ տրամադրելով դրա համար անհրաժեշտ հիմքեր և հիմնավոր ապացույցներ: Այսպիսով, կարելի է համարել, որ նա ժամկետն առնվազն ըստ էության վերականգնելու միջնորդություն է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանն անտեսել է տեխնիկական պատճառներով:
105. Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը հանգում է այն եզրակացության, որ Վճռաբեկ դատարանը կիրառել է չափազանց ձևական մոտեցում` անտեսելով ժամկետը վերականգնելու մասին դիմումատուների միջնորդությունները, քանի որ այն պատշաճ կերպով չի քննել դրանց էությունը:
● Եզրակացություն (գանգատներ թիվ 15736/16 և 24649/16)
106. Վերոգրյալի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ դիմումատուները չէին կարող ողջամտորեն կանխատեսել, թե ինչպես է կիրառվելու բողոքարկման ժամկետը։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը պատշաճ կերպով չի քննել այդ հանգամանքները և անտեսել է դիմումատուների միջնորդությունների բովանդակությունը` դրանով իսկ անհամաչափորեն սահմանափակելով նրանց դատարանի մատչելիությունը: Հետևաբար դիմումատուների բողոքներն անընդունելի ճանաչելու մասին որոշումները ոտնահարում էին դիմումատուների` դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը։
107. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
բ) Գանգատ թիվ 25718/16
108. Թիվ 25718/16 գանգատում նշվում է, որ Արարատի մարզային դատարանի 2015 թվականի հունիսի 24-ի վճիռը դիմումատուին ուղարկվել է 2015 թվականի հուլիսի 2-ին, և դիմումատուն այն ստացել է 2015 թվականի հուլիսի 6-ին, այսինքն՝ դրա հրապարակումից տասներկու օր անց (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը):
109. Դիմումատուն իր բողոքը քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարան է ներկայացրել 2015 թվականի օգոստոսի 6-ին, այսինքն՝ վիճարկվող դատական որոշման կայացման պահից մեկ ամսվա ընթացքում։ Սակայն 2015 թվականի օգոստոսի 27-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը նրա բողոքն անընդունելի է ճանաչել։ Այսպիսով, հատկապես նշելով, որ դիմումատուն պետք է իր բողոքը ներկայացներ վիճարկվող վճիռն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, սակայն սխալ է թույլ տվել՝ նշելով, որ դիմումատուն ստացել է վիճարկվող վճիռը 2015 թվականի հուլիսի 1-ին և ներկայացրել է իր բողոքը 2015 թվականի օգոստոսի 7-ին (տե՛ս 23-24-րդ պարբերությունները):
110. Դիմումատուն կրկին ներկայացրել է իր բողոքը` բացատրելով, որ չի խախտել ժամկետը: Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը քննության է ընդունել այն: Սակայն 2015 թվականի դեկտեմբերի 11-ին դատարանը մերժել է դիմումատուի բողոքը՝ վկայակոչելով իր նախորդ անընդունելի ճանաչելու մասին որոշման մեջ պարունակվող եզրակացությունները՝ որպես բողոքարկման քննության համար իրավական խոչընդոտ (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը):
111. Չնայած Կառավարությունն ընդունել է, որ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը սխալ ժամկետներ է նշել, այն պնդել, որ դիմումատուի հետագա բողոքարկումն ընդունվել է և քննվել ըստ էության: Սակայն դատարանի մատչելիության իրավունքը ներառում է ոչ միայն դատական վարույթ հարուցելու, այլ նաև վեճի վերաբերյալ դատական կարգով որոշում ստանալու իրավունքը (տե՛ս Լուպենի Հույն Կաթոլիկ Ծխականը և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Lupeni Greek Catholic Parish and Others v. Romania] թիվ 76943/11 գործը, § 86, 2016 թվականի նոյեմբերի 29): Սույն գործով Քաղաքացիական վերաքննիչ դատարանը չի քննել դիմումատուի բողոքի հիմքերից ոչ մեկը: Փոխարենը, այն հիմք է ընդունել բացառապես իր նախկին անընդունելիության մասին որոշումը, որն ինքնին հիմնված էր սխալ տեղեկության վրա: Բացի այդ, այն չի հիշատակել և ոչ էլ հիմնավորել դիմումատուի կողմից որևէ ընթացակարգային թերացում:
112. Հետևաբար ակնհայտ է, որ դիմումատուի Քաղաքացիական վերաքննիչ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակվել է անկանխատեսելի ձևով: Բացի այդ, նրա վրա չափազանց մեծ բեռ է դրվել` Քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված սխալների պատճառով (տե՛ս վերևում հիշատակված՝ Զուբակի գործը [Zubac] § 90)։
113. Վերոգրյալի լույսի ներքո Դատարանը հանգում է այն եզրակացության, որ դիմումատուի` դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակվել է այնպես և այնքանով, որ խախտվել է այդ իրավունքի բուն էությունը:
114. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
115. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
116. Պարոն Շաքարյանը ( թիվ 24649/16 գանգատով դիմումատու) արդարացի փոխհատուցման հայց չի ներկայացրել: Ըստ այդմ, Դատարանը համարում է, որ այդ կապակցությամբ վերջինիս որևէ գումար շնորհելու հիմքեր առկա չեն։
Ա. Վնասը
117. Պրն Կարապետյանը և տիկին Դավթյանը (համապատասխանաբար թիվ 15736/16 և 25718/16 գանգատներով դիմումատուներ) յուրաքանչյուրը պահանջել է 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
118. Կառավարությունը պնդել է, որ թիվ 15736/16 և 25718/16 գանգատներով դիմումատուների պահանջները չափազանցված են: Այն նաև պնդել է, որ խախտման փաստի արձանագրումն ինքնին բավարար արդարացի փոխհատուցում է համարվում երկու գանգատների դեպքում՝ ցանկացած բարոյական վնասի համար:
119. Դատարանը, որոշում կայացնելով արդարության սկզբունքի հիման վրա, ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով թիվ 15736/16 և 25718/16 գանգատներով դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհում է 3 600 եվրո՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
120. Պրն Կարապետյանը (թիվ 15736/16 գանգատով դիմումատու) պահանջել է 6 454 եվրո՝ որպես ներպետական մակարդակով իրավաբանական ծառայությունների փոխհատուցում՝ ներկայացնելով Առաջին ատյանի դատարանում և Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում ներկայացուցչության համար նախատեսված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակները: Կառավարությունը վիճարկել է այդ պահանջը՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանում իրավաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ որևէ պայմանագիր չի ներկայացվել: Դատարանը վերահաստատում է, որ այն կարող է դիմումատուին շնորհել ներպետական մակարդակում կատարված ծախսերի փոխհատուցում՝ Կոնվենցիայի խախտումը կանխելու կամ վնասը հատուցելու նպատակով (տե՛ս վերևում հիշատակված Վեգոտեքս Ինթերնեշնլ Ս.Ա. ընկերության գործը [Vegotex International S. A.] § 167, Պապոն ընդդեմ Ֆրանսիայի[Papon V. France], թիվ 54210/00 գործը, § 115, ՄԻԵԴ 2002-VII, և Դոս Սանտոս Կալադոն և այլք ընդդեմ Պորտուգալիայի Dos Santos Calado and Others v. Portugal, թիվ 55997/14 և 3 այլ գործեր, § 156, 2020 թվականի մարտի 31): Սակայն Դատարանն անհրաժեշտ չի համարում նշանակել ստորին ատյանի դատարանների վարույթների ժամանակ կատարված ծախսերի և ծախքերի փոխհատուցում, քանի որ այդ վարույթները չէին կարող կանխել կամ շտկել Վճռաբեկ դատարանի մատչելիության բացակայության պատճառով ի հայտ եկած խախտումը: Համապատասխանաբար Դատարանը մերժում է այս պահանջը։
121. Տկն Դավթյանը (թիվ 25718/16 գանգատով դիմումատու) պահանջել է 572 եվրո ներպետական մակարդակում իրավաբանական ծառայությունների համար՝ ներկայացնելով իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որով նա պարտավորվել է վճարել 200 000 ՀՀ դրամ ներպետական վարույթներում իրավաբանական ներկայացուցչության համար: Կառավարությունը պնդել է, որ պահանջը եղել է չհիմնավորված և չափազանցված։ Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքով սահմանված չափանիշները, ինչպես նաև նախորդ պարբերությունում շարադրված նկատառումները, Դատարանը ողջամիտ է համարում թիվ 25718/16 գանգատով դիմումատուին շնորհել 400 եվրո ծախսերի և ծախքերի համար՝ գումարած նրանից գանձման ենթակա ցանկացած հարկ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44–րդ հոդվածի 2–րդ կետին համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվին սահմանված փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ յուրաքանչյուրին՝ ե՛ւ պրն Կարապետյանին, ե՛ւ տկն Դավթյանին, 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած տեսակի հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 400 եվրո (հինգ հարյուր եվրո) տկն Դավթյանին՝ գումարած նրանից գանձման ենթակա ցանկացած հարկ,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի մայիսի 15-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Մատիաս Գույոմար Նախագահ
Վիկտոր Սոլովեյչիկ Քարտուղար
ՀԱՎԵԼՎԱԾ
Գործերի ցանկը
Թիվ Գանգատ թիվ Գործի անվանումը Ներկայացվել է Դիմումատուի ծննդյան տարեթիվը Բնակության վայրը Քաղաքացիությունը 1. 15736/16 Կարապետյանն ընդդեմ Հայաստանի 04.03.2016 Վաչիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 11.10.1964 2. 24649/16 Շաքարյանն ընդդեմ 21.04.2016 Գոռ ՇԱՔԱՐՅԱՆ 3. 25718/16 Դավթյանն ընդդեմ 28.04.2016 Անիկ ԴԱՎԹՅԱՆ
Վանաձոր
Հայաստան
Հայաստանի
16.05.1992
Երեւան
Հայաստան
Հայաստանի
09.03.1938
Արտաշատ
Հայաստան